ՀՀ կառավարության կենտրոնում այսօր կայացած հերթական ասուլիսի թեման վերաբերում էր Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի, ՀՀ ԿԲ-ի իրավասությունների շրջանակում իրականացվող աշխատանքներին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերի աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանը նշել է, որ ուսումնասիրվել են Մաքսային միության մաքսային օրենսդրությունը և այն հարկային հարաբերությունները, որոնք կարգավորվում են Մաքսային միության շրջանակում: Անդրադառնալով հարկային հարաբերություններին` նա հայտնել է. «Այստեղ խնդիրը մի փոքր այլ է: Երբ որ մենք միանում են ՄՄ-ին, ապա անուղղակի հարկերի գանձման մասով որոշակի փոփոխություններ պետք է իրականացնենք»:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանի խոսքով` ՄՄ երկրները տարբեր արժութային սահմանափակումներ ունեն, և վերջիններս էլ համաձայնագիր են ստորագրել ժամանակի ընթացքում այդ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ: «Արժութային քաղաքականության, օրենսդրության համապատասխանեցման, դրամավարկային քաղաքականությունների հարմոնիզացիայի հետ կապված որևէ խնդիր այս պահին Հայաստանի Հանրապետությունը չունի»,-ընդգծել է Արթուր Ստեփանյանը:
Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար, Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Ազատյանը նշել է, որ այս պահի դրությամբ էլ ՀՀ օրենսդրությունը պատշաճ կարգավորում է այդ հարցերը, սակայն նախատեսվում են օրենսդրական որոշ փոփոխություններ: «Փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթ են կրելու և համապատասխանեցվելու են ՄՄ-ի կողմից սահմանված խաղի ընդհանուր կանոններին»,-հայտնել է Դ.Ազատյանը:
Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կողմից համակարգող աշխատանքները վերաբերում են մաքսային հաշվառման ոլորտում տեղեկատվության փոխանակմանը և մաքսակետերի արդիականացմանն ու նույնականացմանը: «Սահմանային անցումային կետերի հետ կապված այսօրվա իրավիճակը բավարար է համարվում այս պահին ՄՄ անդամակցելու համար: Եվ դա Եվրասիական տնտեսական հանձանաժողովի փորձագետների եզրակացությունն է: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հիմա մենք սկսել ենք սահմանների արդիականացման ծրագրերը, ապա եզրակացությունը մեկն է, որ աշխատանքների ավարտից հետո մենք կունենաք ավելի բարձր պահանջներին բավարարող մաքսակետեր և սահմանային անցակետեր»,– ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերի ն ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանը:
Daily Archives: February 24, 2014
Ղուկասը հացատան պահեստից գողացել է 30 շիշ օղի և 24 շիշ հյութ
Փետրվարի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ղուկաս Հ.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի 21-ին, երկու անգամ` ժամը 12.00-ին և 20.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում գտնվող հացատան պահեստից գողացել է 30 շիշ օղի և 24 շիշ հյութ:
ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
Հունանի տանը հայտնաբերվել է 2 լ տարողությամբ տարա` 100 մլ դեղնավուն լուծույթով և նույն լուծույթով ներարկիչ
Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում դատված Հունան Հ.-ին:
Սենյակի զննությամբ` հայտնաբերվել է 2 լ տարողությամբ տարա` 100 մլ դեղնավուն լուծույթով, հատակին` սպիտակ նստվածք, 10 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ` դեղնավուն լուծույթով, «Պիրալգին» դեղամիջոցի դատարկ տուփ, 6 չոր սպիրտ, «Պիպոլֆեն» դեղամիջոց, սուրճի բաժակ` շագանակագույն փոշիով:
Հունան Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
«Ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը». Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների միջև` նշեց, որ դրանք շատ նման են իրար: Թե’ Ուկրաինայում, և թե’ Հայաստանում իշխանությունները կտրված են հասարակությունից, փակել են բոլոր ուղիները տնտեսության զարգացման համար:
«Հայաստանում նույնիսկ գործող նախագահն է խոստովանում, որ հասարկության 80 %-ի մեջ դժգոհություն կա: Այս ֆոնի վրա իրենք իրենց համարում են բարեփոխողներ, իսկ կենսաթոշակային օրենքի մասին խոսելիս շեշտում են` իբր երկրի համար շատ լավ բան են անում, որը հասարակությունը հետո է գիտակցելու»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետի խոսքով` ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը, որովհետև անխուսափելիորեն ուկրաինական զարթոնքը կգնա նաև Ռուսաստան, Հայաստան և այլ հետխորհրդային երկրներ:
«Մեզ մոտ ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացված են, և իրենց շուրջ համախմբված է հասարակության մեծ մասը: Նրանց պահանջները խելամիտ են և, եթե իշխանությունը գնա կոմպրոմիսի ու ձևավորվի նոր կառավարություն, որտեղ ներկայացված կլինեն 4 ոչ իշխանական ուժերը, Հայաստանը կարող է խուսափել նման իրավիճակից: Իմ կարծիքով` Ուկրաինայից դաս քաղելով` մեր իշխանությունները կգնան զիջումների և կընդառաջեն նոր կառավարություն ձևավորելու ընդդիմադիր ուժերի առաջարկին»,-ասաց Երվանդ Բոզոյանը:
Պատահարներ Գյումրիում
Փետրվարի 22-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 22-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Գյումրիի Մուշ-2 թաղամասի թիվ 46 շենքի մոտ իրար են բախվել «Շեվրոլե-Նիվա» և «Միցուբիշի-Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Շեվրոլե-Նիվա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 139/3 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել-Աստրա», «Մերսեդես-Բենց S 320L» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծեծի, գողության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել
Փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագածավան գյուղից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գևորգ Ա.-ն, որը փետրվարի 10-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
***
Փետրվարի 23-ին, ժամը 03.50-ին, 1984 թ. ծնված Լուսինե Ա.-ն քթի և դեմքի շրջանում ստացած մարմնական վնասվածքներով ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել և հայտնել, որ վնասվածքները ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ստուգմամբ պարզվել է, որ Լուսինե Ա.-ն փետրվարի 21-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 22-ին, ժամը 13.30-ին, Սարդարապատ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
Մասիս քաղաքում և շրջակա գյուղերում կատարված գողությունների հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկու դաժան սպանություն Արմավիրի մարզում. ամուսինները սպանել են կանանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դոլարը`412.9դրամ
ՄՄ Հայաստանի անդամակցությունից հետո գյուղատնտեսական մթերքների արտադրման և արտահանման ծավալները կավելանան. Գրիշա Բաղյան
Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին էր նվիրված ՀՀ կառավարության կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսը:
Ինչպես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Գյուղատնտեսության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Գրիշա Բաղյանը, Հայաստանի` Մաքսային միության անդամակացելը հնարավորություն կտա դյուրացնել և ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, կնպաստի արտահանման ծավալների աճին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ, Սանիտարական, ֆիտոսանիտարական, անասանաբուժական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Դավթյանը նշել է, որ քննարկվում են այն մեխանիզմները, որոնք թույլ կտան տեղական արտադրողներին ավելի հեշտ և արագ իրականացնել իրենց արտադրանքի իրացումը Մաքսային միության երկրներում:
Show must go on. շոու Ազգային ժողովում
Քիչ առաջ ԱԺ-ում «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին: «Ի՞նչ իմաստ ունի ստեղծվելիք հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ: Չե՞ք կարծում, որ այս կարևորագույն հարցի քննարկումը պետք է դռնբաց անել, ինչը կօգնի նաև հեռու մնալ քաղաքական շահարկումներից, ինչպես նաև հանրությունը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները», – իր հարցն այսպես ձևակերպեց պատգամավորը, սակայն Դավիթ Հարությունյանի պատասխանը անակնկալի բերեց նրան. «Յուրաքանչյուր պատգամավոր նաև շոու-մեն է: Երբ պատգամավորները խոսում են դռնբաց նիստում, նրանք խոսում են նաև տեսախցիկների համար: Սակայն բովանդակային քննարկումների ժամանակ դա մեզ կխանգարի», – ասաց Դավիթ Հարությունյանը: Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ դիտարկումները համոզիչ չեն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, փորձելով անցնել հաջորդ հարցերին, կատակեց. «Ինչպես ասում են՝ show must go on» (շոուն պետք է շարունակվի):
Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Պետական Nile TV-ին հայտնել է, որ երկուշաբթի օրը բանակի աջակցությունն ունեցող Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել:
Վարչապետ Հազեմ Էլ Բեբլաուին կառավարության հրաժարականը ներկայացրել է նախագահ Ադլի Մանսուրին:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ բանակի ղեկավար, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կառաջադրվի որպես նախագահ:
Առաջադրվելու նպատակով նա ստիպված կլինի հեռանալ իր ռազմական պաշտոնից:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային միջոցառմամբ, տիրում էր հիանալի մթնոլորտ»,– նշել Տիգրան Սարգսյանը:
«Հարգելի Տիգրան Սուրենի, ողջունում եմ Ձեզ Սոչիում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանել եք օլիմպիական խաղերի փակմանը: Ձեր երկրի նախագահը ներկա էր խաղերի բացմանը: Սա նաև մեր բարեկամության և գործընկերության խորհրդանիշ է: Այսօր նման աշխատանքային հանդիպման ընթացքում հնարավորություն ունենք անդրադառնալ ռուս-հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ»,– նշել է Դմիտրի Մեդվեդևը:
Այնուհետև, երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում են արդյունաբերական և հումանիտար համագործակցությանը:
Փետրվարի 23-ին Դմիտրի Մեդվեդևի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել նաև ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Դրա շրջանակներում ՀՀ վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բորիս Նավասարդյանը Հայաստանում մայդանի կրկնություն չի տեսնում
Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները օգտակար են Հայաստանի համար: Այս օրերին ՀՀ ակտիվ քաղաքական ու քաղաքացիական դաշտը սևեռված է մայդանի իրադարձությունների վրա: Թե’ իշխանական, և թե’ ընդդիմադիր քաղաքական դաշտը խելացի կլինի, եթե հասկանա, որ այլևս չի կարելի օգտագործել քաղաքացիներին՝ քաղաքական նպատակների հասնելու համար: Ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հասկանան, որ ժողովուրդը կաշառքով կամ ճնշումների ներքո տուփերի մեջ քվեաթերթիկ գցելու համար չէ: Ժողովուրդը պետք է ընկալվի որպես մտածող, որոշակի շահեր ունեցող սուբյեկտ: Ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ, ի վերջո, երկրի տերն ինքն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային համակարգող, «Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով` հասարակությունը պետք է բոլոր մասնավոր խնդիրները տեսնի ավելի մեծ քաղաքական համապատկերի մեջ:
«Հասարակությունը ցանկանում է տեսնել կանխատեսելի իշխանություն, որը գիտի` ինչ է անում, ուր է գնում։ Այն իշխանությունը, որը ճանապարհի կեսին փոխում է իր ուղղությունը, կորցնում է աջակցությունը հասարակության մեծ մասի կողմից: Դրա վառ օրինակի հետևանքներն այսօր տեսնում ենք Ուկրաինայում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Բանախոսը նշեց, որ Հայաստանում, այդուհանդերձ, մայդանի կրկնություն չի տեսնում, քանի որ մեր հասարակությունն այդչափ մասնատված չէ, ինչպես Ուկրաինայում, ավելի միատարր է:
«Եվ հետո, ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում այնպիսի հրաման տրվի իրավապահ մարմիններին, ինչպես Ուկրաինայում, քանի որ Մարտի 1-ն էլ դաս էր: Պետք է դասեր քաղել սեփական և համաշխարհային պատմությունից»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Մարտի 5-ից կմեկնարկեն մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարտի 5-ից հստակ ժամանակացույցով մայրաքաղաքում կմեկնարկեն կանաչապատման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նշվել է, որ արտերկրից ներկրվում են համապատասխան ծաղկասածիլներ, ՀՀ մարզերից էլ բուսահող է տեղափոխվելու: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառերի սանիտարական էտին, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ, նաև համապատասխան տեխնիկա՝ շինարարական գործընկեր կազմակերպություններից:
«Գլխավոր դիզայների հետ համատեղ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի էտման աշխատանքների շրջանակում հատկապես վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղակայված ծառերը, որոնց հնարավոր է գեղարվեստական ձևավորում տալ, էտվեն համապատասխան կերպով: Բացի այդ, մենք, որպես առաջնահերթություն, շեշտադրել ենք նաև կանաչ տարածքների ավելացումն ու այդ ուղղությամբ, հատկապես վերջին 2-3 տարիներին, նպատակային աշխատանքներ ենք իրականացնում: Այդ համատեքստում է նաև այս տարի նախատեսված շուրջ 10 այգիների բարեկարգումը: Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ մասնավորապես այդ տարածքներն ավելի քան 40 տարի մատնված են եղել անուշադրության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նաև հավելել, որ 2014-ի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում ևս շարունակվելու է հետևողական ուշադրությունը կանաչ տարածքների պահպանման ու դրանց ընդլայնման ուղղությամբ: Քաղաքապետը նաև նշել է, որ այս տարի, նախատեսված 400 բակերի բարեկարգմանը զուգահեռ, արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնավոր ընկերությունների հետ ևս 200 բակերի բարեկարգման մասով:
Զեկուցվել է, որ կանաչապատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև տնտեսվարողների հետ՝ ծանուցելով հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման պարտադիր պայմանների մասին: Զուգահեռ տրամադրվում են նաև կանաչապատման ենթակա տարածքների սխեմաները:
Խորհրդակցության մասնակիցներին քաղաքապետը տեղեկացրել է, որ հանգստյան օրերին անձամբ շրջայցեր է կատարել վարչական շրջաններում՝ ընթացող սանիտարական մաքրման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Ընդհանուր առմամբ դեռևս ոչ բավարար գնահատելով իրականացվող աշխատանքների ընթացքը՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել մաքրության ապահովման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը.
«Չնայած մայրաքաղաքի մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվում են նկատելի աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն: Պետք է վերանայել և խստացնել աղբահանության իրականացման ժամանակացույցը հատկապես հանգստայն օրերին՝ ապահովելով մեր համաքաղաքացիների համար ցանկալի արդյունք: Ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև երկրորդական փողոցներն ու բակային տարածքները: Օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք նաև շինարարական աղբի կուտակման դեպքերը բացառելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից սեփականություն հանդիսացող, սակայն չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքության ապահովման համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարել առկա խնդիրները հնարավորին շուտ հայտնաբերելու և լուծումներ տալու համար պարբերաբար շրջայցեր կատարել: Հանձնարարվել է նաև աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին:
Զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ շարունակվում են ստուգայցերը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ մայրաքաղաքի 26 մանկապարտեզներ կատարած ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Զեկուցվել է նաև, որ թերացումների և խախտումների պատճառով նախկինում վաչական շրջաններից ստացված արձանագրությունների հիման վրա միակողմանի լուծվել են 4 կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը և տվյալներն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն՝ տվյալ ընկերություններին գնումների գործընթացին մասնակցության հայտ ներկայացնելու թույլտվության «սև ցուցակում» ներառելու առաջարկությամբ:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մանկապարտեզներին ոչ պատշաճ սննդի մատակարարման դեպքերի արձանագրման հարցում լինելու ենք կոշտ և ձեռնարկելու ենք համապատասխան քայլեր տվյալ մատակարարներին, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ նման կոշտ մոտեցումն այս հարցում ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ: Եվ ընդհանրապես, գնումների գործընթացով իրականացվող ծառայությունների գնման ցանկացած գործարքի մասով ենք կիրառելու այս կոշտ մոտեցումը, որպեսզի բացառենք անորակ ծառայությունների մատուցումը: Նաև նմանատիպ բոլոր դեպքերով պետք է օրենքով սահմանված կարգով տվյալ կազմակերպություններին վարչական պատասխանատվության ենթարկենք, որպեսզի որևէ մեկին չթվա, որ կարող է իրեն թույլ տալ անորակ ծառայություն մատուցել ու մնալ անպատիժ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է նաև կանոնակարգել և խիստ հսկողության տակ պահել ստորգետնյա հետիոտնային անցումներում կազմակերպվող առևտրի գործընթացը:
Ներքաղաքային միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված, սակայն հայտեր չլինելու պատճառով չկայացած մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտարարվել է նոր մրցույթ, որը կկայանա ապրիլի 10-ին: Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով պարբերաբար հանրությանն ու հնարավոր շահագրգիռ կազմակերպություններին տեղեկացնել մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների մասին:
Պատասխանատուներին հանձնարարվել է նաև գույքագրել 2012-2013թթ. ընթացքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում նկատված թերություններն ու պարտավորեցնել կապալառու կազմակերպություններին, կնքված պայմանագրերի համաձայն, իրենց միջոցների հաշվին վերացնել թերությունները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գույքագրել կառուցապատման աշխատանքների իրականացման նպատակով ներկայում ժամանակավորապես փակ փողոցները և քայլեր ձեռնարկել դրանց հնարավորին արագ շահագործման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման նախագծերն ու արդեն իսկ մեկնարկել են բուն աշխատանքները:
«Ռեյգանոմիկայի» հայր Փոլ Քրեյգ Ռոբերտս. «Եթե ռուսները չարթնանան, պատմություն կդառնան»
ԱՄՆ ֆինանսների նախագահի նախկին օգնական, հայտնի տնտեսագետ ու հրապարակախոս, «Ռեյգանոմիկայի» (Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք ամերիկյան կառավարության տնտեսական քաղաքականության ուղղություն) հայր Փոլ Քրեյգ Ռոբերտսը բացահայտում է ուկրաինական մարտերի խորագաղտնիքները:
Փոլ Քրեյգ Ռոբերտսի «Ռուսաստանը հարվածի տակ» հոդվածն օրերս հայտնվել է նրա պաշտոնական կայքում (paulcraigroberts.org), որը ներկայացվում է հատվածաբար:
Ես իմ մի շարք հոդվածներում արդեն բացատրել եմ, որ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ի համար խոչընդոտ է ծառայել. ԽՍՀՄ-ի քայքայումը սանձազերծեց ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի նեոպահպանողական առաջխաղացումը: Ռուսաստանը` Պուտինով, Չինաստանն ու Իրանը միակ սահմանափակումներն են նեոպահպանողական օրակարգում: Միջուկային հրթիռներ ու ռազմական տեխնոլոգիաներ. այս ամենը Ռուսաստանը դարձնում է լուրջ խորչընդոտ ԱՄՆ հեգեմոնիայի համար:
Ռուսաստանը չեզոքացնելու համար Վաշինգտոնը խախտեց Ռեյգանի ու Գորբաչովի համաձայնությունը, ընդլայնեց ՆԱՏՕ-ն խորհրդային կայսրության նախկին տարածքների հաշվին ու հիմա մտադիր է Ռուսաստանի նախկին հատվածները` Վրաստանն ու Ուկրաինան ներգրավել ՆԱՏՕ-ի մեջ: Վաշինգտոնը հեռացել է այն պայմանագրից, որն արգելում էր հակահրթիռային պաշտպանությունը, և հակահրթիռային հենակայաններ է հաստատել ռուսական սահմանում: Վաշինգտոնը փոխել է իր միջուկային ռազմական դոկտրինը, որպեսզի իրեն առաջին հարվածը հասցնելու հնարավորություն վերապահի:
Այդ ամենը նպատակաուղղված է զսպմանը` նվաստացնելով Ռուսաստանի արժանապատվությունը, նվազեցնելով նրա` Վաշինգտոնին դիմադրելու ունակությունը:
Ռուսաստանի կառավարությունը (ինչպես նաև` Ուկրաինան) հիմարաբար թույլատրում են, որ իրենց երկրներում գործեն ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մեծ թվով հասարակական կազմակերպություններ: Դրանք Վաշինգտոնի գործակալներն են «իրավապահ կազմակերպության» կամ «ժողովրդավարության կառուցման» քողի տակ:
«Pussy Riot» ակցիան գործողություն էր` ուղղված այն նպատակին, որ Ռուսաստանն ու Պուտինը երևան վատ լույսի տակ: Կանանց օգտագործեցին ու խաբեցին:
Արևմտյան ԶԼՄ-ների հարձակումները Սոչիի Օլիմպիադայի վրա Պուտինին ու Ռուսաստանը ծաղրելու ու գազազացնելու մասն են կազմում: Վաշինգտոնը որոշել է, որ Պուտինին ու Ռուսաստանին արգելված է որևէ հաջողության դրսևորում որևէ ոլորտում, լինի դա դիվանագիտություն, սպորտ թե մարդու իրավունք:
Ամերիկյան ԶԼՄ-ները քարոզչության նախարարություն են, որ աշխատում է կառավարության ու կորպորացիաների համար: ԶԼՄ-ներն օգնում են Վաշինգտոնին Ռուսաստանը թաղել կեղտի մեջ: Սթիվեն Ֆ. Կոենը ճիշտ է նկարագրում է, թե ամերիկյան ԶԼՄ-ները լուսաբանում են Ռուսաստանում կատարվող ամեն ինչ որպես «ամոթալի, ոչ պրոֆեսիոնալ ու քաղաքական սադրիչ իրադարձությունների փոթորկալի հեղեղ»:
Որպես «սառը պատերազմի» մնացուկ` ամերիկյան ԶԼՄ-ները պաշտպանում են ազատ մամուլի կերպարը, որին իբր կարելի է վստահել: Իրականում Ամերիկայում ազատ մամուլ չկա, բացառությամբ ինտերնետային կայքերի: Վերջին տարիներին Քլինթոնի վարչակարգը, ԱՄՆ կառավարությունը 5 խոշորագույն կորպորացիաների թույլ տվեցին իրենց ներքո կենտրոնացնել տարբեր ու անկախ ԶԼՄ-ներ: Այդ հսկայական մեգա-ընկերությունների արժեքը կախված է հեռարձակման դաշնային արտոնագրից:
Այսպիսով, ԶԼՄ-ները չեն համարձակվի հակառակվել կառավարությանը ոչ մի կարևոր հարցում: Բացի այդ, մեդիա-կորպորացիաներն այլևս լրագրողների կառավարման ներքո չեն, այլ ղեկավարվում են կորպորատիվ գովազդային մենեջերների ու կառավարության նախկին պաշտոնյաների կողմից, որոնք ոչ թե փաստերին են ուշադրություն դարձնում, այլ գովազդից ստացվող եկամտին ու կառավարական «աղբյուրներ» մուտք ունենալու հնարավորությանը:
Վաշինգտոնը ԶԼՄ-ներն օգտագործում է ամերիկյան ժողովրդին Ռուսաստանի հետ առերեսման նախապատրաստելու և ռուսներին ու աշխարհի մյուս ժողովուրդներին Պուտինի դեմ տրամադրելու նպատակով: Վաշինգտոնը կցանկանար, որ Ռուսաստանն ավելի թույլ ու ենթարկվող առաջնորդ ունենար, քան Պուտինն է:
Ռուսաստանցիներից շատերը դյուրահավատ են: Ապրելով կոմունիստների ու ճգնաժամի քաոսի փորձությունները` նրանք միամտաբար կարծում են, թե Ամերիկան լավագույն տեղն է, օրինակ` ողջ աշխարհի համար, երկիր, որին կարելի է հավատալ ու վստահել: Դա հիմար համոզմունք է, որը, ինչպես տեսնում ենք, արտահայտվեց Արևմտյան Ուկրաինայում, թե ինչպես է ԱՄՆ-ն ապակայունացնում այդ պետությունը` պատրաստվելով նրա գրավմանը. դա այն գլխավոր զենքն է, որն ԱՄՆ-ն օգտագործում է իրավիճակը Ռուսաստանում ապակայունացնելու նպատակով:
Որոշ ռուսաստանցիներ ներում են Վաշինգտոնի հակառուսաստանյան հռետորաբանությունը` բացատրելով, դա գալիս է «սառը պատերազմի» հին կարծրատիպերից: «Հին կարծատիպերը» շեղող հնարք են, որոնք մոլորության մեջ են գցում: Վաշինգտոնը նշանի տակ է վերցրել Ռուսաստանը: Ռուսաստանը հարվածի տակ է, ու եթե ռուսները դա չհասկանան, կդառնան պատմություն»:
Շատ ռուսաստանցիներ են քնում «միացման-անջատման կոճակի վրա»: Նրանց փորձում է արթնացնել Իզբորի ակումբը: 2014-ի փետրվարի 12-ին ռուսական «Զավտրա» շաբաթաթերթում ռազմավարական ու ռազմական փորձագետները նախազգուշացնում են, որ Արևմուտքն օգտագործում է բողոքի ցույցերը, որպեսզի չեղարկվի Ուկրաինայի ԵՄ չմտնելու որոշումը: Դա հանգեցրեց մի իրավիճակի, երբ հնարավոր դարձավ ֆաշիստական հեղաշրջումը: Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել Ուկրաինայում եղբայրասպան պատերազմի և Ռուսաստանի համար կարող է լուրջ ռազմավարական սպառնալիք դառնալ:
Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ եթե նման հեղաշրջում տեղի ունենա, ապա դրա հետևանքները Ռուսաստանի համար հետևյալը կլինեն.
– Սևաստոպոլի` որպես Ռուսական սևծովյան նավատորմիղի հենակայանի կորուստը,
– Արևելյան ու Հարավային Ուկրաինայից ռուսական ծագում ունեցող փախստականների հարկադրված հոսքը,
– արդյունաբերական հզորությունների կորուստ Կիևում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, որտեղ ռուսական ռազմական արդյունաբերության համար պատվերներ են կատարվում,
– ռուսալեզու բնակչության ճնշումը բռնի ուկրաինացման ճանապարհով,
– Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ամերիկյան ռազմական հենակայանների ստեղծումը, այդ թվում` Ղրիմում, ահաբեկիչների ուսուցման կենտրոնների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն Կովկասի, Պովոլժիեի ու հավանաբար Սիբիրի դեմ,
– Ռուսաստանում, Կիևի ղեկավարությամբ, ոչ ռուսական ազգություն ունեցողների բողոքի ակցիաները:
Ռուսական ստրատեգները եզրակացնում են. «Այն իրավիճակը, որ ուրվագծվում է Ուկրաինայում, կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար»:
Ի՞նչ անել: Այստեղ ռազմավարության փորձագետները, որոնք ճիշտ են վերլուծել իրադրությունը, կանգ են առնում: Նրանք կոչ են անում լայն տեղեկատվական քարոզչություն ծավալել զանգվածային լրատվամիջոցներում, որպեսզի ցուցադրեն հեղաշրջման բնույթը, որը ներկա պահին տեղի է ունենում Ուկրաինայում: Նրանք ՌԴ կառավարությանը կոչ են անում, որ հղում անելով 1994-ի Բուդապեշտի հուշագրին` Ուկրաինայում հակասությունը կարգավորելու համար համաժողով հրավիրի Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եթե կողմերից մեկը կամ մի քանիսը չպաշտպանեն Բուդապեշտի հուշագրի գաղափարը Ուկրաինայի սուվերենության կարգավորման վերաբերյալ, ապա փորձագետներն առաջարկում են Ռուսաստանի կառավարությանն Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ` կիրառելով Քենեդու ու Խրուշչովի բանակցությունների նախադեպը1962-ին կուբայական հրթիռային ճգնաժամի ժամանակ:
Սակայն դա անիրականանալի երազանք է: Փորձագետները խրվել են ինքնախաբեության մեջ: Հենց Վաշինգտոնն է ուկրաինական ճգնաժամի մեղավորը ու մտադիր է Ուկրաինայում հեղաշրջում իրականացնել այն նույն պատճառներով, որոնք թվարկել են փորձագետները: Դա Ռուսաստանն ապակայունացնելու և ԱՄՆ-ի հարձակումն Իրանի ու Սիրիայի վրա կանխելու ուղղությամբ Պուտինի դիվանագիտության հաջողությունը բացառելու իդեալական ծրագիր է:
Ըստ էության, եթե Վաշինգտոնին հաջողվի Ուկրաինայում հեղաշրջում իրականացնել, ապա Ռուսասատանի` որպես ԱՄՆ-ի հեգեմոնիայի խոչընդոտի դերը կվերանա: Կմնա միայն Չինաստանը:
Ես ենթադրում էի, որ Ուկրաինան ամենաթեժ կետին կհասնի այն պահին, երբ Պուտինն ու Ռուսաստանը զբաղված կլինեն Սոչիի Օլիմպիադայով, այդպիսով Ռուսաստանին հանկարծակիի բերելով: Քչերն են կասկածում, որ Ռուսաստանը լուրջ ռազմավարական սպառնալիքի առաջ է կանգնել:
Ի՞նչ իրական տարբերակներ կան Ռուսաստանի համար: Ամեն դեպքում պետք է բացառել Վաշինգտոնի կողմից բարի կամքի դրսևորման գաղափարները:
Հնարավոր է, որ Ռուսատանը կարողանա գործել ամերիկյան սցենարով: Եթե Ռուսաստանն անօդաչու սարքեր ունի, ապա կարող է դրանք օգտագործել, ինչպես Վաշինգտոնը, Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող բողոքի ակցիայի առաջնորդներին ոչնչացնելու համար: Կամ էլ Ռուսաստանը կարող է հատուկ նշանակության ջոկատայիններ ուղարկել, որպեսզի ոչնչացնի Ռուսաստանի դեմ գործող գործակալներին: Եթե ԵՄ-ն շարունակի պաշտպանել Ուկրաինայի ապակայունացումը, ապա Ռուսաստանը կարող է դադարեցնել նավթի ու գազի մատակարարումը եվրոպական այն երկրներ, որոնք ԱՄՆ-ի խամաճիկներն են:
Բացի այդ, ռուսական զորքերը կարող են զբաղեցնել Արևմտյան Ուկրաինան այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի Ուկրաինայի բաժանման մասին համաձայնություն, որը վերջին 200 տարում Ռուսաստանի մասն է կազմել: Ակնհայտ է, որ Արևելյան Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը Ռուսաստանը գերադասում է ԵՄ-ից: Հնարավոր է նույնիսկ, որ Արևելյան Ուկրաինայի դեմքերը` լավ լվացված ուղեղներով, դադարեցնեն բերանից փրփուր թափելը` հասկանալով, որ Ուկրաինայի համար ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ձեռքում լինել նշանակվում է թալանվել, ինչպես Հունաստանի կամ Լատվիայի դեպքում եղավ:
Ես նկարագրեցի ճգնաժամի նվազագույն հետևանքները, որ ստեղծում են Վաշինգտոնն ու նրա եվրոպական հիմար խամաճիկ պետությունները, ոչ թե խորհուրդ եմ տալիս Ռուսաստանին: Վատթարագույն հնարավոր հետևանքը վտանգավոր պատերազմն է: Եթե ռուսները ձեռքները ծալած նստեն, ապա իրավիճակը նրանց համար անտանելի կդառնա: Քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցության և ռուս բնակչության ճնշման ուղիով է ընթանում, ապա ՌԴ-ն կա՛մ պետք է Ուկրաինայի վրա հարձակվի ու տապալի օտարերկրյա վարչակարգը, կա՛մ հանձնվի ամերիկացիներին: Ռազմավարական լպիրշ սպառնալիքի հավանական ելքը, որով Վաշինգտոնը կստիպի Ռուսատանին բախվել, միջուկային պատերազմն է:
Նեոպահպանողական Վիկտորյա Նուլանդը, Պետդեպարտամենտի իր գրասենյակում նստած, երանությամբ Ուկրաինայի հաջորդ կառավարության անդամներին է ընտրում: Հասկանո՞ւմ է նա Ուկրաինայի ու Ռուսաստանի գործերին Վաշինգտոնի միջամտությունից բխող միջուկային պատերազմի վտանգը: Գիտե՞ն արդյոք Օբաման ու ԱՄՆ Կոնգրեսը, որ պետքարտուղարի նման օգնական կա, որը գուցե հենց հիմա Արմագեդոն է սադրում:
Անհոգ ամերիկացիներն ուշադրություն չեն դարձնում ու գաղափար անգամ չունեն, որ մի բուռ նեոպահպանողական գաղափարախոսները ողջ աշխարհը կործանման են հրում:
Ծանոթություն: Ես Մոլդովայից մի նամակ ստացա: Այդ երկիրը սահմանակից է Ռումինիային ու Ուկրաինային: Մոլդովա-ուկրաինական սահմանային քաղաքներից մեկից գրում են, որ մոլդովացիներին 1 օրվա համար 30 եվրո են վճարել ուկրաինացի ցուցարար ձևանալու համար: Ես կցանկանայի ընթերցողներից լսել դրա հաստատումը և անգամ որպես ապացույց, հնարավորության դեպքում, աղբյուր ներկայացնել:
«Комсомольская правда»
Եթե էներգետիկայի նախագահը մի քիչ ջանին ջափա տար, այդպիսի պայմանագիր չէինք ստորագրի. Հրանտ Բագրատյան
Այս պահին ԱԺ-ում շարունակվում է «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը: Քիչ առաջ Հրանտ Բագրատյանը իր խոսքում նկատեց, որ առհասարակ չի հասկանում, թե ինչպես է ստորագրվել գազի տխրահռչակ պայամանգիրը, քանի որ, իր իսկ խոսքերով, «Եթե էներգետիկայի նախագահը մի քիչ ջանին ջափա տար, գործ աներ այդպիսի պայմանագիր չէինք ստորագրի»:
Պատգամավորը նաև մեկ այլ դիտարկում ուներ: Նա մատնանշեց, որ ՕԵԿ, ՀՀԿ կոալիցիան առաջարկում է կազմել 10 հոգանոց հանձնաժողով, որտեղ ընդամենը երեք ընդդիմադիր անդամ կա: Նա ընդգծեց, որ ընդդիմության թիվը պետք է ավել լինի:
Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին:
Մրցույթին մասնակցել են 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի պատվիրակները: «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում 28 թիմեր մասնակցել են արգելագոտու հաղթահարման, կրոսավազքի, պտտաձողի վրա ձգումների, զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության մրցույթների: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը գրավել է առաջին հորիզոնականը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրավել են Ռուսաստանը ներկայացնող 2 թիմերը:
Վարժարանի սաները հայաստան են վերադարձել փետրվարի 23-ին: Իսկ այսօր` փետրվարի 24-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր տողան, որի ընթացքում հավաքական թիմի անդամները վարժարանի հրամանատարության կողմից արժանացել են խրախուսանքների` կարճատև արձակուրդների:
Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունն այս տարի նախատեսվածից ավելի շուտ են սկսել մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Դա պայմանավորված է դեկտեմբեր-հունվար ամիսների առատ տեղումներով, որոնց հետևանքով փողոցների մեծաքանակ աղն ու ավազը անձրևների ժամանակ կարող են խոչընդոտել հեղեղատարների թողունակությանը: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Սրանք այս ուղղությամբ տարվող նախնական աշխատանքներ են, քանի որ որոշ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրևներին ընդառաջ:
Մինչ այդ, գործընթացի ներկա փուլին աջակցում են նաև վարչական շրջանների սանիտարական մաքրման ձեռնարկությունները, որոնց մարդկային և տեխնիկական ռեսուրսներով էլ համապատասխան վայրեր են տեղափոխում դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները: Հիշեցնենք նաև, որ 2014 թվականին մայրաքաղաքում ըստ առաջնահերթության կընթանան ջրահեռացման համակարգերի նորոգման ու ընդլայնման՝ նախորդ տարիներին մեկնարկած աշխատանքները:
Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ուսանող ակտիվիստների
Փետրվարի 24-ին Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են առնվազն երկու ուսանող ակտիվիստի, ովքեր մասնակցել են փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի դիմաց տեղի ունեցած ցույցին: Ուսանողներին ձերբակալել են տնից դուրս գալիս: Ձերբակալության պատճառները հայտնի չեն: Ոստիկանության աշխատակիցները հերքել են կալանքը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Բաքվի պետական համալսարանում խստացրել են անվտանգության միջոցառումները, որևէ անծանոթի թույլ չեն տալիս համալսարանի բակ մտնել: Երեք մուտքերից երկուսը փակ է: Միևնույն ժամանակ անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգում են բոլորի պայուսակները և թույլ չեն տալիս հաստատություն մտնել առանց ուսանողական տոմսերի:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը: Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ: Հարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել:
