Արթուր Ալեքսանյանը բավարարվեց արծաթե պարգևով

աաpayqary-sksum-en-art-n22839-1Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը ձեռքից բաց թողեց չեմպիոն դառնալու հնարավորությունը: Մեր մարզիկը չօգտվեց հնարավորությունից, ծնկած դիրքից չհամարձակվեց գլորել մրցակցին և միավոր վաստակել: Իսկ վերջինս դա կատարեց:

96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի և  ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով:

Մեր մարզիկը երկու զգուշացում ուներ և հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին: Ալեքսանյանը բավարարվեց արծաթե պարգևով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին

3869Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին:

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

աա29607Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ  եզրափակիչ:

96 կգ քաշայինների կիսաեզրափակչում մեր ըմբիշը 9:1 հաշվով  հաղթեց հունգարացի Կիս Բալաշին: Հանդիպումը շարունակվեց 55 վայրկյան: Եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն հայ ըմբիշի կմրցի ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ:

Ալեքսանյանը հաղթել էր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադին,  բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևին,  ղազախ Յերուլան Իսկակովին:

Իսկ ահա, 84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեդալի համար չի պայքարի:

Քառորդ եզրափակիչում Մաքսիմը 2:7 հաշվով պարտվեց լեհ Դամիան Յանիկովսկիին: Եթե Յանիկովսկոին դուրս գար եզրափակիչ, Մանուկյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն լեհ ըմբիշը կիսաեզրափակչում զիջեց իրանցի Նեմատպուրին՝ 2:5:

Հավելենք, Մանուկյանը հաղթել էր  եգիպտացի Աբդ Էլ Սալամ Շիբլիին, ռումինացի Պրիվան Դորինին:

60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանին ևս բախտն ուղեկից չէր: Նա մեկնարկային գոտեմարտում 0:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Իվան Կույլակովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Ցավոք, Միքայելյանը  առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց ուկրաինացի Դմիտրո Ցումբալյուկին:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման

 

Բարաք Օբամա

 «Հարգելի պարոն Նախագահ,

Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:

Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարատև հարաբերությունները և դարձել է ավելի հզոր երկիր շնորհիվ միլիոնավոր ամերիկացների, ովքեր հպարտությամբ են հիշում, որ ձեր երկիրն իրենց նախնիների երկիրն է: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ սիրո և հարգանքի կապերն ինչպես միշտ հզոր են, և մենք հետամուտ ենք լինելու գալիք տարիների ընթացքում էլ ավելի զարգացնելու մեր համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Չեմպիոնը պարտվեց, իսկ «Արարատը» հաղթեց արտասովոր հաշվով

 

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում  գործող չեմպիոնը «Շիրակը», 0:2 հաշվով զիջեց «Փյունիկին»:

«Արարատը» արտասովոր` 5:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

«Փյունիկը» 12 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Արարարտը» 1 միավոր պակաս ունի և 2-րդ տեղում է:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«Արարատ» – «Ալաշկերտ»՝ 5:0

Ալեքսանդր Ռակիչ, 17, Խորեն Վերանյան, 36, Գևորգ Նռանյան, 43, 79, Արսեն Բալաբեկյան, 81

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 0:2

Գագիկ Պողոսյան, 36, Աղվան Պապիկյան, 74

Հենրիխ Մխիթարյանը չխաղաց, նրա թիմն էլ միավորներ կորցրեց

հմ 55555Ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում առաջատարը`Դորտմունդի «Բորուսիան», մրցակցի խաղադաշտում ուժերը չափեց աղյուսակի վերջնամասում գտնվող «Նյուրնբերգի» հետ: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1: Փաստորեն, «Բորուսիան» միավորներ կորցրեց:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում իտալական «Նապոլիի» հետ անհաջող խաղ անցկացնելուց հետո, ստիպված էր մրցասպարեզ դուրս չգալ: Նա  «Բորուսիայի» պահեստայինների նստարանին էր: Ի դեպ, Մխիթարյանի թիմն առջևում էր, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

Տեխնիկական արդյունքներ

«Նյուրնբերգ» – «Բորուսիա Դ.»՝ 1:1

Պեր Նիլսոն, 51 – Մարսել Շմելցեր, 38

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

 

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին:

Նստաշրջանի նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ:

Քաղաքապետն էլ է անկախ լինում

IMG_1132“Ուզում եմ շնորհավորել բոլորիս. արդեն 22 տարի մենք անկախ ենք: Երևի ես այնքան ուրախություն, երջանկություն չեմ ունեցել, ինչպես Անկախության օրը: Անկախությունն ամենավեհ գաղափարն է, երբ մարդն անկախ է, կարող է անել ամեն ինչ, ինչ ուզում է: Երբ մենք խորհրդային միության մեջ էինք, մեզ չէին ճանաչում որպես Հայաստան պետություն, ճանաչում էին միայն Ռուսաստան, CCP, իսկ այսօր ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը: Եվ Հայաստանն արդեն 22 տարի անկախ է: Այն պետք է կարողանանք պահել, զարգացնել, հզորացնել և ունենալ հզոր հայրենիք”, – ասում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ապա հավելում. – “Ունենք խնդիրներ, պրոբլեմներ քաղաքում, պետության մեջ. ամեն ինչ լուծվող է, եթե կա կամք, աշխատասիրություն: Եթե աշխատենք, կփոխվի ամեն ինչ: Դա բոլորից է կախված: Եվ այն էստաֆետը, որ հանձնելու ենք մեր երեխաներին, այնպես հանձնենք, որ մեզ չմեղադրեն”:

Իսկ որքանո՞վ է անկախ քաղաքապետ ու քաղաքական գործիչ Սամվել Բալասանյանը. “Ես անկախ եմ: Երբ ես ԱԺ պատգամավոր եմ եղել՝ մենակ եմ եղել, չեմ ունեցել կուսակցություն. դա ասում եմ 2000 թվականի հետ կապված, երբ մենակով կարողացա բոլորին համոզել, որ անհրաժեշտ է “Գյումրու մասին օրենքը”, որը մինչև 2014 թվականը գործելու և երկարացնելու ենք: Դա անկախություն չէ՞”:

Գյումրեցի ազատամարտիկները դարձյալ նստացույց են անում

IMG_1139Գյումրիում այսօր՝ Անկախության 22-րդ տարեդարձի օրը, նստացույց են հրավիրել գյումրեցի ազատամարտիկները: Մեկօրյա նստացույցում այս մարտիկները ևս մեկ անգամ վեր են բարձրացնում իրենց խնդիրները: Գյումրու թատերական հրապարակում մոտ 30 ազատամարտիկներ դժգոհության այս քաղաքակիրթ եղանակով փորձում են բարձրաձայնել սոցիալական ու համակարգային խնդիրների մասին:

“Մենք առաջարիկներ ենք ներկայացրել, որոնց հիմքում ընկած է ազատամարտի արժևորում, ազատամարտիկի խնդիրներ, բարոյահոգեբանական խնդիրներ: Այդ հարցերի շուրջ քննարկումներ գնացել են, սպասում էինք արձագանքի: Բայց արձագանքը շատ անտրամաբանական եղավ, երեկ ձերբակալեցին մեր ընկերոջը՝ Վոլոդյա Ավետիսյանին: Նախորդ նստացույցով հասանք նրան, որ կարողացանք մեր խնդիրը հասցնել պետական ու բարձրաստիճան ատյաններին: Մենք ուզում ենք ուղղում մտցնել օրենքի մեջ, մեկ բառի ուղղում, որը հարիր կլինի ազատամարտիկ անունը կրող մարդուն: Եթե մենք ազատամարտիկի տեղը ուրիշ բան ենք ասում, դա չի նշանակում, որ արժևորում ենք նրան, սովորական հայ մարդը մեզ ճանաչում է, որ ազատամարտիկ”, – ասում է ազատամարտիկ Մնացական Մուրադյանը:
Ազատամարտիկները չեն ուզում նախագահին կամ վարչապետին հիշեցնել, որ իրենք կան, այլ` ր պետությունը պարտավոր է արժևորել իր ազատամարտիկին: “Եթե չի անում՝ մենք սերունդներին սխալ բան ենք թողնում: Այսինքն, այսօր ազատամարտիկին մեր պետությունը չի արժևորում: Եթե վիրավոր ազատամարտիկը մի քանի կոպեկ թոշակ են ստանում, դա ամբողջությամբ գնում է դեղերին, դեռ մի բան էլ պարտք են մնում հիվանդանոցներին: Չկա օրենք, որով ազատամարտիկի բուժումն անվճար լինի: Եվ միայն բուժումը չէ, գոնե թաղումը կազմակերպեն: Ազատամարտիկը մահանում է՝ չեն կարողանում թաղել. մի կերպ սրա-նրա ձեռքը խնդրելով, պարտքով-տալիքով են անում, որը շատ նվաստացուցիչ է: Գոնե պետությունը թող դա իր վրա վերցնի”:

Եգիպտոսի Նախագահի շնորհավորանքը ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ

511. Chamberlain of the presidency  21.09.2013Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կահիրեում ՀՀ դեսպանություն է այցելել ԵԱՀ անցումային շրջանի Նախագահ Ադլի Մանսուրի անձնական ներկայացուցիչ Ահմադ Մենիսին, ով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին է փոխանցել երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները եւ բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:

Քանդակագործության միջազգային սիմպոզիումը Գյումրիում

IMG_1121ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Այն կրում է “Կենարար աղբյուր” խորագիրը և բաց է գաղափարների առումով:

Սիմպոզիումին մասնակցում է տասը քանդակագործ ԱՊՀ հինգ պետություններից` Հայաստան Ռուսաստան, Բելառուս, Ուրակինա, Իտալիա:
“Հայաստանը ներկայացնում են 6 քանդակագործներ, որոնցից 4-ը գյումրեցի են, մյուս երկուսը հայկական երկու մայրաքաղաքներից` Երևանից և Ստեփանակերտից: Սիմոպիզումին պրոֆեսիոնալ քանդակագործներ են մասնակցում, որոնք մեկ ամիս շարունակ կստեղծագործեն Գյումրիում”, – archive2.ankakh.com-ին հայտնեց Գյումրու քանդակագործության միջազգային սիմպոզիումի ղեկավար Արթուր Գևորգյանը:
Քանդակագործները կաշխատեն Խաղաղության օղակում գտնվող այգում, իսկ սիմպոզիումի ավարտից հետո քարե ստեղծագործությունները կտեղափոխվեն Գյումրիի Հաղթանակի պուրակի սկզբնամաս, որտեղ կստեղծվի քանդակների բացօթյա թանգարան:
“Այսօր ամենագեղեցիկ տոներից մեկն է՝ քարերի սիմպոզիումը: Արդյունքում ուեննալու ենք լուրջ քանդակներ, որոնք տեղադրվելու են Հաղթանակի պողոտայի պուրակում: Այս միջոցառումը պիտի դառնա ավանդույթ, լինի ամենամյա: Ողջունում եմ բոլորին և մաղթում, որ հաջորդ տարի մասնակցեն 20 և ավել քանդակագործներ: Գյումրին այն քաղաքն է, որն ունի դարերի խորքից եկող պատմություն և պատահական չէ, որ դարձել է մշակութային մայրաքաղաք”, – սիմպոզիումի բացման արարողության ժամանակ նշեց Գյոմրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հենց քաղաքապետին էլ շնորհվեց միջոցառման մեկնարկն ազդարարելու պատիվը: Թեև քանդակներն ավարտելու համար ծրագրած է մեկ ամիս ժամանակ հատկացնել, սակայն քաղաքապետը փոխանցեց, որ քարերի թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին “Գյումրու օր” ամենամյա միջոցառման շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

 

Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

 


***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յ ք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ:

Արդեն քսաներկու տարի մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, որը հաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պես: Մենք քայլում ենք զգույշ ու շրջահայաց, որովհետև մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին: Սա Երվանդունիների ու Արտաշեսյանների Հայաստանն է, սա Արշակունիների և Բագրատունիների Հայաստանն է, սա նախորդ դարասկզբի Հայաստանի Հանրապետությունն է, որ արդեն մտել է Քրիստոսից հետո երրորդ հազարամյակ:

Վերելքներով ու վայրէջքներով լի է մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին է: Աջից ու, ձախից պաշարված ենք. երբեմն՝ խրոխտ, երբեմն՝ նեղսրտած, բայց հաստատ դեպի լույսն ենք գնում: Եվ հետ ենք բերելու բոլոր նրանց, ում չկարողացանք այս ընթացքում պահել մեր կողքին: Վերականգնելու ենք բոլոր կորուստներն ու անցյալում ենք թողնելու բոլոր զրկանքները: Հետ ենք նայելու և հպարտորեն արձանագրելու ենք, որ միասին նրբորեն անցանք միակ հնարավոր նեղ կածանով: Անկասկած:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ երկար է ստիպված եղել լուծել ոչ թե զարգացման, այլ առաջին հերթին՝ գոյատևման խնդիրներ: Այսօր առաջադրանքը փոխված է. այժմ մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման ծրագրեր: Անշուշտ, անվտանգությունը թիվ մեկ առաջնահերթությունն է աշխարհում բոլորի համար, և մենք բացառություն չենք: Անվտանգության հարցերը միշտ լինելու են մեր առաջնային ուշադրության կենտրոնում, ինչպես որ այսօր են: Մենք անընդհատ ուղիներ ենք փնտրում վերելքի նոր լիցք հաղորդելու մեր տնտեսությանը: Արդյունքներ էլ ունենք: Հնարավորինի սահմանը ընդլայնելու նպատակներ ենք դնում, որպեսզի հստակ պարբերականությամբ ամեն տարի աշխատավարձ ու կենսաթոշակ կարողանանք բարձրացնել: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետևողականորեն զարգացում են ապահովում ժողովրդավարության խորացման, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության ապահովման և մնացած բոլոր ուղղություններով: Մեր քաղաքականությունը այս նպատակներին է միտված:

Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև հասարակության կեցվածքը շատ հստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից և արկածախնդրություններից: Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում: Մենք հենց դա ենք անում: Գուցե դանդաղում ենք, գուցե սխալներ ենք անում, բայց հաստատ՝ ոչ ամենակարևորում և հաստատ ոչ ճակատագրական:
Հայոց պետություն նշանակում է հայոց երազանքի իրականացում: Ահա այսօրվա տոնի մեծագույն խորհուրդը: 1991 թվականին անկախության վերականգնմամբ իրողություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները, և առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներն են սնուցիչն ու բաղկացուցիչը իրականություն դարձած սեփական երազանքի: Արդյո՞ք ներկա աշխարհում մենք ի զորու ենք նոր բարձունքների հասցնել ի կատար ածված մեր երազանքը: Այո՛, եթե չգերագնահատենք և չթերագնահատենք մեր ուժերը: Լեռնային արահետով անցնողի համար պարտադիր է ճանապարհի բոլոր հատվածների կանխավ ճիշտ գնահատելը:

Երվանդունիների Հայաստանը և Արտաշեսյանների Հայաստանը հայոց երազանք էին: Այսօր բոլորովին այլ է վիճակը, և մենք այլ երկիր ունենք: Սա նոր իրողություն է, որը մեր ժողովուրդը սկսել է կառուցել պատերազմելով ու պաշտպանվելով, բայց և հենվելով Խորհրդային Հայաստանից ստացած ծանրակշիռ ժառանգության վրա: Հետադարձ հայացքը հստակ ցույց է տալիս, թե ինչ հսկա ճանապարհ ենք անցել և ինչ հսկա վտանգներ ենք շրջանցել: Նաև համոզմունք է ներշնչում, որ մենք կարող ենք ավելի արագ շարունակել մեր ընթացքը: Հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ իր դերակատարությունն ունի այս գործում: Եթե դեռ որևէ մեկը չգիտի այդ մասին, ապա ժամանակն է, որ իմանա:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միաժամանակ նպատակ է և կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպես անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, և ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել: Մի բան, սակայն, կա և անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է: Իրականացված երազ և պարտավորություն, որ միշտ մեզ հետ է: Տոն, որ ժառանգել ենք մեր հերոսների արյան գնով, և պարտավորություն, որ պիտի փոխանցենք մեր թոռներին:

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի: Մաղթում եմ, որ մեր ուժերը ճիշտ բաշխենք մեր ճանապարհի տարբեր ոլորաններում և հաջողությամբ պսակենք մեր իղձերն ու ծրագրերը: Դրանց բոլորի հանրագումարն է հենց, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ՀՀ Անկախության տոնի առթիվ

անկախության  տարեդարձՀայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները:

Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»:

 

Հանրապետության Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության բարեմաղթանքներս:

Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին:

Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը:

«Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության մեծ գործում: Մենք անկեղծորեն Ձեր երկրի ժողովրդին մաղթում ենք ավելի մեծ հաջողություններ պետության զարգացման ճանապարհին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 տարիների ընթացքում Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները և անկեղծորեն համագործակցել: Կողմերի միջև քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ Ձերդ Գերազանցության հետ ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն: Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»,-ասված է Չինաստանի Նախագահի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը

 

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը՝ Անկախության տոնի առթիվ:

22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով՝ իրականացնելով տարբեր ծրագրեր՝ ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՝ ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարներն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին

510. Ministers of Foreign Affairs and Diaspora received Representatives of Organizations Raising Awareness about Armenian Issues 21.09.2013Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Ազգային տոնի օրը, քանի որ մեր ընդհանուր նպատակն է համադրել ջանքերը՝ ի նպաստ համահայական խնդիրների լուծման, Հայաստանի պետականության առավել ամրապնդման։

Պատասխանելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայկական հիմնախնդիրներով զբաղվող շուրջ 50 գործիչների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման համար Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը,  սիրիական ճգնաժամին և սիրիահայության անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը։

Թուրքիայում կհրապարակվի երկրի ժողովրդավարացման փաթեթը

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, Մալաթիայում պատասխանելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, նշել է, որ այս ամսվա վերջում կհրապարակվի երկրի ժողովրդավարացման փաթեթը, որը «կփրկի Թուրքիան մեծ բեռից»: «Ամենայն հավանականությամբ այս ամսվա վերջին օրը՝ երկուշաբթի, Անկարայում կհրապարակվի այս փաթեթը: Ժողովրդավարացման հարցում մենք ամենևին չենք նահանջել: Մենք, որպես քաղաքական կուսակցություն, որը դեմ է արգելքների միջոցով խոսքի ազատության սահմանափակմանը և խտրականությանը, պայմաններ է ստեղծել, որպեսզի այդ արգելքները աստիճանաբար վերանան: Առաջիկա շաբաթ հրապարակվելիք փաթեթով մենք նոր էջ ենք բացում արդեն 11 տարի շարունակվող գործընթացի համար»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում թուրքական «Ռադիկալը»:

 

Սիրիայում յուրաքանչյուրը 100 տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցած թունիսցի սեքսուալ ջիհադիստները, ապստամբներից հղիացած, վերադարձել են տուն

Tunisian women-Syria -offer themselves- Islamist opposition fighters1Իսլամիստ զինյալներին իրենց առաջարկելու նպատակով Սիրիա գնացած թունիսցի կանայք ապստամբներից հղիացած վերադարձել են իրենց երկիր:

Թունիսի կառավարության նախարարներից մեկը այս շաբաթ պառլամենտի անդամներին տեղեկացրել է, որ սեքսուալ ջիհադ կատարող կանայք՝ նախքան հղի վիճակում Թունիս վերադառնալը, սեռական հարաբերություններ են ունեցել 20, 30, 100 տղամարդու հետ:

Ներքին գործերի նախարար Լոտֆի բեն Ջեդուն պառլամենտին այդ մասին տեղեկացրել է հինգշաբթի, սակայն հղի կանանց թվաքանակը չի հայտնել:

Սեքսուալ ջիհադը, որը թույլատրում է բազմաթիվ զուգընկերների հետ արտաամուսնական հարաբերություններ ունենալ, որոշ սունի մահմեդական սալաֆիստներ համարում են սրբազան պատերազմի օրինական ձև:

Նախարարը չի տեղեկացրել նաև, թե քանի թունիսցի կին է Սիրիա մեկնել այդ նպատակով՝ չնայած մամուլում տարածվել էր, որ հարյուրավոր կանայք են այդ քայլին դիմել:

Բեն Ջեդուն հայտնել է, որ ինչ ինքը մարտին դարձել է նախարար, վեց հազար երիտասարդի արգելել են այդ նպատակով դուրս գալ երկրից:

Նախկինում նա նշել էր, որ սահմանային վերահսկումը խստացվել է երիտասարդ թունիսցիներին Սիրիա մեկնել թույլ չտալու համար:

Այս տարվա սկզբին թունիսցի աղջիկների խումբ էր մեկնել ապստամբենրի իշխանության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի շրջաններ՝ ընդդիմության զինյալներին իրենց առաջարկելու համար:

Նրանց այս քայլը Թունիսում մտահոգության տեղիք էր տվել կրոնական կանոնների կամ ֆատվաների նկատմամբ, որոնք, համացանցում շրջանառվելով, մահմեդական կանանց կոչ են անում սեքսի միջոցով ջիհադ իրականացնել:

Թունիսի կրոնական հարցերով նախարարը այդ ժամանակ, դիմելով կանանց, այդ քարոզչության ազդեցության տակ չընկնելու կոչ է արել:

Կրոնական հարցերով նախարար Նուրեդին ալ-Խադիմին, մերժելով սեքսուալ ջիհադի ֆատվաները, Թունիսի ժողովրդին և պետական կառույցներին դրանց չարձագանքելու կոչ էր արել:

Մյունխենում մեկնարկել է գարեջրի ամենամյա փառատոնը

pivaԳերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր արդեն 180-րդ անգամ մեկնարկում է աշխարհի ամենամեծ ժողովրդական փառատոններից մեկը՝ «Oktoberfest»-ը: Տոնախմբությունները սկսվել են գարեջրի առաջին տակառի բացմամբ, որը ավանդաբար կատարել է Մյուխենի քաղաքապետ Քրիստիան Ուդը:
«Ռադիկալը» գրում է, որ միջոցառմանը մասնակցել է նաև անցած շաբաթ նորընտիր քաղաքապետ Ուդի հետ մրցող թեկնածու Հորսթ Սիհոֆերը: Գարեջրի տոնը կշարունակվի մինչև հեկտեմբերի 6–ը: Սպասվում է, որ այս տարի միջոցառումներին կմասնակցի մոտ 6 միլիոն մարդ աշխարհի բազմաթիվ երկրներից:

 

Թայիփ Էրդողանի ծաղրանկարները համաշխարհային մամուլում (լուսանկարներ)

9Թուրքիայում մոտ մեկ ամիս տևած «Գեզի» այգու համար պայքարի ժամանակ բազմաթիվ նկարիչներ ստեղծեցին այս իրադարձությունները ներկայացնող ծաղրանկարներ և գրաֆիկական աշխատանքներ՝ այսպիսով աջակցելով ցույցերին: Բացի այսպիսի նկարներից քաղաքների փողոցներում, շենքերի պատերին կարելի էր տեսնել մի շարք գրություններ, արտահայտություններ, որոնք ուժ էին հաղորդում պայքարին:
Պետք է նշել, որ «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձություններին մեծ ուշադրությամբ հետևում էր նաև արտասահմանյան մամուլը: Աշխարհի ամենահայտնի պարբերականներում հաճախ կարելի էր տեսնել յուրօրինակ ծաղրանկարներ, որոնք վկայակոչում էին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի խոսքերն ու մոտեցումները «Գեզի» այգու ցույցերի վերաբերյալ: Ահա թուրքական «Listelist» կայքը հավաքել է Էրդողանին ներկայացնող ամենահետաքրքիր ծաղրանկարները և ներկայացրել իր ընթերցողներին:

Վանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

երկրաշարժԻնչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի Վանի վիլայեթի Օթլուջա շրջանում երեկ գիշերը 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժերի ուսումնասիրությամբ զբաղվող ինստիտուտի հեռազոտության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 5:15–ին մոտ 5 կիլոմետր խորության վրա: Ըստ տարածված հաղորդագրության՝ զոհերի և ավերածությունների վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա:
Նշենք, որ 2011 թվականին Վանում ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 600 մարդ, մոտ 4000 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, 2262 շինություն ավերվել էր:

Հայտնաբերվել է էլեկտրական հավաքածուով լցված, 1983թ-ին Սթիվ Ջոբսի թաղած խողովակը

time capsule - AspenԳտնվել է 20 տարի առաջ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հողի մեջ թաղած խողովակը:

1983թ-ին երիտասարդ տեխնիկայի գյուտարարը Ասպենում մասնակցում էր մի կոնֆերանսի, և կոնֆերանսի մյուս մասնակիցների հետ նրանք որոշում են խողովակը թաղել հավաքի օրը հավերժացնելու համար:

Խողովակը լցված էր էլեկտրական հավաքածուով՝ այդ ժամանակ դեռևս նոր Apple-մկնիկից մինչև խողովակը հայտնաբերողների համար նախատեսված  էր վեց շիշ գարեջուր:

Սակայն ժամանակի ընթացքում այդ ծրագրին մասնակցած անդամները մոռացել են, թե որտեղ են թաղել խողովակը:

Ամեն դեպքում խողովակը կարողացել են գտնել National Geographic հեռուստաընկերության Diggers կոչվող ռեալիթի շոույի կազմակերպիչները:

Շատերի համար խողովակի մեջ ամենահետաքրքիր առարկան հնարավոր է Լիզա անունով մկնիկը լինի, որ այդ ժամանակ 28-ամյա Ջոբսն էր դրել  խողովակի մեջ :

Ջոբսը մկնիկին անվանել էր իր աղջկա անունով: Չնայած այն երեք տասնամյակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել, սակայն նրա հիմնական բաղադրիչները նույնն են մնացել:

Ասպենի պատմությանն առնչվող մարմինը կօգնի շոուի ստեղծողներին ցուցակագրել խողովակի իրերը, սակայն ոչինչ չի ասվել այն մասին, թե խողովակը գտած մարդիկ արդյոք բացել են գարեջրի վեց շշերից մեկը: