Մանդելան կվերադառնա տուն, քանի որ նա դրականորեն է արձագանքում բուժմանը

Nelson MandelaՀարավային Աֆրիկայի նախկին նախագահ Տաբո Մբեկին տեղեկացրել է, որ Նելսոն Մանդելան շուտով հիվանդանոցից դուրս կգրվի և կշարունակի ապաքինվել տանը:

Հանգստյան օրերին նա հայտնել էր, որ ինքը համոզված է, որ Մանդելան մի քանի օր անց կվերադառնա տուն:

Նա նաև հաստատել է Մանդելայի վիճակի ծանր, բայց կայուն լինելը, իսկ Մանդելայի կինը նշել էր, որ Մանդելան դրական է արձագանքում բուժմանը, և ինքը այժմ ավելի քիչ է անհանգստացած նրա վիճակի համար:

Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը հինգ շաբաթ է, ինչ հոսպիտալացվել է թոքերի վարակի դեմ բուժվելու նպատակով:

Հունիսի 8-ին հոսպիտալացված Մանդելան չորեքշաբթի օրը դառնում է 95 տարեկան:

Անցած շաբաթ Մանդելայի մտերիմ ընկերը նշել է, որ ինքը այս շաբաթ այցելել է նրան և Մանդելան ամբողջովին գիտակից վիճակում է եղել:

Արգենտինայի նախագահը տատիկ է դարձել

CristinakirchnerԱրգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը տատիկ է դարձել:

Երկուշաբթի օրը երկրի պետական Telam լրատվական ծառայության տեղեկություններով՝ Նեստոր Իվան Կիրչերը ծնվել է կիրակի գիշերը Բուենոս Այրեսի հիվանդանոցում:

Երեխայի անունը դրվել է Ֆերնանդեսի ամուսնու՝ երկրի մահացած նախագահ Նեստոր Կիրչերի պատվին:

Արգենտինական հանրային լրատվամիջոցները հեղեղված էին շնորհավորանքներով, սակայն պաշտոնական ոչ մի հայատարարություն դեռևս չի արվել, նախագահի Twitter-ի էջը ևս լռում է այս մասին:

Երեխայի հայրը՝ Մաքսիմո Կիրչերը քաղաքական շարժման ակտիվիստ է, իսկ մայրը՝ Ռոսիո Գարսիան ատամնաբույժ է:

 

Եղեգիս գետում տասնհինգ տարեկան տղա է խեղդվել

խեղդվում էՀուլիսի 15-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում երեխա է ընկել Եղեգիս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Շատին գյուղի բնակիչ` 1998 թ. ծնված Կարեն Տիգրանյանի դին:

Համազգայինի 19-րդ Ուսանողական Հաւաքը (Ֆորում) Սկսաւ Իր Աշխատանքներուն

1003444_10153002519835417_2053862883_nՀամազգայինի 19-րդ Ուսանողական հաւաքի պաշտօնական բացումը կատարուեցաւ Շաբաթ, 13 Յուլիս 2013-ին, կէսօրուան ժամը 12:00-ին, Երեւանի մէջ, ներկայութեամբ` Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Մասիս Պաղտասարեանի:
Բացման հանդիսութեան ողջոյնի խօսքը արտասանեց Հայաստանի Համազգայինի հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեան, որ ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց Համազգայինի ծագումը, ամբողջ աշխարհի մէջ անոր տարածումն ու գործունէութեան լայնածաւալ դաշտը, ապա` հաւաքի պատմականը. ան շեշտը դրաւ նման հաւաքներ հայրենիքի մէջ կազմակերպելու կարեւորութեան վրայ:
2013-ի ուսանողական հաւաքի ընդհանուր պատասխանատու Նորա Թաշճեան խնդրեց ներկաներէն 1 վայրկեան յոտնկայս յարգել նախորդ տարուան հաւաքի ղեկավար՝ Սերժ Գալուստեանի մահուան յիշատակը: Ան ամփոփ կերպով խօսեցաւ հաւաքի յաջողութեան գլխաւոր բանալիին` կարգապահութեան ու օրէնքներու յարգումին մասին,ապա բացատրութիւններ տուաւ հաւաքի ծրագիրին գործադրութեան վերաբերեալ։
Հաւաքի մասնակիցներուն բարի գալուստ մաղթեց նաեւ հաւաքի դաստիարակչական բաժինի վերահսկող անդամ Կարօ Յովհաննէսեան, որ օրինակներու ճամբով շեշտը դրաւ իւրաքանչիւր գաղութի ներդրումին կարեւորութեան վրայ՝ աշխատանք մը ամբողջական ձեւով յաջողեցնելու համար:
10-է աւելի շրջաններէ` Հայաստանէն, Արցախէն, Ջաւախքէն, Թիֆլիսէն, ՄիացեալՆահանգներէն, Քանատայէն, Աւստրալիայէն, Անգլիայէն, Լիբանանէն, Սուրիայէն, Ֆրանսայէն, Կիպրոսէն, Արաբական Միացեալ Էմիրութիւններէն եւ Պոլիսէն ժամանած հայ ուսանողները իրենք զիրենք ներկայացուցին։
Ծանօթացման առաջին հանգրուանէն ետք բարձրացան փոխադրակառք ու խանդավառ մթնոլորտի մէջ այցելեցին Երեւանի պատմութեան թանգարան, Սասունցի Դաւիթի արձան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ Մայր Հայաստան յուշարձան: Իւրաքանչիւր վայրի մասին հետաքրքրական եւ օգտակար տեղեկութիւններ փոխանցուեցան:

Երկրորդ օրուան ծրագիրը սկսաւ Կարօ Յովհաննէսեանի «Հայ Դատ»ը խորագիրով դասախօսութեամբ, ուր ան սպառիչ կերպով անդրադարձաւ հայութեան ինքնութեան հարցին եւ Հայ Դատի հետապնդման ուղղութեամբ տարուած տարբեր գործունէութեան, ինչպէս՝ տարբեր երկիրներու մէջ Հայ Դատի գրասենեակներու աշխատանքներուն: Դասախօսը անդրադարձաւ Հայ Դատի անցած հիմնական հանգրուաններուն 1923-էն ի վեր: Յովհաննէսեան ընդգծեց ազգային գաղափարախօսութեան ստեղծման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ ներկայացուց մոլեռանդ հայու հասկացողութիւնը:
Դասախօսութենէն ետք, ուսանողական հաւաքի մասնակիցները յաջորդաբար այցելեցին Սաղմոսավանք, Տառերու պուրակ, Արագած լեռ եւ Ամբերդ ամրոց: Ամբողջ ուղեւորութեան ընթացքին Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամուէլ Կարապետեան ընկերակցեցաւ մասնակիցներուն ու մասնագիտական մօտեցումով ներկայացուց՝ 13-րդ դարու կառուցուած Սաղմոսավանքի արտաքին եւ ներքին ճարտարապետական մանրամասնութիւններ, Արագած լերան կազմութեան եւ դիրքին վերաբերող տեղեկութիւններ, ինչպէս նաեւ Ամբերդ ամրոցի կառուցումի ու ապրած հոլովոյթին մասին բացատրութիւններ փոխանցեց:
Ուսանողական հաւաքի երրորդ օրը ուսանողները այցելեցին Երեւանի պետական համալսարան, ուր հանդիպում ունեցան համալսարանի նախագահ Արամ Սիմոնեանի հետ, որ ներկայացուց համալսարանի պատմականը, ընդգրկած մասնագիտութիւնները, արձանագրած յաջողութիւնները եւ ապագայի հեռանկարները: Այնուհետեւ խօսք առաւ Լիլիթ Գալստեան, որ շնորհակալութիւն յայտնեց ընդունելութեան համար եւ համալսարանի գրադարանին նուիրեց Համազգայինի հրատարակութիւններէն:

Ապա հաւաքի մասնակիցները ուղղուեցան Սերկէյ Փարաջանովի տուն-թանգարան ու ծանօթացան անոր բարձր արուեստին: Ապա անոնք գացին Ճատրակի տուն, ուր մրցեցան անմրցելի պատանիներու դէմ:

Հաւաքի իւրաքանչիւր օրուան աւարտին տեղի ունեցաւ մշակութային կամ ընկերային ձեռնարկ մը, որուն ընթացքին ճոխ մթնոլորտի մէջ աւելի եւս ամրապնդուեցաւ աշխարհագրականօրէն իրարմէ հեռու երկիրներէ եկած մասնակիցներուն կապը:

 

Հյուրեմ սուլթանի դերակատարուհի Մերյամ Ուզերլին վերադառնում է

MՕսմանյան սուլթան Սուլեյման Կանունիի կյանքի և կառավարման ժամանակաշրջանի մասին պատմող թուրքական հանրահայտ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալի աստղ Մերյեմ Ուզերլին՝ նույն ինքը Հյուրեմ սուլթանի դերակատարուհին վերադառնում է Թուրքիա: Որոշ ժամանակ առաջ 2,5 տարի սերիալում խաղալուց հետո Ուզերլին որոշեց լքել նկարահանման հրապարակը և վերադառնալ հայրենի Բեռլին: Լուրեր էին պտտվում, թե դերասանուհին գոհ չէ իր ստացած աշխատավարձից այդ պատճառով էլ հեռացել է սերիալից: Սակայն հետո պարզ դարձավ, որ նա որոշակի խնդիրներ ունի և բուժում է ստանում այսպես կոչված «սպառված լինելու» սինդրոմից:
Ահա «Ռադիկալը» գրում է, որ Մերյեմ Ուզերլին «Facebook»-ի իր երկրպագուների համար հետևյալ գրառումն է արել՝ «Ամենակարճ ժամանակամիջոցում ձեզ հետ կլինեմ»: Սակայն հայտնի է դարձել, որ Ուզերլին ոչ թե նոր սերիալում խաղալու, այլ Բոդրումում արձակուրդն անցկացնելու համար է վերադառնալու Թուրքիա:

 

 

Թուրքական բանակը գնալով ավելի է թուլացնում իր դիրքերը

banakԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը գերմանական Հյուրթ քաղաքում մասնակցելով պահքի ընթրիքին՝ իֆթարին, խոսել է թուրքական բանակի մասին: Նրա խոսքերով՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջումների բոլոր մասնակիցները դատարանի առաջ են կանգնել, քանի որ նրանք, ովքեր գործել են ժողովրդի կամքին, ժողովրդավարությանն ու օրենքին հակառակ, պետք է պատասխան տան: Բոզդաղը նշել է, որ թուրքական խորհրդարանը արձակուրդ գնալուց առաջ փոփոխություն է արել Զինված ուժերի օրենսդրության մեջ, ըստ որի բանակը այլևս չի կարող խառնվել քաղաքական գործերին:
«Անադոլու» գործակալությունը գրում է, թե Բոզդաղը պատասխանել է վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ հնչած մեղադրանքներին: Փոխվարչապետը ընդգծել է, որ Թուրքիայում այսօր ժողովրդավարությունն այնքան ուժեղ է. որ կարող է ապահովել երկրի անվգտանգությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարային

3525

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:

Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել Ուկրաինային՝ 2013թ. ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ, վստահություն հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը և անձամբ Լեոնիդ Կոժարան հաջողությամբ կիրականացնեն այդ պատասխանատու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության այցը, որը վկայում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների նկատմամբ ԵԱՀԿ նախագահության ուշադրության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը: Նախագահի խոսքով, կազմակերպությունը շարունակում է մեծ դեր խաղալ եվրասիական տարածքում և հատկապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի ներդրումը նաև մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների զարգացման գործում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Լեոնիդ Կոժարայի գլխավորած պատվիրակությանը այցը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՀԿ ինստիտուտների միջև հետագա համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք լիակատար աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի առաքելությանը՝ ուղղված հակամարտության լարվածության թուլացման հնարավոր միջոցառումների իրականացմանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակներում գործող միջազգային համաձայնագրերի իրագործման խնդիրներին:

Հռոմի պապ Ֆրանցիսկը 2014 թվականին Ստամբուլ կայցելի

PapaՎատիկանին մոտ կանգնած աղբյուրները լուր են տարածել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկը 2014 թվականի նոյեմբեր ամսին այցելելու է Ստամբուլ: Մարտ ամսին նոր պապի պաշտոնավարման սկզբին նվիրված արարողությանը մասնակցած Պոլսի հունաց պատրիարք Բարտոլոմեոսին Ֆրանցիսկը անձամբ էր հայտնել Թուրքիա այցելելու ցանկության մասին: Ֆրանցիսկի Ստամբուլ կատարելիք այցը ինչ որ առումով որակվում է որպես «պատասխան այց»:

Թուրքական կայքերը գրում են, որ կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցը մեծ կարևորություն ունի: Այն հատկապես նշանակալից է կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև լարվածության նվազման և երկխոսության նոր ճանապարհների ստեղծման տեսանկյունից: Հետաքրքրություն է առաջացրել նաև Ստամբուլ այցի գնալու համար ընտրված ժամանակը: Նոյեմբերի 30-ին Ստամբուլի ուղղափառ եկեղեցու հիմնադրման տարելիցն է, որը 330 թվականին պաշտոնապես ճանաչվեց Հռոմի կողմից:

Նախագահն ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը

 3523

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի ներկայացման և առաջմղման գործում: Հանրապետության Նախագահը կարևորել է նման այցելությունները, որոնք լավագույն հնարավորությունն են տեղում ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում առկա զարգացումներին, ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները, անմիջականորեն շփվելու գործընկերների հետ, ինչպես նաև հաղորդակից լինելու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ հայ-ավստրալիական միջպետական կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման գործում ակտիվ ու հետևողական գործունեության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև ավստրալահայ փոքրաթիվ, բայց երկրի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ազդեցություն ունեցող, բավականին կազմակերպված համայնքի դերը: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական ձևաչափով և միջազգային հարթակներում ևս Հայաստանի ու Ավստրալիայի միջև ակտիվացող համագործակցությունը:

Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդին նշել է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը բազմակուսակցական է, և իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են խորհրդարանի բոլոր ուժերը, հետևաբար՝ ամբողջ խորհրդարանի անունից լիազորված է վերահաստատելու բոլոր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և խորացնելու Ավստրալիայի ցանկությունն ու պատրաստակամությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Սերժ-Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին:

Թուրքիայում շարադրելու են հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը

mehmet_metin_hulaguԹուրքական պատմագիտական ընկերությունը պատրաստվում է մեծ աշխատություն գրել հայ-թուրքական հարաբերությունների պատմական զարգացումների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեդ Մեթին Հյուլագյուն: Վերջինս նշելով, որ սա լինելու է երկու երկրների հարաբերությունների պատմությունը, ասել է, թե այս աշխատության մեջ ընդգրկվելու են այնպիսի հոդվածներ, որոնք դիտարկում են հայ-թուրքական առնչությունների սոցիալական ասպեկտները:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ ըստ պրոֆեսորի հայտարարության՝ այս հրատարակությունը յուրատեսակ նախապատրաստություն է 2015 թվականին ընդառաջ: Հյուլգյուն նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, սակայն այդ ընթացքը ամբողջությամբ ընգրկող որևէ աշխատություն չկա: «Առանձին աշխատություններ կան այս կամ այն ժամանակահատվածի վերաբերյալ, սակայն մեր ժողովածուի մեջ հրատարակվելու են այնպիսի հոդվածներ, որոնք գրվել են ինչպես անցյալում, այնպես էլ վերջին տարիներին, կլինեն նոր փաստեր»,-նշել է Հյուլգյուն:
Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը հայտնել է, որ բոլոր նյութերը հավաքագրվելու են մինչև այս տարվա վերջ, իսկ հրատարակման աշխատանքները ընդհանուր առմամբ կավարտվեն մեկ տարվա ընթացքում:

 

Ամերիկայի եգիպտացիները աջակցում են Մուհամադ Մուրսիին

amnՎաշինգտոնում Սպիտակ տան առաջ եգիպտական ծագում ունեցող ամերիկացիների կողմից կազմակերպված ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հավաքվածները հայտարարել են, որ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդավար ճանապարհով, իսկ բանակը, պաշտոնանկ անելով նրան, գործել է հակառակ ժողովրդի կամքին:

«Եգիպտական ծագում ունեցող ամերիկացիները ժողովրդավարության և մարդու իրավունքների համար» հասարարկական կազմակերպության ղեկավարներից Աքրամ Ալզանդը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Եգիպտոսում տեղի ունեցածը ճանաչել որպես ռազմական հեղաշրջում:

 

Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները

մեդալՀուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել “Ֆիզիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում  հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել “Ինֆորմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ:
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/, Վարդգես Մամբրեյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/, Գևորգ Մարտիրոսյանը  /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/,  Ալեքսանդր Վասիլյան /ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան/, իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/՝  գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի  բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/:

 

Մեկնարկել է”Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” փառատոնի համաքաղաքային փուլը

001Երևանի քաղաքապետի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն` հուլիսի 10 -ից մեկնարկել է “Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերից. շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ: Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Գավաթներով կպարգևատրվեն նաև առանձին մարզաձևերում հաղթած թիմերը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը նաև մեդալներով ու պատվոգրերով կպարգևատրվեն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհալի աշակերտներ է ուղարկել Բուխարեստ հանգստանալու

961169_540914149291577_341206239_nԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ից Ռումինիայի ծովափնյա ճամբար հանգստի մեկնած երևանցի 46 շնորհալի աշակերտների առօրյան հագեցած է տարատեսակ ծրագրերով: Ռումինական կողմի կազմակերպած համերգին հայ աշակերտները ելույթ են ունեցել բովանդակալից համերգային ծրագրով: Երևանցի շնորհալի դպրոցականները՝ երգիչները, պարողները և երաժիշտները, ռումինացի հանդիսատեսին են ներկայացրել Սայաթ-Նովայի  ստեղծագործություններից, հատվածներ «Անուշ» օպերայից, հայկական պարեր: Երեխաները ելույթն սկսել են ՀՀ օրհներգով և ամփոփել Երևանի օրհներգի կատարումով ՝  ռումինացի հասակակիցների երգակցմամբ:

Հայ երեխաները ռումինական ծովափում հանդես են եկել նաև հանպատրաստից ֆլեշ–մոբով. ծածանելով Հայաստանի դրոշը՝ հայկական ազգային երաժշտական նվագարանների ուղեկցությամբ հայ աշակերտները երգել են ժողովրդական երգեր, նաև շուրջպար են բռնել՝ արժանանալով բազմաթիվ անցորդների հիացմունքին՝ գրավելով բոլորի հետաքրքությունը դեպի հայկական մշակույթը։

Ամառային արձակուրդների օրերին աշակերտական արտերկրյա ճամբարի այս ծրագիրը վերջին տարիների ամենամեծամասշտաբն է։ Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք է բերվել Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ և իրականացվում է երկու քաղաքների քաղաքապետարանների ֆինանսական հոգածությամբ։ Ռումինական կողմը  նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնելու ցանկություն է հայտնել։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

2ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 15-ին ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պաշտոնի ստանձման կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց դեսպանին: Բարձր գնահատելով երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական բնագավառում համագործակցության ներկայիս մակարդակը` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ 11 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել:

Դեսպան Է.Պետրիկասը հաստատեց համագործակցությունը զարգացնելու լիտվական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ այն կզարգանա ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև բազմակողմ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

Minister Nalbandian's meeting with the OSCE Chairperson-in-Office.(2)Հուլիսի 15-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Հայաստանը և Ուկրաինան բարեկամության դարավոր ավանդույթներ ունեն և այսօր էլ հենց այդ հիմքի վրա կառուցում են միջպետական հարաբերությունները։ Կան բոլոր նախադրյալները նոր որակ հաղորդելու տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը»:

«Հայաստանը  աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ուկրաինայի նախագահությանը և պատրաստ ենք մեր նպաստը բերելու ուկրաինական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, կնպաստենք ուկրաինական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ, մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտացոլված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում, 2012թ.՝ Լոս Կաբոսում, 2013թ.՝ Էնիսկիլենում»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը:

Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։

Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում՝ բանակցությունների ընթացքում, քննարկվեցին ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանի և Լեոնիդ Կոժարայի հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիսը։

Հրապարակվել են բուհ ընդունվածների ցուցակները. դուրս է մնացել մոտ 700 դիմորդ (լրացված)

գթկՀրապարակվել են բուհեր ընդունված դիմորդների ցուցակները և անցողիկ միավորները:

ԳԹԿ արտաքին համագործակցության  բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  ասաց, որ  առաջին փուլով պետական բուհեր են ընդունվել 10 500 դիմորդներ:  Դրական միավորներով դուրս են մնացել շուրջ 600-700 դիմորդներ:

Նշենք, որ այս տարի բուհերի թիմորդների թիվը մոտ 15 000  էր, որոնցից 13000-ը պետական բուհերի դիմորդներ էին: Բուհերին հատկացվել էր շուրջ 17 հազար ընդունելության տեղ:

ԳԹԿ-ն արդեն հրապարակել է  բուհերի ու ֆակուլտետների ցանկը, որտեղ թափուր տեղեր կան: Հուլիսի 15-20-ը կանցկացվի  բուհական ընդունելության երկրորդ փուլը` քննություններից դրական գնահատականներ ստացած, բայց որևէ տեղ չընունված դիմորդները կկարողանան երկրորդ անգամ բուհ դիմել` եթե իրենց հանձնած քննություններին համապատասխան մասնագիտություններով թափուր տեղեր լինեն:

Թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի:

Երևանում՝

Հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալները՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան  40.40C (  1965 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     13.20C  ( 1926 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  26.20C

Դոլարի գինը բորսայում` 410,5 դրամ

դոլարՀուլիսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,520,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:

NASDAQ OMX Armenia