«Martin Margiela» նորաձևության տունը թողարկել է տարօրինակ, բայց շատ հետաքրքիր ու գեղեցիկ դիմակների հավաքածու: Բելգիայում կազմակերպված ցուցադրության ժամանակ մանեկենուհիները հարթակ են դուրս եկել այնպիսի դիմակներով, որոնք ամբողջությամբ փակել են նրանց դեմքերը: Փաստորեն մանեկենուհիները առանց տեսնելու, փակ աչքերով փորձել են քայլել հարթակով: Այս ցուցադրությունը քննարկման առարկա է դարձել: Շատերը քննադատել են նախաձեռնության հեղինակներին՝ մեղադրելով նրանց մանեկենուհիների կյանքը վտանգելու մեջ:
Բարձր նորաձևության նմուշ հանդիսացող այս դիմակներից յուրաքանչյուրի պատրաստման համար 18 ժամ է ծախսվել: Ինչպես նշել է մոդելավորողը՝ մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի դիմակները հարմար լինեն մանեկենուհիներին: Նա նշել է նաև, որ դիմակների պատրաստման համար հիմնականում մետաքս է օգտագործվել, այդ պատճառով էլ մանեկենուհիները կարողանում են տեսնել իրենց դիմացի ուղին: Թափանցիկ չլինելու պատճառով մոդելավորողը հրաժարվել է օգտագործել սպիտակ մետաքս՝ այն փոխարինելով սևով: «Ռադիկալ»-ը գրում է, որ այս ցուցադրությունը տեղ է գտել նաև Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն:
Հուլիսի 18-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 13.33-ին:
Այրվել է Գ.Կարապետյանին պատկանող թիվ 4 տան տանիքը` 120 քմ, 2-րդ հարկն ամբողջությամբ, 1-ին հարկում` 2 խոհանոց և կից Մ.Կարապետյանին պատկանող թիվ 6 տան տանիքը մասնակի` 40 քմ:
Կինը, որը երկու պատերի միջև եղած ճեղքով ներքև էր ընկել, յոթ ժամ մնացել է այդ ճեղքի մեջ, քանի որ բնակիչները կարծում էին, թե նա ուրվական է:
Կինը, որի անունը չի հրապարակվել, Չինաստանի Անհոյ նահանգի Ֆեյդոն համայնքում մտել է երկու պատերի մեջ գտնվող ճեղքի մեջ, սակայն չի հասկացել, որ ճեղքը գնալով նեղանում է և մնացել է ճեղքի մեջ անշարժացած:
Երբ նա սկսել է օգնություն կանչել, տան բնակիչները մտածել են, թե դա ուրվական է և վախեցել են մոտենալ ճեղքին:
Թակարդում հայտնված կինը ամբողջ գիշեր անց է կացրել ճեղքի մեջ և օգնություն կանչել:
Առավոտյան անցորդները նկատել են նրան և փրկարար ջոկատ կանչել, որոնք արագ ժամանել և ազատել են նրան:
Կնոջը ազատելու համար նրանք ստիպված են եղել քանդել պատի մի մասը, ինչը նրանցից 20 րոպե է պահանջել:
Թուրքիայի Մուղլա քաղաքում իրականացվելու է դեմքի փոխպատվաստման վիրահատություն, որը կդառնա 5-րդը ողջ երկրում: Այս դեպքում հիվանդը քաղաքացի Ռեջեփ Սերթն է: Նրան փոխպատվաստելու են Լեհաստանի քաղաքացի Անջեյ Քուչզի դեմքը, որը հանգստի նպատակով եկել է Թուրքիա և մահացել դժբախտ պատահարի հետևանքով: Բժիշկների անցկացրած զննումների ու թեստերի արդյունքում պարզվել է, որ հիվանդի և դոնորի մաշկը համընկնում են: Այս վիրահատությամբ զբաղվող բժիշկը նշել է, որ իրենք պատրաստվում են ամբողջությամբ փոխպատվաստել հիվանդի դեմքը, սակայն չի բացառվում, որ կիրականացնեն նաև մասնակի փոխպատվաստում: Նման հնարավորությունը պարզ կդառնա վիրահատության ժամանակ:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Ռեջեփ Սերթը արդեն հիվանդանոցում է և պատրաստվում է վիրահատության: Վերջինիս դեմքը վնասվել է 2007 թվականին դժբախտ պատահարի հետևանքով: Սերթը զենք է մաքրել, որը պատահաբար կրակել է ուղիղ նրա դեմքին: Հիվանդը նշել է, որ արդեն մեկ տարի է սպասում է այս վիրահատությանը:
Դուբայում նորվեգացի կինը 16 ամսվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարության դեպքի վերաբերյալ տեղեկացնելու համար:
25-ամյա կնոջը աշխատանքային այցով Արաբական միացյալ էմիրություններում գտնվելու ժամանակ բռնաբարել են, որի մասին նա հայտնել է տեղի ոստիկանությանը:
Դուբայի ոստիկանությունում նրան չէին հավատացել և վերցնելով նրա անձնագիրը՝ բանտարկել էին արտաամուսնական հարաբերություններ ունենալու մեղադրանքով:
Նորվեգացի կինը սեռական ոտնձգության մասին հայտնել էր այս տարվա մարտին, որից հետո նա ստիպված է եղել մի քանի օր անցկացնել բանտախցում, որից հետո նրան թույլ էին տվել խոսել հեռախոսով:
Նորվեգիայի դեսպանատունը նրա ընտանիքի անդամների աջակցությամբ կարողացել էր բանակցել և բանտախցից ազատել կնոջը, որը, մինչև այս շաբաթ նրա նկատմամբ մեղադրանք ներկայացնելը, գտնվում է նորվեգական եկեղեցու պաշտպանության ներքո:
Կինը Verdens Gang թերթին հայտնել էր, որ իրեն մեղադրում են արտաամուսնական կապեր ունենալու, ալկոհոլ օգտագործելու և սխալ վկայություն տալու մեջ:
Նորվեգական եկեղեցու քահանան հայտնել է, որ կնոջ վիճակը շատ վատ է, և իրենք Շարիաթի օրենքների վրա հիմնված արդարադատություն ունեցող երկրից այլ բան չէին սպասում:
Կնոջը դատապարտել են մեկ տարի և չորս ամիս ազատազրկման, և քանի որ Նորվեգիան դատապարտյալների հանձնման պայմանագիր չունի Դուբայի հետ, կնոջ ապագան անորոշ է մնում:
Ռուսաստանի Մեծ թատրոնի առաջատար ջութակահարներից մեկը բեմից ընկնելով նվագախմբի համար նախատսված փոսի մեջ մահացել է:
Երեքշաբթի օրը տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյուքնում աշխարհահռչակ մոսկովյան թատրոնում չորս տասնամյակ հանդես եկած 65 –ամյա Վիկտոր Սեդովը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Թատրոնի ներկայացուցիչ Կատերինա Նովիկովան նշել է, որ Սեդովը նվագախմբի ամենասիրված անդամներից է եղել և մեծ հումորի զգացում է ունեցել՝ ավելացնելով, որ Սեդովը նվագախմբի փոսի մեջ ընկել է երեքշաբթի և ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է չորեքշաբթի:
Այս տարվա հունվարին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի նկատմամբ ծծմբաթթվով հարձակում էր իրականացվել, որի արդյուքնում նա երրորդ աստիճանի այրվածքներ էր ստացել:
Այնուամենայնիվ Մեծ թատրոնի պարողները և աշխատակազմը նշում են, որ հնարավոր է, որ հենց Ֆիլինն է կազմակերպել այդ դեպքը:
Անցած ամիս աշխատանքից հեռացվել էր թատրոնի տնօրենը, որին փոխարինել էր Մոսկվայի Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը:
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Մեծ թատրոնի տնօրենը հեռացվել է թատրոնում առկա բարդ իրավիճակի պատճառով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում: Նախագահը նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Պերճ Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա: Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին ամուր առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները հանդիպել են մայրաքաղաքի միկրոավտոբուսային և ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացնող մասնավոր ընկերությունների տնօրենների հետ: Բնագավառի ղեկավարներն ընդգծել են, որ 2013 հուլիսի 20-ից միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներում նախատեսվող ուղեվարձի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խստագույնս հետևել պայմանագրային պարտավորությունների կատարմանը`ուղևորափոխադրումները ավելի քաղաքակիրթ դարձնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ անհրաժեշտ է վարորդների աշխատավարձերի բարձրացման միջոցով հնարավորին շատ վարորդներ ընդունել աշխատանքի`անհրաժեշտ պահանջարկը բավարարելու ու այդ նպատակով նաև նոր ավտոբուսներ ներկրելու համար: Վերջինիս խոսքով՝ ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է տրանսպորտային ընկերությունների պայմանագրերում ամրագրված սահմանված չափանիշների կատարմանը: Մասնավորապես, խիստ վերահսկվելու է տրանսպորտային միջոցների աշխատանքի պարբերականությունը հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին: Բացի այդ, երթուղիներում չպետք է լինեն տեխնիկապես անսարք կամ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող փոխադրամիջոցներ: Ուղևորափոխադրող ընկերությունների առջև պահանջ է դրվել նաև հետևել վարորդների սանիտարահիգիենիկ վիճակին, պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն և ուղերթի տևողության ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը: Հատկանշվել է նաև, որ պարտավորությունները ոչ պատշաճ կամ թերի կատարող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ ծառայությունները ոչ լիարժեք շարունակելու դեպքում ընդհուպ մինչև կխզվեն պայմանագրերը տվյալ տրանսպորտային ընկերությունների հետ: Ծավալված երկխոսության ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են տնտեսվարողների հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով հուլիսի 18-19-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստեփանակերտ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ավագ Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայ
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունեց մի խումբ գիտնականների, որոնց հետ քննարկվեցին գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հիշելով խորհրդային տարիներին գիտության զարգացման աննախադեպ աճը, երբ Հայաստանը բարձրակարգ գիտնականների թվով առաջնային տեղեր էր զբաղեցնում աշխարհում՝ գիտնականներն անդրադարձան ներկայիս իրողությունը և փաստեցին, որ Հայաստանում գիտությունը ծերանում է, քանի որ տարեց գիտնականներին փոխարինողներ չկան, իսկ եղածներն էլ նախընտրում են մեկնել արտերկիր:
Գիտնականները հանդիպմանը եկել էին կոնկրետ հարցադրումներով ու առաջարկներով, որոնք, ըստ նրանց, անհապաղ իրականացման կարիք ունեն:
Բարձրացվեց օրենսդրությամբ ամրագրված, բայց չգործող դրույթների հարցը՝ մասնավորապես գիտական կոչում ունեցող անձանց հավելավճարների վճարումների հետ կապված (կենսաթոշակներից բացի), ինչը սահմանվել է դեռևս 2000 թ. ընդունված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով: Ընդգծվեց նաև հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում (որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ) գիտնականների ընդգրկման հարցը, ինչը նախատեսում է լրացուցիչ ամենամյա արձակուրդ վերջիններիս: Այդ ցանկում գիտնականներին ընդգրկելը, ըստ նրանց, առավել կարևոր է բարոյահոգեբանական տեսանկյունից:
Գիտնականներն առաջարկում են նաև սահմանել հոնորարներ՝ բարձր ազդեցության գործակցով ամսագրերում տպագրված հոդվածների համար, ասպիրանտներին տրամադրել միանվագ գումար՝ մասնագիտական գրականության ձեռքբերման, գիտական ամսագրերին բաժանորդագրվելու, հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներ գնելու և պահանջվող նյութեր ձեռքբերելու, ոլորտի պրոֆեսիոնալ միություններին անդամակցելու, գիտաժողովներին մասնակցելու և այլ՝ երիտասարդ գիտնականի մասնագիտական աճին նպաստող նպատակներով ծախսելու համար, հավելյալ ֆինանսներ հատկացնել Հայաստանում PostDoc-ական համակարգի ներդրման համար՝ առանձին համակարգված ծրագրով, նկատելիորեն ավելացնել մրցութային կարգով հատկացվող դրամաշնորհների թիվը և կրկնապատկել յուրաքանչյուր դրամաշնորհով տրվող գումարը և այլն:
Նշվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են հետազոտական համալսարաններ, որոնք ուսանողներ կընդունեն ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից և հետազոտական խմբեր կձևավորեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան գիտնականների:
Կարևորվեց միջազգային դրամաշնորհները հարկերից ազատելու, ինչպես նաև ներմուծվող գիտական սարքավորումներն ու նյութերը մաքսային տուրքերից ազատելու հարցը:
Բարձրացվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Ըստ գիտնականների՝ կարևոր է նաև քայլեր ձեռնարկել վենչուրային հիմնադրամներ ստեղծելու ուղղությամբ՝ տեղական և արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ, որոնք կֆինանսավորեն ինովացիոն նախագծերը և կնպաստեն հաջողված նախագծերի առևտրայնացմանը:
Գիտնականները նաև գտնում են, որ որ Հայաստանում պետք է ունենալ գիտության և տեխնիկայի, տեխնոլոգիայի պետական թանգարան, որը նաև կծառայի որպես ուսումնական կենտրոն՝ հագեցած բնագիտական տարբեր բնագավառներից լաբորատոր փորձերի հնարավորությամբ, ինչը նոր սերնդին կրթելու և ուղղորդելու կարևորագույն բաղադրիչ կլինի:
Գիտության հեղինակության բարձրացման նպատակով գիտնականներն անհրաժեշտ են համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերում գիտակրթական ծրագրերի հեռարձակման հարցը: Պրոֆեսոր Արթուր Իշխանյանն այդ առումով կոնկրետ հեռուստանախագծի առաջարկ ներկայացրեց, ինչը ՀԽ նախագահը խոստացավ քննարկել Հանրային հեռուստաընկերության նոր ղեկավարության հետ:
Վազգեն Մանուկյանը կիսեց գիտնականների մտահոգությունները և ընդունեց բարձրացված հարցերի հրատապությունը՝ առաջարկելով Հանրային խորհրդի հետ համատեղ քննարկել դրանց լուծման ուղիները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:
Կառավարությունում վարչապետի Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության (McKinsey & Company) միջև: Համաձայնագիրն ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «McKinsey & Company» ընկերության առաջատար արդյունաբերական ճյուղի համաշխարհային ղեկավար Անդրե Անդոնյանը:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով օդային փոխադրումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման, և, մասնավորապես, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման և առևտրի խթանման գործում` ընկերությունն առաջարկություններ կներկայացնի համակարգն առավել մրցունակ դարձնելու վերաբերյալ:
Ինչպես գիտեք, սույն թվականի մայիսին Մեղրիում ստորագրահավաք անցկացվեց` ընդդեմ այդ տարածաշրջանում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքերի հետագա շահագործման, որի տակ ստորագրեցին մոտ 2500 մեղրեցիներ: Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ լիցենզիաների տրման, աշխատանքների իրականացման հարցում ոչ ոք հաշվի չի նստել տեղաբնակների կարծիքի հետ: Բազմաթիվ հանքավայրերի մեջ առանձնահատուկ է Տաշտուն համայնքի տարածքում գտնվող հանքավայրը` այնտեղ իրականացվող աշխատանքներով։
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) որոշեց ավելի մանրամասն զբաղվել սույն խնդրով: Դեռևս հունիսի 7-9-ը ՀԲՃ-ի երկու անդամ այցելեցին Մեղրու տարածքաշրջանի Տաշտուն գյուղական համայնք և պարզեցին, որ այստեղ ոչ միայն անցկացվում են հետախուզական աշխատանքներ, այլ նաև գյուղին շատ մոտ սկսվել են հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները: Կան տեղեկություններ, որ Տաշտունում հայտնաբերել են տարբեր տեսակի ազնիվ և լանթանոիդների շարքին պատկանող հազվագյուտ մետաղներ: Հայտնի է նաև, որ այդ հազվագյուտ մետաղներն օգտագործվում են հրթիռաշինության մեջ: Տաշտունի բնակիչները նշում են, որ հանքի տերը ազգությամբ ռուս է, իսկ տիրոջ ներկայացուցիչն այս պահին տուն է վարձում գյուղում և զբաղվում է աշխատանքների կարգավորմամբ: Հետաքրքրական է, որ Տաշտունում հանք բացող «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի մասին չկար որևէ տեղեկություն: Գյուղապետը նշում էր, որ իր մոտ կան հանքի բացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, որ հանքարդյունաբերող ընկերությունը քառամյա զարգացման ծրագիր է իրականացնելու գյուղում:
Այդ այցից հետո մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որի արդյունքում պարզվեց հետևյալը.
2007թ-ի օգոստոսի 8-ից մինչև 2012թ-ի հունիսի 15-ը «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ին տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ՀՀ Սյունիքի մարզի Քարասարի և Պրիխրեպտովոյի երևակման 300 հա մակերեսով տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: 2012թ-ի օգոստոսի 15-ին այդ թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ-ի հունիսի 15-ը: Սակայն նույն 2012թ-ի դեկտեմբերի 14-ին «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ն իր այդ իրավունքները փոխանցում է «Վենտմայն» ՍՊԸ-ին, իսկ դրանից 12 օր անց` դեկտեմբերի 26-ին, արդեն «Վենտմայն» ՍՊԸ-ն էլ իր հերթին այն փոխանցում է դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված՝ վերը նշված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ին։
Ֆուտբոլային այս արագընթաց կոմբինացիայից հետո, ՀՀ կառավարությունը` ոչ պակաս արագությամբ, 2013թ-ի մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունում` ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով երկարաձգելու մասին: Այդ որոշման մեջ նշված են նաև ակնկալվող արդյունքները, որոնք են` ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թվականին թողարկել շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ ՀՀ դրամի: Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ-ի և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲԸ-ի կողմից, որոնք հանդիսանում են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը (ի դեպ այդ երկու կազմակերպություններն էլ ռուսական են): Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն 2013 թվականին նախատեսում է ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի:
Արդեն Սյունիք կատարած հնգօրյա այցի շրջանակներում` Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ հունիսի 28-ին նորից այցելեցին Տաշտուն, որտեղ ականատես եղան, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն կատարում է հողաշինարարական աշխատանքներ։ (http://www.youtube.com/watch?v=Kc-CnsOqNME&feature=youtu.be) Արդեն փորված էր մոտ տասը մետր խորությամբ բավականին մեծ մակերեսով փոս, իսկ հանված հողի շերտը լցվում էր մոտակայքով անցնող Տաշտուն գետի հովիտը: Ավելի վերևում կատարվում էին նաև բետոնապատման աշխատանքներ։ Քանի որ տարածքում բացակայում էր շինարարության մասին տեղեկություններ հաղորդող որևէ ցուցանակ, ՀԲՃ-ի անդամները տեղի աշխատակիցներից պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին շինթույլտվության առկայությունը: Որոշ ժամանակ բնապահպանները կարողանում են կանգնեցնել աշխատանքները, սակայն փաստաթղթեր այդպես էլ չեն ներկայացվում: ՀԲՃ-ն ահազանգ է փոխանցում ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարություն` տեղյակ պահելով կատարվող շինարարության ու փաստաթղթերի բացակայության մասին:
Հաջորդ օրը` հունիսի 29-ին, ՀԲՃ-ի Կանաչ ջոկատի 14 անդամներ կրկին այցելում են Տաշտուն: Այս անգամ սկզբում գնում են հանքավայրի տարածք` որտեղ նույնպես ականատես են լինում կատարված հողաշինարարական աշխատանքների, ինչը բոլորովին նման չէր երկրաբանական ուսումնասիրությունների, այլ ավելի շուտ իրենից ներկայացնում էր հանքի մակաբացման աշխատանքներ: Այստեղ ոչ մի պատասխանատու չկար` բացի պահակից, որը ըստ իր խոսքերի` ոչ մի բանից տեղյակ չէր: Քիչ անց մեքենայով մոտենում են երկու աշխատակից, որոնք նույնպես ոչ մի փաստաթուղթ չեն կարողանում ներկայացնել կատարվող աշխատանքների վերաբերյալ: Դրանից հետո իջնելով գյուղ` նախորդ օրը կատարվող շինարարության վայր, բնապահպանները տեսնում են, որ շինարարությունը շարունակվում է: Նրանք մոտավորապես մեկ և կես ժամ դադարեցնում են շինարարական աշխատանքները` պահանջելով համապատասխան փաստաթղթեր, սակայն` ապարդյուն: Այդ ընթացքում մի խումբ գյուղացիներ` մոտ 25-30 հոգի, գալիս են դեպքի վայր և բանավեճի բռնվում բնապահպանների հետ` պահանջելով, որ թույլ տան շարունակել աշխատանքները: Քիչ անց ժամանում է նաև Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը։ Սակայն ո´չ գյուղապետը, ո´չ ընկերության ներկայացուցիչը, ո´չ տեղում շինարարություն իրականացող աշխատակիցները բնապահպաններին չներկայացրին որևէ փաստաթուղթ, որը կփաստեր շինթույլտվություն ունենալը, կամ գոնե կներկայացներ իրականացվող շինարարության մյուս մանրամասները: Դրա փոխարեն պատասխանատուներից մեկը, որը ազգությամբ ռուս էր, փորձում էր մեզ բացատրել, որ իրենք վերևից «դաբրոն» ունեն և խորհուրդ էր տալիս հանդես չգալ վերևների դեմ։
ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ ահա ՀՀ բնապահպանության նախարարությունից պաշտոնական պատասխան դեռևս չունենք, սակայն դրա փոխարեն իրենց կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում։
Ողջունելի է, որ բնապահպանության նախարարությունը դադարեցնում է Տաշտունում կատարվող ապօրինի շինարարությունը, սակայն չպետք է աղավաղել իրականությունը: Իրականում տեսչությունը չի հայտնաբերել ապօրինի շինարարությունը, այլ ստիպված է եղել «տեսնել» դա մեր ահազանգից հետո: Իսկ շինարարական աշխատանքներն այդ տարածքում սկսվել էին վաղուց, և ցանկության դեպքում կարելի էր հայտնաբերել դրանք առանց մեր ահազանգի: Բացի դրանից հերթական անգամ տեսնում ենք, որ պետական մարմինները չեն ուզում գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը և ստիպել փոխհատուցել այն, պարզել ապօրինի շինարարություն իրականացնողների պատասխանատվության չափը և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ պետական մարմինները նմանօրինակ դեպքերին լավագույն դեպքում արձագանքում են միայն ահազանգերից և հանրային ճնշումներից հետո, իսկ խախտումներ թույլ տվողները հիմնականում մնում են անպատիժ, քանի որ Հայաստանում օրենքները գործում են միայն «մեջք» չունեցողների համար, իսկ ունեցողներին թույլատրված է ամեն ինչ:
Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, այսօրվա դրությամբ չունենալով այդ բոլոր կարևոր թույլտվությունները, 300 միլիոն դրամի սարքավորումներ է սկսում ներմուծել մեր ազգային հարստությունը թալանելու համար և հայտարարում, որ 2013թ-ի ընթացքում թողարկելու է շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք։ Հարց է առաջանում, իսկապե՞ս այդ ընկերությունում չգիտեն ՀՀ օրենքները, թե՞ դրանց կատարումը պարտադիր չէ վերևներում «դաբրո» ունեցողների համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր ուռուցքաբանական ներհիվանդանոցային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի անունից` ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն էր տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, որին հաջորդել է վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը: Ըստ համաձայնագրի նախատեսվում է ստեղծել ուռուցքաբանական ներհիվանդանոցային ժամանակակից կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` միջազգային չափանիշներին համապատասխան: Վերոնշյալ կենտրոնի կառուցման համար «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ: Կենտրոնը կունենա առնվազն 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի բնագավառում առկա ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Կենտրոնի շահագործման արդյունքում կստեղծվի շուրջ 200 նոր աշխատատեղ:
Որպես ՀՀ կառավարության կողմից ներդրում և մասնակցություն ծրագրին` նոր ընկերության կապիտալում կներդրվի հողամաս «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքից` շուրջ 1 հա չափով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության կողմից մշտական հսկողության է իրականացվում սոցիալական ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ:
Այդ նպատակով պարբերաբար ստուգայցեր են կատարվում սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ`աշխատանքային առօրյային և կարիքավոր բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների տրամադրմանը տեղում ծանոթանալու նպատակով:
Վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների պետերի և սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ Ավան վարչական շրջանում հրավիրված քննարկմանը ներկայացվել են 2013 թվականի առաջին կիսամյակում իրականացված և մինչև տարեվերջ նախատեսված ծրագրերը:
Մասնավորապես, ներկայացվել են նաև նույն ժամանակահատվածում սոցիալական ծառայությունների կողմից կարիքավոր բնակչության փաստագրման արդյունքները, ինչպես նաև նշանակված պետական նպաստների և դրանց փաստացի վճարման ցուցանիշները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ուշադրության կենտրոնում պետք է շարունակի մնալ կարիքավոր քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի, դիմումների և առաջարկությունների նկատմամբ հսկողությունը` հնարավոր լուծումներ տալու և պատշաճ սոցիալական սպասարկում ապահովելու համար:
Քննարկման մասնակիցները այցելել են նաև վերջերս Ավանում բացված “Ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն”, որտեղ բնակչությանը “Մեկ պատուհան” և ” Մեկ կանգառ” սկզբունքով մատուցվում են համալիր սոցիալական ծառայություններ: Ի դեպ, նշենք, որ նման կենտրոններ գործում են նաև Նուբարաշեն, էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հուլիսի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ։
Մեկ ժամից ավելի տեւած զրույցն ընթացավ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդները ԱԺ փոխնախագահին ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին տնտեսության զարգացմանը, արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերություններին եւ մի շարք այլ խնդիրների։
Անդրադառնալով արտագաղթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է, ինչին էլ միտված է հանրապետության կառավարության եւ իշխանությունների ամենօրյա աշխատանքը։
Ուսանողներից մեկին հետաքրքրում էր ԱԺ փոխնախագահի կարծիքը՝ վերջերս ՌԴ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված ՀՀ քաղաքացու նկատմամբ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ։
Էդուարդ Շարմազանովը նախ՝ իր ցավակցությունը հայտնեց ավտովթարի հետեւանքով զոհվածների հարազատներին։ «Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացու նկատմամբ,- ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի կապել այդ խնդրի հետ։ «ՌԴ-ն մեր դաշնակիցն է եւ մենք պետք է խորացնենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ», – ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է մեր երկրի շահերից եւ այն հիմնված է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա։ «Պետք է խորացնել մեր հարաբերությունները եւ Եվրամիության, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի հետ,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։ Երկրի եւ տնտեսության զարգացման համար կարեւորեց առողջ քննդատությունն ու նոր եւ զարգացման հեռանկարներ պարունակող ծրագրերի առաջադրումը։
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը նշելով, որ երիտասարդությունն է մեր երկրի գրեթե բոլոր բնագավառների շարժիչ ուժը, հորդորեց առավել սիրել մեր երկիրը, քանի որ, ըստ նրա՝ «Հայաստանը սկսում է յուրաքանչյուրիս տնից։ Հայաստանը պետք է սիրել ոչ թե վերացական, այլ կոնկրետ»։
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեվարձի նոր չափին: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաների ձեռք բերման, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի և քսայուղերի մասով, ինչի հետևանքով սպասարկող ընկերությունները սկսել են վնասով աշխատել: Ըստ այդմ, հայտերում առաջարկված ուղեվարձի սակագնի փոփոխությունը, կապված ուղևորափոխադրումների ծավալից և այլ հանգամանքներից, տատանվել է 140-ից 200 դրամի սահմաններում: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը նշել է, որ այդ կապակցությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ոլորտի պատասխանատուների, հասարակական և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ մի շարք քննարկումներ է անցկացրել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատկանշել է, որ, ելնելով մասնագիտական հաշվարկներից և դրանց հիմնավորումներից, սահմանվել է մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին: Ըստ այդմ, 2013 թվականի հուլիսի 20-ից վերը նշված ուղևորատար տրանսպորտի ուղեվարձը կկազմի 150 դրամ: Անդրադառնալով սպասարկման որակի բարելավմանը՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ուղեվարձի բարձրացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն: Նախնական հաշվարկներով՝ մինչև տարեվերջ մայրաքաղաք կներկրվի ևս 100 ավտոբուս: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներն այսուհետ երևանցիներին ավելի տեսանելի կլինեն: Տեղեկացվել է նաև, որ տրոլեյբուսների երթևեկության ուղեվարձը ևս հուլիսի 20-ից կավելանա 50 դրամով`կազմելով 100 դրամ, իսկ մետրոպոլիտենի ուղեվարձը չի փոխվի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն