Daily Archives: September 20, 2013
Ռոման Ամոյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Ռոման Ամոյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
30-ամյա մեր ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց ամերիկացի Սպենսեր Մանգոյին:
Հավելենք, որ երկրորդ անգամ է Ամոյանը դառնում աշխարհի առաջնության երրորդ մրցանակակկիր: Այդ պատվին նա արժանացել էր 2010-ին: Իսկ 2009-ին այդ ստուգատեսում նա տիրացել էր արծաթե պարգևի:
Վիզա չստանալու պատճառով Սելենա Գոմեսը չեղյալ է հայտարարել Ռուսաստանում կայանիլիք իր համերգները
Ռուսաստանը մերժել է Սելենա Գոմեսին վիզա տրամադրել երկրում մի քանի համերգներ ունենալու համար: Վիզայի մերժման արդյուքնում 21-ամյա երգչուհին չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 23-ին Սանկ Պետերբուրգի Սառցե պալատում և սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Օլիմպիսկի ստադիոնում կայանալիք համերգները:
2012թ-ի համերգների ժամանակ Ռուսաստանի նույնասեռականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մադոննայի և Լեդի Գագայի խոսելուց հետո՝ Ռուսաստանի կառավարությունը ավելի ուշադիր է Ռուսաստանում համերգ կազմակերպող երգիչների հարցում: Այս պարագայում նրանք բացառաություն չեն արել նաև Գոմեսի նկատմամբ՝ կարծելով, որ նա ևս բեմը կօգտագործի նույնասեռականների իրավունքների մասին խոսելու համար:
Նույնասեռականների իրավունքները պաշտպանող ակտիվիստ Ջոն Բեքերը իր հայտարարության մեջ նշել է, որ Գոմեսին վիզա չտրամադրելու փաստը խոսում է Ռուսաստանի կառավարության այս հարցում զգայուն լինելու մասին, ինչը ցույց է տալիս, որ այս օրենքի դեմ ամբողջ աշխարհի մարդկանց ճնշումը մեծ է:
Իեն Գիլանի սարսափազդու հիշողություններն ու Գյումրին
Ջոն Դի, մեծանուն երաժիշտ և մարդ, ով կարող է արցունքներով արտասվել մի պարզ երաժշտական դպրոցի բացման կապակցությամբ: Իեն Գիլան, աշխարհահռչակ, բայց հասարակ մարդ, ով երկրից երկիր է գնում առանց թիկնապահի, շփվում, ուրախանում, կիսվում է հասարակ քաղաքացու հետ` առանց մեծամտության:
Գյումրին արվեստի, մշակույթի քաղաք է, մշակութային մայրաքաղաք, ով աշխարհին տվել է բազում մեզում մեծանուն զավակներ: Ինչ ևս իր գիրկն է առել համաշխարհային լեգենդների: Իսկ վերջին 25 տարին այս հանճարները չեն կարող անտարբեր անցնել ու որևէ կերպ իրենց լուման չներդնել աղետի հետևանքները թոթափելուն:
Նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկան նաև ռոքի համաշխարհային աստղերը ու դա շարունակվում է մինչ օրս: 2009 թվականին այցելելով Գյումրի Թոնի Այոմին, Իեն Գիլանը, Ջեֆ Դաունսը և Ջոն Դին, իրենց առջև խնդիր դրեցին` օգնել վերակառուցել երկրաշարժից ավերված թիվ 6 երաժշտական դպրոցը:
“24 տարի առաջ` սարսափելի տխուր մի պահի մեկնարկեց “Ռոքն օգնում է Հայաստանին” ծրագիրը: 1990 թվականին էր, որ ես ու Իենն առաջին անգամ աղետի գոտում եղանք: Մինչդեռ այսօր բոլորս հավաքվել ենք ուրախ առիթով: Երեխաներ, դու հիմա մի ընծա եք ստանում և պիտի լավագույնս օգտվեք դրանքից, որովհետև շատ մարդիկ շատ ջանքեր են ներդրել դրա մեջ”, – դպրոցի շահագործումից հետո սաներին դիմեց Ջոն Դին:
Նրան լրացնում է Իեն Գիլանը. “Անհավատալի հաճույք է այստեղ կանգնել և ականատես լինել այս ամենից հետո մեր նախագծի ավարտին: Իմ անձնական ներգրավվումն ու գործունեությունը սկսվեց 1990 թվականի հունիս ամսին, երբ մեքենայով Երևանից ուղևորվեցինք Սպիտակ, իմ աչքերով ականատես եղա ավերածություններին: Այնքան սարսափազդու էին տեսարանները, որ չեմ ուզում հիշել ու արտաբերել դրանց մասին: Բայց մի բան տպավորվել է իմ մեջ. մի պառավ կին խմբային լուսանկար էր բռնել ձեռքին: Իր ամբողջ ընտանիքը զոհվել էր` 28 հոգի, երեխաները, թոռներն ու ծոռները: Նա չէր կարողանում խոսել: Ես մտածեցի` հնարավոր չէ այս ամենից դուրս գալ, հաղթահարել…
Հետո ես զրուցեցի Սպիտակի քաղաքապետի հետ, և նա հայտնեց, որ մեկ տարի է քաղաքում երաժշտություն չի հնչել. եկեղեցում, դպրոցներում ոչ մի մեղեդի, ռադիոյով երաժշտություն չկա և այն տպավորությունն է, որ նույնիսկ թռչուններն են դադարել դայլայլել: Ու ես ընդամենը կարողացա ասել, որ երբ դուք նորից պատրաստ կլինեք երաժշտության, մենք մի բան կանենք:
Այն ժամանակ մտածում էինք միգուցե համերգ տանք: Սկսելու համար “Ռոքն օգնում է Հայաստանին” ալբոմը թողարկեցինք: Դա ավելի շատ միջազգային իրազեկությունը բարձրացնելու և դրամահավաքին կոչված նախաձեռնություն էր: Այն ժամանակ BBC-ներ չկային: Բայց ընդամենը մի 2-3 տարի առաջ մեր մտքով անցավ, որ երաժշտական դպրոցը կարող է վերածնունդի առանցքը դառնալ: Բոլոր կոճակները սեղմեցինք ու մեկնարկեց ծրագիրը”:
Այսօր արդեն երկհարկ դպրոցն իր հյուրընկալ դռները բացել է աշակերտների ու մանկավարժների առաջ, ովքեր խոստանում են աշխարհում բարձր պահել ոչ միայն Գյումրու, այլև իրենց բարերարների արդեն փառապանձ անունները:
Ռոման Ամոյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Ռոման Ամոյանը հաղթեց բելառուս Էլբեկ Տաժիևին, ուկրաինացի Վուգար Ռահիմովին, ղազախ Նուրսուլթան Կալմուրզաևին: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը զիջեց հարավկորեացի Գույջուն Չոյին: Այդուհանդերձ, մեր մարզիկը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։
Նախագահը անցկացրեց փակ խորհրդակցություն և հանդիպեց Վարդան Ղուկասյանին
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր նախագահ Սերժ Սարգսյանը, ով ներկա գտնվեց թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, ապա մասնակցեց Գյումրիում մեկնարկած «Արտէքսպո 2013» և «Արհեստագործական ավանդույթների ներկայացում – փառատոնին», որն անցկացվում է Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում:
Երկրի ղեկավարը շրջեց տաղավարներում, դիտեց ներակայցված աշխատանքները, զրուցեց արվեստագետների ու մասնակիցների հետ: Մի պահ կանգ առավ նաև Սբ. «Ամենափրկիչ» եկեղեցու մոտ: Այստեղ նախագահին դիմավորեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և առանձնացան եկեղեցու ներսում:
Փառատոնային շրջայցից հետո նախագահը փակ խորհրդակցություն անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում, որից հետո համատեղ ասուլիսով հանդես եկան քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
«Հանրապետության նախագահին ամբողջությամբ զեկուցվեց ընթացակարգի մասին: Շինարարական աշխատանքները սեպտեմբերի 14-ից սկսված են: «Մուշ 2» թաղամասում իրականացվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ և բնակարաններով կապահովվի շուրջ 425 ընտանիք: Շինարարության դադերցման խնդիրը կայանում էր վերանախագծման հետ: Քանի որ կառավարության 432 որոշմամբ ժամկետ էր սահմանվել մինչև 2011 թվականը, մարզպետարանի և քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունն ընդառաջ գնացք այդ խնդրանքին և շահառուների ճանաչման գործընթացի և փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները երկարացվեցին: Դրանից ելնելով` վերանախագծման խնդիր առաջացավ: Նախագծման աշխատանքներն ամբողջությամբ «Գլենդել Հիլզն» արդեն ավարտել է և աշխատանքները սկսվել են», – խորհրդակցությանը տեղի ունեցածի մասին ասում է քաղաքաշինության նախարարը:
Իսկ խորհրդակցության մյուս թեմաների մասին փակագծեր է բացում Շիրակի մարզպետը. «Խոսել ենք այն պետական ծրագրերի մասին, որոնք այսօր իրականացվում են Գյումրիում և մենք առաջարկել ենք այն ծրագրերը, որոնք կուզենայինք տեսնել: Հանրապետության նախագահը լսել է մեր առաջարկները, եղել են կոնկրետ հանձնարարականներ և խոստացել է, որ հաջորդ տարվա համար կատարվող աշխատանքներին լրացուցիչ գումարներ կհատկացվեն: Հիմնականը վերաբերում է կոյուղու կառուցմանը, ճանապարհաշինությանը, և կոնկրետ մի քանի շինությունների մասով, որոնք չէր ուզենա շարունակեինք: Կոնկրետ պահանջ է դրվել տնակային տնտեսություններից քաղաքը մաքրելու. մարդիկ ովքեր բնակարաններ են ստացել, այնպայման պետք է ազատեն տնակները: Աշխատատեղերի հետ կապված` ներդրումների ուղվածությունը փոխելու խնդիր ունենք: Այսօր նախագծեր ունենք աշխատատեղերի ավելացման, կան կոնկրետ ծրագրեր, ներդնողներ և առաջարկություններ: Դրանց հետ կապված մենք առաջիկայում ելույթներ կլինեն»:
Ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ
Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի եւ Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչները:
ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22-ամյա ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ա.Միխնեւիչը:
Միջոցառմանը հանդես է եկել հայ համայնքի ՞՞Էրեբունի՞՞ պարի համույթը, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն Հույսի Ավան թաղամասի նոր ու հարմարավետ առանձնատներում: Բազմազավակ երկու ընտանիքների համար, օրն իսկապես սպասված էր:
Շնորհավորելով նրանց նոր բնակարններ ստանալու կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին՝ մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար. «Մենք ուսումնասիրել էինք այդ երկու ընտանիքների պայմանները և բարերարի հետ միասին փորձեցինք աջակցել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեին: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին, որ ստեղծեցին այս թաղամասը և Երևան քաղաքի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքները, որոնք չունեին բնակարաններ, հնարավորություն ստացան ապրել հարմարավետ բնակարաններում»,- նշել է քաղաքապետը:
Հույսի Ավանում այսօր արդեն շուրջ 79 ընտանիքներ են բնակվում: Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական այս ծրագրի շարունակականության ապահովման հարցում. «Մենք հույս ունենք որոշակի ժամանակ հետո այստեղ ապրող ընտանիքների թիվը հասցնել մինչև 200-ի: Քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել ծրագրին աջակցելու հարցում և վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում մենք շարունակելու ենք սատարել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրին աջակցելու համար, նկատել է, որ այսօրը ինչ-որ առումով նաև խորհրդանշական է, քանզի դեռևս 2001թ-ին, երբ մայրաքաղաքում առաջին անգամ մեկնարեց այս ծրագիրը, թաղամասի առաջին բնակիչներին բանալիները հանձնել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքի բազմաբնակարաններն արտաքին նոր տեսք են ստանում
Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակով 46 շենքերի երեսպատումը դեկորատիվ գունազարդվել է։ Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, շենքերի արտաքին տեսքի թարմացումը և արդիականացումը ծրագրված է քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նշված «պանելային» բարձրահարկերի գունազարդումը նախաձեռնության փորձնական փուլն է։
«Շենքերի գունավորման էսքիզը պատրաստելիս շեշտը դրել ենք ճարտարապետի լուծումների վրա, դրանք գործածել ենք այս տիպային շենքերին յուրահատկություն հաղորդելու, այն ընդգծելու համար»,– նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին և հավելել, որ ծրագրում ընդգրկվելիք շենքերի գունային համադրություններն ու լուծումները տարբեր են լինելու։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նվեր՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին
Երևանի Սուրբ Աստվածամայ բժշկական կենտրոնը Գերմանիայի Նոյենհաուս քաղաքի «Օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպության կողմից ռեանիմոբիլ է նվեր ստացել։ Մեքենան կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ մանկահասակներին առաջին անհապաղ բուժօգնությունը ցուցաբերելու համար։
«Ռեանիմոբիլ, իհարկե, ունեինք, սակայն այս մեկը ավելի համալիր է, արդիականացված ու հագեցած անհետաձգելի բժշկական օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ «Սուրբ Աստվածամայրը» համապետական նշանակության բժշկական կենտրոն է, քանի որ մանկական բուժօգնության ծառայությություններ կան, որ միայն մեր կենտրոնն է իրականացնում։ Այս տեսանկյունից՝ ցանկացած այսօրինակ արդիականացում, ձեռքբերում շատ մեծ նշանակություն ունի, քանի որ շատ դեպքերում կարիք է լինում ծանր վիճակում գտնվող հիվանդներին նույնիսկ մարզերից մեր կենտրոն տեղափոխել, այն էլ համապատասխան մասնագետների՝ ռեանիմատոլոգների, նեյրովիրաբույժների ուղեկցությամբ»,– նշել է Սուրբ Աստվածամայ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
Ռեանիմոբիլը Գերմանիայից Հայաստան տեղափոխել, ապա բժշկական կենտրոնին հանձնել է Նոյենհաուսի քաղաքապետ Յոհան Արենդսը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Աշխարհահռչակ երաժիշտները Գյումրիի դպրոցի բացմանը
Այսօր Գյումրիում մեծ հանդիսությամբ բացվեց Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը «Do Something» կազմակերպության ղեկավար Ջոն Դին, բարերար Էդվարդ Մարդիգյանը և, իհարկե, «Deep Purple» խմբի մենակատար, լեգենդար Իեն Գիլանը` կնոջ հետ:
Թիվ 6 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976 թվականին: Մինչև 1988 թվականի երկրաշարժը դպրոցում սովորել է 480 աշակերտ: Երկրաշարժից երկու տարի անց` 1990 թվականից դպրոցը վերսկսել է գործել տնակային պայմաններում:
2009 թվականին «Մեդիմաքսի» հրավերով Հայաստան այցելած աշխահրահռչակ երաժիշտներ Իեն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը և Ջոն Դին պատրաստակամություն են հայտնում օգնել դպրոցի նոր շենքի կառուցմանը:
Նրանց համերգներից ու նախագծերից ստացված հասույթների, «Մեդիամաքսի» ու ՀՕՖ –ի հետ համագործակցության շնորհիվ անցած տարի մեկնարկեց դպրոցի շենքի շինարարությունը: Ուղիղ մեկ տարի անց երկհարկանի նորակառույց դպրոցն իր դռները բացեց 250 աշակերտի համար: Այս ողջ ընթացքում դպրոցին նվիրաբերվել են նոր երաժշտական գործիքներ:
«Հեռավոր 1989 թվականին, երբ Ջոն Դին նախաձեռնեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը, նա ընդամենը 24 տարեկան էր: Բայց դա չխանգարեց իրեն համախմբել ռոքի ամենաազդեցիկ աստղերին: Ասեմ ավելին, Ջոնի գաղափարն այնքան ազդեցիկ էր, որ այն կենդանի է մինչև այսօր:
Չորս տարի առաջ մենք այստեղ եկանք Ջոն Դիի, Թոմի Այոմիի, Իեն Գիլանի հետ և խոստացանք վերակառուցել այս դպրոցը:
Պետք է անկեղծ ասեմ, որ դպրոցի տնօրենը մի քիչ թերահավատ էր: Ասում էր` այս 20 տարիներին շատ մարդիկ են եկել, շատ բաներ են խոստացել, բայց մենք մեր խոստումը կատարեցինք», – գոհունակությամբ նշեց ծրագրի նախաձեռնող «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը:
«Վերջապես հասանք մեր նախաձեռնության ավարտին. Երբ տեսա այս շենքը` աչքերս թրջվեցին, որովհետև սքանչելի, գեղեցիկ, շատ լավ է ստացվել շենքը: Ես արդեն կարողանում եմ լսել երաժշտությունը:
Շենքն արդեն ավարտված է, բայց մենք Կանադայում մի բարեկամ ունենք Թիմ Էրվին անունով, ով մի անհավատալի նպաստ է բերել այս դպրոցին. նա մատակարարել է երաժշտական գործիքներ: Ես վստահ եմ, որ այստեղ կլինեն սաներ, որոնք վիրտուոզներ կդառնան: Այս մի փուլը մենք վստահաբար ավարտել ենք», – իր հերթին ասում է Իեն Գիլանը:
Բարերար-հյուրերին դպրոցի սաները բացօթյա համերգ նվիրեցին` որպես շնորհակալություն այս գեղեցիկ ու կարևոր քայլի:
Հավելենք, որ աղետից հետո երաժշտական դպրոցը գործում էր տնակներում` նեղլիկ, անհրապույր, ցուրտ ու խոնավ դասարաններում, որտեղից 1000-ավոր սաներ հնարավորություն են ստացել մուտք գործել երաժշտական ասպարեզ:
Միջոցառման ավարտին Իեն Գիլանը, Ջոն Դին և Սերժ Սարգսյանը դպրոցի բակում ծառ տնկեցին:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ
Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ միտինգ “Ազատության” հրապարակում, լուսանկարներ
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը: Առկա է նաև տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար»:
Չեխիայի Սենատի փոխնախագահը ևս կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության, այդ թվում առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Միլուշե Հորսկան նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ տարբեր բնագավառներում կապերի սերտացման ու զարգացման գործում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, երկու երկրների միջխորհրդարական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և մի շարք այլ հարցերի:
Բորսայում դոլարի գինը` 406 դրամ
Ինչպե՞ս է կատարվում հանրային հավաքների անցկացման մասին իրազեկումը
Հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2011 թ. ապրիլի 14-ին): Հիշյալ օրենքի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներին, իսկ 9-րդ հոդվածի համաձայն` հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների: Իրազեկումը քննարկող և որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է` լիազոր մարմինը: Լիազոր մարմնի որոշմամբ իրազեկումը կարող է քննարկել և դրա վերաբերյալ որոշում կայացնել նրա լիազորած անձը:
Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելը, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է:
Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ: Իրազեկումը ներկայացվում է գրավոր, անձամբ կամ փոստով:
Օրենքն իրազեկման համար ներկայացնում է որոշակի պահանջներ, որոնք պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեն լիազոր մարմնին ուղղված գրավոր նամակում: Այսպես, օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` իրազեկման մեջ պետք է նշվեն`
1) հավաքի վայրը,
2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,
3) հավաքի նպատակը,
4) մասնակիցների սպասվող թիվը,
5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն),
6) կարգադրիչների նախատեսվող թիվը,
7) երթի դեպքում` երթի ուղին և ժամանակացույցը,
8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են, նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն:
Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը: Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ: Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք: Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաև իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:
Կազմակերպիչը պարտավոր է վերոհիշյալ կետերում արված փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին: Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը:
Եթե իրազեկումը պարունակում է ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք ցույց է տալիս կազմակերպչին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին: Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր սահմանած ժամկետում լրացնել դրանք:
Պատրաստեց
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Արաբական Միացյալ Էմիրություններում
2013թ. սեպտեմբերի 19-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Աբու Դաբիի, Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սկսվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը:
Հայաստանի Հանրապետության օրհներգին հաջորդեցին Տերունական Աղոթքը եւ ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը:
Օրվա պատգամով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները եւ անդրադարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:
Այնուհետև իր մաղթանքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը:
Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:
Սիրիայի քիմիական զենքի դեմ պայքարը խաղ չէ
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին առաջիկա շաբաթ նախատեսվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաժողովից առաջ խոսել է սիրիական հարցի մասին: Քերին նշել է, որ միջազգային ողջ հանրությունը ուշադրությամբ հետևում է, թե Սիրիայում ինչպես է հաջողությամբ իրականացվելու քիմիական զենքի ոչնչացումը: Պետքարտուղարը ընդգծելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է քիմիական զենքի կիառման փաստը, նշել է. «Մենք ժամանակ չունենք, որպեսզի որոշենք, թե ով է մեզանից ճիշտ: Սիրիայի քիմիական զենքի դեմ պայքարը խաղ չէ: Սա ծայրաստիճան կարևոր խնդիր է»:
Ջոն Քերին հայտարարել է, որ իրենք վստահ են, որ Սիրիայում քիմիական հարձակման հետևում կանգնած է Ասադի վարչակարգը, ինչը ապացուցվեց ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցով: «Միջազգային հանրությունը պետք է ոտքի կանգնի և քայլեր ձեռնարկի քիմիական զենքի ոչնչացման համար, քանի որ սա կյանքի ու մահվան հարց է»,-ասել է Քերին:
Բաշար Ասադը զինադադար է ուզում
Սիրիայի փոխվարչապետ Քադիր Ջեմիլը, խոսելով անգլիական «Guardian» թերթի հետ, նշել է, որ նախագահ Բաշար Ասադի կառավարությունը Ժնևի երկրորդ կոնֆերանսի ժամանակ զինադադար է առաջարկելու: Ջեմիլը ասել է, որ ոչ Դամասկոսը, ոչ էլ ընդդիմությունը 2,5 տարի տևող ներքաղաքական պատերազմը հաղթելու ուժ չունեն:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», փոխվարչապետը խոսել է նաև Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի պատրաստած զեկույցի մասին: Ջեմիլը նշել է, որ զեկույցը միանգամայն անկողմնակալ է:





