Ջոան Ռոուլինգը դետեկտիվ է գրել է մեծահասակների համար

o_570278Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակը խոստովանել է, որ ապրիլին մեծահասակների համար լույս տեսած “Կկվի կանչը” դետեկտիվն իր ստեղծագործությունն է:

Գիրքը ներկայացվել էր որպես պաշտոնաթող սպա Ռոբերտ Հելբրեյթի ստեղծագործություն: Հրապարակումից հետո այն արժանացավ  քննադատների բարձր գնահատանքին:  Ընթերցողները նույնպես հիացած էին: Բոլորին ապշեցրել էր այն փաստը, թե ինչպես էր տղամարդ հեղինակը ճշգրտորեն նկարագրում կանացի զգեստապահարանը:

Իրական հեղինակին հաջողվեց գտնել The Sunday Times-ի լրագրողների ջանքերով: Զինվորականի գրական դեբյուտն անքան տարօրինակ էր, որ նրանք անկախ հետաքննություն սկսեցին:

Ինչպես հետագայում Ռոուլինգը խոստովանեց, կեղծանունը նրան “ազատության”հնարավորություն տվեց: Նա “գերագույն հաճույք”ստացավ մամուլում աղմուկի բացակայությունից:

Լեհաստանի նախագահի վրա ձու նետած երիտասարդի նկատմամբ գործ է հարուցվել

o_799023Կիրակի, հուլիսի 14-ին “Վոլինյան սպանդի” 70-ամյա տարելիցի կապակցությամբ ուկրաինական Լուցկեում կազմակերպված  միջոցառման ժամանակ 21-ամյա մի երիտասարդ  Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու վրա ձու է նետել: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ, երիտասարդը  թիկունքից մոտեցել է լեհաստանի ադմինիստրացիային ու նախագահի թիկունքին թփթփացրել փչացած ձվով: Երիտասարդին ձերբակալել են. ստուգել ալկոհոլի կամ թմրանյութի առկայությունը, սակայն դրանցից ոչ մեկը չի հայտնաբերվել:

Հիմա նրան սպառնում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով  տուգանք կամ էլ 1,5-3 տարվա ազատազրկում:

Ուղերձը տեղ է հասել

Շահան ԳանտահարյանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունը աննկատ չի անցել թուրքական կողմից։ Նախ, թուրքական մամուլի մի ներկայացուցիչ շատ զուսպ եւ զուտ լրատվական սահմաններում անդրադարձել է հարցին, թողնելով այն տպավորությունը, որ թուրքական պետությունը կամ առհասարակ թուրքական դաշտը խնամքով անուշադրության է ուզում մատնել կարևոր այս հայտարարությունը։

Նման հայտարարությանը հակազդելու առումով բաւական ուշացած համարվող հակադարձությունը ի վերջո երեւաց։

«Հայաստանի հավակնությունները թուրքական հողերի նկատմամբ հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնց անդամն է հանդիսանում պաշտոնական Երևանը», ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Երևանում հուլիսի 5-ին անցկացված Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Թուրքիայից վերադարձնի իր կորցրած տարածքները:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի կառավարության այդպիսի աստիճանի պաշտոնական անձի նման հայտարարությունը խոսում է Հայաստանում տիրող խնդրահարույց մտայնության մասին»:

«Բոլորը պետք է հստակ հասկանան, որ ոչ ոք չունի Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախ պէտք է ասել, որ հակադարձությունը ուշացած է։ Երեւանում գումարված իրաւաբանների ժողովի թվականը հուլիսի 5-ն է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 5 օր սպասել է իր հակազդեցությունը պաշտոնական կայքի վրա տեղադրելու։

Երկրորդ արագ նկատվող երեւույթը  հակազդեցության եղանակն է։ Նշենք, որ հակազդեցությունը ըստ ձեւի կատարված հատուկ հայտարարություն չէ։ Երկրորդ, արտգործնախարարի կողմից չէ, այլ նախարարության խոսնակի։ Երրորդ, նույնիսկ խոսնակը, ոչ թե տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով է խոսել այս մասին, այլ պատասխանել  մի լրագրողի հարցին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի թուրքերեն բաժինը լուրը տեղադրել էր շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին։ Անգլերեն բաժնում թարգմանությունը երևաց մեկ օր հետո։

Այսինքն, հուլիսի 5-ից մինչև հուլիսի 14-ը պաշտոնական Անկարան նախընտրել էր լուռ մնալ։ Թերեւս շարունակվեր լռությունը, եթե լրագրողը այդ մասին հարցում չաներ։ Այստեղ պետք չէ բացառել պատվեր-հարցման հաւանականությունը, հարցի մասին ուշացումով, երկրորդ մակարդակով եւ ոչ թե հատուկ, այլ իմիջիայլոց անդրադառնալու համար։

Գլխավոր դատախազի հայտարարությունում կար բաժին նաեւ հայ-թուրքական սահմանի վիճելի լինելու մասին «մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես նաեւ Ադրբեջանի հետ»։  Թուրք խոսնակը այս բաժինը ճիշտ էր ընկալել ու վերարտադրել, հավելելով, որ ըստ գլխավոր դատախազի, հայ-թուրքական սահմանը երբեք իրաւականորեն չի հաստատվել։

Թեկուզ ուշացած հակազդեցությամբ, թեկուզ, երկրորդ մակարդակով, թեկուզ պատահական հարցման պատասխանելով, այսուհանդերձ հստակ է, որ Հայաստանի պետական ուղերձը տեղ է հասել։ Այդ ուղերձը հայ-թուրքական ներկա սահմանի  չճանաչումն է, տարածքների պահանջն է եւ առհասարակ մեր պահանջատիրության անթերի իրաւականացման մեկնարկն է։ Պաշտոնական Անկարան հասկացել է  նաեւ, որ այս գլխավոր դատախազի անձնական համոզումը չէ։ Արտաքին գործերի նախարարության բանբերը նշում էր, որ գլխավոր դատախազը այս հայտարարությունը արել է հուլիսի 5-6-ին Երեւանում տեղի ունեցած հայ իրավաբանների համահայկական համաժողովին, որի բացումը կատարվել է նախագահ Սարգսյանի ողջույնի խոսքով։ Այո՜. ուղերձը հղվել է բարձրագույն մակարդակից եւ, իհարկե, տեղ է հասել։ Երեւանը վիճելի է նկատում հայ-թուրքական սահմանը եւ տարածքներ է պահանջում Թուրքիայից։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր