Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի անցկացնում և չի անցկացնի նախընտրական քարոզարշավ: Այս մասին հայտարարել է Ալիևի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նրա խոսքով՝ Ալիևի քաղաքականությունը խարսխված է ազգային տրամադրությունների, շահերի և հետաքրքրությունների վրա, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:
“Նա քարոզարշավի անցկացման կարիք չունի: Նախագահը մտածում է սերունդների վաղվա օրվա մասին, և իր արշավն իր գործերը կյանքի կոչելն է: Եթե երկրի էլիտան և ադրբեջանական երիտասարդության ամենագիտակից մասը աջակցում են Ալիևին, հետևապես նրա վարած քաղականությունը ճիշտ է”, -ասել Հասանովը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ. հոկտեմբերին:
Daily Archives: July 10, 2013
Դոլարը տատանվում է
«Արտագաղթի պատճառ է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը». Վազգեն Մանուկյանը` ՀՀ նախագահի հետ հանդիպմանը բարձրացված հարցերի մասին
Ինչպես գիտենք, հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական հանդիպումը Հանրապետության ղեկավարի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ քննարկման է ներկայացվել ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրները և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունները:
Հանրային խորհրդի կայքէջում տեղադրված օրակարգից, սակայն, տեղեկանում ենք, որ քննարկվել են նաև արտագաղթի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման, Ծածկած շուկայի, Հանրապետության հրապարակի վերակառուցման, ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:
«Անկախը» Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում որոշ մանրամասներ պարզեց այդ հարցերի վերաբերյալ:
ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` նշելով, որ այն բազմաթիվ գործոնների հանրագումարի հետևանք է: «Ընդ որում, այդ գործոններից պետք է անջատել բնական գործոնը, որը բնորոշ է բոլոր երկրներին,- ասաց Մանուկյանը,- ես օրինակ բերեցի, որ Ֆրանսիայից վերջին 5 տարվա ընթացքում տասնյակհազարավոր բարձր որակի մասնագետներ են գնացել ԱՄՆ: Այսինքն` գլոբալացման պայմաններում ողջ աշխարհում արտագաղթի մի ընդհանուր ֆոն կա, բայց եթե մի երկրում արտագաղթն այդ ֆոնից ավելին է, նշանակում է` այդ երկրի ներսում կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել»:
Մանուկյանը որպես արտագաղթը խթանող ներքին խնդիր նշել է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլև բարոյահոգեբանական մթնոլորտը` վաղվա օրվա անորոշությունը, թվացյալ կամ իրական հեռանկարի բացակայությունը, այն, որ չեն ներկայացվում հստակ տեսլականներ և չի ապացուցվում դրանց կենսունակությունը:
Արտագաղթը կանխելու գործում նա կարևորում է նաև հայրենասիրությունը` նշելով, որ այն չի քարոզվում, ավելին` հակաքարոզչության դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում: Իսկ հայրենասիրություն սերմանելու գործը նախ և առաջ դպրոցինն է, ապա հեռուստատեսությանն ու մամուլինը: «Օրինակ` հեռուստատեսությամբ շատ եմ նկատել, որ ցուցադրում ենք, ասենք, հայ արվեստագետներին, որոնք Հայաստանից ԱՄՆ են տեղափոխվել և մեծ հաջողությունների են հասել: Բայց չենք ցուցադրում այն հարյուրհազարավոր մարդկանց, որոնք գնացել են նույն Միացյալ Նահանգներ և ճիշտ է` սննդի հարցը լուծել են, բայց նրանց կյանքի որակը հավասարվել է զրոյի: Ամբողջ օրը անգործ նստած` նարդի են խաղում, բամբասում են և Հայաստանից, և Ամերիկայից: Ես խիստ կասկածում եմ, որ նրանք երջանկություն են գտել»:
Ինչ վերաբերում է հեռուստաեթերի խնդրին, որը բազմիցս քննարկվել է Հանրային խորհրդում և բարձրացվել նաև նախագահի մոտ, այդ հարցի քննարկումները շարունակվելու են Հանրային խորհրդում: «Հ1-ի ղեկավարությունը փոխվել է, և դա ենթադրել է տալիս, որ քաղաքականությունը նույնպես պետք է փոխվի: Տեսնենք, որոշ ժամանակ կսպասենք»,- ասաց նա:
Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունն իր գործունեության տարեկան հաշվետվության մեջ, որը ներկայացնում է Ազգային ժողով, հատուկ անդրադառնա այն հարցին, թե տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ և ինչ արդյունքներ են գրանցել:
Երկրի ղեկավարը կիսել է արտագաղթի վերաբերյալ մտահոգությունները` ընդունելով, որ այն միայն սոցիալական խնդիրների հետևանք չէ, և արտագաղթի պատճառները հատուկ ուսումնասիրության կարիք ունեն:
Ծածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերաբերյալ Հանրային խորհուրդը ներկայացրել է իր հստակ մոտեցումները. շուկան պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար, իսկ Հրապարակը վերակառուցման անհրաժեշտություն չունի: Այդ հարցի առնչությամբ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը Հրապարակի վերաբերյալ հայտարարված մրցույթի առնչությամբ նշել է, որ դա ընդամնեը մրցույթ է, հնարավորություն է տալիս ճարտարապետներին մտածելու և ամենևին էլ չի նշանակում, որ այդ մտահղացումները պետք է իրականանան:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վերաբերյալ և անընդունելի համարել որոշ շրջանակների կողմից տարածված այն պնդումները, թե իբր դրանով հավասարակշռությունը չի խախտվում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև: Նշվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ հավասարակշռություն այդ առումով երբեք էլ չի եղել. պատերազմի սկզբում ադրբեջանցիները մոտ քսան անգամ ավել զենք ու զինամթերք են ունեցել, և անհավասարակշռությունը պահպանվում է մինչ օրս: Վերջին վաճառքն այն էլ ավելի է խախտել:
Բարձրացվել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման հարցը: Նշվել է, որ դա չի համապատասխանում ՄԱԿ-ի սկզբունքներին և բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ դա մեր երկրի համար կառաջացնի մի շարք խնդիրներ: Նախ` հոգեբանական` կապված Ցեղասպանության հետ, նաև գործնական, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:
Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը բարձրացվել է` հաշվի առնելով վերջին տարիներին հանրության շրջանում ակտիվորեն քննարկվող տեսակետները` կապված կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու հետ, ինչպես դա տեղի է ունեցավ եվրոպական պետությունների գերակշռող մասում, մարզպետներին ընտրելու համակարգին անցնելու հետ և այլն:
Հանրային խորհուրդը կարծում է, որ այդ հարցերի քննարկմանը պետք է ներգրավել հանրության լայն շերտերի ներկայացուցիչների, քանի որ այդ հարցը նախ և առաջ կարևոր է երկրի ապագայի տեսիլքի ձևակերպման տեսանկյունից: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ըստ ՀԽ նախագահի, նույնպես շատ կարևոր են. «Պետք է հնարավորինս բացառել կեղծիքներ անելու, ինչպես նաև հարցը շահարկելու հավանականությունը: Պետք է փակել օրենսդրության բոլոր բացերը, ինչը կապահովի ոչ միայն ընտրությունների մաքրությունը, այլև հասարակության վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ: Եթե ընտրությունները մաքուր են եղել, բայց մարդիկ վստահություն չունեն արդյունքների նկատմամբ, դա գրեթե համարժեք է նրան, որ ընտրությունները կեղծված են»,-ասում է նա:
Հանրային խորհուրդն առաջարկել է չեզոք հարթակ ծառայել հարցը քննարկելու համար, որի շուրջ կարող են հավաքվել և իշխանական ուժերը, և ընդդիմությունը, և անկախ փորձագետները:
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպումներին և դրանց արդյունավետությանը` Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահի հետ քննարկվում են առավել ռազմավարական ու մասշտաբային հարցեր, որոնք չեն կարող միանգամից լուծում ստանալ: Իսկ Հանրային խորհրդում բարձրացվող հարցերի մի մասը հասցեագրված է ոչ թե նախագահին, այլ կառավարությանն ու տարբեր գերատեսչությունների, և Մանուկյանը համարում է, որ այս տարիների ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի մի զգալի մասն այս կամ այն ձևով լուծվել է: «Երբ որևէ բան ես ասում, չի նշանակում, որ հենց այդ պահին դիմացինը պետք է կատարի: Նախ սկսվում են քննարկումներ, որոնք կարող են մի քանի օր տևել, կարող են ամիսներ տևել: Մի բան է ճիշտ հարց բարձրացնելը, լրիվ այլ բան` դա իրականացնելը: Իրականացումը միշտ շատ ավելի բարդ է, և պարտադիր չէ, որ արձագանքը միանգամից լինի»:
Նշենք նաև, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել էր, որ աշնանը, ավարտելով աշխատանքը, Հանրային խորհուրդը հասարակությանը և նախագահին կներկայացնի չորս տարվա գործունեության արդյունքները: Նա հույս էր հայտնել, որ այդ ժամանակ Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծն էլ արդեն կներկայացվի Ազգային ժողով:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտնել էր, որ Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատության ենթարկվել. «Սակայն, ինչպես ասում են, որևէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում,- ասել էր երկրի ղեկավարը,- մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին, և իրոք աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»:
Հարություն Խաչատրյանը ժողովրդական արտիստի կոչում ստացավ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Ժողովրդական արտիստի`
Հարություն Ռուբենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ կինոռեժիսոր, «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ տնօրեն
Մշակույթի վաստակավոր գործչի՝
Սուսաննա Գեորգիի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ կինոգետ, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն:
Վարչապետը կմեկնի կարճաժամկետ արձակուրդ
Հանդիպում իտալական ընկերության ներկայացուցիչների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
«Տոտո» հոլդինգի փոխնախագահ Պաոլո Դոիսինին վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության գործունեության ուղղությունները: Նա, մասնավորապես, նշել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է ճանապարհաշինության, էներգետիկայի, ավիացիայի և երկաթգծի ոլորտներում ու հետաքրքրված է հիշյալ ուղղություններով Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում:
Կառավարության ղեկավարը ողջունել է «Տոտո» հոլդինգի` մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բնագավառներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ կազմակերպել այդ ոլորտների ներկայացուցիչների հե
Ամենաերկար տոլման յոթ մետր ութ սանտիմետր է. կայացավ տոլմայի ամենամյա փառատոնը
Ոսկե Ծիրանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում Սարդարապատում իրականացավ տոլմայի ամենամյա փառատոնը: Լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն երիտասարդ խոհարար ավանդույթ դարձած անվանակարգերի կողքին այս տարի մրցանակ շնորհվեց նաև ամենաերկար փաթաթված տոլման ներկայացրած տաղավարին: Տաղավարների մեծ մասը ուրույն տեղ էր հատկացրել հատկապես այս անվանակարգին: Կարին թոնրատան տաղավարի խոհարարը նախքան ժյուրիի ժամանումը մեզ հայտնեց, որ իրենց թփով տոլմայի երկարությունը յոթ մետր է, և այն չի վաճառվի, քանի դեռ ժյուրին չի գնահատել այն: Ինչպես վերջում պարզվեց, հենց այս տաղավարի տոլման էլ ճանաչվեց ամենաերկարը:
Տոլամայի համար այս տարի սահմանված էր սինվոլիկ գին: Որպես կանոն այդ թիվը չէր գերազանցում հարյուր դրամը: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մեզ հայտնեց, որ այսուհետ բոլոր փառատոնները վճարովի կլինեն, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ այն, ինչն անվճար է, ցավոք, չի գնահատվում: Վաճառքից կուտակված գումարը կտրամադրվի Արմավիրի մարզի որևէ դպրոցի:
Փառատոնը ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ ոսկե ծիրանի մասնակիցները և փառատոնի հյուրերը համտեսեցին բազմատեսակ տոլմաները: Տոլմայով հյուրասիրվեց նաև մի շնիկ, որ երկար շրջում էր տաղավարների մոտ:
Լարա Առաքելյան
Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պարտվեց Համաշխարհային ունիվերսիադայի եզրափակչում
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 11-ից 15-ը հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 15-ին` նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Հուլիսի 11-ից 15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.80C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C
Հայ-իտալական գործարար համաժողով Հռոմում
Հուլիսի 9-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:
Համաժողովին, որի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, «Global Business Services»
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը, Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային եւ մաքսային քաղաքականությունը, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով կատարելագործվող իրավական դաշտը, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված ազատ առեւտրի գոտիների համատեքստում բիզնեսի զարգացման հնարավորությունները:
Համաժողովի ընթացքում մասնակիցները տեղեկացվեցին հայաստանցի գործարարների հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով «Global Business Services»կազմակերպության նախաձեռնությամբ անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած իտալացի գործարարների` Հայաստան կազմակերպվող պարբերական բիզնես-առաքելությունների մասին:
Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը անդրադարձավ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումներին` ընդգծելով միջազգային տնտեսական եւ վարկանիշային հեղինակավոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների դրական դինամիկան:
ՀՀ դեսպանը նաեւ կարեւորեց ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացումը, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ վարվող բանակցային գործընթացի ավարտական փուլին, ընդգծեց, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի նաեւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Թուրքական պատմագիտական ընկերությունը հայոց լեզվի դասընթացներ է սկսում
Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայում քաղաքական, ռազմական և մշակույթային զարգացումների շրջանակներում պատմաբանների կողմից ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասընթացներ է սկսելու: Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեթ Մեթին Հյուլագյուն նշել է, թե նման դասընթացների նպատակը համապատասխան մասնագետների պատրաստումն է, քանի որ մինչ օրս «պատմական որոշ հարցերի» վերաբերյալ բավարար ուսումնասիրություններ չեն իրականացվել:
Հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասընթացները սկզբնական շրջանում 6 ամիս ժամկետով կընթանան, ապա ցանկալի արդյունքի հասնելու դեպքում կերկարաձգվեն ևս 6 ամսով: Լեզվի ուսուցման խմբերը բաղկացած են լինելու 10-12 հոգուց:
Փորձի փոխանակում՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների սոցիալական բաժինների միջև
Երևանի և Ստեփանակերտի միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրով հուլիսի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Երևան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները:
Վերապատրաստման եռօրյա դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու սոցիալական աշխատանքի ժամանակակից մեթոդներին: Նախատեսվում են նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի մասնագետների այցելություններ Երևանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ, նոր ներդրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ, սոցիալական սպասարկման այլ կառույցներ։
Ծրագիրն իրականացվել է «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության աջակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի և եվրոպական երկրների առաջավոր փորձն ուսումնասիրած ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Դասընթացների ավարտին մասնակիցները մասնակցության հավաստագրեր կստանան։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի համար մշակվել է համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ծրագրային մոտեցմամբ ժամանակակից սոցիալական սպասարկում իրականացնել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներն այդ նպատակով տեխնիկական և մասնագիտական աջակցություն կցուցաբերեն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Արհեստական ոտք «Լեգոյի» մասնկներից (տեսանյութ)
«Դողան» լրատվական գործակալությունը պատմում ԱՄՆ-ի Միսուրի նահանգում բնակվող Քրիստինա Սթիվենսի մասին: Վերջինս նշանավոր «Լեգո» խաղալիքի մասնիկներից պատրաստել է ոտքի պրոթեզ, որը օգտագործման ենթակա է: Աղջիկը, զրկված լինելով մի ոտքի վերջնամասից, որոշել է իր համար գեղեցիկ ու գունավոր պրոթեզ պատրաստել: Նա պրոթեզի պատրսատման գործընթացը նկարահանել է և տեսանյութը տեղադրելով «Youtube» կայքում շատ կարճ ժամանակում մեկ միլիոնից ավել դիտում է հավաքել:
Ավանդների փոխհատուցումը կիրականացվի շարունակական ծրագրերով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է: Առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախկինում ընդունված որոշումներով, իսկ 2013թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` սոցիալական քաղաքականության ոլորտի նախատեսումներով իրականացվում են ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում` ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երեք տարիների համար հստակեցնել խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրային առաջարկություններ, առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայրենական պատերազմի դեռևս փոխհատուցում չստացած մասնակիցներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ազատամարտիկներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մեկ այլ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որ ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը, կառավարությունը նույնպես տվել է բացասական եզրակացություն` հիմնավորելով իր տեսակետը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է նախատեսված ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Մեկ ուրիշ որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում գործող հայեցակարգը:
Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով որպես անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվել է 49 մլն 840 հազար դրամ:
Պահանջները խստացվում են
Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների բնութագիրը և առավելագույն գները հաստատող որոշման մեջ, նորացնելով որոշ ապրանքատեսակների ցանկը և սահմանելով լայնամասշտաբ կիրառվող ապրանքատեսակների առավելագույն գները:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթները կատարելու, մասնավորապես դիտարկման ընթացքում մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով հսկիչ գնումներ կատարելու հնարավորություն ունենալու համար կառավարությունը որոշել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընդգրկել նման լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկում:
ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել «Հայասի Գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ավարտել վերամշակման աշխատանքները, կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը և պահպանել ստեղծված աշխատատեղերը:
Կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների կողմից ՀՀ մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2001 թ.հունվարի 13-ի թիվ 20 որոշումը: Փոփոխություն կատարելով 2013թ. փետրվարի 7-ի թիվ 84 որոշման մեջ, մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռք բերման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված վարկի վերադարձման ժամկետը երկարաձգվել է մինչև 2013թ. հուլիսի 30-ը:
Ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության հետևանքները գնահատելու և պետական լիազոր մարմնի իրավասությունները ամրագրելու նպատակով գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 2003թ. օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ: Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խստագույն վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վրա` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Հիմա մենք նաև մի մեծ գործընթաց ենք սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով և ստանում ենք ահազանգեր բնապահպանական տարբեր կազմակերպություններից, որ Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ: Եվ համայնքները դիմում են մեզ` նկարագրելով, որ իրենք զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Մենք այստեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք: Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, հարգելի գործընկերներ, որ երկու խորհրդակցություն է տեղի ունեցել ինձ մոտ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ: Հանձնաժողովը մեզ պետք է ներկայացնի երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ միջոցառումների ծրագիր, որպեսզի մենք անհապաղ այս բնագավառում կարգուկանոն հաստատենք: Մասնավորապես խոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել: Միևնույն ժամանակ մենք ունենք շուրջ 700 անօրինական հորեր, որոնք այսօր գործում են, և այս խնդիրը պետք է հրատապ լուծենք և այս բնագավառում կարգուկանոն հաստատենք»:
«Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ֆինանսական կենսունակության ապահովման նպատակով կառավարությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ազատել է վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից:
Նկատի ունենալով, որ կրթական, գիտական և գիտատեխնիկական ոլորտների համար ՀՀ գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությամբ նախատեսված` նոր հարկային արտոնությունների տրամադրում նախատեսող դրույթները:
Սոցիալական փաթեթի հանգստի գումարը կփոխանցվի միանվագ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սոցիալական փաթեթի հատկացման կարգի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 27-ի որոշման մեջ, ինչը պայմանավորված է սոցիալական փաթեթի գումարների միանվագ փոխանցման անհրաժեշտությամբ` աշխատողի հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում: Այսպիսով հանգստի ծառայությունների համար միանվագ փոխանցում իրականացնելու հնարավորությամբ կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Կարևորելով պետական ծառայողների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կազմակերպելու հնարավորությունը, վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնել տուրիստական փաթեթի գների նկատմամբ, որպեսզի տուրօպերատորները չխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները և չներկայացնեն առողջապահական և տուրիստական համալիրների գները գերազանցող առաջարկներ:«Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա»,-ասել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունած երեք որոշումներում, «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» հաստատություններին թույլատրել է գործել որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ, աննպատակահարմար համարելով նրանց վերակազմավորումը, համապատասխանաբար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կազմում:
Հաշվի առնելով, որ Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքները դեռևս չեն ավարտվել, կառավարությունն իր 2012թ. մայիսի 31-ի արձանագրային որոշմամբ սահմանված ժամկետն ավելացրել է վեց ամսով, նախատեսված աշխատանքները լիարժեք և պատշաճ իրականացնելու համար, ինչը զբոսաշրջային այցելությունների թվի աճի, եկամտի ավելացման և աշխատատեղերի ստեղծման հավելյալ հնարավորություն կստեղծի:
Կառավարության համապատասխան որոշմամբ «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել, միացվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
Հիմք ընդունելով «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, կառավարությունը սահմանել է կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը:
Այլ հարցեր
Գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերից զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող, այդ թվում ազգային փոքրամասնություններին ներկայացնող մի շարք կազմակերպությունների, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է համապատասխան տարածքներ:
Կառավարությունը հաստատել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրաբերելու կարգը:
Կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6/2 հասցեում և Ալավերդի քաղաքի Ջրավազանի 60 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել մրցույթով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով կայացրած վճռի պահանջները բավարարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է երեք հազար վեց հարյուր եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները և անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի ընտրություն:
«Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառավարությունը թույլատրել է մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ սահմանված անվանումներով և քանակով:
ՀՀ կառավարության որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:
Մեղրիում ինը նոր ՀԷԿ-եր են կառուցվում. մեղրեցիները մտահոգ են…
Ըստ տարբեր փորձագետների ու միջազգային կազմակերպությունների կարծիքների` Հայաստանում էներգետիկ անվտանգության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է էներգիայի այլընտրանքային ռեսուրսներ ներդնել: Առաջին հերթին նշվում է, որ Հայաստանում արժե շեշտը դնել ՀԷԿ–երի, հատկապես փոքր ու միջին ՀԷԿ–երի վրա:
Ինչպես ասում են` ՀԷԿ-եր, ուրեմն ՀԷԿ-եր: Հայաստանում լայն թափ առավ ՀԷԿ-երի շինարարությունը: Զուգահեռ տարբեր անհատ բնապահպաններ, բնապահպանների խմբեր կամ կազմակերպություններ սկսեցին բարձրաձայնել ՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական հետևանքների մասին: Մասնավորապես` շինարարության փուլում կարող են ծառեր հատվել, բնական միջավայրեր քանդվել և շինարարական հրապարակի վերածվել, գետերի հուներ փոխվել:
Վերջին 6-7 տարվա ընթացքում, փոքր ու միջին ՀԷԿ-երի մասով, 100 մլն Կվտ/ժամից հասել ենք շուրջ 600 միլիոն Կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության: Ներկայումս կառուցման ընթացքի մեջ են մոտ 80 նոր ՀԷԿ-եր: Դրանցից 9-ը կառուցվում են Մեղրու տարածաշրջանում: Այդ հանգամանքը, ինչպես նշում են տեղացի բնապահպաններն ու ակտիվիստները, արդեն որոշակի խնդիրներ է առաջացրել:
«Մեղրու տարածաշրջանն աչքի է ընկնում իր գյուղատնտեսությամբ, Մեղրին ինքը հանդիսանում է մրգի բրենդ: Եվ ՀԷԿ-եր կառուցելով, շինարարական աշխատանքների կատարման արդյունքում, անտառներից բավական մեծ տարածքներ արդեն իսկ չորացել են. ես ինքս գնացել-տեսել եմ:
Խնդիր է նաև այն, որ ոչ միայն ՀԷԿ-եր են կառուցում, այլև փորձում են Մեղրի գետի ջուրը մտցնել խողովակների մեջ, ու դրանից հետո վաճառել քաղաքացիներին: Խնդիրները հիմնականում դրանք են, ու համատարած դժգոհության առիթ են դարձել»,- «Անկախին» պատմեց Կապանի «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանը:
Գիտենք, որ Հայաստանի սահմանի ամենանեղ հատվածը հենց Մեղրիում է, ու այդպիսի փոքր տարածքում, ընդամենը 30-40 կմ վրա միանգամից 9 ՀԷԿ-եր կառուցելը գոնե տրամաբանական հարց առաջացնում է. արդյոք նպատակահարմա՞ր է, կամ արդյոք տեղի էկոլոգիական վիճակի վրա կործանարար ազդեցություն չի՞ ունենա:
Իրականում որևէ իրավական նորմ չկա, թե այս կամ այն գետի վրա քանի ՀԷԿ կարելի է կառուցել: Քանի որ Մեղրու ռելիեֆն էլ խիստ կտրտված է, ժայռոտ տեղանք է, ջրերի գահավիժումը բավականին հաճախակի է հանդիպում, գետերը վերևից ներքև բավականին արագ են ընթանում, ու մակարդակների տարբերությունը էլեկտրաէներգիա արտադրելու համար հիանալի պայմաններ են ստեղծում: Ուստի այնտեղ ՀԷԿ-եր կառուցելը բավականին նպատակահարմար է: Բայց օրենքով կան սահմանված նորմեր ու չափորոշիչներ, թե ինչպես պետք է կառուցվի ՀԷԿ-ը, որքան ջուր վերցնի, որտեղից վերցնի և այլն:
Մենք փորձեցինք այս հարցը պարզել Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի հետ: Նա ասաց. «Բլոր տարածաշրջաններում էլ բազմաթիվ ՀԷԿ-եր կառուցվում են: Ներկայումս մոտ 80 ՀԷԿ-եր, որ լիցենզիա են ստացել, ուսումնասիրվում են, կառուցվում են և այլն: Ես դետալներով չգիտեմ, թե որ տարածաշրջանում քանի ՀԷԿ է կառուցվում, և ինչ խնդիրներ են առաջանում այդ ՀԷԿ-երի կառուցման ընթացքում»:
Իսկ Արմեն Փարսադանյանը նշում է, որ այդ ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների հետևանքով մեծ թվով ծառեր չորացել են, բավականին շատ ծառահատումներ են կատարվել: Ջուրն էլ մտցնում են խողովակների մեջ. էլի բավական տարածքներ մնում են անջուր և չորանում են:
Մենք 9 ՀԷԿ-երից կարողացանք պարզել միայն 5-ի անունները` «Քյու Հաշ» ՍՊԸ, «Սար-Ռուբ» ՍՊԸ, «Գելիգուզան» ՍՊԸ, «Էմպաթիա» ՍՊԸ և «Մեղրի ՀԷԿ» ՍՊԸ:
«Քյու հաշն» ու «Էմպաթիան» բնապահպանական փորձաքննության չեն ներկայացվել: Իսկ «Մեղրի ՀԷԿ»-ը բնապահպանական փորձաքննության է ներկայացվել 2006 թվականին, դա նշանակում է, որ բնապահպանական խնդիրներ չի առաջացնում, «Գելիգուզանն» ու «Սար- Ռուբն»-ն էլ 2011 թվականին են ներկայացվել բնապահպանական փորձաքննության, այսինքն` այնտեղ էլ բնապահպանական խնդիրներ չկան»,- մեզ տեղեկացրին բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ի՞նչ ենք տալիս և ի՞նչ ենք ստանում` ՀԷԿ-եր կառուցելով
Ստացվում է, որ 9 ՀԷԿ-երից գոնե երկուսը` «Քյու հաշ» ՍՊԸ-ն և «Էմպաթիա» ՍՊԸ-ն, բնապահպանական փորձաքննություն չեն անցել, այսինքն` չի բացառվում նաև, որ նրանք լուրջ բնապահպանական խնդիրներ առաջացնեն: Հարց է առաջանում` ինչո՞ւ են այս ՀԷԿ-երի շինարարությունը սկսել:
Ինչպես ներկայացրեց մեզ ՀԷԿ-ի տերերից մեկը (անունը չենք նշում նրան վարչական հետապնդումների թիրախ չդարձնելու համար), հաճախ ՀԷԿ-ի շինարարությունը սկսվում է, հետո նոր թղթաբանությունն է կարգավորվում: Թղթաբանությունը ժամանակատար գործընթաց է, ու նախապես իմանալով, որ որևէ խնդիր չի առաջացնի տվյալ ՀԷԿ-ի շինարարությունը, սկսում են կառուցել, ընթացքում էլ թղթերն են պատրաստում: Բայց լինում են նաև դեպքեր, որ ՀԷԿ-ը կառուցում-վերջացնում են, որպեսզի համապատասխան կառույցները ստիպված համակերպվեն գոյություն ունեցող փաստի հետ: Պատահում է նաև այնպես, որ այդ ՀԷԿ-երի տերերը խոշոր պաշտոնյաներ են լինում, ու ՀԷԿ-երը կառուցում են` «տակից»:
Իհարկե, մեր երկրին անհրաժեշտ են ՀԷԿ-եր, ու ակնհայտ է նաև, որ այդ ՀԷԿ-երի կառուցման համար որոշակի գին պետք է վճարի հասարակությունը` բնապահպանական վնասների իմաստով: Սակայն այստեղ պետք է գործեն հստակ խաղի կանոններ, հաշվարկվի, թե ինչքան օգուտ կարող է բերել նոր կառուցվող ՀԷԿ-ը և ինչ վնասներ կարող է հասցնել: Հետո այդ արդյունքները համեմատել` հասկանալու համար` արժե՞ տվյալ ՀԷԿ-ը կառուցել, թե՞ ոչ:
Նայենք պաշտոնական թվերին: Հայաստանում այսօր ունենք երկու խոշոր` Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադն ու Սևան-Հրազդան կասկադը, սրանցից բացի, ունենք նաև 142 վերականգնվող էներգիայի կայաններ, որոնցից 1-ը հողմակայան է, մեկը` բիոէներգետիկ կայան, և մնացածը` փոքր ՀԷԿ-երն են: 2012 թ. Հայաստանում արտադրված 8 մլրդ, 36 մլն 200 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայից միայն 512.8 մլն կՎտ/ժամն է բաժին հասնում փոքր ՀԷԿ-երին: Ներկա դրությամբ շինարարական ընթացքի մեջ գտնվող մոտ 80 նոր ՀԷԿ-երի կառուցումից հետո ծրագրվում է այդ ծավալը հասցնել մինչև մոտ 1 մլրդ կՎտ/ժամի: Հայաստանում 2012 թ. բնակչության պահանջարկը էլեկտրաէներգիայի նկատմամբ կազմել է 1 միլիարդ 901 մլն 700 հազար կՎտ/ժամ: Սա նշանակում է, որ կառուցվող փոքր ՀԷԿ-երը չեն կարող ծածկել բնակչության պահանջարկը: Այսուհանդերձ դեռևս ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչքան վնաս կարող են տալ ՀԷԿ-երը: Այսպես թե այնպես, ինչպես միշտ նշում է ՀՀ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, բնապահպանական վնասի փոխհատուցման համար Հայաստանի բյուջե մուտք է գործել 0 դրամ:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելուն
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ «Գազպրոմի» ղեկավարության և ՀՀ Էներգետիկայի նախարարության միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության շուրջ` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ–ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ զրկվելով բաժնեմասից, ՀՀ–ն նաև զրկվում է Հայռուսգազարդի բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։ Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին:
Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները։
Թեև այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, և այստեղ ավելի շատ վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։
Ազատ դեմոկրատները համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել պետությանը որևէ օգուտ չբերող բանակցություններից և տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Հուլիսի 10-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:
Ջրանցքում դին հայտնաբերած և փրկարարների օգնությամբ այն դուրս բերած Ք. Արեյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի եղբայրն է :
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վիրահատվել է
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական ծառայությունը հայտնել է, որ Գյուլը օրերս տեղափոխվել է հիվանդանոց ականջի հիվանդության պատճառով բուժման կուրս անցնելու համար: «Պարոն նախագահը ականջի վատառողջության բուժման նպատակով վիրահատության է ենթարկվել և մեկ գիշեր հիվանդանոցում է մնացել: Նախագահի ինքնազգացողությունը լավ է, նա շարունակում է իր աշխատանքները Ստամբուլի Թարաբյա պալատում»,-ասված է հայտարարության մեջ:
«Գեզի» այգու 5-րդ զոհը 19-ամյա Ալի Ւսմայիլը դարձավ
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում հունիսի 2-ին «Գեզի» այգու ցուցարարներին աջակցելու համար երթին մասնակցած 19-ամյա Ալի Իսմայիլը, փախչելով ոստիկանների կիրառած արցունքաբեր գազից, անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել: Անադոլու համալսարանի ուսանողին ուղեղի արյունահոսությամբ տեսափոխել էին Օսմանգազ համալսարանի հիվանդանոց: Հունիսի 4-ին երիտասարդը գլխի վիրահատության էր ենթարկվել, այնուհետև բժիշկները մեկ ամսին շարունակ դեղերի օգնությամբ պայքարում էին նրա կյանքի համար:
«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չնայած գործադրված բոլոր ջանքերի, ցավոք բժիշկներին չի հաջողվել փրկել Ալի Իսմայիլին: Նա մահացել է հիվանդանոցում՝ դառնալով «Գեզի» այգու ցույցերի 5-րդ զոհը:



