ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական և մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները: Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013թ. եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային և ԵՄ Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերին:
Daily Archives: June 20, 2013
Լրջորեն են նախապատրաստվել
Այսօր Սլովակիայի Բանսկա-Բիստրիցա քաղաք է ուղևորվել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Այն հունիսի 22-23-ին մասնակեցելու է Եվրոպայի 3-րդ խմբի գավաթի խաղարկությանը: Թիմի կազմում են 27 մարզիկ- մարզուհիներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը հայտնեց, որ մերոնք կմասնակցեն բոլոր մրցաձևերի մեկներկներին, բացառությամբ ձողացատկի և կանանց խոչընդոտավազքի:
Մերոնք լրջորեն են նախապատրաստվել այս փորձությանը և մինչև մրցավայր մեկնելն ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում: Երկու տարի առաջ Ռեյկյավիկում կայացած ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչները թիմային հաշվարկում զբաղեցրել են 7-րդ տեղը` 15 թիմերի պայքարում:
Նպատակը մեկն է ցուցանիշը կրկնել կամ բարելավել: Մասնակցելու են նաև Մալթայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Իսրայելի, Վրաստանի, Անդորրայի, Ադրբեջանի, Լատվիայի, Սլովակիայի, Լյուքսեմբուրգի, Ալբանիայի, Մակեդոնիայի և փոքր երկրների հավաքականները:
Արիզոնայում անտառային հրդեհներ են. տարհանվում են 460 տների բնակիչներ
Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքում անտառային ուժեղ հրդեհներ են մոլեգնում, որոնք ավելի քան 4500 հա տարածք են գրավել:
Իրավիճակը վատթարանում է ուժեղ քամու պատճառով, քանի որ հրդեհը տարածվում է 30 կմ/ժամ արագությամբ: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկայում քամին էլ ավելի կուժեղանա:
500 հրշեջ է պայքարում կրակի դեմ, ուղղաթիռներ են ներգրավված շիջման աշխատանքներում: Համապատասխան մարմինների տեղեկացմամբ, հրդեհը կրակի հետ անզգուշության հետևանք կարող է լինել:
Նյու Յորքում բջջայինը կարելի է լիցքավորել անմիջապես փողոցում
Նյու Յորքի այգիներում, պուրակներում ու հասարակական վայրերում շուտով կհայտնվեն արեգակնային մարտկոցներ, որոնց օգնությամբ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսները:
Այդ կայանները միաժամանակ 6 հեռախոս կարող են լիցքավորել:
Նման կայաններ ստեղծելու գաղափարը տեղի դիզայներական PENSA բյուրոյին ու երկրում բջջային խոշորագույն օպերատորական AT&T ընկերությանն է պատկանում: Նախագծի հեղինակները գտնում են, որ նման միջոցով զբոսաշրջիկները կարող են զբոսանքի ժամանակ լիցքավորել հեռախոսները:
Սարքը լավ է աշխատում արևոտ եղանակին, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում հեռախոսը կարելի է լիցքավորել նաև գիշերը:
Goal Zero անվանված կայաններ կհայտնվեն Նյու Յորքի առնվազն 9 այգում:
Հունգարիայի խորհրդարանը տարհանվել է ռումբի պատճառով
Հունգարիայի խորհրդարանի շենքի մի մասը տարհանվեց, երբ ոչ հեռու հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ռումբ:
Նախնական տվյալների համաձայն, խոսքը խորհրդային արտադրության 100 կգ քաշով ռումբի մասին է:
Հունգարիայի զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ ռումբի մասին տեղեկությունից հետո տարհանվել է խորհրդարանի հյուսիային թևը ու նրան հարող տարածքը` ներառյալ ազգագրական թանգարանը:
Ներկայում սարքավորումը վնասազերծելու աշխատանքներ են տարվում
Դոլարը` 411.52 դրամ
18 վիրահատություն անցնելուց հետո ծծմբաթթվով հարձակման զոհ դարձած Մեծ թատրոնի բալետի ղեկավարը գրեթե ամբողջովին կույր է մնացել
Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավարը 18 վիրահատություն անցնելուց հետո այժմ գրեթե ամբողջովին կույր է, քանի որ դրանք արդյունք չեն տվել:
42-ամյա Սերգեյ Ֆիլինը աչքերի և դեմքի շրջանում լուրջ այրվածքներ էր ստացել, երբ իր տան մոտակայքում հունվարի 17-ին դիմակավոր մարդիկ նրա վրա ծծմբային թթու էին լցրել:
Նա մարտին Մոսկվայից տեղափոխվել էր Գերմանիա և չնայած լավատեսական պնդումներին` նա կորցրել է իր տեսողության 95 տոկոսը, իսկ աջ աչքը ամբողջովին կուրացել է:
Մեծ թատրոնի խոսնակը երեկ The Times-ին հայտնել է, որ թթուն շարունակական վնաս է հասցնում`ավելացնելով, որ Ֆիլինի դեմքի այրվածքները արդեն գրեթե ամբողջովին բուժվել են: Նա նաև նշում է, որ Ֆիլինը անընդհատ կապի մեջ է Գալինա Ստեպանենկոյի հետ, որը այժմ այդ պաշտոնում փոխարինում է նրան:
Ռուսաստանի հայտնի մշակութային խորհրդանիշ Մեծ թատրոնը երկու անգամ նկատողություն է արել բալետի մենակատար Ցիսկարիձեին չթույլատրված հարցազրույցներ տալու համար: Մենակատարը Ֆիլին Ախենի համալսարանի կլինիկայում այցելելուց հետո հայտնել էր, որ գեղարվեստական ղեկավարը հավատում է, որ իր տեսողությունը կվերականգնվի և նա հետ կվերադառնա Մոսկվայի հայտնի թատրոն:
Սակայն, ինչպես երևում է, այդ հարցում դրական փոփոխություններ չեն լինում, իսկ նրա տեսողության վերաբերյալ կանխատեսումները այնքան էլ հուսադրող չեն:
ՀԱՕԿ-ի պատվիրակը Լոզանում
Լոզանում անցկացված ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ընկերակցության արտահերթ նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին 201 երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:
,, Լոնդոն – 2012 ,, -ի մասին հաշվետվությամբ հանդես եկավ խաղերի կազմկոմիտեի նախագահ, լորդ Սեբաստիան Կոեն:
Քննարկվեց 2014 թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական ընթացքը:
Լուրջ անդրադարձ եղավ նաև Չինաստանի Նանկինում /2014 թ. պատանեկան ամառային/, Նորվեգիայի Լիլիեհամերում /2016 թ. պատանեկան ձմեռային/ , Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի ամառային /2016 թ./ և Հարավային Կորեայի Փխենչանգի ձմեռային /2018 թ./ օլիմպիական խաղերի մարզակառույցների շինարարության ընթացքին:
Ընթացիկ տարում ` 2013 թ-ին, ՄՕԿ-ը միայն ,, Օլիմպիական համերաշխություն ,, ծրագրով նախատեսված միջոցառումների համար կծախսի 438 միլիոն ԱՄՆ դոլար:
ՀԱՕԿ-ի պատվիրակը առանձնազրույցներ է ունեցել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ, իռլանդացի Պատրիկ Հիկեի, ինչպես նաև Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Ռուսատանի և Վրասատանի ԱՕԿ-ների ղեկավարների հետ:
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Հունիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 2-3, 22-ի ցերեկը և 23-24-ին կբարձրանա 7-8 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.10C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.20C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.30C
Վարչապետը միայն ասել է, որ բոլոր մեղավորները պատասխան կտան, բայց դեռ չի արել
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Վարդան Բոստանջյանն ու Լարիսա Ալավերդյանը միմյանց և լրագրողների հետ կիսվեցին Հայաստանի ներքաղաքական կարևորագույն հարցերի շուրջ ունեցած կարծիքներով: Ըստ Լարիսա Ալավերդյանի`իշխող քաղաքական ուժը չի կարողանում բռնել այն մարդկանց ձեռքից, ովքեր թալանում են մեր քաղաքացիներին: Խոսելով իրենց իսկ թերությունների մասին` իշխանությունները միայն գլուխ են գովում:
Վարդան Բոստանջյանի այն դիտարկմանը, թե վարչապետն արդեն հայտարարել է, որ բոլորը պետք է պատասխան տան, Լարիսա Ալավերդյանը հակազդեց. «Տեսեք, դուք ուրախանում եք, բայց վարչապետը միայն ասել է, ոչ թե արել: Սա PR է: Մեզ մոտ մեկ կուսակցության համակարգ է, որը չի կարող երկար գոյատևել: Մեզ հակակշիռներ են պետք: Ընդդիմության ձեռքին պետք է լծակներ լինեն, որ նա կարողանա վերահսկողական գործառույթ իրականացնել»:
Թուրքիայի հանրահայտ «կանգնած մարդը» նախկինում գլխաշորով ցույց է արել
Ողջ Թուրքիայում հայտնի դարձած Էրդեմ Գյունդյուզը՝ նույն ինքը «կանգնած մարդը», որը կիրակի օրը Թաքսիմի հրապարակում ժամեր շարունակ անշարժ կանգնելով սկսեց մի շարժում, նախկինում ևս նմանատիպ ակցիաներ է իրականացրել՝ արտահայտելով իր բողոքը: Գյունդյուզի ընկերը՝ Ալպեր Ալփագյոզը «Facebook»-ում մի լուսանկար է տեղադրել, որում ինքն ու ընկերը գլխաշոր են կրում:
Ահա Ալպերը «Ռադիկալին» պատմել է 2004 թվականին տեղի ունեցած դեպքի մասին. «Ես և Էրդեմը միշտ եղել ենք մեր ճնշված ընկերների կողքին: Մենք ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չենք: Մեզ վշտացնում էր այն, որ գլխաշորով աղջիկները չէին կարող դասի գալ, այն դեպքում, երբ իսլամամետ տղաները նման խնդիր չունեին: Այսպես մենք որոշեցին գլխաշորով դասի գալ, ցույց տալու համար, որ մեր և աղջիկների միջև տարբերություն չկա: Եթե նրանց դասի չեն թողնում ապա մեզ ել պետք է չթողնեն: Դասախոսները մեզ խնդրեցին, որ նման բան չանենք, քանի որ հնարավոր է խնդիրներ առաջանային, սակայն ձայն չհանեցին, քանի որ լուսավորյալ մարդիկ են»,-պատմել է Ալպերը՝ նշելով, որ իրենց արած բողոքի ցույցի համար ոչ մի ճնշման չեն ենթարկվել:
Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ առաջին անգամ կցուցադրվի “Բուկ” զենիթահրթիռային համալիրը
Հունիսի 26-ին Ադրբեջանում Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի “Բուկ” զենիթահրթիռային համալիրը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ գործակալության՝ ինչպես այդ համալիրը, այնպես էլ ռազմական այլ տեխնիկան, որը պետք է ցուցադրվի զորահանդեսին, արդեն բերվել է “Ազադլըխ” հրապարակ:
Նախատեսվում է բացի “Բուկ” համալիրից առաջին անգամ ցուցադրել նաև զենիթահրթիռային “Տոր” համալիրը:
FEMEN ակտիվիստուհիները “սեքս մահափորձ” կազմակերպեցին Օբամայի դեմ, տեսանյութ
Ամերիկյան իշխանությունները չէին հասցրել ձերբակալել Բարաք Օբամային սպանել ցանկացող հանցագործներին, երբ ԱՄՆ նախագահի դեմ հաջորդ «մահափորձը» կատարվեց: Ազգի լիդերի Գերմանիա այցի ժամանակ նրա շարասյան վրա հարձակվեցին կիսամերկ ֆեմինիստները` պահանջելով Թունիսի բանտից ազատել իրենց համախոհուհուն, հաղորդում է Stern-ը:
Այնպիսի տպավորություն է, որ վերջերս FEMEN ակտիվիստները որդեգրել են “ոչ մի օր առանց ակցիայի” սկզբունքը: Միայն հունիսին նրանք փորձեցին շրջափակել Բեռլինում Բարբիի տունը, ձախողել հայտնի հեռուստաշոուն և ցույց անել Անգելա Մերկելի տան առջև:
Այժմ հերթը Բարաք Օբամայինն է: Շարժման ակտիվիստները կանգնել էին նրա շարասյան դիմաց և գոռում էին. “Free our sister!” (“Ազատեք մեր քրոջը”)` նկատի ունենալով Ամինա Սբոուին, որը ձերբակալվել է Թունիսում տոպլեքս ակցիայի ժամանակ: Բացի այդ, արտասահմանում ձերբակալված են գերմանուհի Ժոզեֆին Մարկմանը և ֆրանսուհիներ Մարգարետ Շտերն ու Պոլին Հիլերը, որոնք եկել էին պաշտպանելու իրենց ընկերուհուն:Աղջիկների մարմինների վրա գրված էր “Օբամա փրկիր մեզ”:
Ռոբերտ Հովհաննիսյանը` շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի միանձնյա առաջատար
Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացած 4 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում է գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մասնակիցների դասավորությունը
| 1. | Հովհաննիսյան | 4 | |
| 2. | Բաղդասարյան | 3.5 | |
| 3. | Անդրիասյան | 3 | |
| 4. | Չիբուխչյան | 3 | |
| 5. | Հարությունյան | 3 | |
| 6. | Գաբուզյան | 3 | |
| 7. | Տեր-Սահակյան | 3 | |
| 8. | Բաբուջյան | 3 | |
| 9. | Մինասյան | 3 | |
| 10. | Հայրապետյան | 3 | |
| 11. | Գորովեց | 3 |
Ընդամենը՝ 60 մասնակից
Եռիշխանություն` շախմատի կանանց «Գրան պրիի»
Դիլիջանում ընթացող շախմատի «Գրան պրիի» 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց Օլգա Գիրյային: Մրցակցուհիները կատարեցին 42 քայլ: Էլինան 4 տուրից հետո վաստակած 1 միավորով Տատյանա Կոսինցեւայի և Վիկտորիա Չմիլիտեի հետ եզրափակում է աղյուսակը: Աննա Մուզիչուկը, Նանա Ձագնիձեն, Համփի Կոներուի վաստակած 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Վաղը կկայանան 5-րդ տուրը պարտիաները: Դանիելյանը սպիտակներով կմրցի Թուվշինթուգս Բաթչիմեգի հետ:
Բաշար Ասադը ապագա չունի. Բարաք Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ապագա չունի` «նա խորտակել է իր երկիրը արյան մեջ և այլևս չի կարող լեգիտիմություն ձեռք բերել»: Օբաման ընդգծել է, որ Սիրիան ժողովրդավարության և խաղաղության կարիք ունի, և ասել է, որ Վաշինգտոնը կօգնի սիրիական ընդդիմությանը, սակայն չի նշել, թե հատկապես ինչ տիպի օգնության մասին է խոսքը:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Օբաման խոսել է նաև «Թալիբան» շարժման հետ բանակցությունների մասին: «Մենք գիտենք, որ Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը դեռ երկար կշարունակվի, սակայն պետք է ձգտենք երկխոսություն հաստատել»,-հայտարարել է Օբաման:
Կանցլեր Անգելա Մերկելը իր հերթին նշել է, որ Գերմանիան զենք չի տրամադրելու Սիրիային, ելնելով այն մտավախությունից, որ այն կարող է ոչ ճիշտ ձեռքերում հայտնվել: «Զենքի փոխարեն մենք հումանիտար օգնություն կուղարկենք Սիրիա»,-հայտարարել է Մերկելը:
Բելգիայում ալկոհոլի վաճառքի սահմանափակման օրենք կընդունվի
Բելգիայի իշխանությունները քննարկում են երիտասարդներին ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ օրինագիծը: Մի դեպքում հնարավոր է արգելվի սպիրտային խմիչքի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց, իսկ մյուս տարբերակում այդ արգելքը կտարածվի մինչև 16 տարեկան երիտասարդների վրա:
Վերջերս նման արգելք ընդունվել էր նաև Նիդեռլանդներում, որտեղ այլևս չի թույլատրվում ալկոհոլ վաճառել 18 տարեկանից փոքր անձանց: Նման օրենք գործում է Եվրամիության անդամ 27 երկրներից 19-ում, սակայն Հունաստանում ալկոհոլ կարող են գնել 17 տարեկան երիտասարդները, իսկ ԵՄ 7 երկրներում, ներառյալ Բելգիան, արգելքի շեմը 16 տարեկանն է:
Նշենք, որ Նորվեգիայում և Իսլանդիայում ալկոհոլի վաճառքի հարցը ավելի խիստ է, այնտեղ թունդ սպիրտային խմիչք կարող են ձեռք բերել միայն 20 տարին լրացած երիտասարդները:
Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմն արդեն երկու ամիս է աշխատավարձ չի ստացել
Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակազմը արդեն կորցրել է աշխատավարձ ստանալու հույսը, ուսուցիչները չգիտեն` ինչ անել: Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նարինե Միքայելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ, արհկոմի նախագահ Մանյա Ծատուրյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ «Հենարան» մամուլի ակումբում:
Խնդիրը սկսվել է դեռևս ինը տարի առաջ, երբ ինֆորմատիկայի ուսուցուհի Սուսաննա Սարգսյանը ազատվել է աշխատանքից, այնուհետև դատի տվել դպրոցին` պահանջելով իր 2 տարվա աշխատավարձը` ըստ աշխատակիցների` ներկայացնելով կեղծ դրույքաչափ եւ կեղծ աշխատավարձի չափ: Դատարանը բավարարել է նրա այդ պահանջը, եւ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերի միջոցներից բռնագանձել 2 մլն 632 հազար դրամ: Դրանից հետո դպրոցի վրա, այսպես ասած, հաշվիչ է միացված, պարբերաբար կամ բռնագանձումներ են լինում կամ էլ, ինչպես ներկայումս, անձնակազմը չի կարողանում աշխատավարձ ստանալ:
«Գործը գնալով խճճվում է: Մենք չենք կարողանում ստանալ օրենքով սահմանված մեր աշխատավարձը, չնայած գումարը հաշվի վրա է, պարզապես սառեցված է»,- նշեց դպրոցի տնօրենը` հավելելով, որ ինքը դիմել է հարկադիր կատարման ծառայություն, բայց տեղաշարժ չկա:
«Երկու դատավորների անօրինական ուժի մեջ մտած որոշման հեոտևանքով դպրոցը կործանվում է, 43 ընտանիք առանց փողի է մնացել»,-ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Միքայելյանը:
Ուսուցչուհիները նաև հայտնեցին, որ պատրաստվում են դիմել Գլխավոր հարկադիր կատարող պարոն Պողոսյանին` 43 ուսուցիչների և նրանց ընտանիքների անունից խնդրելով կարգավորել հարցը:
Իրաքի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջև տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների վերաբացումը նոր լիցք են հաղորդել հայ-իրաքյան հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խալեդը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Իրաքը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծեց իրաքահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման և բարգավաճման գործում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Իրաքում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:
Բացահայտումները պետք է իրավական գնահատական ստանան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի ձևավորումից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։
«Առաջին քաղաքական հայտարարությունը.
Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան։
Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Սա առաջինը։
Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային Ժողովում։ Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են։
Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդը. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը։
Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. հանձնարարում եմ բոլորիդ և պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որևիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են և դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»։



