ԱՄՆ պետքարտուղարությունը խստագույնս դատապարտել է Բաքվին

170844ԱՄՆ պետքարտուղարությունը, օգտագործելով արտասովոր ուղղակի եւ ոչ դիվանագիտական լեզու, խստագույնս քննադատել է Բաքվին՝ ամերիկյան դիտորդական առաքելությանը հանկարծակիորեն թույլ չտալով երկիր ժամանել եւ հետեւել նախագահական ընտրությունների նախապատրաստությանը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ամենայն հավանականությամբ, պետքարտուղարությունը հետ է քաշվել Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններում արհեստական պարիտետից. ամերիկացի դիվանագետները սկսել են, մասնավորապես, «թվարկել» Բաքվում ժողովրդավարության հետ կապված բազմաթիվ թերությունները եւ կոռուպցիոն խնդիրները:

Պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության վաշինգթոնյան թղթակից Հայկարամ Նահապետյանի հարցին՝ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում այդ խնդիրներին ուղղակի անդրադարձ է կատարվել: «ԱՄՆ-ը ցավում է, որ Ադրբեջանի կառավարությունը դեմ է ամերիկյան պատվիրակության ձեւավորմանը, որը նախքան ընտրությունները պետք է պաշտոնական այցով մեկներ Ադրբեջան: Արդյունքում՝ այցը չի կայանա»,-ափսոսանք է հայտնել պետքարտուղարությունը:

«Ադրբեջանի կառավարության գործողությունները հարցեր են առաջացնում նախագահական ընտրություններից առաջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել ազատ եւ արդար ընտրական գործընթաց, որն արտացոլում է ժողովրդի կամքը: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել հանրահավաքների եւ խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո: Կոչ ենք անում իշխանություններին աջակցել ընտրություններում հայրենական եւ միջազգային դիտորդների կարեւորագույն աշխատանքներին»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

 NEWS.am

Գյումու «Սամարիթեր» հիվանդանոցում ներդվում է վիրաբուժական-վերականգնողական բաժանմունք

IMG_1044“Այսօր կան գործառույթներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր համաքաղաքացիների համար, սակայն իրազեկության աստիճանը բավական ցածր է”, – այսպիսի տողերով սկսվեց իր խոսքը Գյումրու “Սամարիթեր” հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը: Խոսքը վերաբերում է հիվանդանոցի ներկա կարգավիճակի և նորաբաց բաժանմունքների մասին հանրության իրազեկության պակասին:

IMG_1042Հիվանդանոցը հիմնադրվել է 1989թ.` երկրաշարժից հետո համարվել է քաղաքում գործող մեծ հիվանդանոցային համալիրի իրավահաջորդը և գերմանացիների կողմից, Հայաստանում երկրաշարժի հետևանքները վերացնող կազմակերպություններից մեկի կողմից վերականգնվեց մոսկովյան շրջկումի համար կառուցված շենքը, հագեցվեց բժշկական գործիքներով, գույքով և հիվանդանոցն, ի պատիվ գերմանացիների, կոչվեց “Սամարիթեր”: “Բայց հիվանդանոցը պետական համակարգի մեջ է գտնվում և գերմանական կողմի հետ կապեր չկա. նրանք աշխատում են միայն թեժ կետերում: Տարիների ընթացքում հիվանդանոցում ձևավորվեցին մասնագիտացված բաժանմունքներ: Առողջապահության բնագավառի օպիմիզացիայի արդյունքում “Գյումրի” բժշկական համալիրի կազմ տեղափոխվեցին “Սամարիթեր” հիվանդանոցի թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները, իրենց հետ զուգահեռ նաև վերակենդանացման բաժանմունքը: Եվ “Սամարիթեր” հիվանդանոցում մնացին միայն ընդհանուր և հեմոդիալիզի բաժանմունքները: Դա կառավարության հատուկ որոշման հետևանք էր:

Շատերի կողմից թյուր կարծիք կար, որ “Սամարիթեր” հիվանդանոցը ևս լիկվիդացվել և տեղափոխվում է բժշկական կենտրոն: Դա այդպես չէ, նույն որոշման համաձայն, օպտիմիզացիայի ծրագրի վերջում, մեր հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունքից զատ պետք է կառուցվեր վերականգնողական բաժանմունք: Եվ հիվանդանոցը կունենար “Սամարիթեր վերականգնողական կենտրոն” ՓԲԸ անվանումը: Այն այսօր կա: Մենք փորձեցինք առողջապահության վարչության հետ մտածել այնպիսի ծրագրեր, որոնք այս կամ այն առումով մեր մարզում չկան կամ կան` ոչ լիարժեք ձևով: Դրանցից են` պլաստիկ, վերականգնողական վիրաբուժությունը, որն այսօր իրականացվում է, ուրոլոգիական վիրահատությունը, այն, իհարկե, մարզում կա”, – ասում է Ռ.Խաչատրյանը:

Այսինքն, ընտրվել են այն բուժման տեսակները, որոնց համար տեղի բնակիչները գնում են Երևան: Իսկ այս ամենի համար հրավիրվել են լավագույն մասնագետները, շատերը աշխատում են Աշոցքի հիվանդանոցում, որը ևս մեծ համբավ ունեցող բուժհաստատություն է: Այս բժիշկները վիրահատություններին զուգընթաց նաև տեղում կադրեր են պատրաստելու:

“Քանի որ մեր վերականգնողական և վիրաբուժական բաժանմունքները նոր են` տարվա կեսին սկսեցին ձևավորվել, դա ֆինանսական, բյուջետային այնպիսի խնդիր էր, որ պետական պատվերի իջեցումն առողջապահության նախարարության համար դժվարություններ էր առաջացնում: Մենք գրություններ ունենք ուղղված առողջապահության նախարարին` պետական պատվեր իջեցնելու համար: Խոստացել են դա իրականացնել 2014 թվականի հունվարից: Առայժմ` վճարովի է”, – ավելացրեց հիվանդանոցի տնօրենը:

Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննիես Հովհաննիսյանն էլ հիշյալ բաժանմունքների բացումը կարևորելով` նշեց. “Ցանկացած վիրահատություն իր հետ կարող է ունենալ հետվիրահատական բարդույթններ. մարդը կարող է առողջանալ, բայց հնարավոր է լինեն հետվիրահատական կոպիտ սպիներ, ճողվածքներ, այլ տարատեսակ բարդություններ, որոնք էլի վիրահատության կարիք ունենան: Նման բաժանմունք ունենալը, որի նախադեպն ամբողջ հանրապետությունում չի եղել, կարծում եմ, մեծ համարձակություն է տնօրենի կողմից:

Մարզում բոլոր վիրաբուժական հաստատությունները կենտրոնացնել մեկ տեղ, կարծում եմ, սխալ է և պետք է ալտերնատիվ տարբերակ լինի: Սա ռազմավարություն է. մեր նման փոքր պետությունն իր պաշարում փոխարինման ամեն ինչ պետք է ունենա: Սա ճոխություն չէ, այլ արդարացված ծառայություն է”:

Հիմա “Սամարիթեր” հիվանդանոցը կատարում է վիրահատության անհրաժեշտություն ունեցող հիվանդների հավաքագրում, որպեսզի բժիշկներին հրավիրեն:

 

“Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք”. գյումրեցիներ

IMG_09802012 թվականի հեկտեմբերին Գյումրիում մեծ շուքով շահագործման հանձնվեցին 1756 բնակարաններ “Մուշ” և “Անի” թաղամասերում: Այդ օրվանից մինչ այսօր նորակաույցներ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են բնակիչները: Մասնավորապես ձմռան  նախաշեմին նրանց անհանգստացնում է գազաֆիկացման հարցը. շատ բնակարաններում  ջեռուցման կաթսաները տեղադրված չեն, մյուսներում առկա է ծխատարների խնդիրը:

Նորակառույցների բնակիչները archive2.ankakh.com-ի հետ զրույցում ներկայացրեցին դեռևս լուծում չստացած պրոբլեմները: “Բնակարանը ստացել ենք անցած տարվա հոկտեմբերի 15-ին, պատուհանները ջարդած էին, դիմում տվեցի` էկան փոխեցին, դրսից “կուխնու” քարերը լրիվ թափած են. դիմում տվեցինք, ոչ էկան, ոչ էլ փոխեցին, լամինատները սաղ փչացած է, էլի դիմում տվեցինք, ոչ մի մարդ չարձագանքեց: Ամենացավոտ կողմը` մենք չիդենք ձմեռն ինչղ պիտի անցնենք: Անցած ձմեռ 4 ամիս ձրի լույս տվեցին` մինչև մարտ ամիսը”, – ասում է բնակչուհի Թերեզա Այվազյանը: Բնակիչներն անգամ էլեկտրաէներգիայի սեփական հաշվիչներ չեն ունեցել, անհատական հաշվիչները միացվել են ապրիլի 1-ով: “Հմի դիմացը ձմեռ է, գազ չունինք, հույս էլ չունինք, թե կունենանք: Իսկ 50 շենքը ոչ գազ ունի, ոչ գազի կաթսա ունի, ոչ էլ տեղադրած է”:
“Տունս 3 սենյականոց է, վեց անձով էինք ստացել, բայց տղես թոռներիս հետ գնացել է դոմիկը կմնա, որովհետև ստեղ հնարավոր չէ, մի հատ փոքր պլիտով ճաշ կեփենք` ժամերով չի էփի: Մի “շտեպցել”, մի “վիկլուչատել” չի աշխատի, առածս թոշակը 28 հազար է, կուտամ օր էդ տան վտանգավոր բաները փոխեմ: Ջուրն էլ երբ ուզենան կուտան, երբ ուզենան չեն տա: Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք, կոնցլագեր: Խաբեցին մտցրեցին բիսետկեն, ստորագրել տվեցին, թուղթը տվեցին ձեռներս. ոչ զամոկները կաշխատի, մի սենյակի մեջ 3 հատ “շտեպցել” են դրիել, ոչ մեկը չի աշխատի, զուգարաններն ու բաղնիքները վապշե չկա, որ մե բանըմ միացնենք տաքություն տա”, – հարևանուհուն լրացնում է Գևորգ Սարգսյանը:

Այստեղ մեզ բնակիչները փոխանցեցին, որ շուրջ 200 ընտանիքի ջեռուցման կաթսայի փոխարեն ջրատաքացուցիչ են հատկացրել, հետո շատերինը եկել փոխել են ջեռուցման կաթսայով, բայց համակարգերին միացված չեն: “Կառոպկով քցած են, մեզ էլ զգուշացրեցին` ձեռք չտաք պիտի բերենք փոխենք, տիա մի տարին կլրանա ոչ մեկը չի էկել”:

“Մեր ջրի կաթսան տարել փոխել են, ջեռուցման կաթսան են բերել, ըդպես կառոպկով դրած է, մինչև հիմա ոչ մարդ է եկել, ոչ մոնտաժել են, ոչ գազի հույս ունենք, ոչ էլ նորից ձրի էլեկտրաէներգիայի: Ոնց դիմումները տվել ենք, էդպես էլ մնում են` ջարդած դուռ ունենք, ջարդած պատուհան, միջանցքի և խոհանոցի լամինատները լրիվ պոկված թափած են: Ուշադրություն դարձնող չկա”, – ասում է “Մուշ 2” թաղամասի բնակչուհի Սիլվա Մարգարյանը:

“Ծխատարները սխալ չեն կառուցվել: Այլ բան է, որ խնդիր է դրվել ավելի բարձրացնել եղածի անվտանգությունը: Խնդիրն հետևյալն է, հաշվի առնելով, որ գործ ունենք ոչ վճարունակ խավի հետ, և չեն կարողանա անընդհատ վճարումներ կատարել ծխատարների սպասարկման համար: Կառավարության կողմից խնդիր դրվեց ավելի երկարատև օգագործման ծխատար համակարգեր ներդրվեն, որոնք յուրաքանչյուր տարի սպասարկվելու հատուկ կարիք չունենա: Ծխատարների աշխատանքներն արդեն սկսված են, և մինչև ջեռուցման սեզոն` նոյեմբերի 15-ը բոլոր բնակարաններում ծխատարների փոխարինումը կատարվելու է, որպեսզի բնակչությունը կարողանա ջեռուցմամբ ապահովվել: Որևէ կաթսայի փոփոխություն, որևէ բնակարանի քանդում տեղի չի ունենալու, քանի որ ամբողջ համակարգն իրականացված է, մենք անում ենք միայն լրացուցիչ անվտանգության որոշակի գործողություններ”, – փոխանցեց “Գլենդել Հիլզ” ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանը:

Դիրարբեքիրի հայկական եկեղեցում աղոթել են քրդական հարցի լուծման համար

DiyarbakırԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարի արդեն երրորդ անգամ անցկացվող պատարագի ժամանակ հավատացյալները աղոթել են քրդական հարցի լուծման գործընթացի շարունակության համար: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը նշել է, որ իրենք աղոթել են լուծման գործընթացի բարեհաջող ավարտի և խաղաղության հաստատման համար: «Լուծման գործընթացից հետո երկիրը խաղաղ է, չունենք լաց լինող մայրեր, սպանված զինվորներ ու քաղաքացիներ: Սա մեծ նվաճում է: Հուսով եմ և աղոթում եմ, որ լուծման գործընթացը խաղաղությամբ պսակվի»,-նշել է Աթեշյանը: Նշենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգվել է Դիարբեքիրի քաղաքապետարանի միջոցներով և բացվել այցելուների համար: «Առաջին տարին մեր ուխտավորները իրենց խոստումն ու աղոթքները բերելու համար եկան այստեղ: Այս տարի այցելուների թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն նրանց տեղը լրացնում են Դիարբեքիրի՝ հայկական ծագում ունեցող բնակիչները: Այս կապակցությամբ մենք երջանիկ ենք»,-պոլսահայերի հոգևոր առաջնորդի խոսքերն է վկայակոչում «Cihan» լրատվական գործակալությունը:

Սամվել Թադևոսյանն այցելել էր “շինհրապարակներ”

IMG_1047 (1)Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Առաջին կանգառը «Մուշ 2» թաղամասն էր, որտեղ կարծես թե սկսվում էին շենքերի հիմնային աշխտանքները կամ, գուցե նախարարի պատվին` շինկազմակերպությունն ինչ-որ աշխատանքներ էր անում: Այն, որ այստեղ բնակարանաշինության հետ առնչվող ոչ մի աշխատանք տևական ժամանակ է չէր կատարվում` բարձրաձայնել էինք օրեր առաջ “Գյումրիում բնակարանները կհանձնվեն սեպտեմբերի 32-ին” կամ սուտ ամենաբարձր չինովնիկի մակարդակով” հովածում: Բայց նախարարն այլ բան էր ասում. “Հիմնային աշխատանքները դեռևս սկսվել էին անցած տարվանից, հիմնականում ձգձգվում էին, որովհետև վերանախագծման խնդիրներ ունեինք: Շահառուների ճանաչման և հաշվառման գործընթացը դեռ պետք է ավարտվեր 2008 թվականի դեկտեմբերին: Կառավարությունն ընդառաջ գնալով դրան, անընդհատ ժամկետներ է ավելացրել և վերջին ժամկետ էր սահմանել 2012 թվականի դեկտեմբերը: Ֆինանսական ոչ մի խնդրի հետ չի կարող կապված լինել, քանի որ պետությունն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացրել է”, – ասում է Սամվել Թադևոսյանը:

“Այս պահին հստակ ասում եմ, շինարարությունը սկսվել է: Ախուրյանում երեք շենքերն այս տարի ակավարտվեն, չորրորդ շենքի հիմնային աշխատանքներն արդեն սկսվել են: Կարծում եմ, չորրորդ շենքը 2014թ. առաջին կիսամյակում կվերջացնենք, իսկ վերջնական ժամկետները երկարում են` կապված շահառուների փաստաղթղթերի ներկայացման ժամկետների երկարացման հետ: Բնակբաշխման հանձնաժողովն իր աշխատանքները չավարտեց, որովհետև կապված անօթևանների խնդրանքի հետ` կառավարությունը լրացուցիչ ժամկետներ ավելացրեց: Ընդառաջ գնալով անօթևաններին` մենք անընդհատ ժամկետներ ենք երկարաձգում: Վերանախագծման աշխատանքներն ամփոփման փուլում են», – ավելացրեց նախարարն ու նստեց մեքենան` ես էլ ժամանակ չունեմ, ուշանում եմ, – ասելով, բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան::

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանն էլ շինաշխատանքների ձգձգումն ու կառույցի սնանկացման մասին լուրերն այսպես մեկնաբանեց. “Քանի որ Գյումրիում առաջացան 420 հավելյալ շահառուներ, և նույն Ախուրյանում ավելացան հավելյալ 40 շահառուներ, արդեն հստակ էր, որ յուրաքանչյուրը պետք է իր հասանելիք բնակարանը ստանար` 4, 3 կամ 2 սենյականոց: Նրանց ցանկը երբ հստակեցվեց նախարարության կողմից, մենք ստիպված եղանք բոլոր շենքերում իրականացնել վերանախագծում, որպեսզի բոլորին բավարարի: Ոչ մի լուծարման գործընթաց չի սկսվել, ոչ մի ֆինանսական խնդիր երբևէ չի եղել: Ասեմ, որ բյուջեից հատկացումները եղել են ժամանակին ու ամբողջ ծավալով: Հետևաբար, տեխնիկական խնդիրները ոչ մի ձևով չպետք է վերագրել ֆինանսական խնդրի”:

Ախուրյանում այս պահին երեք շենք է կառուցվում, ևս մեկն էլ հիմնային աշխատանքների փուլում է, իսկ Գյումրիում` 8 շենք:

Քաղաքաշինության  նախարարը Գյումրիում խոստացավ` ավելի հաճախ է գալու և անձամ հետևելու շինարարության ընթացքին:

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին

 

3747

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին և բանակցությունների հեռանկարին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:

Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ

484.Ambassador Ghalachian's meeting with the Minister of National Defence of Greece 11.09.2013Սեպտեմբերի 10-ին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստման, խաղաղապահ գործողությունների, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմատեխնիկական և այլ բնագավառներում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ նաև նախատեսվող փոխայցելություններին:

 

Թուրքական ավիաուղիները զայրացրել է Ֆրանսիայի հայկական համայնքին

THY  Ֆրանսիական հայտնի ֆուտբոլային ակումբներից Մարսելի Օլիմպիկը պայմանագիր է կնքել Թուրքական ավիաուղիների հետ, համաձայն որի թուրքական ընկերությունը հանդիսանալու է ֆրանսիական ակումբի պաշտոնական հովանավորը: Ահա «Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մարսելի Օլիմպիկի այս համագործակցությունը զայրացրել է Ֆրանսիայի հայկական համայնքին: Մասնավորապես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը այս որոշումը ոչ տրամաբանական է համարել՝ նշելով, որ իրենք չեն հավատում, որ սպորտում բարոյական արժեքներ ներկայացնող Օլիմպիկը կարող է մոռացած լինել 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքական կայքի մեկնաբանությամբ՝ հայկական համայնքը Օլիմպիկի այս արարքը որակել է որպես դավաճանություն հայկական սփյուռքի նկատմամբ: Խորհուրդը նշել է, որ չի ուզում, որպեսզի ֆրանսիական սպորտային ակումբներին աջակցեն Թուրքիայից և Ադրբեջանից եկած հովանավորները՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նման դեպքերը իրենց շատ են վշտացնում:

 

 

Ամերիկյան «թայմ աութի» կանոնները

Շահան ԳանտահարյանՍիրիական հիմնախնդրի հանգուցալուծման միտող, կամ ավելի ճիշտ` ռազմական գործողությունների մեկնարկը առկախելու փորձ կատարող ռուսական նախաձեռնությանը, հստակորեն գեթ որոշակի հանգրվանի համար, հաջողվեց փոխել իրավիճակը: Համատարած տպավորություն եւ համոզում էր գոյացել այն մասին, որ ամերիկյան Կոնգրեսի քվեարկությունից անմիջապես հետո, նույնիսկ Սենատի քվեարկության ավարտին ռազմական գործողությունները պիտի մեկնարկեին սիրիական թիրախների ուղղությամբ: Հետաքրքրական զուգադիպությամբ ռազմական գործողությունների մեկնարկի թվականը, թեկուզ ոչ պաշտոնական, նախատեսվել էր սեպտեմբերի 11-ը, որ ամերիկյան տրամաբանությամբ պիտի խորհրդանշեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի օրը…

Իհարկե, ռուսական նախաձեռնությունը թվականի եւ ներկայացման ժամանակի իմաստով եւս պատահականություն չէր։ Շատ շուտով պարզ դարձավ, որ նախաձեռնությունը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ: Նախաձեռնության հրապարակմանը հաջորդեց համաձայնեցված երկրորդ հանգրվանը: Միացյալ Նահանգները հայտարարեցին «թայմ աութը»: Իսկ այստեղ, միջանկյալ ձեւակերպումները հարգելու համար անմիջապես պետք էր Դամասկոսի ողջունումը, որ անուշտ տեղին եւ ժամանակին կատարվեց:

Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է եւ բացառումը նման միջոցների օգտագործման:

Ճիշտ է, որ իբրեւ ռուսական համաձայնեցված նախաձեռնության արդյունք` ռազմական գործողությունները անժամկետ հետաձգվում են։ Մի քանի դիտարկում սակայն, պետք չէ բաց թողել, ամերիկյան «թայմ աութի» հիմնավորումների եւ դադարի այս հանգրվանի նախապատրաստությունում կատարված հայտարարությունների վրա բացվող լուսարձակները ամփոփ ձեւով նշելու համար:

Ռուսական կոչը Դամասկոսին, հանձնելու համար քիմիական զենքի պահեստը միջազգային ընտանիքին, ինքնին փաստում է սիրիական իշխանությունների մոտ զանգվածային ոչնչացման նման միջոցների առկայությունը: Ավելի ճիշտ` այդ առկայության ռուսական հաստատումը: Ռուսական այս հաստատումը կատարվեց ճիշտ ՄԱԿի փորձագետների հետազոտման արդյունքի հայտարարության  նախօրյակին: Դեռեվս միջազգային մակարդակով չհաստատված, թե ո՞վ է քիմիական զենքերի օգտագործման հասցեատերը, Մոսկվան առաջարկում էր Դամասկոսին հանձնել քիմիական պաշարը:

Սա, իհարկե, բավարար էր քիմիական պաշարի առկայությունը փաստելու. բայց սրանով էլ չէր բավարարվում քիմիականի առկայության հաստատումը: Դամասկոսը ողջունեց ռուսական նախաձեռնությունը, ուղղակի-անուղղակի ինքնախոստովանելով  իր մոտ նման զինամթերքի առկայությունը:

Անշուշտ, այստեղ կա տրամաբանություն, որ նման զենքերի առկայությունը չի ենթադրում անպայման դրա օգտագործումը կամ օգտագործված լինելը: Մնանք սակայն գերտերությունների հայտարարությունների ճշտած տրամաբանության սահմաններում: Երբ օգտագործված քիմիականի ուղղությամբ ամբաստանությունները երկկողմանի էին, առնվազն ակնկալվում էր նաեւ հակառակորդ կողմին եւս պահանջ ներկայացնել քիմիական զենքի պահեստները հանձնելու միջազգային ընտանիքին: Կոչը կարելի էր ուղղել կողմերին, հանձնելու զանգվածային ոչնչացման միջոցները: Մանավանդ, երբ նույն այդ միջազգային ընտանիքը դեռեվս չէր եզրակացրել պատասխանատվության խնդիրը:

Ռուսական համաձայնեցված այս նախաձեռնությունը ենթահող պատրաստեց միջազգային փորձագիտական եզրակացության համար: Փորձագետները այլեւս  հանգիստ կարող էին հայտարարել, թեեւ առանց ուղղակի փաստեր ունենալու, որ  կառավարական ուժերն են քիմիականի օգտատերերը: Սա էլ ռուսական առաջարկից, ամերիկյան «թայմ աութից» հետո համաձայնեցված ընդհանուր նախաձեռնության միջազգային երրորդ արարն էր:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

«Արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը». Ռուբեն Հակոբյան

arm134027795838ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց, որ համազգային և համապետական հարցերը լուծվում են մի քանի պաշտոնյաների սենյակում, և անտեսվում է ժողովրդական ու պառլամենտական դիվանագիոտւթյունը. «Իսկ երբ փորձում ես ինչ որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը լինում է այն, որ մեծամասնության հետ հարցը քննարկվել է, և որոշումն այնտեղ է կայացվել: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի մեծամասնության այդ սենյակներում, բայց երևի կա նաև ընդիիմության փոքր ածու, որը նույնպես ասելիք ունի»,-ասաց պատգամավորը:

Նրան հետաքրքրում էր երկու հարց` արդյո՞ք գործող իշխանությունը եվրոպական արժեքներից և նույնիսկ մաքսային արժեքներից խոսելուց չի հասկանում, որ այսօրվա մեր քաղաքական մշակույթը համապետական, ազգային ծրագիր լուծելու համար զրոյական է, և այս մակարդակով հնարավոր չէ որևէ հարց լուծել:

Նա նաև ասաց, որ վաղը մեկնում է Բիշքեկ` որպես ԱՊՀ պետությունների ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային հանձնաժողովի անդամ, սակայն բացարձակապես տեղեկատվություն չունի, թե ղազախների և բելոռուսների հետ ինչ պետք է խոսի Մաքսային միության մասին: «Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում»:

Հակոբյանը կառավարությունից նաև հետաքրքրվեց, թե Ասոցացման համաձայնագիրը երբևէ կհրապարակվի՞, թե ոչ և ի՞նչ ճակատագիր է սպասվում Մաքսային միությանը վերաբերող փաստաթղթի հրապարակմանը:

Պատգամավորի հարցին ի պատասխան արտգործնախարար Էդ.Նալբանդյանն ընթերցեց Սահմանադրության 55-րդ հոդվածը, ըստ որի Հանրապետության նախագահը ստորագրում է միջազգային պայմանագրեր, և եթե անհրաժշտությունը կա, ապա ներկայացնում է խորհդրարան վավերացման: Նա նաև նշեց, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ, քանի որ դա ընդունված նորմ է:

Ինչ վերաբերում է Մաքսային միության հետ կապված փաստաթղթին, ապա բացի այն հռչակագրից, որը հրապարակվել է ՀՀ և ՌԴ նախագաների կողմից, որտեղ հայտարարվում էր Հայաստանի մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, ըստ Նալբանդյանի, այլ փաստաթուղթ առայժմ գոյություն չունի: «Այդ փաստաթղերը կարող են լինել որպես արդյունք այն բանակցությունների, որոնք հնարավոր է սկսել միայն այն ժամանակ, երբ երեք անդամ երկրները որոշեն, որ Հայաստանին իսկապես ընդունում են Մաքսային միություն»:

Նալբանդյանի խոսքով` սպասվում է, որ նման ժողով կլինի հոկտեմբերի կեսերին, և հավանաբար հոկտեմբեր վերջին կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները:

«Այն փաստաթղթերը, որոնք ԱԺ-ի կողմից վավերացում կպահանջեն, կներկայացվեն, և եթե ԱԺ-ն գտնի, որ այդ փաստաթղթերն արժանի չեն վավերացման, ապա համապատասխան եզրակացություններ արեք, սա է հարցը»,-ամփոփեց Նալբանդյանը:

Ռուբեն Հակոբյանին բոլորովին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը, ավելին,մի փոքր վրդովեցրեց. «Պարոն Նալբանդյան, չէի սպասում, որ կգաք և ինձ կբացատրեք, թե Սահմանադրության այս կամ այն հոդվածը ինչ է սահմանում: Իմ հարցը մի քիչ ավելի լուրջ է: Ես խոսում եմ ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին և հարցնում` արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ դուք սահմանադրության հոդվածն եք ասում»:

Հակոբյանը նաև ասաց, որ ինքը լավ գիտե միջազգային նորմը, ըստ որի կողմերը պետք է պայմանավորվեն` երբ հրապարակել փաստաթուղթը, բայց գիտի նաև Ուկրաինայի օրինակը, որի դեպքում նույնպես նման պայմանավորվածություն էր եղել, սակայն Ուկրաինան, հասկանալով հարցի կարևորությունն ու նշանակությունը, խնդրել էր թույլ տալ նախաստորագրումից առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնել ժողովրդին. «Եվ շատ ճիշտ էր արել,-ասաց Հակոբյանը,-կան համապետական և համազգային հարցեր, որ միջազգային պրոտոկոլն իմանալով հանդերձ պետք է հասկանալ, որ ժողովրդին էլ պետք է մատուցելՄենք իրավունք չունենք այս շատ պատմական և պատասխանատու պահին, երբ պետք է ճգրիտ ընտրություն կատարենք, երեք-չորս հոգով որոշում կայացնենք»:

Նալբանդյանն արձագանքեց, որ Հայաստանը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարում, և Հայաստանի նախագահն ու արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել են Հայաստանի վերաբերմունքը թե ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, թե Եվրամիության հետ հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ընդլայնել և հնարավորինս մերձենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին  կամ մեր այլ ձգտումներին  ու ցանկություններին»,-ասաց արտգործնախարարը:

Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը

IMG_2807Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով  կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ ու հետևողականորեն “թարմացրել” են այդ թեման՝ գրեթե միշտ խուսափելով անդրադառնալ Կարապետյանների ու “Տաշիր” բարեգործական հիմնադրամի բազմաթիվ բարեգործական ծրագրերին: Ուշադիր ընթերցողը կարող է հանգիստ համադրել այդ մի քանի լրատվամիջոցների անունները, որոնք, բարեբախտաբար, որակ չեն կազմում, ու իրական պատկերացում կազմել դրանց անաչառության մասին: Ընդ որում, ցանկության դեպքում կարող էին նաև անդրադառնալ, թե իրականում ինչ է եղել “Նաիրիտի” աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ (որից հետո, եթե չեք մոռացել, ի պատիվ ՀՀ նախագահի,  լուծվեց նրանց մի քանի ամսվա աշխատավարձերի խնդիրը), ինչպես է վիրավորել քաղաքացին, որ այդպես զայրացրել է հանգիստ ու հավասարակշիռ բնավորություն ունեցող Կարեն Կարապետյանին: Եթե նման կարգի լրատվամիջոցների “տերերի” համար գուցե վիրավորական չի կաշառակեր բառը, ապա Կարեն Կարապետյանի համար դա անձնական շատ մեծ վիրավորանք է, շատ ավելի մեծ վիրավորանք, քան ցանկացած այլ որակում: Ստացվում է, որ ինչ-որ մեկը հանգիստ կարող է անձնական վիրավորանք հասցնել պաշտոնյային, քաղաքական գործչին, բայց վերջինս պետք է “կուլ տա” այդ վիրավորանքը, քանի որ պաշտոնյա է: Չի կարող այդպես լինել, առավել ևս, որ կոնկրետ Կարեն Կարապետյանն իր ողջ կյանքն ապրել է այնպես, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող մեղադրել նրան կաշառակերության մեջ: Գուցե շատ մեծ ցանկության դեպքում այլ մեղադրանքներ կարող են հասցեագրել Կարեն Կարապետյանին, միայն երբեք ոչ կաշառակերություն: Ընդ որում, վստահաբար այդ մասին գիտեն բոլորը, նաև նրանք, ովքեր անիմաստ փորձեր են անում գցել նրա բարձր վարկանիշը: Ավելին, հենց Կարապետյանի համար է կաշառակերությունն ամենաանընդունելի ու պարսավելի երևույթներից մեկը: Հենց այդ նկատառումներից ելնելով էլ այսօր պարոն Կարապետյանը շատ պարզ բացատրել է լրագրողներին (որոնց գերակշիռ մեծամասնության հետ մենք ունենք բնականոն, ընկերական, ջերմ հարաբերություններ),  որ իրեն անձնական վիրավորանք հասցնողները անպատասխան չեն մնալու:  Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ մանրամասն ուսումնասիրում ենք վերոնշյալ մի քանի լրատվամիջոցների ու հատկապես ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները՝ հասկանալու՝ որքանով են դրանք ուղղորդված որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից, կամ որքանով են դրանք ինքնագործունեության արդյունք՝ Կարեն Կարապետյանից ինչ-որ բան <պոկելու> մտադրությամբ: Շատ պիտի ցանկանայինք, որ մի քանի լրագրողներ, որոնք ուղղակի իրենց կենսապահովման խնդիրն են լուծում, չվարկաբեկեն լրագրության հանրույթը, և չփորձեն երկրում առկա իրական խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը: Մենք, իհարկե, այս անգամ էլ կարող էինք անտեսել ցանկացած մանր-մունր երևույթների կողմից ուղղորդվող նմանատիպ “ակցիաները”, սակայն հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ սա ստանում է համակարգված բնույթ, հարկ ենք համարում մեկ անգամ ու ընդմիշտ փակել այս թեման: Ակնհայտ դիտավորության նոր դեպքերի պարագայում մենք մեզ իրավունք կվերապահենք հասարակությանն իրազեկել իրականության մասին՝ ընդ որում, արդեն անվանապես: Ավարտելով՝ ընդամենը խորհուրդ ենք տալիս՝ ձեռքերը չմտցնել մեղվի փեթակի մեջ….

 

ԱԺ  պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

 

Հ.Գ.-Ի դեպ,  հարկ ենք համարում ընդգծել, որ Կարեն Կարապետյանը հարգում է իր իրավունքների կամ օրինականության հաղթանակի համար պայքարող ցանկացած քաղաքացու կամ քաղաքացիների կամքն ու վճռականությունը՝ միևնույն ժամանակ ակնկալելով փոխադարձ հարգանք: Ընդ որում, խոսքը միայն “Նաիրիտի” աշխատակիցների մասին չէ, այլ նաև հասարակության տարբեր շերտերի, որոնք ընդվզում են իրենց իրավունքների ոտնահարման կամ անօրինականության դեմ:

«Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է՞, ով ուր գնում է, ինչ որ մի նոր միության միանում է». Ալ. Արզումանյան

Alik-Arzumanyan2«Հազիվ էր հասարակությունը համակերպվել մոսկովյան գույժի հետ, մեկ էլ վարչապետը Պեկինում հայատարում է, որ Հայաստանը մտադիր է նաև Շանհանյան համագործակցության կազմակերպությանը` ՇՕՍ-ին միանալ: Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է՞, ով ուր գնում է, ինչ որ մի նոր միության միանում է»,-Ազգային ժողովում այսօր հարց բարձրացրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ չորս տարի առաջ, երբ կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի, որևէ խոսք չի եղել ՇՈՍ-ի կամ Մաքսային միության մասին: Ուստի պատգամավորը կարծում է, որ կառավարությունը կա´մ պետք է ներկայացնի նոր ծրագիր` հաշվի առնելով այս նոր իրողությունները և բազմավեկտոր իր քաղաքականությունը և ստանա ԱԺ-ի հավանությունը, կա´մ ներկայացնի իր հրաժարականը:

Բարձրացված հարցին պատասխանեց արտգորխծնախարար Է. Նալբանդյանը`  պարզաբանելով, որ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի անդամակցությանը ՇՕՍ-ին, այլ  ընդամենը դիտորդի կարգավիճակի մասին: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ի որոշմանը` կապված Մաքսային միությանը միանալու հետ, ապա արտգործնախարի խոսքով ժամանակին  Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որ ուսումանսիրի այն եղանակները, թե ինչպես Հայաստանը համագործակցել Մաքսային միության հետ: Ըստ Նախարարի, բոլոր եզրակացությունների հիման վրա պարզ է դարձել, որ այդ համագործակցությունը հնարավոր է:

«Ամեն ինչի մասին շատ պարզ հայտարարվել է, և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի կամ ԱԺ-ի կողմից որևէ փաստաթուղ վավերացնելու, ապա Դուք ևս հնարավորություն կունենաք ձեր տեսակետն արտահայտելու»,-ասաց նախարարը:

Արզումանյանը պատասխանեց. «Դուք վերահքաստատեցիք իմ ասածը, որ  տեղի է ունեցել կառավարության ծրագրի վերանայում, շտկում: Բերեք նորացված ծրագիրը և ստացեք Ազգային ժողովի համաձայնությունը այդ ծրագիրն իրականացնելու համար, հակառակ դեպքում` հանձնեք ձեր լիազորությունները, թող նոր կառավարություն նշանակվի, որն էլ բերի այն ծրագիրը, որը դուք ուզում եք շարունակել»:

Նալբանդյանն էլ արձագանքեց` ասելով, որ հայկական կողմից երբևէ որևէ որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որն ուղղված լինի Հայաստանի շահերին դեմ:

“Երիտասարդներ թույլ մի տվեք, որ խլեն ձեր հույսը”·-Իտալիայի Հանրային խորհրդի նախագահ

фотография (1)Տարբեր երկրների  հանրային խորհուրդները  քննարկում են երիտասարդության գործազրկության կրճատման  հնարավորությունները

 

Այսօր Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում մեկնարկեց Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցացիայի Գլխավոր տասներեքերորդ  ասամբլեան, որին մասնակցում է նաև ասոցիացիայի անդամ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Քննարկման հիմնական թեմաներն են , թե ինչպիսի նոր խնդիրներ են առկա աշխարհում և ինչպիսի դեր կարող են  ունենալ կազմակերպված քաղաքացիական հասարակությունները երիտասարդության գործազրկության նվազեցման և սոցիալ- մասնագիտական ինտեգրման մեջ (աշխատանքի   հավասար հնարավորություններ անկախ տարիքից, երիտասարդների վերամասնագիտացում  և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում սոցիալական խոցելի խմբերի համար):

securedownloadՎաղը Գլխավոր ասամբլեան կշարունակի իր աշխատանքը: Կընտրվի նոր նախագահ և նախագահություն, ինչպես նաև մի քանի երկրների խորհուրդներ կընդգրկվեն  ասոցիացիայի կազմում:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին

10683_am_1Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։
Երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ:
Այնուհետև Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան-Եվրոպական միություն, ինչպես նաև Հայաստան-Մաքսային միություն հարաբերություններով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաև եվրոպական ուղղությամբ և շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։
Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցությանը, մասնավորապես բելգիական կողմի օժանդակությամբ ստեղծվող արագացուցչին, որը նախատեսված է Երևանում կառուցվող օնկոլոգիական ախտորոշիչ կենտրոնի համար:

Մահմուդ Ահմադինեջադը հասարակական տրանսպորտից է օգտվում

ահմադինեջադ Ութ տարի Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Մահմուդ Ահմադինեջադն այժմ աշխատում է կրթության ոլորտում: «Facebook»-ում հրապարակված մի լուսանկարում երևում է, թե ինչպես արդեն նախկին նախագահ Ահմադինեջադը կանգնած երթևեկում է հասարակական տրանսպորտով: «Ռադիկալը» գրում է, որ այս լուսանկարը մեծ արձագանք է գտել հատկապես թուրքական սոցիալական մեդիայում: Ահա թե ինչ մեկնաբանություններ են արել սոցկայքերի օգտատերերը. «Այս մարդը 8 տարի Իրանի նախագահն է եղել, 8 տարի պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, միայն ուսուցչի աշխատավարձն է ստացել: Նա իր համար կենսաթոշակային հատուկ օրենք չսահմանեց և նախագահի պաշտոնից հետո վերադարձավ իր նախկին աշխատանքին»:

Տեղի է ունեցել ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը

IMG_9761Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ:

Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց  շուրջ հաղորդումներով են հանդես եկել և պարզաբանումներ  տվել Խմբի անդամները՝ ըստ իրենց ներկայացրած ոլորտների: Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել «ազատամարտիկ» և «երկրապահ կամավորական» հասկացություններին, դրանց նույնականացմանը՝ իրավական և սոցիալական երաշխիքներ նախատեսելու տեսանկյունից: Խնդիրը, ըստ ազատամարտիկների,  ծագել է  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ տարընթերցման և հանրային ընկալումների համատեքստում: Քննարկումներ ծավալվեցին նաև հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորականների վաստակը պետության կողմից հավուր պատշաճի գնահատելու, այդ թվում, մարտական գործողություններին մասնակցելու բնույթով պայմանավորված` տարբերակված մոտեցում ցուցաբերելու ազատամարտիկների պահանջի շուրջ:

Հիշյալ և այլ հարցերի վերաբերյալ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խմբի անդամներին տվել է հստակ հանձնարարականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի համաձայնեցմանը սեղմ ժամկետներում ներկայացնելու առաջարկ-հիմնավորումներ՝  օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը եղել և գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու, դրանց արագ արձագանքելու և լուծում տալու նպատակով գերատեսչական խումբը շարունակելու է պլանավորված աշխատանքները՝ հարկ եղած դեպքում նիստեր գումարելով  նաև ազատամարտիկների առաջարկով՝ օրախնդիր հարցերը համատեղ քննարկելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահին

ՀՀ-ԱՄՆՍ.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

 

 

 

ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը

USAIDԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ս.թ.-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (PRIP) մեկնարկը։ Քառամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը ձևավորելու և հզորացնելու համապատասխան մարդկային և կառուցվածքային կարողությունները կենսաթոշակային նոր համակարգի արդյունավետ ներդմանը նպաստելու համար: Ծրագրի հեռահար նպատակն է նպաստել ծերության ընթացում մարդկանց եկամուտների ապահովմանը` միջազգային ստանդարտներին համահունչ և ֆինանսական տեսանկյունից կայուն և կենսունակ համակարգերի միջոցով: Ծրագիրը նպատակ ունի նաև աջակցել երկրի ռազմավարական քաղաքականությանը՝ ուղղված աղքատության նվազեցմանը, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացմանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և պարտականությունները իրականացնելու հնարավությունների ստեղծմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, ծրագիրն իրականացնող Քեմոնիքս ընկերության փոխնախագահ Թերի Կրիստալսկին: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից՝ Համաշխարհային Բանկից, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ Կենտրոնական Բանկից, ֆինանսական հաստատություններից և սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններից: Միջոցառման ժամանակ գործընկերներին ներկայացվեցին ծրագրի գլխավոր նպատակները, ինչպես նաև Հայաստանում 2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հնարավորություններն ու մարտահրավերները։

Առաջիկա տարիներին ծրագիրը տեխնիկական աջակցություն կտրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և կենսաթոշակային բարեփոխումներում ներգրավված այլ կառույցներին` ապահովելով կենսաթոշակային համակարգում, որպես ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի բաղկացուցիչ մաս, միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համահունչ կառավարման համակարգերի ներդրումը։ Ծրագիրը կխթանի քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը՝ շահառուներին սոցիալական ծառայությունների ժամանակին և որակյալ մատուցման ապահովման նպատակով։

PRIP ծրագիրը կշարունակի ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված Կենսաթոշակային համակարգի և աշխատաշուկայի զարգացման ծրագրի (PALM 2009-2012թթ.) ձեռքբերումները: Վերջինս նշանակալի աջակցություն էր տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հիմքերը ձևավորելու հարցում, ներառյալ օրենսդրական ակտերի նախագծում, տեղեկատվական համակարգերի ստեղծում և հանրային իրազեկման միջոցառումների նախաձեռնում։

Նոր կենսաթոշակային համակարգը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություն կընձեռի բարելավել իր ֆինանսական ապահովությունը ծերության ժամանակ՝ դիվերսիֆիկացնելով անձի սեփական եկամտի աղբյուրները, ներառյալ կենսաթոշակային խնայողություններ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում. մշակույթ, որը նոր է Հայաստանի համար։

Բաքվի քննադատությունները օբյեկտիվ չեն. Human Rights Watch

4Եվրոպայի և Ասիայի հարցերով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ռեյչել Դենբերը հերքել է պաշտոնական Բաքվի քննադատությունը՝ կապված իրենց ոչ օբյեկտիվ լինելու հետ:

Մասնավորապես, Ադրբեջանի կառավարությունը դժգոհություն է հայտնել կազմակերպության վերջին զեկույցի կապակցությամբ, որտեղ ասվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքացիական հասարակությանը ճնշելու մասին: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները մեղադրել են HRW-ին Ադրբեջանի թշնամիների և հայկական լոբբիի հետ համագործակցելու մեջ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

“Տարօրինակ էր լսել բոլոր այդ մեղադրանքները և գիտակցել, որ Ադրբեջանի իշխանությունները քննադատությունն այդքան նեղ տեսանկյունից և պրիմիտիվորեն են ընկալում: Ինչո՞ւ մարդու իրավունքների վիճակը բարելավելու կոչերը պետք է գնահատել որպես աջակցություն թշնամիներին: Հիմնարար իրավունքները ճնշելու մասին մեր զեկույցը նախապատրաստվել է 18 ամիս: Ճնշելու գործընթացը սկսվել է մեկ տարի առաջ և ընտրությունների նախաշեմին ավելի է սաստկացել”,- նշել է Ռեյչել Դենբերը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես պետք է իշխանությունները բարելավեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, Դենբերն ասել է, որ առաջին հերթին պետք է ազատ արձակել բոլոր այն ակտիվիստներին, որոնց ձերբակալել են հորինված մեղադրանքների հիման վրա և որոնց անունները նշված են զեկույցում: Այդ կերպ իշխանությունները կապացուցեն, որ ակտիվիստների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների վրա հարձակումների դեպքերը հետաքննելու նրանց մտադրությունները լուրջ են, այլ ոչ թե պարզապես բառեր են, ընդգծել է նա:

Տեղի կունենա ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական հանդիպումը

գմfd2a8fc52bed5a82080e5a676a2b6444Սեպտեմբերի 19-ին՝ ժամը  19:00-ին,  Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա  ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական  հանդիպումը՝  ի պատիվ հոկեի հայազգի առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի: Այս տարի լրացել է Կրասնոդարում ծնված հայազգի լեգենդար չեմպիոնի մահվան տասներորդ տարին:  Տափօղակով հոկեյի  մեծանուն վարպետն  օժտված է եղել դարպասապահի բնածին տաղանդով  և ԽՍՀՄ հավաքականի դարպասը մշտապես պահել է անառիկ:

Գ.Մկրտչյանի  մարզական ընկերները՝  «Հոկեյի լեգենդներ»  ակումբի անդամները,   գնահատելով հայ մարզիկի վաստակը՝ նրա տասներորդ խնկելի հիշատակին նվիրված միջոցառման նախաձեռնությամբ  դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

ԽՍՀՄ տասնյակ մեդալների և շքանշանների ասպետի  մեծարման պաշտոնական  միջոցառումների ծրագիրն իրականացնում են՝ ՀՀ-ից ՀՀ նախագահի աշխատակազմը,  կառավարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը,  ՌԴ-ից՝ ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչությունը` ՀՀ-ում, «ТЭН» ընկերության խումբը, «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբները:

Մասնակիցները Մոսկվայից Երևան կժամանեն  սեպտեմբերի 18 –ին , ժամը 13 անց  30 –ին :

Սեպտեմբերի 18-ին հանրահայտ մարզիկները  կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ  սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, ՄՀՀ-ում  նախատեսված է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, նախաձեռնության հեղինակ Ալ.Գվոզդևի և Ալ.Յակուշևի հանդիպումը՝ միջոցառմանը հավատարմագրված լրագրողների հետ, ինչից հետո  ՄՀՀ-ում կմեկնարկի «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  ակումբների մրցամարտը:

Սեպտեմբերի 19-ին լեգենդար թիմերը սահադաշտ դուրս կգան հետևյալ կազմով՝ « Հոկեյի լեգենդներ» ակումբից՝ օլիմպիական խաղերի , աշխարհի , Եվրոպայի բազմակի չեմպիոններ , ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ   դարպասապահ ` Վլադիմիր Միշկին , պաշտպաններ ` Վլադիմիր Լուտչենկո , Սերգեյ Բաբինով , Յուրի Լապկին , Ալեքսանդր  Գվոզդև , հարձակվողներ ` Իրեկ Գիմաև , Ալեքսանդր Գոլիկով , Վլադիմիր Գոլիկով , Վիկտոր Շալիմով , Իգոր Միշուկով , Ռոման Իլյին , Եվգենի Դավիդով , Անդրեյ Կովալենկո  և Ալեքսանդր Յակուշև :

 «Գրադ » մարզակումբից ՝   դարպասապահ ` Սերգեյ Բարզանով ,  պաշտպաններ ` Օլեգ Բուրլուցկի , Ռուսլան Գուտնով , Ալեքսանդր Ստեպանով , հարձակվողներ `  Սերգեյ Ժեբրովսկի , Նիկոլայ Կոպիտին , Ալեքսանդր Շաշկով , Ալեքսեյ Ուստինով , Օլեգ Կոզին , Ալեքսանդր Ժեվելյուկ և Վլադիմիր Սիմակով :

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժին