Բրազիլիայում 30 հսկա դելֆիններ են ափ նետվել

dolphins-brazilԲրազիլիայի հյուսիսարևելյան ափին շուրջ 30 հսկա դելֆիններ են իրենց ափ նետել:

Դելֆինները ափ են նետվել կիրակի օրը Արեյա Բրանկայում:

Ռիո Գրանդե դե Նորտեի բնապահպանական հարցերով ոստիկանությունը հրապարակել է լողափին գտնվող մարդկանց լուսանկարները, որոնք փորձում էին օգնել ծանծաղ ջրերում գտնվող կենդանիներին:

O Globo թերթը երկուշաբթի տեղեկացրել է, որ կենդանիներից յոթը սատկել են:

Թերթի տեղեկություններով դեռևս պարզ չէ, թե ինչու են դելֆինները ափ նետվել, սակայն կենսաբանները այժմ հետազոտում են դեպքը:

Ըստ թերթի՝ սա Բրազիլիայում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենամեծ կոլեկտիվ ափ նետման դեպքերից մեկն է:

 

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի տոնակատարությունը Լոնդոնում

522. Celebration of the Independence day of Armenia in London 23.09.2013Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Գրինֆորդի քաղաքային սրահում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհուրդը (ԲՀՀԵԽ)՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։

Երեկոյի ընթացքում Լոնդոնի շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացրին համերգային ծրագիր, որի ընթացքում հանդես եկան երաժշտական կատարումներով եւ ասմունքով։

Միջոցառմանը ելույթ ունեցան ԲՀՀԵԽ ատենապետ Արա Փալամուդյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Սթիվեն Փաունդը:

Հանդիսության շրջանակներում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր վարչության ատենապետ Վիգեն Հալաջյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը։

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը միջազգային կառույցներ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ

521. Diplomatic school  students visit International organizations and Armenian diplomatic missions 23.09.2013Սեպտեմբերի 14-20-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների եւ աշխատակիցների այցը Բրյուսել եւ Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ եւ ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առաջին նման այցելությունն էր:

 

Սեպտեմբերի 16-ից 18-ը ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներՙ Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն եւ Եվրոպական խորհրդարան: ԵՄ կառույցներում ունկնդիրների համար կազմակերպված դասախոսությունները եւ դրանց հաջորդած հարց ու պատասխաններն ավելի ամրապնդեցին ունկնդիրների` դպրոցում ստացած գիտելիքները: Եվրոպական խորհրդարանում Դպրոցի ունկնդիրները ներկա գտնվեցին նաեւ Արեւելյան գործընկերության մասին լսումների, իսկ երեկոյանՙ «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած հայ եւ թուրք լուսանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:

 

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության մասին: Այնուհետեւ ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

 

Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ունկնդիրները ճանաչողական այց կատարեցին Անտվերպեն:

 

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ կառույցի գործունեության վերաբերյալ դասախոսությունից բացի, ներկա գտնվեցին Մշտական խորհրդի նիստին, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ Միավորված ազգերի կազմակերպություն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն եւ հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաեւ կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

 

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելեցին նաեւ Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունեցին ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Ավետ Ադոնցը եւ Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ Մխիթարյան միաբանություն եւ ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

 

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ եւ միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունըՙ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:

100 տարեկանից բարձր համարյա 200 բրիտանացի մինչ այժմ ավտոմեքենա են վարում

o_648642Վարորդների տարիքը արգելք չէ: Վիճակագրության համաձայն Բրիտանիայում հարյուր տարեկանից բարձր  191 մարդ վարորդական իրավունք ունի: Երկրի պատմության մեջ առաջին անգամ վաղուց թոշակի գնացած և դեռ ղեկին նստած վարորդների թիվը գերազանցում է 4 միլիոնը: Այս տվյալները հրապարակում է բրիտանական  BBC հեռուստաընկերությունը:

Ըստ Թագավորական ավտոմոբիլային ակումբի տվյալների, Բրիտանիայում ամենատարեց վարորդը  107-ամյա կին  է:  70 տարեկանից մեծ և վարորդական իրավունք ունեցող այդպիսի թոշակառուների թիվը   4 միլիոն 18 հազար 900 մարդ է: Բրիտանական օրենքներով, 70 -ից բարձր տարիք ունեցող և մեքենա վարել ցանկացողները պարտավոր են երեք տարին մեկ այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը: Այդ ու հանդերձ լրացուցիչ քննություն  հանձնել կամ բժշկական հետազոտություն պարտադիր չէ:

“Վարորդները պետք է սթափ գնահատեն իրենց առողջությունը”,-ասում է  Թագավորական ավտոմոբիլային ակումբի նախագահը, նշելով, որ ղեկին նստելը վարորդի խղճի վրա է: Այն փաստը, որ շատ տարեցներ ադեկվատ չեն գնահատում իրենց ուժերը և հնարավորությունները, կարծես թե իշխանություններին չի անհանգստացնում:

Ընդ որում իշխանությունները ասում են, որ տարեց բրիտանացիների վարորդական կարողություններին շատ երիտասարդներ կնախանձեն: Rica բարեգործական կազմակերպությունը  70-ից բարձր վարորդների համար պատրաստել է հատուկ ինստրուկցիա`”Անվտանգ վարել ամբողջ կյանքում”:

 

Կոլումբիացին չարաշահել է վիագրան՝ զրկվելով առնանդամից

վիագրաԿոլումբիայի Գիգանտե քաղաքում զավեշտալի դեպք է գրանցվել, որը կարելի է արձանագրել բժշկական գրականության մեջ: 66-ամյա մի տղամարդ, որի անունը չի հրապարակվում, առանց բժշկի հսկողության վիագրա տեսակի դեղահաբ է կիրառել՝ սեռական ակտիվության բարձրացման համար: Դեղամիջոցի չարաշահման հետևանքով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

«La Nacion» թերթի հետ զրուցած բժիշկը պատմել է, որ վերոնշյալ դեղահաբի չարաշահման արդյունքում տղամարդու առնանդամը բորբոքվել է և առաջացել է փտախտ: Հիվանդի կյանքը փրկելու համար անմիջապես վիրահատություն է կատարվել՝ հեռացնելով վնասված օրգանը: Դեպքից հետո մասնագետները լրագրողներին հայտնել են, որ սեռական ակտիվության բարձրացման համար նախատեսված դեղահաբերը չի կարելի օգտագործել առանց բժշկի ցուցումների:

 

Եգիպտոսում վերջնականապես արգելվել է «Մահմեդական եղբայրների» գործունեությունը

egiptosԵգիպտոսի դատարանը այսօր վերջնական որոշում է կայացրել՝ արգելելով «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության գործունեությունը: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տարածած տեղեկությունը: Եգիպտոսի կառավարությունը այս առիթով պաշտոնական հայտարարություն առայժմ չի արել:

«Մահմեդական եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանազրկվեց նախագահ Մուհամադ Մուրսին: 1928 թվականին հիմնադրված շարժումը տասնյակ տարիներ Եգիպտոսում անօրինական էր գործում, քանի որ 1954 թվականին Եգիպտոսի զինվորական առաջնորդները արգելեցին նրանց գործունեությունը: Միայն Հոսնի Մուբարաքի վարչակարգի անկումից հետո այն աշխարհին հանդես եկավ որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

 

Պակիստանում երկու մահապարտ եկեղեցի են պայթեցրել, 78 հոգի զոհվել է

pakistanՊակիստանի Փեշավեր քաղաքում տեղակայված Ամենայն Սրբոց եկեղեցում երկու մահապարտ ռումբ են պայթեցրել, որի հետևանքով 78 հոգի է զոհվել, 130-ը՝ վիրավորվել է: Կիրակի օրը պատարագի ժամանակ ահաբեկիչները եկեղեցի են ներխուժել՝ պայթեցնելով իրենց վրա կապված ռումբերը: Վիրավորների մի մասին ուղղաթիռներով տեղափոխել են Ռավալպինդի և Իսլամաբադի հիվանդանոցներ: Ինչպես տեղեկացնում է «Türkiye» թերթը՝ բժիշկները վախենում են, որ զոհվածների թիվը կարող է մեծանալ, քանի որ վիրավորների մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Քուվեյթում

520. Official reception in Kuwait dedicated to the Independence day of Armenia 23.09.2013 (1)Ս.թ. սեպտեմբերի 22-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ»  սրահում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին: Հրավիրյալների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների եւ գործարար շրջանակների, կառավարող «Ալ-Սաբահ» ընտանիքի ներկայացուցիչներ եւ անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ քուվեյթահայ համայնքի  ներկայացուցիչներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի Պետության առեւտրի եւ արդյունաբերության նախարար Անես Խալեդ Ալ-Սալեհը: Ընդունելությունը նշանավորվեց Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահի եւ Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Դր. Իբրահիմ Ալ-Դուայիջի մասնակցությամբ:

Երկու երկրների օրհներգերը հնչելուց հետո ներկաներին ուղղված իր խոսքում  Քուվեյթում ՀՀ դեսպանը խոսեց Հայաստան – Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքի եւ անկնկալվող ծրագրերի մասին, անդրադարձավ Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին եւ  փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատեց քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների կամրջման գործում:

Պետական ընդունելությունն ամբողջացավ ժամանակակից հայ արվեստի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսով եւ Հայաստանի վերաբերյալ  տեսահոլովակի ցուցադրմամբ:

Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցներում եւ Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ: Առանձին լրատվամիջոցներ անդրադարձել են առեւտրի եւ արդյունաբերության նախարարի եւ երկու նահանգապետերի բարձր ներկայությանը:

 

Գյումրին այսուհետ կունենա իր հիմնը

Gyumri-gerbԳյումրու ավագանին այսօրվա նիստում հաստատեց քաղաքի հիմնը: Օգոստոսի 15-ին կազմակերպվեց հանրային քննարկում, որտեղ ի թիվս այլ խնդիրնրի, դրված էր նաև քաղաքի օրհներգի ընտրության հարցը: Առաջարկվել էր երկու տարբերակ, որից մեկը Հովհհանես Շիրազի բառերով գրված Վլադիլեն Բալյանի “Գյումրի-Լենինական” երգն էր: Ելույթ ունեցավ 23 մասնակից, որից 15-ը միանշանակ ընդունեց այն որպես օրհներգ, 2-ն առաջարկեցին երգի տեքստի փոփոխություն: Այն հիմնականում վերաբերում էր Լենինական բառին /”Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր”/: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժինը կարողացել է արխիվից հանել Շիրազի այս ստեղծագործության նախնական տեսքը, որում գրված է` “Դու իմ Գյումրի, վաղնջական դու իմ նոր”: Ավագանու որոշմամբ օրհներգն ընդունվեց, արդեն վերնագրված` “Դու իմ Գյումրի”:

1976 թվականին Ռուբեն Մաթևոսյանը Գյումրիում կատարում է այս երգը. «Կատարումն ավարտվելուց հետո տևական լռություն է տիրում դահլիճում, կազմակերպիչները մտածում են` գոնե մեկը չկա, ծափահարի: Բայց, դադարից հետո դահլիճը թնդում է ծափերից, հանդիսատեսը պահանջում է երգը կատարել երկրորդ անգամ: Այդ օրվանից ի վեր “Գյումրի-Լենինական” երգը դառնում է քաղաքի խորհրդանշանը”, – հիշում է քաղաքապետարանի մշակությի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը:
Իսկ ահա կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը տարիների խորքից հիշում է. “1952թ. էր, երբ կոնսերվատորիան ավարտելով նշանակում ստացա Լենինական, և ինձ բախտ վիճակվեց մոտիկից ճանաչել ձեզ, հիանալ ձեր իմաստությամբ: Այդ տարին էլ գրվեց իմ առաջին երգը` մեծն Շիրազի այդքան քնարական, խորհրդավոր տողերով` “Սերս գաղտնի թող մնա”: Մեկ օր էլ Շիրազն ասաց. “Այդպիսի մի երգ էլ գրե, մնացածը քո գործը չէ”: Անցան տարիներ, 1975-ին ինձ Լենինական հրավիրեց առաջին ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանը, առաջարկելով` երգ նվիրել Լենինականին: Մեծագույն պատիվ էր ինձ համար, վստահություն, բայց ասացի` առանց բառերի երգ չեմ գրում, այնտեղ կա ամեն ինչ, նույնիսկ, թաքնված մեղեդի: “Բառերը կգրի Շիրազը”, – ասաց Ղարիբջանյանը: Խոստովանում եմ, չհավատացի, քանզի գիտեի` Շիրազը կտրուկ դեմ էր երգի բառեր գրելուն. մեծ պոետը ստեղծում էր միայն պոեզիա` իր դասական ձևով: Սակայն, ի զարմանս ինձ, երկու ամիս անց երգի տողերը պատրաստ էին: Երգի խոսքեր սկզբունքորեն չգրող Շիրազը ստեղծել էր երգարվեստի ձևին, կանոններին հարազատ հիանալի մի օրինակ, երկու քառատող, այնուհետ կրկներգ. չմոռանալով նաև` գուսանական արվեստի ավանդները:
“Հայաստանի աղն ես, Գյումրի,
Դու խոսքաշեն, սրամիտ,
Ճշմարտության մաղն ես, Գյումրի,
Դու իմաստուն, միամիտ:
Աղջիկներդ տնարար են,
Անմահության օրորոց,
Տղաներդ շինարար են,
Դու հանճարեղ, քարագործ:
Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր,
Արագածին բազմած արծիվ փառավոր”:
Մեր պոետը կերտել էր գեղարվեստական մի իսկական կոթող: Դա փիլիսոփայություն էր, անհուն սիրո և հպարտության խոստովանություն: Երկար աշխատեցի, գրեցի երգի 13 տարբերակ: Ցանկանում էի երգը դուր գար և ահելին, և ջահելին, լիներ և հին, և նոր, ուսումնասիրում էի Շիրակի հարուստ երգարվեստը: Մեկ օր էլ երգը ծնվեց, նախաբանում էլ հնչում էր Գյումրվա հանրահայտ երգի երանգները: Մնում էր երգը ընդունեն տերերը: 1976 թվականին, փայլուն երգիչ Ռուբեն Մաթևոսյանի հետ մեկնեցինք Լենինական: Երաժշտական ուսումնարանի դահլիճը լեփ-լեցուն էր, հավաքվել էր քաղաքի ղեկավարությունը` Դոնարա Հարությունյանի գլխավորությամբ, մտավորականներ, երիտասարդներ: Երգը կատարեցին ուսումնարանի երգչախումբը և նվագախումբը` Սերգեյ Մացոյանի ղեկավարությամբ, մեներգում էր Ռուբեն Մաթևոսյանը: Երգն ընդունվեց մեծ խանդավառությամբ, ստիպեցին կրկնել, իսկ շուտով, Հայաստանի կոմպոզիտորների համագումարում կայացավ “Գյումրի-Լենինականի” նաև երևանյան պրեմիերան”:
Այսօր էլ, Գյումրում ցանկացած միջոռացում զարդարում է այս երգը, իսկ արտասահմանյան կամ ներհանրապետական շրջագայություններում այն դարձել է քաղաքի խորհրդանիշը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ

 

3877Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Մինչ այդ տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպում, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ
Հարգելի գործընկերներ,

Ելույթս կսկսեմ Վլադիմիր Պուտինն ուղղված երախտագիտության խոսքով՝ հյուրընկալության և մեր աշխատանքների համար հիանալի պայմաններ ստեղծելու համար:

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման հարցին՝ որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է մեր երկրների ինքնիշխանության և անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից:

Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր աշխատանքի արդյունավետության և մեր կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից:

Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է այդ համատեքստում իր վրա վերցրած պարտականությունները, քանի որ մենք ելնում ենք մեր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից:

Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ մեզ հաջողվել է դրական արդյունքների հասնել: Նախօրոք համաձայնեցված համատեղ ելույթներն ու հայտարարությունները բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպություններին կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական ցուցումները դարձել են պարբերական պրակտիկա:

Այդուհանդերձ, մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասով, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ:

Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին:

Հարգելի գործընկերներ,

Անփոփոխ է մնում նաև մեր Կազմակերպության նպատակաուղղվածությունը ՄԱԿ-ի, նրա մասնագիտացված ստորաբաժանումների և անվտանգության հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Կարևոր է, որ ՀԱՊԿ-ն այսուհետ ևս հավատարիմ մնա տարածաշրջանային և գլոբալ համագործակցության գործընկերային կապերի հաստատման ուղղությանը: Ընդ որում, արդարացված կլիներ այն, որ այս ոլորտում փոխգործակցությունը կառուցվեր այդ կազմակերպությունների կողմից ՀԱՊԿ-ի հանդեպ դրսևորվող վերաբերմունքին համաչափ:

Նոր գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների լույսի ներքո հատուկ արդիականություն է ձեռք բերում ՄԱԿ-ի դերի ուժեղացումը միջազգային ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում: Դա ակնառու կերպով դրսևորվել է մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների օրինակով, մասնավորապես, Սիրիայում: Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը և Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը և սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

Մենք Սիրիայում հակամարտության առաջին իսկ օրերից հանդես էինք գալիս դրա շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին՝ համազգային երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես՝ Սիրիայի հետ հարևան պետությունների դերը, պետք է կայանար հենց այդ երկխոսության աջակցության մեջ՝ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը:

Այս համատեքստում մենք միանշանակ ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հարգարժան գործընկերներ,

Որպես ամփոփում, ցանկանում եմ հաստատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Հայաստանի հետաքրքրվածությունը: Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Ղրղզստանի նախագահության շրջանում անձամբ իր և մեր բոլոր ղրղզ գործընկերների կողմից իրականացված մեծ աշխատանքի համար: Էստաֆետն ընդունում է ռուսական կողմը:

Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ և մեր ռուսաստանցի բարեկամներին հաջողություններ և պատրաստ ենք սերտ համագործակցության:

 

Գյումրու քաղաքապետարանն այսօրվանից կաշխատի “մեկ պատուհան” սկզբունքով

IMG_1146Գյումրու քաղաքապետարանում այսօր տրվեց “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատելու պաշտոնական մեկնարկը: Որպեսզի քաղաքացին զերծ մնա պաշտոնյաների հետ շփումից և անհարկի գնալ-գալուց, քաղաքապետը նախաձեռնել է աշխարհում ընդունված այս աշխատաոճի անցումը: Առայժմ ծրագիրը փորձնական է, քաղաքապետարանի բաժինների աշխատակիցներվ դեռ պետք է սովորեն այս համակարգին, անցնում են հատուկ դասընթացներ, իսկ հունվարից այն կգործի արդեն լիարժեք: Քաղաքապետարանում կգործի թեժ գիծ: Քաղաքացիները կկարողանան համացանցի միջոցով հետևել` իրենց դիմումն ինչ փուլում է, որ բաժնում է գտնվում և այլն:

“Այս էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծրագիրը մի շարք առավելություններ է տալիս. առաջինը, վերահսկելի է դառնում ամբողջ պրոցեսը, քաղաքացիները քիչ են շփվում մեր աշխատակիցների հետ, որը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Քաղաքացին այլևս դիմում հանձնելու համար պարտավորված չէ բարձրանալ համապատասխան բաժին, դա կատարվում է “մեկ պատուհանի” սկզբունքով: Հերթերից խուսափելու համար նաև ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը, որպեսզի կուտակումներ չլինեն”, – մեկնաբանում է քաղաքապետի խորհրդական, «Մայլբրիդ» ծրագրի պատասխանատու Արարատ Բալաբեկյանը:
“Ամեն ինչ վերահսկվելու է անձամբ իմ կողմից, եթե որևէ բաժնի աշխատակից թերացավ իր գործում, նա պատժվելու է”, – վստահեցնում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Էդվարդ ՆալբանդյանՍեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին:

Նյու-Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Անթալիայում հայտնաբերվել է 2-3-րդ դարերին պատկանող հռոմեական դամբարան

antaliaԹուրքիայի Անթալիա քաղաքի մերձակա Հուրմա շրջանում անցկացվող պեղումերի ժամանակ հայտանբերվել է հռոմեական ժամանակաշրջանին պատկանող դամբարան: Այն փակել են հատուկ պաշտպանիչ ծածկով և հսկողության տակ առել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հնագետները հայտնաբերված պատմական հուշարձանը թվագրում են 2-3-րդ դարերին:
Թուրքիայի մշակույթի նախարարության տեղական բաժանմունքի տվյալներով՝ դամբարանը ունի 224 սմ երկարություն, 115 սմ լայնություն և 72 սմ խորություն: Դամբարանը պատրաստված է կրաքարից և զարդարված փորագրություններով: Մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կոմիտեն որոշում է կայացրել դամբարանը հանել տեղակայման վայրից և հանձնել թանգարանի պահպանությանը: Ամենայն հավանականությամբ այս բացառիկ մշակութային հուշարձանը այսուհետ կցուցադրվի Անթալիայի թանգարանում:

 

 

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի հասցեին

bakuԱդրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլմար Աբդուլաևը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հանդես է եկել ագրեսիվ հայտարարություններով՝ ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իտալիայում արած հայտարարության պաշտոնական Բաքվի վարած քաղաքականության վերաբերյալ: Աբդուլաևը կրկնել է ադրբեջանցի քաղաքական գործիչների անգիր արած արտահայտությունները՝ Հայաստանին անվանելով ահաբեկիչ երկիր: «Այն երկիրը, որը հերոսացնում է ահաբեկիչներին և նրանց երիտասարդ սերունդներին ներկայացնում որպես հայ ժողովրդի հերոսներ, իրավունք չունի բարոյականություն քարոզել մյուս երկրներին»,-ասել է Աբդուլաևը:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչը, անհիմն հայտարարությունն է արել, թե Հայաստանը առիթը բաց չի թողնում, որպեսզի «թշնամություն սերմանի երկու հարևան երկրների և ժողովուրդների միջև, իսկ քսենոֆոբիան քարոզվում է երկրի պաշտոնական բարձր շրջանակների կողմից»:
Պետք է նշել, որ Ադրբեջանից քաղաքական գործիչների նման հայտարարությունները վաղուց արդեն զարմանք չեն առաջացնում, քանի որ վերջիններս ցանկացած առիթ օգտագործում են Հայաստանին վարկաբեկելու համար:

 

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Վրաստանում

518. Official reception in Tbilisi dedicated to the Independence day of Armenia 23.09.2013Սեպտեմբերի 20-ին Թբիլիսիում` Վրաստանում ՀՀ դեսպանի նստավայրում, տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ,  իշխանության այլ կառույցների պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական եւ գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, բարձրաստիճան  հոգեւորականներ, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, գործարար, հասարակական  եւ  մշակութային  շրջանակների ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով 1991թ. հռչակված հայկական պետության անկախությանը՝ որպես վերջին մի քանի դարերի ընթացքում հայ ժողովրդի   ամենանշանակալից ձեռքբերում, նշեց. «Վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր ժողովրդին շատ ցավ եւ տառապանք է բաժին հասել` ավերիչ երկրաշարժ, Ղարաբաղյան հակամարտություն, տնտեսական եւ տրանսպորտային շրջափակում: Այնուամենայնիվ, չնայած հսկայական բարդություններին, չնայած մեր երկրի շատ համեստ ռեսուրսներին, ժողովուրդը կարողացավ հաջողությամբ դիմակայել այս բոլոր մարտահրավերներին եւ հաղթանակած դուրս գալ»:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում արձանագրեց հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց դրանք ամրապնդելուն եւ խորացնելուն ուղղված երկուստեք ջանքերը` որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն: «Հայաստանը հետաքրքրված է կայուն եւ հզոր Վրաստանով: Վրաստանի եւ Հայաստանի փոխգործակցության ռազմավարական բնույթը օրգանապես համապատասխանում է մեր երկրների, ազգային եւ տնտեսական անվտանգության պահանջներով թելադրված արտաքին քաղաքականության առաջնահերթություններին» – նշեց Հովհաննես Մանուկյանը:

Վրացական կողմից շնորհավորական խոսքով հանդես եկավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում մշակութային ծրագրով հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնին կից գործող պարային եւ երաժշտական խմբերը, անհատ կատարողներ: Երեկոյի ընթացքում ներկայացված էին թբիլիսահայ լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի եւ Յուրի Ակուլյանի` Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու կենցաղը պատկերող լուսանկարները:

 

 

2013թ. երրորդ եռամսյակում աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 1200 ընտանիք

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը: 2013 թվականի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել շուրջ 1200 ընտանիք: Իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Սիրահայ ընտանիքների երեխաները հնարավորություն են ստացել նաև սովորելու մշակութային տարբեր կրթօջախներում: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց է ընդունվել 12 երեխա: Անհրաժեշտության դեպքում, սիրիահայ աշակերտներին տրամադրվում են նաև երաժշտական գործիքներ: Շուրջ 50 երեխաներ էլ սովորում են Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տարբեր խմբերում: Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար ևս իրականացվում է անվճար: Անցած ժամանակահատվածում շուրջ 385 սիրահայեր ստացել են անվճար բուժօգնություն և սպասարկում: Կարիքավորները ընտանիքները հնարավորություն ունեն նաև օգտվելու “Գթության խոհանոցներից”: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը լինելու են շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դեսպան Չիտեչյանը մասնակցեց Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Հերման Ավագյանի «Born After Death» ցուցահանդեսի բացմանը

516. Ambassador Chitechyan participated in ''Born after death'' exhibition in Amiens 23.09.2013 (1)Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հայ անվանի լուսանկարիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հերման Ավագյանի ցուցահանդեսի բացումը:

 

Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է Հերման Ավագյանի հեղինակային «Born After Death» (Մահից հետո ծնվածներ) դիմանկարների շարքը, որի հերոսները Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների զավակներն են` ծնված իրենց հայրերի մահվանից հետո:

 

Դեսպան Չիտեչյանն, իր խոսքում բարձր գնահատելով հեղինակի խաղաղության կոչի յուրօրինակ գաղափարը, նշեց, որ նման տպավորիչ եւ զգայացունց դիմանկարները դիտելով` անհնար է չգիտակցել պատերազմների ցավագին հետևանքը: Դեսպանը հիշեցրեց, որ Հերման Ավագյանի լուսանկարներում պատկերված այս պատանիները, Արցախյան ազատամարտում կորցնելով իրենց հայրերին, 1994թ. հրադադարից հետո դեռ շարունակում են ապրել «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» պայմաններում: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ աշխարհի ցանկացած ծայրում գալիք սերունդների մասին մտածող յուրաքանչյուր ոք, նայելով լուսանկարներում պատկերված պատանիների հայացքներին, պարտավոր է ջանք չխնայել վերջիններիս լիակատար խաղաղություն պարգեւելու համար:

 

Միջոցառմանը ներկա էին նաեւ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ամիենի եւ շրջակայքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ արվեստասերներ:

 

Հերման Ավագյանի “Born After Death” դիմանկարների շարքի ցուցադրությունը կշարունակվի Ամիենի Բրիկետրի մշակութային կենտրոնի ցուցասրահում մինչեւ հոկտեմբերի 6-ը:

 

 

Արազ Օզբիլիսն առաջին գնդակը խփեց մրցակցի դարպասը` խաղալով «Սպարտակի» կազմում

աօ27142Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության  9-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը»  ջախջախեց  առաջատար ԲԿՄԱ-ին` 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին: Օզբիլիսը 40-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Նա առաջին անգամ աչքի ընկավ իր նոր թիմի կազմում:

«Սպարտակը» վաստակեց 3 միավոր 20 միավորով հավասարվեց  աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ին: 20 միավոր է վաստակել նաև «Զենիթը»:

Ահա թե ինչ է ասել խաղից հետո Մովսիսյանն իր հայրենակցի մասին. «Շատ ուրախ եմ, որ ռուսական առաջնությունում նա խփեց իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում: Գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Իհարկե ես ջերմ շնորհավորեցի նրան: Թե ինչ ասեցի նրան` անկեղծորեն արդեն չեմ հիշում»:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – ԲԿՄԱ՝ 3:0

Արաս Օզբիլիս, 40, Դմիտրի Կոմբարով, 52, Սերգեյ Պարշավլյուկ, 59

 

Փոխվարչապետն ընդունեց եգիպտոսցի եւ քուվեյթցի լրագրողների խմբին

Ա. ԳեւորգյանՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական եւ հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում գտնվող եգիպտոսցի եւ քուվեյթցի լրագրողների խմբին:

Ա. Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայ-եգիպտական, հայ-քուվեյթական հարաբերություններին, այդ երկրների հետ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, գործարար կապերի աշխուժացմանը։

Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները բարեկամ երկրների հետ, եւ հատկապես կարեւորում է առեւտրատնտեսական կապերի խորացումը: Եգիպտոսում հայտնի իրադարձությունների պատճառով վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովը նիստեր չի գումարել, սակայն, փոխվարչապետի խոսքով, հայկական կողմը պատրաստակամ է շարունակել աշխատանքները, երբ եգիպտական կողմը պատրաստ կլինի: Հայ-քուվեյթական հարաբերությունները վերջին շրջանում բավականին ակտիվ զարգանում են. Հայաստանում բացվել է Քուվեյթի դեսպանատունը, 2011թ. Երեւանում կայացել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, իսկ երկրորդ նիստի անցկացումը նախատեսվում է առաջիկայում:

Պատասխանելով երկրների հետ գործարար շփումների ակտիվացման վերաբերյալ հարցին` Ա. Գեւորգյանը նշեց, որ առեւտրային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ձեւավորված է: Փոխգործակցության համար նա հեռանկարային համարեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները, որոնք հետաքրքրություն կարող են ներկայացնել նաեւ արաբ գործընկերների համար:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը բարեկեցություն եւ խաղաղություն մաղթեց Եգիպտոսի եւ Քուվեյթի բարեկամ ժողովուրդներին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Նախագահ Ուհուրու Քենիատային

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել:

«Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական գործողությունը՝ հույս եմ հայտնում, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: