Ադրբեջանում նախագահի թեկնածուն առաջարկում է կրճատել նախագահի լիազորությունները

1Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Արասթուն Օրուջլուն` “Արևելք-Արևմուտք” հետազոտական կենտրոնի ղեկավարը, հուլիսի 1-ին ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որում առաջարկում է նաև սահմանափակել երկրի ղեկավարի լիազորությունները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Օրուջլուն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի լիազորություններն անսահմանափակ են, ինչը բացասաբար է ազդում երկրի ներքին և արտաքին քաղաքականության ու ապագայի վրա:

Նախագահի թեկնածուն, մասնավորապես, առաջարկում է նախագահին զրկել օրենսդրական նախաձեռնության իրավունքից կամ այդ իրավունքը հասցնել նվազագույնի, ավելացնել պատգամավորների թիվը` 125-ից հասցնելով 200-ի, իսկ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեծամասնական-համամասնական ընտրակարգով: Վարչապետին պետք է նշանակի խարհրդարանը:

Նախագահի թեկնածուն նշել է նաև, որ անհրաժեշտ է բարեփոխել Ադրբեջանի դատական համակարգը՝ այն դարձնել ավելի անկախ, խթանել մանր ու միջին բիզնեսի զարգացումը, դիվերսիֆիկացնել բանկային հատվածը: Ըստ նրա` Բանկային հատվածը կենտրոնացած է 5-6 ընտանիքի ձեռքում, ընդ որում՝ 80 տոկոսը՝ միայն մեկ ընտանիքի:

Նախագահի թեկնածուն ասել է նաև, որ իր համար անհասկանալի է այն քաղաքականությունը, որն իշխանությունները վարում են երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ: “Ուկրաինայից գնվում են վերանորոգված ռազմական ինքնաթիռներ, իսկ դրանց համար նավիգացիոն սարքավորումները ձեռք են բերվում Ֆրանսիայից: Անհասկանալի է նաև, թե ինչու են խոշոր չափերի անօդաչու թռչող սարքեր գնվում”,-հայտարարել է քաղաքագետը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` Արասթուն Օրուջլուն հայտարարել է, որ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումն անթույլատրելի է: “Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումները, սակայն, անթույլատրելի են”,-ընդգծել է Օրուջլուն: “Խնդրի կարգավորման բանակցային գործընթացը խթանելու համար Ադրբեջանը պետք է դառնա ժողովրդավարական երկիր և ունենա կայացած քաղաքացիական հասարակություն”,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի են ունենալու 2013թ. հոկտեմբերին:

 

ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԵՄ կողմից Դիվանագիտական դպրոցի աջակցության ծրագրի մեկնարկին նվիրված ընդունելություն

ԱԳՆ

ԱԳՆ

Հուլիսի մեկին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված

Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի
մեկնարկին:
Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:
Իր ողջույնի խոսքում կարևորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում, նախարար Նալբանդյանը նշեց, որ բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության,  որն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց,  ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը,  ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին և պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին:
“Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ ութ տասնյակ
շրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերի
նախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի,
որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական
դպրոցի նվաճումները”. – ասաց արտգործնախարարը:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը, բոլոր գործընկեր կազմակերպություններին ու երկրներին, որոնք նպաստել են Դիվանագիտական դպրոցի զարգացմանը կայացմանը, ինչպես նաև այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնագետներին և հրավիրյալ դասախոսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթական գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում, անդրադարձավ Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին, ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն բավականին շոշափելի արդյունքների է հասել և ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։
2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաև տեղեկատվական և արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում և Վիեննայում տեղակայված եվրոպական և միջազգային կազմակերպություններ։

 

Հուլիսի 1-ից մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգը

Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են հուլիսի 1-ից մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու գործընթացի մանրամասները: Ծառայությունը մատուցող “Փարկինգ Սիթի Սերվիս” ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նշել է, որ ներկայում մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ: Տվյալ հատվածները կկահավորվեն նաև ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով, որոնց միջոցով էլ կվերահսկվեն տվյալ տարածքները: Կայանատեղիների վերահսկողությունը կիրականացվի նաև շրջիկ մեքենաների միջոցով, որոնք նույնպես կահավորված են տեսախցիկներով: Նշված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում: Երևանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Ի դեպ, երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 և 5045 համարները`տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշը՝ առանց միջակայքի: Վարորդը պատասխան հաղորդագրությամբ կտեղեկացվի կայանման ժամի և ավարտի մասին: Վճարումներ հնարավոր կլինի կատարել նաև բանկերում, վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների, կամ սպասարկող կազմակերպության էլեկտրոնային կայքի միջոցով: Բոլոր դեպքերում վճարման նպատակ դաշտում պարտադիր պայման է լինելու պետհամարանիշի ամրագրումը: Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ այս փուլում առայժմ կարգավորվում է գլխավոր և երկրորդական փողոցների բանուկ մասերում ավտոկայանատեղիների կազմակերպումը: Հենրիկ Նավասարդյանն ընդգծել է, որ այսուհետ թևկապներով հսկիչները վարորդներից գումար գանձելու իրավունք չունեն: Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն էլ ընդգծել է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը կիրառվելու է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում: Բակային, մշակութային, կրթական օջախների, պետական և համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում: Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն էլ հավելել է, որ առևտրային գործունեություն ծավալող ընկերությունների հարակից տարածքները համայնքապատկան են և նույնպես կարգավորվում են տվյալ օրենքով, ընդգծելով սակայն, որ վճարովի կանգառների տարածքներում ևս վարորդները պարտավոր են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ի մասնավորի`կանգառ կատարել գծանշմանը համապատասխան: Արգելվում է նաև կանգառ կատարել կայանատեղիին հարակից 2-րդ երթևեկելի գոտում, հակառակ դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է: Վճարովի ավտոկայանատեղերի հսկողության ավտոմատացման և ավտոկայանատեղերի տուրքի անկանխիկ հավաքագրման հիմնական իմաստը մայրաքաղաքում ավտոկայանատեղիների քաղաքակիրթ գործունեության ծավալումն է: Հաշվի առնելով օրենքի իրազեկման համար անհրաժեշտ ժամանակահատվածը և նաև կայանատեղիները տեխնիկապես լիարժեք հագեցնելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որևէ տույժ կամ տուգանք չի գանձվելու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ամփոփվել են «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլի արդյունքները

001
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2013թ. հանրապետական մրցույթը այս տարի  մայրաքաղաքում անցկացվել է 4 տարիքային խմբերով՝ 1997-1998թթ., 1999-2001թթ., 2002-2004թթ. և 2005-2007թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքների միջև։ Հունիսի 6-ից 14-ն ընկած ժամանակահատվածում մրցույթի 1-ին՝ համայնքային փուլին Երևանի բոլոր վարչական շրջաններից մասնակցել է 384 ընտանիք։ Հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած մրցույթի 2-րդ  փուլին, որն անցկացվել է “Հրազդան”մարզադաշտում և մայրաքաղաքի թիվ 71 հիմնական դպրոցի մարզադահլիճում, մասնակցել է 144 ընտանիք: Մասնակից ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի հուշամեդալներով, իսկ 4 տարիքային խմբերում հաղթող ընտանիքները՝ ՀՀ նախագահի հավաստագրերով և դրամական պարգևներով:

 

1997-1998թթ. չորրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Սահակյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Գևորգյանների ընտանիքը (Նորք-Մարաշ վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Պողոսյանների ընտանիքը՝  (Աջափնյակ վարչական շրջան)

 

1999-2001թթ. երրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Սանդրոսյանների ընտանիքը (Արաբկիր վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Մարգարյանների ընտանիքը (Նոր Նորք վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Աբրահամյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան)

 

2001-2004թթ. երկրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Գրիգորյանների ընտանիքը (Դավթաշեն վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Մարտիրոսյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Թամոյանների ընտանիքը՝ (Էրեբունի վարչական շրջան(

 

2005-2007թթ. առաջին տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Գասպարյանների ընտանիքը (Ավան վարչական շրջան)

2-րդ տեղ՝ Բալյանների ընտանիքը (Էրեբունի վարչական շրջան)

3-րդ տեղ՝ Մատինյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան)

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

 

 

 

«Գեզի» այգին Թուրքիայի համար դարձավ «պատմություն, որը գրվում է ապրելիս»

geziԹուրքական «NTV» պատմական հանդեսի հրատարակչական հանձնաժողովը որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը այն բանից հետո, երբ հանդեսը հուլիս ամսվա իր համարը նվիրեց «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին՝ անձնակազմում առաջացնելով ճգնաժամային մթնոլորտ:

Մասնավորապես վիճաբանության առիթ էր հանդիսացել անցած շաբաթ լույս տեսած համարի շապիկը, որը պատկերավոր կերպով ներկայացնում է «Գեզի» այգու իրադարձությունները հետևյալ վերնագրի ներքո՝ «պատմություն, որը գրվում է ապրելիս»:
Միևնույն ժամանակ թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հրաժարական է տվել նաև «NTV» հեռուստաընկության
տնօրենը այն բանից հետո, ինչ նրան մեղադրեցի «Գեզի» այգու իրադարձությունները ոչ բավարար կերպով լուսաբանելու մեջ:

 

Դավութօղլուն և Լավրովը քննարկել են սիրիական ճգնաժամի հարցը

davutogluԹուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների համար քննարկման թեմա է դարձել Սիրիայում տիրող իրավիճակը: Դավութօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական անդամների միջև եղած հակասությունները թույլ չեն տալիս, որպեսզի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով միասնական որոշում կայացվի: Թուրքիայի արտգործնախարարը ընգծել է նաև, որ լիբանանյան «Հզբալլահ» շարժման մասնակցությունը պատերազմին ակնհայտ ցույց է տալիս այն փաստը, որ սիրիական հարցին արտասահմանյան միջամտություն կա:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վաղը երկու երկրների արտգործնախարարները հանդիպում կունենան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Դավութօղլուն հույս է հայտնել, որ այս բանակցությունների արդյունքում սիրիական կոնֆլիկտի կարգավորման ուղիներ ի հայտ կբերվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին

 

3426

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ:

«Բլումբերգ»-ի տվյալները չեն համապատասխանում իրականությանը. մասնագետներ

Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբանական գիտությունների դոկտոր Սրբուհի Գևորգյանը: Օրերս «Բլումբերգ» ընկերությունը ներկայացրել է ամենաանբարո երկրների ցուցակը, որտեղ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է:

Երկու բանախոսներն էլ համակարծիք էին, որ տվյալները թյուր են և դրանք կարող են լինել որևէ երկրի պատվեր:

Ահարոն ԱդիբեկյանԸստ սոցիոլոգի, եթե հավատանք Բլումբերգի տվյալներին, ուրեմն մեր հասարակության մեծ մասը ծխում է, խմում է և խաղամոլ է: Նա հատկապես զարմացել էր այն փաստի վրա, որ, ըստ Բլումբերգի տվյալների, Ադրբեջանում,որը հայտնի է ժողովրդի թմրամոլությամբ, նրանց թիվը կազմում է 20.000, իսկ հայաստանում թմրամոլների թիվը հասնում է 160.000-ի:

«Պետք չէ ուշադրություն դարձնել այս տվյալներին, բայց, ցավոք սրտի, մեր երկրի թույլ կողմերից է խաղատների խնդիրը:Մենք ունենք խմելու մշակույթ: Եթե 90-ական թթ. կին ծխողների թիվը չէր հասնում 1 տոկոսի, ապա այն այսօր կազմում է 4 տոկոս»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Հոգեբանն էլ կարծում է, որ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից է.«Փոքր տարիքի երեխաները իրենց բակերում կարող են հանգիստ խաղալ` առանց ծնողների հսկողության, աղջիկները կարող են փողոց դուրս գալ երեկոյան, անգամ գիշերային ժամերի, դա գալիս է նրանից, որ մեզ մոտ անձի սոցիալական անվտանգությունը բարձր մակարդակի է»:

 

Մերի Բալասանյան

Նախագահը հրամանագիր է ստորագրել 4 անձանց Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին

ստորագրելՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Սուրեն Ռաֆիկի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր

Դավիթ Զաքարի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Էրնա Վլադիմիրի ՀԱՅՐԻՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր»:

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի տեղակալին

ԱգնՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, տեխնիկական համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կուակու Անինգին:

Զրուցակիցները փաստեցին, որ Հայաստանը ԱԷՄԳ համար հուսալի գործընկեր է, եւ ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցությունը ծառայում է իր նպատակին` ուղղված լինելով ՀԱԷԿ տեխնիկական վերազինմանը եւ անվտանգության ամրապնդմանը: ԱԷՄԳ աջակցությամբ յուրաքանչյուր տարի վերապատրաստվող հայ մասնագետները ծանոթանում են միջուկային ոլորտի զարգացումներին եւ ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, որը նրանց հնարավորություն կընձեռի այլ երկրներում հանդես գալու որպես փորձագետներ:

Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Կ. Անինգը նշեց, որ ԱԷՄԳ-ը մեծ նշանակություն է տալիս վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, քանի որ դրանք միջուկային անվտանգության ապահովման հենասյունն են: Կ. Անինգն ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն շահում է ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրից, այլ նաեւ դրանում ունենում իր կարեւոր ներդրումը:

Փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` Հայկական ատոմակայանի անվտանգության շարունակական եւ հետեւողական ամրապնդման, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցման տեսանկյունից:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՀարգելի՛ դատախազներ,
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

Հայաստանի դատախազությունը գրեթե մեկդարյա իր տարեգրությամբ պատվով է իրականացրել իր լիազորությունները, երկրում ապահովել օրինականությունն ու իրավակարգը, իսկ նորանկախ Հայաստանում իր ուշադրությունը բևեռել է նաև մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա:

Այսօր էլ դատախազությունը շարունակում է պատասխանատվության զգացումով կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները և հաջողությամբ դիմագրավել ժամանակի մարտահրավերներին: Դատախազության համակարգում շատ են բանիմաց, հմուտ ու նվիրյալ դատախազները, որոնց արդյունավետ գործունեությունը դատախազության հետագա հաջողությունների և, վերջին հաշվով, երկրի առաջընթացի գրավականն է:

Գոհունակությամբ պետք է նշել, որ Հայաստանի դատախազությունը ակտիվորեն ներգրավվել է անդրազգային այնպիսի հանցագործությունների դեմ պայքարում, ինչպիսիք են փողերի լվացումը և թրաֆիքինգը: Այդ բնագավառում Հայաստանի առաջընթացն արձանագրել են նաև միջազգային կառույցները, որոնց հետ համագործակցության դրական փորձ է ձևավորվել: Խրախուսելի է նաև, որ Հայաստանի դատախազությունը բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր է կնքել արտասահմանյան երկրների համապատասխան կառույցների հետ:

Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ և առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

10511_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արձագանքը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ եղել է արագ և թիրախավորված: Մարկ Հորթոնը ընդգծել է նաև, որ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը շարունակում է պահպանվել ըստ նախատեսված ցուցանիշների, ինչը կնպաստի տնտեսության կայունության պահպանմանը:
Զրուցակիցները, բարձր գնահատելով արդեն իսկ եզրափակվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագիրը՝ քննարկել են երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Հայաստանի փորձը` միջազգային կրթական հանրույթի ուշադրության առանցքում

արմեն աշոտյանՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար ամսին Լոնդոնում կայացած “Կրթության համաշխարհային ֆորումին” Հայաստանի պատվիրակության ներկայացրած զեկույցի` հանրակրթական դպրոցներում “Շախմատը” որպես պարտադիր առարկա ներդրման փորձի վերաբերյալ միջազգային արձագանքները: Ըստ նախարարի` Հայաստանի փորձը մեծ հետաքրքրություն է գտել միջազգային կրթական հանրույթի շրջանակում: Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` մասնակցել հաջորդ տարի կայանալիք ամենամյա ֆորումին և որպես առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնած երկիր` ներկայացնել վերոնշյալ գործընթացի վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլոտում համագործակցության, Հայաստանում բիզնես կրթության ներդրման, ինչպես նաև անգլերեն լեզվի դասավանդման և թեստավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել նախարարության ակտիվ մասնակցությունը բերել հոկտեմբերին նախատեսվող Բրիտանական խորհդի կողմից կազմակերպվող “ՏՏ տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում” համաժողովին:

 

Սպասվում են կարճատև տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-3-ին կնվազի 5-7, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 3-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 2-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 5-6-ին էական տեղումներ չեն սպասվում:

Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

3 (4)Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող  օդանավը թռիչքից մեկ ժամ անց ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Բաքվում: Օդանավում մեդիա ոլորտի մոտ 25 ներկայացուցիչ է եղել:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, Բաքվից Ստամբուլ չվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռը, որը պատկանել է թուրքական ավիաուղիներին, Բաքվի միջազգային օդանավակայան է վերադարձել. պարզվել է, որ ինքնաթիռի դուռը լավ փակված չի եղել:

Անսարքությունը  վերացնելուց  հետո ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել:

Բողոքարկման արդյունքում 94 դիմորդի գնահատական է բարձրացվել

գթկԳԹԿ-ն ամփոփել և հրապարակել է միասնական քննությունների առաջին փուլի բողոքարկումների արդյունքները:

Ընդհանուր առմամբ, 10 քննական առարկաներից ստացվել է 486 դիմում-բողոք:

379 դիմորդներ խնդրել են վերահաշվարկ կատարել:

Վերահաշվարկի արդյունքում 94 դիմորդների գնահատականները բարձրացվել են. համակարգիչը նրանց պարագայում թիվը սխալ է կարդացել` տվյալ առաջադրանքի համար միավոր չտալով: Մյուսների գնահատականները չեն բարձրացվել:

Բողոքարկողներից 108-ը խնդրել են միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալ իրենց` պատճառաբանելով, որ քննությունների ժամանակ վատառողջ են եղել, ինչի պատճառով էլ անբավարար են ստացել:

ԳԹԿ-ն, սակայն, մերժել է պահանջը, քանի որ ըստ ընթացակարգի վատառողջ լինելու դեպքում դիմորդները կարող էին քննասենյակում բարձրաջայնել այդ մասին, որպեսզի ներկա բժիշկը արձանագրեր խնդիրը և համապատասխան թուղթ տար:

Մերժվել են նաև թեստային տետրը ստուգելու պահանջները. ստուգվում է միայն ձևաթուղթը, իսկ թեստային տետրում գրված, բայց ձևաթուղթ չանցկացված պատասխանները չեն հաշվվում:

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ բովանդակային որոշումներ չեն կայացվել:

Նշենք, որ այսօր միասնական քննությունների երկրորդ փուլին հայտագրվելու վերջին օրն է: Առաջին փուլին չմասնակցած դիմորդները մինչ ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել ԳԹԿ-ում:

Լրացուցիչ փուլի մասնակիցները քննությունները կհանձնեն Երևանում ձևավորված քննակենտրոններում. հուլիսի 2-ին` «ռուսերեն», «հուլիսի 3-ին` «մաթեմատիկա», հուլիսի 4-ին` «կենսաբանություն», «աշխարհագրություն», ընդհանուր պատմություն», հուլիսի 5-ին` «հայոց լեզու և հայ գրականություն», հուլիսի 6-ին` «ֆիզիկա», հուլիսի 7-ին` «օտար լեզու» և հուլիսի 8-ին` «հայոց պատմություն», «քիմիա» առարկաներից:

Թուրքիայում թանկարժեք ձիերի սերմնահեղուկի արտահանումը շահավետ բիզնես է դարձել

dziԹուրքիայի Բուրսա քաղաքի Քարաջաբեյ շրջանում ստեղծվել է ձիերի սերմնահեղուկների պահպանման լաբորատորիա, որտեղ սառեցվում և արտահանվում են ամենաթանկ ձիերի սերմնահեղուկները: Այս լաբորատորիայում, որը Թուրքիայում միակն է իր տեսակով, լավ ձիերի սերմնահեղուկը սառեցնում են մինչև 196 աստիճան: Դրանք վաճառվում են հազար լիրայից մինչև տասը հազար լիրա արժողությամբ: Հիմնական գնորդները արտասահմանում ձիասպորտով հետաքրքրվող գործարարներ են: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ անցած տարի մեկ ձիու սերմնահեղուկը 75 հազար դոլարով վաճառվել է Մարոկոյին:

Աշխարհում հաշված համարվող լաբորատորիաներից մեկի աշխատակից Նիհաթ Օզալը նշել է, որ այս լաբորատորիայի հիմնման նպատակը ցեղական ձիերի լավագույն հատկանիշներն  ավելի երկար պահպանելու հնարավորության ստեղծումն է:

Մեծ Բրիտանիայում գործարան է այրվել. տասը հրշեջ է տուժել

i (6)Կիրակի Մեծ Բրիտանիայում  Բիրմինգհեմի թափոնների մշակման գործարանում ավելի քան 100 հազար տ թուղթ ու պլաստիկ է այրվել: Հրդեհի հետևանքով 1,8 կմ-անոց մոխրասյուն է բարձրացել: Իշխանությունները հրդեհի վայր են ուղարկել 200 հրշեջի, նրանցից  տասը տուժել են, 3-ը` հոսպիտալացվել:

Չհաստատված տեղեկություններով, հրդեհի պատճառը չինական դեկորատիվ լապտերներն են եղել, որոնք պատահական հայտնվել են թափոնների պահեստում:

Մարկ Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյում գլխավորել է գեյ-շքերթը

Zuckerberg introduces new Facebook platform into the Android OS called Home appFacebook  ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում անցկացված գեյ-շքերթին: Նրա հետ  700 աշխատակիցները նույնպես դուրս են եկել ցույցի` ի պաշտպանություն սեքսուալ փոքրամասնության:

Բացի այդ, ընկերության գրասենյակը ևս զարդարվել է  գեյերի  շարժման ատրիբուտներով. “Լայքի” վեր տնկված մատին գունավոր մատանի է հայտնվել, որը  ԼԳԲՏ խորհրդանիշն է:

Սան Ֆրանցիսկոյում միասեռ ամուսնությունները թույլատրվել են հունիսի վերջից: Մի քանի օրում տասնյակ զույգեր են գրանցել իրենց միությունը: Ներկայում ԱՄՆ-ում սեքսուալ փոքրամասնությունը կարող է ամուսնությունը գրանցել 50 նահանգներից 13-ում:

Մեդալների ակնկալիքով

կգնՌուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հունիսի 6-17-ը տեղի կունենա Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան, որին կմասնակցի նաև Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար,Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: Ողջունելով  ուսանող-մարզիկներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի այս տարվա պատվիրակությունն աննախադեպ է՝  թե իր քանակով, և թե որակով: <Ես ուրախ եմ, որ այս տարի մեր հավաքականը կներկայացնեն ինչպես հայկական սպորտի արդեն հայտնի, այնպես էլ  ծագող աստղեր: Ես համոզված եմ, որ մեր հավաքականը ջանք չի խնայի՝ պատվով հանդես գալու  և 160-ից  ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր  երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Համատեղ ուժերով հանրավոր է դարձել պետության լավագույն ուսանող մարզիկներին ներգրավել, և արձանագրված հաջողությունները բոլորինն են լինելու >,-նշել է նախարարը՝ հավելելով, որ ունիվերսիադայի կազմակերպման գործում նախարարությունը սերտ համագործակցել է ՀՀ պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Հայաստանի օլիմպիականկոմիտեի և ճյուղային ֆեդերացիաների հետ:

Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային Հայաստանի մարզիկները հանդես կգան 10  մարզաձևերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, ատլետիկա, լող, հունաահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ:  Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի կազմում են բարձրակարգ մարզիկներ, այդ թվում Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի և Աշխարհի առաջնության հաղթողներ, մասնավորապես, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմական  ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդիսանում է ԵՊՀ ասպիրանտ և Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, գրոսմայստերներ  Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ստեփանյանի խոսքով՝ բոլոր մարզաձևերում ներկայացված են մարզիչներ, իսկ երեք մարզաձևում Հայաստանը կունենա միջազգային կարգի մրցավարներ: Ըստ Հայաստանի  մարզական պատվիրակության ղեկավարի՝ բոլոր մարզիկները տվյալ մարզաձևի ազգային հավաքականի անդամներ են, իսկ թիմերի ղեկավարներ են՝ Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մի քանի ազգային հավաքականի  նախագահներ: