Անկարայի զորանոցում հրդեհ է բռնկվել, հնչել են պայթյունի ձայներ

ankaraԱնկարայի զորանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ դեպքի վայրում պայթյունի ձայներ են լսվում, զինվորները աշխատում են տարածքից հեռացնել լրագրողներին:
«Ռադիկալը» գրում է, որ հրդեհը բռնկվել է 17:30-ի մերձակայքում: Բռնկման պահից որոշ ժամանակ անց տարածքից սկսել են պայթյունի ձայներ լսվել: Հայտնի է, որ հրդեհի հետևանքով տուժել է զորանոցի զինանոցային հատվածը: Չնայած հրշեջներին հաջողվել է դրությունը հսկողության տակ առնել, այնուհանդերձ կրակը հասցրել է տարածվել դեպի զինվորական միավորումների կացության շենք: Զորանոցից բարձրացող ծուխը երևում է քաղաքի բոլոր հատվածներից:

Ոչ 150 դրամին.զարգացումներ և կրքերի բորբոքում ամբողջ օրվա ընթացքում, լուսանկարներ

MHM80095 copyՔաղաքային իշխանությունները նյարդայնանում են.                                                   

Հնդկաստանում կապիկը հարձակվել և լուրջ վնասվածքներ է հասցրել կենդանաբանական այգի այցելած տղային

macaque attacked a small boy at an Indian zoo4Զայրացած կապիկը հարձակվել է կենդանաբանական այգի այցելած տղայի վրա, իսկ երեխայի հայրը և այգու աշխատողը պայքարում էին նրանց անջատելու համար:

Տղան լուրջ վնասվածքներ էր ստացել Հնդկաստանի Մադյա Պրադեշ նահանգի Ռատլամ քաղաքի կենդանաբանական այգում:

Ականատեսի լուսանկարած մի քանի նկարներում երևում է, թե ինչպես է կապիկը երեխային գցել գետնին, որի դեմքին և ձեռքերին արյան հետքեր կային:

Մինչ երեխայի հայրը փորձում էր մակակային հեռացնել տղայից, կենդանին ամուր կպել էր տղայի մեջքին:

macaque attacked a small boy at an Indian zooԱյգու աշխատակիցը փայտով ևս փորձում էր հեռացնել կապիկին:

Այնուամենայնիվ տղամարդկանց հաջողվել է կապիկին առանձնացնել տղայից:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղան լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն հայտնի չէ, թե նա այժմ ինչ վիճակում է:

Հնդկաստանի մեծ մասը լի է կապիկներով, որոնք ուտելիք են գողանում, հարվածում մարդկանց և մտնում տների մեջ:

Այդ իսկ պատճառով երկրում աշխատում են հատուկ կապիկ բռնողներ, որոնք օգնում են նրանց թիվը վերահսկողության տակ պահել:

 

«Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան». միջազգային գիտաժողով Երևանում

Erdogan AtaturkՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը 2013 թ. նոյեմբերի 5-6-ը Երևանում կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» թեմայով:

Այն նվիրված է Թուրքիայի Հանրապետության պատմության, ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերին:
Ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետների մասնակցությունը: Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Զեկուցումների հայտերը և հիմնադրույթները (մինչև 2 էջ ծավալով, էլեկտրոնային տեսքով, օտար լեզուները` Times New Roman, հայերենը` Sylfaen տարբերակով, տառաչափը 12, տողամիջյան հեռավորությունը` 1,5) ընդունվում են մինչև 2013 թ. սեպտեմբերի 30-ը հետևյալ հասցեով` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4), էլ. փոստ` [email protected], [email protected] (Քրիստինե Մելքոնյան), [email protected] (Լևոն Հովսեփյան):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Մասնակցության վերաբերյալ կլինի լրացուցիչ հաստատում կազմկոմիտեից:

Ճանապարհային, սննդի և օթևանի ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով կամ զանգահարել +374(10) 583382, +374(091)586071 հեռախոսահամարներով:

Մուրսիի երեխաները դիմելու են Միջազգային դատարան

mursiԵգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի երեխաները մտադիր են դիմել Միջազգային դատարան իրենց հոր առևանգման գործով: Այս մասին նրանք հաղորդել են Կահիրեում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:  «Մենք կդիմենք Միջազգային քրեական դատարան, որպեսզի հետաքննություն անցկացվի իմ հոր առևանգման գործով, որին հուլիսի 3-ից անհայտ վայրում են պահում»,-ասել է Մուրսիի կրտսեր որդին՝ Ուսամա Մուրսին: Վերջինիս քրոջ՝ Շիմա Մուրսիի խոսքերով՝ այն, ինչ կատարվում է իրենց հոր՝ երկրի օրինական ընտրված  նախագահի հետ,  « օրենքի նորմերի ոստնահարում է»:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Ուսամա Մուրսին նշել է, որ առայժմ իրենց հայտնի չէ Մուրսիի գտնվելու տեղը: Համաձայն ԶԼՄ-ների տվյալների՝ ներկայումս Մուրսիին պահում են եգիպտական ռազմական ուժերի օբյեկտներից մեկում:

Իսակովի պողոտայում «Պրադոն» բախվել է գովազդային վահանակի սյանը

ավտովթարՀուլիսի 22-ին, ժամը 14.36-ին տեղե­կատվություն է ստացվել, որ Երևանի՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պրադո» մակնիշի 87 ՍP 777 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՅԴ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի սակագինը 50 տոկոսով բարձրացնելու որոշումը

ՀՅԴՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է հանրային տրանսպորտի սակագները չհիմնավորված, 50 տոկոսով բարձրացնելու` իշխանությունների որոշումը: Այդ քայլը քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական տեսանկյունից անընդունելի է:

Իշխանությունները նախընտրական շրջանում վստահեցնում էին, թե գների կտրուկ բարձրացում տեղի չի ունենալու, խոստանում էին իրական կենսամակարդակի աճ: Սակայն հետընտրական փուլում գազի, էլեկտրաէներգիայի, այլ հիմնական ապրանքատեսակների ու ծառայությունների գների աճին հաջորդեց հանրային տրանսպորտի սակագների բարձրացումը: Նրանք հերթական անգամ մոլորեցրել են հանրությանը` առաջացնելով անապահովության, անպաշտպանվածության զգացողություն, ապագայի հանդեպ անվստահություն:

Անտրամաբանական է պաշտոնատար անձանց բացատրությունը, թե գազի և էլեկտրական էներգիայի սակագների աճը կապ չունի հանրային տրանսպորտի թանկացման  հետ: Եթե այդ պնդումը ճիշտ է, ուրեմն իշխանությունը վարում է մի խումբ անձանց շահերը հանրության շահերից գերադասելու քաղաքականություն: Եթե պնդումը ճիշտ չէ, ապա իշխանությունը ևս մեկ անգամ խաբում էր հանրությանն ու մասնագիտական շրջանակներին` նշելով, որ գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը երկրում բերելու է ընդամենը մինչև 2.7 տոկոս գնաճի: Երկու դեպքում էլ քաղաքական իշխանությունը գործում է ի վնաս հասարակության:

Սոցիալական և տնտեսական տեսանկյունից քաղաքական իշխանության քայլը հակասում է միջազգային փորձի տարրական կանոններին, երբ գնային քաղաքականության լավագույն գործիք է մրցակցությունը: Մինչդեռ հանրային տրանսպորտի, օրինակ` երթուղային տաքսիների ոլորտում, ձևավորվել է քաղաքական և տնտեսական ոլորտները զուգակցող` ազդեցիկ անձանց մենաշնորհ: Բացի այդ, միջազգային փորձը վկայում է, որ գների մակարդակի օբյեկտիվ բարձրացմանը նախորդում կամ անմիջապես հաջորդում է հանրության եկամուտների ավելի բարձր աճը: Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունեցել: Միջազգային լավագույն փորձի օրինակ է նաև բազմասակագնային պլանների, զեղչային համակարգերի, տրանսպորտային երթևեկության կորպորատիվ փաթեթների, միասնական փոխադրական փաստաթղթերի և այլ միջոցների գործադրումը, ինչն առողջացնում է հանրային տրանսպորտի ֆինանսական համակարգը, մեծացնում է հանրային վերահսկողությունը, ավելացնում է ուղևորահոսքը, հանգեցնում ուղեվարձերի նվազեցմանն ու մատչելիությանը:

Առ այդ` ՀՅԴ Գերագույն մարմինը

ա. դատապարտում է Հայաստանի իշխանությունների նման անհեռատես քաղաքականությունը,

բ.  պահանջում է կասեցնել հանրային տրանսպորտի սակագների բարձրացման որոշումը և որևէ բարձրացում իրականացնել սակագնի ձևավորման թափանցիկ մեխանիզմով, բնակչության եկամուտների աճին համապատասխան,

գ. առաջարկում է ստեղծել հանրային-մասնագիտական խումբ` մշակելու և ներդնելու  բազմասակագնային պլանների, զեղչերի, տրանսպորտային երթևեկության կորպորատիվ փաթեթների իրավական-միասնական համակարգ,

դ. ողջունում և իր աջակցությունն է հայտնում այն քաղաքացիական խմբերին և երիտասարդներին, ովքեր ընդվզում են այս խայտառակ որոշման դեմ և ակտիվ կեցվածքով պաշտպանում են իրենց և հանրության իրավունքները:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Օձերը Հայաստանում

օձերՕձը տեղափոխվել է անվտանգ տարածք

Հուլիսի 22-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 73 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 22-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 19 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է իժ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***
Հուլիսի 22-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղում՝ Ռ.Գրիգորյանին պատկանող տան բակում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Հանձնարարվել է խստորեն վերահսկել ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման գործընթացը

005 (2)Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու հորդորել կապալառուներին աշխատանքները կազմակերպել այնպես, որ բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն:

«Այս հարցում անհրաժեշտ է լինել խիստ և հետևողական, որպեսզի այդ աշխատանքները հնարավորին արագ կատարվեն ու չխաթարեն մայրաքաղաքի բնականոն երթևեկը: Անհրաժեշտության դեպքում ասֆալտապատման աշխատանքները թող կազմակերպեն նաև գիշերային ժամերին, որպեսզի հատկապես բանուկ փողոցներում խցանումներ չգոյանան և բնակչությանն ավելորդ անհարմարություններ չպատճառվեն», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել  նույն սկզբունքը կիրառել նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «ԱրմենՏել» ընկերությունների կողմից վթարների վերացման հետևանքով ասֆալտբետոնե ծածկի քանդման և վերականգնման աշխատանքների դեպքում:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքին չհամապատասխանող գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների մասով արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մեկ ամսվա ընթացքում գույքագրվել և ապամոնտաժվել է օրենքին չհամապատասխանող ավելի քան 3 հազար գովազդային վահանակ: Ամենօրյա աշխատանքներ են տարվում դրանց հետագա կիրառումը բացառելու նպատակով: Զեկուցվել է նաև, որ «Գովազդի մասին» օրենքով ապամոնտաժման ենթակա չեն միայն օտարալեզու այն գովազդները, որոնք հանդիսանում են մտավոր սեփականության ինստիտուտով հաստատված կամ միջազգայնորեն գրացված ապրանքանշաններ:

Ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու և վարորդների համար կայանման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով  ներդրված նոր համակարգի հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բանակցել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ և վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նոր ընթացակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակել ևս մեկ ամիս, հաշվի առնելով, որ քաղաքացիներից շատերը գտնվում են արձակուրդում և, հնարավոր է, տեղեկացված չլինեն գործընթացի մասին:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Ըստ այդմ, նշվել է, որ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու և 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:

«Մենք պետք է առավել խիստ և հետևողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման և երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաև համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել և ապահովել կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունների հարակից տարածքների  բարեկարգումն ու կանաչապատումը:

Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կատարվել են ստուգայցեր և իրականացվել համապատասխան աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու մշտական հսկողության տակ պահել վիճակը:

Նոր ուսումնական տարվան ընդառաջդպրոցներում աշակերտներին դասագրքերի բաժանման գործընթացին անդրադառնալով՝  Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկողության տակ պահել աշխատանքները` դպրոցներում գրքերի կամ գրենական պիտույքների հնարավոր վաճառքի կազմակերպման դեպքերը բացառելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Չորս վրաերթ

Վրաերթ (1)Վաղարշյան փողոցի և Դավիթաշենի կամրջի խաչմերուկում

 

Հուլիսի 22-ին, ժամը 02.00-ին,    «Դեյու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Վաղարշյան փողոցի և Դավիթաշենի կամրջի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթի է ենթարկվել 4-ամյա տղա

 

Հուլիսի 21-ին, ժամը 20.25-ին,  «Վոլվո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Լենինգրադյան փողոցում

 

Հուլիսի 20-ին, ժամը 21.20-ին,    «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող տղամարդուն

 

Հուլիսի 20-ին, ժամը 21.00-ին,   «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Մայրաքաղաքում շարունակվում են նոր նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները

նստարանԵրևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են «ԵՐԵՎԱՆ» նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ:

Երևանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:

2013թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ:

Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում շարունակվում են նաև նոր աղբամանների տեղադրման աշխատանքները:  Ըստ այդմ, նույն ժամանակահատվածում արդեն իսկ տեղադրվել են նաև շուրջ 260  աղբամաններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանրապետությունում յոթ ավտոպատահար`11վիրավոր

Պատահար Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում

Հուլիսի 21-ին, ժամը 18.00-ին, Երևանի  Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Ֆոլքսվագեն Քեդի»  մակնիշի ավտոմեքենա և   «Դաիչի» մակնիշի մոտոցիկլ:
Մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Կորյուն և Աբովյան փողոցների խաչմերուկում

Հուլիսի 22-ին, ժամը 00.20-ին, Երևանի Կորյուն և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Իսուզու»   և   «Դեյու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյու Նեքսիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վահագնի գյուղին հարակից ճանապարհին «ՈւԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել

Հուլիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում,  Լոռու մարզի Վահագնի գյուղին հարակից ճանապարհին «ՈւԱԶ-69»  մակնիշի ավտոմեքենա է  կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Եղվարդ-Երևան խճուղում

Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղվարդ-Երևան խճուղու 2-րդ կմ-ին իրար են բախվել   «ՈւԱԶ»,  «ՎԱԶ-21074»  և   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ՈւԱԶ»-ի և «Օպել Աստրա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Մերսեդես-Բենս»-ը բախվել է «ՎԱԶ-2107»-ի

ավտոպատահարՀուլիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Լ. Մադոյան և Տերյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենս»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել   «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո` գնացել:
Կատարվում է քննություն:

 

Գյումրի-Վանաձոր ճանապարհին

Հուլիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2108»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը  և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Զառիթափ-Վայք ճանապարհին

Հուլիսի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում,  Զառիթափ-Վայք ճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսսան»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և բախվել մետաղյա արգելապատնեշին,  ինչի հետևանքով 2 ուղևոր  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ֆրանսիայում իսլամաֆոբիան գնալով աճում է

frans  Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ գործող կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ 2011 թվականի համեմատությամբ 2012 թվականի տվյալներով երկրում աճել են մուսուլմանների նկատմամբ բռնության և սպառնալիքի դեպքերը: Նման աճի պատճառը միությունը համարում է ԶԼՄ-ներում մուսուլմանների մասին տարածվող բացասական լուրերը: Այսպես երկար ժամանակ լուրերում տեղ էին զբաղեցնում ֆրանսիացի երեք զինվորականի և Թուլուզի հրեական դպրոցում չորս մարդու՝ այդ թվում երեք երեխայի գնդակահարած ահաբեկիչ Մուհամադ Մերայի գործի մասին պատմող հրապարակումները:

«Անադոլու» գործակալությունը վկայակոչում է Ֆրանսիայի Միություն ազգային շարժման համար կուսակցության առաջնորդ Ժան Ֆրանսուա Կոպեի հայտարարությունը, թե երկրում քիչ չեն դեպքերը, երբ փողոցում մուսուլման երեխաների ձեռքից բլիթներ և այլ ուտելիք են խլում այն պատճառաբանությամբ, թե Ռամադանի ժամանակ ցերեկը չի կարելի հաց ուտել: Նշվել է նաև, որ միայն վերջին շրջանում 15 հարձակում է իրականացվել հիջաբով մուսուլման կանանց վրա:

Երևան-Մեղրի ճանապարհին վրաերթից 8-ամյա աղջիկ է զոհվել

ՎրաերթՀուլիսի 20-ին, ժամը 16.30-ին,   «Օպել»  մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին` Սառնակունք գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Լիլիթ  Հակոբջանյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից  22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  19  դեպքից բացահայտվել է 17-ը, գողության 23 դեպքից` 14-ը, իսկ  խարդախության  2  դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, մարմնական վնասվածք հասցնելու  և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14  պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԵՄ-ն «Հզբալլահ»-ը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն

hizbullahԵվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշում են կայացրել լիբանանյան շիական շարժման ռազմական թևը հանդիսացող «Հզբալլահ»-ին հայտարարել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Հայտնի է, որ շուտով «Հզբալլահ»-ը կներառվի ահաբեկչական կազմակերպությունների հատուկ ցուցակի մեջ, ինչից հետո կսկսեն համապատասխան պատժամիջոցներ կիրառվել: Մասնավորապես խոսքը գնում է եվրոպական բանկերում կազմակերպության հաշիվների հնարավոր սառեցման, նրանց ադամների  մուտքը ԵՄ երկրներ արգելման, ինչպես նաև կազմակերպության առաջնորդների հնարավոր ձերբակալման մասին, եթե նրանք հայտնվեն Եվրոպայում:

Նշենք, որ ավելի վաղ «Հզբալլահ»-ը ահաբեկչական կազմակերպություն էին ճանաչել ԱՄՆ-ն և Իսրայելը:

Թուրքիայում ճնշում են գնչուներին

gnchu Թուրքիայի Բուրսա քաղաքի Օսմանղազի շրջանում գնչու քաղաքացիների և նրանց հարևանների միջև վեճ է ծագել: Գնչու քաղաքացու` զենքով կրակելու հետևանքով 16-ամյա մի աղջիկ է վիրավորվել: Դեպքից հետո թաղամասի զայրացած բնակիչները սկսել են քարեր նետել գնչուների տների վրա, այրել նրանց կառքերն ու մեքենաները: Երբ իրավիճակը սկսել է բարդանալ, դեպքի վայր են եկել իրավապահ մարմիններն ու զրահապատ մեքենաներ:

«Ռադիկալը» գրում է, որ տեղի թաղապետը եկել և հանդիպել է թաղամասի բնակիչների հետ: Ոստիկանական խմբերն էլ քաղաքացներին կոչ են արել պահպանել ողջամտությունը: Դեպքի առնչությամբ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:

Կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀուլիսի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:

Պետությունն է ափսոս

MHM80087 copyՔաղաքակիրթ աշխարհում մի սկզբունք կա. հանրային ծառայությունների ոլորտում թանկացումներ կատարվում են այն դեպքում, երբ ծառայությունների մատուցման որակական նոր փուլ է արձանագրվում: Օրինակ` անթրաշ ու կեղտոտ շորերով ռաբիս երաժշտություն լսող վարորդի ու ավերակ միկրոավտոբուսով  ուղևորափոխադրումների փոխարեն հասարակությանը սկում են տրանսպորտային ծառայություններ մատուցել մաքուր, կոկիկ արտաքինով, օրինակելի հագուկապով, բարեկիրթ վարվելակերպով վարորդները` հարմարավետ ու արժանապատվությունը չվիրավորող մեքենաներով, որոնցում քաղաքացիներին նոր որակի այլ ծառայություններ էլ են մատուցվում: Հայաստանում այս առումով ոչինչ չի փոխվել, բայց երթևեկում ենք արդեն 50 տոկոսով ավելի բարձր ուղեվարձով, քան մեկ շաբաթ առաջ էր:

Քաղաքապետարանը համառորեն փորձում է ապացուցել, որ տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագների վերանայումը պայմանավորված է ոչ թե գազի թանկացմամբ, այլ պահեստամասերի, վառելիքի և ծառայությունների ընդհանուր գնաճով, որը տեղի է ունեցել աստիճանաբար: Եվ որպեսզի ասվածն ավելի համոզիչ թվա, վկա են բերում ուղևորափոխադրող ընկերությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է լրագրողներին ասեն, որ իրենք այս ամբողջ ընթացքում աշխատել են վնասով: Ու քանի որ դա շարունակել այլևս հնարավոր չէր, ուղևորավարձի բարձրացումը մնում էր միակ խելամիտ որոշումը: Մի՞թե:

Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված երթուղային նոր ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 76  երթուղի` 1565 միավոր շարժակազմով, ավտոբուսային 68 երթուղի` 939 միավոր շարժակազմով և տրոլեյբուսային 10 երթուղի` 108 միավոր շարժակազմով:

Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 370-380 միավոր շարժակազմ:

Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 13 մասնավոր  և 2 պետական կազմակերպություններ: 2012 թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 49.3 մլն ուղևոր:

Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 43  մասնավոր կազմակերպություններ: Մայրաքաղաքում ուղևորափոխադրման հիմնական մասն էլ դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի մոտ 68 տոկոսը:  Այսինքն` ինչքան  էլ բարձրանա ուղեվարձը, դրանից քաղաքապետարանը ոչ մի օգուտ չի ունենա, այլ միայն երթուղիները սպասարկող մասնավոր գծատերերը ավելի պատկառելի գերշահույթ կստանան:

MHM80050 copyՎաղուց էր խոսվում, որ մայրաքաղաքի ուղևորափոխադրողները կամ ժողովրդական տարբերակով ասած` գծատերերն այնքան էլ գոհ չէին գործող 100 դրամ սակագնից և բողոքում էին, թե իրենք աշխատում են կորուստներով: Չնայած այստեղ մի հանգամանք կա. պետք է հաշվի առնել, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:

Այսպիսով` տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան են մուծում են ամսական 16 500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում են ամսական 33 800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36 400 դրամ, «Ռաֆ» մակնիշի մեկ մեքենայի համար` 28 600 դրամ, իսկ մեկ ավտոբուսի համար` 44 000 դրամ:

Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կեսաթոշակային վճարները, որոնք ամսական մոտավորապես կազմում են 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` «Ռաֆ» մակնիշի մեքենայի համար` 63 100 դրամ, 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68 300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70 900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78 500 դրամ:

Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկը չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում էր մոտ 10 հազար դրամ: Մի քիչ ավելի կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ էր մուծում գծատիրոջը: Ընդունենք, որ մեկ մեքենան ամբողջ ամիսը չի աշխատում, այլ 25 օր, և գծատիրոջը մուծվում էր 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը` 78 500 դրամ: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերն ամսական ստանում է մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնայած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է իրականացնում:

Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարում ենք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է մոտ 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ այն դեպքում, երբ վառելիքի ծախսը կատարում են վարորդները: Այդ դեպքում գծատերերի եկամուտների գումարն ավելին է, քան 3-5 պատգամավորի կամ նախարարի և մոտ 50 թոշակառուի ամսական աշխատավարձերն են:

Բայց և այնպես քաղաքապետարանը որոշեց 50 տոկոսով բարձրացնել ուղեվարձերը:

Քաղաքակիրթ աշխարհում` հատկապես Արևմտյան Եվրոպայում, մի ուրիշ մոտեցում էլ կա հանրային տրանսպորտի ոլորտում: Այնտեղ հասարակական տրանսպորտը ոչ միայն որպես շահույթ հետապնդող գործունեության ձև` շահութաբեր բիզնես չի դիտարկվում, այլև ինքնածախսածածկում չի ակնկալվում: Համարվում է, որ հասարակական տրանսպորտը քաղաքացիներին` երկրի աշխատող մարդկանց պետք է տնից և այլ տեղերից աշխատանքի վայր տեղափոխվելու համար, որտեղ նրանք աշխատում ու ստեղծում են նյութական բարիքներ: Եվ այդ ստեղծված բարիքների արդյունքից ստացված հարկերից գոյացող սուբսիդավորմամբ էլ պետք է  ծածկվեն տրանսպորտի ոլորտի ծախսերը: Բացի այդ, եվրոպական երկրներում կարելի է միևնույն տոմսով երթևեկել ամբողջ երկրում` ամենուր նույն տոմսը ներկայացնելով: Այդ երկրներում գործում են աբոնենտային վճարումների ճկուն համակարգեր, զեղչեր սոցիալապես անապահովների, թոշակառուների, ուսանողների և այլ սոցիալական շերտերի համար և այլն: Մեր երկրում նման բաներ չկան և տեսանելի ապագայում էլ չեն լինի: Մեր երկրում պետությունը, որը պետք է աշխատի հանուն իր քաղաքացիների շահերի, անտրամաբանական հոգատարություն է ցուցաբերում հարուստների նկատմամբ` ոտնահարելով քաղաքացիների տարրական իրավունքները: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը, տրանսպորտի թանկացման մասին որոշում ընդունելով, առաջնորդվում է ոչ թե քաղաքացիների շահերով, ոչ թե իր բյուջեն հավելյալ եկամուտների հոսքեր ապահովելու մղումով, ոչ թե քաղաքակիրթ տրանսպորտային ոլորտ ունենալու նպատակով, այլ մասնավոր գծատերերի շահույթն անխափան ապահովելու «սուրբ պարտականությամբ»:

Ասում են, թե սրանից հետո երթուղայինների հոգնատանջ վարորդները կսկսեն արժանապատիվ վարձատրություն ստանալ: Չենք հավատում: Նրանք շարունակելու են նույն անարժանապատիվ աշխատավարձով նույն չարքարշ աշխատանքը կատարել, մարդիկ սկսելու են տրանսպորտի համար 50 տոկոսով ավելի վճարել, դրանից պետությանը ոչ մի օգուտ չի հասնելու, իսկ որոշ գծատերեր էլ, որոնք գերշահույթներ էին ստանում, հիմա ավելի շատ են ստանալու:

Որովհետև սա Հայաստանն է: Ու վե՛րջ: