Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման էին ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով` 1966 թ. ծնված Նազանի Խ.-ին պատկանող, նկուղից գողացել է զոդման սարքեր, ապակե տարաներ, ավտոպահեստամասեր և հատակը հղկող սարքեր:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Daily Archives: February 12, 2014
Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարները (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց այսօր առավոտյան մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում աշխատավարձերից պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ: Երկուշաբթի օրը, ստանալով պահումներով աշխատավարձ, աշխատակիցները միավորվել էին և դիմում գրել մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին` պահանջով, որպեսզի հետ վերադարձնեն իրենցից պահված գումարները: Նամակում նրանք նաև իրենց դժհոգությունն ու անհամաձայնությունն էին հայտնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ:
Նամակը տնօրինությանը հանձնեց մետրոպոլիտենի աշխատակից Անդրանիկ Գևորգյանը, որի վրա, ի դեպ, չի տարածվում համակարգը, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները:
Նրա խոսքով` տնօրինությունից հայտնել են, որ նամակին կպատասխանեն օրվա վերջում:
Անդրանիկ Գևորգյանը կտրականապես դեմ է պարտադիր բաղադրիչին` գտնելով, որ դա հակասահմանադրական որոշում է. «Պարտադիր չպիտի լինի, մարդու իրավունքները չպետք է սահմանափակվեն, գումարն այստեղ երկրորդական է, մենք չենք ուզում,մ որ մեր իրավունքները սահմանափակվեն»,-ասաց նա:
Չնայած դրան` մետրոպոլիտենի աշխատակիցները դեռևս հստակ չեն որոշել հետագա անելիքները, ասում են` ամեն ինչ կախված կլինի նամակի պատասխանից: Համենայնդեպս, այս պահին նրանք հակված չեն կտրուկ քայլերի` օրինակ, գործադուլի:
Շուտով բողոքի ակցիային միացան նաև «Դեմ եմ» շարժման անդամները: Նրանք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու մետրոպոլիտենի աշխսատակիցներին: Դիմելով նրանց` շարժման ակտիվիստներից մեկը նախ ողջունեց նրանց քայլը, ապա հայտարարեց, որ այդ քայլը հուշում է այն մասին, որ կոլեկտիվում առողջացման գործըթնաց է տեղի ունենում. «Նաև իմացանք, որ ղեկավարության կողմից որոշակի ճնշումներ են եղել, և այսօր այստեղ չեն գտնվում այնքան մարդիկ, որքան սպասելի էր, այսինքն ակնհայտ է, որ մարդկանց վախեցրել են: Սակայն միակ ճանապարհը ձեր հարցի լուծման դա ձեր կոլեկտիվ պայքարն ու բողոքն է: Ձեր կողմից պետք է գործատուի վրա ճնշում լինի, որպեսզի չխախտվեն ձեր իրավունքները»:
Ակտիվիստն իր խոսքում նաև նշեց, որ Սահմանադրական դատարանի վերջին պարզաբանման մեջ հստակ նշվում է, որ գործատուները որևէ իրավունք չունեն պահումներ կատարել աշխատողների աշխատավարձից, և օրենքը ոչ մի կերպ հետադարձ ուժ չի ունենալու` անկախ ՍԴ որոշումից: «Այսինքն, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավասու չի լինելու պահելու ձեր հունվար կամ փետրվար ամսվա աշխատավարձերից որևէ վճարներ»,-պարզաբանեց նա:
«Դեմ եմ» շարժման ակտիվիստներից մեկն էլ խոսքն ուղղեց մետրոպոլիտենի ղեկավարությանը` հիշեցնելով, որ վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ աշխատակցին ճնշում էին աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, և որ դա անգամ քրեորեն պատժելի արարք է: «Կոչ եմ անում ձեր ղեկավարությանը լսել ձեր ձայնը, գալ ձեզ ընդառաջ, որովհետև միայն բավարարված, միայն գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը»:
Վերջում ակտիվիստները հնչեցրին իրենց կոչը` վանկարկելով. «Դեմ ենք, դեմ ենք, դեմ ենք…»:
Չպայթած արկ` հողամասում
Փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել 1962 թ. ծնված Հենրիկ Ա.-ն և հայտնել, որ 1991-1994 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակներից իր տնամերձ հողամասում մնացել է չօգտագործված արկ:
Օպերատիվ խումբը մեկնել է ահազանգի հետքերով:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Ջուլիա Ռոբերթսի քույրը մահից առաջ թողած գրության մեջ մեղադրում է դերասանուհուն
Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսի քրոջ` Նենսի Մոութսի մահվան վայրում հայտնաբերվել է գրություն:
Կինն իր վերջին ուղերձում իր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում է քրոջը: Ռոբերթսի ու Մոութսի հարաբերությունները միշտ լարված են եղել: Մոութսը շշուկներ էր տարածել, որ իբր Ռոբերթսը մի աչքից կույր է, հրապարակավ մեղադրել էր Ռոբերթսին, որ նա հրաժարվում է շփվել իր հետ ու վերջինիս երկրպագուներին կոչ էր անում երես թեքել նրանից: Բացի այդ, նա հայտնել է, որ Ջուլիան միշտ իր ավելորդ քաշի համար ծաղրի է ենթարկել քրոջը: Նա նկատել է, որ Ջուլիայի թունոտ նկատողություններն իր համար առանձնապես ցավոտ են եղել:
Փետրվարի 9-ին Նենսիին հայտնաբերել էր փեսացուն` Լոս անջելեսի բնակարանում: տանը թմրանյութեր ու դեղեր էին հայտնաբերվել: Դրանից հետո մտերիմ կանայք հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ մահը թմրանյութերի չարաշահման հետևանք է : Սակայն այդ վարկածի հետ բոլորը չէ, որ համաձայն են:
“Խոսքը միանշանակ, ինքնասպանության մասին է: 3 -էջանոց գրությունը հիմնականում Ռոբերթսի հետ փոխհարաբերությունների նկարագրության մասին է: Նպատակը մեկն է` խորթ քույրը իր բոլոր խնդիրների մեջ մեղավոր էհամարում քրոջը, մյուս երկու թերթերում զղջում ու ներողամտության հայց է` ուղղված մորն ու նշանածին:
Քննիչները չեն բացառում, որ Մոութսի մահն ինքնասպանություն է, սակայն վերջնական եզրահակացություններ կարվեն միայն բոլոր փորձագիտական հետազոտություններից հետո:
Ինքը` Ռոբերթսը ոչ մի հայտարարություն կատարվածի վերաբերյալ չի արել, սակայն հրաժարվել է մասնակցել պլանավորված հասարակական ու զվարճալի միջոցառումների մասնակցությունից:
Հյուրանոցում հանդիպման ժամանակ հեռախոս էր գողացել
Փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Արթուր Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Ռոբերտ Հ.-ն Վ. Սարգսյանի փողոցում գտնվող մի հյուրանոցի համարներից մեկում, հանդիպման ժամանակ, գողացել է սեղանին դրված իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց համար
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել ինչպես Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), այնպես էլ մարզերում տեղակայված Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:
Ճանապարհային ոստիկանություն
«Ինտերնետ» կոչվածը հղի է որոշակի վտանգերով. Վահե Մակարյան
Անսահման ու անեզր ինտերնետ կամ համացանց, երկու անվանումն էլ ճիշտ է ու հասկանալի: Ինտերնետի մասին դեռ մի քանի տարի առաջ շատերը գաղափար չունեին, իսկ այսօր առանց ինտերնետ կյանք չունեն: Մեր ծնողների համար Blog, facebook-ի անձնական էջ, այս բառերը ոչ մի նշանակություն չունեն, իսկ երիտասարդների համար դարձել են կյանքի մի մասնիկ: Ինտերնետը լայն հնարավորություն է տալիս շփվելու ամենատարբեր բնավորությունների տեր մարդկանց, ծանոթ-անծանոթների, հարեւանների, հարազատների, թշնամիների ու «աստղերի» հետ: Նրա շնորհիվ հասանելի է դառնում անհասանելի բարձունքներն ու արգելքները, մենք մի մասնիկն ենք կազմում աշխարհի մյուս ծայրում կատարվող իրադարձության: Մենք չենք ապրում, շնչում ու արարում առանց ինտերնետ: Մկնիկի մեկ հարվածով մեր առջեւ բացվում է անսահման լրահոս, անթիվ նյութեր, ֆիլմեր, գրքեր ու նկարներ, մեզ ձեռքով են բարեւում արտասահմանում ապրող մեր հարազատները, մեզ սիրահարվում են օվկիանոսից այն կողմ գտնվող երկրպագուները, մենք բաժանվում, միանում, արտասվում ու ժպտում ենք ինտերնետում, մեզ ճանաչում են, գնահատում, սիրում ու ատում ինտերնետում: Ինտերնետից օգտվում են հիմնականում երիտասարդները:
Լրագրող Վահե Մակարյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ ինտերներտը 21-րդ դարում ժամանակակից մարդու, հատկապես հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող մարդու համար կենսական նշանակություն ունեցող երևույթ է.
«Այսօր իսկապես դժվար է նույնիսկ տնային տնտեսուհիների, էլ չեմ ասում՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց համար իենց կյանքը, աշխատանքն ու առօրյան առհասարակ պատկերացնել առանց ինտերնետի, առանց վիրտուալ իրականության:Սակայն պետք է հաշվի առնել, որ «ինտերնետ» կոչվածն իր բոլոր դրական կողմերով հանդերձ՝ հղի է նաև որոշակի վտանգերով և պարունակում է մի շարք բացասական կողմեր, որոնք հաշվի չառնելու և դրանց հետ անզգույշ վարվելու արդյունքում կարելի է կանգնել բավականին լուրջ բացասական հետևանքների առաջ»:
Նրա խոսքով երբ չկար ինտերնետը, չկային նաև այն գաղափարներն ու այն աշխատանքները, որոնք այսօր իրականացվում են հենց ինտերնետի միջոցով: Քարի դարում մարդիկ իրենց նպատակներն ու աշխատանքներն իրականացնում էին քարից պատրաստված գործիքներիվ, այսօր մարդիկ իրենց գաղափարները կյանքի են կոչում ինտերնետի միջոցով: Այնպես որ, տեխնիկան զարգանում է մարդկանց պահանջներին համապատասխան, ու դժվար է այսօր՝ տեխնոկրատիայի այս դարաշրջանում հրաժարվել մի բանից կամ փորձել քեզ պատկերացնել առանց մի բանի, որով դու այսօր ուղղակի ապրում ես, աշխատում, արարում ու ապահովում քո վաղվա օրը:
Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Էմմա Ասատրյանի համոզմամբ 21-րդ դարն անհամ ու անգույն կլիներ առանց ինտերնետի: Հայ հասարակության մեծ մասը, եթե ոչ բոլորն այսօր օգտվում են ինտերնետից, անգամ 2-3 տարեկան երեխան գրանցված է սոցիալական ցանցերում ու ավելի արագ է կողմնորոշվում, քան հասուն 45-55 տարեկան գիտակից մարդը.
«Առանց ինտերնետ սուտ է ամեն ինչ, ինքս չեմ պատկերացնում կյանքս առանց ամեն օր ընթերցվող լուրերի, ընկերների հետ շփման, առանց ֆիլմերի, սուր ու աղմկահարույց նյութերի: Հեռուստացույց չեմ դիտում, միայն համակարգիչ` ինտերնետ, սակայն այս ամենին զուգահեռ պետք է գիտակցել, որ վիրտուալ շփումն ու իրականությունը շատ տարբեր են, անհրաժեշտ է քայլել կյանքին համընթաց, ոչ թե կառչել համակարգչից ու օրերով, ժամերով մնալ տանը: Կյանքը գնում է առաջ, իսկ մենք չպետք է վազենք, հասնելու համար, ամեն ինչ պետք է անել ժամանակին ու զգալ ամեն մի ապրած վարկյանի կարեւորությունը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
“Սերը չարժե, որ սպասես”
Չինացի գովազդատուներն աղջիկներին առաջարկում են ամուսնանալ առանց սիրո: Ամուսնությունը չէ գլխավորը երիտասարդ աղջկա կյանքում: Կարևորը շուտ ամուսնանալն է, որ չհիասթափեցնես հարազատներիդ: Հենց այդպես են կարծում սոցիալական գովազդի հեղինակները, որը հեռարձակվում է չինական հեռուստատեսությամբ` “Սերը չարժե, որ սպասես” կարգախոսով:
Ծանոթությունների Baihe.com չինական կայքի ներկայացուցիչները հոլովակ են թողարկել հետևյալ սյուժեո: Երիտասարդ աղջիկը մի քանի անգամ իր տատիկին այցելության է գնում ու այդ այցելությունների ժամանակ նրանց մեջ այսպիսի խոսակցություն է տեղի ունենում.տարեց կինը հարցնում է թոռնուհուն` ամուսնացել է նա, թե ոչ, իսկ վերջինս էլ հիասթափված պատասխանում է` ոչ:
Անցնում են տարիներ, ու տարեց կինն արդեն գամված է անկողնուն, իսկ թոռնուհին դեռևս չի ամուսնացել: Հասկանալով, որ տատիկին քիչ է մնացել ապրելու, չինուհին ասում է` այլևս ընտրության ժամանակ չունեմ: Հաջորդ կադրում ժպտադեմ չինուհին է` հարսանեկան շքեղ հագուստով ու հանդիսատեսին ուրախությամբ հայտնում է”Ես արդեն ամուսնացա”:
Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել: 30-րոպեանոց հոլովակի դիտումից հետո, Թվիթերի տեղական տարբերակի` Sina Weibo-ի 33 հազար օգտատեր գրել են, որ Baihe ընկերությանը բոյկոտ են հայտարարում:
Սոցիոլոգները նշում են, որ ՉԺՀ-ի երիտասարդները, հիմնականում ջանում են ծնողների պարտադրած կանոններից ու նորմերից հեռանալ : Ավագ սերունդն էլ վստահ է, որ ամենակարևորը կյանքում ամուսնությունն է ու շատ երեխաները:
Ալժիրում սուգ է հայտարարվել
Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել ավիավթարի զոհերի հիշատակին: Նախօրեին երկրի հարավ-արևելքում ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով 77 մարդ է զոհվել: Միակ փրկված ուղևորը հիմա գտնվում է հոսպիտալում, շատ ծանր վիճակում: Օդանավը զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների էր տեղափոխում: Վայրէջքից րոպեներ առաջ նրանց հետ կապն ընդհատվել է: Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը եղանակային վատ պայմաններ են : Ինքնաթիռի անկման շրջանում ձնամրրիկ է եղել:
Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: С-130 “Հերկուլեսը”, որն ուղղություն էր վերցրել Թամանռասսեթ քաղաքից Կոնստանտինու, վթարի է ենթարկվել տեղի ժամանակով կեսօրին մոտ, լեռնային Ջեբել-Ֆորտաս լեռնազանգվածի մոտ:
Ինչպես հայտնել են քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում` 4 կին: Հայտնի է, որ զոհվել է նաև Ալժիրի ազգային կրթության նախկին նախարարի զարմիկն ու բարձրաստիճան զինծառայողներից մեկի կինն ու դուստրը: Երկրի իշխանություններն արդեն ձևավորել են հանձնաժողով, որը կզբաղվի վթարի ուսումնասիրությամբ:
Հարաբերություններում բոյը նշանակություն ունի
Ռայսի ու Հյուսիսային Տեխասի համալսարանների մասնագետները սիրահարված զույգերի հետ հարցազրույց են ունեցել, պարզելու, թե որքան կարևոր է բոյը հարաբերություններում:
Պարզվեց, որ ժամանակակից աշխարհում, որտեղ ավանդական շատ հայացքներ ոտնահարվում են, կանանց մեծամասնությունը, ինչպես և դարեր առաջ, գերադասում են հանդիպել իրնցից բարձրահասակ տղամարդկանց հետ: Գիտնականները բացատրում են, որ նման ցանկությունը պայմնավորված է այն բանով, որ բարձրահասակ տղամարդու հետ կինն ավելի պաշտպանված է զգում, ու այդ ձգտումն ու պահանջը նրա մեջ գենետիկորեն է դրված:
Ոորոշ կանայք հարցման ընթացքում հայտարարել են, որ իրենց դուր չի գալիս “տղամարդու աչքերի մեջ` ներքև նայել”, որ չեն կարողանում իրենցից ցածրահասակ տղամարդու հետ գեղեցիկ գրկախառնվել ու նման բաներ: Այդպիսով, կանանց համար կարևոր է հարցի գեղագիտական կողմը, մինչդեռ տղամարդկանց համար, մեծ հաշվով, մեկ է, թե աղջկա բոյն ինչքան է:
Հարցված տղամարդկանց ընդամենը 13,5 %-ն է ցանկություն հայտնել հանդիպելու իրենցից ցածր հասակով կանանց հետ: Իսկ մասնակից կանանց գրեթե կեսը հայտարարել է, որ ցանկանում է կողքին բարձրահասակ տղամարդ տենել:
“Զույգը որտեղ տղամարդը կնոջից բոյով է` յուրաքանչյուրը կատարում է իրեն հատկացված դերը` տղամարդը պաշտպանում ու իշխում է, իսկ կինը ենթարկվում, ջերմություն ու քնքշություն է պարգևում”,-կարծում է Հյուսիսային Տեխասի պրոֆեսոր Ջորջ Յանսին: Գիտնականը նման նախապատվությունները բացատրում է ավանդական սոցիալական սպասումներով ու գենդերային կարծրատիպերով, որոնք տարիների ընթացքում են դաստիարակվել գեղեցիկ և ուժեղ սեռերի ներկայացուցիչների մեջ:
Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար
Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:
Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են… բայց պետք է անել: Այն ինչ մեզ անհրաժեշտ է՝ հաշտություն իրականացնել՝ անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով… Ճանաչելով պատմական իրադարձությունները դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին»:
Թեև սպասվում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա էլ ավելի բուռն է դառնալու, սակայն հայերը պետք է զգուշանան, որպեսզի չխաբվեն նման բարեմիտ, սակայն երբեմն շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունել օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման մեջ, ապա այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ակնկալումը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե և երբ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, որ իրականացվել է իրենց երկար սպասված երազանքը…
Մի քանի տասնամյակ առաջ, երբ աշխարհը դեռևս անտեղյակ էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերից, նրա ճանաչումը միջազգային հանրության և Թուրքիայի կառավարության կողմից հրատապ էր: Սակայն, ներկա փուլում, երբ երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, զուտ ճանաչումն այլևս վերջնական նպատակ չէ:
Այժմ հայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ճանաչումից այն կողմ, պետք է, արդարություն պահանջեն օսմանյան թուրք առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության համար: Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան փոխհատուցում է վճարել Հոլոքոստի համար, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի և վերադարձնի թալանված հայկական ունեցվածքներն ու բռնագրավված հողերը:
Ձգտելով դեպի արդար հատուցում, հայերը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքական ճնշում, տնտեսական բոյկոտ, ցույցեր և դատական հայցեր, գիտակցել տալու Թուրքիայի ղեկավարներին, որ ավելի նպաստավոր է բանակցել Հայաստանի կառավարության և Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ արդարացի լուծում գտնելու այս երկարատև անարդարության համար: Քանի որ առկա են զգալի անհամաչափություններ երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունների միջև, հայերը չեն կարող ստանալ իրենց բոլոր պահանջները մեկ օրում, սակայն պետք է պնդեն, որ թուրք պաշտոնյաներն իրենց առաջարկեն այնքան փոխհատուցում, որքան հնարավոր է փուլային եղանակով վերջնական լիակատար արդարության հասնելու համար:
Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումը մեծ օգուտ կբերի Թուրքիային, որը միջազգային հանրության կողմից բարձր գնահատանքի կարժանանա որպես առաջադեմ և քաղաքակիրթ երկիր: Հնարավոր է նույնիսկ նրա առաջնորդները ներկայացվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ճանաչումը՝ փոխհատուցման հետ միատեղ նաև կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հակառակ դեպքում, Հայոց ցեղասպանության հետ առերեսման գալու շարունակական մերժումը կերկարաձգի թուրք ժողովրդի անբաղձալի իրավիճակը՝ մշտապես նրանց հիշեցնելով նախնիների իրականացրած ոճրագործությունները և անընդհատ նվաստանալով ողջ աշխարհի առաջ որպես ցեղասպանության ժխտողներ:
Եթե Թուրքիայի ղեկավարները խիզախությունն ունենան լուծել իրենց հայկական կնճռոտ խնդիրը, հայ ժողովուրդը վերջապես կսկսի ստանալ իր կորուստների երկար սպասված հատուցումը, վայելել տնտեսական և աշխարհաքաղաքական ավելի կենսունակ և անվտանգ հայրենիք, հուսալով, որ ապաշխարած հարևանն ավելի հակված կլինի խաղաղ գոյակցության:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Մոլդովայի ժողովրդական արտիստի անունը հանվել է Ադրբեջանի “սև ցուցակից”
Մոլդովայի ժողովրդական արտիստ Կոնստանտին Մոսկովիչի անունը հանվել է Ադրբեջանի “անցանկալի անձանց” ցուցակից։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նրա անունն այլևս ընդգրկված չէ Ադրբեջանի արտգործնախարարության կայքի “անցանկալի անձանց” ցուցակում, որտեղ նա հայտնվել էր “առանց Ադրբեջանի թույլտվության 2009թ.-ին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար”։
Կոնստանտին Մոսկովիչը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրելով իր անունը հանել երկրի արտաքին գործերի նախարարության կողմից կազմած “անցանկալի անձանց” ցանկից։ Մոլդովայի ժողովրդական արտիստի նամակում նշված է, որ նա Լեռնային Ղարաբաղ այցելել է որոշակի նպատակով և պարտավորվում է այլևս չխախտել Ադրբեջանի օրենքները։
Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ներառվում են Ադրբեջանի արտգործնախարարության “պերսոնա նոն գրատա” ցուցակում, որում ներառվել է 335 օտարերկրացի:
Եղանակային նոր ռեկորդներ` աշխարհում
ԱՄՆ-ում ձյան հզոր ցիկլոնը մոտենում է Նյու-Յորքին: Միանգամից 8 նահանգում հայտարարվել է ԱԻ, կան զոհեր: Ավիաընկերությունները շուրջ 2 հազար թռիչք են հետաձգել: Բրիտանիայում փորձում են վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղին դիմակայել: Թեմզայի մակարդակը վտանգավոր է դարձել, Լոնդոնի արվարձանները հեղեղված են:
ԱԻ ռեժիմ է նաև ԱՄՆ-ի 8 նահանգներում(Վիրջինիայից Տեխաս)` առատ ձյան պատճառով: Ոստիկանությունը հայտնել է 4 զոհի մասին: Ամենաբարդ դրությունը ստեղծվել է Հյուսիսային Կարոլինայում ու Ջորջիայում: Շատ բնակավայրերում հոսանք չկա, երթևեկությունը կանգնել է, բնակիչները սուպերմարկետներն են դատարակում, պահեստավորում առաջին անհրաժեշտության ապրանքներ, դպրոցներում պարապմունքները հետաձգվել են: Վաղը սպասվում է որ ցիկլոնը կհասնի Նյու Յորք:
Անգլիայի հարավում ջրհեղեղներ են արդեն մեկուկես ամիս ու ամեն շաբաթ վիճակը վատթարանում է ավելի: Թեմզայի մակարդակը հասել է վտանգավոր աստիճանի: “Մեծ Բրիտանիայի համար սա ամենաանձրևոտ ձմեռն է երկուսուկես դարում ու ամենաուժեղ հեղեղները` վերջին տասնամյակում”,-ասել է վարչապետ Քեմերոնը,-տուժել են ավելի քան 800 շրջաններ: Դրանցից 13-ում ջրհեղեղը կյանքի համար սպառնալիք է դարձել: Իսկ ջուրն առայժմ չի նահանջում”:
Ապահովագրական ընկերությունների վրա տեղումների նման ռեկորդային քանակը 800 և ավելի մլն դոլար է նստել: Փորձագետները կարծում են, որ իրական վնասը շատ ավելի է:”Ես ցանկանում եմ ամբողջ երկրին հայտնել.մենք կծախսենք, այնքան, որքան կպահանջվի, գործի կդնենք բոլոր անհրաժեշտ քայլերը”-վստահեցնում է վարչապետը,-ես որոշեցի հետաձգել Մերձավոր Արևելք կատարելիք այցը.հիմա ջրհեղեղից ավելի կարևոր բան չկա”:
Եղանակային անսովոր պայմանների հետևանքով նման վիճակ է նաև Պերուում: Ինկերի ողջ աշխարհում հայտնի Մաչու-Պիկչու քաղաք տանող ճանապարհին սողանքի հետևանքով կամուրջ է փլուզվել: 250 զբոսաշրջիկ հայտնվել է ճանապարհին շրջափակված վիճակում: Արտակարգ ծառայությունները տուժածներին Ագուաս-Կալենտես քաղաք է տեղափոխում, որտեղից նրանց առավել անվտանգ վայր կուղեկցեն երկաթուղով:
“Օսկար”-ային սկանդալ
Համացանցը բուռն քննարկում է CNN –ի ռեպորտաժն “Օսկարի” մրցանակաբաշխության նախապատրաստության մասին: Բանն այն է, որ լրագրողները եկել են այն արհեստանոց, որտեղ արձանիկների ցուցանակներն են պատրաստվում, ապա վերջում հաղորդավարը ձեռքն է վերցնում արձանիկներից մեկը, ու, զգոն հեռուստադիտողները նկատում են, որ այդ ցուցանակի վրա գրված է “Լեոնարդո Դի Կապրիո”, իսկ պարգև նրան պատրաստվում են տալ Մարտին Սկորսեզեի “Ուոլլ-–սթրիթի գայլը” ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար:
Սենսացիան իսկույն տարածվեց ողջ համացանցում:
Սակայն ժյուրին հայտարարել է, որ քվեարկությունը ազնիվ ու մաքուր է կատարվում, իսկ անվանական “Օսկար” պատրաստվում է ամեն դեպքում, բոլոր թեկնածուների համար, իսկ ոչ պիտանիները հետո ոչնչացվում են: Պատմությանն առանձնահատկություն է հաղորդում այն փաստը, որ Դի Կապրիոն արդեն 4 անգամ առաջադրվել է Օսկարի, սակայն, պարգև այդպես էլ նրան չի հասել: Փորձագետների կարծիքով, այս անգամ կրկին նրա շանսերը մեծ չեն:
Մրցանակաբաշխությունը տեղի է ոնենալու մարտի 2-ին:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավելի քան 40 էլեկտրոնային ԶԼՄ են փակել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները փակել են 41 էլեկտրոնային հրատարակություն, ինտերնետ-թերթեր ու բլոգներ: Պատճառն արտոնագիր չունենալն է, ինչպես նաև, որ այդ ԶԼՄ-ները հասարակության մեջ հուզումներ էին առաջացնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով երկրի մշակույթի ու տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Ազիզ ալ-Մուլհեմին:
Նա բացատրել է, որ նախարարությունը մեկ անգամ չէ, որ նախազգուշացրել է ԶԼՄ-ներին արտոնագրի անհրաժեշտության մասին, սակայն, նրանք դա անտեսել են: Նա հավելել է, որ էլեկտրոնային հրատարակություններն ընթերցողներին չեն տեղեկացրել իրադարձությունների մասին, այլ նրանց մեջ իրարանցում են առաջացրել ու վստահություն է հայտնել, որ իշխանությունների քաղաքականությունը ”խոսքի պատասխանատու ազատություն” կմշակի: Ազիզ ալ-Մուլհեմին հայտնել է, որ երբ այդ հրատարակությունների հարցը կարգավորվի` կարող են վերսկսել աշխատանքը:
Ուխտավորները լուռ են գնում վանք, հավատով, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը
Տասը խորան ունենալու համար վանքը Խորանաշատ են կոչել: Միջնադարյան հզոր հոգևոր կենտրոնի մասին Չինարիում անցյալով չեն սիրում խոսել: Սրբավայրը հակառակորդի հենակետից ընդամենը 70 մ հեռավորության վրա է` մինչև ատամները զինված ադրբեջանցի դիպուկահարների անմիջական թիրախում:
Խորանաշատից վերջին ու թարմ լուրերը չինարեցի երիտասարդ Արմեն Պետրոսյանն է սովորաբար գյուղ բերում: Հայրենի բնությունը Արմենին իմաստնացրել է, ամրացրել հայրենի Չինարին պաշտպանելու նրա մղումը: Նա պատմում է, որ վերջին անգամ Խորանաշատ է բարձրացել մի քանի օր առաջ` հունվարի 28-ին, երբ Հայաստանը նշում էր բանակի տարեդարձը: «Ընկերներով առիթ ենք փնտրում, որ վանք գնանք: Ծնունդ լինի թե այլ առիթ, վախ չկա: Եթե ստացվում է` մեքենայով, եթե չէ` ոտքով, դե մեր գյուղից մեկ կիլոմետր է մինչև Խորանաշատ, գնում ենք: Մի քիչ ռիսկային է սրբատեղի տանող հիմնական ճանապարհը, բայց եթե մառախուղ է, հակառակորդի համար տեսադաշտը` փակ, այդ ճանապարհով ենք գնում, եթե չէ, անտառամիջով»,- ասում է Արմենը` ավելացնելով, որ գյուղ այցելած հյուրերին մեծ սիրով Խորանաշատ է ուղեկցում:
Վանքի զորությանը Չինարիում անվերապահորեն հավատում են: 1994 թ. մարտի 28-ին հակառակորդը կրակ բացեց Խորանաշատի ուղղությամբ, կռիվը բարձունքի` Տանձուտի գրավման համար էր: Չինարեցի Սեյրան Պետրոսյանը հենց այստեղ վիրավորվեց` վանքի մոտ: Այն ժամանակ նա 33 տարեկան էր, կորցրեց ոտքը: «Երևի վանքը պահեց, որ փրկվեցի»,- տարիների հեռվից ասում է Սեյրանը, որ ի հեճուկս հակառակորդի` ընտանիքը մեծացրեց. երեխաներ, թոռներ:
Հին հայկական վանքը գերեվարած հակառակորդի դեմ հիմա պայքարում են` ապրելով 7 հոգանոց ընտանիքով, հենց վանքի տակ: Հունվարի 28-ը Արմենի հետ միասին Խորանաշատում է նշել նաև Սեյրան Պետրոսյանի որդին: Սահմանապահ ընտանիքը հակառակորդի մասին չի էլ հիշում, երբ խոսքը հայրենի Չինարիում մնալուն է վերաբերում, միայն թե ջահելների համար գործ լինի: Ամիսը 2-3 անգամ Խորանաշատ ուխտի գնալը գյուղի ղեկավարի համար պարտադիր է:
Ամեն տարի մայիսին Խորանաշատում հայրենասեր չինարեցիները շաբաթօրյակ են հայտարարում: 15-20 հոգով, ձեռքներին սղոց, գերանդի, եղան, գնում մաքրում, բարեկարգում են սրբավայրն ու նրա տարածքը: «Իհարկե, մեզ շատ են օգնում զինվորական հերթապահություն իրականացնող մեր տղաները: Անցած տարի ցեմենտ, ավազ էինք հետներս տարել, որոշ հատվածներ ամրացրինք, ընկած քարերը տեղը դրեցինք, մոշի, մասրենու ճյուղերը կտրեցինք, 30 զինվոր էլ մեզ հետ` մաքրեցինք վանքը, տարածքը»,- ասում է Սամվել Սաղոյանը` հավելելով, որ սառնորակ ջուրը 1962-ին վանքի մոտ է հասցրել իր պապը:
Աղբյուրի մոտ հետագայում Սամվել Սաղոյանը ծածկ է ավելացրել, որ ուխտավորները նստելու, մատաղի հնարավորություն ունենան: Չինարիի գյուղապետը հիշում է, որ Խորանաշատում մինչև կռվի տարիները, հատկապես` մայիսի 1-ին ու 9-ին, մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում: Ներկա էին լինում Շամշադինի բոլոր գյուղերի բնակիչները, նաև տարածաշրջանից, Ադրբեջանից` Ալիբեյլիից, Աղդամից ու Ջիրդախանից էին հյուրեր գալիս: «Ես հազար ասեմ, դու երկու հազար ասա, ամբողջ ժողովուրդը հավաքվում էր վանքի մոտ, Խորանաշատում հոգևոր վերազարթոնք էր: Զուռնա-դհոլով ազգային կոխի մրցումներ էին կազմակերպվում, փահլևաններ էին գալիս, երգ, պար, այդպես էինք նշում Աշխատավորության միջազգային օրն ու Մեծ հայրենականի փառավոր հաղթանակի տոնը»,- հիշում է Սամվել Սաղոյանը:
Տոնախմբության ձայները հիմա չկան, ուխտավորները լուռ են գնում վանք, մոմ վառում, աղոթք անում: Միջնադարյան վանական համալիրը հատկապես առաջին գծում ծառայություն իրականացնող զինվորների աղոթատեղին է, նրանք այնտեղ սրբապատկերներ են տարել, հաճախ են մտնում, վառում խաղաղության հանգած մոմերն ու դուրս գալիս` նվիրական պարտքը կատարելու:
Տեր Արամ քահանա Միրզոյանին հոգևոր կրթության, իսկ հետո ծառայության է մղել հայրենի գյուղի դարերին դիմակայած հոյակերտ սրբատեղին: Իր երազանքներից մեկն էր, որ գյուղի ու տարածաշրջանի ծնունդ-կնունքները, պսակները, եկեղեցական տոները անցկացնի Խորանաշատում, որն այսօր գերեվարված է հակառակորդի կողմից: «Առանց Խորանաշատի հնարավոր չէ պատկերացնել հայ միջնադարյան պատմագիտական միտքը: Խորանաշատը գրչության կենտրոն էր, վանքն ունեցել է ժամանակի չափանիշներով գործող համալսարան, հիմնադիրը Մխիթար Գոշի աշակերտներից է` Վանական Վարդապետը: Խորանաշատում ուսանել են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մաղաքիա Աբեղան, Ատեփանոս Աղթամարցին, շատ այլ նշանավոր դեմքեր»:
Խորանաշատի պատմական նշանակությունն ընդգծելիս Տեր Արամը շարունակում է, որ երբ Հռոմի պապը նամակ է ուղարկում հայոց կաթողիկոսին (որի ժամանակ կաթողիկոսության նստավայրը Սիս քաղաքն էր), հայերի դավանանքի փոփոխության վերաբերյալ, որ հայերը կաթոլիկություն ընդունեն, հայոց կաթողիկոսը Խորանաշատի առաջնորդին` Վանական Վարդապետին է հանձնարարում հայտնել հայերի ու կաթողիկոսության պաշտոնական դիրքորոշումը: Բացի այս հատկանշական պատմական փաստից, Խորանաշատը Մատենադարանին պահ է տվել մոտ 12 ձեռագիր մատյաններ, այդ թվում` ծաղկած ձեռագրեր: Այս բացահայտումները տեղ են գտել Տեր Արամի ավարտաճառում: Տեր Արամն ուխտ էր արել, որ իր պսակադրությունը պետք է կատարվի հայրենի գյուղի սրբավայրում: «2006 թ. օգոստոսի 23-ին զինվորների ուղեկցությամբ գնացինք, մեր հարսանեկան արարողության ավտոմեքենան հրամանատարի զինվորական վիլիսն էր, բարձրացանք Խորանաշատ, և կայացավ իմ պսակադրությունը: Իհարկե, ռիսկը շատ մեծ էր, և կարող էին մեզ արգելել, բայց երազանքս իրականացավ: Երբ արդեն վերադառնում էինք, հրամանատարը` Թեմուր Շահմանզարյանը, ասաց, որ այսօր մենք հաղթեցինք թշնամուն»,- նշում է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվը:
XIII դարի առաջին կեսին կառուցված պատմական այս կոթողն այժմ խոնարհված է: Տեր Արամը վստահ է, որ եթե չլինի անվտանգության հարցը, միջոցներ կհայթայթեն կիսավեր վանքը վերականգնելու համար: Խորանաշատի շուրջը կարկուտի պես ռումբեր են պայթել ու շարունակում են պայթել, սակայն Աստծո պահպանությամբ Խորանաշատն անվնաս է մնում…
Վիքիպեդիայի «Հիմնական տեղեկություններ» բաժնում Խորանաշատի կարգավիճակի մասին գրված է` չգործող: Այս ցավալի իրականությունը փորձում են փոխել չինարեցիները` ռիսկի դիմելով, բայց հասնելով Խորանաշատ, պատարագ չլսելով, բայց մոմ վառելով, լուռ, բայց կիսավեր գմբեթից առ Աստված աղոթք բարձրացնելով:
Հավատավոր գյուղացիները վստահ են` քանի կանգուն է Սուրբ Խորանաշատը` կանգուն կլինի նաև Չինարին: Բնությանը ձուլված վանքի փրկության, սրբավայրի հոգևոր զարթոնքին սպասող չինարեցիները հավատում են, որ մի օր կվառվեն Խորանաշատի բոլոր հանգած մոմերը…
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ