Գվատեմալայում ավտոբուսի վթարից 30 մարդ է զոհվել

guatemalaՓրկարարներից մեկի տեղեկություններով ՝ երկուշաբթի առավոտյան Գվատեմալայում ավտոբուսի ձորը գլորվելու հետևանքով 30 մարդ է զոհվել:

Associated Press-ը հայտնում է, որ ավտոբուսը ընկել է 200 մետր խորություն ունեցող ձորի մեջ հոսող գետը: Փրկարարները ավտոբուսից դուրս են բերել 40 վիրավորների, սակայն զոհերը թիվը հնարավոր է աճի:

Սան Մարտին Հիլոտեպեքե քաղաքի շրջակա տարածքի հսկայական ժայռերի վրայով անցնող ճանապարհները ցեխոտ են և այնտեղ որևէ անվտանգության միջոցներ տեղադրված չեն:

 

Տոկիոն կհյուրընկալի 2020թ-ի Օլիմպիական խաղերը

olympics-rogge-announcementՄիջազգային օլիմպիական կոմիտեն 2020թ-ի Ամառային օլիմպիական խաղերի անցկացման վայր է ընտրել Տոկիոն:

Շաբաթ օրը Բուենոս Այրեսում կոմիտեն թեկնածու երեք երկրներից՝ Մադրիդ, Ստամբուլ և Տոկիո, ընտրել է երրորդին:

Տոկիոն նախկինում ամառային խաղերը հյուրընկալեր էր 1964թ-ին:

Չնայած Ֆուկուսիմայի ատոմակայանից տեղի ունեցող արտահոսքին՝ Ճապոնիայի ընտրությունը համարվել է որպես ապահով տարբերակ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անձամբ ելույթ է ունեցել կոմիտեի համար և խոստացել արդյունավետորեն մաքրել երկրի տարածքը:

Վարչապետը հայտնել է, որ իրենք անվտանգ և ապահով օլիմպիական խաղեր կկազմակերպեն և դրանով իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ 2011թ-ի ավերիչ երկրաշարժից հետո իրենց օգնելու համար:

Օլիմպիական անցուդարձը լուսաբանող aroundtherings.com կայքի խմբագիր Էդ Հուլան նշում է, որ Տոկիոն Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերի համար սահմանել էր 5-6 միլիարդ դոլար, իսկ Ստամբուլը՝ 19 միլիարդ դոլար:

Թուրքիան ընտրվելու դեպքում կդառնար խաղերը հյուրընկալող առաջին մահմեդական երկիրը: Սա հինգերորդ անգամն է, որ Թուրքիան դուրս է մնում խաղերը հյուրընկալելու ընտրական փուլից:

Կիրակի օրը կորոշվի 2020թ-ի խաղերի երեք սպորտաձևերի ճակատագիրը:

Առաջին անգամ սքուոշը հավանաբար կնդգրկվի խաղերի ցուցակում, սակայն բեյսբոլը/սոֆթբոլը և ըմբշամարտը հնարավոր է դուրս մնան այդ ցուցակից:

2016թ-ի Ամառային օլիմպիական խաղերը կկայանան Բրազիլիայում: 2014թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Ռուսաստանում, իսկ 2018թ-ին՝ հարավային Կորեայում:

 

Պուտին՝ արտերկրները փորձում են ապակայունացնել Կովկասը

putinՆախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի անվտանգության մարմիններին ավելի խիստ միջոցներով կասեցնել անհանգիստ հյուսիսային Կովկասը ապակայունացնել փորձող այլ երկների ջանքերը:

Պուտինը, անդրադառնալով երկուշաբթի կայացած նախագահական անվտանգության խորհրդի հանդիպմանը, հայտնել է, որ անհայտ արտասահմանյան երկրները և հասարակությունը, ինչպես նաև նրանց ղեկավարման տակ գտնվող միջազգային կազմակերպությունները շարունակում են հյուսիսային Կովկասը որպես հենարան օգտագործել Ռուսաստանի ամբողջ տարածքը ապակայունացնելու համար:

Պուտինը ավելացրել է, որ ահաբեկչական և հանցագործ խմբավորումների վտագի կասեցումը հատկապես կարևոր է հիմա՝ 2014թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ:

Հյուսիսային Կովկասը Չեչնիայի երկու անջատողական պատերազմներից հետո հայտնվել է իսլամիստական ապստամբությունների մեջ:

 

Եթե Ասադը հանձնի քիմիական զենքի պաշարները, հնարավոր է, որ ԱՄՆ-ը Սիրիայի վրա չհարձակվի

kerry Այն բանից հետո, ինչ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառվեց, ԱՄՆ-ը օրակարգ բերեց Սիրիայի նկատմամբ ռազմական օպերացիա սկսելու հարցը: Ահա այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ: Վերջինս նշել է, որ եթե Ասադի կառավարությունը հանձնի իր ձեռքում ունեցած քիմիական զենքի ողջ պաշարը, ապա Սիրիա նախատեսվող ներխուժումը կարող է կանխվել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անգլիացի իր գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ Լոնդոնում հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամին: Քերին, հիշեցնելով իրենց կասկածների մասին, թե քիմիական զենքի կիրառման մեղավորը Ասադի կառավարությունն է, նշել է. «Մեզ հայտնի է, թե հրթիռները ուր են ուղղվել և որտեղից են արձակվել: Աշխարհը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Սիրիայի վրա և ուղերձ հղի մյուս բռնապետներին»:

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

IMG_0423 copyՍ. թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Համաձայն ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և ՀՀ կառավարության 20.06.2013թ. որոշման՝ ս.թ հոկտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անց են կացվելու «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Մարզումների նպատակն է.
1. Պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների նախապատրաստման հարցերով, փորձ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար:
2. Բարձրացնել պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում:
3. Կառավարման համակարգում ներդնել նոր արդյունավետ միջոցներ:

Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը

denmarkԵրկուշաբթի Կոլումբիայի համալսարանի երկրաբանական ինստիտուտի 2013թ-ի աշխարհի երջանկության զեկույցի համաձայն՝ նրանք, ովքեր կյանքում մեծ երջանկություն և բավարարվածություն են փնտրում, պետք է ուղևորվեն արևելյան Եվրոպա:

156 երկրներում անցկացված հարցումների արդյունքում  Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Շվեդիան ճանաչվել են աշխարհի ամենաերջանիկ երկրները: Սահարայի հարավում գտնվող Ռուանդայի, Բուրունդիի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Բենինի և Տոնգոյի բնակչությունը երջանկության ցուցանիշով վերջին հորիզոնականներում է:

Երկրաբանական ինստիտուտի հրապարակած աշխարհի երջանկության  ցուցակում ԱՄՆ-ն զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Կանադան 6-րդն է, Ավստրալիան՝ 10-րդը, Իսրայելը`11-րդը, Արաբական միացյալ էմիրությունները` 14-րդը և Մեքսիկան՝ 16-րդը:

Մեծ Բրիտանիան երջանկության ցուցանիշով 22-րդն է: Մյուս խոշոր պետություններից ցուցակում ընդգրկված են նաև Գերմանիան (26), Ճապոնիան (43), Ռուսաստանը (68) և Չինաստանը (93):

Հետազոտություն իրականացնողների տվայլներով՝ հարցված երկրներում մարդկանց մեծ մասին անհանգստացնող հիմնական խնդիրը մտավոր հիվանդություններն են, ուստի այն կառավարությունները, որոնք ցանկանում են իրենց բնակչությունը երջանիկ լինի, պետք է մեծացնեն այդ ոլորտին հատկացվող բյուջեն:

«Եթե ցանկանում ենք ապրել երջանիկ աշխարհում, պետք է ամբողջովին լուծենք մտավոր առողջության հետ կապված խնդիրները» ասված է զեկույցում:

Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը

աբիևԱդրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիկին: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նրան ներկայացրել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը:

Հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնյան շարունակել է հնչեցնել ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը և պնդումները, որ իրենք որևէ զիջման պատրաստ չեն:  Ինչպես միշտ ադրբեջանական կողմը հայկական կողմին է մեղադրել, որ հակամարտության լուծումը հետաձգվում է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը, Աբիևը «մանրամասն» տեղեկացրել է ԼՂ հակամարտության պատճառների  ադրբեջանական տարբերակը  և նշել, որ «չնայած, որ Հայաստանի ագրեսիայի քաղաքականությունը շարունակվում է արդեն 20 տարի», համաշխարհային հանրությունը, և հատկապես Մինսկի խումբը, հակամարտության կարգավորման համար արդյունավետ նախաձեռնությամբ դեռևս հանդես չեն եկել: «Ադրբեջանը ոչ մեկի հողերը չի գրավել, և մենք չենք պատրաստվում որևէ մեկին զիջել անգամ մի թիզ հող: Այս հակամարտության խաղաղ կարգավորման միայն մեկ ճանապարհ կա, որը կայանում է Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրեբեջանական հողերից հեռանալու մեջ: Մեզ համար այլ պայմաններ ընդունելի չեն»,-ընդգծել է ադրբեջանցի նախարարը:

Մենք տարածաշրջանում միակ խաղացողը չենք. Բաշար Ասադ

asadՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը ռազմական ներխուժում իրականացնի Սիրիա, ապա դրան պատասխան կարող է տալ ոչ միայն Դամասկոսը: «Դու կարող եք ամեն ինչի սպասել և անպայման չէ, որ դա սիրիական կառավարությունից լինի»,-հայտարարել է Ասադը:

Ակնարկելով իր դաշնակից Իրանին և լիբանանյան շիական «Հըզբալլահ» շարժմանը՝ Ասադը զգուշացրել է, որ իր կառավարությունը «տարածաշրջանում միակ խաղացողը չէ»: «Կան տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություններ: Այս տարածաշրջանում հիմա ամեն ինչ կա»,-Սիրիայի նախագահի խոսքերն են վկայակոչում թուրքական լրատվամիջոցները:

Ադրբեջանական բանակում անզգուշության պատճառով զինվոր է մահացել

4Ադրբեջանական բանակի շարքային զինծառայող Նամըք Բաբըշովը զենքից անզգուշորեն օգտվելու պատճառով մահացել է, հաղորդում է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զինվորը խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետևանքով փամփուշտը պայթել է, իսկ Բաբըշովը ստացել է մահացու վնասվածքներ: Չի նշվում`որտեղ է դեպքը տեղի ունեցել:

Համաձայն “Դոկտրինա” ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների`այս տարվա ընթացքում  Ադրբեջանում մահացած զինվորների թիվը 64 է:

Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

476. Days of Armenian Art in Romania 09.09.2013Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ` Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոն, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության եւ Գեորգենի հայ կաթողիկե թեմի համատեղ ջանքերով։

Միջոցառումների շրջանակում Գեորգեն այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Դեսպանը հանդիպեց քաղաքային իշխանությունների հետ եւ քննարկեց առաջիկայում Հայաստանի որեւէ բնակավայրի հետ համագործակցության կապեր հաստատելու, ինչպես նաեւ տեղի հայկական հարուստ պատմական ժառանգության պահպանման հարցերը:

Դեսպան Գասպարյանը մասնակցեց նաեւ Գեորգենի գործարարների հետ կազմակերպված հանդիպմանը, ուր նա ներկայացրեց հայ-ռումինական տնտեսական կապերի ընդհանուր պատկերը, տեղեկություններ հաղորդեց միջկառավարական հանձնաժողովի եւ Հայաստանի ու Ռումինիայի առեւտրաարդյունաբերական պալատների գործունեության մասին՝ հրավիրելով տեղի գործարարներին կապի մեջ մտնելու վերջիններիս հետ:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին տեղի հայկական հնատիպ գրքերի եւ քարտեզների հավաքածուն, տրանսիլվանահայեր Գեորգի Կալամարի, Էմմա Կյոլլոյի եւ Ֆերենց Հորվաթի նկարների եւ ձեռագործ իրերի հավաքածուները։ Նույն կենտրոնում ցուցադրվեց Գասպար Կալամարի հեղինակած «Հայաստանի խճանկար» ֆիլմը (2011թ.)։

Փառատոնի հագեցած օրակարգում ուրույն տեղ էին գրավում թեմատիկ հաղորդումները, որտեղ, մասնավորապես, ներկայացվեցին տրանսիլվանահայեր Մարտոն Լասլոյի եւ Ռոզալիա Ավետի ուսումնասիրությունները հունգահարահայերի եւ հայկական քաղաքակրթության վերաբերյալ, ինչպես նաեւ Յուլիա Բալինթի զեկույցը քաղաքի հայկական մարզական ավանդույթների մասին։ Գեորգենի հայոց պատմության, տեղի, ինչպես նաեւ լայն առումով Կարպատյան ավազանի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ հայերի ունեցած կարեւոր դերի մասին պատմող իր աշխատությունները ներկայացրեց պատմաբան, համալսարանական պրոֆեսոր Գարդա Դեսոն:

Տեղեկանք: Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, ուր հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ եւ առեւտրական ու արհեստագործական հաստատություններ: Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առեւտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները եւ իրենց իսկ կառուցած շքեղ շենքերն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռեւս ապրում են մոտ 600 կաթոլիկ հայեր, գործում են աշխարհիկ եւ հոգեւոր միություններ, որոնք,մասնավորապես,նրանց անխոնջ ղեկավարներ Աթիլլա Պուշկաշի, Լասլո Կուլչարի եւ մյուսների ջանքերով ձգտում են վառ պահել հայկական ոգին, հոգեւոր-մշակութային ավանդույթները:

Քննարկվել են ռազմակրթական ոլորտում համագործակցության հեռանկարները

IMG_0430Ս.թ. սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ-ում է գտնվում ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը:

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, Մհեր Շիրինյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի և ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները:

Նույն օրը գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ:

Այցի շրջանակներում գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՉԺՀ ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած ՀՀ զինծառայողներին:

Բարաք Օբաման նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

obama aliev Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Կցանկանայի Ձեզ հայտնել, որ ես ամբողջովին սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ նշանակված դեսպան Ջեյմս Ուորլիկի Բաքու կատարելիք առաջիկա այցը: Դեսպանի նշանակումը հանդիսանում է ԱՄՆ-ի հավատարմության վճռական և միանշանակ ցուցիչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,-ասված է նամակում:

Օբաման համոզմունք է հայտնել, որ դեսպան Ուորլիկի դիվանագիտական հարուստ փորձը և առաջընթաց ապրելու հարցում ադրբեջանական պետության ցանկությունը նոր թափ կհաղորդեն համանախագահների գործունեությանն ու խաղաղ կարգավորման գործընթացին:
«Ես կողմ եմ առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսության գնալու հնարավորությանը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում համանախագահների հնարավորությունների և ժամանակի օգտագործմանը ստեղծված անելանելի իրավիճակից ելք գտնելու համար: Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար՝ հիմնված բանակցությունների ժամանակ սահմանված փոխզիջման սկզբունքի վրա»,-նշել է Օբաման Ալիևին ուղղված նամակում:

Օլիմպիադայից զրկվելուց հետո Ստամբուլը պատրաստվում է հյուրընկալել Եվրո 2020-ի եզրափակիչը

euro2020 թվականի օլիմպիական խաղերի հյուրընկալությունը Ճապոնիային զիջելուց հետո Թուրքիան չի հանգստանում: Ստամբուլը պատրաստվում է հայտ  ներկայացնել 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներն  ընդունելու համար: Այս մասին է հայտնում թուրքական «Haberler»-ը:

Բանն այն է, որ 2020 թվականի համաեվրոպական ֆուտբոլային մրցաշարը անցկացվելու է ոչ թե մեկ երկրում, ինչպես նախկինում էր, այլ Եվրոպայի 13 տարբեր քաղաքներում: Այս անգամ էլ Թուրքիայի հետ մրցելու է Գերմանիան: Սակայն Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վոլֆգանգ Նիերսբախը հայտնել է, որ իրենք առաջնահերթությունը զիջելու են Ստամբուլին: Նախագահը նշել է, որ Մյունհենը իր հայտը չի ներկայացնելու: «Եվրո 2020-ի եզրափակչի համար Թուրքիայի հետ չենք մրցելու»,-ասել է Նիերսբախը՝ նշելով, որ այս հարցում համաձայնության են եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ:

«Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է». Շարմազանովը` Մաքսային միության և Ազատ առևտրի գոտու հակասության մասին

Eduard-Sharmazanov423-e1343921052841Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովն ասաց, որ որևէ մեկին չպետք է զարմանք պատճառի այն, որ Հայստանը խորացնում է հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա նա նկատեց, որ Հայստանի որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք դրանից. «Ամեն ինչ շարունակական է, և որևէ շրջադարձային բան տեղի չի ունեցել: Մենք այն կարծիքին ենք, որ պետք  է շարունակենք եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունը: Կարծում ենք, որ խնդրի վերջակետը դրված չէ, և ես դեմ եմ վերջակետեր դնելուն: Այսօր` 21-րդ դարում, ինտեգրացիոն գործընթացներն անընդհատ են և բխում են թե՛ մեր, թե՛ մեր գործընկերների շահերից»:

Շարմազանովը չի կիսում այն տեսակետը, որ եվրոպական կողմը կատեգորիկ մերժում կամ բացառում է Հայաստանի հետ համագործակցության շարունակումը: «Իհարկե ոչ այն տեքստով և այն տեսքով, որ եղել է մինչ այս, բնականաբար այնտեղ որոշակի խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ Եվրոպայի հետ գործակցելու և երկխոսելու թիվ մեկ անկյունաքարը քաղաքական բարեփոխումներն են, որը մենք հաջողությամբ իրականացրել և իրականացնելու ենք: Այլևս անշրջելի է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական պետության փաստը»,-կարծում է ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից հնչեցրած կոշտ քննադատություններին, թե հարցը նախևառաջ Ազգային ժողովում պետք է քննարկվեր, Շարմազանովն ասաց, որ Մաքսային միությանը միանալու հետ կապված շուրջ հիսուն օրենսդրական նախաձեռնություն կա, որոնք պետք է մանրամասն քննարկվեն Ազգային ժողովում, որտեղ կարող են ընդունվել կամ չընդունվել:

«Ուրբաթը չեկած, շաբաթից մի խոսեք»,-խորհուրդ տվեց Շարմազանովը` նշելով, որ քաղաքական ընդդիմությունն էլ խոսելու հնարավորություն կունենա,-ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, իսկ մենք ստացել ենք ձայն, որպեսզի իրականացնենք մեր քաղաքականությունը: Երբ որ Հայաստանի իշխանությունում կլինի քաղաքական ուժ, որը կասի, որ Մաքսային միություն չենք մտնում, որ ՕԴԿԲ-ից դուրս ենք գալիս և գնում ենք ՆԱՏՕ, էդ ժամանակ ինքը կորոշի: Իսկ մենք և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ ասել ենք, որ մեր արտաքին քաղականության առանցքային կետերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, եղել է Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական-դաշնակցային հարբերությունների խորացումը»:

Անկախ-ի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչով էին պայմանավորված «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կատարվող ջանքերը, Շարմազանովն ասաց. «Իսկ ո՞ վ է ասում, որ մենք չենք պատրաստվում  դա ստորագրել»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են պտրաստվում դa անել, եթե այն հակասություն է առաաջացնում Մաքսային միությանը միանալու դեպքում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Պետք է քննարկենք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»:

Ըմբշամարտը մնաց օլիմպիական խաղերի ծրագրում

20.04.12-7482Դավիթ սաֆարյան-ըմբիշՄՕԿ-ը   2013 թ. փետրվարին հայտարարել էր, որ  օլիմպիական խաղերի ծրագրում ըմբշամարտի մնալ – չմնալը  հարցական է: Սա սառը ցնցուղ էր  մեծ թվով մասնագետների  և մարզասերների  համար, մանավանդ, որ   օլիմպիական դառնալու հայտ էին ներկայացրել  բեյսբոլ – սոֆտբոլ և սկվոշ մարզաձևերը:

ՄՕԿ-ի ` Բունես Այրեսում  ընթացող    125 –րդ նստաշրջանում լուծում ստացավ նաև այս հար : Տեղի ունեցավ  ընտրությո , որը   հաստատեց  ըմբշամարտի առավելությունը  / 49 ձայն/: Մյուս երկու մարզաձևերին բաժին հասավ համապատասխանաբար 24  և  22 ձայն:  Ըմբշամարտի միջզգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը / Սերբիա /, շնորհակալություն հայտնելով, ասաց, որ անցած ժամանակահատվաշում  լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել: «Նախ, ՄՕԿ-ի հետ երկխոսություն է սկսվել: Կարևոր փոփոխություններեն կատարվել մարզաձևի կանոնակարգում: Արդյունքում` ըմբշամարտը  դարձել է ավելի հասկանալի և դիտարժան»,- ասավ Լալովիչը:

 

Կրկին Տոկիոյում կկայանան օլիմպիական խաղեր

տոկիո 2020Արգենտինայի մայրաքաղաք  Բուենոս Այրեսում շարունակվում է   միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ /  125 – րդ նստաշրջանը: Ընտրվեց 2020 թ. ամառային  օլիմպիական խաղերի  մայրաքաղաքը: Հավակնորդներն  էին  Մադրիդը / Իսպանիա /, Տոկիոն/ Ճապոնիա /  և Ստամբուլը / Թուրքիա /:

Բացահայտ առավելությամբ  / 60  ձայն /  հաղթեց Տոկիոն:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն: Նա ասաց, որ խաղերի անցկացումը կնպաստի իր երկրի  տնտեսության առաջընթացին: «Իրականացվել է պետական ծրագիր , որի շնորհիվ   «ֆուկուսիմա – 1»  վթարված  ատոմակայանի  ռադիացաին   ամբողջովին վերացել է: Ավելին, այժմ Ճապոնիան լուծում է այլ  էներգակիրներ ստեղծելու հարցը: Ծագող արևի երկրում կայանալիք օլիմպիական խաղերով  կհիանա համաշխարհային մարզասերը» , – ընդգծեց  վարչապետը:

ՄՕԿ –ի գործող նախագահ Ժակ Ռոգեն նույնպես  իր համակրանքն է արտահայտել Տոկիոյի ընտրության համար:

Մինչև այս   Ճապոնիայում  անցկացվել են օլիմպիական ևս երեք խաղեր. Տոկիոյում  / 1964 թ. / , Սապպորոյում /  1972 թ. /   և   Նագանոյում / 1998 թ . / :

Ի դեպ, Տոկիոն ասիական միակ քաղաքն է , որը երկրորդ անգամ է դառնում օլիմպիական խաղերի մայրաքաղաք:

Իրավապաշտպան. Զինդատախազը հրապարակավ բռնաբարեց արդարադատությունը

սաքունց-ալումյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների ընտանիքի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ պարզապես ապշած է ու կարծում  է, որ սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր արդարադատության հետ:

«Այն անձինք, որոնք պիտի դատապարտվեին Ավետիք Բուդաղյանի սպանության համար, ազատ արձակվեցին, իսկ քննիչը բարեհաճեց որոշումը տրամադրել ինձ շաբաթ երեկոյան, երբ բոլորն արդեն գիտեին այդ մասին: Երկու օր է, փորձում եմ հասկանալ  տրամաբանությունը: Այս որոշումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավաբանության ու տրամաբանության հետ ու ավելի շատ բժշկական բնութագրման կարիք ունեն: Ամբողջ գործի մեջ դեպքը ներկայացվել է այնպես, իբր հարձակվողները Բուդաղյաններն են եղել, իսկ Խաչատրյանները պաշտպանվել են: Հաշվի չի առնվել, որ հայտնաբերված 13 պարկուճից 11-ն արձակված են եղել Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից»,-ասաց փաստաբանը:

Իսկ Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը ավելացրեց, որ  գործի նման ընթացքի առաջին մեղավորը զինդատախազն է. «Առաջին և գլխավոր հանցագործը Գևորգ Կոստանյանն է, ինքը հրապարակավ բռնաբարեց արդարադատությունը: Սրա հետևանքները շատ վատ են լինելու»:

 

Լարա Առաքելյան

Բաքուն չեղյալ է հայտարարել ամերիկյան պատվիրակության այցը

3Ամերիկյան պատվիրակության`սեպտեմբերի 9-ին նախատեսված այցն Ադրբեջան հետաձգվել է, հաղորդել է “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Բաքվում ԱՄՆ դեսպանատանը:

“Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ այցը մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Ցավում ենք, որ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով նախատեսված այցը չի կայանա”,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Խոսքը Միացյալ նահանգների պետքարտուղարի`ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցի մասին է: Այս պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին ժամանելու է Թբիլիսի,իսկ այնուհետև պետք է մեկներ Բաքու:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. 1 զոհ

ապակիՍեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 1994 թ. ծնված  Արկադի  Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ  երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ոստիկանության պատվիրակությունը Աստանա է մեկնել` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ խորհրդի նիստին

հունան պողոսյանՍեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:
Քննության առարկա կդառնա 2014-2018 թ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը: