Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հուլիսի 4-5-ին շրջանների զգալի մասում, 6-8-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-6-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Հուլիսի 4-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 6-8-ը տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   37.90C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      8.40C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  24.60C

Ընդունելություն՝ ի պատիվ երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների

 3437Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:

Ադրբեջանա-վրացական սահմանի մոտ տեղի է ունեցել զինված միջադեպ

1Ադրբեջանա-վրացական սահմանի մոտ տեղի է ունեցել զինված միջադեպ: Մեկ մարդ զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանի Իթիթալ գյուղում: Գյուղի բնակիչ Մուհամաև Ռամազօղլուն (ծնվ. 1965թ.) որսորդական հրացանից կրակել է ադրբեջանցի եղբայրներ Վյուգար և Շահին Գուրրբանովների ուղղությամբ և փախուստի դիմել: Եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ Վյուգարը, մահացել է:

 

Ռամազօղլուն ձերբակալվել է: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հանցագործության պատճառներն ու հանգամանքները ճշտվում են: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
 

Թուրքիայում կրկին ոտնահարում են քաղաքացիների խոսքի ազատությունը

patij Թուրքիայի Բոլու քաղաքում 9 մարդ տուգանվել է հակակառավարական բովանդակության պաստառների համար, որոնք նրանք առանց թույլտվության կախել են քաղաքի պողոտաներից մեկում: Պաստառի միջոցով քաղաքացիները իրենց աջակցությունն են հայտնել «Գեզի» այգու համար սկսված և ամբողջ Թուրքիայով տարածված ցույցերի մասնակիցներին: Օրինախախտներից յուրաքանչյուրը պետք է վճարի հազար լիրայի չափով տուգանք:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ քաղաքապետարանը իրավունք չունի դրամական տույժի ենթարկել քաղաքացիներին և պետք է չեղյալ համարի այդ որոշումը: Պատգամավորը կոչ է արել Բոլուի բնակչությանը աջակցել տուգանված քաղաքացիներին և օգնել նրանց հավաքելու սահմանված գումարը:

 

 

Թուրքիան լավ հնարավորություն ունի ընդունելու 2020 թվականի օլիմպիական խաղերը

olimpiakan  Շվեյցարիայի Լոզան քաղաքում «Ստամբուլ-2020»-ի պատվիրակությունը, որը գլխավորում է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ներկայացրել է 2020 թվականին Թուրքիայում Օլիմպիական և Պառաօլիմպիական խաղերի անցկացման ծրագիրը: Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հանդես են եկել այն բոլոր քաղաքները, որոնք համարվում են թեկնածու 2020 թվականի խաղերի անցկացման համար: Ներկայացումներից հետո պատվիրակությունների անդամները պատասխանել են օլիմպիական կոմիտեի նեկայացուցիչների հարցերին:

Թուրքական պատվիրակության ներկայացուցիչները ընդգծել են, որ Ստամբուլը մեծ փորձ ունի ընդունելու միջազգային մասշտաբի միջոցառումներ և մարզական մրցաշարեր: Այն երկիրը, որն ընդունելու 2020 թվականի Օլիմպիական և Պառաօլիմպիական խաղերը, հայտնի կդառնա սեպտեմբերի 7–ից 10–ը Արգենտինայում տեղի ունենալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի 125–րդ նստաշրջանի ժամանակ:

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին` Յակուտիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

10520_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին`Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Ես կիսում եմ ռուս ժողովրդի ցավը և խնդրում զոհվածների հարազատներին ու բարեկամներին փոխանցել զորակցության և կարեկցանքի խոսքեր»:

 

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

3Այսօր`հուլիսի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով  Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությանը,  հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական թեմաներ, ինչպես նաև երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումները շարունակելու հարցը:

 

Անվճար բժշկական հետազոտություններ` անօթևանների կացարանում

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթևաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է  դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար` խնամքի տակ գտնվող անօթևանները նշել են, որ տևական ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորություն չեն ունեցել այցելել բժշկի, կամ դեղորայք գնել:

Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ 2011 թվականի դեկտեմբերից Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած  ծրագրով պարբերաբար նմանօրինակ առողջապահական միջոցառումներ են կազմակերպվել: Բացի այդ, առողջական յուրաքանչյուր խնդրի դեպքում կացարանում բնակվող անօթևաններին քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:

Ռուզաննա Զաքարյանը նաև նշել է, որ մինչ օրս կացարան է տեղափոխվել 188 անօթևան: Քայլեր են ձեռնարկվել նաև անօթևանների զբաղվածության հարցի լուծման և աշխատանքի տեղավորման  ուղղությամբ: Ըստ այդմ, 30 շահառու, աշխատանք գտնելով, անցել է ինքնուրույն է կյանքի: Սոցիալ-հոգեբանական աշխատանքների շնորհիվ 38-ը վերադարձել է ընտանիք, 8 հոգի էլ, ժամանակավոր կացարանում նոր ընտանիք կազմելով, տեղափոխվել են վարձակալած բնակարաններ, ևս 6-ը՝ մասնագիտացված տուն-ինտերնատ: ՀՀ մարզերից եկած և ՌԴ քաղաքացիություն ունեցող 13 անօթևան էլ վերադարձել են իրենց բնակավայր: Այժմ կացարանում բնակվում է 44 շահառու:

Երևանի քաղաքապետարանի և հայ-դանիական “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում լուծվել են անօթևանների ոչ միայն կացարանի, այլև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

0001Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում  հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ:

Ողջունելով Երևանի քաղաքապետին և պաշտոնական պատվիրակության անդամներին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ հեռանկարային են եղել, և երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտ է. «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք  կարևորում ենք Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Համոզված եմ, որ Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում կանցնեն հավուր պատշաճի և մեկ անգամ ևս հնարավորություն կընձեռեն պետերբուրգցիներին՝ ավելի լիարժեք ծանոթանալու հայկական մշակույթին»,- նշել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ շեշտելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկներն ու նախաձեռնությունները. «Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում և, հաշվի առնելով ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում:

Ի պատասխան հրավերի՝ Գեորգի Պոլտավչենկոն վստահեցրել է, որ արդեն այս աշնանը անպայման կայցելի Երևան և հույս հայտնել, որ այցի շրջանակում էլ ավելի կամրապնդվեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև կխթանվի  երկու քաղաքների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցությունը:

Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել և ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու խթանել զբոսաշրջության զարգացումը։

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրել են սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձ, որը կտեղադրվի Սանկտ Պետերբուրգում կառուցվելիք «Երևան»  առևտրի տան հիմքում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին է հանձնել «Երևան քաղաքի զինանշան» մեդալը, որով պարգևատրել էր գործընկեր քաղաք Սանկտ Պետերբուրգին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է Տարոն Մարգարյանին

001Հուլիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:

Հուլիսի 3-ին Տարոն Մարգարյանը նախ այցելել է Պետրոպավլովյան ամրոց, շրջել ու ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի մասը կազմող ամրոցի տարածքին:

Այնուհետ տանտերերը քաղաքապետին հրավիրել են ամրոցի Նարիշկինի աշտարակ, որտեղից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը: Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին:

Հուլիսի 3-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ի հիշատակ իրականացված համազարկի, թանգարանի տնօրինությունը թնդանոթի արդեն կրակած պարկուճը՝ համապատասխան գրառումով, նվիրել է Տարոն Մարգարյանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս

3Ս.թ. հուլիսի 2-ից 3-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս` Եվրոպական Միության նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Սեմինարի ընթացքում Դ.Տոնոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Արևելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ` միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, հետ ՀՀ համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը և փոխլրացումը ապահովելու պարագայում: Մասնավորապես հաշվի առնելով, որ ինչպես սահմանվում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ներգրավման գործընթացներին ՀՀ լիիրավ մասնակցությունը համապատասխանում է ՀՀ շահերին, նշվել է որ հաջորդ տարի նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում  պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի:

Առաջին անգամ Ավստրալիայում պատգամավորը երդվել է Ղուրանի վրա

avstraliyaԱռաջին անգամ Ավստրալիայի պատմության մեջ մահմեդական պատգամավոր Էդ Հուսիչը, նշանակվելով երկրի վարչապետի քարտուղար, պաշտոնական երդումը տվել է՝ ձեռք դնելով Ղուրանի վրա: Պատգամավորի այս արարքը քննարկման առարկա է դարձել՝ պատճառ դառնալով մի շարք ազգայնական արտահայտությունների Ավստրալիայի համացանցային տիրույթում:

Ի պատասխան իր հասցեին հնչած քննադատությունների՝ պատգամավոր Հուսիչը հայտարարել է, որ չէր կարող երդումն արտասանել ձեռք դնելով Աստվածաշնչի վրա, քանի որ դա հակասում է իսլամի սկզբունքներին: «Ես կարծքում եմ, որ ճիշտ եմ վարվել»,-պատգամավորի խոսքերն է վկայակոչում «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլում ընդլայնում և բարեկարգում են «Գեզի» այգու տարածքը

geziՍտամբուլի քաղաքապետը որոշում է ընդունել ընդլայնել «Գեզի» այգու տարածքը 8 հազար քառ. մետրով՝ քանդելով մոտական առևտրի կետերը: Այժմ ընթանում են այդ տարածքի կանաչապատման աշխատանքները: Արդեն տնկվել են 17 ծառ, 120 հազար ծաղիկ: Այսպիոսվ ամբողջ այգում կա 704 ծառ, 322 հազար ծաղիկ, այդ թվում 5 հազար վարդ: Բացի այդ այգում ստեղծվել է 26 հազար քառ. մետր մակերես ունեցող ծաղիկներով պատված տարածք:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ այն հրապարակը, որտեղ գտնվում է Աթաթուրքի արձանը, միանալու է «Գեզի» այգելուն, այսպիսով ամբողջ այգու տարածքը կազմելու է 58 հազար քառ. մետր: Այգու ընդլայնման աշխատանքների շրջանակներում գոյություն ունեցող 82 նստարանին ավելանալու է ևս 50 նորը, վերականգնվելու է լուսավորման համակարգը, կառուցվելու են մանկական հրապարակներ:

Արցախյան հիմնահարցը և Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում

N. KarapetyanԱրդեն շուրջ մեկուկես ամիս է, ինչ  Հայաստանը ստանձնել է եվրոպական
ամենահին և հեղինակավոր կառույցներից մեկի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը՝  հունիսի 24-ին, ԵԽԽՎ լիագումար
նիստին Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և ԵԽ
գործունեության մասին զեկույցով հանդես եկավ մեր արտգործնախարարը, որը
հանդիսանում է ԵԽ Նախարարների կոմիտեի կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանի ելույթին և դրան հաջորդած հարցուպատասխանի մասին
լրատվամիջոցներում տարբեր արձագանքներ եղան, որոնցից որոշներում փորձ էր
արվում քննադատել թե Հայաստանի նախագահության գործունեությունը, թե
Հայաստանի արտգործնախարարի ելույթն ու հարցերի պատասխանները:

Մասնավորապես դժգոհություն կար՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախարար
Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձ չի կատարել իր ելույթի
ընթացքում: Առկա էր նաև այն մտայնությունը, որ Հայաստանը արդյունավետ չի
օգտագործում իր այս հնարավորությունը ի շահ Արցախյան հարցի: Այս
համատեքստում հայ քաղաքական գործիչներից  մեկը զուգահեռներ անցկացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ, որ ամեն կերպ ձգտում է օգտագործել իրեն ընձեռնված լծակները՝ Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի
օրակարգ բերելու համար: Ուստի տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու՞
է Հայաստանի արտգործնախարարը հապաղում օգտագործել այդ «ոսկե
հնարավորությունը»:

Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին հորդորները հենց Ադրբեջանի ցանկությունն է, և արժե նաև հիշել, որ այս թեմայի հետ կապված հարցեր ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանին ուղղում էին հենց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները: Նաև պետք չէ մոռանալ, որ նախկինում հենց Ադրբեջանն է բազմիցս փորձել հարցը տեղափոխել այլ կազմակերպությունների օրակարգ: ԵԽԽՎ-ում թուրք Մեվլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում էր հենց, որ փորձ արվեց վերակենդանացնել ղարաբաղյան հարցով զբաղվող ենթահանձնաժողովը, երևի մեր դժգոհողները մոռացել են, թե ինչ հսկայական ջանքեր պահանջվեցին այդ
կառույցի հնարավոր գործունեությունը կասեցնելու համար:

Այժմ անդրադառնանք նաև այն հարցին, թե  ԵԽ հայկական նախագահության
առաջնահերթությունները  ի՞նչ առնչություն կարող են ունենալ
արցախա-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման համար: Ըստ էության, այժմ թե Հայաստանի, թե Արցախի, թե միջազգային հանրության համար ավելի քան պարզ է, որ ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտը Ադրբեջանում տիրող հայատյացության և ռասիզմի մթնոլորտն է: Ուստի խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունն իր գնահատականը տա այդ երկրում պետական մասշտաբով իրականացվող այլատյացության քարոզչությանը:

Ստեղծված պայմաններում հայկական դիվանագիտությունը պարզապես պարտավոր էր ընձեռնված միջազգային բարձր հարթակն օգտագործել այդ հանցավոր քաղաքականությանը համապատասխան միջազգային որակում տալու, նման երևույթների դեմ ԵԽ նման կառույցի հնարավորություններն օգտագործելու
համար: Ուստի պատահական չէ, որ հայկական նախագահության կարևոր
գերակայությոըններից մեկը այլատյացության և ռասիզմի դեմ պայքարն է:
Մասնավորապես, հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել «Ոչ
ատելության քարոզչությանը»  խորագրով համաեվրոպական երիտասարդական
նախաձեռնությունը: Այս ծրագիրն արդեն գործում է ԵԽ անդամ 34
պետություններում: Հայկական նախագահության կարևոր նպատակներից մեկն է
լինելու այս նախաձեռնության արդյունքում ձևավորված հասարակական կարծիքը
վերածել գործուն քաղաքականության:

Վերոհիշյալը միայն մի մասն է այն քայլերի, որ Հայաստանի Հանրապետությունը
իրագործելու է իր նախագահության վեց ամիսների ընթացքում, ուստի այն
անհիմն քննադատությունները,  թե հայկական դիվանագիտությունը արդյունավետ
չի օգտագործում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, մեր խորին
համոզմամբ, տեղին չեն: Պարզապես միշտ չէ, որ լուրջ և ծավալուն
դիվանագիտական աշխատանքը տեսանելի է լինում հասարակության համար:

 

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ,

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան

 

Կայացել է ՏՏԶԱԽ հերթական նիստը

10519_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով զեկուցվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ՏՏ նոր ռազմավարությունը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային առևտրի ժամանակ հարկային և մաքսային ոլորտում, երիտասարդ մասնագետներին Գերմանիա գործուղելու ժամկետների հարցում առկա խնդիրներին և այլն: Վարչապետը հանձնարարել է վերջինիս հետ կապված հարցը ներառել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում՝ այն քննարկելու և լուծումներ գտնելու համար:
Այնուհետև խորհրդին են ներկայացվել «Վիքիպեդիա Հայաստան» նախագծին առնչվող մի քանի հարցեր: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը քննարկել «Վիքիպեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը տարածքով ապահովելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը և տալ համապատասխան եզրակացություն:
Օրակարգի վերջին հարցով առաջարկվել է ստեղծել բուհական գլոբալ հանրագիտարան՝ ինչն արժանացել է վարչապետի հավանությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ լրացուցիչ քննարկել առաջարկը և կրկին տալ համապատասխան եզրակացություն:

Ուղեկցող գումարտակի ավագ ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

7885_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ոստիկանության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ.Հովհաննիսյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հ.Հովհաննիսյանի` ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը դիմել է փախուստի:
Մասնավորապես` 2013թ. ապրիլի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Ա.Կաբալյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դատարան  ուղեկցելուց հետո, ըստ քրեական գործի նյութերի, Հ.Հովհաննիսյանը չի կազմակերպել կալանավորի հանձնումը դատական կարգադրիչներին, փաստացի շարունակել է կալանավորի ուղեկցումը նաև դատարանի շենքում` պատասխանատու մնալով ուղեկցման համար, չի տիրապետել ուղեկցման երթուղու առանձնահատկություններին, այն է` դատարանի նկուղային հարկում գտնվող խցերի փականների անհուսալի լինելու հանգամանքին և դրանք ներսից հեշտությամբ բացելու հնարավորությանը, ինչպես նաև կալանավորի մշտական հսկողությունն ապահովելու համար չի հաստատել ուղեկցողների միջև համագործակցության կարգը, ուղեկցող խմբի ոստիկաններին պատշաճ կարգով չի նախապատրաստել առաջադրանքի կատարմանը:
Արդյունքում`   դատարանի նկուղային հարկում գտնվող երկու կալանավորներ մնացել են առանց հսկողության, ինչից օգտվելով` նրանցից մեկը` Ա.Կաբալյանը, ով մեղադրվում է ծանր հանցագործություններ` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ և ավազակություն կատարելու մեջ, բացել է խցի դուռը  և դիմել փախուստի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

TAP-ը համաձայնագիր է ստորագրել հունական DESFA-ի հետ

2 (8)Անդրադրիատիկ գազամուղի (ТАР) և գազի տարանցման հունական DESFA համակարգի միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել ТАР-ը: Կողմերը մտադիր են համաձայնագիր ստորագրել ամենօրյա տեխնիկական գործունեության և գազամուղի հունական հատվածում TAP-ի շահագործման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ադրբեջանը Անդրադրիատիկ գազամուղը (TAP) ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրի գազը Եվրոպա տարանցման պաշտոնական երթուղի էր հայտարարել:

Հենրիխ Մխիթարյանի անորոշ վիճակը շարունակվում է

index Հենրիխ ՄխիթարյանԴոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  չի ցանկանում միանալ իր թիմակիցներին և նոր թիմ է փնտրում: Թվում է, թե  Անգլիայում հայ ֆուտբոլիստը կարգավորել է հարցերը և պայմանագիր է կնքելու «Լիվերպուլի» ղեկավարության հետ:

Եվ ահա, խոսակցություններ կան, որ Մխիթարյանը մերժել է «Լիվերպուլի» ներկայացուցիչների առաջարկներն ու պատրաստվում է մեկնել Գերմանիա:

Տեղեկություն է տարածվել նաև, որ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է 27 մլն եվրո վճարել Մխիթարյանին գնելու համար:

Հայ ֆուտբոլիստը խուսափում է լրագրողների հետ շփվել, որև է հայտարարություն կատարել: Այնպես որ, անորոշ վիճակը շարունակովում է:

Ամուսնական լրտես զույգը ձերբակալվել է Գերմանիայում 25 տարի Ռուսաստանին տեղեկություններ տրամադրելու համար

DresdenԳերմանիայում ամուսնական զույգը բանտարկվել է Ռուսաստանի օգտին  25 տարի լրտեսելու համար:

Զույգը Գերմանիայի արևմտյան հատվածում կեղծ անձնագրերով և Անդրեաս և Հեյդուն Անշլագ կեղծանուններով հաստատվել էին քառորդ դար առաջ:

Նրանք իրենց գործունեությունը սկսել էին Դրեսդեն քաղաքում:

Զույգին մեղադրել են առաջին հերթին նախկին Սովետական Միությանը Արևմտյան Գերմանիայի, իսկ Գերմանիայի միավորումից հետո Ռուսաստանի Դաշնությանը Գերմանիայի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու մեջ:

Մեղադրող կողմի  տվյալներով` զույգը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ քաղաքական, ռազմական, ինչպես նաև Գերմանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանի նկատմամբ անվտանգության քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջադրանք է ունեցել:

Հետախույզների տեղեկություններով` Գերմանիայում զույգի ձերբակալումը հնարավոր է դարձել Ամերիկայում ձերբակալված լրտեսների հարցքնության արդյունքում:

Նրանցից առգրավել են երկու ավստրիական կեղծ անձնագրեր, որոնք պատրաստել էին Սովետական միության կեղծարարները:

Շտուտգարտի դատարանը Անդրեաս Անշլագին դատապարտել է վեց տարի և վեց ամիս, իսկ Հեյդունին հինգ տարի և վեց ամիս ազատազրկման:

Գերմանիայում ծնված և մեծացած նրանց դուստրը տեղյակ չի եղել նրանց գործունեության, ինչպես նաև նրանց իրական ինքնության մասին: