Բադրիջանով ու գազարով սոտե

sote21Բաղադրությունը

3-4 ոչ մեծ բադրիջան

3-4 հատ գազար

1 գլուխ սոխ

1-2 բուլղարական տաքդեղ

2-3 լոլիկ

1-2 պճեղ սխտոր

աղ, շաքար, պղպեղ ըստ ճաշակի:

ձեթ` տապակելու համար:

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը լվանալ ու մաքրել: Բադրիջանի միայն կոթունը կտրել, կեղևը պետք է մնա: Բադրիջանն ու գազարը կտրատել օղակաձև, սոխը` խորանարդաձև, տաքդեղը` շերտերով: Եթե բադրիջանի օղակները մեծ են ստացվում, ապա կարելի է կիսել:

Խորը տապակի մեջ լցնել ձեթ ու  սոխը տապակել այնքան, որ ոսկեգույն դառնա, ապա ավելացնել գազարը, կափարիչը փակել ու տապակել 2-3 րոպե: Այնուհետև գազարի վրա շաքարավազ ցանել (1-2 ճ/գդալ) և շոգեխաշել 2-3 րոպե, մինչև շաքարը հալվի, ավելացնել բադրիջանն ու 2 րոպե խառնելով տապակել:

Կրակը թուլացնել ու բանջարեղենը շոգեխաշել մինչև բադրիջանը կիսաեփ լինի, ապա ավելացնել տաքդեղը, բոլորը լավ խառնել ու կափարիչը փակ եփել մինչև պատրաստ լինի վերջնականապես:

Երբ բոլոր բանջարեղենները եփված լինեն, ավելացնել ոչ մեծ կտորներով կտրատած լոլիկ ու կրկին շոգեխաշել այնքան, որ լոլիկը պատրաստ լինի:

Պատրաստի սոտեն համեմել աղով ու պղպղեղով, ավելացնել ճզմած սխտոր ու գազօջախն անջատել:

Համեղ է թե՛ տաք և թե՛ սառը վիճակում:  Հատկապես հետաքրքիր է քաղցրի ու կծվի համադրությունը:

Հեռացավ Սոսը, ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին. Արտակ Ղուլյան

Արտակ ՂուլյանՃարտարապետ Արտակ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում` հիշելով Սոս Սարգսյանի հետ իր եզակի հանդիպումը: Նա մասնավորապես գրել է. «Սոս Սարգսյանին մի անգամ եմ տեսել փողոցում, միայնակ: Մի երկու տարի առաջ էր, խորը աշնանային մի օր: Սովորականի պես Մոսկովյան փողոցում գծագրեր էի տպում ու մայթին կանգնած սպասում էի: Տեսա՝ Սոսն է գալիս. երկար, գորշ ու բարակ վերարկույով, լայն գլխարկով, գավազանով, մի փոքր կռացած, ու հանդարտ, անշտապ քայլքով: Հանկարծ կանգնեց ու սկսեց ուշադիր նայել կողքի շենքի նկուղներից մեկի պատուհանի գունավոր պաստառին. «Պատվերով Ձմեռ պապ, թամադա, դերասան, ծաղրածու»: Ապա կտրուկ շուռ եկավ, անօգնական հայացքով նայեց աջ ու ձախ, նայեց ինձ՝ տեսավ՝ չի ճանաչում, գլուխն օրորեց ու նույն հանդարտ քայլվածքով հեռացավ… Հեռացավ Սոսը` ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին…»:

Կենտրոնի վերաասֆալտապատումը չի նպաստում մարզերի զարգացմանը

Management expert Harutyun Mesrobyan guest in Friday press clubՀՀ կառավարությունը բազմիցս կարևորել է ՀՀ–ում տարածքների համաչափ զարգացումն ու մայրաքաղաքի բեռնաթափումը: Այս նպատակով տարաբնույթ միջոցառումների և ծրագրերի մասին էլ է հայտարարել: Սակայն մեր կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում, որոնք կարծես չեն համադրվում այս կարևոր խնդրի լուծման տրամաբանության հետ: Օրինակ` կառավարությունն անցած շաբաթվա նիստի ժամանակ իր պահուստային ֆոնդից բավական գումարներ «բաժանեց» Երևանին ու մարզերին. մոտ 9 մլրդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին, որից մոտ 7.5 մլրդ դրամն ուղղվելու է Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանը, և մեկ այլ որոշմամբ էլ 500 մլն դրամ ուղղվեց Հայաստանի մարզերին, յուրաքանչյուրին` 50  մլն դրամ: 

Այս երևույթը հասկանալու համար «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի օգնությանը` արդյունավետ կառավարման տեսանկյունից մեկնաբանելու կառավարության որդեգրած տրամաբանությունը.

– Պարո՛ն Մեսրոբյան, կառավարությունը հայտարարում է մարզերի զարգացման  ծրագրերի մասին, բայց 7,5 մլրդ տրամադրում է մայրաքաղաքի կենտրոնի ասֆալտապատմանը և 50-ական մլն դրամ` մարզերին: Մի՞թե այդ քայլը բխում է տարածքների համաչափ զարգացման ծրագրի էությունից:

– Ընդհանրապես,  բոլոր ծախսերը, լինեն դրանք մարզերի թե մայրաքաղաքի մակարդակով, բյուջեից ֆինանսավորվեն թե ոչ, միշտ պետք է բաժանվեն ըստ նախապատվությունների: Այսինքն` կարևորագույնները և հետո մնացածները` ըստ կարևորության, իջեցման կարգով: Կարևորագույններն ընտրվում են հետևյալ սկզբունքով. որո՞նք են անհետաձգելի լուծում պահանջող  հարցերը, և որոնք` միտված զարգացմանը, բուն զարգացմանը, եթե կա զարգացման ռազմավարական ծրագիր:

Հայաստանում իշխանական մակարդակով զարգացման ծրագիր չունենք. կան լոզունգներ, միջնաժամկետ պլանավորում և այլն, որոնց անունը դնում են զարգացման ծրագիր: Քանի որ մենք, կիրառական իմաստով, չունենք զարգացման ծրագիր, բնական է, որ ծախսային մասը չի լինի արդյունավետ: Որովհետև այդ դեպքում չգիտես, թե ինչպիսի ապագայի համար, ինչպիսի ծրագրերի շարունակականության համար ես ինչ-որ ֆինանսավորում ուղղում: Ինչ վերաբերում է անհրաժեշտ մասին, ապա այստեղ, այո’, եթե նայում ենք երևանի կենտրոնին,  ապա վերջին 10 տարիներին պարբերաբար այն ուղղակի ձախից աջ, աջից ձախ վերակառուցում են, փոխում են, դնում-հանում են, բայց քանի գնում է, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է և դառում շատ ավելի անընդունելի ապրելու համար: Սա նշանակում է, որ այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ:

– Ուրեմն կարո՞ղ ենք փաստել, որ այսօր կառավարության կողմից որպես անհետաձգելի հարց ընկալվում է քաղաքի կենտրոնի կառուցապատումը կամ վերանորոգումը, իսկ մարզերը երկրորդական–երրորդական պլան են մղվում:

– Երևի` այո: Որովհետեև մարզերն էլ տարբեր են: Կան մարզեր, որոնք սահմանամերձ երկար գիծ ունեն, որտեղ բոլորովին այլ քաղաքականություն պետք է վարվի, կան մարզեր, որոնք արագ դատարկվում են, մարդիկ թողնում գնում են, ու այնտեղ ավելի շատ  պետք է սոցիալական ու ենթակառուցվածքային խնդիրներ լուծել: Իսկ այսպես հավասարաչափ գումար բաժանելն ու ամենաշատը Երևանի կենտրոնին գումար հատկացնելը նշանակում է, որ խնդիրը տարածքների զարգացման հետ կապ չունի, նախապատվությունների հետ կապ չունի, ուղղակի ինչ-որ սկզբունք է վերցված և արվում է:

– Իսկ Ձեր կարծիքով, ո՞րը կլիներ միջոցների ավելի օպտիմալ բաշխումը զարգացման ծրագրերի տեսանկյունից:

– Առաջին` եթե մենք պետություն ենք, ապա պետք է լինի ռազմավարական զարգացման ծրագիր, որը պետք է երկու ուղղություն ունենա` ժամկետների և տարածքային: Այսինքն` ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով օժտված լինի: Որից հետո պետք է դրա հիման վրա մշակվի մարտավարություն` ելնելով ռազմավարությունից, պետք է դրվեն կշիռների գործակիցները, որոնցով և կորոշվեն նախապատվությունները, թե որ ուղղությամբ ինչ տոկոսային հարաբերակցությամբ միջոցներ պետք է ուղղվեն: Համենայն դեպս մարդկությունը մինչ այժմ, եթե զարգացել է, հենց այս կերպ է զարգացել. ուրիշ ձևով չի զարգացել:

– Ենթադրենք, թե Ձեր նշած բոլոր նկատառումները դրված են կառավարության գործողությունների հիմքում. արդյոք Երևանի կենտրոնի վերակառուցման նպատակների համար այդքան գումարներ հատկացնելը կարո՞ղ է հանգեցնել գոնե Երևանի կենտրոնի զարգացմանը:

– Հստակ ու վստահ ասելու համար պետք է  բուն ծրագիրն ուսումնասիրել: Բայց կարելի է չդնել «ենթադրենք սա» կամ «ենթադրենք մյուսը» հարցադրումները շատ պարզ պատճառով: Եթե լիներ ռազմավարական ծրագիրն ու մնացած-մնացածը, ապա մեզ մոտ արտագաղթը չէր շատանա: Բայց հակառակն է տեղի ունենում. Հայաստանում ապրելն ավելի դիսկոմֆորտային իրավիճակ է ստեղծում` սկսած սոցիալական հարցերից և վերջացրած արդարության զգացումով, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ մարդիկ թողնում-գնում են: Այստեղից բխում է, որ չունենք ռազմավարական զարգացման ծրագիր:

– Ձեր կարծիքով` մարզերին տրամադրված գումարները բավարա՞ր են թեկուզ տեղական առաջին նշանակության խնդիրների լուծման համար:

arm137658003197– Բնական է, որ ոչ. 50 մլն դրամն ի՞նչ թիվ է, մոտ 110 հազար դոլար. դա մեկ հատ միջին կարգի էլիտար ավտոմեքենայի արժեք է: Այսինքն` դա նույնն է, որ յուրաքանչյուր մարզի տրվի մեկական էլիտար ավտոմեքենա, մի՞թե դա հերի՞ք է, որ մարզը զարգանա. իհարկե՛ ոչ:

– Բայց կառավարությունը կարող է ասել և ասում է, որ ծրագրեր էլ, ռազմավարություն էլ ունի և այլն:

– Այդպես չէ, նախադասությունների ամեն մի շարան ծրագիր չէ: Ծրագիրը ենթադրում է ենթարկվել որոշակի օրենքների ու օրինաչափությունների, որպեսզի պարզ լինի, որ սա ծրագիր է, սա էլ ելույթ է, սա վերլուծություն է, սրանք լոզունգներ են, սրանք բաժակաճառեր են… Մեզ մոտ այս ամենը շիլա-փլավ է, ու ստացվում է  մի փաստաթուղթ, որը, ըստ էության, նվազագույն պահանջներով անգամ չի համապատասխանում ծրագիր կոչվող փաստաթղթի պահանջներին: Բերեմ օրինակ. մեզ մոտ քանի անգամ է, որ ընդունվում են կոռուպցիայի դեմ պայքարի փաստաթղթեր, սակայն արդյունքը զրոյական է: Եթե փաստաթուղթը չի իրագործվում, ուրեմն  երկու պատճառ կա. և՛ փաստաթուղթը փաստաթուղթ չէ, և՛ իրագործման նպատակ չկա: Նույնն էլ այստեղ է:

 

Զրույցը վարեց Գևորգ ԱՎՉՅԱՆԸ

Հոր գերեզմանը գտել է մահվանից 68 տարի անց

հոգեհանգստի արարողությունըԱյս տարի նշվում է «Կուրսկի աղեղ» օպերացիայի 70-ամյակը: 50 օր տևած այս մարտը Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ գործողություններից է: Հենց այստեղ է տեղի ունեցել պատմությանը հայտնի ամենախոշոր տանկային մարտը, որին մասնակցել  են 2 միլիոն մարդ, 6 հազար տանկ և 4 հազար ինքնաթիռ:

Այս մարտում մասնակցություն են ունեցել նաև հայերը: «Անկախը» զրուցել է փոխգնդապետ Մկրտիչ Միխայելյանցի դստեր հետ, որը 1943-ին եղել է Վորոնեժյան ճակատի հրետանային գնդի հրամանատարը և հենց այդ մարտերում էլ զոհվել է:

75-ամյա Լյուսյա Միխայելյանցը պատմում է, որ հոր հետ կապված հուշերն իրեն հիմնականում հասել են մոր միջոցով: 1912-ին ծնված մեղրեցի Մկրտիչը, որ վաղ տարիքում կորցրել էր մորը, 13 տարեկան հասակում փախչում է տնից ու ոտքով ճանապարհվում Տաշքենդ: Լսել էր, որ այնտեղ հարուստ մեղրեցիներ են ապրում, և հույս ուներ, որ իրեն կօգնեն գտնել իր տեղը կյանքում:

Հրաշքով Տաշքենդ հասած որբ տղան ընդունվում է Սուվորովյան ռազմական ուսումնարան, ավարտում է գերազանցությամբ, նաև դառնում է Ուզբեկստանի չեմպիոնը ծանրամարտից:

Գերազանց առաջադիմության ու լավ տվյալների շնորհիվ Մկրտիչին Մոսկվայի հրետանային ակադեմիայում ուսանելու են ուղարկում: Ակադեմիան ավարտելուց ու զինվորական  կոչում ստանալուց հետո 25-ամյա երիտասարդը հայրենիք է վերադառնում` գտնելու իր կյանքի կեսին: Փնտրում ու գտնում է Աստղիկին, որի հետ Մեղրու դպրոցում նույն նստարանին էին նստում: Ամուսնանալուց հետո  մեկնում են Մոլդովա, որտեղ էլ ծառայության է անցնում: 1938-ին գործուղվում է Հեռավոր Արևելք, որտեղ մարտեր էին ընթանում Ճապոնիայի դեմ: Այստեղ էլ ծնվում է նրանց առաջնեկը` Լյուսյան:

Զինվորականի ընտանիքի շրջագայությունները շարունակվում են ըստ ռազմական գործողությունների վայրերի` Ֆինլանդիա, ապա Մոլդովա: Երբ վրա է հասնում Հայրենական մեծ պատերազմը, Մկրտիչ Միխայելյանցի բազմանդամ ընտանիքը Մոլդովայում  էր. ունեցել էր երկվորյակ տղաներ, իսկ կրտսեր դուստրն էլ 4 ամսական էր: Այդ ժամանակ Մկրտիչ Միխայելյանցն արդեն գնդի հրամանատար էր:

Հունիսի 22-ին կինն ամուսնուն գտնում է հեռախոսի մոտ արցունքախեղդ: Կնոջն ասում է, որ պատերազմ է սկսվել և  սպասում է հարձակման հրամանի, բայց ինչպես պիտի հարձակվեն` չգիտի. շատ քիչ զենք ունեն:

Հրամանատարությունից խիստ հրահանգ է գալիս` ոչ մի դեպքում ողջ-ողջ չհանձնվել: Խաղաղ բնակչության տարհանման հրահանգ էլ, սակայն զինվորականների ընտանիքներին տարհանել թույլ չեն տալիս: «Ո՞ր մի հայրը կնահանջի, երբ գիտի, որ իր ընտանիքը դեռ տեղում է: Արյան գնով պահել են, մինչև բոլորին կտարհանեն»,- պատմում է տիկին Լյուսյան:

Բնակչությանը ռազմական գործողությունների վայրից 50-60 կմ հեռացնելուց հետո տարհանում են նաև զինվորականների ընտանիքներին: Այդուհետ բոլորը ստիպված ոտքով են առաջ գնում:

«Մայրս փոքր քույրիկիս բարուրը  գցել է սետկայի մեջ ու կախել մի թևից: Երկու եղբայրներիս գրկել է, ես էլ, որ արդեն 3,5 տարեկան էի, ձեռքս պինդ կապել է իր փեշին, որ հանկարծ չկորցնի: Քայլելով ու դադարներով մարդիկ հասել են մինչև Դոնբաս: Այնուհետև դեպի Միջին Ասիա գնալու հրաման է եկել: Մայրս, սակայն, խնդրել է, որ թույլ տան իր երեխաների հետ Հայաստան գնա, որտեղ հարազատներ ունի»,- պատմում է տիկին Լյուսյան:

Ոտքով մայրը և չորս երեխաները ամիսներ շարունակ քայլել են դեպի Հայաստան: Ուշ աշնանը Թիֆլիս են հասել, որտեղից էլ գնացքով պետք է Հայաստան հասնեին: Կանգառներից մեկում, մինչ տիկին Աստղիկը ջուր կբերեր երեխաներին, մի ծեր կին լացող երկվորյակ տղաներին պատուհանից դուրս է նետում: Երբ մայրը նկատում է երեխաների բացակայությունը, գնացքն արդեն շարժվել էր: Հետագայում իր 1,5 տարեկան փոքրիկներին գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Ամիսներ տևած թափառումից հետո տիկին Աստղիկը երկու դուստրերի հետ Երևան է հասնում, ընդ որում, կրտսեր դստեր մաշկը` ոչ հիգիենիկ պայմաններից  քայքայված, քիթը` պայթյունի արկից վնասված: «Այնքան էինք ոջլոտել, որ մեզ  լողացնում էին, թասի մեջ ոջիլները լող էին տալիս»,- հիշում է տիկին Լյուսյան:

Երևանում փախստական ընտանիքին սենյակ են հատկացնում մետաքսի գործարանում: Վերջապես վերահաստատվում է կապն ընտանիքի և հոր միջև, վերջինս ամիսներ շարունակ փնտրել էր ընտանիքին ու նամակներ գրել կնոջ քրոջը` հարցուփորձ անելով նրանց մասին:

1942-ից գնդի հրամանատար Միխայելյանցը կանոնավոր կերպով իր աշխատավարձը կնոջն էր ուղարկում, որ կերակրի երեխաներին: Հնարավորության դեպքում ուղարկում էր նաև իրեն հատկացված կտորեղենը և այլ պարագաները: «Մայրս այդ ամենը շալակած գյուղից գյուղ էր անցնում` ապրանքը սննդի հետ փոխանակելու համար»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը:

Այդ ժամանակ արդեն տիկին Աստղիկի հույսին էին 8 երեխաներ` իր երկու դուստրերից բացի, նաև պատերազմի մեկնած ու աքսորավայրում գտնվող հարազատների երեխաները: «Սև հացը որ ձեթի մեջ տապակում էր, խրթխրթան էր դառնում, դա մեր ամենահամեղ ուտելիքն էր: Իսկ եթե որևէ օր կարտոֆիլ էինք ուտում, դա իսկական տոն էր»,- այդ օրերն այսպես է բնութագրում տիկին Լյուսյան:

1943-ին ընտանիքը գրություն է ստանում, որը գուժում էր հոր մահը. «Ձեր ամուսինը մահացել է Կուրսկի դուգայում: Պինդ եղեք: Մենք ձեզ հետ ենք: Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի»: Նամակում որևէ այլ տվյալ չկար:

Պատերազմի ավարտից հետո պետությունը հոգում է զոհված զինվորականի ընտանիքի կարիքները: Երեխաները զբաղվում են երաժշտությամբ, սպորտով, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն տարիներ շարունակ հոր գերեզմանը գտնելու բոլոր ջանքներն ապարդյուն են անցնում: Տիկին Լյուսյան անգամ Պոդոլսկ է մեկնում, որտեղ կենտրոնացրել էին Հայրենական պատերազմի ողջ արխիվը:

Երբ թվում էր, որ Մկրտիչ Միխայելյանցի գերեզմանը գտնելու բոլոր հույսերը մարել են, հանկարծ այն գտնվում է: Միխայելյանցի կրտսեր դստեր թոռները որոշում են իրենց տատիկին անակնկալ մատուցել ու ամիսներ շարունակ համացանցով արխիվներն են փորփրում` իրենց ուզած անուն-ազգանունը գտնելու համար:

2011-ին պարզվում է, որ փոխգնդապետ Միխայելյանցը հուղարկավորված է ՌԴ Կուրսկի մարզի Պոգոժեե գյուղում:

Տիկին Լյուսյան, որ ամուսնու մահից հետո Մոսկվա է տեղափոխվել` որդու մոտ, անմիջապես նշված գյուղ է շտապում: Լուսաբացին մայր ու որդի Պոգոժեե են հասնում:

Եղբայրական գերեզմանը և հուշարձանը Պոգոժեե գյուղում«Փնտրեցի ու հորս ազգանունն իսկույն գտա: Ինչքա~ն եմ լացել, իսկ երբ տղաս դուդուկի նվագով երաժշտություն միացրեց, երկուսով սկսեցինք լացել: Մի քանի ժամ էդպես նստած էինք, երբ մարդկանց անցուդարձը սկսվեց»,- պատմում է Լյուսյա Միխայելյանցը: Հոգեհանգստի փոքրիկ արարողություն են անցկացնում: Ապա հանդիպում ու շնորհակալության խոսքեր են ասում դպրոցականներին, որոնք էլ խնամում ու մաքուր են պահում հուշարձանը:

Այսքան տարիներ անց էլ, արցունքները կոկորդում խեղդելով, տիկին Լյուսյան ասում է, որ գոնե լավ է, հոր գերեզմանը գտնել կարողացան, բայց, ցավոք, հոր մահվան մասին որևէ տվյալ իմանալ չեն կարողացել. մսաղաց է եղել, հազարավոր մարդիկ են մահացել:

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

SՍեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեցին սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորեցին հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձան  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության  և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և  պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար»,- ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։

Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո նախագահ Ռուհանիի ուղղությամբ կոշիկներ են նետել

Hassan RouhaniԻրանի նախագահ Հասան Ռուհանին «մահ Ամերիկային» ցուցարարների բղավոցների ներքո այսօր վերադարձել է Իրան:

Մինչ հարյուրավոր իրանցիներ հավաքվել էին օդանավակայանում ՄԱԿ-ի բանակցություններին մեկ շաբաթ մասնակցելուց հետո տուն վերադառնալու կապակցությամբ նախագահին ողջունելու համար՝ շուրջ 100 ցուցարարներ դրսում նրա մեքենայի վրա ձվեր և կոշիկներ են նետել:

Ըստ իրանական լրատվական գործակալության ակտիվիստները նաև քարեր են նետել:

Ցուցարարները բողոքում էին Ռուհանիի դեմ՝ արևմուտքի հետ հարաբերությունները մեղմացնելու և հատկապես երեկ Բարաք Օբամայի և Ռուհանիի միջև տեղի ունեցած 15 րոպե տևած հեռախոսազրույցի կապակցությամբ:

Ավելի քան 30 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի և Իրանի նախագահները թարգմանչի միջոցով ուղիղ կապ են հաստատել:

Ռուհանին նշել է, որ ինքը ցանկանում է վերջ դնել Իրանի միջուկային ծրագրի պատճառով Ամերիկայի և Իրանի միջև եղած դիմակայությանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի գագաթնաժողովին՝ Ռուհանին հայտնել է, որ ինքը կցանկանար այս հարցի շուրջ բանավեճը լուծվեր ամիսների և ոչ տարիների ընթացքում:

Իրանի նախագահը ավելացրել է, որ ինքը անկնկալում է, որ իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կվերացվեն, որի հետևանքով իրենց նավթի արտահանումը կիսով չափ կրճատվել է, իրանական դրամական միավորը՝ արժեզրկվել, իսկ տնտեսությունը՝ տուժել:

 

Ինդոնեզիայի մոտակայքում սուզված նավի տասնյակ ուղևորներ դեռևս անհետ կորած են համարվում

indonesia-asylu-seekersԻնդոնեզիայի կառավարության խոսնակի տեղեկություններով՝ Ինդոնեզիայի ափերի մոտակայքում իրաքցի և լիբանանցի տասնյակ ուղևորներով նավ է շրջվել, կա 22 զոհ:

Արևմտյան Ջավայի ափ հանված մարմինների շարքում կան նաև երեխաներ:

Ծովից կենդանի հանված 28 մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Փրկարարները շարունակում են փնտրել 30 այլ մարդկանց, որոնք նավի շրջվելու պահին դրա վրա են գտնվել: Նրանց ճակատագիրը դեռ պարզ չէ: Նրանցից շատերը հնարավոր է նույնպես մահացած լինեն:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավի շրջվելու ստույգ պատճառը հայտնի չէ՝ ավելացնելով, որ նավի ուղևորներից ոմանք Իրաքից և Լիբանանից են եղել:

Նրա տեղեկություններով՝ հնարավոր է նավի վառելիքը վերջացած լինի, կամ նրանք չեն կարողացել նավը ղեկավարել:

Յուրաքանչյուր տարի Ինդոնեզիայի ափերի մոտակայքում դեպի օվկիանոս գնացող ուղևորներով լի նավեր են շրջվում:

Ավստրալիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավը ուղևորվելիս է եղել Ավստրալիայի Ծննդյան կղզի, որը նման նավերի կայանման հիմնական վայրն է:

Որոշ մարդկանց համար Ավստրալիան հույսի երկիր է հանդիսանում, սակայն երկրի կառավարությունը նավերի շրջվելու բազմաթիվ դեպքերի պատճառով այս տարի փոխել է օրենսդրությունը և արգելել նավով ժամանող ներգաղթյալներին բնակվել Ավստրալիայում:

 

Միս Ֆիլիպինները ճանաչվել է միս աշխարհ

Miss Philippines crowned the new Miss WorldՇաբաթ օրը նոր միս աշխարհ է ճանաչվել միս Ֆիլիպինները:

23-ամյա Մեգան Յանգը, որը ցանկանում է կինոռեժիսոր դառնալ, հաղթել է Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացված մրցույթի ժամանակ:

Միս Ֆրանսիան և միս Գանան զբաղեցրել են պատվավոր երկրորդ և երրորդ հորիզոնականները:

Յանգը ծնվել է Միացյալ նահանգներում և 10 տարեկան հասակում տեղափոխվել Ֆիլիպիններ:

Այժմ նա սովորում է համալսարանում, իսկ 15 տարեկան հասակից հանդես է եկել որպես դերասանուհի և հաղորդավարուհի:

Ինդոնեզիայում՝ աշխարհի մահմեդականներով ամենախիտ բնակցված երկրում, միջոցառման կապակցությամբ բողոքի ցույցեր էին կազմակերպվել:

Հաշվի առնելով կրոնական խնդիրները՝ գեղեցկության մրցույթի լողազգեստներով մրցույթը փոխարինվել էր ծովափնյա զգեստների մրցույթով:

Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

10728_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

 

***

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ

Կրթություն
1996-1999 թթ. – Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1999-2004 թթ. – Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2008–2011 թթ. – Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն
2009–2013 թթ. – «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար
2013 թ. առ այսօր – «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ
2004–2006 թթ. ծառայել է ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում՝ որպես նռնականետային դասակի հրամանատար: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
 

Հիմնանորոգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզը

004Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերով ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև այս նախակրթարանը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի և մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Կամո Արեյանը շրջել է խմբասենյակներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: 1957թ. կառուցված մանկապարտեզը հիմնանորոգվել է առաջին անգամ:
Շուրջ 60 փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար այսօր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ, թարմացվել է նաև մանկապարտեզի գույքը: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանի կողմից նախակրթարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերի շրջանակում այս տարի ընդգրկված են շուրջ 28 մանկապարտեզների հիմնանորոգման ու մասնակի նորոգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թեժ գծերի մասին իրազեկման աշխատանքների հերթական փուլն ավարտվել է

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տարածման հերթական փուլն ավարտվել է:

Աշխատանքներին ներգրավվել էր ավելի քան 50 կամավոր, որոնք, շրջելով տուն առ տուն, քաղաքացիներին են փոխանցել հեռախոսահամարները հուշող թերթիկներ:
Նախաձեռնության գլխավոր նպատակը բնակիչների և վարչական շրջաններ-քաղաքապետարան կապի ամրապնդումն է, որի արդյունքում հնարավոր է դառնում բնակիչներին հուզող խնդիրներին օպերատիվ կերպով լուծումներ տալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նորք-Մարաշ վարչական շրջանը նշում է իր տոնը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ավանդական տոնին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող տոնն իսկական տոնախմբության է վերածվում ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև տոնին մասնակից բոլոր երևանցիների համար: Մայրաքաղաքի սիրված հանգստյան գոտիներից մեկը դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում տոնի շրջանակում կազմակերպվել էր համերգ:
Հին ու նոր Նորք-Մարաշը կամրջող յուրօրինակ դրսևորում էր նաև եկեղեցու բակում բացված նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Հին Նորքի ստեղծման պատմությունն ու ժամանակակից նկարիչների աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ներկայացված գործերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նորքմարաշցիներին, այնուհետ ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմ է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Նորք-Մարաշի տոնին յուրօրինակ խորհուրդ էր հաղորդում նաև պսակադրվող զույգերի այցը եկեղեցի, որոնց, օգտվելով առիթից, շնորհավորել ու երջանկություն է մաղթել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Օպել» և «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՍեպտեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-Բենս»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորուհիները դեպքի վայրում բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: