Թունիսի կառավարությունը, որը ձևավորվել էր իսլամիստական «Ան-Նահդա» շարժման աջակցությամբ, համաձայնվել է հրաժարական տալ՝ խուսափելու համար հնարավոր զանգվածային ցույցերից: Սպասվում է, որ նախարարների կաբինետը հրաժարականի մասին կհայտարարի անմիջապես այն բանից հետո, երբ երկխոսություն կսկսվի իսլամիստների և աշխարհիկ ընդդիմության միջև: Նախատեսվող երկխոսությունը տևելու է երեք շաբաթ, որի ընթացքում քաղաքական հակառակորդները պետք է համաձայնության գան վարչապետի պաշտոնի հարցի շուրջ:
Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ ավելի վաղ լուր էր տարածվել, թե երիտասարդական «Թամարուդ» շարժումը նպատակ ունի սեպտեմբերի 30-ին Թունիսում զանգվածային բողոքի ցույց կազմակերպել՝ ներշնչվելով եգիպտական երիտասարդությունից:
Daily Archives: September 28, 2013
Օզբիլիսի և Մովսիսյանի թիմը հյուրընկալվելիս պարտվեց
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», հյուրընկալվել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ «Զենիթի» հաղթեց 4։2։
Հ այաստանի հավաքականի կիսապաշտպան Օզբիլիսի փայլուն փոխանցումից հետո Մովսիսյանը հավասարեցրեց հաշիվը՝ 2։2, սակայն «Զենիթը» ևս 2 գնդակ խփեց:
Տեխնիկակակն արդյունքներ
«Զենիթ» – «Սպարտակ»՝ 4։2
Ալեքսանդր Կերժակով, 20, Հալկ, 69, Օլեգ Շատով, 82, Դանի, 85 – Կիմ Չելստրյոմ, 27, Յուրա Մովսիսյան
«Միկան» խուսափեց պարտությունից
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Միկան» հյուրընկալել էր «Շիրակին:» Տանտերերը միայն խաղավարտից մեկ րոպե առաջ կարողացան վեականգնել հաշվի հավասարակշռությունը`2;2:
«Միկան» վաստակած 11 միավորով հավասարվեց երկրորդ և երրորդ տեղերում գտնվող «Գանձասարաին» և «Արարատին»։ 12 միավոր ունի «Փյունիկը»:
Տեխնիկական արդյունքներ
«Միկա» – «Շիրակ»՝ 2։2
Արամ Հակոբյան, 1, Արթուր Ադամյան, 89 – Սերժ Դեբլե, 7, 39
Հենրիխ Մխիթարյանը 61-րդ րոպեին փոխարինվեց
Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալելիս 5:0 հաշով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ
Մխիթարյանը 61-րդ րոպեին փոխարինվեց: Նա իր տեղը զիջեց լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկիին, որը դարձավ գոլի հեղինակ:
«Բորուսիան» և «Բավարիան» 19-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը
Տեխնիկական արդյունքներ
«Բորուսիա» – «Ֆրայբուրգ»՝ 5։0
Մարկո Ռոյս, 35, 45 (11 մ), Ռոբերտ Լևանդովսկի, 58, 70, Յակուբ Բլաշչիկովսկի, 79
Հեռացվեց Դիանյե Ֆալուն, 44 («Ֆրայբուրգ»)
«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային մրցաշարը կանցկացվի 4-րդ անգամ
«Հայաստանի վարչապետի գավաթ» հանդբոլիստների միջազգային հերթական`4-րդ մրցաշարը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը Երևանի «Դինամո» մարզասրահում:
Նախկինում եթե այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս տարի, արտասահամանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդական թիմեր: Բանն այն է, որ Եվրոպայի հանդբոլի ֆեդերցիան որոշել է Հին աշխարհամասի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերն անցկացնել 2014-ի նորամուտին` հունվարի 10-12-ին: Եվ երևանյան միջազգայինը հնարավորություն է լինելու, որպեսի թիմերն այդ ստուգատեսի նախապատրաստական փուլում միջազգային հանդիպումներ անցկացնեն, մրցակցական փորձ ձեռք բերեն: Դա ձեռնտու է նաև Հայաստանի հավաքականին, որը լրջորեն է նախապատրաստվում 8-րդ խմբում ընդգրկված մրցակիցների`Թուրքիայի և Ռումինիայի իրենց հասակակիցների հետ հանդիպումներին:
Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարի մասնակիցներին, ապա այս տարի Հայաստանի հանդբոլիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Վրաստանի հավաքականները: Մեր սահմանակից Թուրքիայի ներկայացուցիչներին նույնպես հրավեր ուղարկվել է և պատասխան է սպասվում: Ամենայն հավանականությամբ, կխաղա նաև Արցախի երիտասարդական հավաքականը:
Հայաստանի շախմատիստները կխաղան Չիգորինի հուշամրցաշարում
Հայաստանի մինչև 17 տարեկան հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի իրենց հասակակիցներին
Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին ստուգողական խաղում հաղթանակ տարավ Վրաստանի իր հասակակիցների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանը և Տիգրան Ղազարյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ռատի Արզիլաձեն:
Դիսբակտերիոզ կամ մանրէների պատերազմ
Ամեն օր սննդի, օդի ու ջրի հետ օրգանիզմ մուտք են գործում բազում միկրոօրգանիզմներ: Աղիքների մակերևույթին միկրոաշխարհ է բնակվում` օգտակար մանրէների բազմություն: Սակայն նրանք միակ բնակիչները չեն, այնտեղ ապրում են նաև «օտարներ»` վնասակար (ախտածին) մանրէներ: Թե ՛մեկը և թե՛ մյուսը որոշակի քանակությամբ օգտակար են: Սակայն «լավ» մանրէները պետք է շատ լինեն: Քանի դեռ պահպանվում է լավի ու վատի հավասարակշռությունը, օրգանիզմը կարող է պայքարել վնասակար մանրէների դեմ, որոնք գրոհում են ամեն ժամ: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի կամ օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները նվազեն, ապա ախտածին մանրէները սկսում են բազմանալ: Դա հանգեցնում է տարատեսակ հիվանդությունների առաջացման:
Աղիքների միկրոֆլորայի քանակական ու որակական բաղադրության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ: Ավելի պարզ լեզվով` նվազում է օգտակար մանրէների քանակը, և ավելանում են վնասակարները: Իսկ երբ նվազում են օգտակար մանրէները, առաջին հերթին նվազում է պաշտպանական ֆունկցիան, և հետևաբար, ինֆեկցիաների նկատմամբ անպաշտպանությունը նույնպես մեծանում է: Դիսբակտերիոզով ուղեկցվող ցանկացած հիվանդություն շատ ավելի ծանր ընթացք է ունենում, քան սովորաբար: Բազում քրոնիկ հիվանդություններ կարող են սրվել ցանկացած պահի: Հետաքրքիր պատկեր է ստացվում. եթե մարդը հիվանդանում է, ապա, հասկանալի բան է, որ նրա օրգանիզմում լավ բակտերիաների անբավարարություն է: Ախտածին մանրէների դեմ պայքարի նպատակով մասնագետը հակաբիոտիկներ է նշանակում, որը, սակայն, չի խնայում ո՛չ լավ և ո՛չ էլ վատ մանրէներին: Չէ՞ որ հակաբիոտիկները սպանում են անխտիր ամեն ինչ: Հակաբիոտիկների ընդունումից հետո ոչ մի կենդանի բան չի մնում: Հակաբիոտիկների կարճատև ազդեցությունը գուցե և սպանի «եկվորներին», սակայն որքա՞ն ժամանակով: Մինչև «եկվոր» անվանվածների հետ հաջորդ հանդիպումը, եթե աղիքներում կարգուկանոն չհաստատվի, ապա չի վերականգնվի նաև իմունիտետը: Ցավոք, վարակի դեմ անհրաժեշտ դեղորայքը (հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ ևն) ցանկալի արդյունք չեն տալիս, այսինքն` ներքին միջավայրի առողջացման չեն հանգեցնում: Ավելին, դրանց սխալ կիրառումը կարող է հանգեցնել դեղորայքի նկատմամբ անընկալության, զարգացնել վատ միկրոֆլորա, օրգանիզմը բեռնել թույներով ու որպես հետևանք` տարատեսակ ալերգիաների գերի դառնալ: Ի լրումն` հակաբիոտիկների օգտագործումը կարող է ծանր հետևանքների ու սնկերի բազմացման պատճառ դառնալ, ինչն էականորեն վատթարացնում է ընդհանուր ինքնազգացողությունը և հանգեցնել մարսողական, ինչպես նաև իմունային, ներզատիչ ու նյարդային համակարգերի խանգարումների:
Դիսբակտերիոզը ալերգիկ ռեակցիաների ու մաշկային հիվանդությունների մշտական ուղեկիցն է:
Առաջացման պատճառները
Անորակ ու սխալ սնունդը, «պատրաստի մթերքներ» ուտելու սովորությունը, էկոլոգիական անբարենպաստ վիճակը մեր մեջ ու մեր շրջապատում, նյարդա-հոգեբանական գերլարվածությունը, սթրեսները, թուլացնող միջոցների չարաշահումը, հակաբիոտիկներով բուժումն ու ինքնաբուժումը, ստամոքս-աղիքային տրակտի վարակներն ու հիվանդությունները հանգեցնում են օգտակար մանրէների նվազման գրեթե 10 անգամ :
Ինչպե՞ս կարելի է խուսափել դիսբակտերիոզից: Լրիվ հնարավոր է` հետևելով սննդին: Որովհետև օրգանիզմ մուտք գործող սննդի որակից է կախված միկրոֆլորայի օգտակարությունն ու նյութափոխանակությանը մասնակցող մանրէների ակտիվությունը: Աղիքների նորմալ գործունեության համար հարկավոր է ամեն օր սննդի մեջ օգտագործել միրգ ու բանջարեղեն, ձավարեղեն ու հատապտուղ. այսինքն` մթերքներ, որոնք բավականաչափ բջջանք են պարունակում: Սակայն հարկավոր է հիշել, որ բջջանքը հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկի հետ օգտագործել:
Հաճախ դիսբակտերիոզի մասին տեղեկությունը սխալմամբ ընդունվում է որպես ախտորոշում: Ինչո՞ւ սխալմամբ, որովհետև ԱՀԿ միջազգային դասակարգման մեջ նման հիվանդություն գոյություն չունի: «Դիս» նախդիրն էլ լատիներենից թարգմանաբար նշանակում է շեղում, ու դա խոսում է այն մասին, որ օրգանիզմում ֆունկցիոնալ շեղում կա, սակայն ոչ հիվանդություն: Այսպես թե այնպես, թեման դրանից նվազ արդիական չի դառնում: Օրգանիզմը տարատեսակ մանրէներով է բնակեցված. միայն աղիքներում հաշվվում է 400 տեսակ: Դրանք էլ անհատական միկրոֆլորա են ձևավորում. յուրաքանչյուր մարդունը տարբեր է, տարբեր է անգամ յուրաքանչյուր օրգանինը: Ընդ որում, կախված ֆիզիկական ու հոգեբանական վիճակից, անգամ սննդից ու եղանակից, միկրոֆլորայի բաղադրությունը փոփոխվում է: Երբ միկրոֆլորան հավասարակշռության մեջ է, դա խոսում է «էուբիոզի» մասին: Դրա հակառակ երևույթն էլ կոչվում է դիսբակտերիոզ:
Այսպես, ուրեմն, դիսբակտերիոզը աղիքներում միկրոֆլորայի բաղադրության քանակական ու որակական բաղադրության խախտումն է, ինչը կարող է ինչ-որ գործոնների ազդեցության հետևանք լինել (հիվանդություն, սխալ սնունդ): Իր հերթին` դիսբակտերիոզը կարող է լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Մի կողմից` դիսբակտերիոզը հետևանք է, մյուս կողմից` պատճառ:
Մանրէների քանակական ու որակական բաղադրության խախտման կարող են հանգեցնել նաև քրոնիկ հիվանդությունները (գերազանցապես ստամոքս-աղիքային տրակտի ու ներզատիչ համակարգի), աղիքային սուր վարակները, չհավասարակշռված սնունդը, այսպես կոչված` աղիքների մաքրումը (եթե խոսքը դիսբակտերիոզի մասին է), սուր շնչառական հիվանդությունները, հակաբիոտիկների առանց հիմնավորման ու անվերահսկելի ընդունումը, ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությունը` չափից ավելի, ինչպես նաև սննդակարգերի որոշ տեսակների կիրառումը: Միկրոֆլորան կարգավորելը հեշտ չէ: Դիսբակտերիոզի դեպքում նշանակվող դեղամիջոցների մեծ մասը չոր նախաբիոտիկներ են, որ նվազ արդյունավետ են, քանի որ բակտերիաներն այդ կազմության մեջ դժվար են ակտիվանում ու սկսում «իրենց աշխատանքը»: Ամենաարդյունավետը նախաբիոտիկների հեղուկ տեսակներն են, քանի որ դրանցում օգտակար մանրէներն ակտիվ վիճակում են` սննդարար միջավայրում: Միկրոֆլորայի կարգավորման համար անհրաժեշտ է միկրոօրգանիզմների 2 տեսակ` լակտո- և բիֆիդոբակտերիաներ: Լակտոբակտերիաները տրոհում են լակտոզան, ոչնչացնում վնասակար միկրոօրգանիզմները, բարձրացնում իմունիտետը: Դրանք կան ստամոքսում, աղիքներում, հեշտոցում ու թքի մեջ: Լակտոբակտերիանից բիֆիդոբակտերիաները տարբերվում են նրանով, որ բնակվում են բացառապես հաստ աղիքում: Դրանք խոչընդոտում են միկրոօրգանիզմների, թարախային պրոցեսների առաջացումը: Օգտակար միկրոօրգանիզմները մասնակցում են ամինաթթուների ու վիտամինների, ֆերմենտների ու հորմոնների մշակմանը, մասնակցում են կենսաքիմիական փուլերին: Ու եթե դրանց քանակը նվազում է, ապա թուլանում է իմունիտետը, խախտվում է ջուր-աղային հավասարակշռությունը, բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Օրգանիզմը կորցնում է ախտածին մանրէների դեմ պայքարելու ունակությունը, այսինքն` դառնում է խոցելի: Հաճախ կարելի է լսել աղիքների դիսբակտերիոզի մասին, սակայն, միկրոֆլորան կարող է խախտված լինեն ոչ միայն աղիքներում: Քիթը, կոկորդը, հեշտոցը նույնպես ունեն իրենց միկրոֆլորան, որոնց վիճակը շրջակա միջավայրի կամ հակաբիոտիկների ազդեցությամբ կարող է էականորեն փոխվել: Բացասական ազդեցությունների հետևանքով միկրոօրգանիզմներն այլևս իրենց ֆունկցիան չեն կատարում ու աստիճանաբար դուրս են մղվում ախտածին մանրէների կողմից, որոնք արտադրում են տոքսիններ` թունավորելով օրգանիզմն ու զանազան հիվանդությունների պատճառ դառնում:
Օրինակ` լակտոբակտերիաների քանակի նվազումը հեշտոցում կարող է դոնդողանման սնկերի` Candida-ների բազմացման համար նպաստավոր պայման ստեղծել (կաթնասնկախտ կամ, ինչպես ժղովուրդն է ասում` սպիտակաթորանք):
Իրավիճակը վատթարացել է նրանով, որ վատ էկոլոգիան դարձել է սովորական, սխալ սնունդը` հարկադրված, իսկ սթրեսները` պարբերական:
Ու եթե վատ էկոլոգիայի բացահայտ նշաններ չենք տեսնում, իսկ մթերքի բաղադրության մասին հաճախ պարզապես գլխի ենք ընկնում, ապա հակաբիոտիկների ընդունման մասին հաստատ գիտենք, ու պարտավոր ենք պաշտպանվել: Հակաբիոտիկները սպանում են ոչ միայն «լավ», այլև «վատ» բակտերիաները: Ահա թե ինչու է կարևոր դիսբակտերիոզի կանխարգելումը:
Շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց մոտ առկա դիսբակտերիոզի մասին. տառապում են հիվանդություններից, որոնք կապված են ցածր իմունիտետի հետ, պայքարում են դրանց ախտանշանների դեմ: Իսկ պատճառը շատ հաճախ վիտամինների ու ֆերմենտների մշակման համար պատասխանատու բակտերիաների անբավարարությունն է: Խախտվում է մարսողական համակարգի օրգանների աշխատանքը, խոլեցիստիտ է զարգանում ու պանկրեատիտ, ասթմա ու ալերգիա: Ստացվում է, որ հիվանդություն չլինելով` դիսբակտերիոզը ընդհանուր առմամբ մի շարք հիվանդությունների է հանգեցնում ու դա նշանակում է, որ դրանից հարկավոր է ազատվել, ու որքան շուտ, այնքան լավ:
Անկարայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել
Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող հրթիռների արտադրությամբ զբաղվող գործարանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 հոգի է վիրավորվել, 2-ի վիճակը ծանր է: Տուժածներին անմիջապես տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝պայթյունը առաջացել է արտադրական թափոնների ոչնչացման ժամանակ: Դեպքի մանրամասները պարզվում են:
Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում
Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված պաշտպանական ոլորտին առնչվող ծրագրերը:
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում:
Հյուսիսային Իրաքում անցկացվել է «Միսս Քուրդիստան» մրցույթը
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը վաղուց է բոլորին ապացուցել, որ հեռու չէ լիովին անկախանալուց: Ահա քրդաբնակ Էրբիլում արդեն երկրորդ անգամ անցկացել է «Միսս Քուրդիստան» գեղեցկության մրցույթը, որին մասնակցելու համար 43 հոգի է հայտ ներկայացրել: Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել են քրդական աշխարհի նշանավոր հասարակական գործիչներ և արվեստագետներ:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ 10 հոգուց բաղկացած ժյուրին, որի կազմում նաև օտարերկրացիներ են եղել, բեմ դուրս եկած 12 աղջիկներից նախապատվությունը տվել է 25-ամյա Ֆենիկ Մուհամադ Աբդուլքերիմին՝ շնորհելով նրան «Միսս Քուրդիստան» տիտղոսը:
Մրցույթից հետո տված հարցազրույցում ամենագեղեցիկ քուրդ աղջիկը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն աշխարհում քուրդ կանանց ճանաչում բերելու համար:
Նոր հիմներգի համար նախընտրելի կլիներ Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակը
«1991թ-ին ընդունվեց ՀՀ պետական հիմներգը, բայց որպեսզի այն ավելի կատարյալ լինի, կարելի է որոշակի փոփոխություններ մտցնել: Հայաստանի Հանրապետության հիմներգը մեր պետականության խորհրդանիշն է: Այն հնչում է տարբեր երկրներում եւ յուրաքանչյուրիս շուրթերից՝ ներկայացնելով Հայաստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին օրինագիծ» թեմայի շուրջ նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Տաթևիկ Խանաղյանը:
Բանախոսի պնդմամբ հիմներգը պետք է լինի հզոր, խրոխտ եւ մարտունակ բանակի խորհրդանիշ: Մեր գերխնդիրն է պետականության խորհրդանիշները վերագնահատել: Յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է եւ նախաձեռնությունն ոչ մեկի պատվերն չէ: Հիմներգը լոկ երաժշտական ստեղծագործություն չէ, այլ մի ամբողջ պատմություն.
«Հայոց լեզուն ճկուն է եւ բառերով հարուստ, ուստի նպատակահարմար չէ մեկ քառատողում կրկնել ազատ, անկախ բառերը մի քանի անգամ: Տարբերակները շատ են, բայց իմ որպես ՀՀ քաղաքացու համար ավելի նախընտրելի կլիներ Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակը: Լացակումած եւ ողբերգական երկրորդ քառատողը աղջկա շուրթերից է հնչում, ինչը հարիր չէ մեր հզոր բանակին, հայ ժողովրդին: Երկրորդ քառատողը որեւէ կապ չունի առաջին եւ երրորդ քառատողերի հետ»:
Նրա խոսքով Միքայել Նալբանդյանի այդ ստեղծագործությունը, որպես հիմներգ ընտրությունը սխալ չի կարելի համար, ուղղակի պետք են որոշակի շտկումներ, մասնավորապես առաջին քառատողի վերջին անկախ բառը կնախընտրեին վերափոխել վերածնված բառով:
ԵՊՀ իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանի համոզմամբ նոր քառատողերը կխորհրդանշեն Հայաստանի անցած ուղին, մարտահրավերները, որոնք ծառացած են երկար պատմություն ունեցող ժողովրդի առջեւ.
«Մեր ժողովրդի նվիրական երազանքն է տեսնել Հայաստանի Հանրապետությունը քաջորդիների արյան գնով ազատագրված վիճակում, մենք պետք է ոչ միայն արտացոլենք այն իրականությունը, որը կա մեր օրհներգում, այլեւ ամրագրենք հեռակա մարտահրավերները: Մենք կորուսյալ հայրենիքի վերականգնման խնդիր ունենք: Սա պատվեր է՝ ժողովրդական պատվեր»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Հիլալ Մամեդովին և բանտարկված այլ լրագրողներին
ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել լրագրողների հետապնդումները: Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը վճիռ էր կայացրել 5 տարվա ազատազրկման դատապարտել “Թոլըշի սյադո” թերթի գլխավր խմբագիր, “Давай, до свидания!” տեսահոլովակի երգի հեղինակ Հիլալ Մամեդովին:
“2012-ին նոյեմբերին Բաքու կատարած պաշտոնական այցելության ընթացքում ես այցելել եմ Մամեդովին, այլ բանտարկյալ լրագրողներին և նրանց գործերը քննարկել այդ երկրի իշխանությունների հետ: Ինձ համար ցավալի է տեսնել, որ Ադրբեջանում ազատ լրատվամիջոցների համար անբարենպաստ պայմանները չեն բարելավվել, ավելին՝ դրանք աճում են, քանի որ ևս մեկ լրագրող երկարատև բանտարկության է դատապարտվել: Ես կոչ եմ անում իշխանություններին հանել բոլոր քրեական մեղադրանքները, որոնք առաջադրվել են Մամեդովի և մյուս բանտարկված լրագրողների դեմ ու ազատ արձակել նրանց”,- հայտարարել է Միյատովիչը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Միյատովիչը նաև անհանգստություն է հայտնել “Բիզիմ յոլ” թերթի լրագրող Փերվիզ Համիշլիի և “Nota PS” թերթի խմբագիր Սարդար Ալիբեյլիի կալանավորման առնչությամբ: “Ես խորապես անհանգստացած եմ անկախ լրատվամիջոցների շուրջ իրավիճակի բացասական զարգացմամբ հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին”,-հայտարարել է Միյատովիչը:
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԺՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինին և հաջողություններ է մաղթել բարեկամ Չինաստանին՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացման ուղղությամբ հաստատուն առաջընթացի գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Թիան Չանչունը երկուստեք ընդգծել են, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք են միջպետական երկկողմ կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու գործում:
Բերման են եթարկել հետախուզվողներին
Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ժիրայր Թ.-ին, որը սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
ԱՄՆ-ի և Իրանի նախագահները խոսել են 34 տարի անց
Բարաք Օբաման դարձել է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը 34 տարի անց խախտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջացած սառնությունը: Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ 1979 թվականից հետո սա դարձել է նախագահական մակարդակով երկու պետությունների առաջին զրույցը: Խոսելով հեռախոսազրույցի մասին՝ Օբաման նշել է. «Ես հավատում է, որ Իրանի հետ կարող ենք լիարժեք լուծման հասնել»:
Միջադեպ աստիճանահարթակում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել 1969 թ. ծնված Սուսաննա Ա.-ն և հայտնել, որ դանակով իր վրա է հարձակվել հարևանը, որին ինքը փայտով հարվածել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Սուսաննա Ա.-ի հարևանը` 1932 թ. ծնված Պետիկ Ն.-ն, շենքի աստիճանահարթակում նրան դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ինչից վախենալով՝ կինը փայտով 2 անգամ հարվածել է Պետիկ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Վերադարձ Շվեդիայից Հայաստան. «Սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում»
1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում: Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:
Եվրոպան հրապուրիչ է, հնարավորություններով լի, սակայն Սամսոնը միաժամանակ զգացել է, որ այնտեղ դժվար է հարմարվել, իսկ եթե չհարմարվես, ապա կարիերայում էլ մեծ հաջողություններ մի ակնկալիր. «Լավ կարիերայի համար պետք է իրենց պես լինես, հայությունդ մի կողմ դնես, իսկ ինձ համար դա դժվար էր, չնայած որ փոքր տարիքում էի գնացել»:
Սամսոնը ֆինանսիստ է, «Arrow Global» ֆինանսական ընկերության գործադիր տնօրենն, ինչպես նաև AInsights.com կայքի հիմնադիրը: Ոլորտը, որով զբաղվում է, Հայաստանում շատ թույլ է զարգացած` ֆինանսական ներդրումներ և խորհրդատվություն: Ուստի մինչ Հայաստան գալը լավ ուսումնասիրած լինելով հայաստանյան շուկան, մշակել է մի բիզնես մոդել, որով հնարավոր կլիներ, ապրելով Հայաստանում, գործունեություն իրականացնել ողջ աշխարհում: Դա էր պատճառը, որ իր ընկերությունը հիմնեց դրսում, և պատվիրատուների մեծ մասն էլ դրսից է:
Խոստովանում է, որ եթե աշխատանքն այնպիսին լիներ, որ ստիպված լիներ մնալ արտերկրում, միգուցե չվերադառնար: «Հայաստանում պետք է ստեղծվի այն բիզնես միջավայրը, որ մարդիկ հետ գան, հակառակ դեպքում շատ քչերն իրենց կարիերան կզոհաբերեն»:
Ի դեպ, Սամսոնը նաև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է եղել: Նրա կարծիքով` հիմնադրամը բավականին լավ արդյունքներ է ունեցել այն առումով, որ սովորածների զգալի մասը հետ է վերադարձել, բայց կարծում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բոլորը հետ գան. «Եթե դու գնում ես, ստանում այն դիպլոմն ու կրթությունը, որը Հայաստանին այս պահին պետք չէ, ապա անիմաստ է վերադառնալը: Դրա համար էլ պետք է պետությունը բիզնես սեկտորի հետ համագործակցի, հասկանա` ինչ մասնագետներ են պետք և այդ ուղղությամբ մասնագետներ պատրաստի դրսում»:
Չնայած Եվրոպայում ապրելը մշակութային առումով դժվար է հայերի համար, հատկապես, եթե ուզում ես հայությունդ պահպանել, այնուամենայնիվ, աշխատանքային առաջընթաց ապահովելու հնարավորությունը շատ մեծ է:
Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու Եվրոպայից: 18 տարի դրսում ապրելուց և Հայաստան վերադառալուց հետո է միայն հասկացել, թե որքան արդյունավետ էին այն քայլերը, որ տարվում էին այնտեղ պետական կառավարման ոլորտում: «Երևանը Նյու Յորք կամ Լոնդոն չէ, հնարավորությունների առումով համեմատելի չէ, բայց սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում, և ամեն մի լավ քայլդ, որ անում ես, նպաստում է քո ժողովրդին, քո երկրին: Այդ առումով Հայաստանն անփոխարինելի է: Երեխաների համար էլ է այստեղ լավ, կարծում եմ` ուսումն էլ բարձր մակարդակի վրա է դրված, կան լավ դպրոցներ, համալսարաններ»:
Այդ ամենով հանդերձ, Հայաստանը փոքր երկիր է, զարգանալու տեղ շատ ունի, և երիտասարդ հայրենադարձը կարծում է, որ տնտեսական, քաղաքական, սոցիալական, կառավարման մշակույթի առումով մեր երկիրը պետք է օրինակներ վերցնի զարգացած երկրներից, սակայն հասկանալով, թե որ երկրից որ օրինակն է վերցնում:
Անդրադառնալով վերջին շրջանում ամենամեծ քննարկումների առիթ դարձած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` Սամսոնը կարծում է, որ Հայաստանի համար այս պահին օբյեկտիվ որոշում կայացնելը դժվար էր, ուստի ընտրվեց այդ ճանապարհը: Իսկ օբյեկտիվ որոշում կայացնել չկարողանալը, ըստ նրա, հետևանք է վերջին 20 տարիների տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականության. «Ցավոք, անկախությունից հետո մենք չկարողացանք մեր տնտեսությունն այնքան զարգացնել ու հզորացնել, որ կարողանայինք անկախ որոշում կայացնել»:
Արտագաղթի մասին խոսելիս ժամանակին այդ ճանապարհը բռնած ծնողների զավակը չի մեղադրում հեռացողներին, քանի որ իր ընտանիքի փորձից գիտի, թե որքան դժվար է հեռանալը. «Ոչ ոք չի ուզում դա անել, ստիպված է անում, որովհետև չկա որևէ երկիր, որտեղ դու քեզ զգաս բուն երկրի քաղաքացի, երկրի մի մաս: Դու դա կարող ես զգալ միայն քո երկրում, պարզապես պետք է քո երկիրը բարենպաստ միջավայր ստեղծի դրա համար»:
Նա համոզված է, որ ամենակարևոր բանը, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը, հույսն է: Եթե մարդիկ տեսնեն, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է առաջ գնում, ճիշտ որոշումներ են կայացվում, ապա նույնիսկ սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվելով` կհամբերեն ու չեն հեռանա: «Ցավոք, վերջին շրջանում որոշ քայլեր արվեցին, որոնք հարցականի տակ դրեցին այդ հույսը»,- նկատում է նա:
Միակ տարբերակը, որպեսզի արտագաղթը կանխվի, և գնացածները հետ գան, Հայաստանում բարենպաստ միջավայրի ստեղծումն է: Ավելին, այդ ժամանակ Հայաստան կգան նաև Սփյուռքի կարող ուժերը, իսկ մարդկային ռեսուրսն ամենակարևոր ներդրումն է երկրի զարգացման գործում. «Եվ եթե իսկապես Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, ստեղծվի այդ հույսը, և Սփյուռքի ներուժը գա Հայաստան, ապա մեր երկիրը հսկայական թռիչք կարող է ունենալ: Փակ սահմաններ, պատերազմ և այլ խնդիրներ ունեն բոլոր երկրները: Կարելի է այնպիսի ոլորտներ զարգացնել, որոնք կախված չեն այդ խնդիրներից»:
Սամսոնի առաջնեկը ծնվել է Հայաստանում, և Հայաստան գալիս նա հույս է փայփայել, որ իր երեխան կմեծանա այստեղ ու իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: Բայց մի ցավոտ հեռանկար, այնուամենայնիվ, նրան հետապնդում է. «Եթե գա մի պահ, որ զգամ` մենք ավտորիտար երկրների օրինակն ենք վերցնում, բարեփոխումներ չեն արվում, չէի ուզենա, որ իմ երեխան հայտնվեր այն իրավիճակում, որում ես ու իմ ընտանիքը հայտնվեցինք 90-ականների սկզբին և ստիպված եղանք լքել Հայաստանը»:
Սամսոնը հույս ունի, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ Հայաստանում տեսնելով երիտասարդ առողջ սերունդ` հավատում է, որ հնարավոր է պայքարել և երկիրը բարեփոխել: «Երկիրը լքելը մի տեսակ պարտվողական քայլ է, դա պետք է լինի ամենավերջին տարբերակը, երբ ամեն ինչ փորձել ես ու սպառել պայքարի բոլոր ձևերը: Միգուցե օր գա, որ ես էլ նման որոշում կայացնեմ, բայց այսօր բոլորս պետք է ազդենք, որ Հայաստանում դրական փոփոխություններ լինեն, դա ոչ ոք երկնքից մեզ չի տալու: Ես այստեղ եմ, որպեսզի ազդեմ…»:
Թուրք ուսանողները աջակցում են Սիրիայի ու Եգիպտոսի բնակչությանը
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի մի շարք համալսարանների ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Սիրիայում և Եգիպտոսում շարունակվող սպանությունների և բռնությունների դեմ: Թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական իշխանությանը կոչ են արել հրաժարվել իշխանությունից և ազատ արձակել նախկին նախագահ Մուհամադ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին:
Ցուցարարները դիմել են նար համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով ուժեղացնել ճնշումը Բաշար Ասադի կառավարության վրա, որպեսզի Սիրիայում վերջ դրվի բռնությանը: Փողոց դուրս եկած ուսանողները պահանջել են դատապարտել Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար մեղավորներին՝ հիմնվելով փորձագետների անկողմնակալ եզրակացության վրա:
«Գեզի» այգու դեպքերը ազդել են Թուրքիայի հեղինակության վրա. Ալի Բաբաջան
Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ ամռան ամիսներին ամբողջ երկրում ընթացող «Գեզի» այգու համար ցույցերը մեծ վնաս են հասցրել երկրի հեղինակությանը աշխարհում: Բաբաջանի խոսքերով՝ վարկաբեկված հեղինակության վերականգնումը մի քանի ամիս կտևի:
Այս տարվա մայիս ամսվա վերջին Թուրքիայում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք որակվեցին որպես հակակառավարական: Ընդդիմությունը թուրքական ոստիկանությանը մեղադրեց ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շուրջ երեք շաբաթվա ընթացքում մոտ 2,5 միլիոն մարդ է մասնակցել ցույցերին երկրի 79 շրջաններում: Զանգվածային անկարգությունների հետևանքով վիրավորվել էր շուրջ 4 հազար մարդ, 4,9 հազար հոգի ձերբակալվել էր:
