Հնդկաստանում առնվազն 22 երեխա է մահացել, իսկ 25-ը ծանր վիճակում են դպրոցում միջատասպան նյութ պարունակող ուտելիքներ ուտելուց հետո

India-Schoolchildren receive treatment at a hospital after falling ill soon after eating free school meals1Այսօր Հնդկաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ դպրոցում բաժանված անվճար ճաշից, որի մեջ մեծ քանակությամբ միջատասպան նյութ է եղել, մահացել է 22 երեխա, շատերը վատ վիճակում են:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է քիմիական նյութը հայտնվել Բիհար նահանգի դպրոցներից մեկում պատրաստված սննդի մեջ՝ չնայած պետական պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ հնարավոր է՝ նախքան պատրաստելը, սնունդը ինչպես հարկն է չեն լվացել:

Երեկ Բիհար նահանգի գյուղերից մեկի դպրոցում ճաշելուց հետո 8-11 տարեկան երեխաները վատացել են, որից հետո դպրոցի ղեկավարները անմիջապես դադարերեցրել են ճաշի մատուցումը:

Երեխաներից 22-ը մահացել են, ևս 25-ը և խոհարարը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մի մասը ծանր վիճակում է:

Դեպքի կապակցությամբ հարյուրավոր գյուղացիներ կատաղի ցույցեր են կազմակերպել, որոնց ընթացքում այրվել են չորս ոստիկանական մեքենա:

Իշխանությունները աշխատանքից հեռացրել են դպրոցի անվճար սննդի համար պատասխանատուին, իսկ դպրոցի տնօրենը փախուստի մեջ է գտնվում:

Հնդկաստանում իրականացվող կեսօրյա ճաշի ծրագիրը աշխարհի ամենախոշոր դպրոցական սննդային ծրագրերից մեկն է:

Սկզբնական շրջանում ծրագիրը կիրառվել է երկրի հարավային շրջաններում, որը ծնողների համար դրդապատճառ էր հանդիսանում երեխաներին դպրոց ուղարկելու համար:

Այնուհետև ծրագիրը կիրառվել է երկրի ամբողջ տարածքում և իր մեջ ընդգրկում է շուրջ 120 միլիոն երեխա՝ այս կերպ որոշ չափով լուծելով թերսնման խնդիրը:

Կառավարության տվյալներով՝ ամբողջ հնդիկ երեխաների գրեթե կեսը տառապում է թերսնումից:

 

Դավութօղլուն ու Մամեդիարովը Բաքվում քննարկել են Ղարաբաղյան հարցը

davutoglu-memmedyarov   Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Դավութօղլուի խոսքերով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար հայկական զորքերը «պետք է հեռանան օկուպացված ադրբեջանական տարածքներից»: Նա ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցել է և շարունակելու է աջակցել Ադրբեջանին և նրա «արդարացի տեսակետները»: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, սակայն դրանք անարդյունք են մնում: Մինսկի խմբի համաներկայացուցիչ երկրները պետք է ակտիվացնեն իրենց գործողությունները»,-հայտարարել է Դավութօղլուն:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ իր հերթին Էլմար Մամեդիարովը նշել է, որ Ադրբեջանը դժգոհ է Մինսկի խմբի աշխատանքի արդյունքների բացակայությունից: Նրա խոսքերով՝ այդ աշխատանքները ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ոչ մի առաջընթացի չեն բերել: Մամեդիարովը ընդգծել է, որ առաջին հերթին հայկական զորքերը «պետք է հետ քաշվեն օկուպացված ադրբեջանական տարածքներից»:

 

 

Կյանքը՝ «Զվարթնոցից» արտերկիր տանող ճանապարհին

Dulyan1Մեր ընթերցողներին ենք ներկայացնոմ Արմեն Դուլյանի  “Առավոտում” տպված հոդվածը:

Դուք, որ արդեն ձեր տունը վաճառել, իրերը կապել ու եկել եք օդակայան, գոնե գիտե՞ք, որ կես ճանապարհին եք մնալու… Չէ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կկատարի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներից մեկում, բայց դուք միշտ կմնաք Հայաստանի ու արտերկրի արանքում՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ: Միայն առաջին ամիսն է լինելու մանկության ու ջահելության երազանքների իրականացում. բոհեմական սուրճ Սենայի ձախ ափին՝ Մոնպարնասում, կամ սառույցով վիսկի Քի Ուեսթի հեմինգուեյյան բարում… Իսկ հետո կզգաք, թե ինչպես է հայրենիքը ճանկերով բռնել ձեզ ու բաց չի թողնում, ինչպես Պրահան էր բռնել այդ քաղաքից հեռանալ փորձող Ֆրանց Կաֆկային: Ավելի շուտ, ոչ թե հայրենիքն է ձեզ աքցանով քաշելու, այլ հայրենիքում մնացած ձեր կյանքը: Իսկ մի կես տարի հետո, երբ արդեն կհարմարվեք ու կհասկանաք, որ Մյունխենում երեկոյան ժամը 7-ից հետո չի կարելի աղբը դատարկել բակում դրված աղբամանի մեջ, կամ որ Պրահայում «պուլ կիլա կլոբասի» նշանակում է պարզապես «կես կիլո երշիկ», հանկարծ կզգաք, որ հիշողություններն արդեն մաղվել են, զտվել, եւ մութ ու ցուրտ տարիներից մնացել են միայն հաճելի հիշողություններն այն մասին, թե ինչպես էիք շենքի հարեւաններով ամեն երեկո հավաքվում տաք վառարանի շուրջ եւ ինչ անմոռանալի երանություն էիք զգում, երբ այդ վառարանի վրա տաքացրած աղյուսը դնում էիք վերմակի տակ ու գրկում հարազատ մարդուց էլ սիրելի այդ աղյուսը… Ու այդպես էլ քնելու եք արեւաշող Կալիֆոռնիայում՝ երեւակայական աղյուսը գրկած… Ու ապրելով այդ երկփեղկված կյանքով՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ, կհասկանաք նաեւ, որ ձեր էության այն կեսը, որը մնաց Հայաստանում, այն կեսը, որին արդեն գրկախառնվել, համբուրել ու հրաժեշտ էիք տվել «Զվարթնոցում»՝ անձնագրային ստուգումն անցնելուց առաջ, չգիտես ինչու, ավելի աշխույժ, հետաքրքիր ու բազմազան կյանքով է ապրում, քան այն կեսը, որը ճամպրուկների հետ միասին բերել եք օտար ափեր:  Ավելին՝ հանկարծ զարմանքով կհասկանաք, որ ձեր կյանքի այս կեսը կարծես հատուկ ապրում է հանուն հայրենիքում մնացած մյուս կեսի: Ու առօրյա գործերով տարված Ատլանտյան օվկիանոսի այս կամ այն ափին, դուք իրականում միայն մի բան եք անում՝ անընդհատ փայտ եք լցնում հիշողությունների բուխարիկը, որպեսզի կրակը վառ մնա, որովհետեւ եթե հանգչի, ձեր այս կեսը առանց մյուս կեսի չի ապրելու… Թեեւ անկեղծ ասեմ՝ բոլորովին էլ համոզված չեմ, որ այս ամենը վերաբերում է միայն արտագաղթածներին… Միգուցե որոշ տարիքից հետո բոլորս էլ՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք գտնվում, պարզապես շարունակում ենք մեխանիկորեն ապրել հանուն հիշողությունների… Կանցնի բարեկեցիկ՝ Հայաստանի համեմատ բարեկեցիկ, կյանքի եւս մի կես տարի ու Լոս Անջելեսի Սանսեթ բուլվարում կամ Մյունխենի Մարիենպլացում կսկսեք ծանոթ դեմքեր որոնել, նմանեցնել անցորդներին՝ ձեր հարեւանին կամ բարեկամին կամ նույնիսկ վաղուց մահացած մարդկանց… Լոնդոնի մետրոյում ձեր աչքի առջեւ հանկարծ կհառնեն Ալավերդուց դեպի Հաղպատ տանող ճանապարհի ոլորանները, Երեւանի նախկին Ֆուրմանովի փողոցի 36 շենքի բակում նարդի խաղացողները կամ Հյուսիսային պողոտան… Չէ, այդ վերջինը պետք չէ, որովհետեւ մղձավանջները գալու են գիշերը…   Չեխ գրող Միլան Կունդերան շատ լավ է նկարագրում իր արտագաղթած հերոսի երազները. «Արտագաղթածի երազը՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ամենատարօրինակ ֆենոմեններից մեկն է… Հազարավոր արտագաղթածներ նույն գիշերով տեսնում էին նույն երազը՝ անթիվ տարբերակներով… Այդ մղձավանջային երազներն Իրենի համար առավել առեղծվածային էին, քանզի նա՝ տառապելով անհաղթահարելի կարոտաբաղձությամբ, միաժամանակ միանգամայն այլ, հակառակ փորձն էր վերապրում՝ ցերեկը նրա առջեւ անընդհատ հառնում էին հարազատ երկրի տեսարանները: Ողջ օրվա ընթացքում այդ անցողիկ կերպարներն այցելում էին նրան՝ գոնե մասամբ լրացնելու կորսված Չեխիայի բացակայությունը: Բայց նույն ենթագիտակցության ռեժիսորը ցերեկը նրան հարազատ բնապատկերների դրվագներ էր պարգեւում՝ որպես երջանկության կերպարներ, գիշերը հրամցնում էր այդ նույն երկիրը վերադառնալու սահմռկեցուցիչ տեսարաններ: Ցերեկը լուսավորված էր լքված հայրենիքի գեղեցկությամբ, գիշերը ծանրաբեռնված էր վերադարձի սարսափով: Ցերեկն ուրվագծում էր իր կորցրած դրախտը, գիշերը՝ այն դժոխքը, որից փախել էր»… Ու այսօր այստեղ՝ «Զվարթնոցի» անտրամաբանական թանկ սրճարաններից մեկում նստած, նայելով գնացողների դեմքերին, իհարկե զգում եմ, որ նրանցից ոմանք լավ էլ հարմարվելու են նոր միջավայրին ու ապրելու են անհոգ ու բարեկեցիկ կյանքով, բայց երեւի թե մեծ մասը այդպես էլ մնալու է ոչ միայն հայրենիքի եւ օտարության, այլեւ հայրենիք դրախտի ու հայրենիք դժոխքի արանքում… Հետո սկսելու եք արդարացնել օտարությունը… 1500 նպաստ եմ ստանում, 450 դոլարով բնակարան եմ վարձում Լոսի համեմատաբար էժան Վեննայսում, 100 դոլար՝ ուտելիքս, 200 դոլար դեղերս, մի 100 դոլար էլ, լավ, մարդ եմ, գնում եմ հարեւան Տեխասում՝ կազինոյում եմ տարվում… Լաս Վեգաս էլ չեն հասցնում անաստվածները՝ հենց երկու նահանգների սահմանին կազինո կա անապատում՝ երկու օր անվճար բրախում են, որ այդ 100 դոլարս լրիվ ծախսեմ… Հետո լույսի, գազի փող… Բայց հո ամսվա վերջում 200 դոլար մնում է, դա էլ ուղարկում եմ Երեւան՝ աղջկաս… Երկու երեխա ունի՝ այդ 200 դոլարի հույսին է…. Հիմա, որ գնացի Երեան՝ ո՞վ է շահելու… Համ աղջիկս այդ 200 դոլարը չի ստանա, համ էլ ես եմ գնալու՝ նստեմ խեղճ գործազուրկ աղջկաս վզին… Աղջիկը վաղուց արդեն այդ 200 դոլարի հույսին չի, բանկի աշխատող՝ ապագա հանրապետական լիդերի հետ է ամուսնացել ու ամռանը Իսպանիա են գնում հանգստանալու… Բայց այդ 200 դոլարը հաճույքով ընդունում է, որովհետեւ գիտի՝ դա իր մոր սփոփանքն է, Ամերիկայում մնալու արդարացումը, կիրակի օրը Բրբենքի սրճարանում հավաքվող ընկերուհիների մոտ հպարտանալու առիթ՝ ես եմ պահում խեղճ երեխայիս… Ու մի օր հասկանալու եք, որ երբեք էլ հետ չեք գնալու ու չեք վերամիավորվելու հայրենիքում մնացած ձեր կյանքի կեսի հետ՝ հենց այդպես էլ ապրելու եք՝ ճամփի կեսին… Չեք վերադառնա, որովհետեւ հայրենիք վերադառնալը չի նշանակում վերադառնալ հին կյանքին… Դա նշանակում է կորցնել այս երկրորդ՝ միջանկյալ   կյանքը ու սկսել նոր՝ երրորդ կյանքը Կունդերայի ասած այն դժոխքում, որից փախել ես… Իսկ կյանքում քանի անգամ կարելի է նոր կյանք սկսել… «Ուշադրություն,  թիվ 2273 չվերթի  ուղեւորները  պատրաստվեն թռիչքի»… Բարով գնաս՝ իմ կես… Եվ կներես, որ մնում եմ ու անընդհատ պիտի քեզ տանջեմ… Հա, ճիշտ ես, ապրելու տեղ չի, բայց մի փոքր էլ կփորձեմ ապրել… Եթե գործերդ լավ լինեն, 200 դոլար կուղարկե՞ս…

 

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Մուշում խոտի պատճառով երկու ընտանիքների միջև արյունահեղություն է, 7 զոհ, 9 վիրավոր

mush   Մուշի շրջանի գյուղական համայնքներում բնակվող երկու ընտանիքների միջև դաշտի խոտի պատճառով վեճ է ծագել, որը վերածվել է արյունահեղության: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան շրջանի դաշտերից մեկում: Դոսթ և Քունդոլար ընտանիքների միջև մանգաղներով, բահերով ծեծկռտուք է առաջացել, որն այնուհետև վերածվել է զինված բախման:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ զինված ընդհարումների հետևանքով երկու ընտանիքից ընդհանուր առմամբ 7 մարդ է զոհվել, 9 հոգի վիրավորվել է: Վերջիններիս տեղափոխել են Մուշի և Էրզրումի հիվանդանոցներ: Ոստիկանությունը շրջանում անվտանգության խիստ միջոցներ է ձեռնարկել: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 

«Պարտիզանը» «Շիրակի» հետ խաղում խուսափեց պարտությունից

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալել էր Բելգրադի «Պարտիզանին»: Խաղն ավարտվեց  ոչ-ոքի՝ 1։1: Առաջին խաղակեսում կողմերի դարպասները մնացել էին անառիկ` 0։0։

48-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Հետո տանտերերը մի շարք նպաստավոր պահեր ունեցան կրկին մրցակցի դարպասը գրավելու համար, սակայն գրոհներն արդյունավետ եզրափակել չհաջողվեց: Իսկ ահա, հանդիպման մրցավարի կողմից ավելացված ժամանակում հյուրերից Վլադիմիր Վոլկովը խփեց պատասխան գնդակը և իր թիմին փրկեց պարտությունից։

Տեխնիկական արդյունքներ

«Շիրակ» (Հայաստան) – «Պարտիզան» (Սերբիա)՝ 1։1

Դավիթ Հակոբյան, 48 – Վլադիմիր Վոլկով, 90+2

Կառավարության ղեկավարն ընդունել է ազատամարտիկներին

10551_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին:

«Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք», – նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի և ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ և նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ:

Ի՞նչ կապ ունի Հրաչյայի ազատամարտիկ լինելը այս ողբերգական դեպքի հետ. Պետրոս Ղազարյան

 

պետրոս-ղազարյան1Կենտրոն հեռուսատընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը չի հասկանում, թե ի՞նչ կապ ունի՝ ո՞վ է խլել 18 մարդու կյանք՝ ազատամարտի՞կը, թե՞, ասենք, քարտաշը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած18 մարդու մահվան լուրը շատ ծանր տարա և Հրաչյայի մասին կոշտ արտահայտվեցի:Սակայն երեկ իմ գրած մտահոգությունները ցավոք խորացան:

 

Օրինակ՝ ի՞նչ կապ ունի Հրաչյայի ազատամարտիկ լինելը այս ողբերգական դեպքի հետ: Մեկը կարո՞ղ է բացատրել։ Այսինքն, եթե նա լիներ քարտաշ, ուսուցիչ, կամ էլ բժիշկ ողբերգությունը տեղի չէ՞ր ունենա, ռուսները նրան չէի՞ նվաստացնի, թե՞ ինքը ողբերգություն չէր ապրի։
Բայց երբ անընդհատ շեշտում ես նրա ազատամարտիկ լինելը, հանրային գիտակցության մեջ ձևավորում ես միպատկեր, որ ռուսները ոչ այնքան 18 մարդու կյանք խլած հայ վարորդի են խալաթ հագցնելով նվաստացրել,այլն նվաստացրել են ազատամարտի գրեթե անմեղ հերոսին, մեր ազատամարտը և նրա նահատակներին:
Բայց չէ՞ որ այդպես չէ։ Չէ՞ որ դա սուտ է և շատ վտանգավոր սուտ, որովհետեև սերմանում է թշնամանք և խիստ բացասական զգացումներ: Իսկ թշնամանքը կարող է ծնել հակառակ ռեակցիա: Առանց այդ էլ ռուսները ցույց տվեցին, որ շովինիզմի պակաս չունեն, առանց այդ էլ այնտեղի լրատվամիջոցներով գնաց ակնհայտ հակահայկական քարոզ: Վստահեմ՝ շատերը Ռուսաստանում կցանկանան հակահայկական տրամադրություններ բարձրացնել: Ինչու՞ ջուր լցնել նրանց ջրաղացին: Որ ի՞նչ։
Ռուսաստանում ամեն առավոտ երկու միլիոն հայ է արթնանաում և գնում մանկապարտեզ, դպրոց, աշխատանքի:Նրանց անվտանգությունը յուրաքանչյուրիս անվտանգությունն է: Իսկ մեր պետությունը պարտավոր է մեր տարաբախտքաղաքացուն իրավական և բարոյական օգնություն ցույց տալ:
Միակ ուրախալի բանը այս տխուր պատմության մեջ այն է, որ պարզվեց՝ Հայաստանում լիքը հայրենասեր կա, որոնք իրենց արժանապատվության համար պատրաստ էին Պուտինից մինչև իմ համեստ գլուխը ջարդել: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում այնքան բան եղավ, որ խոցում էր մեր ազգային արժանապատվությունը, բայց այս մարդկանց ծպտունը ես չեմ լսել: Մի՞թե նրանց խալաթն էր պակասում»։

 

 

 

Արտավազդ Փելեշյանը “Գյումրու պատվավոր քաղաքացի”

IMG_0717Գյումրիի քաղաքապետն ու ավագանին այսօր հյուրընկալեցին հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և նրա ընտանիքին: Իր ծննդավայրում մեծանուն հային շնորհվեց “Գյումրու պատվավոր քաղաքացի” կոչումը` ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

“Գյումրեցու համար պարծանք է ունենալ նման զավակ, ով կինեմատոգրաֆիայի աշխարհում կատարել է մեծ գործեր: Եվ դուք արժանի եք, որ լինեք մեր քաղաքի պատվավոր քաղաքացի”, – իր խոսքում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արտավազդ Փելեշյանին այս կոչումը շնորհելու առաջարկն արել էր Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, իսկ ավագանու ամբողջ կազմը միաձայն կողմ էր քվեարկել:

“Ինձ համար շատ մեծ պատիվ է լինել Գյումրու պատվավոր քաղաքացի և պարտականություն է: Շնորհակալություն այդ պատվավոր կոչումն ինձ հանձնելու համար”, – հուզված նշեց կինոռեժիսորը:

“Ուսանող ժամանակներից ընկերներիս հետ մոտ 10 գրազ եմ կրել` թե որտեղ է ծնվել Փելեշյանը: Բոլորը համառորեն պնդում էին, որ կինոյի մեջի Ռեվազը չի կարող գյումրեցի լինել: Ես, իհարկե, բացատրում էի` Ռևազն այն ամենափոքրիկն է, ինչ արել է պարոն Փելեշյանը: Ձեր վավերագրական ֆիլմերը համաշխարհային, դասական ուսուցանելիք են կինոյի հետ գործ ունեցող ցանկացած մեկի համար: Վերջը, Սովետական հանրագիտարանը բացում, դնում էի առաջները` ասում, կարդացեք մարդը որտեղ է ծնվել: Պարոն Փելեշյանը Գյումրիում է ծնվել: Համաշխարհային մեծության մարդու ենք այսօր հյուրընկալել, այնպիսի մարդու, որի մասին շատ խոսելն իմաստ չունի: Շատ կուզեինք Ձեզ աշխատելով տեսնեինք, գործ ունենայիք անելու, նկարեիք: Ավագանին միաձայն ընդունել է այս որոշումը առանց տարակուսանքի, մեծագույն հավատամքով, որ Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և մեր մյուս մեծերի կողքին Ձեզ նման մարդ ունենք: Փառք և պատիվ Ձեզ, փառք և պատիվ այս քաղաքին, որ Ձեզ նման մարդ է տվել”, – կինոռեժիսորին այսպես ողջունեց որոշման հեղինակ Լևոն Բարսեղյանը:

Արտավազդ Փելեշյանը, ով Գյումրի էր ժամանել կնոջ, քույրիկի և թոռնուհիների մոտ, բազմաթիվ անակնկալների հանդիպեց: Նա Գյումրիում վերագտավ իրեն` պաշտոնական փաստաթղթերով, իր ծնված տունն ու թաղամասը:

“Երբ նայում էինք 1938թ. ԶԱԳՍ-ի արխիվի գործերը, այնտեղ գտանք, որ ոչ միայն 1938թ. փետրվարի 22-ին պարոն Փելեշյանը ծնվել է Գյումրի քաղաքում, այլ նա ծնվել է 24 փողոցի 25 տանը: Երեկ մեզ հաջողվեց շատ մեծ դժվարությամբ պարզել, քանի որ 75 տարվա ընթացքում քաղաքում փոխվել են փողոցներն ու հասցեները, որ Դուք ծնվել եք քաղաքապետարանից 100մ հեռավորության վրա` ներկայիս Սպանդարյան փողոցում, մի հին, գեղեցիկ, գյումրվա ոճով կառուցված տանը”, – փոխանցեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ժ/պ Արտաշես Կարապետյանը:

“Էս է իմ քոթուկը, տեսնում եք, ոչինչ չի գրված, ջնջվել է ամեն ինչ”, – մտահոգ, մրոտված թուղթը ցույց տալով նշեց Փելեշյանը:

“Դուք այսօր կստանաք Ձեր նոր ծննդականը և այդ քոթուկի լուսապատճենը, որտեղ ձեռագրով գրանցված է Ձեր մայրիկի, հայրիկի անուն-ազգանունները, իրենց բնակության վայրերը…”, – Արտավազդ Փելեշյանին հայտնեց մշակույթի բաժնի պետը:

Հավելենք, որ կինոռեժիսորի պատվին տոնական Գյումրիում միջոցառում էր կազմակերպվել:

Այս տարի “Երևան սիթի տուր”-ից արդեն օգտվել է շուրջ 1400 հոգի

001Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում  “Երևան սիթի տուր”-ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ: Ի դեպ, այս տարի “Երևան սիթի տուր”-ը աշխատանքն սկսել է մայիսի 1-ից: Միայն հունիս ամսվա ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել և մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին ծանոթացել են 450 անձինք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը 411 էր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ ծրագրից օգտվողների զգալի մասը օտարերկրյա զբոսաշրջիկներն են: “Երևան սիթի տուր”-ը նաև սփյուռքահայ և  ՀՀ մարզերից Երևան այցելած շատ մարդկանց զբոսաշրջային քարտեզում է:

Շուրջ 2 ժամ տևողությամբ մայրաքաղաքային էքսկուրսն ընդգրկում է 8 կանգառ: Մայրաքաղաքի վերաբերյալ մատուցվող տեղեկատվությանը զբոսաշրջիկները ծանոթանում են  6 լեզվով:

Երևան այցելել պատրաստվող և արդեն իսկ մայրաքաղաք այցելած բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն ունեն շրջել “Երևան սիթի տուր”-ծրագրի ավտոբուսներով, առավել մանրամասն տեղեկատվություն այդ մասին կարող են ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ի վերջո, մի սայլը տեղից շարժվեց

պռոշյան (1)Հուլիսի 9-ին, ի վերջո, կայացավ Պռոշյան համանքի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի արդեն 3–րդ ընտրությունը, սակայն այս անգամ էլ տնօրեն չընտրվեց բավարար ձայն չհավաքելու պատճառով: Իսկ քվորում ապահովել, չապահովելն էլ այստեղ հարաբերական է այնքանով, որ խորհրդի 8 անդամի փոխարեն մասնակցում էին 7-ը, որովհետև մեկ անդամն արդեն տնօրենի թեկնածու էր:

Ընտրությունը կայացավ. 4 թեկնածուներից երկուսը 0, իսկ երկուսը` 4 և 3 ձայն ստացան:   Ձայն չստացած երկու թեկնածուներն էլ մայրաքաղաքից էին:

Ըստ ընտրության արդյունքների` երկու հիմնական թեկնածուները դպրոցի կադրեր են: Մեկը` 11 տարի դպրոցի տնօրեն աշխատած Դավիթ Դավթյանը, որ հունվարյան ընտրությանը 5 ձայն էր ստացել, բայց չէր հաստատվել: Իսկ   մյուսը Ռուզաննա Վարդանյան էր, որ հուլիսի 9-ին կայացած ընտրության  երկու փուլում էլ 3 ձայն է ստացել: Նույն դպրոցի շրջանավարտը 1990-ից մինչ օրս  աշխատում է նույն  դպրոցում` ֆիզիկա դասավանդելով: Իսկ վերջին երեք տարիներին, որպես մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալն է: Նա նաև դպրոցի խորհրդի անդամ է: Ուստի տնօրենի ընտրությանը մասնակցելու պատճառով, օրենքի համաձայն և մարզպետի որոշմամբ կասեցվել է նրա անդամությունը: Այդ պատճառով էր, որ 8 անդամի փոխարեն ընտրությանը մասնեկցեցին 7-ը: Սակայն եթե օրենքը ասում է, որ ընտրությունը կայացած է համարվում այն դեպքում, երբ թեկնածուն ստանում է խորհրդի անդամների կեսից ավելի ձայն, ասել է թե` 8 անդամից 5 ձայն, ապա 7-ի դեպքում  օրենքը որևէ ցուցում չունի: Խորհրդի 4 անդամների  ձայները  գնացին Դավիթ Դավթյանի, իսկ 3-ը`  Ռուզաննա  Վարդանյանի օգտին, նույն արդյունքը գրանցվեց նույն օրը կայացած երկրորդ ընտրության ժամանակ: Հետևաբար մրցույթը կայացված համարվեց, բայց վերջնարդյունքում դպրոցի տնօրեն այդպես էլ չընտրվեց, որովհետև 5 ձայն ստացող այդպես էլ չեղավ:

պռոշյանիՉի բացառվում, որ հաջորդ ընտրության արդյունքը նույնպես այդպիսին լինի, որովհետև արդեն ակնհայտ են խորհրդի անդամների կողմնորոշումները: Ըստ խորհրդի նախագախ Արմեն Խաչատրյանի, եթե հաջորդ ընտրությանն էլ նույն արդյունքը գրանցվի ու այդպիսով տնօրեն չընտրվի, գործերն արդեն նախարարություն կուղարկվեն:

Իսկ արդեն  չորրորդ ընտրության օրը նշանակված է` օգոստոսի 19-ին, հայտարարությունն էլ տրված է:

Իսկ այս մտահոգությունս, անշուշտ, չէր ծնվի, եթե Ռուզաննա Վարդանյանի հետ հանդիպումից օրեր անց «Անկախի» կայքում իմ նախորդ`«Տերով անտերություն» հոդվածի տակ չգտնեի նրա հետևյալ գրառումը. «Եթե ծախու չլինեիք, կփորձեիք զրուցել նաև այն մարդու հետ, ում անունը գրում եք Ձեր նյութում և իմ կողքով երկու  անգամ անցաք հարցազրույցի օրը»:

Ի՞նչ է ստացվում. տիկին Արմինեի հետ  հանդիպելու իմ ցանկությունը մերժվեց «ծախու  լրագրողի» հետ չհանդիպելու պիտակավորմամբ, հիմա էլ այս տիկինն է նրա  թելը թելում, թե` «կողքովս անցար ու հարցազրույց չունեցար: Փափկասուն տիկնայք, հայոց աշխարհի, գոնե գրեիք, թե ում եմ ծախվել:

Երկուսդ էլ, դպրոցի խորհրդի անդամ լինելով, ինձնից լավ գիտեք, որ այդ 13 տարվա ընթացքում  մարզպետը դպրոցից ավելի շատ տարել է, քան տվել, այդքանով հանդերձ ինձ եք ծախված համարում… Հարգարժան տիկնայք, կարծում եմ` հասկացաք, թե առակս ինչ կուսուցանե, նաև, որ դպրոց եկա ոչ թե կուսակցական պատվեր կատարելու, այլ իմ անաչառ հրապարակումով ինչ-որ բան փոխելու, որն էլ, ասես, չուշացավ: Ամենևին հակված չեմ մտածելու, որ հունիսի 27-ին հրապարակած իմ հոդվածում արծարծված փաստերն այնպես բարիացրին մարզպետին, որ տարիների նիհրից արթնացավ ու  հուլիսի 4-ին դպրոցին աչքալուսանք տվեց, թե  31 միլիոն դրամ է հատկացրել կոյուղու շինարարության և սանհանգույցների կապիտալ վերանորոգման համար: Կամ էլ հասկացավ, որ դասադուլով սկսվող նոր ուսումնական տարին իր վրա ավելի թանկ կնստի, քան այդ 31 միլոնը, որովհետև հոդվածում մտահոգություն էի հայտնել, որ նոր ուսումնական տարին դպրոցը կսկսի հին խնդիրներով, որին կգումարվի նաև դասադուլը, որովհետև շատ ծնողներ միակ ելքը համարում են իրենց երեխաներին սեպտեմբերի 1-ին դպրոց չուղարկելը, որպեսզի իշխանությունը խելքի գա:

Իսկ իշխանությունը, թեև ուշացումով, բայց խելքի եկավ ու տարիների թնջուկը մի շնչով գլուխ բերեց:  Թեև կառավարման խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը հավատացած է, որ բնակիչների ստորագրությամբ նախագահին ուղղված  բողոք-դիմումները, ի վերջո, նպատակին ծառայեցին, բայց հավատացած եմ, որ գործը նախագահին չհասավ, այլ խնդիրը լուծվեց մարզպետարանի ջանքերով:

«Առանց մրցույթի (տենդեր)` գումարը տրամադրվել է «Եղվարդշինին», որպեսզի հարցը շտապ  կարգավորվի: Դա էլ վստահեցրեց Խաչատրյանը: Իհարկե, չի բացառվում նաև, որ դա նոր հանրապետական գյուղապետի  մատաղացուն լինի…

Ինչ էլ լինի, լավ է, որ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցը, ի վերջո, նորմալ դպրոց կլինի:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ 

Թուրք-սիրիական սահմանին լարվածություն է, կրակոցներ են հնչել

siriaԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ երեկ առավոտից սկսած թուրք-սիրիական սահմանին գտնվող Ռասուլայն շրջանում զինված բախումներ են տեղի ունեցել ահաբեկչական կազմակերպության և սիրիական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև: Միևնույն ժամանակ սիրիական կողմից գնդակոծվել են թուրքական սահմանային գոտիները, իսկ սահմանապահները պատասխան կրակ են բացել:

Թուրքական կայքերի հաղորդմամբ՝ սահմանամերձ շրջանների բնակիչները ևս տուժել են այս կրակոցների հետևանքով: Մասնավորապես քաղաքացի Նեզիր Աթիլան ձեռքի հատվածում հրազենային թեթև վնասվածք է ստացել, երբ գտնվել է իր տան այգում: Ավելի ողբերգական է ավարտվել Մահսուն Էրթուղրուլի ճակատագիրը: Վերջինս երեկ մահացել է կրծքին ստացած կրակոցից: Շրջանի բնակչությանը պարբերաբար տեղեկացնում են սահմանամերձ գոտիններում մշտական վտանգի մասին և խորհուրդ են տալիս լքել այդ տարածքները:

Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են բանտ

arm137405360580Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ավտովթարի հիմնական մեղադրյալ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տեղափոխելը պահի համար համաչափ չէր, քանի որ նա չէր խուսափել նախաքննական մարմիններից, չէր խաթարել նախաքննական գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` հիշեցնելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համապատասխան նամակով դիմել է ռուսաստանցի գործընկերոջը և պատրաստակամություն հայտնել հետևողական ու աջակից լինել գործին:

Քննարկմանը ներկա՝ ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցն էլ իր հերթին նկատեց, որ ավելի պատշաճ կլիներ, եթե Հրաչյա Հարությունյանին դատարան բերեին գոնե հիվանդանոցային համազգեստով: «Մենք մշտական կապի մեջ ենք նրա փաստաբանի հետ, և անգամ նա է փաստում, որ կալանավորին դատարան կանացի խալաթով բերելը նախևառաջ ռուսական պետության դեմքն է»:

Ասուլիսին ներկա Հրաչյա Հարությունյանի քրոջ դուստրը` Անահիտ Մայիլյանն էլ նկատեց, որ չի հասկանում մամուլի այն պնդումները, համաձայն որոնց՝ իր մորեղբայրը սեփական կաշին փրկելու համար է դուրս նետվել խցիկից: «Նա Աստծո կամոք է ողջ մնացել: Դատարանում նրա պահվածքից ակնհայտ էր, որ քեռիս դեղերի ազդեցության տակ է եղել, նրան արթնացրել ու բերել են հիվանդանոցից: Մի՞թե հնարավոր չէր սպասել` նա ինքնուրույն զարթներ, և նոր միայն բերեին դատարան: Քեռիս ահավոր վիճակում էր ոչ թե նրա համար, որ մտածում էր` իրեն ինչ պատիժ է հասնելու, այլ ցավում էր մահացած մարդկանց համար»,- նշեց նա` հավելելով, որ պատահարից առ այսօր իրենք Հրաչյա Հարությունյանից որևէ տեղեկություն չունեն, նրա հետ չեն խոսել:

«Անգամ մեր բարեկամները նրան շորեր են տարել, սակայն այդպես էլ թույլ չեն տվել, որ դրանք քեռուս հասնեն: Քիչ առաջ տեղեկացա, որ քեռուս բանտ են տեղափոխել: Բայց նա հանցագործ չէ»,- ասաց նա` հավելելով, որ բանակում հիվանդացած և վիրահատությունից հետո մահացած քեռու որդու շիրմաքարը պատրաստելու համար ՊՆ-ն երեկվա դրությամբ 400 հազար դրամ է տրամադրել: «Միակ խնդրանքս այն է, որ քեռիս գոնե իր երկրում պատիժը կրի: Ես ինքս օդանավակայանում եմ աշխատում և տեսնում եմ` օրական որքան հայազգի տղամարդիկ են մեկնում ՌԴ. դա ինձ համար ցավալի է»:

Քննարկման մյուս բանախոս՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով խոշոր ավտովթարի մասին ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներին, նկատեց, որ դժբախտ պատահարի վերաբերյալ նյութերը կառուցվում են ատելության և արհամարհանքի համատեքստում: «Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելը ցույց է տալիս, թե ինչ քննություն է սպասվում մարդու իրավունքների պաշտպանությամբ չփայլող Ռուսաստանում, նման կերպ մարդուն կոմայից հանելն ու դատարան բերելը ուղիղ վերաբերմունքն է ռուսական դատարանների հանդեպ»,- նշեց նա` հավելելով, որ ճիշտ կլինի` ռուսերենին չտիրապետող Հրաչյա Հարությունյանի պաշտպանության համար Հայաստանից փաստաբաններ ուղարկվեն:

Ժաննա Ալեքսանյանը ճիշտ համարեց, որ Հրաչյա Հարությունյանի` բանակում հիվանդացած ու վիրահատությունից հետո մահացած որդու թաղման և շիրմաքարի պատրաստման ծախսերն իր վրա վերցներ ՊՆ-ն, ոչ թե որդեկորույս հայրը ճարահատյալ՝ այդ ծախսերը հոգալու համար մեկներ ՌԴ` արտագնա աշխատանքի:

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ կարծիք հայտնեց, որ հայազգի վարորդին խալաթով դատարան բերելը հստակ քաղաքական դիրքորոշում էր, ՌԴ իշխանությունների վիրավորանքը հայ ժողովրդի ու նախագահի հանդեպ: «Որպես ՀՀ քաղաքացի` ներսումս մի քանի շերտ վիրավորանք կա: Ռուսաստանը մեկ այլ երկրի նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունք երբևէ չէր ցուցաբերել: Անհնար եմ համարում, որ նման տեսքով դատարան բերվեր, ասենք, ԱՄՆ քաղաքացի: Եթե նման դեպք պատահեր, վստահ եմ` ԱՄՆ-ը կխզեր Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները: Անգամ «Սառը պատերազմի» տարիներին նման բան հնարավոր չէր: Այս մարդը, որ տարիներ առաջ կամավոր կերպով մեկնել է Արցախյան պատերազմի և մանավանդ բանակում որդի է կորցրել, պետք է պատշաճ վերաբերմունքի արժանանար ՀՀ կառավարության կողմից»,- նկատեց նա:

Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ մեր երկրում հակառուսական տրամադրություններն ակնհայտ են. «Դրանք սրվեցին հատկապես ՌԴ կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի չափով զինամթերք վաճառելուց հետո»:

1in.am

Քննարկվել է ևս վեց պետական կառավարման մարմնի 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվություն

10550_am_2Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել են հաշվետու տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին: ՀՀ կառավարության անդամները և ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Անդրադարձ է արվել նաև նշված ժամանակահատվածում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին:
Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:

 

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրի առաջին կիսամյակի արդյունքները

003Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է վաղ գարնանից: Գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաև գրունտային  ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում նախատեսված 18 հենապատերի հիմնանորոգումից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Ամբողջությամբ ավարտվել է մինի ֆուտբոլի 19 խաղադաշտերի կառուցման ծրագիրը:  34 շենքերի ճակատային մասերի մաքրման, ներկման աշխատանքներից 14-ում գործընթացն ավարտվել է: Մայթերի սալիկապատման մասով աշխատանքներն ավարտվել են Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում և Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածքում, ինչպես նաև Սայաթ-Նովայի, Մաշտոցի պողոտաներում, Նալբանդյան, Ամիրյան, Աբովյան և մի շարք այլ փողոցներում: Ծրագրով նախատեսված 26.000 հազար քմ-ից առաջին կիսամյակում սալիկապատվել է 15500 քմ-ն: Ընթացքի մեջ են նախատեսված 3 նոր այգիների կառուցման աշխատանքները: Թվով 2 առողջապահական հիմնարկներից  9-րդ մանկական պոլիկլինիկայում ջեռուցման  ցանցի տեղադրման և նորոգման աշխատանքները շարունակվում են, իսկ «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում ծրագիրը կմեկնարկի և կավարտվի 3-րդ եռամսյակում: Ընթացքի մեջ են նաև թվով 16 գրադարանների ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները, որոնցից 6-ում դրանք ավարտվել են, մնացած 10 գրադարաններում  կավարտվեն սահմանված ժամկետներում: Նախատեսված է 2 թանգարանների ջեռուցման ցանցերի անցկացման ծրագիր, որոնցից Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում աշխատանքներն ընթացքի մեջ են, «Էրեբունի» պատմամշակութային արգելոց– թանգարանում աշխատանքները կսկսվեն 3-րդ եռամսյակում: Թվով 4 երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ջեռուցման ցանցի կառուցման և 2 մշակութային տների հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև թվով 27 ՆՈՒՀ-երի հիմնանորոգման ծրագիրը, որը կավարտվի 3-րդ եռամսյակում: Շարունակվում են նաև  Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի թվով 29 շենքերի գազիֆիկացման աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արմեն Դանիելյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Սեորժ Սարգսյանը հրամանագիր է ստերագրել Ա. Դանիելյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը` որոշում եմ.

Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,- ասված է հրամանագրում:

Հնդկաստանում տարրական դպրոցի 20 աշակերտ մահացել է սննդային թունավորումից

hndkastanՀնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Բիհար նահանգում տարրական դպրոցի 20 աշակերտ մահացել է սննդային թունավորումից: Տեղական իշխանությունները հայտնում են, որ 27 աշակերտ և դպրոցի խոհարարը բուժում են ստանում հիվանդանոցում, 10 երեխայի վիճակը ծանր է: Ողբերգությունը տեղի է ունեցել Չհապրա քաղաքի դպրոցում: Ենթադրվում է, որ 8-ից 10 տարեկան երեխաները թունավորվել են անվճար ճաշից, որը նրանց տրամադրում է կրթական հաստատությունը:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ նահանգի առողջապահության նախարարի խոսքերով՝ ճաշը պատրաստված է եղել դպրոցական ճաշարանի խոհանոցում: Նա նշել է, թե նախնական փորձաքննութան արդյունքների համաձայն՝ ճաշի պատրաստման համար օգտագործված բրնձի և ցորենի մեջ ֆոսֆորի հետքեր են հայտնաբերվել, որը նախատեսված է մթերքի պահպանման համար:

Հնդկաստանի մի շարք նահանգներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար կերակրում են դպրոցում`  երկրի կառավարության սոցիալական ծրագիրի շրջանակներում:

 

Թուրքիայում թմրանյութի 3 միլիոն թուփ է ոչնչացվել

diyarbakirda-3-milyon Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիդջեի  ոստիկանությունը ուղղաթիռների աջակցությամբ ոչնչացել է հնդկական կանեփի 3 միլիոն թուփ: Թմրանյութերի աճեցման անօրինական դաշտերի ոչնչացման օպերացիան իրականացվել է շրջանի երեք գյուղում, որին մասնակցել են ոստիկանության մոտ 500 աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  սեփական այգում թմրախոտի աճեցման մեղադրանքով ձերբակալվել է մեկ տեղացի բնակիչ: Հսկողության տակ է առնվել նաև Թեփե գետի մոտ գտնվող այգիներից մեկը, որտեղ նման թփեր նոր են տնկվել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին

3535Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակման առթիվ և շնորհակալություն հայտնել Յաիր Աուրոնին՝ կատարած անգնահատելի աշխատանքի ու վաստակի համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հրեա մտավորականներից շատերը մշտապես կանգնած են եղել հայ ժողովրդի կողքին, կարեկից եղել հայերի ցավին և ողբերգությանը, հետաքրքրվել մեր ժողովրդի խնդիրներով: Սերժ Սարգսյանը նշել է, որ անհնար է թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և ում հետ նույն շարքում իր չափազանց կարևոր աշխատանքով կանգնած է իսրայելցի ժամանակակից պատմաբան Յաիր Աուրոնը:

Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ խոսքերի և Հայաստան այցի այս մի քանի օրերին հայ ժողովրդի կողմից իր նկատմամբ ցուցաբերվող սիրո և գնահատանքի համար: Նա նշել է, որ այդ ամենն իրեն ուժ է տալիս իր հետագա պայքարում: Իսրայելցի պատմաբանն ընդգծել է, թե կիսում է հայ ժողովրդի կրկնակի ցավը. առաջինը՝ ցեղասպանության ենթարկվելու, երկրորդը՝ այդ ահավոր ոճրագործության նկատմամբ ուրացման քաղաքականության համար, որի դեմ ինքը և առաջադեմ մտավորականության մի շարք ներկայացուցիչներ պայքարում են: Յաիր Աուրոնի համոզմամբ, հրեաներն առաջինը պետք է ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, թե իր երկրի քաղաքացիական հասարակության մեջ այս հարցում վերջին տարիներին զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և հույս է հայտնել, որ դա կանդրադառնա նաև իրականացվող քաղաքականության վրա:

***

Պատմաբան Յաիր Աուրոնն իր գրքում փաստարկված անդրադարձել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների՝ հրեաների և հայերի այն ժամանակվա իրավիճակին, քաղաքական ուժերին, բարոյականությանն ու պրագմատիզմի բարդ հավասարակշռությանը, վերլուծել պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ:

Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը հետապնդողի դերում է

chess-5Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթի  խաղարկության շախմատի մրցաշարում կայացած հինգ տուրից հետո գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը  վաստակել է 4 միավոր և առաջատարից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան), ետ է մնում կես քայլով:

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանն ունեն 3,5-ական միավոր:

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն առաջատարներից ետ է մնում կես «քայլով»

chess3Իսպանիայի Բարսելոն քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում խաղացված չորս տուրից հետո գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը վաստակել է 3,5 միավոր և երեք առաջատարներից ետ է մնում կես քայլով:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր: