ԱՄՆ հետախուզության զեկույցը. համայն հայությունը պահանջում է հողերի վերադարձը Թուրքիայից

harut-sasunyan6001327137345Վերջերս Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացավ աշխարհասփյուռ հայության մեծ ուշադրությանը և թուրքական կառավարության խիստ քննադատությանը: Չնայած սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտոնյա բարձրացրել էր այս հարցը 1991 թ. երկրի անկախությունից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ: Հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները Թուրքիայից:

Կենտրոնական հետախուզական վարչության կողմից գաղտնազերծված 1943 թվականի մի գաղտնի փաստաթուղթ բացահայտում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը քաջատեղյակ է եղել հայկական պահանջներին՝ «վայրագությունները» ճանաչելու և թուրքական գրավյալ «նահանգները» վերադարձնելու մասին:

Կենտրոնական հետախուզական վարչության նախորդի՝ Ռազմավարական  ծառայությունների վարչության (ՌԾՎ) հեղինակած 1943 թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասվում է. «Միացյալ Նահանգներում հրատարակվող ամբողջ հայկական մամուլը աշխույժ է՝ իր ընթերցողների հիշողության մեջ թարմ պահելու թուրքական կողմի կազմակերպած հայկական ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի [Երկրորդ համաշխարհային պատերազմի] գերմանական վայրագություններն ի վերջո  կմթագնեն նախորդ պատերազմի վայրագությունները, նրանք ուզում են վառ պահել Հայկական հարցն ընդդեմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպես ներկայիս, այնպես էլ անցյալի բողոքներ Թուրքիայի հանդեպ, որտեղ ունեցվածքի հարկի՝ «Վառլիքի» ծանր բեռն ավելի շատ դրված է հայերի, քան Թուրքիայում ապրող որևէ այլ փոքրամասնության վրա: Հայության աչքին առավել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրավամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայության նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին»: ՌԾՎ-ի փաստաթղթի մեկ այլ հատվածում ճշգրտորեն հաղորդվում է, որ «հայերը, գրեթե առանց բացառության, ամենախորը կասկածանքի, թշնամանքի և վախի զգացումներ են տածում» Թուրքիայի հանդեպ:

1944 թ. հուլիսի 31-ին թվագրված երկրորդ գաղտնազերծված փաստաթուղթը զարմանալի վերնագիր է կրում. «Դաշնակները թեքվում են դեպի Խորհրդային Ռուսաստան»: ՌԾՎ-ն նշում է, որ «երբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցությունը (դաշնակ) պաշտոնապես փոխել է իր կողմնորոշումը և թեքվել դեպի Խորհրդային Միությանն աջակցելու ուղղությամբ, որն աստիճանաբար ավելի ակնառու դարձավ վերջին մի քանի ամիսների ընթացքում և իր գագաթնակետին հասավ խորհրդամետ քաղաքականության ընդունմամբ հուլիսի առաջին շաբաթում Բոստոնում կայացած Դաշնակցության տարեկան համագումարում»: ՌԾՎ-ի այս զեկույցը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը հայտարարել էր իր մտադրության մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պահանջել Թուրքիայի արևելյան նահանգները (Կարսը, Արդահանը և Սուրմալուն): Խորհրդային այս պահանջն աջակցություն ստացավ Հայկական եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարության և Սփյուռքի, այդ թվում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից:

ՌԾՎ-ն խորաթափանց կերպով հայտարարեց. «Դաշնակներն իրականում երբեք էլ չեն հրաժարվել իրենց երազանքից ունենալու ազատ և անկախ Հայաստան, այդ թվում՝ թուրքական չմիացված տարածքը, որը լարվածության մեջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ, 1920 թվականին Հայաստանի՝ որպես խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախության տեսլականի նվաղումով, այժմ խորհրդամետ դաշնակներն իրենց ուշադրությունը շրջում են դեպի Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերմանը Խորհրդային Հայաստանի Հանրապետության կողմից»:

Բացատրելով ՀՅԴ կուսակցության հետպատերազմյան ակնկալիքները, ՌԾՎ-ն ասում է. «Եթե Թուրքիան,ինչպես դաշնակները հույս ունեն և հավատում են, ըստ պարոն [Ջեյմս] Մանդալյանի [Բոստոնում գործող ՀՅԴ «Հայրենիք» թերթի խմբագիր], չեզոք մնա [Երկրորդ համաշխարհային պատերազմում], ապա այն մեծապես խոցելի կացության մեջ կհայտնվի  և իր չեզոքության հատուցումներից մեկը կլինի Թուրքահայաստանի զիջումը Խորհրդային Հայաստանին»:

ՌԾՎ-ի 1943 թվականի փաստաթուղթը նաև մի ընդարձակ զեկույց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերյալ, իր ուշադրությունը սևեռելով Միացյալ Նահանգներում հրատարակվող 17 հայկական թերթերից միայն վեցի վրա. «Հայրենիք» և «Ասպարեզ» (Դաշնակցական), դասակարգված որպես «աջակողմյան-ազգայնական», «Պայքար», «Նոր օր» (Ռամկավար) և «Երիտասարդ Հայաստան» (Հնչակյան), դասակարգված որպես «ազատական», և «Լրաբեր» (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա), դասակարգված որպես «ձախակողմյան-կոմունիստական»: Վերջին երկու թերթերն այլևս չեն  հրատարակվում:

Ըստ ՌԾՎ-ի՝ «Հայրենիք» և «Ասպարեզ» թերթերը «խիստ ազգայնական, հակախորհրդային և հակակոմունիստական են», մինչդեռ «Պայքարը» «վճռականորեն դեմ է արտահայտվում դաշնակներին և նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միության մեջ Հայաստանի ընդգրկումը ընդունում են որպես հայկական խնդիրների բավարարման լավագույն ելք և «Պայքար» թերթում տպագրված բազմաթիվ հոդվածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը Հայաստանում, հատկապես Հայ Առաքելական եկեղեցու հետ նրա ունեցած հարաբերություններում»:

ՌԾՎ-ի գնահատմամբ, 1943 թ. Միացյալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակություն էին հաստատել Մասաչուսեթս, Նյու Յորք և Կալիֆորնիա նահանգներում, «բուռն հետաքրքրություն են դրսևորում իրենց հայրենիքի [Խորհրդային Հայաստանի] հանդեպ, բայց մի քանիսը, թերևս ոչ մեկն էլ չի վերադառնա այնտեղ»:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Համազգայինի Ուսանողական Հաւաքի մասնակիցները հրաժեշտ տուին Արցախին ու հայրենիքին

1016316_10153050183870417_1246063954_nԱրցախ տուած երկօրեայ այցելութեան առաջին օրը Համազգայինի ուսանողական հաւաքի մասնակիցները այցելեցին Ազգային ժողովի դահլիճ, ուր Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան Արցախի մասին սպառիչ տեղեկութիւններ փոխանցեց, անդրադարձաւ անոր պատմական-մշակութային արժէքներուն, ռազմական սխրանքներուն եւ դիմագրաւած դժուարութիւններուն: Ան աւելցուց, թէ իւրաքանչիւր երիտասարդ կրնայ իր մասնագիտացումի ճամբով օգտակար ըլլալ Հայաստանին ու Արցախին:
Երկրորդ այցելութեան վայրը Ստեփանակերտի զօրամասերէն՝ 8-րդ պաշտպանական շրջանն էր, ուր ուսանողները ծանօթացան զինուորական առօրեային, ստացան ռազմավարական գիտելիքներ. հաւաքի մասնակիցները յանձնեցին մարզական սարքեր՝ իբրեւ խորհրդանշական նուէր:
Յաջորդ հանգրուանը Գանձասարն էր, ուր ուսանողներուն փոխանցուեցան տուեալ կոթողին մասին մանրամասնութիւններ: Օրուան վերջին կայքը Նիկոլ Դումանի տուն-թանգարանն էր. ֆորումականները ծանօթացան անոր կեանքին ու գործունէութեան, ապա այդ շինութեան կողքին՝ բնութեան գիրկը, Արցախի լեռներով շրջապատուած խորոված պատրաստեցին, կերան ու երգեցին մինչեւ կէս գիշեր:
Երկրորդ օրը ֆորումականները առաւօտեան այցելեցին Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, ապա Նարեկացի արուեստի դպրոցը, ուր տեղի կ’ունենայ Արամ Մանուկեան ճամբարը: Պանդոկ վերադառնալէ առաջ հաւաքի մասնակիցները կանգ առին Ջդրդուզ ու ծանօթացան Շուշիի ազատագրումը խորհրդանշող լերան:Կէսօրէ ետք խումբը մեկնեցաւ դէպի Տիգրանակերտի բերդ ու թանգարան:
Ստեփանակերտ վերադարձին, ֆորումականները այցելեցին Հ.Յ.Դ. երիտասարդական կեդրոն, ուր հանդիպում ունեցան միութեան անդամներուն հետ:
Արցախի մէջ վերջին երեկոն եղաւ ճոխ ու խանդավառ. արդարեւ, երաժշտական խումբի մը ընկերակցութեամբ մասնակցողները վայելեցին անմոռանալի երեկոյ մը:
Ֆորումականները Արցախին հրաժեշտ տուին «Տատիկին ու Պապիկին» խոստանալով կրկին այցելութիւն:
Յաջորդ կանգառը Լաչին էր, ուր ուսանողները Երեւանի պետական համալսարանի ծառատունկի ծրագիրին իրենց մասնակցութիւնը բերին. անոնք դիմաւորուեցան մեծ ոգեւորութեամբ, ինչպէս նաեւ տնկեցին եւ որդեգրեցին երեք ծառեր:
Տաթեւի վանքը եղաւ խումբին յաջորդ այցելութեան վայրը: Հրաշալի այս վայրը նոր թեւեր տուաւ ֆորումականներուն՝ ճոպանուղիով «թռչելու» ու հասնելու վանք, ապա խումբը կանգ առաւ Շաքէի ջրվէժին մօտ: Ճաշի կարճ դադարէ մը ետք հաւաքի մասնակիցները ճամբայ ելան դէպի Երեւան:
Հաւաքի նախավերջին օրը,առաւօտեան ֆորումականները այցելեցին Էջմիածնի Մայր տաճար եւ թանգարան, ապա՝ Ս. Գայեանէ եկեղեցի, ուր կը գտնուի Րաֆֆիի «Խենթ»-ին շիրիմը: Այնուհետեւ խումբը այցելեց Ս. Հռիփսիմէ եկեղեցի եւ Զուարթնոցի տաճար:
Նոյն օրը երեկոյեան ժամը 7։00-ին, ֆորումականները իրենց մասնակցութիւնը բերին Համա-ՀՄԸՄ-ական 9-րդ մարզախաղերու բացման պաշտօնական հանդիսութեան եւ տողանցքին:
Կիրակի, 28 Յուլիս 2013-ը յատկանշական օր մըն էր ֆորումականներուն համար՝ տրուած ըլլալով, որ ուսանողական հաւաքը կը հասնէր իր աւարտին:
Առաւօտեան կանուխ ժամերէն արդէն իսկ յանձնախումբերը կը պատրաստուէին եզրափակիչ հանդէսին՝ կատարելով վերջին փորձերը:
Կէսօրէ ետք, ժամը 4:30-ին, Նարեկացի արուեստի կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ աւարտական հանդէսը: Ֆորումականները հանդէս եկան պարով, խմբերգով, զուգերգով մը, նուագով եւ թատերական ներկայացումով: Մասնակիցներուն կողմէ պատրաստուած սահիկներու ցուցադրութիւնը կը ներկայացնէր ֆորումականներն ու անոնց առօրեան հաւաքին ընթացքին: Հանդէսի աւարտին խօսք առին Լիլիթ Գալստեանը եւ Նորա Թաշճեանը. բոլոր մասնակիցներուն յանձնուեցան Համազգայինի ուսանողական հաւաքի մասնակցութեան հաստատագիրները:
Երեկոյեան տեղի ունեցաւ հրաժեշտի ընթրիք «Պելաժիօ» ճաշարանին մէջ, ուր ֆորումականները պարով ու երգով անցուցին անմոռանալի երեկոյ մը:
29 Յուլիսի առաւօտեան կարգ մը մասնակիցներ արդէն իսկ մեկնեցան իրենց երկիրները, յուզումով ու արցունքներով բաժնուելով իրենց ընկերներէն եւ խոստանալով, որ անգամ մը եւս կը հանդիպին հայրենիքի մէջ:

Օգտատերը պնդում է, որ իր Հոնգ Կոնգի բնակարանը ամբողջությամբ այրվել է Galaxy S4-ի պայթյունի պատճառով

Samsung Galaxy S4Տղամարդը պնդում է, որ իր Հոնգ Կոնգի տունը այրվել է Samsung Galaxy S4 հեռախոսի պայթյունի պատճառով:

Դյու անունով տղամարդը հայտնել է, որ ինքը հեռախոսով խաղ էր խաղում, երբ ուժեղ պայթյունի ձայն է լսել իր հեռախոսի մարտկոցից, որից հետո նա ռեֆլեքսորեն հեռախոսը նետել է բազմոցի վրա, ինչն էլ բռնկվել է:

Նրա ամբողջ բնակարանը հայտնվել է կրակների մեջ, սակայն տղամարդը և իր կինը կարողացել են փախչել:

Այս տարի մի շարք բողոքներ են եղել Samsung Galaxy հեռախոսների պայթելու վերաբերյալ, սակայն դրանք վերագրվել են ոչ պաշտոնական արտադրված հեռախոսներին:

Ըստ Huffington Post-ի՝ Դյուն Xianguo.com կայքին տեղեկացրել է, որ իր հեռախոսը և մարտկոցը Samsung-ի պաշտոնական արտադրություն են եղել:

Samsung-ի Հոնգ Կոնգի մասնաճյուղը հետաքննում է այդ դեպքը:

Այս ամսվա սկզբներին շվեյցարացի աղջիկը լուրջ այրվածքներ էր ստացել, երբ Samsung Galaxy S3-ը պայթել էր նրա գրպանում:

Անցած տարի Samsung S3-ի իռլանդացի օգտատերը հայտնել էր, որ իր հեռախոսը պայթել է, երբ ինքը մեքենա էր վարում:

 

Ազատ սաուդյան լիբերալներ կայքը ստեղծելու համար խմբագիրը դատապարտվել է յոթ տարվա ազատզրկման և 600 մտրակի հարվածների

Editor Raif BadawiԵրեքշաբթի Սաուդյան լրատվամիջողների տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի սոցիալական կայքերից մեկի խմբագիրը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման և 600 մտրակի հարվածի՝ համացանցում լիբերալ գաղափարներ գովազդող և իսլամական արժեքները ոտնահարող ֆորումի ստեղծման համար:

Ռաիֆ Բադավին, որը հիմնադրել էր «Ազատ սաուդյան լիբերալներ» կայքը Սաուդյան Արաբիայում կրոնի դերակատարությունը քննարկելու համար, կիբեր հանցագործության և իր հայրիկին չենթարկվելու մեղադրանքներով 2012թ-ի հունիսից բանտում է գտնվում:

Al-Watan թերթը հայտնում է, որ դատավորը կարգադրել է նաև փակել կայքը:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանների՝ Բադավիի կայքում հրապարակված էին հոդվածներ, որոնք քննադատում էին այնպիսի կրոնական դեմքերի, ինչպիսին Մեծ մուֆթին է:

Աշխարհի խոշոր նավթ արտահանող երկիրը հետևում է իսլամական խիստ օրենքներին կամ շարիաթին:

Դատավորները իրենց որոշումները կայացնում են՝ հիմնվելով կրոնի՝ իրենց սեփական մեկնաբանության և ոչ թե գրված իրավական օրենսդրության վրա:

 

Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին«Միցուբիշի Պաջերո» ավտոմեքենան բախվել է ծառին

ավտոպատահարՀուլիսի 30-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 27 ՕՕ 637 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ս.-ն   և ուղևոր՝  1972 թ. ծնված Ֆ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Հենրիխ Մխիթարյանը 50 լավագույն ֆուտբոլիստների թվում է

հմmxitaryany-petq-e-30-n37886-1Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը Goal.com կայքի վարկածով ընդգրկվել է 2012-13-ի մրցաշրջանի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Նա 43-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դարձել էր Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ հռչակվելով այդ երկրի չեմպիոն և գավաթակիր:

Կայքը պատահական չի համարում, որ, «Շախտյորի» կազմում հաջող մրցելույթներից հետո, Հենրիխին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիան», և հայ կիսապաշտպանը Մարիո Գյոտցեի արժանի փոխարինող է համարվում:

 

Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

10595_am_2Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:   Դավիթ Կարապետյան

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. օգոստոսի 25, Սյունիքի մարզ, ք. Գորիս

 

Կրթություն
1999 – 2003 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության բաժնի բակալավրիատ
2003-2005 թթ. – ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,
2005-2006 թթ. – Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան, միջազգային հարաբերությունների մագիստրատուրա
2006-2008 թթ. – Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի ասպիրանտուրա

 

Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս
2010-2011 թթ. – Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս
2009-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա
2010-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
2012 թ. – ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
2012-2013 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2013 թ. հուլիսի 30-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա, պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Մասնակցել է մի շարք դասընթացների, հեղինակել է «Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վեր» թեմայով գիտական մենագրությունը, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի։

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։

Գևորգ Ղազարյանի թիմը ՉԼ մրցաշարում հաղթեց խոշոր հաշվով

գղGevorg_GhazaryanՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը`Կարագանդայի «Շախտյորը», սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ ալբանական «Սկենդերբեուի» նկտմամբ:

Ղազարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր և  մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 6-ին Ալբանիայում:

Տեխնիկական արդյունքներ

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – «Սկենդերբեու» (Ալբանիա)՝ 3:0

Գնդակները խփեցին`Ալդին Ջիջիչը, 8, Ռոման Մուրտազաևը, 79, Սերգեյ Խիժնիչենկոն, 89

Գարեթ Բեյլն առայժմ չի կարող կրել Մադրիդի «Ռեալի» մարզազգեստը

221296531375181482Շատ ֆուտբոլիստների երազանքն է խաղալ Մադրիդի «Ռեալում»: Եվ ահա, անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հրավիրվել է արքայական ակումբ: Սակայն նա ստիպված է պայքարել իսպանական թիմում հանդես գալու համար:

Ուելսցի ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է ակումբի տնօրեն Դանիել Լևիի հետ, որպեսզի քննարկի նրա տեղափոխման հարցը: Ներկա են եղել նաև  Բեյլի ծնողները, որոնք պահանջել են չխոչընդոտել որպեսզի իրենց որդին հեռանա: Բայց «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին մտադիր չէ Բեյլին բաց թողնել, և «Ռեալի» մարզաշապիկը կրել նա առայժմ չի կարող:

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Իտալիայում առաջին հաղթանակը տարավ

Անի Ամիրաղ102670213173780561Իտալիայի Ռովերտո քաղաքի կորտերում մեկնարկած թենիսի միջազգային մրցաշարում առաջին հաղթանակը տարավ Անի Ամիրաղյանը: Նա  7:5, 6:4 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Լենա-Մարի Հոֆֆմանին: Հայաստանի լավագույն թենիսիստուհին հաջորդ խաղում ուժերը կչափի Իզաբելա Շինկովա – Շանտալ Սկամլովա մրցամարտի հաղթողի հետ:

Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 15 հազար դոլար է:

Կառավարության ղեկավարն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման տնտեսություն

10593_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնք` «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ կառավարության 2011 և 2012 թթ. համապատասխան որոշումներով ներդրումային ծրագրերի շրջանակում այս ընկերությունն ստացել էր ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն և Գողթ գյուղի վարչական տարածքում կառուցել բարձր կարգի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 5 հա մակերեսով:

Վարչապետ Սարգսյանը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցվող ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Շուրջ 9.1 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով` ասիմիլացիոն լուսատու համակարգ, որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգեր և այլն:
2012 թ. ընկերությունն իրականացրել է շուրջ 657 մլն ՀՀ դրամին համարժեք վարդերի արտահանում (արտադրանքի 75 տոկոսը): 2013 թ. առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է շուրջ 415.1 մլն ՀՀ դրամ, իսկ ներքին շուկայում իրացվել է 64.4 ՀՀ դրամին համարժեք արտադրանք: Ընկերությունում ներգրավված է շուրջ 70 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 128 հազար դրամ:

 

Մարկ Սաղաթելյանը վերակենդանացման բաժանմունքում է

mark-saghatelyany-ve-n39224-1Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա այսօր ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց. բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սուր լեյկոզ:

Նա մի պահ կլինիկական մահ է տարել, ինչն էլ հիմք է դարձել լուրերին, որ Սաղաթելյանը մահացել է:

Անկախ-ը ներողություն է խնդրում Սաղաթելյանի ընտանիքից և ընթերցողներից ավելի վաղ թյուր լուրը տեղադրելու համար: Անկախ-ի խմբագրակազմը Մարկ Սաղաթելյանին առողջություն է մաղթում:

 

Կառլեն Մկրտչյանը Դոնեցկի «Մետալուրգի» ընտրյալների թվում է

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Կառլեն Մկրտչյանի թիմը` Դոնեցկի «Մետալուրգը», հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ալբանական «Կուկեսի» հետ կայանալիք առաջին խաղին:  Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը ցուցակում նշել է 27 ֆուտբոլիստի անուն.

Դարպասապահներ

Ալեքսանդր Բանդուրա, Յուրի Պանկիվ, Անտոն Յաշկո:

Պաշտպաններ

Արտյոմ Բարանովսկի, Վյաչեսլավ Չեչեր, Վլադիմիր Պոլովեյ, Նիկոլայ Մորոզյուկ, Ալեքսանդր Նասոնով, Դարեն Օ՝ Դի, Դենիս Գոլայդո

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, Գրեգորի Նելսոն, Ջորջե Լազիչ, Ռիչարդ Դանիլո, Կոնստանտինոս Մակրիդիս, Ալեշանդրե, Ժոզո Սոարես, Վելիզար Դիմիտրով, Ռուսլան Մամուտով, Եվգենի Տրոյանովսկի, Վասիլի Պրիյմա, Սերգեյ Ատելկին

Հարձակվողներ

Ժունիոր Մորաես, Դանիել, Յասին Համիդ, Մաքսիմ Դեգտյարով, Ռոման Դեբելկո

Հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին՝ Ալբանիայում: Օգոստոսի 8-ին թիմերը պատասխան խաղը կանցկացնեն Դոնեցկում:

Գևորգ Ղազարյանը կմասնակցի ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի խաղին

չլ9257Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի ալբանական «Սկենդերբեուի» հետ։ Ղազարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում է։

Հանդիպումը կկայանա Աստանայում։

Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտը չի թանկանա

երթուղայինԱյսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե օգոստոսի 1-ց Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը հիսուն տոկոսով բարձրանալու է: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները, միաժամանակ հայտնելով, որ նման հարց քաղաքապետարանում, այնուամենայնիվ, քննարկվել է:

«Սպասարկող ընկերությունը դիմել էր քաղաքապետարան’ գազի թանկացման հետ կապված ուղեվարձը թանկացնելու համար, քաղաքապետարանի կողմից հայցը մերժվել է և հիմա նախկին գնով  են աշխատելու»,- հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Նշենք, որ Դիլիջանում ուղեվարձը չափահաս քաղաքացիների համար 70 դրամ է, դպրոցականների համար` 30:

Ի դեպ, Արմեն Սանթրոսյանը նաև տեղեկացրեց, որ Դիլիջան քաղաքը ներկա պահին միայն մեկ կազմակերպություն է սպասարկում’ Էմին Մարկարյան Ա/Ձ-ը: «Քաղաքի միայն մեկ փողոց է, որտեղ տրանսպորտ է աշխատում, մրցույթ հայտարարած փողոցներ ունենք, որ հայտեր չենք ստանում, մարդիկ չեն ուզում աշխատեն»,-ասաց Դիլիջանի քաղաքապետը’ հավելելով, որ տրանսպորտի ոլորտը փոքր քաղաքում չի գրավում գործարարներին, քանի որ եկամտաբեր չէ:

Ի դեպ, քաղաքապետը նաև նշեց, որ այս բնագավառում աշխատող միակ կազմակերպությունն էլ 5-6 մեքենա է շահագործում: Դիլիջանում ներքաղաքային ուղեվորափոխադրումներն իրականացվում են բացառապես ՊԱԶ տեսակի ավտոբուսներով:

Հեղինակ:  Նելլի Դանիելյան

Թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու համար՝ մինչև 30 հազար դրամ տուգանք

կանեփՀուլիսի 30-ից ուժի մեջ մտան Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում Ազգային ժողովի կողմից ապրիլի 30-ին կատարված փոփոխություններն ու լրացումները:

Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ Քրեական օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համապատասխանաբար մանր և զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածները շարադրվել են նոր խմբագրությամբ` դրանք  համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին: Փոփոխությունները նախաձեռնած կառավարությունն ակնկալվում է, որ արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել դյուրին կլինի:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի մանր և զգալի չափերը, իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածներով:    Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 110.2-րդ հոդվածը  շարադրվել է նոր խմբագրությամբ:

Ըստ այդմ, օրենսգրքի հավելվածով սահմանված մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերը մանր չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի (5 հազար դրամից 10 հազար դրամ) չափով:

Զգալի չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի (10 հազար դրամից 30 հազար դրամ) չափով:

Աղբյուրը` Pastinfo.am

Հացիկ գյուղում որդին ծեծելով սպանել է մորը

ծեծելՀուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ կինը   Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ  Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Արդիականացման ծրագիր՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։ Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երևանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։

«Միգուցե դուք այս պահին Երևանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչևէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ և միասին մտածենք, թե ինչպես  Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաև՝ Երևանի հյուրերին»,- նշել է արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը։

Երևանի քաաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երևանի քաղաքապետարանի ծրագիրը։

«Մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հանդես եկավ հետաքրիր այս նախաձեռնությամբ՝ «Էրեբունի» հնագիտական ամրոցի միջնաբերդում ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից որոշակի օրերի երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը, որով Էրեբունին ավելի ներկայանալի կլինի մեր քաղաքացիների ու մեր մայրաքաղաքի հյուրերի համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների քանակն ավելացել է

ամառային-դպրոց-1«Դպրոցը գործելու է ամեն տարի, պետական ֆինանսավորմամաբ: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը: Ծրագիրը անցյալ տարի իրականացվեց առաջին անգամ եւ ընդգրկվեց կառավարության ծրագրում, որպես գերակա ուղղություններից մեկը»,-այսօր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Սփյուռք» ամառային դպրոցի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի նախարարության  Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

Բանախոսի պնդմամբ Ծաղկաձորում իրականացվող ծրագիրը ընթանում է 5 տարբեր ուղղություններով` Հայոց լեզվի արագացված ուսուցում համապատասխան ծրագրերով` արեւելահայերեն եւ արեւմտահայերեն խմբերով, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, «Ազգային երգ եւ պար» դասընթացի ծրագիր, «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագիրը եւ Սփյուռքի լրագրողների վերապատրաստում` որոնց մեջ ներառված են մոտ 220 հոգի մասնակիցներ: Ծրագրի նպատակն է աջակցել մայրենի լեզու սովորել ցանկացողներին արագացված մեթոդներով լեզվին տիրապետելու, մասնագետներին վերապատրաստելու, Սփյուռքի ԶԼՄ-ներին, երիտասարդ առաջնորդներին հայրենիքին կապելու եւ նրանց ազգային ինքնությունը հզորացնելու գործում:

«Անցյալ տարվա համեմատությամբ  այս տարի մասնակիցների եւ գործընկերների քանակն ավելացել է: Մասնակիցներ կան Լիբանանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներից եւ Արեւելյան Եվրոպայից: Նրանք բոլորը սովորում եւ ապրում են Ծաղկաձորում: Նրանց մի մասը Հայաստան առաջին անգամ է այցելում: Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 8-ին, իսկ կավարտվի օգոստոսի 2-ին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ