ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թեհրանում

514. Independence day ceremony in  Tehran  22.09.2013 Սեպտեմբերի 21-ին Թեհրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ եւ Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Սպահանի եւ Ատրպատականի թեմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամներ:

Հանդիսությանը մասնակցում էր նաեւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:

Բացման խոսքով հանդես եկավ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո ներկայացվեցին ազգային եւ ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ:

Մինչ այդ, սեպտեմբերի 20-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում` Ս. պատարագի ընթացքում, նախագահությամբ թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի` կատարվեց Հանրապետական եւ գոհաբանական մաղթանք՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնման 22-րդ տարեդարձի առիթով:

Հանրապետական մաղթանքի ընթացքում օրհնվեց Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը: Արարողության ավարտին երգեցիկ խմբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը:

Արարողությանը ներկա էին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը եւ դեսպանության անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատության ու օրաթերթի, ինչպես նաեւ ազգային-հասարակական ու մշակութային միությունների ներկայացուցիչներ:

Արտգործնախարարը կմեկնի Սոչի

Էդվարդ ՆալբանդյանՍեպտեմբերի 23-ին Սոչիում կայանալիք  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների արտաքին գործերի և պաշտպանության  նախարարների, Ազգային անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Նորվեգիայի Կրագերո քաղաքում

512. Independence day ceremony in the city of Cragero in Norway  22.09.2013Սեպտեմբերի 21-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում անցկացվեց միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության եւ Կրագերոյի քաղաքապետարանի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակին:

 

Միջոցառումը սկսվեց Կրագերոյի եկեղեցում, ուր տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` հանրահայտ երաժիշտներ Կոպենհագենի Ռադիոյի եւ հեռուստատեսության P2 երաժշտական մրցանակի մրցանակակիր, հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի եւ «Ստատ Օյլ» մրցանակի մրցանակակիր, Ստավանգերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, նորվեգացի դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլանդի մասնակցությամբ: Նրանք կատարեցին Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Ֆրեդերիկ Շոպենի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

 

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան  Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը եւ ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Կրագերոն հատուկ մի վայր է, որը խորհրդանշում է հայ-նորվեգական հարաբերությունները եւ նոր հնարավորություններ է խոստանում ապագայի համար: Մենք այստեղ ենք նաեւ մեր երախտիքի խոսքը հղելու Կրագերոյի ձեր հայրենակից եւ հայազգի նվիրյալ Բյոդիլ Բյորնին: Կարծում եմ, որ նրա երազանքը կլիներ տեսնել այս ուրախությունը: Նա փառաբանված է երկնքում` տեսնելով, որ իր սիրած երկու ժողովուրդները` նորվեգացիներն ու հայերը, միասին նշում են Հայաստանի անկախության տոնը»:

 

Համերգից հետո միջոցառումը շարունակվեց Կրագերոյի Գեղարվեստի դպրոցում, որտեղ ցուցադրվեց դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Հայկական եկեղեցին Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում» խորագրով լուսանկարների հարուստ հավաքածուն` ներկայացնելով հայկական եկեղեցիների ճարտարապետությունը:

 

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ տոնական ընդունելություն բազմաթիվ նորվեգացի եւ հայ հրավիրյալների մասնակցությամբ:

 

Հարկ է նշել, որ այս տարի մեր երկրի անկախության տարեդարձը Կրագերոյում տոնելը պատահականորեն չէր ընտրված. այստեղ է ծնվել նորվեգացի մեծ մարդասեր եւ միսիոներուհի Բոդիլ Բյորնը, ով Հայոց ցեղասպանությունից հետո փրկել ու խնամել է հայրուրավոր անօթեւան մնացած երեխաների ու կանանց եւ արժեքավոր վկայություններ թողել այդ մասին: 2006թ. Կրագերոյի քաղաքային խորհուրդն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

 

Նախքան միջոցառումը սկսելը, ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը ծաղկեպսակ դրեց Բոդիլ Բյորնի հուշաքարին, որին ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը, Վերգոշայի քաղաքապետ Շեթիլ Տյորփը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մաադս Հենրիկ Լանգաարդ Լյունդը, Բոդիլ Բյորնի թոռը` Յուսի Բյորնը, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ նորվեգացիներ:

Ինչո՞ւ Հայաստանի գրոսմայստերները ձախողվեցին Տրոմսյոյում

Aronian-Tomashevsky-1Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես էր գալիս չորս գրոսմայստեր: Ցավոք, մերոնք անհաջող հանդես եկան: Թե ինչո՞ւ` փորձեցինք պարզել այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի տեղակալ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից:

– Նոր ձևաչափով հինգերորդ անգամ էր շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար անցկացվում: Նախկինում կազմակերպվել են այլ կարգի, նաև նոկաուտ համակարգով մի շարք ստուգատեսներ, որոնք անվանվել են աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարեր: Ի դեպ,  դրանք կոչվել են նաև աշխարհի առաջնություններ: Իսկ գավաթի խաղարկությունը ներկայիս ձևաչափով առաջին անգամ անցկացվել է 2005-ին, և հաղթել է Լևոն Արոնյանը: Ցավոք, դրանով էլ ավարտվել է մերոնց հաջողությունը: Ինձ հետաքրքրում էր նաև Տրոմսյոն, քանի որ 2014-ին Նորվեգիայի այդ քաղաքը հյուրընկալելու է առաջիկա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին:

Այս մրցաշարն անցկացվում էր «Սկանդիկ» հյուրանոցում: Այն առանձնապես բարձր մակարդակի չէր, սակայն դրականն այն է, որ շախմատիստները իջևանել և խաղում էին նույն կառույցում: Եթե մրցաշարը տևական է, ապա այդ հանգամանքը շատ կարևոր է: Բացի այդ, եղանակն էլ նպաստավոր էր: Ջերմաստիճանը տատանվում էր 7-14-ի սահմաններում: Տրոմսյոն Հյուսիսային բևեռին մոտ է գտնվում: Ավելի մոտ միայն Շպիցբերգենն է: Ընդհանուր առմամբ, մրցաշարը լավ էր կազմակերպվել: Կային մի շարք կազմակերպչական թերացումներ, որոնց մասին անմիջապես հայտնեցինք, և նորվեգացիները փորձեցին հնարավորինս արագորեն շտկել դրանք: Ամեն դիտողություն հաշվի էր առնվում, և խնդիր էր դրվում, որ հաջորդ տարի կայանալիք օլիմպիադայի ժամանակ այն չկրկնվի:

Մասնավորապես, սննդի հետ կապված խնդիրներ կային: Երբեմն բոլոր մասնակիցներին առաջարկում էին միայն խոզի մսով կերակուրներ: Սակայն  մի շարք ազգերի,  կրոնների ներկայացուցիչներ, այդ թվում` հրեաները, մահմեդականները, խուսափում էին նման կերակուրից: Սակայն այլընտրանք չունեին: Բացի այդ, Նորվեգիան թանկ երկիր է: Ամեն մասնակցի սնվելու համար հաստատագրված գումար կար: Եվ ստացվում էր, որ այդ գումարի սահմաններում  հատկացված սնունդն ընդունելով` կարելի է կիսաքաղցած մնալ, մինչդեռ, Հայաստանում կամ այլ երկրներում այդ փողով հնարավոր է ճոխ ուտել: Դահլիճում թերություններ կային: Եվ կազմակերպիչներն այդ ամենը կարգավորեցին առանց լրացուցիչ ծախսերի: Նորվեգացիները խնդիր են դրել Շախմատի համաշխարհային օլիմպիադան բարձր մակարդակով անցկացնել: Նրանց դա կհաջողվի, թե ոչ, կպարզվի 2014-ին:

Ի դեպ, հավանական է, որ այդ հյուրանոցն օլիմպիադայի օրերին չօգտագործվի: Այն օդանավակայանին մոտ է գտնվում և բավականին հեռու է քաղաքի կենտրոնից: Կենտրոնում կառուցվում է հինգաստղանի հյուրանոց, որը կացարան է դառնալու օլիմպիադայի մասնակիցների մեծ մասի համար: Գրեթե պատրաստ է այն դահլիճը, որտեղ կայանալու են մրցամարտերը: Արվում է հնարավորը, որ մասնակիցները հետիոտն իրենց կացարաններից 5-15 րոպեում հասնեն մրցավայր:

 – Ի՞նչ պատահեց մեր շախմատիստներին:

– Խաղում էին Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի մյուս փորձառու անդամները` Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, նաև շնորհալի երիտասարդ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Ցավոք, մերոնք դուրս մնացին պայքարից: Ընդ որում, գրոսմայստերները տարբեր ճակատագրեր ունեցան: Մովսիսյանը, Հակոբյանը, Մելքումյանն առաջին փուլում պարտվեցին, համապատասխանաբար, Յոն Լյուդվիգ Համերին (Նորվեգիա), Նգուեն Սոնին (Վիետնամ), Գրանադա Զունիգային (Պերու): Ընդհանրականն այն է, որ Հայաստանի շախմատիստներից ոչ ոք հաջող չխաղաց: Հակոբյանը չկարողացավ հունի մեջ մտնել` թերևս թերագնահատելով մրցակցին, զիջեց: Իսկ երկրորդ պարտիայում թեև առավելություն, հաղթանակի հասնելու հնարավորություն ուներ, սակայն փոքրիկ վրիպումից հետո ստիպված էր բավարարվել խաղաղ արդյունքով: Մովսիսյանն ակնհայտորեն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Վերջին շրջանում նա տարբեր միջազգային մրցաշարերում մարտական խաղ էր ցուցադրում, արդյունավետ պարտիաներ անցկացնում, սակայն այս անգամ ակտիվ չէր: Պարզապես Նորվեգիայում նրա խաղը չստացվեց: Ինչ վերաբերում է Հրանտ Մելքումյանին, ապա նրա մրցակիցն այս ստուգատեսի հայտնությունն էր: Զունիգան փորձառու շախմատիստ է, նաև գործարար է: Նա հողատեր է և լոլիկ է աճեցնում: Երբեմն այդ գրոսմայստերին թերագնահատում են, լուրջ շախմատիստ չեն համարում: Բայց նա բարձր վարկանիշ ունի և այս մրցաշարում էլ փայլուն խաղաց ու լրացուցիչ մրցամարտում կորզեց հաղթանակը: Ընդ որում, Մելքումյանը մրցամարտում երկու անգամ առջևում էր: Ինչ վերաբերում է Արոնյանին, ապա մեր երկրի հավաքականի առաջատարը վերջին շրջանի երրորդ խոշոր մրցաշարում առաջին օրվանից հիվանդ էր: Նկատի ունեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների 2012-ին Կազանում անցկացված ստուգատեսը, երբ պարտվեց Ալեքսանդր Գրեշչուկին, 2013-ի սկզբին Լոնդոնում կազմակերպված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:  Ի դեպ, նա չի սիրում արդարանալ, բայց ինքս տեսա, որ այս անգամ 7 օր շարունակ Արոնյանը վատառողջ էր: Թե ինչ էր պատահել, թերևս ավելի ստույգ պատասխանի  Հայաստանի շախմատի հավաքականի բժիշկ Արմեն Աղուզումցյանը, որը նույնպես մրցավայրում էր: Հնարավորն արվում էր, որ մեր շախմատիստը լավ խաղա, բայց հիվանդությունն իր դերը կատարեց: Լևոնը պետք է հետևություն անի և հաջորդ պատասխանատու մրցումներին ֆիզիկապես ավելի պատրաստ ներկայանա: Իսկ նա հաղթեց ղրղզստանցի Միխայիլ Մարկովին, ռուսաստանցի Իգոր Լիսիին և զիջեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն: Վերջինս արժանի խաղ ցուցադրեց, թերևս իր կյանքում նա ամենափայլուն պարտիաներն անցկացրեց: Ի դեպ, երկու պարտիայում էլ Լևոնն առավելություն ուներ և ձեռքից բաց թողեց հաղթանակը: Համակարգչով այդ քայլերն ակնհայտորեն տեսանելի էին: Վատառողջ լինելու հանգամանքն Արոնյանին խանգարեց: Ի դեպ, առաջին պարտիայում հաղթելուց հետո Տոմաշևսկին պաշտպանության չանցավ: Երկրորդ պարտիայում նա համարձակ քայլի դիմեց, երբ կասկածելի դիրք ուներ,  ֆիգուր զոհաբերեց, թաքնված գրոհ ձեռնարկեց, ամեն ինչ խճճեց և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի:

 – Օրինաչա՞փ էր ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հաղթանակը:

– Նա արժանի էր դրան: Կրամնիկը լրջորեն էր նախապատրաստվել, բարձրակարգ խաղ ցուցադրեց: Եզրափակչում նա առավելության հասավ ռուսաստանցի 22-ամյա շախմատիստ Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ: Այդուհանդերձ, նաև Կրամնիկի բախտը բերեց, քանի որ մրցաշարում պարտվեցին և եզրափակիչ չհասան այն խաղացողները, որոնք նրան կարող էին ավելի լուրջ դիմադրել, խանգարել ուժեղագույն ճանաչվելուն: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր էր խաղարկվում: Արոնյանը և Կրամնիկն այդ ստուգատեսում  խաղալու իրավունք արդեն ունեին: Եվ եթե նրանցից որևէ մեկը 1-2-րդ տեղերում լիներ, օգտվելու էր համապատասխան վարկանիշ ունեցող ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, նրան էր հանձնվելու ուղեգիրը: Այդպես էլ եղավ:

 – Մերոնց հետ կատարվածից ի՞նչ դասեր կարելի է քաղել:

– Ծանր մրցաշար է: Շախմատիստներից ոմանք փորձում էին երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի արդյունքի հասնել և մրցակիցներին շրջանցել «արագ» շախմատի լրացուցիչ հանդիպումներում: Վերջիններում խաղացողների կարգերի տարբերությունն էլ փոքրանում է: Մասնավորապես, Անդրեյկինը դասական շախմատի պարտիաներում միայն մեկ հաղթանակ էր տարել և հասել մինչև եզրափակիչ: Այստեղ  նա պարտվեց: Ստացվեց, որ եզրափակչի մասնակիցը դասական շախմատի պարտիաներում 1-ական հաղթանակ և պարտություն ունի: Եվ խաղացողները պետք է մտածեն և այս կարգի մրցաշարին մոտենան  համապատասխան պատրաստականությամբ: Այս ստուգատեսը էականորեն տարբերվում է մյուսներից: 

– Դուք «Միկա» շախմատի ակումբի գործադիր տնօրենն եք: Ակումբը նախապատրաստվո՞ւմ է Եվրոպայի ակումբային առաջնությանը:

– Հոկտեմբերի 19-27-ը Եվրոպայի ակումբային առաջնությունը կայանալու է Հունաստանի Հռոդոս կղզում: «Միկա» ակումբի միայն կանանց թիմը կխաղա, իսկ տղամարդկանց հավաքական չենք ունենա:

 – Փաստորեն, «Միկա» կանանց ակումբն առանց Հայաստանի առաջնության մասնակցելու է դրսի խաղերին:

– Եթե առաջնություն անցկացվեր, Հայաստանում չէր գտնվի կանանց որևէ ակումբ, որը «Միկայի» համար խնդիր ստեղծեր, հավակնորդ չկար: «Միկայի» կազմում են  նույն խաղացողները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հարիկա Դրոնավալին, Լեյլա Ջավախիշվիլին: Եվրոպայի ակումբային առաջնությունում թիմը մեկական անգամ չեմպիոն և արծաթե մեդալակիր է դարձել, երեք անգամ էլ բրոնզե պարգևների տիրացել:

 – Մեր ուժեղագույն շախմատիստները խաղում են տարբեր երկրների լավագույն ակումբներում: Նախատեսվում էր, որ սեպտեմբերին Գյումրիում պետք է անցկացվի շախմատի Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնություն: Ինչո՞ւ այն չի կայանալու:

– Ամեն ինչ նախապատրաստվել էր, սակայն թիմեր չեղան, որոնք շահագրգռված լինեին մասնակցելու այդ առաջնությանը: Գործարարները, տարբեր ֆիրմաները ձեռք չեն մեկնում, որ շախմատային ակումբներին օգնեն:

 – Բայց ձևավորված կենտրոններ կան` ՖԻՄԱ–ն, Հայաստանի շախմատի ակադեմիան, «Միկան» և այլն:

– Հնարավոր է մրցասպարեզ հանել երիտասարդների թիմեր, սակայն ակումբային առաջնությունն այլ բան է պահանջում: Դա ինքնանպատակ չի կարելի անել: Մեծ թվով գրոսմայստերներ ունենք և ի վիճակի ենք ակումբային հզոր առաջնություն կազմակերպել: Պետք է այնպես արվի, որ մեր ուժեղագույնները խաղան, նրանց կողքին էլ աճեն երիտասարդները: