Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

10647_am_1Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը, գիտելիքը մեր ժողովրդի արժեհամակարգի հիմքն են: Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը: Լավ կրթություն, հարուստ գիտելիքներ ունեցողի համար մեր երկրում աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ հնարավորություններ, որպեսզի վերջինս իր ապագան կերտի Հայրենիքում: 21-րդ դարում պետություններն իրար հետ առաջին հերթին մրցում են գիտելիքահեն հասարակություններով: Մենք կարող ենք և պարտավոր ենք մեր արժանապատիվ տեղը զբաղեցնել աշխարհի այդ երկրների շարքում: Այդ ճանապարհին հսկայական է ձեր դերակատարությունը` սիրելի մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և ուսանողներ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք:

Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվն աճել է

dprocԱյսօր սեպտեմբերի 1-ն է, օրը կիրակի, սակայն որոշ դպրեցներում տոնական մթնոլորտ է` առաջին դասարանցիների համար: Իսկ վաղը հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի ուսումնական տարվա առաջին զանգը:

Շիրակի մարզում 2013-14 ուստարում դպրոցական զանգն առաջին անգամ կհնչի նախնական տվյալներով 3019 առաջին դասարանցիների համար: Հավելենք, որ այս թիվը բավական մեծ է նախորդ տարվա ցուցանիշից` 2849, սակայն Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը նշում է, թե հրապարակված թիվը ենթակա է փոփոխման, քանի որ նույն երեխայի մասին հնարավոր է տեղեկացրել են երկու դպրոցի տնօրեն:
Շիրակի մարզում այսօր գործում է 170 պետական հանրակրթական դպրոց, որից 153-ը` մարզպետարանի, 17-ը` անմիջական ԿԳՆ ենթակայության: Շիրակն ունի 4 տարրական, 45 հիմնական, 100 միջնակարգ, 1 վարժարան, 2 հատուկ և 1 երեկոյան դպրոց: Կրթության վարչության պետի փոխանցմամբ, դպրոցների թերբեռնվածության պատճառով չի բացառվում դպրոցների օպտիմալացումը:
Մարզում գործում է 13 ավագ դպրոց, որից` 10-ը Գյումրիում, 2-ը` Արթիկում և 1-ը Ախուրյանում. այստեղ նույնպես աշակերտների խնդիր կա և ԿԳ նախարարությունն առաջիկայում քայլեր կձեռնարկի դրանց օպտիմալացման շուրջ ևս:
Մարզի դպրոցներից շատերն ունեն նաև նորոգման անհրաժեշտություն: Մարզպետարանի հրապարակած տվյալներով Շիրակում խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Հովունիի, Կապսի, Արթիկի թիվ 8, Լուսակերտի, Ձորաշենի դպրոցները: 118 դպրոց ունի հիմնանորոգման կարիք, 21-ը` վերանորոգման: Մի շարք դպրոցներում էլ առկա են մարզադահլիճների և մարզահրապարակների հիմնանորոգման խնդիրը:
Դարձյալ նախնական տվյալներով, 2013-14 ուստարում մարզային ենթակայության դպրոցները կունենան 1294 շրջանավարտ:

«Միկան» ու «Փյունիկը»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրի վերջին խաղում Երևանի «Միկան» այսօր 2:1 հաշվով առավելության հասավ Մարտունու «Ալաշկերտի» նկատմամբ:

«Միկան» ու «Փյունիկն» ունեն 8-ական միավոր, «Շիրակն» ու «Արարատը» 7-ական: «Բանանցը» վաստակել է 5, «Գանձասարը»՝ 4, «Ալաշկերտը»՝ 2, «Ուլիսը»՝ 1 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Ալաշկերտ» – «Միկա»՝ 1:2

Վարդան Պետրոսյան, 78 – Գևորգ Պողոսյան, 7, Վարդգես Սաթումյան, 79

Յուրա Մովսիսյանը կրկին դարձավ գոլի հեղինակ

Յուրա Մ221316001378040756Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Տոմի» նկատմամբ: Մովսիսյանն ու Օզբիլիսը խաղադաշտ էին դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում: 77-րդ րոպեին Օզբիլիսը փոխարինվեց, իսկ Մովսիսյանը խաղադաշտից հեռացավ հանդիպման վերջին:

«Սպարտակը» սկզբում պարտվում էր: Մովսիսյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` 1:1: Դա նրա խփած երրորդ գնդակն է Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: Ի վերջո, «Սպարտակը» հաղթեց 2:1 հաշվով և վաստակած 14 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Զենիթին»: Առաջատարը` ԲԿՄԱ-ն, ունի 17 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Տոմ»՝ 2:1

Յուրա Մովսիսյան, 45+3, Պավել Յակովլև, 76 – Վլադիմիր Ռիկով, 6

Հենրիխ Մխիթարյանը երկու գնդակ խփեց և հաղթանակ պարգևեց «Բորուսիային»

մխիթ221316111378054477Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Մխիթարյանը երկու գնդակ խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը: «Բորուսիան» առավելության հասավ 2:1 հաշվով:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: Վաստակած 12 միավորով  դորտմունդցիներն աղյուսակի առաջին հորիզոնականում են:

Տեխնիկական արդյունքներ

«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ – «Բորուսիա» Դորտմունդ՝ 1:2

Վացլավ Կադլեց, 36 – Հենրիխ Մխիթարյան, 10, 56

Այսօրվա պատերազմը գիտելիքի ճակատում է, որտեղ պետք է տանենք նոր հաղթանակներ. ՀՀ վարչապետ

10646_am_1Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը: Շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ` վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Մենք ձեզ հետ ի վիճակի ենք և պարտավոր տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»:

Վարչապետի խոսքով` այսօր համալսարանները դառնում են հասարակության զարգացման հիմնական շարժիչները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարեփոխոււմներն իրականացնելիս թիրախավորում է համալսարանների, որպես գիտական օջախների, կայացումը: «Մենք առաջին հերթին պետք է իրականացնենք կրթական արմատական բարեփոխումներ և բարձրացնենք համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Պետք է ՀՀ-ում ներդնենք հավատարմագրման ինստիտուտ, որը թույլ կտա հետևել սահմանված չափանիշների պահպանմանը: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու համալսարանների խոշորացում, և մենք չենք բացառում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանալու այս մրցակցությանը: Մեր ինտելեկտուալ կարողությունները ներդնելու ենք հավատարմագրման բոլոր փուլերն անցած համալսարաններում, ինչը խթանելու է որակական ծառայություններ մատուցելու մրցակցությանը»,– ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպես է վարչապետի համար սկսվել արցախյան շարժումը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ազգային խնդիրները լուծելու և բարձրացնելու հմտությունները ձեռք եմ բերել դեռևս 1980-87 թվականներին` Սանկտ Պետերբուրգում կրթություն ստանալու տարիներին: Կազմակերպում էինք ապրիլքսանչորսյան միջոցառումներ, զբաղվում հայրենասիրական խնդիրների շուրջ քննարկումներով: Վերադառնալով Երևան` 1988-ին աշխատանքի ընդունվեցի տեղի պլանավորման և հետազոտությունների ինստիտուտում, որտեղ ծանոթացա Իգոր Մուրադյանի հետ: Այսինքն, արցախյան շարժման բուռն իրադարձությունների մեջ հայտնվեցի Սանկտ Պետերբուրգից անմիջապես հետո, երբ դեռևս գաղափարախոսական ընդհատակյա պայքար էր գնում: 1988-ին ժամանեցի Ստեփանակերտ` թռուցիկներով լի ճամպրուկով, որպեսզի դրանք տարածենք այստեղ: Հետագայում արդեն տեղյակ եք, որ Երևանում սկսվեց սկզբից բնապահպանական շարժումը, որն էլ սահուն կերպով տեղափոխվեց քաղաքական դաշտ»: 
Խոսելով Սիրիայի շուրջ հնարավոր ռազմական գործողությունների մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների:
«Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքովտեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,– նշել է վարչապետը:
Հանդիպման ավարտին ուսանողները և համալսարանի ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին` իրենց հյուրընկալվելու համար և Տիգրան Սարգսյանին նվիրել ղարաբաղյան բարբառի բառարան:
ՀՀ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է ուսանողներին Գիտելիքի օրվա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Կինը 30 րոպե կարուսելում փակված է մնացել, քանի որ Բեյոնսեն շպարվում էր

Beyoncé has been accused of reducing a woman to tears3Կինը արտասվել է, երբ Բեյոնսեի թիմը պատահաբար նրան կես ժամ փակված է թողել սատանայի անիվ կարուսելի վրա: Դեպքը տեղի էր ունեցել այս շաբաթվա սկզբին Քոնի կղզու զվարճանքների այգում 31-ամյա երգչուհու նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:

Ըստ Splash-ի՝ Բեյոնսեն որոշել էր որոշ կադրեր նկարահանվել անիվի վրա և նրա թիմը հանրության համար փակել էր կարուսելը, սակայն չէին նկատել, որ խեղճ կինը և նրա ուղեկիցը գտնվում են նստատեղերից մեկի վրա:

Մինչ կինը և իր ուղեկիցը կախված էին մնացել կարուսելի վերևում, Բեյոնսեն ներքևում շպարվում էր:

beyonceԿարուսելից վերջապես իջնելուց հետո՝ զույգը ցնցված տեսք ուներ:

Կինը կարուսելից իջնելիս արտասվել է և իր ուղեկցի հետ արագ հեռացել:

Դեպքից հետո Բեյոնսեն շարունակել էր իր տեսահոլովակի նկարահանումները:

Հարավային Աֆրիկայի նախագահի գրասենյակը ժխտել է Նելսոն Մանդելայի՝ հիվանդանոցից դուրս գրվելու վերաբերյալ լուրերը

mandela2Հարավային Աֆրիկայի նախագահի գրասենյակը շաբաթ օրը հայտարարել է, որ Նելսոն Մանդելան շարունակում է մնալ հիվանդանոցում՝ հերքելով ավելի վաղ տարածված հայտարարությունները, որ նա արդեն վերադարձել է տուն:

Մանդելային մոտ կանգնած երկու աղբյուրներ շաբաթ CNN-ին հայտնել էին, որ հիվանդանոցում երկար ժամանակ մնալուց հետո նա վերադարձել է իր Յոհանսբուրգի բնակարան:

Նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Մանդելայի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, սակայն նա դրական է արձագանքում բուժմանը:

95-ամյա Մադելան հոսպիտալացվել էր հունիսի 8-ին թոքերի վարակի պատճառով: Նա հուլիսին բարեկամների հետ իր ծնունդը 95-րդ տարեդարձը նշել էր Պրետորիայի հիվանդանոցում:

 

«The Sun» պարբերականը «թաղել է» Անգլիային

sunԱյն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիան հայտարարեց, թե չի մասնակցելու Սիրիա նախատեսվող ռազմական ներխուժմանը, «The Sun» պարբերականը այսօր հրապարակել է «Մահվան հայտարարություն», որը վերաբերում է Անգլիային: Ինչպես հաղորդում է «Դողանը» լրատվական գործակալությունը՝ հանդեսի առաջին էջին հայտնված հայտարարության մեջ ասվում է, որ Անգլիայի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանը և խնդրվում է թաղմանը ծաղկեպսակ չուղարկել: Պարբերականը հիշատակում է, որ օգոստոսի 29-ին հանկարծամահ եղած 67-ամյա անգլո-ամերիկյան հարաբերությունների սկիզբը դրել են Վինսթոն Չերչիլն ու Ֆրանկլին Ռուզվելտը, ապա դրանք զարգացրել են ԱՄՆ հաջորդ նախագահները:

Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը

10644_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ` օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ քաղաքաշինության նախարարների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին:

Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու  և բարձրակարգ կրթությանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
Դպրոցն ունի 250 աշակերտ:
Այնուհետև վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Չինաստանի հարավարևմտյան շրջաններում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա 4 զոհ

china3Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի հարավարևմտյան շրջաններում շաբաթ օրը տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է չորս մարդ:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ կան նաև 10 վիրավորներ:

Պետական լրատվամիջոցը, մեջբերելով Յունան նահանգի պետական պաշտոնյաներին, հայտնում է, որ 600 բնակելի տներ են փլուզվել: Վնասվել են նաև 55,000 այլ բնակելի տներ, 9,200 մարդ ստիպված է եղել տեղափոխվել այդ տարածքներից:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Յունան և Սիչուան նահանգների սահմանի մոտակայքում:

Յունանի քաղաքացիական գործերի նախարարությունից դեպքի վայր վրաններ և հագուստ է ուղարկվել:

Այս նույն շրջանում 5,1  մագնիտուդով երկրաշարժ գրանցվել էր նաև չորեքշաբթի:

 

Ադրբեջանական բանակում զինվորը մահացել է հիվանդության պատճառով

2Ադրբեջանական բանակում մահվան հերթական դեպքն է գրանցվել:

Ադրբեջանի Ազգային բանակի 19-ամյա զինծառայող Թուրալ Զամանովը մահացել է տևական հիվանդության պատճառով:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ մահվան դեպքը: Համաձայն Պաշտպանության նախարարության`զինծառայողի մոտ սուր լեյկոզ է եղել:
Զամանովը զորակոչվել էր 2012թ.-ին Նեֆթճալայի շրջանից:
Համաձայն ոչ պաշտոնական ադրբեջանական վիճակագրության` 2013թ.-ի ընթացքում Ադրբեջանում մահացել է ավելի քան 60 զինվորական, վիրավորվել`70-ը:

“Գյումրիում բնակարանները կհանձնվեն սեպտեմբերի 32-ին” կամ ամենաբարձր չինովնիկի մակարդակով

IMG_0957Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար խոստացվել էր կառուցել 420 բնակարն ևս: Ավելին, ըստ նախնական խոստումների, այդ բնակարանները շահագործման էին հանձնվելու այս սեպտեմբերին: Գյումրու լրագրողները, Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ, այսօր այցելեցին “շինհրապարակ”` ծանոթանալու աշխատանքների ընթացքին:

Հասնելով “Մուշ 2” թաղամասի ծայրում գտնվող ցանկապատված տարածք` այնտեղ ոչինչ չհայտնաբերվեց: “Քանի որ սա ցանկապատված տարածք է, պետք է ենթադրել, որ այստեղ պետք է 420 բնակարանի հիմքերը փորվեր: Որտեղ ժամանակացույցով արդեն վաղուց սկսված պետք է լիներ շինարարությունը, և եթե դեմն ուրիշ ավելի հետաքրքիր բաներ լինեին` ընտրությունների տեսքով, ոչ թե երկաշարժից 25 տարի է անցել և այլն, շինարարությունը կլիներ: Կամ եթե Շիրակի մարզը շատ ավելի լավ արդյունքներ ցույց տված լիներ ընտրությունների ժամանակ` ականջը չէին ոլորի, չէին պատժի: Մյուս ենթադրությունն այն է, որ մեր իշխանությունը մեզ հետ անկեղծ չէ, չի ասում, այո, այս-այս պատճառներով նկարագրված, ենթադրյալ դրախտը գոյություն չունի”, – նշեց Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
“Այստեղ գտնվողներս կարող ենք վստահաբար փաստել` մենք գործ ունենք պաշտոնական ամենաբարձր մակարդակով ստի հետ: Երբ ասվել է 420, չի ասվել 4200, 3800, որովհետև ամենատարբեր տվյալներով Գյումրիում այդքան անօթևան ընտանիքներ կան, ասվել է 420, բայց պաշտոնական ամենաբարձր մակարդակով դա սուտ է”, – ասում է Սեյրան Մարտիրոսյանը:
“Այս տարվա սեպտեմբերին հանձնվելիք 420 բնակարանները մեր ենթադրությամբ այստեղ ու “Անի” թաղամասում պիտի կառուցվեին: Հիմա տեսնում եք, որ շենքերը ոչ կիսակառույց, ոչ մի քանի հարկ ելած` գոյություն չունի: Պետությունը խոստացել էր սեպտեմբեր` ենթադրում ենք սեպտեմբերի 30 կամ 31, գոնե 32-ին պիտի հանձնվեին այս շենքերը, – կատակում է Լևոն Բարսեղյանը և բոլորին կոչ անում սեպտեմբերի 32-ին ներկա գտնվել նորակառույցների բացման արարողությանը: – Էս իշխանությունն էս մակարդակի պատասխանատվություն ունի: Էլ չգիտենք ինչպես ասենք, ստիպված եղանք ստուգայց կազմակերպել: Անկեղծ ասած, ես մտածեցի, որ իշխանությունների մասին շատ սուտ բաներ են խոսում, որոշեցինք մեր ոտով գալ, տեսնել, ստուգել` շքամուտքերում ներկն ինչպես է արված…”, – շարունակում է Լևոն Բարսեղյանն ու սարկազմով նշում` այս շենքերում ամեն ինչ կարգին է, նույնիսկ կարելի է արդեն ընտրություններ կազմակերպել:
“Այս ստուգայցի համար ես բաց հրավեր էի ուղարկել քաղաքային, մարզային իշխանություններին` գալ, տեսնել: Գուցե իրենք իսկապես տեսնում են, որ այս շենքերը կան, ես ուղղակի կատակ էի անում, թե կան”:
Մարդիկ դեռևս աղետից քառորդ դար անց հույսով են ապրում, աչքերը տուն ունենալուն կարոտ: Իսկ պատասխանատու կառույցները լռում են. շինարարությանն առնչվող հարցերը չգիտես ինչու քաղաքաշինության նախարարությունը գցում է այլ կառույցների վրա: Այս պարագայում` կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության, վերջինիս կողմից էլ նշվում է, թե կատարվում են շահառուների ընտանիքների կազմի, քանակի հստակեցման ուղղությամբ աշխատանքներ, հետևաբար նաև՝ բնակարանների սենյակների քանակի, դրանց մակերեսների հստակեցման ուղղությամբ նույնպես:
“Չեմ կարծում, թե այստեղ խնդիրը փողն է. զուգարանի վրա 170.000 դոլար ծախսող իշխանության համար հարց չպիտի լիներ 420 բնակարան սարքելը”, – փորձում է մեկնաբանել Լևոն Բարսեղյանը:
Իսկ անօևթաններն ինչ անեն հարցին Լևոն Բարսեղյանն ասում է. “Անօթևանները յոլա են գնում ինչպես միշտ, հարմարվում են, տոմսի փողի են սպասում, գրին քարտի, ու քրֆում են: Քիֆուրների լուրջ կատալոգ կարելի է կազմել մեր տնակային թաղամասերում շրջելու արդյունքում”:
Ի դեպ, ենթադրյալ շինհրապարակից հեռանալուց րոպեներ անց Լևոն Բարսեղյանին է զանգահարում “Գլենդել Հիլզ” ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության պատասխանատուն. “Ինձ զանգահարեց “Գլենդել Հիլզի” ինչքան հասկացա մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, հետաքրքրվում էր, թե մենք ինչ ենք անում շինարարության հրապարակում: Ես, իհարկե, դրվատանքի խոսքեր հղեցի նրան, որ էս մի շինարարությունն ուղղակի ցնցող էր, համեմատած անցած տարիների շինարարության թերությունների հետ: Այս տարի շշմելու 420 բնակարան էիք շնել, էկել հիանում էինք: “Դեռ տարածքու՞մ եք”, – ասում եմ չէ, 5 րոպե է տևել, մտել, տեսել ենք, որ շինարարությունը փայլուն ընթանում է, տարածքից դուրս ենք եկել”, – իրենց հեռախոսազրույցը ներկայացրեց Լևոն Բարսեղյանը:

Թուրքիայում «գունավոր աստիճանների» հեղափոխություն է

1Ստամբուլի Բեյօղլու վարչական շրջանի Ֆընդըքլը թաղամասում թաղապետարանի կարգադրությամբ աստիճանները մոխրագույն էին ներկվել, ինչը դժգոհության է արժանացել բնակիչների կողմից: Մի խումբ քաղաքացիներ սկսել են «Վերցրու վրձինդ, արի» նախաձեռնությունը, որը հաշված ժամերի ընթացքում տարածում է ստացել ամբողջ Թուրքիայում:
5Այսպես թուրքական «Ռադիկալը» հրապարակել է երկրի տարբեր քաղաքներից՝ Ստամբուլից, 4Անկարայից, Դիարբեքիրից ստացված լուսանկարներ, որտեղ պատկերված են ծիածանի բոլոր գույներով ներկված աստիճաններ: «Գունավորում ենք աստիճանները» ակցիային միացել են ինչպես բազմաթիվ քաղաքացիներ, այնպես էլ արվեստի և քաղաքականության ասպարեզի նշանավոր դեմքեր: Արդյունքում սոցիալական ցանցերում հայտնվել են մի շարք լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ ներկում իրենց բակերի աստիճաններն ու փողոցները:

Գիշերանոցով Պուտինն ու կրծքկալով Մեդվեդևը «Տռավեստի» սկանդալային նկարի հերոսներ

putinՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ոստիկանությունը առգրավել է նկարիչ Կոնստանտին Ալթունինի «Տռավեստի» անունով նկարը, որտեղ պատկերված են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ներքնազգեստով: Նկարը բողոքի և ծաղրի մի յուրատեսակ արտահայտում է՝ ուղղված հունիս ամսին Ռուսաստանում հաստատված օրինագծի՝ ընդդեմ միասեռականների, որն արգելու է «ոչ ավանդական հարաբերությունների պրոպագանդան»: Նկարում պատկերված է, թե գիշերանոց հագած Պուտինը ինչպես է սանրում կրծքկալով Մեդվեդևի մազերը:
Թուրքական «Cumhuriyet»-ը գրում է, որ նկարի առգրավումից հետո Ալթունինը լքել է Ռուսաստանը՝ ապաստան խնդրելով Ֆրանսիայից: Բացի վերոնշյալ նկարից, ոստիկանությունը նկարչի մոտ ևս մեկն է հայտնաբերել, որտեղ պատկերված է միսեռականների դեմ ուղղված օրինագծի հեղինակներից հանդիսացող Ստ. Պետերբուրգի օրենսդրական խորհրդի անդամ Վիտալի Միլոնովի դեմքը՝ խառնված միասեռականների նշանը հանդիսացող ծիածանի հետ:
Նկարիչ Ալթունինի այս աշխատանքը համարվել է վիրավորանք՝ ուղղված ռուս ղեկավարների դեմ, որի համար նրան մեկ տարվա ազատազրկում է սպառնում:

ԱՄՆ-ում 71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը

amusinnerԱՄՆ-ի Իլինոիս նահանգում այս տարվա հուլիսին իրենց ամուսնության 71-րդ տարեդարձը նշած ամուսինները վախճանվել են միևնուն օրը ընդամենը մի քանի ժամ տարբերությամբ: Այս մասին գրում է թուրքական «Haberler»-ը՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Ռոբերտ և Նորա Վիանդիսները ամուսնացել են 1942 թվականին: Ռոբերտը սիրում էր ծկնորսությամբ զբաղվել և հետևել այգուն, իսկ Նորան սիրում էր ժամանակ անցկացնել խաղատանը: Ամուսնական զույգը դաստիարակել է 5 երեխա և 18 թոռ: Ռոբերտը, որը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, մահացել է երեկ ժամը 00:45-ին 92 տարեկան հասակում, իսկ նրա 88-ամյա կինը կյանքից հեռացել է նույն օրը՝ 16:45-ին: «Նրանք իսկապես երբեք չէին բաժանվում: Ճաշի սեղանի շուրջ նրանք միշտ իրար ձեռք էին բռնում»,-հիշում է Վիանդիսների դուստր Բարբ Միլթոնը: Անբաժան ամուսինները վաղը կթաղվեն կողք կողքի:

 

 

Ի վերջո հաղթանակը մերը կլինի. 11-ամյա Հաֆըզ Ասադ

  1. asadՍիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ 11-ամյա Հաֆըզ Ասադը իր «Facebook»-յան էջում գրել է, թե ԱՄՆ-ի զորքերի հարձակումը մեծ սխալ է լինելու: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»: Ահա, թե ինչ է գրում փոքրիկ Ասադը. «12 ժամ սպասեցինք: Ասել են 48 ժամ, դեռ սպասում ենք: Միգուցե ԱՄՆ-ը ունի աշխարհի ամենամեծ բանակը, սակայն նրա զինվորները, իմ կարծիքով, ամենավատն են: ԱՄՆ-ը հայտարարել է, որ կփրկվի ձեռքում ունեցած տեխնոլոգիայով: Ոմանք կարող են մտածել, որ ԱՄՆ մեզնից ուժեղ է և կարող է ոչնչացնել մեր բանակը: Սակայն նա չի կարող վերացնել մեր դիմադրությունը: Ուզում եմ, որ նրանք հարձակվեն մեզ վրա, քանի որ շատ մեծ սխալ կգործեն, որը կբերի անսպասելի բաների սկբզբին: Ի վերջո հաղթանակը մերը կլինի, կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի»:

ԱՄՆ-ը գիտի, թե Սիրիայում որտեղից և երբ է կիրառվել քիմիական զենքը. Ջոն Քերի

kerryԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը հստակ տվյալներ ունի այն մասին, թե որտեղից է Սիրիայում գործի դրվել քիմիական զենքը: «Մենք գիտենք, թե որտեղից և երբ են արձակվել հրթիռները և որ ուղղությամբ են շարժվել»,-նշել է Քերին: Վերջինիս խոսքերով՝ հրթիռները արձակվել են կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքներից և հարվածը հասցվել է ընդդիմադիր ուժերին պատկանող տարածքներին: Պետքարտուղարը նշել է նաև, որ հետախուզական տվյալների համաձայն, սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում երեք օր պատրաստվել են քիմիական զենքի կիրառման համար:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ Ջոն Քերին հայտարարել է նաև, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը ԱՄՆ-ը զուսպ պատասխան կտա, քանի որ կոնֆլիկտի լուծումը պետք է քաղաքական լինի: «Ցանկացած գործողություն, որը մենք կձեռնարկենք, կլինի զուսպ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն քիմիկատի կիրառման մեղավորները: Մենք հավատում ենք, որ ի վերջո կոնֆլիկտի կարգավորումը կլինի քաղաքական՝ բանակցային ճանապարհով»,-հայտարարել է Քերին:

 

 

«Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության 70-ամյա հոբելյանը կնշվի շուքով

18547Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակահատվածում` 1943-ին, ԽՍՀՄ–ում ստեղծվեց  «Աշխատանքային հերթափոխ» մարզական ընկերությունը: Նպատակն այն էր, որ պրոֆտեխկրթության համակարգի սովորողները և աշխատողները բարեկամանան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետ, ֆիզիկական կոփվածք ձեռք բերեն` լավ վազեն, ցատկեն, նռնակ նետեն և պատրաստ լինեն  բանակում ծառայելու, երկիրը պաշտպանելու: Սպորտում մեծ նվաճումների հասնելու մասին սկզբնական շրջանում խոսք չկար: Հայաստանում էլ ստեղծվեց նույնանուն մարզական կառույց: Եվ ահա, այն դարձել է 70 տարեկան:

Եթե պատերազմական տարիներին պրոֆտեխուսումնարանները ռազմականացված հաստատություններ էին, կադրեր էին պատրաստում գործարանների համար,  նաև ունեին արտադրություններ, ապա խաղաղության հաստատումից հետո այդ կրթօջախներն արդեն հիմնականում ուսում ստանալու և մասնագիտանալու հանարավորություն էին տալիս երիտասարդներին: Սովորողների  մեծ մասը ծնողազուրկ էր կամ անապահով ընտանիքներից: Եվ ստեղծվել էին բոլոր հնարավորությունները, որպեսզի ՊՏՈւ-ների սաները լավ պայմաններում մասնագիտանան, նաև առողջությունը կոփելու, սպորտով զբաղվելու հնարավորություն ստանան: Այդ հաստատություններն ունեին  ժամանակակից խաղահրապարակներ, մարզագործիքներով կահավորված դահլիճներ: «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը ոչ միայն Երևանում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում ստեղծել էր հիանալի մարզակառույցներ: Հետագայում մեր երկրում ընդլայնվեց պրոֆտեխնիկական ուսումնարանների ցանցը: 1970-ականների կեսերին դրանց թիվը Հայաստանում հարյուրից ավելի էր: Ստեղծվել էր Պրոֆտեխկրթության պետական կոմիտե, որը գերատեսչական հզոր կառույց էր, նախարարության կարգավիճակ ուներ: Ընդ որում, Հայաստան սովորելու էին գալիս ոչ միայն խորհրդային հանրապետություններից, այլև Վիետնամից, Բանգլադեշից, արտասահմանյան այլ երկրներից:

Արմատավորված էին բռնցքամարտը, ըմբշամարտը, մարմնամարզությունը, հեծանվային սպորտը և այլն: Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում բռնցքամարտին: «Աշխատանքային հերթափոխի» ներկայացուցիչներ են օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մխիթար Մանուկյանը, մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանը և ուրիշներ:

Հայաստանի անկախացումից հետո կազմակերպության  կյանքում նոր փորձություններ ծագեցին: Նախ, համակարգի փոփոխման հետ կապված, նորամուծություններ կատարվեցին: 1989-ին կրթական համակարգը միավորվեց. լուսավորության նախարարությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտության նախարարությունները և Պրոֆտեխկրթության պետական կոմիտեն միավորվեցին   Ժողկրթության նախարարության կազմում: «Աշխատանքային հերթափոխը» մնաց որպես հասարակական կազմակերպություն, սակայն ոչ պաշտոնապես սկսեց իրականացնել նաև հանրակրթական դպրոցների սովորողների, մանկապարտեզների սաների ֆիզիկական դաստիարակության աշխատանքը: Իսկ1991-ից այդ ամենը կատարվում է արդեն պաշտոնապես:

Խորհրդային տարիներից լուսավորության նախարարության համակարգում էր  Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Այս մարզօջախին էր վստահված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆիզդաստիարակության աշխատանքների համակարգումը և իրականացումը: Դպրոցը զբաղվում էր  նաև պատանի մարզիկների մարզական վարպետության բարելավման խնդիրներով: Հաստատությունը նախապատրաստում էր մեր երկրի ներկայացուցիչներին դպրոցականների համամիութենական սպարտակիադաներին, ապահովում այդ ստուգատեսներին նրանց մասնակցությունը: Ընդ որում, սկզբում Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը, մնալով կրթական համակարգում, շարունակում էր զբաղվել դպրոցական ոլորտի ֆիզկուլտուրայի և սպորտի բոլոր  հարցերով: 1991-ից արդեն «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը սկսեց ամբողջովին զբաղվել նաև այն խնդիրներով, որոնք կատարում էր Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Վերջինս մնաց, սակայն կարգավիճակը փոխեց` զբավելով միայն պատանիներին և աղջիկներին որոշ մարզաձևերում  ընդգրկելու աշխատանքով:

«Այժմ պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններ չկան: Արտադրական ձեռնարկություններից շատերը չեն աշխատում և տարբեր մասնագիտությունների նոր կադրերի պատրաստման խնդիրներով չեն զբաղվում: Դրանց փոխարեն գործում են  մի շարք  քոլեջներ, որոնց հետ  «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը շարունակում է գործունեությունը: Դրանց թիվը Հայաստանում հասնում է շուրջ երեք տասնյակի: Անցկացվում են Հայաստանի դպրոցականների մարզական խաղեր, որոնցում ներգրավվում են նաև քոլեջների սովորողները: Ի դեպ, նախկինում քոլեջների թիվը մեծ էր, և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար առանձին  սպարտակիադա էր կազմակերպվում: Իսկ դպրոցականների մարզական խաղերն անցկացվում են անկախացման առաջին իսկ տարվանից: Արդեն կազմակերպվել է 22 ստուգատես: Դա ուշագրավ ցուցանիշ է: Այդ մրցումների ծրագրում 8 մարզաձև է: Դրանք այն մարզաձևերն են, որոնք ընդգրված են դպրոցականների աշխարհի առաջնությունների ծրագրում»,- ասաց «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արա Մեհրաբյանը:

IMG_0019 Նա 2006-ից ստանձնել է նաև Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, և «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության, Հայաստանի ԿԳ նախարարության համատեղ ջանքերով մեր երկրի պատանի մարզիկները հանդես են գալիս Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող մրցումներում, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնություններում: Այնպես որ «Աշխատանքային հերթափոխի» գործունեության ոլորտն ընդլայնվել է:

Այնուամենայնիվ, անկախացումից հետո կորուստներ եղել են, հնարավոր չի եղել պահպանել այն ամենը, ինչը ստեղծվել էր նախկինում: Խորհրդային տարիներին մարզընկերությանը մայրաքաղաքում մեծ տարածք էր հատկացվել, որպեսզի մարզահամալիր սարքավորվի: Սակայն Խորհրդային Միության փլուզման հետ այդ ծրագիրն էլ դադարեց:

«Ամենացավալին այն է, որ կորցրել ենք Կապանի մարզադաշտը: Մեր համար էլ անհասկանալի է, թե այդ ինչպես է տեղի ունեցել: Քանիցս դիմել ենք դատական  տարբեր ատյանների, բողոքել արդարությունը վերականգնելու համար, պայքարել, սակայն արդյունքի հասնել չի հաջողվել: Փաստորեն, ապօրինի քայլ է արվել: Թեև «Աշխատանքային հերթափոխի» նախկին ղեկավարությունն էր գործարք կատարել, սակայն այն օրինական ուժ չուներ, քանի որ մարզադաշտից հրաժարվելու համար կոլեգիալ որոշում էր անհրաժեշտ, որը չէր եղել: Կատարվածից մեկ շաբաթ հետո արդեն այդ մասին ահազանգ է բարձրացվել, բայց դա չի օգնել: Փաստորեն, խախտվել էր մարզական կազմակերպության կանոնադրությունը, և  նրա ղեկավարը միանձնյա վճիռ է կայացրել, որի իրավունքը չուներ»,- պարզաբանեց Մեհրաբյանը:

Այդուհանդերձ, կազմակերպության Երևանի, Գյումրիի, Վանաձորի մարզաբազաները պահպանվել են, գործում է նաև մայրաքաղաքի Էլեկտրալամպերի գործարանի հարևանությամբ գտնվող օլիմպիական պատրաստության կենտրոնը: Ի դեպ, Գյումրիի մարզաբազան 1988-ի երկրաշարժի ժամանակ փլուզվել էր, սակայն 2007-ին այն ամբողջովին վերանորոգվել է և նոր տեսք ստացել: 2006-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է «Աշխատանքային հերթափոխի» Երևանի մարզահամալիրը:

Կազմակերպության ցուցանիշներն էլ խոսուն են: «Աշխատանքային հերթափոխի» մարզիկները մեդալների են արժանանում Հայաստանի տարբեր մարզաձևերի առաջնություններում, մեր երկրի տարբեր մարզաձևերի հավաքականների կազմերում հանդես գալիս խոշորամասշտաբ ստուգատեսներում, պարգևների տիրանում: Կան օլիմպիական խաղերի մասնակիցներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների  չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Ըստ Մեհրաբյանի` չէր լինի այդ ամենը, եթե չաջակցեր Հայաստանի կրթության և գիտության նախարությունը: Եթե օգնություն չցուցաբերվեր,  իհարկե, դժվար կլիներ, սակայն կազմակերպությունը կշարունակեր իր գոյությունը: Ընդ որում, բոլոր մարզախմբերն անվճար են: Ի դեպ, նախարարությունը 23 մլն դրամ է առանձնացրել, որպեսզի նոյեմբերին առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն Բրազիլիայի Բրազիլիա քաղաքում կայանալիք Համաշխարհային գիմնազիադայի մրցումներին:

Այդուհանդերձ, «Աշխատանքային հերթափոխը» խնդիրներ ունի: Երկար ժամանակ է, ինչ մարզագույք չի ստացել: Հայաստանի սպորտի ղեկավարները տարիներ առաջ խոստացել են, որ դա կտրամադրեն: Բայց երբ բացահայտվել է, որ  «Աշխատանքային հերթափոխի» մարզաբազաների մի մասում պահպանվել է նախկինում եղած մարզագույքը, ռինգերը, այդպես էլ ոչինչ չեն հատկացրել:

«Դա անակնկալ էր, քանի որ կան այլ կազմակերպությունների այնպիսի մարզաբազաներ, որոնք 2000-ին մարզագույք էին ստացել, սակայն լավ չէին պահպանել և այժմ կրկին նորն են ստանալու: Իսկ մեր կազմակերպության կահավորումը մարզագույքով նպատակահարմար չի համարվել սոսկ այն պատճառով, որ հինը  հոգատար վերաբերմունքի շնորհիվ  մնացել է»,- ասաց Մեհրաբյանը:

Ինչևէ, սեպտեմբերին կայանալու է «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Կազմակերպության մարզերում գտնվող մասնաճյուղերում կանցկացվեն արմատավորված մարզաձևերի բաց առաջնություններ` բռնցքամարտի, ըմբշամարտի, սեղանի թենիսի, հանդբոլի և այլն: Նպատակն է` շուքով նշել հոբելյանը, նաև քարոզել սպորտը, առողջ ապրելակերպը: Ինչ խոսք, դա կնպաստի, որ նոր պարապողներ համալրեն «Աշխատանքային հերթափոխի» տարբեր մարզաձևերի խմբերը: