Երիտասարդ ակտիվիստ Մելինե Յավրյանի` ավտովթարի ենթարկվելու մասին լուրը կեղծ է

IMG_7369_2Անկախ-ը էլեկտրոնային նամակ էր ստացել` հետևյալ բովանդակությամբ·

“Ավտովթարի է ենթարկվել երիտասարդ ակտիվիստ, հասարակական գործիչ Մելինե Յավրյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ Մելինեն վերջերս ակտիվ մասնակցել է տարբեր ակցիաների ապօրինությունների դեմ և մշտապես գտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Չի բացառվում, որ այս դեպքը կապված է նրա ծավալած գործունեության հետ: Կատարվում է հետաքննություն”:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս տեղեկատվույունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Եվրոպացի փորձագետների հետ քննարկվել են բուհերի հավատարմագրման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը

10671_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան այցելած Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խմբի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բուհերի հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրերը:«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաև բուհերում կրթության բարձրակարգ ստանդարտների ներդրումը: Այդ առումով, արդեն իսկ իրականացրել ենք մեծածավալ աշխատանքներ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կարևորագույն նպատակներից մեկն է ստեղծված հավարատմագրման հանձնաժողովի աշխատանքի անկախության ապահովումը:
Այնուհետև, փորձագետների խնդրանքով ներկայացվել են բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:
Փորձագետներն իրենց աջակցությունն են հայտնել բուհերի հավատարմագրման աշխատանքների իրականացմանը և ողջունել Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը:

Սիրիան Իրաք և Աֆղանստան չի դառնա. Բարաք Օբամա

obama   ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին հայտարարել է, որ Ամերիկան պետք է սահմանափակ թվով զորք օգտագործի Սիրիայում, որպեսզի զսպի քիմիական զենքի կիրառումը: Այնուհանդերձ ԱՄՆ-ը չի ցանկանում հերթական երկարատև ու թանկարժեք պատերազմի մեջ ներքաշվել: «Սա ևս մեկ Իրաք և Աֆղանստան չի դառնա: Ես գիտեմ, որ ամերիկացի ժողովուրդը հոգնել է պատերազմի տասնամյակից չնայած, որ պատերազմն Իրաքում ավարտվել է, իսկ Աֆղանստանում գնալով անկում է ապրում: Այդ պատճառով մենք զորք չենք ուղարկում ուրիշի պատերազմ»,-ասել է Օբաման իր ամենշաբաթյա հեռուստահղման մեջ:

Ըստ թուրքական «Haberler»-ի՝ Օբաման հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի ձեռնարկած բոլոր քայլերը սահմանափակ և կարճաժամկետ են լինելու: Նախագահի խոսքերով՝ իրենք կանխելու են սիրիական ռեժիմի գործողությունները, որը կեղեքում է սեփական ժողովրդին:

 

Հովհաննես Աբրահամյան. «Լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա»

Ovannes Abraamyan IMG_0021Լրանում է ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր «Արարատ» ֆուտբոլային ակումբի փառահեղ հաղթանակների 40 տարին: Լեգենդար թիմի հաջողության հոբելյանն արժանապատիվ նշելու հարցում առայժմ անորոշություն է: Այդ և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արարատ» թիմի այն տարիների պետ Հովհաննես Աբրահամյանի հետ:

 – Ի՞նչ պարտականություններ ուներ այն տարիներին թիմի պետը:

– Բացի խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին հանձնարարականներ տալուց,  զբաղվում էր բոլոր հարցերով: Հնարավորն արվում էր, որպեսզի խաղացողները բարվոք պայմաններում մարզվեն, հանգստանան, վերականգնեն ուժերը, կենցաղային որևէ խնդիր չունենան, մարզական ռեժիմը չխախտեն և այլն: 

– Մեր երկրի լավագույն թիմում, կարելի է ասել, աստղեր էին խաղում: Նրանք քմահա՞ճ էին, դժվա՞ր էր այդ ֆուբոլիստների հետ աշխատելը:

– Իհարկե, բոլորն էլ աստղեր էին: Եթե նրանք Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարում հաղթում են (1:0) իր կազմում աշխարհի 5 չեմպիոն ունեցող Մյունխենի «Բավարիային», ապա կասկած չի կարող լինել, որ դա կարող էին միայն բարձրակարգ խաղացողները: Բայց ինքս էլ նախկինում ֆուտբոլիստ էի եղել, մարզիչ, ֆուտբոլը հասկանում էի, և որևէ բարդություն չկար: Եթե ֆուտբոլիստը լավ էր խաղում,  որպես խրախուսանք պարգևավճար էի խոստանում, եթե վատ էր խաղում, հայտնում էի, որ ոչինչ էլ չի ստանալու: Արդարամիտ էի, հեղինակություն ունեի, և դա էլ օգնում էր աշխատանքը կազմակերպելուն:

 – Ո՞վ էր որոշողը, որ այս կամ այն խաղացողը պարգևավճար պետք է ստանա կամ չպետք է ստանա:

– Որոշողը թիմի գլխավոր մարզիչն էր, սակայն նա միշտ խորհրդակցում էր թիմի պետի հետ: Թիմի պետը գիտեր, թե ինչ հնարավորություններ կան: 

– «Արարատի» շատ մարզիչների հետ եք աշխատել: Նրանցից հատկապես ո՞ւմ կառանձնացնեք:

– 10 մարզչի հետ եմ աշխատել: Ամենափառահեղ պատմությունը գրել է Նիկիտա Սիմոնյանը, նրա ղեկավարած տարիներին է «Արարատը» ամենամեծ հաջողություններին հասել: Այդուհանդերձ, որպեսզի լավ թիմ ձևավորվեր, հիմնական աշխատանքը կատարել էր Արտյոմ Ֆալյանը: Նա խստապահանջ էր, կարգապահություն էր սիրում, բայց կարող էր ցանկացած խաղացողի քննադատել: Որոշ մարզիչներ խուսափում էին արդեն ճանաչված ֆուտբոլիստներին կամ   օրինակ` այնպիսի անհատականության, ինչպիսին Արկադի Անդրեասյանն է, դիտողություն անել, բայց Ֆալյանը  ոչ մեկին բացառություն չէր անում, մտածածն ասում էր: Նա սիրում էր ֆուտբոլը, կարգապահությունը, ճշտապահությունը: Թիմի հիմնական կազմ ընկնելու համար, պետք էր խաղալ, արդարացիորեն այդ իրավունքը նվաճել: Խստապահանջություն կար,  և դա լուրջ գրավական էր հաջողության հասնելու համար: 

– Այն ժամանակներում տրանսֆերային պատուհան, ֆուտբոլիստների առուվաճառք չկար: Ինչպե՞ս էր կատարվում թիմի համալրումը, խաղացողներն ի՞նչ ճանապարհով էին հրավիրվում:

– Ֆալյանը նոր թիմ ստեղծեց, մի շարք խաղացողներ դրսից հրավիրվեցին: Նամակագրություն կար, բացի այդ, ուսումնամարզական հավաքների ժամանակ այս կամ այն խաղացողին տեսնում էինք Սոչիում, այլ վայրերում ստուգողական խաղեր անցկացնելիս: Այն ժամանակ ֆինանսական գործարքներ չկային: Պարզապես բանակցում էինք, պայմանավորվում, թե հրավիրված ֆուտբոլիստներն ինչքան աշխատավարձ պետք է ստանան: «Արարատի» հիմնական կազմի խաղացողն ամիսը ստանում էր 2500 ռուբլի, փոխարինողների կազմի խաղացողը`1500 ռուբլի: ֆուտբոլիստներին որպես աշխատող տեղավորում էինք տարբեր գործարաններում, նաև լրացուցիչ ֆինանսներ էին հատկացվում: Ֆուտբոլը համարվում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մարզաձևը, և խաղացողներն իրենց փողերը ստանում էին ժամանակին: Ֆուտբոլիստներ կային, որոնք 4-5 տեղից աշխատավարձ էին ստանում: Լավագույններին արտահերթ ավտոմեքենա էին տրամադրում, բնակարան, կահույք: 

– Նիկիտա Սիմոնյանի հետ հե՞շտ էր աշխատել:

– Նա հանդարտ բնավորություն ունի, խաղաղասեր մարդ է, հեշտ էր: Դեպք է եղել, երբ նրան տեղեկացրել  եմ, որ առաջատար այսինչ խաղացողը ծախել է խաղը, ասում էր` ոչինչ: Բայց եթե նույն բանը Ֆալյանն իմանար, ապա նա խաղացողի կաշին  կքերթեր, մարզակոշիկները հանել կտար և պարտադիր մի քանի շրջան խաղադաշտի շուրջը կվազեցներ:

 – Իրո՞ք, այն տարիների՞ն էլ խաղերի առուծախ կար:

– Այն էլ ինչպիսի, պայմանավորված հանդիպումները քիչ չէին: Ուշագրավն այն է, որ հայկական թիմն անգամ այդպիսի պայմաններում, նաև երբ ԽՍՀՄ առաջնությունում ռուսական, ուկրաինական թիմերը գերակշռում էին և իրար օգնում, կարողանում էր ակնառու հաջողությունների հասնել: 

Արարատ– Այդպիսի մի խառը պատմությունում մեկ անգամ նաև Դուք եք հայտնվել: Խոսքն Ալմա–Աթայում կատարվածի մասին է:

– «Արարատը» դժվարին դրության մեջ էր հայտնվել և բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար երկու խաղից պետք է երկու միավոր վաստակեր: Դրսում մրցելու էինք Ղազախստանի «Կայրաթի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Եվ Ալմա-Աթայում ինձ և թիմի ադմինիստրատոր Աշոտ Մանուկյանին ձերբակալեցին: Նախապատմությունն այսպիսին է: Հույս ունեինք, որ «Կայրաթի» ղեկավարությունը կընդառաջի, սակայն երբ դիմեցինք, որ միավորներ տրամադրեն, մերժեցին: Պատճառաբանությունն այն էր, որ Ղազախստանի Կենտկոմի ղեկավարությունը կարող է պատժել: Ընդ որում, դրանից մեկ տարի առաջ դժվարին դրության մեջ էր «Կայրաթը», և «Արարատը» սեփական հարկի տակ կայացած խաղում միավոր էր նվիրել, որպեսզի այդ թիմը չլքի բարձրագույն խումբը: Ստիպված պայմանավորվեցինք «Կայրաթի» դարպասապահի հետ: Ի նշան երախտիքի 4 հազար ռուբլի պետք է տայինք, որ նա էլ որպես պարգև բաժաներ թիմի խաղացողներին: Փողը պետք է հանձնեինք դարպասապահի աներձագին, բայց վերջինս պայմանավորված ժամին չեկավ: Զանգահարեցինք դարպասապահին: Բայց այդ ժամանակ հեռախոսը վերցնում է  նրա համարում գտնվող թիմի մարզիչը, և Մանուկյանը, առանց կասկածելու, ցանկանում է իմանալ, թե ինչու փողերը տանելու համար ոչ ոք չի եկել: Եվ մարզիչն ամեն ինչի մասին հայտնում է ոստիկանությանը: Շուրջ երեք տասնյակ ոստիկան ու զինվորական հայտնվեցին, մեզ տարան ոստիկանական բաժանմունք, մեկ օր պահեցին: Հետո ներկայացավ մի գեներալ և հետաքրքրվեց, թե ինչ է կատարվել: Հայտնեցինք, որ թիմը վտանգավոր իրավիճակում է, խնդրել ենք, որ օգնեն: Ընդ որում, մեկ տարի առաջ նույն հարցում մենք ենք աջակցել «Կայրաթի» ներկայացուցիչներին: Երբ նա լսեց այդ մասին, ցանկացավ ճշտել, ապա խիստ զայրացավ ու հանդիմանեց  ղազախական ակումբի թիմի պետին, թե ինչու նա չի ընդառաջել, բարեկամաբար վերաբերվել: Նիկիտա Սիմոնյանը մեզ մոտ էր մնացել, խաղից հետո թիմի հետ չէր մեկնել Մոսկվա: Հետո այդ գեներալն օգնեց, որ մեզ ինքնաթիռի տոմսեր տրամադրեն, և ուղևորվեցինք Մոսկվա: Իսկ «Կայրաթին» պարտվել էինք 0:1 հաշվով:

 – Երբ «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ի՞նչ պարգևներ տրամադրվեցին:

– «ԳԱԶ 24» մակնիշի 5 ավտոմեքենա տրամադրվեց, որից  մեկն ինձ բաժին հասավ: Մյուսներն էլ «Ժիգուլի» ավտոմեքենաներ ստացան: Պարզապես դրանք գնվում էին արտահերթ, ինքնարժեքով: Նիկիտա Սիմոնյանն էր որոշում, թե ով ինչ արժանիքներ ունի: Ինքը հրաժարվեց «ԳԱԶ 24» ավտոմեքենա գնելուց: Խաղացողները բնակարաններ ստացան, տարբեր օգնություններ:

 – Ինչպե՞ս է նշվելու փառահեղ հաջողության հոբելյանը:

– Դեռ պարզ չէ, մի քանի օր առաջ «Արարատի» վետերանների ակումբի նախագահ Սերգեյ Պողոսյանի հետ էի զրուցում: Ինքս «Արարատի» վետերանների թիմի մարզիչն եմ: Նա էլ չգիտեր, թե ինչ պետք է արվի: Փաստորեն, ոչ ոք չի ցանկանում, որ  40-ամյակն արժանիորեն նշվի: Ստիպված ենք դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Ժամանակ չի մնացել: Հանդիսությունը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին: Ի դեպ,  դա նաև Սիմոնյանի ծննդյան օրն է: Նրա հետ խոսել եմ, ասել եմ, որ ցանկանում ենք հաղթանակների տարեդարձը հանդիսավորությամբ նշել, բայց դեռևս անորոշ վիճակ է: Ընդ որում, Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների ենթահանձնաժողովում, որի նախագահն է Կառլեն Հարությունյանը, քննարկվել է և հավանության  արժանացել, որ հոբելյանի առթիվ Երևանի  «Հրազդան» մարզադաշտի  հարևանությամբ հուշարձանախումբ տեղադրվի, որում կերտված կլինեն փառաբանված թիմի խաղացողները և մարզիչները: Դա աշխարհում ընդունված է: Այդ քայլը կնպաստի, որ նոր սերնդի մարզիկները ոգևորվեն և ֆուտբոլը զարգանա: Ի դեպ, արձանախումբը պատրաստվում է: Պետք է նաև ցուցահանդես բացվի: Սիմոնյանին  ցավով տեղեկացրի, որ այդ ամենին  «տորմուզ է» տրվել: Կառլեն Հարությունյանը զբաղվում է այդ հարցով, սակայն երևում է` նրա ուժը չի պատում: Հանձնաժողով է ստեղծվել, դիմել են նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Մերժում չի եղել, սակայն ոչինչ չի էլ արվում:

 – Հնարավոր է, որ Վարդանյանը չի ցանկանում խառնվել ֆուտբոլային հարցերին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ինքնիշխան է և որևէ միջամտություն պարզապես անթույլատրելի է համարում:

– Երևի այդպես է: Ֆեդերացիան խոստացել է օգնել: Բայց օգնելը մի բան է, հանդիսավոր նշելը` մեկ այլ: Նշելու համար կարելի է վետերանների մեկ խաղ կազմակերպել և ամեն  ինչ դրանով ավարտել: Մինչդեռ ծրագրով շատ բան է նախատեսվում: Պետք է Սիմոնյանը գա, հրավիրվելու են նաև ԱՄՆ-ում բնակվող արարատցիները, տարբեր հյուրեր և այլն: Բայց եթե չի նշվելու, ինչպե՞ս կարող են նրանք գալ: Փաստորեն, լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա:

 

Բուենոս Այրեսում որոշում են 2020 թվականի օլիմպիական խաղերի ճակատագիրը

olimpiad (1)Այսօր Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում որոշվում է, թե որ երկիրն է 2020 թվականին հյուրընակելու ամառային օլիմպիական խաղերը: Թեկնածու երեք քաղաքների թվում է նաև Ստամբուլը, որը Մադրիդի և Տոկիոյի հետ կմրցի այս իրավունքը ստանալու համար: Թուրքական պատվիրակությունը վարչապետ Էրդողանը գլխավորությամբ ներկայացրել է իրենց օլիմպիական նախագիծը, ըստ որի Ստամբուլում հսկայածավալ շինարարություն է իրականացվելու:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վարչապետ Էրդողանը անձամբ է ողջունել բոլոր ներկաներին, օլիմպիական կոմիտեի նախագահությանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը հյուրընկալելու 2020 թվականի օլիմպիադան: «Մանկուց ի վեր 16 տարի շարունակ սիրողական ֆուտբոլով եմ զբաղվել: Թող կինս ու երեխաներս ինձ ներեն, բայց նրանց հավասար Ստամբուլի ու սպորտի հանդեպ անսահման սեր եմ տածում: Ստամբուլի նկատմամբ իմ սերը ինձ քաղաքապետ դարձրեց, իսկ սպորտի հանդեպ սերս, համատեղ աշխատանքն ու փոխօգնության հոգին ինձ վարչապետի պաշտոնին բերեցին: Իմ ամենամեծ նպատակներից մեկը միշտ եղել է սպորտի ու Ստամբուլի նկատմամբ սերս մեկ ջահի տակ միավորելը»,-ասել է Էրդողանը:
Թե որ քաղաքը կարժանանա 2020 թվականի օլիմպիական խաղերը իր հարկի տակ հյուրընկալելու պատվին, պարզ կդառնա երեկոյան 23:00-ին՝ քվեարկությունից հետո: