Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2013» ցուցահանդես

3788_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:

Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

download (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանադակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերը և նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ փոխգործակցության զարգացմամբ, տարբեր բնագավառներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման շարունակականությամբ և խորացմամբ:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել համագործակցության հեռանկարներին և ուղղություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների շուրջ: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և պատրաստ է դիտարկել երկկողմ համագործակցության շուրջ մոտեցումներն ու մտքերը, որոնք ուղղված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Մայիսյանի գյուղապետը թալանո՞ւմ է համայնքի բյուջեն

-050

Ֆեյսբուքյան օգտատեր Գոր Հովհաննիսյանն իր էջին գրառում է կատարել` Մայիսյանի գյուղապետի կողմից կատարվող չարաշահումների մասին.

«Իշխանությունների մասին կարծիք է ձևավորվում առաջին հերթին իշխանություն ստորին օղակների հետ աշխատանքի արդյունքում: Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը իր գործունեությամբ հասցրել է երեք անգամ կուսակցություն փոխել՝ ՀՀՇ, ՕԵԿ, ՀՀԿ և բավականին հեշտ ինտեգրվելով նոր կուսակցությանը՝ շարունակում է իր գործը՝ թալանել համայնքը: Փող, փող, փող սա է նրա նշանաբանը, գումարը նրա համար օրգազմի աղբյուրա, չմտածելով որ հնարավոր չէ և հաճույք ստանալ և կույս մնալ. Օգտվելով այն առիթից որ գյուղում ունի բավական մեծ ազգություն իսկ եզդիների հետ քավոր սանիկություն, ինչպես նաև գյուղի պառակտվածությունից ու ոչ մրցունակ թեկնածուի առկայությունից, օգտագործելով տարաբնույթ մեթոդներ ամեն անգամ վերընտրվում է, իսկ գյուղը անկում է ապրում, խնդիրները բազմաթիվ են. 400 տնտեսություն ունեցող գյուղի 150 տնտեսության տնամերձ հողամասերը շուրջ 30 հա ամբողջությամբ ամաացել են նմանվելով Սահարային բառիս ուղիղ իմաստով. իսկ մնացած հողակտորները ջրվում են անկանոն, այդ իսկ պատճառով գյուղում հողագործութամբ զբաղվողները շատ քիչ են. գյուղապետ աշխատելու ընթացքում հասցրել է կուտակել բավականին սեփականություն իր, կնոջ, որդու անունով: Տղան 2005 թ ձևակերպված է որպես խորհրդական, իսկ 2012 թ.-ից վարորդ, սակայն աշխատանքային պարտականութուններով չի զբաղվում. Չնայած գյուղի սոցիալական վատ վիճակին 2013թ գյուղապետարանին պատկանող վազ 21 07 մակնիշի շահագործվող ավտոմեքենան իբր աճուրդով օտարեց, սակայն գյուղում ոչ մեկը չիմացավ դրա մասին այն դեպքում, երբ գնել ցանկացողներ կային և բազմիցս հետաքրքրվել էին, արդյունքում գյուղապետը մի քանի հարյուր դոլար աշխատեց վերավաճառելով մեքենան. 5.5 միլիոն դուրս գրեց նոր մեքենայի հաար, շռայլություն մեր գյուղի համար, որի բյուջեն 40 միլիոնից քիչ ավելա,կլորիկ գումար գազ տեղադրելու համար, նոր մեքենայի ավտոմասեր ձեռք բերելու համար գումար դուրս գրելու առաջարկը մերժվելուց հետո, այլ հատկացումներից օգտվեց ( իբր ավտոյի համար պարտք եմ մնացել), մեքենան օգտագործում են ինչպես սեփականը, տույժերը մուծում է գյուղապետարանը.

Սոցիալական ֆոնդ հատկացվում է 4 միլիոն, կոռուպցիայի հետաքրքիր աղբյուր. Բաշխումը կամայան ձևով, մեկի քվեարկություն կաշառք, մյուսին իրա մարդը լինելու համար, մեկ մեկ էլ անապահովներին, երիտասարդական ֆոնդ 1 միլիոն, փոշիացվում է ամբողջությամբ և գրպանվում:
Ճանապարհների վերանորոգում 1 միլիոն, քանդված ու անանցանելի ճանապարհներն ամեն ինչ ասում են, մի քանի ավտո անորակ ավազ, մնացածը` գրպանը:
1 միլիոն աղբահանություն, իրականում ծախսվում է 300 հազար,
մշակույթի տան հոսանքի ծախսի համար կլորիկ գումար, սակայն մշակույթի տունը չի շահագործվում, իսկ գրադարանը այնտեղ տեղակայված ձմռանը չի գործում, որ տաքացնելու խնդիր լինի: 2012-13 թթ երկրապահների համար գումար է հատկացվել, սակայն յուրացվել,

գյուղի մեկ ընտանիքի գազաֆիկացման համար հատկացվել է 1.8 միլիոն դրամ այն էլ ապահովված ընտանիքի, ըստ հավաստի տվյալների նույն բնակչից ստացել է ծախսած գումարի կեսը որպես կաշառք
համայնքային ծառայողների ատեստացիան անցկացվում է կեղծիքներով, առանց ծառայողի մասնակցությամբ:

Կարկուտիվ տուժած ընտանիքներին հատկացվող 40 հազարական դրամները բաշխել է ըստ ճաշակի, շախմատաձև. տվել նաև առվույտ ունեցող ծանոթ- բարեկամներին, որոնց մարզպետի հրահանգով չպիտի տար: Շրջանցելով մի շարք տուժած անապահովներին` օգնություն է տրամադրել նաև իր որդուն և կնոջը` որպես տուժածներ: Բազմաթիվ են չարաշահումներն ու խախտումները, եթե վերջի մի քանի տարվա կտրվածքով գոնե բյուջեի, գույքի օտարման, հողերի վաճառքի ստուգումներ անցկացվեն, համոզված եմ որ այլևս ՀՀԿ-ն չի ցանկանա ունենալ նման գուղապետ, պատիժն էլ կլինի ըստ արժանվույն»,-գրել է օգտատերը:

Չինուհուն խայթել է “ալկոհոլային” օձը

345126Չինաստանում  գինու մեջ մարինացված օձի խայթոցից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց:

Օձն անսպսասելի խայթել  է կնոջը, այն պահին, երբ վերջինս փորձել է գինի ավելացնել օձով  շշի մեջ: Երբ կինը փորձել է  փայտիկով ուղղել օձի դիրքը` սողունն անսպասելի դուրս է թռել շշից ու խայթել կնոջ թևը: Թե ինչպես է օձը 3 ամիս կենդանի մնացել գինու փակ շշի մեջ, անհայտ է: Կնոջ աղաղակից ընտանիքի անդամներից մեկն օգնության է վազել ու սատկացրել “հարություն” առած օձին: Կինն ամեն օր մեկ բաժակ այդ գինուց է խմել ռևմտաիզմի բուժման նպատակով: Նա կենդանի օձ է գնել` թուրմի համար:

Չինաստանում նման թուրմերը շատ տարածված են, քանի որ տեղաբնակները համոզված են դրանց բուժիչ հատկությանը:

 

 

 

 

 

 

 

Նախագահը ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

3781_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը:

Հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բարձր գնահատել նրա հայապահպանությանն ուղղված ջանքերը և պարգևատրել Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներից մեկով՝ Պատվո շքանշանով:

Ընդգծելով, որ Մայր Աթոռում մշակութային այդ հրաշալի կենտրոնի բացումը Հովհաննես Չիլինկիրյանի տարիներով փայփայած երազանքն էր՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ բարերարի կողմից թանգարանին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր հավաքածուն, որը լավագույնս է բնութագրում իր ժողովրդի ծանր ճակատագիրը կիսած և իր հայրերի սրբազան հավատքի համար նահատակված մեծ մտավորականին՝ Ռուբեն Սևակին, անչափ օգտակար և հետաքրքիր կլինի թանգարանի բոլոր այցելուների համար:

Ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նման բարձր պարգևի իրեն արժանացնելու, իսկ Վեհափառ Հայրապետին՝ շուրջ հիսուն տարիների իր մեծ երազանքը հայրենիքում իրականացնելու գործում ընդառաջելու և աջակցելու համար:

Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

1338388513-88Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

hay-dirqapahneri-ugh-n37009-1ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Լիտվան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Նախարար Արմեն Աշոտյանը Դաինիուս Պավալկիսին շնորհակալություն է հայտնել` Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, որպես ԵՄ նախագահող երկիր,  կրթության նախարարների երևանյան հանդիպմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Լիտվայում ընթացող կրթական բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար: Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակությունն առավել արդյունավետ է ընթանում, մասնավորապես, միջբուհական համագործակցության ոլորտում:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի` հետխորհրդային համակարգից դեպի եվրոպականի անցման փորձը, որը, ըստ նախարարի, բավական տպավորիչ է: Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնումն ու  շարժունության ակտիվացումը:
Նախարար Դաինիուս Պավալկիսն իր հերթին ներկայացրել է Լիտվայի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, բուհերի ինքնավարության, եվրոպական կրթական միասնական տարածքի ինտեգրման, բուհական ընդունելության քննությունների, ինչպես նաև բուհերի ենթակառուցվածքների և ուսանողական հանրակացարանների արդիականացմանն ուղղված փորձը:

Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների խնդրին` երկու երկրների նախարարները նշել են, որ դրանց թիվը Հայաստանում և Լիտվայում գրեթե նույնն է` 5-7 տոկոս` ընդգծելով, որ  երկու երկրների կառավարությունները  որպես առաջնահերթություն են դիտարկում  օտարերկրյա ուսանողների ներգրավումը:

Հանդիպման ավարտին նախարարները նշել են, որ պատմականորեն իրար նման երկու պետությունների կրթական հիմնախնդիրները հիմնականում նույնն են` ինչպես ԵՄ տարածքում, այնպես էլ դրանից դուրս, որոնք պահանջում են համատեղ լուծումներ գտնելու ջանքեր:

«Մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից». Շ. Ֆյուլե

c0c11218-c9a6-46c1-9f25-c850da70f78fԵվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:

«Ազատություն»․ – Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում կա՞ Հայաստանի համար, թե՞ ամեն ինչ վերջացած է:

Ֆյուլե․ – Ոչ, վերջացած չէ, և մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից: Նման բան տեղի չի ունենալու: Նախ՝ մենք քննարկեցինք տեղի ունեցածը և Մաքսային միությանը միանալու նախագահի որոշումը, և ես նրան վստահեցրեցի, որ այն, ինչ մենք պահանջում ենք ուրիշներից՝ հարգել ազատ ընտրություն կատարելու իրավունքը, մենք ինքներս էլ ենք հարգում ազատ ընտրություն կատարելու այդ իրավունքը: Սա է ամբողջը: Ուզում եմ ասել՝ մենք չենք պահանջել և ակնկալել մեր հարևաններից ինչ-որ բան անել, իսկ ինքներս՝ ուրիշ կերպ վարվել:

Մենք մի փոքր խոսեցինք անցյալից՝ բանակցություններից, հավատից և փոխվստահությունից: Թերևս ավելի կարևոր է այն, որ մենք քննարկեցինք, թե ինչպես առաջ շարժվել՝ հիմնվելով մինչ այժմ մեր ունեցած ձեռքբերումների, հայաստանցիների համար շատ կարևոր մի շարք ոլորտներում՝ բարեփոխումների և արդիականացման, շարժունակության, փոխադարձ կապերի, լավ կառավարման, օրենքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և ոլորտային կոռուպցիայի խնդիրների շուրջ տարիների համագործակցության և բանակցությունների վրա:

Ես ասացի նախագահին, որ որոշակի սկզբունքներ կան, որոնցից մենք չենք հրաժարվելու: Դրանցից մեկն այն է, որ մեր գործընկերները իրենք են ձևակերպում իրենց հավակնությունները, այն ճանապարհը, որով իրենք հասնելու են ընտրված արժեքներին և սկզբունքներին, և մենք հնարավորը կանենք այդ հավակնություններին համարժեք կերպով պատասխանելու մեր քայլերով և աջակցությամբ:

«Ազատություն»․ – Կարո՞ղ եմ ասել, որ սա Ձեզ համար շոկ էր, որ Դուք չէիք ակնկալում ուղղության այս անսպասելի փոփոխությունը: Գիտենք, որ գոնե հայաստանցիների համար շատ անսպասելի էր սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: Ձեզ այդ մասին նախապես տեղեկացրե՞լ էին՝ նախքան այս հայտարարությունը: Թե՞ դա Ձեզ համար լիակատար շոկ էր, անսպասելի մի տեղեկություն:

Ֆյուլե․ – Այսպես ասեմ՝ մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները:

«Ազատություն»․ – Եկեք խոսենք մեկ այլ խնդրի մասին: Դուք խոսում էիք Ռուսաստանի մասին: Հայաստանի ղեկավարներն ասում են, որ իրենք ռուսական կողմից սպառնալիքներ չեն ստացել, և տարբեր պաշտոնյաներ ասել են՝ սա մեր քաղաքականությունն է եղել, մենք միշտ էլ Ռուսաստանի հետ ենք եղել: Այսօր Հայաստանի արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ մեր դաշնակցային հարաբերություններին Ռուսաստանի հետ»: Արդյոք այս հայտարարությունը Ձեզ համար անսպասելի չէ՞ր, որևէ հակասություն չկա՞:

Ֆյուլե․ – Ոչ, այս հայտարարությունը անսպասելի չէր, որովհետև երբ որևէ մեկն ասում է՝ ա, կարելի է ակնկալել, որ նաև ասելու է՝ բ: Եվ երբ Հայաստանի նախագահը որոշեց երկիրը տանել Մաքսային միության ճանապարհով, մենք գիտեինք, որ դրան կհետևի մեկ այլ հայտարարություն, որը կպարզաբանի կամ կձևակերպի Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակը: Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին…

«Ազատություն»․ – Այո, ճնշումների մասին․․․

Ֆյուլե․ – Այո, ինձ այդ բառը մտորումների տեղիք տվեց: Հայաստանյան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ մեզ երբևէ որևէ բան չի ասվել ճնշումների մասին: Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում հարցականի տակ դնել այստեղ՝ Հայաստանում իմ զրուցակիցների անկեղծությունը:

Հասկանո՞ւմ եմ ես արդյոք Հայաստանի դիրքորոշումը․․․ Տեսեք, միայն քարտեզին նայելը բավական է հասկանալու համար այն որոշակի գործոնները և տեսակետները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները ստիպված են հաշվի նստել իրենց որոշումները կայացնելիս: Դրանք ակնհայտորեն ավելի նշանակալից են, քան մեր ցանկացած այլ գործընկերոջ մոտ:

Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [նախագահին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Բայց այսօրվա այս հանդիպումների նպատակն էր մեկմեկու հավաստիացնել, որ չնայած այս անսպասելի որոշմանը՝ առաջ գնալու տեղ դեռ կա:

Եվ իսկապես, ինչպես ես արդեն ասացի, կա որոշակի ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորություն: Եվ ես այսօր նաև խոսեցի քաղաքացիական հասարակության Ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ և հստակորեն ասացի, որ այն փաստը, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրից հրաժարվեց հօգուտ Մաքսային միության, չի նշանակում, թե եվրոպական օրակարգը, եվրոպական արժեքները և սկզբունքները անհետանալու են: Դա չի նշանակում, որ քաղաքացիական հասարակության ձեռքբերումները եվրոպական օրակարգն առաջ մղելու գործում, հիմնարար իրավունքների պաշտպանության արդեն ձեռք բերված մակարդակը կորչելու է: Մենք շարունակելու ենք նշանակալի ներկայություն ունենալ Հայաստանում և աջակցելու ենք քաղաքացիական հասարակությանը, աշխատելու ենք իշխանությունների հետ, որպեսզի այս ոլորտներում նահանջ չարձանագրվի, որպեսզի շարժվենք առաջ, թերևս ոչ այնքան արագ և ոչ այնքան համակողմանիորեն, բայց՝ շարժվենք առաջ:

«Ազատություն»․ – Պարոն Ֆյուլե, Դուք ասացիք, որ Ասոցացման համաձայնագրի նշանակալի մասը կազմում է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Հայաստանյան պաշտոնյաներն ասում են, որ իրենք պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Մինչդեռ Դուք, կարծես թե, ասում եք, որ դա անհնար է, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրից տարանջատել հնարավոր չէ: Դա այդպե՞ս է:

Ֆյուլե․ – Տեսեք, գործընկերների հետ երեքուկես տարվա ինտենսիվ բանակցություններից և համատեղ աշխատանքից հետո թերևս տեղին է ակնկալել, որ, ասենք՝ Հայաստանի պարագայում, որոշակի բաներ հստակ կլինեին այստեղի մեր ընկերների համար, բայց ես, ամեն դեպքում, օգտվեցի առիթից և իմ այսօրվա հանդիպումներում վերահաստատեցի հետևյալը․ մենք բանակցություններ ենք վարել ոչ թե երկու, այլ ընդամենը մեկ համաձայնագրի շուրջ, որը երկու մասից է կազմված՝ քաղաքական և առևտրային, որը նաև վերաբերում է իրավակարգավորիչ դաշտին, կամ օրենսդրության համապատասխանեցմանը: Այս երկու մասերի շուրջ բանակցությունները վարվել են երկու տարբեր թիմերի կողմից, սակայն մեկ մանդատի ներքո: Եվ բանակցությունների ընթացքում բանակցող թիմերը փոխադարձ կապեր են ստեղծել այս համաձայնագրի երկու մասերի միջև: Սա մեկ ամբողջական համաձայնագիր է, հնարավոր չէ դրա միջից ընտրել միայն այն մասերը, որոնք ուզում ես, և հրաժարվել այն մասերից, որոնք չես ուզում: Ես հարցրել եմ՝ գուցե ցանկանում եք վերստի՞ն բանակցել, և պատասխանն էր՝ ոչ:

Մենք պետք է ինչ-որ ձև գտնենք, որպեսզի այս երեքուկես տարիները մոռացության չմատնվեն, այսպես ասած՝ դեն չշպրտվեն: Պետք է դրանց հիմքի վրա առաջ շարժվելու ճանապարհ գտնել: Հայաստանի հետ հարաբերություններում այսօր մենք հիմնվում ենք Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա, որն արդեն բավական հնացած համաձայնագիր է, մեր հավակնություններն այժմ ավելին են, քան այն հնարավորությունները, որոնք ընձեռում է գործող համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ Հայաստանի ընդունած որոշման հետևանքով:

Այնպես որ, պետք է քննարկել հայերի հավակնությունները և տեսլականը հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա դնելու՝ այդ թվում մեր հարաբերությունների նոր իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք միանշանակ պատրաստ ենք: Ես նախագահին վստահեցրեցի այս մասին: Ես թվարկեցի այն ոլորտները, որտեղ աշխատանքի կարիք կա:

«Չենք հրաժարվելու Հայաստանից»

«Ազատություն»․ – Այսինքն, ի վերջո կարող է լինել մի փաստաթուղթ, որը կարող է ստորագրվե՞լ Վիլնյուսում: Կա՞ նման հնարավորություն:

Ֆյուլե․ – Ես կցանկանայի զգույշ լինել այս հարցում, որովհետև մենք խոսում ենք այս Ասոցացման համաձայնագրի գործընթացի մասին, որը տևել է երեքուկես տարի: Այսինքն՝ սա լուրջ խնդիր է: Չեմ ասում, թե փոխարենը մենք ունենալու ենք համարժեք նշանակության փաստաթուղթ, բայց միևնույն է՝ խոսքը վերաբերում է շատ լուրջ գործի՝ անդամ երկրների մասնակցության, մանդատի, նոր համաձայնագրի շրջանակների․․․ Այնպես որ, եթե մինչև Վիլնյուսը մենք կարողանանք առնվազն ձևակերպել, թե ինչի ենք ուզում հասնել, դա արդեն բավական մեծ առաջընթաց կլինի:

«Ազատություն»․ – Պարոն Ֆյուլե, եթե Հայաստանը գնա Վիլնյուս և ոչ մի փաստաթուղթ չստորագրի, դա շատ մեծ հիասթափություն կլինի շատ հայաստանցիների համար, ովքեր իրենց նույնականացնում են որպես եվրոպական մշակույթի կրողների: Եվ մենք գիտենք, որ Արևմուտքը և Եվրոպան միշտ ներգրավելու կողմնակից է, որովհետև դրա այլընտրանքը Հայաստանի մեկուսացումն է, և մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն իսկ ավտոկրատական մշակույթ է արմատավորվում, ինչը ակնհայտորեն այն չէ, ինչ Դուք կուզենայիք տեսնել: Ի՞նչ կասեք այս մասին:

Ֆյուլե․ – Տեսեք, մենք շարունակելու ենք մեր ներգրավվածությունը: Եվ անկախ այն բանից՝ մենք Վիլնյուսի գագաթնաժողովում ինչ-որ բան կունենանք, թե ոչ, ինչ-որ մի բան կլինի, քանի որ լինելու է գագաթնաժողովի ավարտական հռչակագիր, Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու և քննարկելու է ավարտական հռչակագրի տեքստը, որը սովորաբար բարդ փաստաթուղթ է լինում, և որը ոչ միայն ամփոփում է անցյալը, այլ նաև նախանշում է ապագայի ուղենիշները: Այնպես որ, այնտեղ հաստատ Հայաստանի հետ կապված շատ բան կլինի, նույնիսկ չնայած ստեղծված նոր պայմաններին. սա՝ մեկ:

Եվ հետո՝ ինչպես ասացի, մենք հաստատակամ ենք, որ չենք հրաժարվելու Հայաստանից և աջակցելու ենք երկրի տնտեսության արդիականացմանը և բարեփոխմանը և այն ամենին, ինչը կօգնի այս երկրին մերձենալ Եվրամիությանը՝ անկախ նրանից՝ Մաքսային միության կազմում է, թե դրանից դուրս։

«Ազատություն»․ – Առաջիկայում, մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, այլ անակնկալներ կանխատեսո՞ւմ եք՝ ասենք, օրինակ, որևէ այլ բան կարո՞ղ է տեղի ունենալ, վստա՞հ եք, որ մյուս գործընկերները նույնպես անսպասելի քայլերի չեն դիմի: Գիտենք, օրինակ, որ Ուկրաինան, Մոլդովան նույնպես մեծ ճնշման տակ են, և գիտենք, որ Եվրոպական խորհրդարանը Ռուսաստանի խստորեն քննադատող փաստաթուղթ է ընդունել, և հենց Դուք էլ Ձեր հայտարարության մեջ նշել եք մի բան, որ վերաբերում է նաև մեզ՝ հայերիս: Խոսքը հակամարտությունների՝ որպես լծակ օգտագործումն է Ռուսաստանի կողմից: Դուք հայտարարել եք, որ կանգնելու եք այն գործընկերների կողքին, որոնց նկատմամբ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում: Կմեկնաբանե՞ք սա, և կոնկրետ ի՞նչ եք անելու գործընկերներին աջակցելու համար:

Ֆյուլե․ – Կարծում եմ, մենք հստակ կարող ենք ասել, թե ինչ ենք ակնկալում Ռուսաստանից: Առաջինը՝ հարգել իր գործընկերների ցանկությունները: Եվ երկրորդը՝ մենք արդեն բավական ժամանակ է Ռուսաստանին կոչ ենք անում մեզ հետ քննարկել ոչ միայն Ասոցացման պայմանագրի և Մաքսային միության միջև հարաբերությունները, քանի որ կա մի բաղադրիչ, որը թույլ չի տալիս, որ այս երկու հասկացությունները համատեղելի լինեն, այլ նաև քննարկել ապագա հարաբերությունները ինտեգրացիոն մեկ գործընթացի, որը արդեն մի քանի տասնամյակ գործում է եվրոպական տարածքում՝ Եվրամիությունը, և մեկ այլ ինտեգրացիոն գործընթացի՝ Եվրասիական միության, որը ստեղծման փուլում է և հավանաբար 2015 թվականին արդեն իրականություն կդառնա, քանի որ այստեղ ես ակնկալում եմ, որ մենք երկուսս էլ պետք է մեծ աշխատանք կատարենք, որպեսզի մեր համագործակցության հիմքերը, երկու ինտեգրացիոն գործընթացների իրավակարգավորիչ դաշտը համատեղելի լինեն:

Կարող եմ հստակորեն ասել, որ Ասոցացման համաձայնագրից շահելու են թե՛ մեր գործընկերները, թե՛ նրանց հարևանները: Կարող եմ հստակորեն ասել, որ Ասոցացման համաձայնագիրը Եվրոպական միության անդամ երկրների նշանակալից և հստակ ներդրումն է ապագայում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու գործում:

Եվ երբ դուք խոսում էիք գործընկերների կողքին կանգնելու մասին՝ ես անդրադարձա Ռուսաստանին, բայց նաև մենք հավաստիացրել ենք մեր գործընկերներին, որ եթե նրանք իրենց ազատ ընտրությունը կատարելու ճանապարհին ճնշումների ենթարկվեն, նրանք կարող են հույս դնել մեր համերաշխության վրա: Համերաշխությունը Եվրոպական միության համար դատարկ բառ չէ: Մենք հպարտ ենք, որ այս սկզբունքի հարցում միշտ մեր խոսքի տերն ենք եղել:

Ինչ վերաբերում է Մոլդովայի պարագային, որի մասին դուք հիշատակեցիք․․․ Ոչ միայն գինու, այլև մի շարք այլ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը Ռուսաստանի կողմից ընդունվել է մի քանի օր առաջ, և մենք արդեն քայլեր ենք ձեռնարկել որոշակի իրավական դաշտ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա մեծացնել Եվրամիություն մոլդովական գինու ներմուծման քվոտաները:

«Ազատություն»․ – Այսինքն՝ դա փոխհատուցման պես մի բան է՝ նրանք ինչ-որ բան կորցնում են, փոխարենը շահում են ինչ-որ բան:

Ֆյուլե․ – Այո, և մենք պատրաստ ենք այլ հարցերում նույնպես օգնել, օրինակ՝ Ուկրաինայի հետ ստորագրվելիք համաձայնագիրը մենք փորձելու ենք դարձնել հնարավորինս կիրառելի և առարկայական և այնպես ենք անելու, որ դրա դրույթները հնարավորինս շուտ ուժի մեջ մտնեն: Մեկ այլ օրինակ՝ եթե մենք կարողանանք Վիլնյուսի գագաթաժողովում նախաստորագրել Ասոցացման համաձայնագրերը Մոլդովայի և Վրաստանի հետ, Եվրահանձնաժողովը հստակորեն խոստացել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի այդ փաստաթղթերի ստորագրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցվեն մինչև այս Եվրահանձնաժողովի պատասխանատվության ժամկետի ավարտը:

Եվ սա կարևոր է, որովհետև, անկախ այն բանից՝ դա ինձ դուր է գալիս թե ոչ, Եվրամիությունում նման փաստաթղթերը ստորագրման պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակը շատ ավելի երկար է տևում, քան ցանկալի է, սակայն այս երկու երկրների դեպքում մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, գրեթե անհնարինը, որպեսզի դրանք հնարավորինս արագ ստորագրվեն:

«Ազատություն»․ – Վերադառնալով Հայաստանին, այստեղ որոշ քննադատներ, որոնց նույնիսկ կարելի է եվրոպամետ համարել, ասում են, որ Եվրամիությունը բավարար քայլեր չգործադրեց, որպեսզի Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ վստահություն, քաջություն ներշնչեր՝ ռուսական ճնշմանը դիմագրավելու համար: Նրանք ասում են, որ նույն Եվրամիությունը Արևելյան գործընկերության մյուս երկրներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերեց, քան Հայաստանին: Այս օրերին Հայաստանում այսպիսի մեկնաբանություններ են հնչում: Ի՞նչ կպատասխանեք այս քննադատություններին:

Ֆյուլե․ – Մենք մեր գործընկերների միջև տարբերություն չենք դնում, մենք նախընտրելի և պակաս նախընտրելի գործընկերներ չունենք: Դա բացարձակ անհեթեթություն է: Մենք մեր բոլոր գործընկերների նկատմամբ որդեգրել ենք նույն մոտեցումները՝ նրանց առաջարկելով Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և որպես արդյունք՝ Եվրոպական միության հետ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրացիա ունենալու այս հնարավորությունը: Եվ միևնույն ժամանակ, իհարկե, այդ բանակցությունների ընթացքում մենք հաշվի ենք առել յուրաքանչյուր գործընկերոջ առանձնահատկությունները: Այնպես որ, մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որպեսզի այս նպատակը գրավիչ դարձնենք Հայաստանի՝ Հայաստանի ժողովրդի և իշխանությունների համար:

Նաև կարևոր է նշել, որ երկիրը պետք է հնարավորություն ունենա ազատ կերպով ընտրություն կատարել: Եվ ես չեմ կարծում, որ Եվրամիությունը պետք է փորձի ազդել այդ ընտրության վրա: Մենք պետք է զբաղվենք այլ բանով՝ մենք պետք է այնպես անենք, որ մեր գործընկերները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ազատ լինեն իրենց սեփական կամքով ընտրություն կատարելու հարցում։ Որպեսզի նրանք հնարավորություն ունենան գնալով ավելի քիչ հաշվի նստել այլ արտաքին գործոնների հետ: Որպեսզի նրանց ներքին քաղաքական իրավիճակը և առավել ևս ազգային շահը լինեն որոշիչ գործոնը, ոչ թե ինչ-որ մեկ ուրիշի շահը: Եվ մենք զբաղվելու ենք դրանով, այլ ոչ թե փորձելով հարկադրել մեր գործընկերներին ինչ-որ որոշում կայացնել:

«Փորձում ենք կողմերին նախապատրաստել հակամարտության լուծման համար»

«Ազատություն»․ – Ես չեմ կարող չտալ այս հարցը՝ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Որովհետև Եվրոպան այս բանակցային գործընթացի շատ ու շատ կարևոր մասն է կազմում: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան, օրինակի համար, ինչ-որ առումով ստանձնել է այս գործընթացում Եվրամիությունը ներկայացնելու դերակատարությունը: Բայց ես կարծում եմ, որ թերևս բավարար քայլեր չեն արվել: Ձեր հայտարարությունում, օրինակ, Դուք ասում եք, որ գործընկեր երկրներից անվտանգության երաշխիքների դուրսբերումը անընդունելի է: Դուք, թերևս, սրանով նկատի ունեք, որ Ռուսաստանը կարող էր Հայաստանին ակնարկել, որ չի տրամադրի այն աջակցությունը, որը տրամադրում էր նախկինում: Այլ կերպ ասած՝ Դուք, թերևս, բավարար քայլեր չեք ձեռնարկել ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար, թերևս կարող էիք ավելի՞ն անել: Կա՞ ինչ-որ ծրագիր, որպեսզի Եվրոպան այս գործընթացի ավելի ուղղակի մաս կազմի, կամ ազդեցություն ունենա դրա վրա:

Ֆյուլե․ – Դա դժվար թե տեղի ունենա առկա գործընթացի հաշվին, և դժվար թե դա կարողանա տեղի ունենալ առանց հակամարտության կողմերի շահագրգռվածության: Մինսկի խումբը արդեն վստահություն վայելող ձևաչափ է այս՝ Հարավային Կովկասում վաղուց գոյություն ունեցող և շատ լուրջ հակամարտության բանակցային գործընթացում: Եվ թեև մենք կարող էինք մի կողմ քաշվել և ափսոսանք հայտնել, որ մենք ավելի մեծ դեր չենք ստանձնել, և նշեմ, որ Ֆրանսիայի ներկայացուցիչը ներկայացնում է Ֆրանսիան, այլ ոչ թե Եվրամիությունը, բայց մենք դա չենք անում: Մենք ունենք հատուկ ներկայացուցիչ, ով հնարավորն անում է՝ աշխատելով համանախագահների հետ, ինչպես նաև Երևանում և Բաքվում իշխանությունների հետ աշխատելով, որպեսզի ավելի լավ պայմաններ ստեղծվեն լուծում գտնելու համար: Եվ հետո՝ մենք անցած երկու-երեք տարիներին զգալի ջանքեր ենք ներդրել կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Բացի այդ, մենք փորձում ենք կողմերին նախապատրաստել հակամարտության հնարավոր լուծման համար: Եվ երբ հնարավորություն կլինի, որպեսզի մենք ավելին անենք, մենք առաջինը կօգտվենք այս հնարավորությունից և քայլեր կձեռնարկենք, քանի որ մեր հարևան տարածքում դժվար թե կայունություն հաստատվի, եթե այստեղ սառեցված հակամարտությունները մնան սառեցված և չհանգուցալուծվեն:

«Ազատություն»․ – Այժմ դառնալով Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն, ասեմ, որ այստեղ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե այնտեղ որոշակի դրույթներ կան, որոնցով նախատեսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետեր տեղադրել: Սրանք հիմնավորվա՞ծ են, եթե, իհարկե, սա գաղտնիք չէ:

Ֆյուլե․ – Նախ՝ ցանկացած մարդ, ով ցանկանում է համաձայնագրի բովանդակության մասին դատողություններ անել, պետք է բերի ու ցույց տա այդ տեքստը: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ մենք միշտ շատ ու շատ ուշադիր ենք եղել, որպեսզի մեր քաղաքական ասոցացման առաջարկը, ինչպես նաև մեր տնտեսական և առևտրային կապերի խորացման առաջարկը ավելի լայն հնարավորություններ ընձեռի այդ տարածքների մարդկանց համար և ստեղծի հակամարտության լուծմանը առավել նպաստող միջավայր:

Մենք միշտ ջանացել ենք, որպեսզի թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն որևէ նոր արհեստական խոչընդոտներ չստեղծենք հակամարտության լուծման համար, անկախ այն բանից՝ մենք խոսում ենք Հայաստանի, Վրաստանի, թե Մոլդովայի մասին: Դա միշտ շատ կարևոր նախապայման է հանդիսացել այս Ասոցացման համաձայնագրի տեքստի ստեղծման հարցում:

«Համագործակցության դուռ»` Հայաստանի և Թուրքիայի միջև

«Ազատություն»․ – Ես կցանկանայի մի հարց տալ հայ – թուրքական սահմանի վերաբերյալ: Ինչպես գիտեք՝ սահմանը փակ է, և մեր նախագահը Ձեզ ուղղված քննադատական մի հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ նախքան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելը Դուք պետք է համոզեիք Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը: Չէ որ Թուրքիան նույնպես Եվրամիության հետ որոշակի համագործակցության համաձայնագիր ունի:

Ֆյուլե․ – Նախ թույլ տվեք ասել, որ մենք ի սկզբանե աջակցել ենք սահմանի բացման ուղղությամբ հայաստանյան խիզախ նախաձեռնությունները: Եվ մեր այդ աջակցությունը այժմ էլ առկա է, մենք որևէ հնարավորություն բաց չենք թողնում մեր թուրք գործընկերներին կոչ անելու՝ Երևանի հետ միասին աշխատել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Բացի այդ, այստեղ կատարած իմ նախորդ այցի ժամանակ՝ հուլիսին, մենք բավական ժամանակ ծախսեցինք Ասոցացման համաձայնագրի տարածաշրջանային հետևանքները քննարկելու վրա:

Մենք՝ Եվրամիությունը, Թուրքիայի հետ մաքսային միություն ունի: Եվ երբ Եվրամիությունը բանակցություններ է վարում ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ, այս մաքսային միության գոյությունը ենթադրում է, որ Թուրքիան նույնպես պետք է տվյալ գործընկերոջ հետ նույնանման համաձայնագիր կնքի: Եվ մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես կարելի է օգտագործել այս Ասոցացման համաձայնագիրը և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցության այդ դուռը: Բայց այժմ մենք հավանաբար այդպես էլ չենք իմանա՝ դա արդյունք կտա՞ր, թե՞ ոչ:

 

ՁԻԱՀ-ով հիվանդը միտումնավոր կերպով վարակ է տարածել

o_469182ՁԻԱՀ-ով վակակված աֆրիկյան ծագումով բրիտանացին, որն  իր սեքսուալ զուգընկերուհիներին  է փոխանցել վարակը, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Տղամարդն իմացել է իր հիվանդության մասին ու սեքսուալ հարաբերություններ ունեցել առանց պահպանակների: Նա ցանկացել է, որ աղջիկները նոր ու ավելի շատ տղամարդկանց վարակեն:

Իր առաջին զոհերից մեկին 32-ամյա տղամարդը վարակել է, երբ աղջիկն ընդամենը 16 տարեկան էր: Շուտով աղջիկն իմանում է, որ հղի է, ընդ որում, նա նույնիսկ գլխի չէր ընկել, որ իր սիած տղամարդը մահացու հիվանդություն ունի: Աղջիկը պատահաբար է իմանում դրա մասին, երբ անցնում է բժշկական հետազոտություն Այդ ժամանակ արդեն  լրացել էր երեխայի 1 տարին:

Երբ բացահայտվեց դաժան ճշմարտությունը, բրիտանացին աղջկան համոզեց ուրիշ տղամարդկանց հետ էլ քնել.”Էդպես, մենք միայնակ չենք լինի մեր տանջանքներում”:

Կինը պատմել է, որ երեխայի ծնունդից հետո, տղամարդն իր նկատմամբ շատ կոպիտ է դարձել ու ագրեսիվ: Մի քանի անգամ նա օտար կանանց է տուն բերել ու զբաղվել նրանց հետ սեքսով` առանց պահպանակների: Պոտենցիալ զոհերը 3-ն են եղել, նրանցից մեկի մոտ շուտով ՁԻԱՀ է հայտնաբերվել:

Երիտասարդ մայրիկն անելանելի վիճակից դիմել է դատարան: 8-օրյա դատական քննարկումներից հետո, նրա երեխայի հորը դատապարտել են 4,5 տարվա բանտարկության: Իշխանությունները նրան հարկադրել են ազատ արձակվելուց հետո սեքսուալ զուգընկերոջը հայտնել հիվանդության մասին: Եթե այդ պահանջը խախտվի, ապա նա ևս 5 տարվա ազատազրկման կդատապարտվի:

 

 

 

 

 

 

 

Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան

lR2lE4lqOFfKKzeUgU3TZ9RQh2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-15 Երևանում գտնվող պատվիրակություններին: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի հետ:  Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նախօրեին տեղի ունեցած  նախարարական գագաթաժողովում ակտիվ մասնակցության և շահագրգիռ ու սկզբունքային դիրքորոշումների համար: Ա. Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում կրթության բարեփոխումները շարունակելու առումով կարևոր նշանակություն ունի: “Հայաստանը ԵՄ աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում”,- նշել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ ԵՄ աջակցությամբ մայրաքաղաք Երևանում և տարբեր մարզերում վերակառուցվել ու վերազինվել են 12 տարածաշրջանային քոլեջներ, իրականացվել են ՄԿՈՒ համակարգում կրթության բովանդակության բարեփոխումներ: Նախարարը հույս է հայտնել, որ  բարձրագույն կրթության ոլորտում նույնպես ԵՄ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ “Էրազմուս+” և  այլ ծրագրերի շրջանակում:

Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության  և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, նշելով, որ ԵՄ-Հայաստան կրթական համագործակցությունը եղել է արդյունավետ, կարծիք է հայտնել, որ քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան. “Կրթական կապերի ամրապնդումն ու զարգացումը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն”,- նշել է Ա. Վասիլիուն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայկական կողմը Բոլոնիայի գործընթացում արձանագրած հաջողություններով և փորձով օգտակար կլինի ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ այլ երկրների համար:

Նախարարը շեշտել է, որ որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձած երկիր՝ Հայաստանը պատրաստ է ներկայացնել խորհրդատվություն՝ Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրներին՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը սկզբունքային է համարում, որպեսզի Եվրոպայի “կրթության քարտեզից” վերացվեն բոլոր “սև բծերը”: Ա. Աշոտյանի խոսքով՝ Եվրոպայի կրթական քարտեզում կան չճանաչված պետություններ, որտեղ ապրող մարդիկ նույնպես ունեն  միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու իրավունք: “Ես համամիտ եմ՝ քաղաքական խնդիրները պետք է պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը, որն ամենահիմնարար իրավունքներից է, տուժի: Կարծում եմ ՝միջազգային հարթակներում այս հարցը պետք է դառնա հատուկ քննարկման թեմա”,- ընդգծել է  Ա. Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ կրթական հետագա համագործակցության, Եվրոպայում գործող սփյուռքի հայկական դպրոցների և բազմաթիվ  այլ խնդիրներին:

Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան

ոստիկանությունՍեպտեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

շտապօգնություն1Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, 1990 թ. ծնված Վարդան Մ.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում իր կողմից վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Այգավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Ոսկետափ գյուղի բնակչուհի, 1942 թ. ծնված Անյուտա Երեմյանին: Վերջինիս տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

«Նիսան-Սանի»-ի վրա կրակոցներ արձակողը հայտնաբերվել և ձերբակալվել է

1379144586,1048Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը, սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել էր «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետևի անվադողն ամբողջությամբ վնասված էր:
Սեպտեմբերի 13-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել 1991 թ. ծնված Կառլեն Բ.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Վթարի է ենթարկվել ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին. կան վիրավորներ

pJMKqznnc5IUYtFK1o9z_tnShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Lexus-ի վարորդը՝ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է՝ Նորայր Վարդանյանը, իսկ վիրավորների մեջ վերջինս կա, թե ոչ, այս պահին պարզվում է: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-09-14-accident.html

Գյումրու քաղաքապետարանը պատասխանում է Անկախ-ին

GyumriԳյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը archive2.ankakh.com-ին մեկնաբանել է. ՙՍև բերդ՚ ամրոցի շուրջ ծավալված աղմուկը: Հիշեցնենք, որ Անկախ-ն անդրադարձել էր մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության  Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի բարձրացրած այն խնդրին, թե պատմական ՙՍև բերդ՚ ամրոցում Սամվել Բալասանյանն անօրինական շինարարություն է սկսել՝ չունենալով դրա պետական թույլտվությունը:
“Այս պահին չի արվում այնպիսի բան, որը կխաթարի կառույցի տեսքը: Այն ինչ մինչ այս պահը ընթացել է կոմունիկացոն բնույթի աշխատանքներ են եղել՝ ճանապարհներն են սարքվում, գիտեք, տարիներ շարունակ աղբի մեծ կուտակումներ են եղել, աղբը չի մաքրվել”, – ասում է Զոհրապ Եգանյանը:
Իսկ ինչ վերաբերում է մետաղական տանիքին, նշել է. “Երկաթյա կոնստրուկցիա կա, որը ցանկացած պահի կարող է տեղափոխվել, հանվել, շարժվել, ինքը հիմնական կառույց չէ: Այսինքն, բերդի արտաքին տեսքի հետ կապված որևէ խնդիր չի եղել և չկա: Մինչև որ վերջնական նախագիծը պատրաստ կլինի, հաստատված համապատասխան մարմինների կողմից: Կա նման համաշխարհային փորձ, օրինակ Ֆրանսիայում, երբ ամրոցները, բերդերը ժամանակի ընթացքում որպեսզի կարողանան պահպանել, տուրիստներին ներգրավել՝ և՜ ճարտարապետական կառույց են մնում, և՜ բիզնես տեսակետից գործունեություն են ծավալում: Դա ներմալ երևույթ է”:
Նախարարության թույլտվությունն էլ դեռ չկա, քանի որ նախագիծն էլ վերջնական չէ, մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետի մամուլի պատասխանատուն: “Նախարարության թույլտվության համար դեռ վերջնական նախագիծ պատրաստ չէ. շատ ճարտարապետներ տարակարծիք են՝ մի մասը գտնում է, որ տանիքը պետք է ամբողջովին ծածկվի, մի մասը՝ մասնակի: Սակայն բոլորը միակարծիք են այն հարցում, որ Գյումրուն ՙՍև բերդ՚ պետք է, պետք է տուրիստական կենտրոն, միջոցառումների գեղեցիկ վայր: Երբ արդեն հստակ կլինի նախագիծը, կներկայացվի նախարարությանը”:
Իսկ հստակ ժամկետներ նշել Զոհրապ Եգանյանը չցանկացավ. “Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող, ուզում էինք, որ նոյեմբերին կայանալիք Սպիվակովի համերգն այնտեղ լիներ, բայց երևի չենք հասցնի”:

Վարդանիկի վերջը եկե՞լ է

timthumb.php_18Ֆեյսբուքի օգտատեր Արսեն Լևոնյանն այսօր իր էջին գրառում է կատարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատին ոստիկանություն հրավիրելու, հարցաքննելու և մեկի դեպքում նաև կալանավորելու վերաբերյալ:

«Արդեն երկրորդ կամ երրորդ օրն է` Համացանցում լուրեր են պտտվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակն այնքան էլ լավ չէ: Արդեն այսօր հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետի կառավարման տարիներին քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել և կալանավորել: Արդեն օրվա վերջին հայտնի դարձավ, որ շարունկակվում են հարցաքննությունները Գյումրիում:

Չնայած օրվա տարաժամությանը, շարունակում են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց: Այժմ ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ :

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին ու նրա ամենամոտ ընկերոջը` Արման Բադալյանին:Ի դեպ, սա հենց այն շինկազմակերպությունն է, որը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ, և որը ոչ այնքան հայտնի դարձավ իր կատարած աշխատանքով, որքան մարզպետարանի ու քաղաքապետարանի դիմաց անցկացրած բողոքի ակցիաներով:

Գյումրիում քաղաքապետի փոփոխությունից հետո շինկազմակերպության բանվորները իրենց պարտքերը պահանջում էին Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանից: Բանը հասավ նրան, որ այս կազմակերպությունը դատի տվեց Գյումրու քաղաքապետարանին` պահանջելով վճարել 427 միլիոն դրամի պարտքը: Թե ինչ է նշանակում այս ամենը, դժվար չի կռահելը: Հանրապետությունում ընդունված պրակտիկայի համաձայն, հավանաբար ամենամոտ ապագայում ականտես կլինենք հերթական աղմկահարույց գործի բացահայտմանը, որը կփաստի հայրենական մեր ոստիկանության և իրավապահ ու դատախազական մարմինների անխոնջ ու անաչառ օբյեկտիվ աշխատանքը: Ի դեպ այս սցենարի հավանականության օգտին խոսում է այն, որ երեկ ԱԺ եկած նախկին քաղաքապետը եղել է բավականին ընկճված ու ըստ ամենայնի չի հասել որևէ դրական տեղաշարժի իր թիմակցին կալանքից ազատման գործում: Ասում են, որ Վարդան Ղուկայսանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ, սակայն ապարդյուն: Ըստ ամենայնի Բաղրամյան քսանվեցն արդեն դատավճիռ կայացրել է «հավատացյալ» էքս քաղաքապետի համար: Թերևս Վարդանիկը «կզոհաբերվի» – թերևս ժամանակավոր, ֆինանսական ամենածանր կորուստներով- առավել օգտավետ մեկի` Լիսկայի գործի պատճառով ստեղծված ֆոնը փոխելու համար»,-գրել է օգտատերը:

Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքը

1379090603,5553Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետը մասնակցեց ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը:
Բացման արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները:
Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում:
1_MG_5529Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու մարզի մյուս իրավապահ կառույցների ղեկավարները, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, Վլադիմիր Գասպարյանը շրջեց նորոգված շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:
Այնուհետև ոստիկանության պետը պատասխանեց մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև ոստիկանության Տարոնի բաժին, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ ծառայության պայմաններին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ:

Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանին Մաքսային միություն բերելու պուտինյան քաղաքականության համար. Արա Պապյան

arm137094874682Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը կրկին անդրադարձել է Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարության առաջացրած վիճակին: «Ակնհայտ է, որ Պուտինը ՀՀ Մաքսային միության մեջ խցկելուց հետո պիտի փորձի նորանոր երկրների արժանացնել նույն ճակատագրի, քանի որՌուսաստանի տնտեսական վիճակը ծանրանում է, իսկ նրան գոնե «մանր հաջողություններ» են պետք: Ադրբեջանի պարագային նա ոչ մի լծակ չունի վերջինիս շահագրգռելու կամ ստիպելու՝ Ադրբեջանը ոչ փողի կարիք ունի և ոչ էլ գազի: Ուստի, միակ շահագրգռումը, միակ վճարման միջոցը՝ Ադրբեջանին ՄՄ մտնելու

համար լինելու է Ղարաբաղը:

Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանին Մաքսային միություն բերելու

պուտինյան քաղաքականության համար», -ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը:

Արտգործնախարարները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները

493. Minister Nalbandian met with Foreign Minister of Moldova 14.09.2013ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 13-ին Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպման վերաբերյալ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովայի Հանրապետություն կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման  ընթացքը և այդ ուղղությամբ Երևանի և Քիշնևի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական  կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:

Երկուստեք բարձր են գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը։