Ցավոք, 60 կգ քաշային Արթուր Առաքելյանն առանց պարգևի մնաց Բուդապեշտում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա զիջեցեց իրանցի Մասուդ Էսմայիլպուրին` 0:8:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է թվով 9 անձանց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար առաջադրված մեղադրանքները։
Դատարանի՝ 17.09.13թ. դատավճռով ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների ու պրեկուրսորների ապօրինի շրջանառության, խոշոր չափերով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու դրա փորձի համար՝ դատապարտվելոջ 13 տարվա ազատազրկման։ Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նաեւ նախորդ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.12.2011թ. դատավճռով և նույն դատարանի 18.07.2012թ. որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկումը 1 տարի ժամկետով, և ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 14 տարվա ազատազրկումը:
Ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանը մեղավոր է ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու եւ օժանդակելու փորձի համար՝ դատապարտվելով 12 տարվա ազատազրկման։
Ամբաստանյալ Ալլա Մախովան մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի մեկ հոդվածով։ Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով, 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Վերջին հոդվածով դատարանը Մախովային արդարացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս հոդվածով մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 8 տարվա ազատազրկման։
Ամբաստանյալ Արտաշես Բաղումյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ դատապարտվելով 3 տարվա ազատազրկման։
Ամբաստանյալներ Կարեն Արզումանյանը եւ Լեւոն Շահինյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի համար՝ դատապարտվելով 9 ամսվա ազատազրկման։ Կ.Արզումանյանի նշանակված ազատազրկմանը մասնակիորեն գումարվեց նախորդ` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ. հունիսի 20-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 6 տարի ժամկետով և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի 9 ամիս ժամկետով: Իսկ Լևոն Շահինյանի նկատմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հուլիսի 08-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. հունիսի 22-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 9 ամիս ժամկետով և ամբաստանյալ Լևոն Շահինյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Սահակ Սահակյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվեց կալանքի 2 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ սահմանվեց փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Արմինե Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց պայմանական ազատազրկման 3 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:
Բուդապեշտում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս եկած մեր երկու ըմբշներն էլ պարտվել էին: Այդուհանդերձ, նրանք հնարավորություն ստացան մասնակցելու սփոփիչ մրցամարտերի: Բանն այն է, որ մերոնց հաղթողները հասել են եզրափակիչ:
Մասնավորապես, 84 կգ քաշային ուկրաինացի Իբրահիմ Ալդատովը դուրս է եկել եզրափակիչ, և Հայաստանի ներկայացուցիչ Մոււսա Մուրթազալիևը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար: Բայց սփոփիչ առաջին գոտեմարտում նա 1։3 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Վերեբին և վերջնականորեն դուրս մնաց մրցաշարից։
Իսկ ահա, 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը հաղթեց սփոփիչ առաջին գոտեմարտում Պուերտո Ռիկոն ներկայացնող Մատոս Գոմեսին` 6:4։
Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում զիջել էր ռուսաստանցի Բեխար Գոգերևին, ով նվաճել է եզրափակիչ ուղեգիր։ Եթե մեր մարզիկը ևս մեկ անգամ հաջողության հասնի, բրոնզե մեդալի համար հանդիպում կանցկացնի։
Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։
Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։
Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։
«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», – շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։
Նախարար Նալբանդյանը նշեց, որ կարևոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։
Էդվարդ Նալբանդյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը զիջեց ռուսաստանցի Բեխար Գոգերևին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարը շաունակել բրոնզե մեդալի համար։
Հավելենք, որ մեր ըմբիշը հաղթել էր չինացի Մա Ցունջունին, սլովակ Միկոլա Բոլոտնյուկին:
84 կգ քաշայինՄուսա Մուրթազալիևն էլ առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցիչ Պյոտր Անուլովի, շվեյցարացի Մարկո Լուկասի նկատմամբ: Բայց քառորդ եզրափակչում նա պարտվեց Ուկրաինան ներկայացնող Իբրահիմ Ալդաթովին:
Ավելի քան երկու տարի Սիրիայում շարունակվում է պայքարը Ասադի ուժերի և ընդդիմադիրների միջև, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, դարձել հաշմանդամ, մնացել անտուն և անտեր: Այս ամենին գումարվեց քիմիական զենքի կիրառումը, որն աննախադեպ է համարվում վերջին քառորդ դարում:
Մինչև երկրում կյանքի ու մահվան պայքար է գնում իշխանությանը լիակատար տիրանալու համար, շարքային քաղաքացիները աշխատում են շարունակել իրենց սովորական կյանքը: Սրանց թվում են նաև Դամասկոսի գիշերային կյանքի սիրահարները: «AFP» լրատվական գործակալությունը այցելել է Դամասկոսի Շալեն թաղամասի գիշերային ակումբներից մեկը, խոսել սիրիացիների հետ՝ լուսանկարելով նրանց խրախճանքը: Սակայն հայտնի չէ, թե գործակալությունը նման լուսանկարներ ինչու է արել և հրապարակել այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Սիրիայում լրագրողներ են սպանում:
Նախագահ Բարաք Օաբաման ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ նամակագրական կապ ունենալու փաստը, ինչը 1979թ.-ի Իրանի հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու փորձ է:Հույս կա, որ հանդիպման կայացումը կարող է լուծել Իրանի միջուկային զենքի հարցը, ինչը, Օբամայի խոսքով, ավելի մեծ խնդիր է, քան Սիրիայի ճգնաժամը:
Ըստ տեղեկությունների՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հագը Նյու Յորքում տեղի ունենալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հանդիպման ժամանակ հնարավոր է հանդիպում ունենա Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Սակայն Օբաման ընդունել է, որ դա հեշտ չի լինելու:
Guardian –ը տեղեկացնում է, որ Օբաման հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ընդունել է Ռուհանիի հետ նամակագրություն ունենալու փաստը, սակայն նրանք ուղիղ իրար հետ չեն խոսել:
Նա նաև հայտնել է, որ իրանցիների հետ բանակցելը միշտ բարդ է եղել և ինքը չի կարծում, որ նոր նախագահի դեպքում այդ ամենը հանկարծ հեշտ կլինի:
Լրատվամիջոցների ազատության պաշտպան առաջատար խմբերից մեկը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է քայլեր ձեռնարկել Թուրքիայում լրագրողների ճգնաժամը վերջացնելու համար:
Նյու Յորքում գտնվող Լրագրողների պաշտպանության կոմիտեի սեպտեմբերի 16-ին Էրդողանին ուղարկած նամակը նոր մտահոգությունների տեղիք է տալիս: Այնտեղ հատկապես ընգծվում է այն, որ կառավարությունը փորձում է վերահսկել վերջին շրջանի դեպքերի լուսաբանումը, ներառյալ հունիսին երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը:
Անցած տարվա զեկույցում խումբը մտահոգություն էր հայտնել Թուրքիայում լրագրողներին հետապնդելու և ձերբակալելու վերաբերյալ: Գործադիր տնօրեն Ջոել Սայմենի ստորագրած նոր նամակում ասվում է, որ թուրքական կառավարությունը այդ ժամանակից ի վեր հակալրագրողական քայլեր է կատարում:
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս -Աբեբայում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Պահակը մոռացել է փակել վանդակի դուռը, որտեղ քնած էր Կենենիս անունով առյուծը, և գազանը հաշված րոպեներում գզել է խեղճ մարդուն: Պահակախումբը փորձել է վախեցնել գիշատիչին` օդ կրակելով, սակայն դա չի օգնել քշել գազանին, հաղորդում է AFP-ը:
Ողբերգությունը կատարվել է, երբ 51-ամյա պահակ Աբեր Սիսլեյը մաքրել է առյուծի վանդակը, որին կոչել են եթովպիական հայտնի վազող Կենենիս Բեկելի անունով: Տղամարդը մոռացել է փակել այն դուռը, որտեղ քնած է եղել գիշատիչը: Արդյունքում առյուծը հարձակվել է պահակի վրա և 15 րոպեում հոշոտել նրան:Օգնության են հասել զինված ոստիկանները, բայց ոչինչ չեն կարողացել անել:
Այժմ կենդանաբանական այգին, որտեղ օրական մինչև 2000 մարդ է այցելում, շրջափակված է, նրա ղեկավարությունը պաշտոնապես ցավակցել է իր աշխատակցի մահվան համար:
” Մենք ցավում ենք, բայց ոչնչով չենք կարող օգնել”,-տխրությամբ հայտարարել է այգու տնօրենը:
Ադիս-Աբեբայի կենդանաբանական այգին բացվել է 1948թ.` հատուկ իմպերատոր Հայլե Սելասիեի առյուծների համար, որոնց մինչ այդ նա պահում էր իր կալվածքում` որպես ընտանի կենդանիներ: Նախորդ ողբերգական դեպքը այդ նույն կենդանաբանական այգում, երբ առյուծը գզել է պահակին, տեղի է ունեցել 1996թ.:
«Անկախ»-ը նամակ է ստացել Աշխեն Մարգարյան անունով քաղաքացուց, որում վերջինս տեղեկացնում է, որ վաղը` սեպտեմբերի 18-ին, ժամը 14:30-ին, Դավիթ Անհաղթի 23 հասցեում (Աճուրդի կենտրոն) տեղի կունենա իր բնակարանի հարևանությամբ գտնվող տարածքի աճուրդը:
Նամակում ասված է, որ հիվանդության պատճառով ոտքից զրկված 48-ամյա կինը Եղեգնաձորի Սեւակի 9-րդ շենքում փոքրիկ սենյակ է վարձակալել ու հրուշակեղենի արտադրամաս հիմնել: Փոքրաթիվ աշխատակազմով, որոնց մեջ նույնպես հաշմանդամներ կան, պատվերով տորթեր ու այլ անուշեղեններ է պատրաստում: Տնից արտադրամաս «ճանապարհը» հաշմանդամ կինն անցնում է գրեթե սողեսող, բայց արդեն համակերպվել է:
Իր բնակարանի հարևանությամբ երրորդ հարկում 43 քմ ազատ տարածք կա: Վայոց Ձորի մարզպետից խնդրել է այդ տարածքն իրեն տրամադրել, ավելի նախընտրելի է, վարձակալել:
«Մարզպետը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն, այստեղից պատասխանել են, թե տարածքը սեփականաշնորհման գործընթացում է: Հետո ավելի ուշ տեղեկացել են, որ երրորդ հարկի տարածքը, 600 քմ մակերեսով նկուղի հետ ընդգրկվել է մեկ փաթեթում ու աճորդի է հանվելու: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 18-ին, մեկնարկային գինը կազմում է մոտ 22մլ 600 հազար դրամ: Արդեն քանի տարի պետական դռները թակելով եմ զբաղվա»մ- ասված է նամակում:
|
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆէսճեանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ: «Տարիներ շարունակ պարոն Գաֆէսճեանը ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամրապնդելու գործում: Նրա գործունեությունն օրինակ էր ծառայում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին շոշափելի օժանդակություն ցուցաբերել մայր Հայաստանին: Բարձր եմ գնահատում նրա ազգանվեր նախաձեռնությունները: Հմուտ կազմակերպչի և առատաձեռն ու անշահախնդիր բարերարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին երևանյան կասկադի կերպարանափոխման և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծման գործում, որն իրավամբ դարձավ մեր մայրաքաղաքի ամենասիրված և ճանաչված վայրերից մեկը: Կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ջերարդ Գաֆէսճեանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: |
Այսօր թուրքական թերթերից մեկի առաջին էջին լուր է հայտնվել, թե իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներից հանդիսացող և կուսակցության ներսում լուրջ պարտականություններ կատարող երկու կին գաղտնալսող սարքեր են տեղադրել վարչապետ Էրդողանի աշխատասենյակում և, լսելով կուսակցության ղեկավարության խոսակցությունները, տեղեկություն են հավաքել Իրանի համար:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ այսօր փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է «ԱԶԿ-ում Իրանի երկու գործակալ» վերնագրով հոդվածը: «Գաղտնալսման սարքեր տեղադրող մարդիկ, որոնց անունները հիշատակվում են, ԱԶ կուսակցության հետ ոչ առնչություն չունեն և այդ լուրը ամբողջությամբ սուտ է: Հետաքննությունը շարունակվում է, սակայն նշված անձինք կուսակցության հետ որևէ կապ չունեն»,-ասել է փոխվարչապետ Բոզդաղը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին 20 ժամ անց է կացրել հատուկ սառնարանի խցիկում: Արքայազնն այդ քայլին է դիմել Հարավային բևեռ արշավախմբին մասնակցելուն պատրաստվելու համար:
Ինչպես ճշտում է “Интерфакс” -ը, վկայակոչելով բրիտանական The Guardian, 29-ամյա բրտանական թագաժառանգը -35 աստիճան ցելսիուսի և 72 կմ/ժամ “արհեստական” քամու առկայության պայմաններում անց է կացրել 20 ժամ: Պայմանները մաքսիմալ մոտ էին Հարավային բևեռի եղանակային պայմաններին:
Սառնարանի խցիկում արքայազն Հարրին ստուգել է իր հագուստը, որով ինքը և իր թիմը նպատակ ունեն մասնակցել դեպի Հարավային բևեռ արշավախմբի աշխատանքներին, որը կկայանա այս ձմեռ: Արքայազնի հետ միասին խցիկում պատրաստվել են նաև ապագա արշավախմբի ուրիշ անդամներ`բրիտանական զինված ուժերի նախկին ծառայողներ, որոնք կորցրել են վերջույթները Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ:
Արքայազնի արշավախումբը կմրցի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բևեռագնացների ուրիշ թիմերի հետ. մասնակիցները ձգտելու են ինչքան հնարավոր է արագ հասնել Հարավային բևեռ:
Նախկինում արքայազն Հարրին ստիպված էր հրաժարվել նմանատիպ արշավանքներից, քանի որ այդ ժամանակը համընկնում էր եղբոր` արքայազն Ուիլյամի հարսանիքի հետ:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը հրապարակել է Ադրբեջանում հոկտեմբերիր 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրարշավի մոնիթորինգի վերաբերյալ ընթացիկ զեկույցը, հաղորդում է “Կոնտակտ”կայքը:
Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախորդ առաջարկությունները՝ կապված ընտրական գործըթնացի բարելավման հետ, հաշվի չեն առնվել:
Բոլոր մակարդակներում ընտրական հանձնաժողովների ստեղծումը դե ֆակտո ապահովում է ընդունովող որոշումներում խոհրդարանական մեծամասնության՝ “Ենի Ազերբայջան” կուսակցության առավելությունը:
Եվրոպացի դիտորդները իրենց մտահոգությունն են հայտնել մեդիայի միջավայրի, այդ թվում՝ կառավարության կողմից համազգային հեռուստաընկերությունների նկատմամբ վերահսկողության հաստատման վերաբերյալ:
Փաստաթղթում նշվում է, որ առաջիկա ընտրությունները անցկացվում են մթնոլորտում, որտեղ գերիշխող դիրքեր ունի քաղաքական մեկ կուսակցություն: Բացի այդ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակվել է:
Խորհրդարանում, ըստ զեկույցի, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցութանը 125 տեղից պատկանում է 70-ը: 42 անկախ պատգամավորները հաճախ ևս քվեարկում են իշխող կուսակցության օգտին:
Թեկնածուների մի մասը իր մտահգությունն է հայտնել ընտրարշավի ժամանակահատավածի կրճատման և հեռուստատեսությանը մատչելիության սահամանափակման հարցով: Փաստաթղթի համաձայն՝ բացակայում են հեռուստատեսությամբ բազմակարծիք քաղաքական քննարկումները, ու թեև տպագիր մամուլն առավել բազմակարծիք է, նրանց տարածումը շրջաններում սահմանափակված է:
Հյուսիսային Իսպանիայի քաղաքներից մեկում փնտրում են վիճակախաղով 6,3 միլիոն դոլար շահած, սակայն կտրոնը տոմսարկղում թողած անձին:
Կորունա քաղաքի տոմսարկղում գտնված տոմսը, որի խաղարկությունը տեղի էր ունեցել 2012թ-ի հունիսի 30-ին, հանձնվել է իշխանություններին:
Երեքշաբթի քաղաքապետարանը իր կայքում կորցված և գտնված իրերի կողքին տեղադրել է նաև այդ խաղատոմսի հայտարարությունը:
Քաղաքապետ Կառլոս Նեգրեյրան կատակել է, որ ինքը կդառնա առաջին քաղաքապետը, որ միլիոնատիրոջը փնտրում է գումար հանձնելու, այլ ոչ խնդրելու համար:
Քաղաքապետի խոսքով իրենք խիստ ստուգումներ են անցկացնելու իրական տիրոջը տարբերելու համար, իսկ եթե չգտնեն, ապա խաղատոմսը կհանձնեն այն գտնողին:
Սեպտեմբերի 13-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում կազմակերպել էր “IT’s Armenia”խորագրով սեմինար, որին աջակցում էին Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) եւ Ճապոնիայի առեւտրաարդյունաբերական պալատը (JCCI):
Սեմինարը նվիրված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը ներկայացնելու նպատակով դեսպանությունը Տոկիո էր հրավիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ”-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, “Instigate CJSC”-ի համահիմնադիր եւ տեխնիկական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանին, “Viasphere International and Viasphere Technopark”-ի ղեկավար Տոնի Մորոյանին (ԱՄՆ), “Mentor Graphics Corp.” -ի ինժեներական բաժնի տնօրեն Արա Մարկոսյանին (ԱՄՆ): Սեմինարին մասնակցեցին ճապոնական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, պետական կառույցների մոտ 150 ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հայ-ճապոնական հարաբերությունները, իրականացվող աշխատանքն ու գործակցության խորացման հնարավորությունները:
Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց SSIS (Society of Semiconductor Industry Specialists) կազմակերպության նախագահ, “Hitachi” ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, ով խոսեց կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման ուղիների, մասնավորապես՝ “Makimoto Wave” անուն ստացած միտումների, իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի եւ հաջողության հասնելու սկզբունքների վերաբերյալ:
Սեմինարի զեկուցողները համակողմանիորեն ներկայացրին Հայաստանի ՏՏ ոլորտի առանձնահատկությունները, վերջին 20 տարում իրագործված ծրագրերը, համագործակցության եւ ներդրումային հնարավորությունները, Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործունեություն ծավալած ընկերությունների փորձը եւ ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներն ու ակնկալիքները: Ճապոնական ընկերությունները հրավիրվեցին մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք “ArmTech Congress” եւ “Dijitec Expo 2013” միջոցառումներին:
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում հայ եւ ճապոնացի մասնագետները զրուցեցին ընդհանուր հետաքրքություն ներկայացնող հարցերի եւ Հայաստանում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: Ճապոնացի մասնակիցներից շատերը նշեցին, որ Հայաստանի նվաճումները ՏՏ ոլորտում իրենց համար անակնկալ էին, եւ միջոցառումը նպաստեց ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը:
2013թ. սեպտեմբերի 15-ին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival):
Հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքերով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի «Նաիրի» միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը եւ ուրիշներ: Շառլ Ազնավուրը հետաքրքրվեց խազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրեց ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Նա այցելեց նաեւ Սբ. Կարապետ հայկական եկեղեցի:
Ադրբեջանի բանակի բարձրաստիճան սպաներից, պատգամավորներից, հանրության և մտավորականության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն սեպտեմբերի 17-ին եղել է շփման գծի մոտակա զորամասերում։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այնտեղ ճեպազրույց է տվել։ Անդրադառնալով սահմանին գրանցվող միջադեպերին, որոնց հետևանքով ադրբեջանցի զինվորներ են զոհվում, Սաբիրօղլուն պնդել է, որ Հայաստանը “երկու անգամ ավելի զոհեր է տվել”։
“Ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվել են շփման գծից դիպուկահարներին հեռացնել։ Մենք չենք հեռացնի դիպուկահարներին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել”,-ասել է Էլդար Սաբիրօղլուն։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն:
Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի Ոչ Ատելության Կոչերին Շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշեց. <<Մեր համատեղ խնդիրն է միահամուռ եւ հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը եւ բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երեւույթները ծնող պատճառների եւ դրանց ցանկացած դրսեւորումների դեմ>>:
Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրեց նաեւ, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին եւ հանդես է գալիս կազմակերպության գործունեության եւ դերակատարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով: