Կոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները կրկին հաշտվել են

ven-maduro-y-santosԿոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները պայմանավորվել են, որ համատեղ աշխատելու են երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Լարվածությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը մայիսին Բոգոտայում համաձայնեց հանդիպել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի հետ: Վերջինս աջակցություն էր որոնոմ ապրիլյան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, որի ժամանակ նա  գործող նախագահ Նիկոլա Մադուրոյից չնչին տարբերությամբ հետ մնաց:

Վենեսուելական սահմանամերձ քաղաքում  հանդիպման ընթացքում,Մադուրոն ու Սանթոսը որոշեցին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային խմբեր ստեղծել անվտանգության ու առևտրի վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

 

Բրազիլիայում, Հռոմի պապի ժամանման նախօրեին ռումբ է հայտնաբերվել

iՍան-Պաուլուի տաճարում, ուր Հռոմի պապը չորեքշաբթի պատրաստվում էր այցելել, ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Այն երկուշաբթի հայտնաբերվել է Ապարեսիդայի տիրամոր տաճարում, ավտոտնակային համալիրի լոգասենյակում:  Ռումբն իսկույն վնասազերծվել է:

Հռոմի պապն առաքելական այցով Բրազիլիայում է հուլիսի 22-ից: Երկրով ուղևորության ընթացքում, նա  ելույթ է պլանավորել Ռիո դե Ժանեյրոյի լողափին, երիտասարդության առջև, ինչպես նաև այցելություն Բրազիլիայի ետնախորշերից մեկը:

Սա Հռոմի պապի առաջին այցելությունն է այլ երկիր` նշանակման պահից:

 

Մահվան ելքով վրաերթ Չարենցի փողոցում

 վրաերթՀուլիսի 22-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 38OS858 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Ա. Գ.-ին, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ և մահացել է:

Հրապարակվել են Սատուրնից արված Երկրի առաջին լուսանկարները

Planet Earth can been seen as just a miniscule star from this enhanced shot of Saturn3Ուրբաթ կեսօրին աստղագիտության հազարավոր երկրպագուներ նայում էին երկնքին և դիրքեր ընդունում նկարվելու համար, քանի որ այդ ժամանակ երկիր մոլորակը նկարվում էր Սատուրնից:

Planet Earth can been seen as just a miniscule star from this enhanced shot of Saturn1898 միլիոն մղոն հեռավորությունից արված այդ լուսանկարները նոր են տեղ հասնում:

Որոշ նկարներում Երկիրը երևում է որպես Սատուրնի ետևում երկինքը լուսավորող Բևեռային աստղից մի փոքր մեծ կետ:

Այս լուսանկարները արվել են Cassini տիեզերանավի միջոցով, որը 2004թ-ից ի վեր շրջում է Սատուրնի շուրջը:

Մինչ այս հեռավոր տիեզերքից երկիրը լուսանկարվել է երկու անգամ՝ առաջինը 3.7 միլիարդ մղոն հեռավորությունից Voyager 1-ի միջոցով 1990թ-ին արված լուսանկարներն էին, իսկ մյուսը՝ 2006թ-ին 926 միլիոն մղոն հեռավորությունից Cassini-ի միջոցով արված լուսանկարն էր:

Շաբաթ օրը Սատուրնից ստացված նկարները աշխատակազմի համար դժվար էր տարբերակել, քանի որ դրանք արված են եղել տարբեր անկյուններից, իսկ տիեզերանավը դրանք նկարել էր շարժման ընթացքում:

Արգենտինայի Բարիլոչե ատոմային կենտրոնից ֆիզիկոս Գիլերմո Աբրամսոնը Tweeter-ի իր էջում տեղադրել է մոտավորապես 900 միլիոն մղոն հեռավորությունից արված Երկրի լուսանկարները:

Լուսանկարելու հիմնական նպատակը 2006թ-ի համեմատությամբ Սատուրնի փոփոխվող օղակները ուսումնասիրելն է եղել:

 

«Չեմ բողոքում» մոնոներկայացումը տղամարդկանց էր ուղղված

DSC03557«Հայ կնոջ մոտ շեշտված է`տուն, խոհանոց, երեխա, անտարբեր ամուսին: Իմ ամենաթանկ գործն է, որն արել եմ մինչ այսօր: Ներակայացումս կատարելագործվելու շատ տեղ ունի, բայց կարծում եմ սրանով ինչ որ մեկին որեւէ բան կարող եմ ասել»,-այսօր «Չեմ բողոքում» խորագրով բարեգործական մոնոներկայացման մասին մեզ հետ զրույցում նշեց գլխավոր դերակատար Լիաննա Վարդանյանը:

Ներկայացումն ըստ Դարիո Ֆոյի եւ Ֆրանկո Ռամեյի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պոեմի հիման վրա էր: Պատմում էր մի կնոջ մասին, ով իր կյանքն ու երազանքները նվիրել է իր ընտանիքին, իր զավակներին, իսկ սեփական երջանկության համար ժամանակ չի գտել.

«Ցուցադրում եմ իրականությունը. ինչ է ուզում կինը` հանձնվել ու ապրել քառակուսու մեջ, թե ազատվել այդ վանդակից ու հասնել երազանքներին»:

Դերասանուհին պնդում է, որ հայ կինը ձգտում է շատ մեծ ազատության, բայց այդ ազատության մեջ դառնում է ինքն իր գերին, չհասկանալով, թե որն է ազատությունը:

Հայ կնոջ համար ինքնագնահատականն է կարեւոր: Ներկայացումը տղամարդկանց է ուղղված, կինը իր հանձնված ճակատագիրը լավ գիտի.

«Դժվար է բեմում միայնակ խաղալ, բայց այնուամենայնիվ դու գիտես, որ պատասխանատվություն ու անկախություն ունես, ամեն վարկյանը պետք է լցնես, դատարկ ոչինչ չթողնելով»:

Ներկայացումը բարեգործական էր: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները ցանկացել են ներկայացումից ստացված ողջ հասույթն ուղղել 6 ամյա Մարիամի բուժմանը: Սա թվով 6-րդ խոշոր մշակութային միջոցառումն էր, որ կազմակերպվել է:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Դիանա Բուլղադարյանի խոսքով Մարիամը հիվանդ է Կռուզոնի գանգադիմային դիզոստոզ հիվանդությամբ եւ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել.

«Հիվանդությունը շատ հազվագյուտ է, ցավոք, Հայաստանում երեխային բուժել չեն կարողանում: Այդ իսկ պատճառով երեխային շտապ պետք է տեղափոխել Մոսկվայի Նիկոլայ Բուրդենկոյի անվան հիվանդանոց, հետազոտման եւ վիրահատության»:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը օգնել է 7-8 հայ մանուկների, հատկացնելով նրանց 70000 ԱՄՆ դոլար:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Գոհար Արմենակյան. «Ես իմ Հայրենիքի մի զինվորն եմ ինձ համարում»

գոհարԶինվորը պաշտպանում է մեր երկրի սահմանները, մեր խաղաղությունը, իսկ պետությունը, ժողովուրդը, ազգը, հասարակությունը պիտի պաշտպանեն զինվորին, հոգան նրա մասին թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ թվացող պայմաններում. ցավոք, նաև յուրայիններից:

Այդպիսի առաքելություն ունի «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Գոհար Արմենակյանի հետ երկրորդ անգամ եմ զրույցի բռնվում` ակամա սկսելով նույն հարցից:

– Տիկի՛ն Արմենակյան, ինչպե՞ս և եր՞բ ստեղծվեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը:

– Դուք արդեն գիտեք, որ Հայոց բանակում խաղաղ պայմաններում յուրայինների ձեռքով սպանվել է միակ որդիս` Անդրանիկ Սիլակյանը: Ցավ, վերք, որ երբեք ու երբեք չի դադարում, չի սպիանում: Սպանել քո զինվորին, քո ընկերոջը, յուրայինին… Ոճրագործություն, որը ոչ մի բառով արտահայտել, որակել չի լինում: Սեպտեմբեր ամսին կորցրեցի որդուս. քառասունքի արարողությունից հետո անմիջապես իմ շուրջը համախմբվեցին խաղաղ պայմաններում բանակում զոհված տղաների մայրերը, նաև նրանք, ովքեր Ղարաբաղյան գոյամարտի տարիներին կորցրել են իրենց ամուսիններին, իսկ խաղաղ պայմաններում` որդիներին:

Ցավով եմ նշում, որ տղայիս կորցնելուց հետո միայն գիտակցեցի, որ կորուստը բոլորինս է, և զինվորը միշտ մեր պաշտպանության կարիքն ունի. պետք է սատար լինենք մեր զինվորներին և չսպասենք, որ կորուստը մերը լինի, դրանից հետո նոր միայն ոտքի կանգնենք: «Ցավում եմ, շա՜տ եմ ցավում» ասելով` մտքում չասենք` իմ որդին չէ: Բոլորն էլ մեր զավակներն են, մեր հարստությունն ու մեր տան ճրագներն են, մեր վաղվա օրն են:

– Տիկի՛ն Արմենակյան, քանի՞ հոգուց է կազմված Ձեր հիմնադրած կազմակերպությունը:

– 50 հոգի է ընդգրկված, երկուսն էլ նոր են միացել:

– Միայն մայրե՞րն են:

– Մեզ հետ են նաև հայրերը, բայց մայրերը յուրօրինակ ուժ են. նրանք որդիներին կորցնելուց հետո ասես առավել հզորացել, զգոն են դարձել, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը:

Անդրադառնալով մեր կանանց, մի քիչ շեղվելով թեմայից` ես կցանկանայի, որ մեր պետական կառույցներում, երկրի ղեկավարման գործընթացում ավելի շատ կանայք ընդգրկվեն: Կինը ցավ է քաշում, երկունք է ապրում, նոր մարդ է լույս աշխարհ բերում և, բնականաբար, իր ստեղծածի և առհասարակ աշխարհի, երկրի հանդեպ ավելի աչալուրջ, ավելի զգոն կլինի:

– Կազմակերպությունը հիմնադրելիս ովքե՞ր ձեզ աջակցեցին, եղա՞ն խոչընդոտներ:

– Ասեմ, որ այս կազմակերպությունը` «Զինվորի պաշտպանության կոմիտեն», գործել է դեռևս 1996-ից, գրանցված է եղել արդարադատության նախարարությունում: Ինչ-ինչ հարցեր են առաջացել, փոխըմբռնման եզրեր չեն գտել, և կազմակերպությունն ամբողջապես լուծարվել է: Ես զրուցել եմ այդ կազմակերպությունից մի քանիսի հետ, որոնցից մեկն այսօր Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն է. խորհրդակցել եմ և գտել, որ այդ կազմակերպությունը պիտի վերակառուցվի ու սկսի իր գործունեությունը:

Ցանկացած բարձրաստիճան զինվորականի մեջ ես  նախ տեսնում եմ զինվորին. գեներալն իր հոգեբանությամբ պիտի զինվոր լինի, որպեսզի միշտ կարողանանք արձանագրել լավը: Չեմ ասի, թե լավը չկա, չէ՛, բայց թե՛ մեր կառույցը, թե՛ ողջ հասարակությունը, առավել ևս` մեր բարձրաստիճան զինվորականները պիտի պայքարեն բանակում տեղ գտնող արտասովոր երևույթների դեմ:

Ինչ վերաբերում է խոչընդոտներին, չեմ կեղծի, մեր կազմակերպության առջև շարունակ պատնեշներ են եղել, քանի որ մենք իրավական դաշտում չէինք գտնվում, պաշտոնապես գրանցված չէինք: Իրավական դաշտում կազմակերպությունը սկսել է գործել 2008-ից: Ո՞վ կուզենար, որ այդպիսի կազմակերպություն լիներ: Մենք պայքարում էինք խաղաղ պայմաններում զոհված, սպանված զինվորների դատական գործընթացների ժամանակ, որտեղ հաճախ տեղի էին ունենում թերի դատավարություններ, երբեմն ամբաստանյալներն իրական հանցագործները չէին, մենք` սևազգեստ բոլոր մայրերս, սևեռված էինք այդ հարցերի վրա, ուստի խոչընդոտներ չէին կարող չլինել:

– Շա՞տ էին կորուստները:

– Այո: Այնքան շատ էին, որ չէինք հասցնում լինել հանրապետության բոլոր դատարաններում, հետևել դատավճիռների կայացմանը, նեցուկ լինել արդեն իսկ ֆիզիկապես, հոգեպես բնաջնջված ծնողին, որ պետության կողմից ասես անպաշտպան լիներ:

Մարդասպանների կողքին բազմաթիվ պաշտպաններ կային, կեղծ վկաներ, կեղծ ցուցմունքներ, կոծկվում էր իրական պատմությունը, իսկ որդին չկար, որ պատմեր, թե ինչ է եղել իրականում: Դատարաններում մեզ բոլորը ճանաչում են: Ասեմ, որ մի 3 տարի առաջ բանակում ավելի շատ էին ողբերգական դեպքերը: Իհարկե, կարևոր է նաև կորուստների թիվը, բայց դրա հետևանքով ստացած ցավը, վերքը հաշվել, կշռել, բնութագրել հնարավոր չէ: Մենք` որդեկորույս մայրերս, ասես ընդամենը մի պատյան լինենք, որում ամփոփված են սոսկ մեր խեղված մարմինները, ճաքած, արնածոր սրտերը:

Մենք ստիպված ենք ապրել, լռել, զսպել, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգեպես չկործանվեն, չհաշմվեն: Մենք ապրում ենք և գոյատևում, պայքարում, որպեսզի չկրկնվեն այդպիսի ողբերգությունները:

– Ինչպե՞ս եք տեղեկանում դատավարությունների մասին: Ձեզ ինչ–որ ձևով տեղեկացնո՞ւմ  են, ծանուցո՞ւմ, թե՞ հրավիրում:

– Ոչ, իհարկե ոչ: Նույնիսկ մեր ներկայությունը ցանկալի չէ, ուր մնաց` ծանուցեն, հրավիրեն: Ծնողներն են մեզ գտնում. վերջերս զանգահարեցին և խնդրեցին, որ ներկա լինենք դիահերձարանում: Ես այլևս չեմ կարողանում, անգամ նկարները նայելիս սարսռում եմ, ուր մնաց դիահերձարանում նայեմ 18-20 տարեկան սպանված զինվորին: Առնվազն պիտի ռոբոտ լինես:

– Եղե՞լ է մի դատավարություն, որին մասնակցել եք, և որը տարիներ շարունակ ձգձգվել է, մեղավորներին չեն հայտնաբերել, չեն պատժել կամ գուցե չեն ուզում  հայտնաբերել:

– Այո, Մատաղիսի գործը, որ արդեն 9-10 տարի ձգվում է, և կալանքի են վերցրել գործի հետ կապ չունեցող 4 երիտասարդների: Քրեական ամբողջ գործով արդեն ապացուցված է, որ այս տղաներն իրական հանցագործները չեն: Դատախազության կողմից վերջերս այս հարցի վերջնական լուծումը տալու միտում եմ նկատում:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ  է ձեռնտու խոչընդոտել այս գործի բացահայտումը:

– Ասեմ, որ դա համակարգային խոչընդոտ է. վախենում են, որ մի գործի իրական բացահայտումից հետո մնացած չբացահայտված գործերի տուժածները ոտքի կկանգնեն:

– Հաճա՞խ եք լինում զորամասերում:

– Այո, մենք աշխատում ենք հնարավորինս լինել զինվորների կողքին: Երբ զորամաս ենք գնում, ես հերթապահ հարցը չեմ տալիս` ինչպե՞ս եք, այլ հարցնում եմ, թե ովքեր կցանկանան պարտադիր զինվորական ծառայությունից հետո շարունակել ծառայել, բայց, ցավոք, այդ հարցիս գրեթե ոչ ոք դրական չի արձագանքում: Եթե արձագանք լիներ, կասեի, որ առաջընթաց ունենք:

– Ձեր կարծիքով` ո՞վ է պատասխանատու  զինվորի կյանքի համար:

– Շատերին թվում է, թե միայն պաշտպանության նախարարն է պատասխանատու: Նա, իսկապես, լավ մարդու, զինվորականի բարձր վարկանիշ ունի, բայց ողջ պատասխանատվությունը գցել նրա վրա, ճիշտ չի լինի. մեր բանակն ունի գլխավոր շտաբի պետ:

– Բանակում լինում են նաև ինքնասպանություններ (այդպես են ձևակերպում): Եթե մարդը հոգեկան ինչ–ինչ շեղումներ է ունենում, ինչո՞ւ է զինվորական բժշկական հանձնախումբը նրանց առողջ որակում, և այդ տղաները զորակոչվում են բանակ:

– Ես էլ եմ հարցնում. ինչո՞ւ են այդպիսի դեպքերը լրատվամիջոցներով հնչում որպես ինքնասպանություն. թող գրանցվի այսպես` ունենք մահվան դեպք: Միայն մանրամասները քննելուց և համապատասխան փորձաքննությունից, փաստերը ճշտելուց հետո կարելի է նման հայտարարություն անել, եթե դա համապատասխանում է իրականությանը: Ինքնասպանություն: Մի՞թե մեզ ձեռք է տալիս թուլամորթ տղաներ ունենալը, հայ մայրերն այդպիսի՞ տղաներ են ծնում: Ժամանակի ընթացքում պարզվում է, որ դրանք ոչ թե ինքնասպանություններ, այլ սպանություններ են: Հաճախ մեր հասարակությունը տղա երեխային ճիշտ չի դաստիարակում` չթողնելով շփվել շրջապատի հետ, մեկուսացնելով նրան: Նա պիտի շփվի ամեն տեսակ մարդկանց հետ, որովհետև բանակում նա հանդիպելու է ամենատարբեր ընտանիքներից, տարբեր հակասական բնավորությունների տեր մարդկանց հետ:

Երբ ընտանիքն իր տեղում, իր դերում լինի, դպրոցն` իր, տղաները ճիշտ կդաստիարակվեն:

Մենք սահմանների պաշտպանության խնդիր ունենք և թերարժեք տղաներ մեծացնելու իրավունք չունենք: Ժողովուրդը ՀՀ նախագահ է ընտրում, մենք` մայրերս, զինված ուժերի գլխավոր հրամանատար, և այս հարցով պիտի դիմենք պարոն Սերժ Սարգսյանին. «Պարո՛ն Ս. Սարգսյան, զոհված զինվորների մայրերը Ձեր կողմից բազմիցս հնչեցրած` «Ինչպե՞ս անենք, որ բանակում զոհեր չունենանք խաղաղ պայմաններում» հարցին պատասխանում են` չպետք է քողարկվեն այդպիսի դեպքերը, պետք է յուրայինների ձեռքերով սպանված զինվորների ծնողները միանվագ 100.000 դոլար գումար ստանան, և ընտանիքը պետք է ազատվի պետական հարկ ու տուրքից, վարձավճարներից: Եթե դիպչենք համապատասխան անձանց գրպաններին, այդ ժամանակ բանակը երևի բանակ կլինի»:

Կոչ եմ անում նաև դպրոցներին, որ ռազմագիտության դասերը նպատակին ծառայեն, ճիշտ դաստիարակեն ապագա զինվորին, չսահմանափակվեն գրքային ուսուցմամբ, աշխատեն նաև հոգեբանական առումով, կոչ եմ անում և պահանջում, որ որոշ պաշտոնյաներ իրենց շատ առողջ զավակներին չպահեն տաքուկ անկյուններում և արտասահմաններում, այլ ուղարկեն ծառայության: Չի կարելի առանձնացնել Ղարաբաղ և Հայաստան, մենք նույնն ենք, նույնն է մեր խնդիրը` պահել սահմանները:

Մեր ձեռքի տակ կա ծնողի դիմում, որով սպանված զինվորի մայրը դիմել է ԵԱՀԿ գրասենյակ` գործի քննության հարցով հետևողական լինելու համար: Ստացվել է պատասխան, որում ասվում է, թե ԼՂՀ-ն առանձին պետություն է, և իրենք իրավասու չեն զբաղվելու այդ հարցով: Այսինքն, եթե այդ սպանությունը լիներ Հայաստանում, իրենք կընդառաջեի՞ն:  Չի կարելի այսպես:  Իսկ ինչո՞ւ միակ որդուս` Անդրանիկ Սիլակյանին Ղարաբաղ զորակոչելուց առաջ չհարցրեցին` տիկին Արմենակյան, Ձեր որդուն տանե՞նք Ղարաբաղ:

– Ձեր կազմակերպությունը գործում է հասարակական հիմունքներով, բայց ունեք գրասենյակ, մեկնում եք զորամասեր, ի՞նչ միջոցներով:

– Մեր իսկ միջոցներով: Ես իմ անձնական թոշակով մեդալներ եմ պատրաստել տալիս, որով խրախուսում ենք զինվորներին:

– Հովանավորներ փնտրե՞լ եք:

– Թերացել եմ այդ հարցում, բայց օգնություն ստացել ենք Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից. նա իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետից ամենաթանկ քաղցրեղենն է տրամադրել զորամասեր տանելու համար, նաև մեր որդեկորույս մայրերին ծաղիկներ ու քաղցրավենիք է նվիրել: Կազմակերպության գրասենյակը եղել է վճարովի, իսկ այս տարվանից` անվճար: Ունենք դահլիճ, որտեղ շատ միջոցառումներ ենք անցկացնում:

– Տիկի՛ն Արմենակյան, սա Ձեզ համար աշխատա՞նք է, պարտավորությո՞ւն, թե՞ վրեժի դրսևորման միջոց:

– Վերջին բառն ինձ սարսռեցրեց: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մայրերից, որ ես, դեռևս կորուստ չունեցած, չէի մտածել այսպիսի կազմակերպություն հիմնելու մասին: Մենք ոչ թե սևազգեստ, այլ սևսիրտ մայրեր ենք, բայց թևաթափ չենք լինում: Ես II կարգի հաշմանդամ եմ, բայց դա երբեք չի խոչընդոտում, որ ես աշխատեմ, ներկա լինեմ դատավարություններին: Այս աշխատանքը սեր է առ հայ զինվորը, առ Հայոց բանակը, իմ Հայրենիքը: Ես ինձ իմ Հայրենիքի մի զինվորն եմ համարում:

– Տիկի՛ն Արմենակյան, տեղեկացա, որ գնդապետի կոչում եք ստացել:

– Դա ոչ թե նախարարությունից, այլ մահապարտների հայրենանվեր կառույցի կողմից եմ ստացել. ըստ իրենց կանոնադրության` նրանք իրավասու են կոչում տալու:

– Ձեր մաղթանքը Հայոց բանակին:

– Երազում եմ տեսնել միավորված, մեծ, հզոր Հայաստան: Բանակին հաջողություններ եմ մաղթում, խաղաղ, առանց փորձանքների ծառայություն: Թող այն լինի խաղաղության հզոր բանակ: –    Բարև’, զինվոր, բարև ասեմ ու գիշերը հանգիստ քնեմ: Երբեք գույժ չլսեմ բանակից:

 

Հարցազրույցը` Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ