Հրանտ Դինքի փաստաբանները կպատմեն դատական գործի ողջ ընթացքի մասին

group of tourists 1   Ինչպես հաղորդում է «Ակօսը»՝ վաղը առավոտյան Հրանտ Դինքի ընկերները, նրա դատական գործով զբաղվող փաստաբաններ Ֆեթիյե Չեթինը, Հաքան Բաքըրջըօղլուն և Իսմայիլ Ջեմ Հալավուրթը մամլո ասուլիս կտան, որի ժամանակ կպատմեն Դինքի դատավարության ընթացքի մասին՝ սկզբից մինչև այսօր: Հրանտ Դինքի ընկերները, նշելով, որ հավաքվելու են իրենց անցած ուղին և զարգացումները ևս մեկ անգամ հիշելու համար, հետևյալ համատեղ հայտարարությունն են արել. «2012 թվականի հունվարի 17-ին դատավարությունը ավարտվեց, սակայն արդյունքը ոչ մեզ, ոչ էլ գործին հետևող թուրքական հասարակությանը չգոհացրեց: Գործը վճռաբեկ դատարանից ավելի քան մեկ տարի անց հետ եկավ, այն վերսկսում է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին»:

Բաշար Ասադը խոսել է ռուսական հեռուստաալիքի եթերում

asad Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է ռուսական «Rossiya-24» հեռուստաալիքի եթերում. «Մենք ընդունեցինք քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու առաջարկը, քանի որ այն Ռուսաստանը արեց: Մեր որոշման վրա չեն ազդել ԱՄՆ-ի սպառնալիքները»,-ասել է Ասադը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդիպել է իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի ծանոթանա Ռուսաստանի՝ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու Սիրիային արված առաջարկը: Ռուսական ծրագիրը այսօր ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին:

 

 

Աստված ներում է անհավատներին. Հռոմի պապ Ֆրանցիսկ

papԻնչպես հաղորդում է թուքրական «Ռադիկալը»՝ Հռոմի պապ Ֆրանցիսկը «La Repubblica» թերթին մի երկար նամակ է գրել, որտեղ նշել է, թե անհավատ մարդիկ մահից հետո կարող են դրախտում հայտնվել՝ լսելով իրենց խղճի ձայնը: Այս կերպ պապը պատասխանել է վերոնշյալ թերթի լրագրողներից մեկի հարցին: «Ինձ հարցնում եք, թե արդյո՞ք քրիստոնյաների աստվածը ներում է անհավատներին: Ես էլ ձեզ ասում եմ, որ այն անձի համար, որը առաջնորդվում է զղջմամբ և անկեղծությամբ, աստծո ներողամտությունն անսահման է: Անհավատները պետք է լսեն իրենց խղճի ձայնը»,-գրել է պապ Ֆրանցիսկը:

 

 

Կատալոնացիները 400 կիլոմետրանով շղթա են կազմել՝ պահանջելով անկախություն Իսպանիայից

katalon   Կատալոնիայի բնակիչները 400 կմ երկարությամբ շղթա են կազմել՝ Իսպանիայից պահանջելով անկախություն: Նման ակցիա ժամանակին անցկացրել էին նաև Բալթիկայի բնակիչները: Կատալոնիայի անկախության մոտ 350 կողմնակից «Կատալոնյան ուղի» անունով նախաձեռնության շրջանակներում հսկայական շղթա են կազմել՝ շարվելով միջերկրածովյան ափին՝ Ֆրանսիայի հետ սահմանից մինչև իսպանական Վալենսիա:

Ինչպես գրում է թուրքական «Հաբերլերը»՝ ակցիայի կազմակերպիչները նշել են, որ նման նախաձեռնությամբ նպատակ ունեն եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրելու կատալոնացիների՝ անկախանալու պահանջի վրա: Մադրիդը պատասխանում է, որ դա անկատարելի է: Կատալոնական ազգային անսամբլեայի անդամ Ժայմե Կոլը նշել է. «Կատալոնացիները մեծագույն ժողովուրդ են և անկախության իրավունք ունեն: Իսկ ազգի ճակատագիրը կորոշվի քվեարկությամբ, որը մենք նախատեսում ենք անցկացնել ոչ ուշ, քան 2014 թվականը: Այսօր մենք Եվրոպային ցույց ենք տալիս մեր կամքը»:

Դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան

դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ամբաստանյալի կողմից դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ նետելու, դատախազին հայհոյելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել էր մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ: Միաժամանակ, ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել։

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողություն

3765

 

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ Նախագահ և այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաև բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար. Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100-ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին:

Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը և հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը: Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի և կհրապարակվի նրանց հերոսական կյանքի պատմությունը:

Իր ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը, շնորհակալություն հայտնել պարգևի համար և խոսել մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու, դատապարտելու ու դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու Հայաստանի քաղաքականության մասին:

***


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողության ժամանակ

 

 

Հարգարժա՛ն պարոնայք Թենեմբաում և Էռնեկյան,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

«Վալենբերգի 100-ամյակի մեդալն» ինձ համար ոչ միայն պատվաբեր, այլև առանձնահատուկ խորհուրդ ունեցող է: Այն բովանդակում է մարդասիրության և ոգու արիության այն վեհ արժեքները, որոնց դավանում է հայ ժողովուրդը: Դրանցով են առաջնորդվել այն հայորդիները, ովքեր չեն համակերպվել և չեն հանդուրժել մարդկության պատմության ծանրագույն ոճիրները, սեփական կյանքն են վտանգել՝ հանուն բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության:

Դոկտոր Հարություն Ռուբենի Խաչատրյանի պատմությունը ցեղասպանության արհավիրքից մարդկային կյանքերի փրկության հերոսական արարքների մասին վկայող, շատ լավ, բայց բազմաթիվ օրինակներից մեկն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ՝ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում յուրաքանչյուր նման պատմություն լսելիս:

Մեծապես արժևորում եմ այսօրինակ հերոսական պատմությունների վրա լույս սփռելու՝ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը: Ռաուլ Վալենբերգի և նրա նման մարդասերների մասին պատմությունների տարածումը և դրանցով սերունդներ կրթելու առաքելությունն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն մարդասիրություն և մարդկային ոգու արիություն սերմանելու, ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու տեսանկյունից, այլև էապես նպաստում են անցյալը անաչառ գնահատելու և, այդպիսով, մարդկության դեմ գործած այդ զարհուրելի հանցագործությունը դատապարտելու և կանխարգելելու ջանքերին:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր պարոն Բարուխ Թենեմբաումին, հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից պարոն Էդուարդո Էռնեկյանին և, իհարկե, հիմնադրամի ողջ անձնակազմին` իրենց մեծ նվիրումի համար: Շատ շնորհակալ եմ:

Հարգելի՛ ներկաներ,

Մեր ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանի Հանրապետությունն անում է ամեն հնարավորը ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու համար: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին մի քանի բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված պետությունների հանձնառությունների մասին:

Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է սահմանել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են ոչ միայն գոյատևել, այլև խրախուսվել կոնկրետ ուժերի կողմից՝ այդ թվում պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:

Ավարտելով խոսքս՝ կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ հիշողության պահպանմանն ուղղված գործունեության համար: Եթե մենք այսօր չհիշենք Մեծ եղեռնը, Հոլոքոսթը, չհիշատակենք այդ սոսկալի ոճիրների զոհերին, եթե չհիշենք և արժանին չմատուցենք բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ճիրաններից մարդկային կյանքեր են փրկել, ապա մեղսակից կլինենք այդօրինակ սոսկալի հանցագործությունների կրկնությանը: Այս առումով շատ դիպուկ է արտահայտվել հրեական ծագումով ամերիկացի մեծ մտածող Էլի Վիզելը. «Առանց հիշողության չկա մշակույթ: Առանց հիշողության չի կարող լինել քաղաքակրթություն, հասարակություն և ապագա»:

Մենք՝ հայերս, ունենք այն խորը համոզմունքը, որ Հոլոքոսթից հնարավոր կլիներ խուսափել, եթե լիներ հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը, եթե այն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց արժանի պատիժը: Այս առումով, շնորհակալություն եմ հայտնում Վալենբերգի հիմնադրամին Հոլոքոսթի կողքին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային կյանքեր փրկած անհատների և կազմակերպությունների մասին տեղեկատվություն հավաքագրելու փորձերի համար: Այս գործի հաջողությունը հատկապես արժեքավոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Շնորհակալություն:

 
***

Լրացուցիչ տեղեկություններ
Ռաուլ Վալենբերգի և նրա անվան միջազգային հիմնադրամի մասին

 

Ռաուլ Վալենբերգը շվեդ դիվանագետ էր, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել է հազարավոր հրեաների: Համարվում է անհայտ կորած 1945-ից: 1944-ին, հրեա գերիներին փրկելու նպատակով, Շվեդիայում ԱՄՆ ռազմագերիների խորհրդի պաշտոնական ներկայացուցչի աջակցությամբ գործուղվում է Բուդապեշտ` որպես շվեդ դիվանագետ: Վալենբերգի ջանքերով տասնյակ հազարավոր հրեաների տրամադրվում են շվեդական անձնագրեր և դրանով ստանում դիվանագիտական անձեռնմխելիություն:

Երբ հունվար ամսին խորհրդային զորքերը մտնում են Բուդապեշտ, նրանք ձերբակալում են Վալենբերգին ԱՄՆ օգտին լրտեսության կասկածանքով, այնուհետև մարտ ամսին հայտարարում են նրա մահվան մասին: 1957թ. խորհրդային իշխանությունները փաստաթուղթ են հրապարակում, որի համաձայն Վալենբերգը մահացել է 1947թ. հուլիսի 17-ին Լյուբյանկայի բանտախցում սրտի կաթվածից: Սակայն, մինչ օրս Վալենբերգի մահվան հանգամանքների և ամսաթվերի տարբեր վարկածներ են շրջանառվում:

2012թ. Վալենբերգի հարյուրամյակի կապակցությամբ ԱՄՆ կոնգրեսը Վալենբերգին հետմահու շնորհել է Կոնգրեսի ոսկե մեդալ` ի ճանաչումն Հոլոքոսթի ժամանակ նրա հերոսական արարքների:

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման և իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության և համերաշխության արժեքները` Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով: Հիմնադրամը զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաև Վալենբերգի ջանքերով փրկվածների, և նմանօրինակ խիզախություն դրսևորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումը և հրապարակումը:

Հիմնադրամը գրասենյակներ ունի Նյու Յորքում, Երուսաղեմում, Բուենոս Այրեսում և Բեռլինում:

Հիմնադրամին անդամակցում են ավելի քան 200 հայտնի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ՝ պետությունների ղեկավարներ, արքայական ընտանիքների անդամներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նահանգապետեր, քաղաքապետեր և այլոք: Նրանց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լիտվայի նախկին Նախագահ Վալդաս Ադամկուսը, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, ՄԹ նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Ֆրանսիայի նախկին վարչապետներ Դոմինիկ դը Վիլպենը և Ֆրանսուա Ֆիյոնը, Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը, Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչը, Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Մարոկոյի Թագավոր Մոհամեդ 4-րդը, Իսրայելի Նախագահ Շիմոն Պերեսը, Վրաստանի նախկին Նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, Սլովենիայի նախկին Նախագահ Դանիլո Թյիրկը և այլոք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հանդիսանում է հիմնադրամի պատվավոր անդամ:
Հիմնադրամի որոշմամբ 2013թ. ՀՀ Նախագահին շնորհվեց «Ռաուլ Վալենբերգի հարյուրամյակի մեդալ»:

Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը Էդուարդո Էռնեկյանն է:

Հիմնադրամը և Էդուարդո Էռնեկյանը համատեղ որոշում են կայացրել Հոլոքոսթից բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկած հայերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով հուշարձան կանգնեցնել Բուենոս Այրեսում: Մինչ օրս հիմնադրամի ջանքերով հայտնաբերվել են 23 հայերի անուններ, որոնք 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական քաղաքականության զոհ դարձած մարդկանց՝ հրեաների, գնչուների և այլոց կյանքեր են փրկել:

 

Կանադացի կինը հղի ձևանալով փորձել է Կոլումբիայից 2 կգ կոկաին տեղափոխել

Tabitha Leah Ritchie1Կոլումբիայի ոստիկանությունից հայտնում են, որ Տորոնտոյից կինը ձերբակալվել է Բոգոտայի օդանավակայանում՝ հղի ձևանալով 2 կգ կոկաին իր վրա կրելու համար:

28-ամյա Թաբիթա Լիա Րիչին Բոգոտայում փորձում էր բարձրանալ Air Canada-ի ինքնաթիռը, երբ հսկիչը նկատել է, որ նրա փորը անսովոր սառն է և կոշտ:

Ոստիկանությունը հայտնաբերել էր նրա մարմնին ամրացված լատեքսից պատրաստված կեղծ փորը և 2կգ կոկաին:

Ոստիկանությունից հայտնում են, որ Րիչին Կոլումբիա է ժամանել օգոստոսի 6-ին՝ ավելացնելով, որ նա սոցիալական աշխատող է:

Կանադայի դեսպանատունը դեպքի կապակցությամբ մանրամասներ չի հաղորդել:

Կոլումբիայի պետական պաշտոնյաների տվյալներով՝ երկրի բանտերում 874 օտարերկրացիներ են պահվում՝ հիմնականում թմրանյութի տեղափոխման մեղադրանքով:

Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի առևտրային կենտրոնում հայկական տաղավար է բացվել

10688_am_2Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։ Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։
Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ:
Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի և հյութեր։
Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Ջինսուն նահանգում նորաբաց մշտական տաղավարի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի արտադրողներին իրենց համար բացահայտել չինական շուկայի ներուժը, ստեղծել շահավետ գործարար կապեր։

Որդու հետ վիճաբանել և հրկիզել էր խոտի դեզը

հրդեհՍեպտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ոչ սթափ վիճակում վառել է իրենց բակում գտնվող խոտի հակերը` 150.000 դրամ արժողության:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, 1956 թ. ծնված Արայիկ Հ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդու հետ, որից հետո վառել տան բակում գտնվող խոտի 55 հակերը:
 Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Քաղաքապետարանը 2010-2013թթ. քառամյա ծրագիրը չի իրականացնում

«Բարև Երևան» դաշինքԱվագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների վերաբերյալ երեկ նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորա ասվում է. 

«Իմ հարցմանն ի պատասխան ստացել եմ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին տեղեկություն (կատարողներ՝ Հանրակրթության, Իրավաբանական և Կազմակերպական վարչություններ), ըստ որի՝ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը 20080 է: Եթե անգամ ընդունենք, որ նրանց 30 տոկոսը կրկնակի հերթագրվածներ են, ապա մոտ 15000 հերթագրված երեխա կա Երևանում, որոնց առնվազն 1/3-ը 5 տարեկանները կլինեն, այսինքն՝ 5 տարեկան մոտ 5000 երեխա այսօր դուրս է մնում կրթությունից:

Հիշեցնեմ, որ «Կրթության զարգացման պետական ծրագրիր» ՀՀ օրենքով նախատեսված է, որ մինչև 2015 թվականը 5 տարեկանների 90 տոկոսը պետք հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Երևանի զարգացման 2010-2013թթ. ծրագրում էլ գրված է՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին պետք է պարտադիր ընդգրկել նախադպրոցական կրթության համակարգ, սակայն ոչ մի կետով  չի նախատեսվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվն  ավելացնել կամ չի խոսվում այն ծրագրի մասին, որով դպրոցներում կիրականացվի այս ծրագիրը: Առիթը եկել է ասելու, որ այդ ծրագրով նախատեսվել է հիմնանորոգել 16 մանկապարտեզ և նորոգել 4 մանկապարտեզների տանիքն ու սանհանգույցները: Մասնավորապես, 2011 թվականին ծրագրված է եղել հիմնանորոգել Երևանի Կենտրոնի հ.1 մանկապարտեզն ու կաթսայատուն կառուցել մանկապարտեզի համար, սակայն առ այսօր՝ 2013 թվականի սեպտեմբերը, մանկապարտեզի դռները դեռևս փակ են, քաղաքապետարանը կամ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը այդպես էլ չեն պատասխանում իմ գրավոր այն հարցմանը, որով խնդրել եմ տրամադրել այդ մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը և ներսը տեսնելու թույլտվությունը:

Կրկին խնդրում եմ տրամադրել թ.1 մանկապարտեզի գործունեությունը կասեցնելու որոշումն ու կազմակերպել այցելություն այդ մանկապարտեզի ներսն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև ներկայացնել քաղաքապետարանի այն միջոցառումների պլանը, որը միտված է լինելու նախադպրոցական կրթության «ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքի պահանջն իրականացնելուն:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում բռնկված հրդեհը չեն կարողանում մարել

4Կասպից ծովի Բուլլա կղզում գտնվող ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում բռնկված հրդեհը դեռևս շարունակվում է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը`հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի պաշտոնական կայքին, կրակի մարման ուղղությամբ տարվում են տեխնիկական աշխատանքներ:

“Բուլլա-դենիզ” հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառով նավթահանքի ծովային հարթակից էվակուացվել են 62 աշխատակիցներ, սարքավորումների մի մասը: Զոհեր չկան: “Բուլլա-դենիզ”-ը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 80 կմ հեռավորության վրա:

Օբաման բարձացրե՞ց իր հեղինակությունը, թե՞ հակառակը

ՕբամաԱնգլիական պարբերականներում տարածվել են հրապարակումներ, որոնցում նշվում է,
թե Օբաման աշխարհը հանձնեց Պուտինին, և Սիրիայի վրա հարձակումների հետաձգումը Օբամայի վարկանիշի անկում բերեց:

Այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը:
«Նախագահի վարկանիշի անկում եղավ այնքանով, որ նա հայտարարեց, թե հարվածելու է Սիրիային ու չհարվածեց, բայց այստեղ մի բայց կա: Չպետք է բացառել, որ ԱՄՆ-ն ի վերջո կհարվածի Սիրիային, մանավանդ որ նա հայտարարեց, թե այդ հարվածները կլինեն արդյունավետ, երբ էլ որ լինեն: Եվ ամենակարևորը, այս ամենի արդյունքոմ Սիրիան զրկվեց քիմիական զենքից, որը տարածաշրջանում ձեռնտու էր Իսրայելին` ԱՄՆ-ի հուսալի դաշնակցին: Մյուս կողմից դա շատ ձեռնուտու է Ամերիկային` հետագա վտանգներից խուսափելու համար», – կարծիք հայտնեց Սարգիս Գրիգորյանը:

Իսկ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ  հարվածները հետաձգելով  Օբաման բարձացրեց իր հեղինակությունը, որովհետև նա, ի վերջո, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, և այս քայլը մասամբ արդարացնում է նրա այդ մրցանակը:

Օդանավակայանում ուղևորի պայուսակում թմբուկավոր ատրճանակ է հայտնաբերվել

ատրճանակՍեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ հատուկ զննման գոտում արգելված ուղեբեռ կա:
Մեկնած օպերատիվ խումբը, օդանավակայանի զննման գոտու աշխատակիցների հետ, 1990 թ. ծնված Արտաշես Ա.-ի պայուսակից հայտնաբերել է  5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ` 5 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Սերժ Սարգսյանն ընդունել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

3760ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին:

Սերժ Սարգսյանը Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով

3758Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և մասնակցելու է նաև Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

Նախագահը բարձր է գնահատել Յուրի Բաշմետի գործունեությունը և հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած նրա մեծ վաստակի համար Յուրի Բաշմետին պարգևատրել Պատվո շքանշանով: «Ես համարում եմ, որ Ձեր ողջ կյանքը արժանի և անձնվեր ծառայություն է մշակույթի մեծ գործին: Դուք Ձեր արվեստով միավորում եք մարդկանց: Իրականում դա շատ կարևոր է, առավել ևս ժամանակակից աշխարհում, երբ կան բազում խնդիրներ»,-ասել է Նախագահը և շնորհակալություն հայտնել Յուրի Բաշմետին հայ ժողովրդի համար և՛ դժվարին, և՛ ուրախության պահերին մշտապես նրա կողքին լինելու և սատարելու համար:

Անվանի արվեստագետը մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության կողմից նման բարձր պարգևի արժանանալը և շնորհակալություն հայտնել գնահատանքի ու ջերմ խոսքերի համար:

«Մերսեդես»-ը գլորվել է ձորը. ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

ավտովթարՍեպտեմբերի 12-ին, ժամը 00.50-ին, «Մերսեդես CLK» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Հոռոմ ճանապարհի 6-րդ կմ-ին` Նոր-Կյանք գյուղի հատվածում,  դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1995 թ. ծնված  Ջիմի  Գրիգորյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Թմրամիջոց՝ բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից

ԹմրամիջոցՍեպտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Դավիթ-Բեկի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից հայտնաբերվել են «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Բնակարանային գողերը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին

ձերբակալելՍեպտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 1965 թ. ծնված  Ամալյա Հ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 08.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են 170.000 դրամ և 200 դոլար:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, հարմարեցված բանալիով դուռը բացելով և բնակարան մուտք գործելով, կատարել են 1985 թ. ծնված Սեդրակ Ս.-ն և  1982 թ. ծնված  Վահագն Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Սեդրակ Ս.-ն և  Վահագն Հ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հայաստանում տեղի կունենա Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ նիստը

կբՍեպտեմբերի 12-14-ըՀայաստանումտեղի կունենաԿենտրոնականԱսիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական /ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

Կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է գտնվելու 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:

Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ: Հանդիպման գլխավոր զեկուցողն է Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին: Զեկուցողների թվում են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և«Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը: Հանդիպումն անցկացվում է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ» խորագրի ներքո և ունի բավականին հագեցած օրակարգ:

Զեկուցողների ելույթները հիմնականում վերաբերում են ֆինանսական աշխարհում արդիական խնդիրներին: Ջոզեֆ Տոսովսկին ներկայացնելու է «Նորմատիվային նոր գլոբալ բանկային համակարգ» զեկույցը, իսկ Ռադովան Ժելաշիչը՝ արտարժույթով վարկավորելու հունգարական փորձը: Անդրադարձ կկատարվի նաև «Համաշխարհային տնտեսության և հիմնական ֆինանսական շուկաների հեռանկարներ» թեմային, որը կներկայացնի Բորիս Բորոզանը:

Կառավարիչների ակումբի հանդիպումը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները նման բարձրաստիճան հանդիպումներ, ինչպես նաև այլ ձևաչափերի սեմինարներ, կոնֆերանսներ անցկացնելու համար:

Ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաևնշված երկրների կենտրոնական/ազգային բանկերի միջև գործակցության ընդլայնումը և խորացումը: Այս ամենն իր հերթին կնպաստի Հայաստանում դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգմանը, ֆինանսական կայունության հաստատմանն ու տնտեսական մթնոլորտի բարելավմանը:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին

3752Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30-րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Ակումբի շարունակական և համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման գործում: Այսպիսի հանդիպումները նաև շատ լավ հնարավորություն են ծանոթանալու անդամ երկրներին, նրանց ժողովուրդների պատմությանը, մշակույթներին, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաև Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի և, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաև ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով: