Թուրքական «Հաբերլերը» մի հետաքրքիր հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո տեղի ունեցած մի շարք նշանակալից իրադարձություններ, որոնք առաջինն են եղել երկրի պատմության մեջ: Այսպես Թուրքիայում առաջին մետրոն բացվել է Ստամբուլում 1867 թվականին, իսկ երթուղային տաքսիները՝ այսպես կոչված դոլմուշները, սկսել են գործել 1940 թվականից: Շաքարի առաջին գործարանը հիմնվել է 1926 թվականին, իսկ մինչ այդ շաքարի ճակնդեղի մասին երկրում նույնիսկ չգիտեին: Հետաքրքիր է, որ շոկոլադի գործարանը ավելի շուտ՝ 1924 թվականին է սկսել աշխատել: Եվրոպայում իսպանացիների միջոցով հայտնված շոկոլադը մինչև գործարանի հիմնումը Թուրքիան ստանում էր արտասահմանից:
Պարզվում է, որ առաջին անգամ բանկային քարտեր Թուրքիայում սկսել են կիրառել 1991 թվականից: Թուրքիայի քաղաքացիները անձը հաստատող փաստաթուղթ են ստացել միայն 1863-64 թվականների մարդահամարից հետո: Առաջին թուրքական ֆիլմը նկարահանվել է 1914 թվականին, իսկ ահա առաջին գունավոր ֆիլմը եթերում է հայտնվել 1953-ին: Թուրքիայում ավիափոխադրումներ սկսել են իրականացնել սկսած 1933 թվականից, իսկ առաջին ինտերնետային կայքը ստեղծվել է 1992-ին Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի կողմից:
1992 թվականին Թուրքիայում հայտնվեց առաջին բջջային հեռախոսը, որը պատկանում էր այն ժամանակվա երկրի նախագահ Սուլեյման Դեմիրելին, ևս մեկն էլ՝ վարչապետ Թանսու Չիլերին: Առաջին լվացքի մեքենան Թուրքիայում 1960 թվականին է արտադրվել, ինչպես նաև այդ տարի է թողարկվել տեղական արտադրության առաջին սառնարանը: 13-րդ դարում Քոնիայում բացվեց թուրքական առաջին ռեստորանը:
1971 թվականի մայիսի 13-ին «TRT» հեռուստաընկերությունը առաջին անգամ երկարատև հեռարձակում իրականացրեց: Առաջին գործադուլը երկրում տեղի է ունեցել 1872 թվականին: Թուրքիայի ֆուտբոլի առաջնության առաջին գավաթակիրը դարձել է «Գալաթասարայ» ակումբը: Այս տարի Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ ևս մեկ պատմական իրադարձություն է տեղի ունեցել: Հունվար ամսին թուրք բժիշկները առաջին անգամ դեմքի փոխպատվաստում իրականացրեցին: