Ուկրաինայի նախագահը ցուցարարներին առաջարկել է հանձնվել

ukraine-donetskՈւկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ համաներում կշնորհվի այն ցուցարարներին, որոնք զենքերը վայր կդնեն և կհեռանան գրավված շենքերից:

Նա հավելել է, որ հիմնական խնդիրն այն է, որ Դոնեցկի և Լուգանսկի շենքերը իրենց ձեռքում պահող մարդկանց օգտագործում են Ուկրաինայի թշնամիները:

Մեկ օր առաջ Ուկրաինայի  ներքին գործերի գործող նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում անջատողական ցույցերի հարցը 48 ժամվա ընթացքում լուծում կստանա կա՛մ բանակցային ճանապարհով, կա՛մ ուժի կիրառմամբ:

Ռուսաստանն  իր հերթին պնդում է, որ որևէ պատճառ չկա սահմանի մոտակայքում իր զորքերի ներկայությունից անհանգստանալու համար:

Միացյալ Նահանգները և այլ երկրներ Ռուսաստանին մեղադրել են երկրում անջատողական անհանգստություններ առաջացնելով ռազմական միջամտության առիթ  ստեղծելու համար:

 

«Ասել են` խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ». Արսեն Խոջոյանի մայրը որդու վերադարձի մասին

արսեն խոջայանՄոտ մեկ ժամ առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակից զանգահարել են մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքին և հայտնել, որ նրանց 23-ամյա որդուն արդեն հանձնել են հայկական կողմին:

«Զանգեցին, ասացին, որ տանում են հիվանդանոց` բուժզննության: Չգիտեմ` ինչ անեմ, ահավոր խառնված եմ, չգիտեմ` գնամ, մնամ: Վեշս կապած ա, ես ու Արսենի հորեղբորորդին` Արմենը, այս պահին Բերդի ավտոկայանում ենք, մեքենա ենք ուզում վարձել, հասնել Իջևան, հիմա Արսենիս էնտեղ են տանում, հետո տեղափոխելու են Երևան: Արսենի հայրիկին չուզեցինք տանենք, շատ հուզված ա»,-«Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում արցունքախառն ձայնով ասել է Արսենի մայրը` տիկին Սվետլանան: Նա նաև ասել է, որ իրենց տեղեկություններով Արսենի վիճակն ընդհանուր լավ է:

«Ասել  են`  խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ»,-նշեց տիկին Սվետլանան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

« Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության»:

Թմրամոլներին որոշել են բուժել դրամական պարգևով

09183327.572744.3626

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի աշխատակիցներն առաջարկել են թմրակախվածությունից բուժման նոր մեթոդ: Փորձի շրջանակներում կազմակերպությունում հաշվառվածներին տվել են 10 ֆունտ ստեռլինգի կտրոն այն դեպքում, եթե նրանց մեզում չի հայտնաբերվել արգելված նյութերի հետք:

Ենթադրվում է, որ այս ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն 2 տարուց, սակայն որոշ  մանրամասներ հայտնի կդառնան մինչ փորձի ավարտը: Փորձի մասնակիցներն օփիումային կախվածություն ունեն, նրանք պարտավորվում են մեզի անալիզ հանձնել ամեն շաբաթ:

Նման փորձ կատարելու նպատակայնության մասին եզրահանգում արվեց այն ժամանակ, երբ բրիտանական բժշկական Lancet  ամսագրում մի հոդված հայտնվեց, որը հաստատում էր, թե դրամական խրախուսանքը թմրամոլներին  դրդում է հեպատիտի դեմ պատվաստվել: Հոդվածագրի կարծիքով, պատվաստումը թույլ կտա կանխել այդ վարակիչ հիվանդության տարածումը ու հասարակությանը պաշտպանել դրանից:

Մասնագետները կարծում են, որ եթե այս միջոցն արդյունավետ  լինի, ապա այն հասարակության համար առողջանալու հնարավորություն է ստեղծում:

Անկախ

Ավելի արդյունավետ կկիրառվի գործուն զղջալու ինստիտուտը

նախարարներՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը վերանայել համապատասխան նորմերի բովանդակությունը: Եվ ահա ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ»:
Կառավարության հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու ևս մի օրինագիծ, որը նույնպես առաջարկվել է ԳՐԵԿՈ-ի կողմից: Հաշվի առնելով քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտման առանձնահատկություններն ու բացահայտման բարդությունը և դրանով պայմանավորված մեկ տարվա վաղեմության ժամկետ նախատեսելու աննպատակահարմարությունը, առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվության ենթարկվելու երկու տարվա վաղեմության ժամկետ:
Նիստում հավանություն է տրվել «Այլընրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կհստակեցվի այլընտրանքային ծառայության դիմումի ներկայացման ժամկետի և դրա քննարկման արդյունքով զորակոչիկի կարգավիճակը: Դա էլ իր հերթին կնպաստի այլընտրանքային ծառայության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով հաշվի առնելով գործուն զղջալու ինստիտուտի կիրառման սահմանները հստակեցնելու պահանջը, ինչպես նաև այս խնդրի առնչությամբ առկա միջազգային փորձը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներում ամրագրել որոշակի և անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք համակցությամբ բավարար են գործուն զղջալու պաշտպանության միջոցի կիրառության համար: Օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա առևտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը:
Կառավարությունն իր որոշումներով անհետաձգելի է համարել վերը նշված օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

վաչե գաբրիելյանԱյսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է:
Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներ: Հայեցակարգի նախագիծը նաև քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմի հետ:
Հայեցակարգով, մասնավորապես, նախատեսվում է միջազգային չափանիշերին համապատասխան փոփոխել կոռուպցիայի դեմ պայքարի գործող ինստիտուցիոնալ համակարգը: Հայեցակարգի հիման վրա ընդունվող իրավական ակտերով նախատեսվում է վերանայել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման սկզբունքները, գործառույթները, գործունեության կարգը, ինչպես նաև ձևավորել մշտապես գործող, անկախ փորձագիտական հանձնախումբ, որն ապահովելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացումը:
Հայեցակարգը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովելու կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
Հայեցակարգի դրույթներն իրացվելու են դրա հիման վրա ՀՀ կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան ընդունվող հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի միջոցով:
ՀՀ կառավորության որոշման համաձայն՝ մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակված հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, նախատեսվելու են հետևյալ չորս բնագավառները՝ կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Հայեցակարգի մշակման փուլում փորձագիտական աջակցություն են տրամադրել մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Նշված կառույցների փորձագետների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում մասնավորապես քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության նպատակները, խնդիրները, հայեցակարգային լուծումները, արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման նախադրյալները, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման համար թիրախավորված ոլորտների ընտրության չափանիշները:

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

նիստՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք: Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածի պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքի կառուցումը հրատապ խնդիր է, որը մասնակիորեն կլուծվի կառավարության սույն որոշման իրագործմամբ:
Նիստում հաստատվել է ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների համար վարչական տուգանքի գանձման, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարման և այլ վճարովի ծառայություններից ստացված միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: ՀՀ ոստիկանապետին թույլատրվել է, մասնավորապես, դրամաշնորհներ հատկացնել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին և ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին, իրականացնել գնումներ, այդ թվում՝ ձեռք բերել 14 պարեկային և 37 հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տարածքներ են հանձնվել «Տնտեսական լրագրողների ակումբ», «Մամուլի ազգային ակումբ», «Սեր, ընտանիք», «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում», «Աջակցություն բարեփոխումներին» (10 տարով), «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ֆեմիդա» և «Հակաստվեր» հասարակական կազմակերպություններին:
Կառավարության այլ որոշումներով տարածքներ են հանձնվել «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասում գտնվող կաթսայատան սարքավորումները և արտաքին ջերմացանցը նվիրաբերվել են Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/1 հասցեում գտնվող 927.7 քառ. մետր մակերեսով գույքը և համապատասխան հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Ասպար ԱՐՄՍ» ՍՊԸ-ին: Ակնկալվում է, որ գործարքի շնորհիվ կմեծանա գույքի օգտագործման արդյունավետությունը, կավելանա պետբյուջեի մուտքը:
Գործադիրը որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած ևս 6 ընտանիքի սեփականաշնորհել տարբեր հանրակացարաններում զբաղեցրած բնակելի տարածքները:

Բարբադոսը կանցնի արեգակնային ջեռուցման

20140409153112

Բարբադոսի կառավարությունն էներգիայի զարգացման  Ազգային ռազմավարական պլան է մշակել, որի համաձայն, 2025-ին երկրի կեսը պետք է անցնի արեգակնային ջրատաքացուցիչ տարրերի: Դա նոր տեխնոլոգիա է, որը կղզյակային պետությունում լայն տարածում է ստանում: Դեռևս 2002-ին Բարբադոսը 15 հազար տոննայով նվազ արտանետումներ էր գրանցել ու տնտեսել էր 100 մլն դոլար` ջրի տաքացման համար 35 հազար արեգակնային մարտկոցներ տեղադրելու շնորհիվ, հայտնում է UNEP-ը

Ամեն տարի կառավարությունը նոր զեղչեր է անում այն տների համար, որոնք լրիվ արեգակնային էներգիայի են անցել: Յուրաքանչյուրը, ով իր տանը կտեղադրի նման սարք`  կօգտվի զեղչերից ու հարկերն էլ կնվազեն: «Արևային տուն» կրթական ծրագիրը, որ մեկնարկել է 2007-ին, ակտիվորեն առաջ է տանում այդ ձեռնարկը նաև ժողովրդի մեջ ու առաջարկում բոլոր ցանկացողներին սովորել արեգակնային կուտակիչները լիցքավորելու տեխնոլոգիան: Այսօր կղզում ավելի քան 91 հազար արեգակնային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ է հաշվվում: Դրանցից 75%-ը տեղադրված է սեփական տներում ու սպասարկվում են տան սեփականատերերի ուժերով: Դա հնարավորություն է ստեղծում հասկանալու, որ նորացվող էնրգետիկայի ներդրումը պետությունում լրիվ լուծելի խնդիր է:

Անկախ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներն հանդես են եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով, Կառավարության եզրակացությունները միանշանակ չեն

11217_am_1Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, գործադիրը ի թիվս այլ հարցերի քննության է առել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնցով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը: ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, նկատի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վիճակագրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի հեղինակներին առաջարկում է խնդրին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո:
ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը միտված է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակների, բխում է այն հանգամանքից, որ օրենքը պարտադրում է աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը. այսպիսով ֆինանսական բարդ վիճակում են հայտնվում աուդիտ անցկացնելու միջոց չունեցող կուսակցությունները: Պատգամավորներն առաջարկում են աուդիտի պահանջը գործի դնել տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում: Կառավարությունն իր հերթին կողմ է օրենքի նախագծի այնպիսի խմբագրման, երբ աուդիտ չի անցկացվի այն դեպքում, երբ կուսակցության լիազոր մարմին հայտարարություն ներկայացվի, որ հաշվետու տարում կուսակցության ակտիվների փոփոխություն չի եղել: Այս առաջարկությունն ընդունելու դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննության է առել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի: Սկզբունքորեն կողմ լինելով նախագծին, կառավարությունը այն կածիքին է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և անում է համապատասխան առաջարկություններ:
Գործադիրը քննարկել է «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Օրենքի նախագծի հիմքում դրված է փորձագետների այն եզրակացությունը, որ Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրերի 1984թ. հաստատված արդյունաբերական պաշարը հուսալի և իրատեսական է և վերագնահատման կարիք չունի: Կառավարության եզրակացությունը փաստում է, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով մշակվել և արդեն իսկ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր: Պատգամավորին առաջարկվում է համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծերի փաթեթ ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ կառավարությունն իր միասնական իրավական դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առթիվ

կառավարության նիստՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է պատրաստել` կապված Սահմանադրական դատարանի որոշման կիրառման հետ: Պարզաբանումները կառավարությանն է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարարը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյան – Մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` ապրիլի 2-ին կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը, երբ տեղ են գտնում տարբեր իրարամերժ մոտեցումներ և մեկնաբանություններ՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանման, օրենքի դրույթների կիրառելիության և ուժի մեջ մտնելու, ՍԴ-ի որոշման հետադարձ ուժի հետ, հարկ ենք համարում կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ներկայացնել այս հարցի առնչությամբ: Ցանկանում ենք շեշտել, որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանելիս, ընկալելիս և կիրառելիս անհրաժեշտ է բացառապես ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի մասին օրենքով և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով: Մի քանի կարևոր հարցադրումները կամ խնդիրները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ, հետևյալն են.
Առաջին, որ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում: Միևնույն ժամանակ, համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթները ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին:
Երկրորդ, համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն՝ հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող:
Երրորդ կարևոր հանգամանքը, որ ցանկանում ենք շեշտել, ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:
Չորրորդ, մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և տեղին չեն շրջանառվող իրարամերժ մոտեցումները: Կարծում ենք, սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ միասնական հստակ դիրքորոշում ունենալու:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյան – Ես առաջարկում եմ, պարոն Կիրակոսյան, ինչ որ ներկայացրեցիք, նաև գրավոր տրամադրվի բոլոր պետական մարմիններին , որպեսզի նաև ընկալումն ավելի ճշգրիտ լինի : Այսօր սահմանափակվենք հաղորդումն ընդունելով ի գիտություն: Այլ հարցեր կամ առաջարկություններ, կամ ինչ որ խնդիրներ կա՞ն: Խնդրեմ, Պարոն Ասատրյան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան – Պարոն Գևորգյան, Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, և այն սկսել է գործել: Վարչապետի որոշմամբ ժամկետ սահմանվեց մինչև մայիսի 15-ը, որպեսզի աշխատանքային խումբը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված բոլոր իրավական դիրքորոշումները, նորմերը, որոնք նշեց նաև պարոն Կիրակոսյանը, հնարավորինս սեղմ ժամկետում կարողանա օրենսդրական փաթեթով ներկայացնել կառավարությանը: Եվ նաև մենք երեկ հայտարարության արեցինք, որ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այդ աշխատանքներին, քանի որ ի վերջո համատեղ աշխատանքի արդյունքում պիտի լուծումներ գտնենք իրավական դաշտում, օրենքի շրջանակում: Եվ այդ առումով մեկ անգամ ևս առաջարկում ենք ուղղակի մասնակցել այդ աշխատանքին և զերծ մնալ տարբեր շահարկումներից:

Լավագույն կառավարության աշխատանքի արդյունքներն աննշան կլինեն Հայաստանում. տնտեսագետ

հարություն մեսրոպյանՀայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ քննարկվում  է, թե ով պետք է լինի  հաջորդ վարչապետը, ինչ հատկանիշներ պետք  է ունենա կառավարությունը:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեման տնտեսական տեանկյունից դիտարկեց կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանը:

Հայաստանի տնտեսությունը ունի երեք խոշորագույն կախման ուղիներ. ներքին` օլիգարխիկ տենտեսությունը սերտաճած է պետական մարմիններին: «Եթե կառավարությունը չլինի հարմարվող, կարող է դիպչել օլիգարխների շահերին, կսկսվի պայքար, որում կհաղթի օլիգարխիան»:

Ըստ տնտեսագետի` կան նաև արտաքին գործոններ, որոնք ազդում են Հայաստանի վրա.  Հայաստանը ունի մեծ տնտեսական կախվածություն Ռուսաստանիից և ֆինանսական կախվածություն ԱՄՆ-ից:

«Յուրաքանչյուր կառավարություն պետք է այդ հանգամանքերը հաշվի առնի: Ռուսաստանի ճնշումը արտահայտվում է Մաքսային Միության կազմ մտնելու պարտադրանքով, իսկ Արևմուտքը պարտադրում է մասնակցել ԵՄ տնտեսական համաձայնագրերին: Մենք միշտ մեծ ակնկալիքներ ենք ունենում կառավարությունից, բայց հաշվի չենք առնում այդ ճնշումները»,-նշեց Մեսրոպյանը:

Նրա կարծիքով` կուտակային կենսաթոշակների հարցը ևս դրվում է Արմուտքի ճնշման միջոցով. «Ասում են` Հայաստանի ութսուն տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակներին, սակայն ԱՄՆ-ը բառացիորեն  ստիպում են ընդունել դա, իսկ մի՞թե ԱՄՆ-ը հանդես չի գալիս ժողովրդավարական արժեքների տարածողի դերում» :

Հայաստանի կառավարությունը դրսում պինդ հենարան չունի, ներսում էլ չունի , քանի որ օլիգարխները ևս այստեղ շահեր ունեն: «Եթե  Հայաստան գա աշխարհի լավագույն կառավարությունը, դրա արդյունքները կլինեն աննշան»,-ասաց  կառավարման մասնագետը բացատրելով դա նրանով, որ  1991 թվականին մեր հանրապետությունը ստեղծվեց շատ անհաջող ձևով: Հայաստանը խորհրդային համակարգը կարկատեց իրեն: Մյուս կոպիտ սխալը  «մեզ հետ ես` պաշտոն ունես, մեզ հետ չես` պաշտոն չունես» սկզբունքի օգտագործումն էր, որը նույնպես ժառանգվել է կոմունիստական համակարգից: Արդյունքում լավագույն ռեսուրսները չօգտագործվեցին:

Ադրբեջանի ՊՆ նախարարը կմեկնի Իրան

հասանովԱդրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ապրիլի 14-15-ին պաշտոնական այցով լինելու է Իրանում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Ըստ տեղեկության՝ այցը տեղի է ունենալու Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհգանի հրավերով:

Այցի շրջանակներում կքննարկվեն ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանագության հարցեր: Հասանովը կհանդիպի նաև Իրանի ղեկավարության հետ:

Ապրիլի 9-ին պաշտոնական այցով Իրանում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Անկախ

Ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին,լրացված

արսեն խոջայան

Մոտ մեկ ժամ առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակից զանգահարել են մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքին և հայտնել, որ նրանց 23-ամյա որդուն արդեն հանձնել են հայկական կողմին: ՙՙԶանգեցին, ասացին, որ տանում են հիվանդանոց` բուժզննության: Չգիտեմ` ինչ անեմ, ահավոր խառնված եմ, չգիտեմ` գնամ, մնամ: Վեշս կապած ա, ես ու Արսենի հորեղբորորդին` Արմենը, այս պահին Բերդի ավտոկայանում ենք, մեքենա ենք ուզում վարձել, հասնել Իջևան, հիմա Արսենիս էնտեղ են տանում, հետո տեղափոխելու են Երևան: Արսենի հայրիկին չուզեցինք տանենք, շատ հուզված ա՚՚,-Անկախի թղթակցի հետ զրույցում արցունքախառն ձայնով ասել է Արսենի մայրը` տիկին Սվետլանան: Նա նաև ասել է, որ իրենց տեղեկություններով Արսենի վիճակն ընդհանուր լավ է:ՙՙԱսել են, խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ՚՚,-նշեց տիկին Սվետլանան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. ՙՙԸնդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության՚՚:

 

Անկախ

 

«Միկան» ընդհատեց «Բանանցի» հաղթարշավը, իսկ «Ալաշկերտը», հաղթելով Կապանում «Գանձասարին», բարելավեց մրցաշարային գործերը

ֆուտբոլԿայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության 19-րդ տուրի երկու հանդիպում: «Միկան» ընդհատեց «Բանանցի» հաղթարշավը, իսկ «Ալաշկերտը», հաղթելով Կապանում «Գանձասարին», բարելավեց մրցաշարային գործերը` հրաժեշտ տվեց վերջին տեղին:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա»-«Բանանց» 2:0 (1:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ալիկ Առաքելյան, 4, Հայկ Ոսկանյան, 90

 

«Գանձասար»-«Ալաշկերտ» 0:2 (0:1)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Միհրան Մանասյան, 28, Դարկո Վուչիչ, 57

Աղյուսակ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 20 39
2. Բանանց 20 34
3. Շիրակ 20 33
4. Միկա 20 30
5. Փյունիկ 20 27
6. Գանձասար 20 24
7. Ալաշկերտ 20 15
8. Ուլիս 20 13

Ով էլ լինի նոր վարչապետը…

իսկանդարյանԱյս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:

Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:

Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում

Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:

«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:

Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:

քառյակՍակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:

Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ

Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:

Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:

Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

Աշխարհաքաղաքական խաղացողները Քեսաբն օգտագործում են սեփական նպատակներով

քեսաբՎերջին մի քանի օրերին ռուսական ԶԼՄ-ներով մի քանի անգամ բավական ընդարձակ հրապարակումներ եղան Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Նշվում էր, որ Քեսաբում հայերին կոտորում են, քշում են, որ միջազգային հանրությունը լուռ է այս ողբերգության նկատմամբ և այլն: Պետք է արձանագրել, որ համացանցում կասկածելի բովանդակություն ունեցող տեսանյութերը, ամենասուր ձևակերպումները Քեսաբում տիրող իրավիճակի և ծավալվող իրադարձությունների մասին հնչեցվում ու տիրաժավորվում են հենց ռուսական ԶԼՄ-ների միջոցով:

Քեսաբի հարցում Ռուսաստանը, իհարկե, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մի շարք երկրների հետ միասին պաշտոնական դիրքորոշում հայտնեց, բայց ի տարբերություն Արևմուտքի` ոչ միայն բավարարվեց «մտահոգությամբ», այլև անցավ բուն գործողությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկեց Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ բանաձև ընդունել, ինչը ԱԽ մյուս մշտական անդամների կողմից չընդունվեց ու տապալվեց:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց ՌԴ-ի նախաձեռնությունը, այն է` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես գալ համապատասխան բանաձևով, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ապրիլի 8-ին` Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի շատ մշտական անդամներ Սիրիայում իրենց նպատակն են հետապնդում, որը Բաշար Ասադի ռեժիմի տապալումն է, և այդ նպատակին հասնելու համար նրանք աչք են փակում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վրա:

«Խոսքը ոչ միայն հայերի մասին է, այլև քրիստոնյա և իսլամական աշխարհների բախման, դա անթույլատրելի է, քանի որ եթե դա տեղի ունենա, իմ կարծիքով, երրորդ համաշխարհային պատերազմն իրական կդառնա: Ընդ որում` դա կլինի պատերազմ մինչև վերջնական ոչնչացում: Այդ պատերազմում, սակայն, հաղթողներ չեն մնա»,- նշեց Վ. Ջաբարովը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ Հ1 հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարում կարծիք հայտնեց, որ Սիրիայում, մասնավորապես` Քեսաբում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի կողմից ակտիվորեն խաղարկվում են որպես ուկրաինական հարցից աշխարհի ուշադրությունը շեղող մանյովր:

Սաֆրաստյան

Ռուբեն Սաֆրաստյան

Այս տեսակետը կարծես հաստատվում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովի խոսքով, որ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին նշեց, թե Արևմուտքն այսօր ավելի մտահոգված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով, որոնք Ուկրաինայի ներքին գործերն են, և ՄԱԿ-ն ու միջազգային կառույցները ձևացնում են, թե Քեսաբի իրադարձությունները լոկալ բնույթ են կրում, չնայած դա այդպես չէ: «Այսօր միջազգային հանրությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի ոչ թե Ուկրաինայի վրա, այլ Սիրիայի, որտեղ արյուն է հոսում»,- նշեց Ռաֆայիլ Զինուրովը:
Ռուսները կարծես գտել են նաև դրա լավագույն միջոցը` հայերի ամենանուրբ լարերին դիպչել` անընդհատ վանկարկելով «հայերի նոր Ցեղասպանության» մասին, ոտքի հանել աշխարհի հայերին և նրանց բարձրացրած բողոքի ալիքի միջոցով փորձել դիվիդենտներ շահել: Դրան, իհարկե, նպաստում է այն հանգամանքը, որ հենց Թուրքիան կազմակերպեց և ուղղորդեց Քեսաբի դեմ իրականացված գործողությունը, ինչը բոլոր հիմքերը տալիս է հայկական կողմին հայտարարելու, թե Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան նոր գրոհներ է իրականացնում հայերի նկատմամբ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն օրերս նշեց, որ էթնիկ զտումները, որոնք իրականացվեցին Քեսաբում Թուրքիայի օգնությամբ և ուղղորդմամբ, հիմք են նախապատրաստում Հյուսիսային Սիրիայի որոշ շրջանների վրա Թուրքիայի կողմից տարածքային էքսպանսիա իրագործելու համար: Եվ այս առումով` Քեսաբը Թուրքիայի կողմից այդ շրջանների անեքսիայի նախապատրաստական առաջին քայլն էր: Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Մերձավոր Արևելքը նպատակաուղղված հայաթափվում է:
Որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու արշավն արդեն ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության ծրագրի է վերածվել, ընդ որում` Արևմուտքի լուռ համաձայնության պարագայում, նույնպես ակնհայտ է դառնում: Հակառակ դեպքում էլ ինչպե՞ս կարելի է բացատրել Սիրիայում կռվող ծայրահեղականների հայտարարությունները` «քրիստոնյաները` Լիբանան, ալևիները` գերեզման»…

Թուրքիան հերթական անգամ օգտվում է առիթից

արեշև

Անդրեյ Արեշև

ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Քեսաբի իրադարձությունների կապակցությամբ նշում է, որ քեսաբցիների բախտն ուղղակի չբերեց` հայտնվելով գրոհայինների հերթական գրոհի ճանապարհին, որն ուղղված էր կոնկրետ նշանակետի: «Էրդողանը վերականգնում է Օսմանյան կայսրությունը, և դա բացահայտ հայտարարվել է. «Մենք նոր օսմաններն ենք»: Դրա մասին հայտարարում է Ահմեդ Դավութօղլուն, ուստի էքստրեմիստական կուրսի պաշտպանությունն ուղղված է թուրանական սոցիումի ներսում իսլամի միջազգային դերի բարձրացմանը, ինչը միանշանակ հանգեցնում է ծայրահեղ իսլամի աջակցությանը: Այս իմաստով արևմտյան կոլեգաներին դիմելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների կամ հայերի պաշտպանության խնդրանքով, վախենամ` անիմաստ քայլ է, քանի որ XX դարասկզբի հայերի ցեղասպանությունը Եվրոպայում քչերին էր հետաքրքրում»,- ասաց Սատանովսկին` հավելելով, որ ըստ էության` Արևմուտքին չի հետաքրքրում, որ իրենց դաշնակիցն ինչ-որ մարդկանց է կոտորում, վերջին հաշվով, Ասադի ռեժիմի տապալման հարցում հետաքրքրված են թե՛ Ֆրանսիան, թե՛ Գերմանիան ու Անգլիան: Այս առումով չպետք է աջակցություն սպասել այն երկրներից, որոնց դաշնակիցը Քեսաբի կոտորածի կազմակերպիչն է:
Հայկական սփյուռքի կողմից տարբեր երկրներում անցկացվող բողոքի ակցիաների առումով գրեթե համանման տեսակետ ունի նաև ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նա ասում է, որ դա անիմաստ է, քանի որ երբ հարցը հասնում է, օրինակ, ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ազգային շահերին, իսկ Սիրիայի իրադարձությունները հենց այդպիսիք են, նրանք ոչինչ չեն անի:
Ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` ամփոփելով Թուրքիայում ՏԻՄ ընտրություններով պայմանավորված իրավիճակը, Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից վարչապետ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակով դուրս եկան, ինչը հիմք է տալիս վերջիններիս ամուր պաշարով մոտենալ նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնցում կրկին ֆավորիտի դերում են: Այս ամենից կարող ենք հետևություն անել, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի առնի, որ իշխանությունը շարունակում է մնալ Էրդողանի ձեռքում, եթե չլինեն անսպասելի զարգացումներ: Ամենակարևորը` Հայաստանն ու հայերս պետք է ընդունենք ու հասկանանք թուրքական ընտրություններում արձանագրված այն իրականությունը, որ Հայաստանին սահմանամերձ ներկայիս Թուրքիայի նահանգներում ազգայնականներն իրենցից որոշակի ուժ են ներկայացնում, իսկ նրանց համար ձայներ են ապահովում նաև այդտեղ հաստատված ադրբեջանցիները:

Ակնհայտ է` ուկրաինական իրադարձություններից հետո աշխարհը կարծեցյալ սառը պատերազմից մտավ խոր անտագոնիզմի մեջ` ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ երկրների ու Ռուսաստանի: Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործողություններում, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի նկրտումները իսլամական աշխարհում լիակատար առաջնորդի դերը ստանձնելու ուղղությամբ, Թուրքիան դառնալու է Մերձավոր Արևելքում Արևմուտքի հիմնական հենասյուներից մեկը, ինչից մեր ոխերիմ հարևանն ակնհայտորեն փորձում է օգտվել իր շահերն առաջ մղելու համար: Առավել ևս, որ ուկրաինական «ճակատում» կրած անհաջողությունն Արևմուտքը փորձելու է լրացնել սիրիական ճակատում:
Ուստի Քեսաբի իրադարձությունները, ինչպես նշում են հայ, ռուս և այլ ազգությունների փորձագետներն ու վերլուծաբանները, դեռ մեծ գործընթացի սկիզբն են, որը հնարավոր չէ դադարեցնել: Որովհետև Սիրիայում իրավիճակը կփոխվի, եթե փող չմատակարարվի ու գրոհայիններին այլևս աջակցություն ցույց չտրվի:

 

Ինչպիսին կլինի Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը

չլ1346338264Ապրիլի 11-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի վիճակահանություն: Այն կանցկացնեն կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և մրցաշարերի կազմակերպման տնօրեն Ջորջիո Մարկետին: Նրանց կօգնի նախկինում հանրածանոթ ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն:

Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցներն են` Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն»:

Կիսաեզրափակիչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 22-ին և 23-ին, իսկ պատասխան հանդիպումները` ապրիլի 29-ին և 30-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Լիսաբոնում:

 

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին

սերգոԿառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին Հողօգտագործողներին կտրամադրվի տարբեր մշակաբույսերի սերմացու, կզեղչվեն հողի հարկը և ջրի վարձավճարը

 

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:
Պատճառված վնասը մեղմելու նպատակով կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:
Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:
Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշել է, որ տուժած հողօգտագործողներին ցուցաբերվող աջակցությունը շարունակություն է ունենալու նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով և ձայնը տվել է նախարարի պաշտոնակատարին: Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 630 գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 120 մլն դրամի օգնություն: Այս վերջին ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը` ինտերնետի հասանելիության վերաբերյալ (Թուրքիայի խախտումների օրինակներով):

Նաիրա-Կարապետյան“Ինտերնետը պետք է հասանելի լինի բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ եկամուտուց, և անհրաժեշտ է ավելի խիստ պահանջներ ներկայացնել` ինտերնետ հասանելիությունը տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով ապահովելու համար” – նշված է քննարկվող բանաձևի նախագծում:

Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է համացանցի հասանելիությունը` գների իջեցման և ցանցի կատարելագործման հետևանքով:

Վերջին տասնամյակում Հայաստանն իրականացրել է ՏՏ ոլորտի ազատականացմանը ուղղված արմատական քայլեր, այդ թվում և նոր նորմատիվ համակարգի ներդրում, ինչը և հանգեցրել է մենաշնորհի վերացմանը: Հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումը շատ կարևոր ցուցանիշ է Հայաստանի համար:

Կարևորելով համացանցի հասանելիությունը, ինչն իր մեջ ներառում է առանց պետական ​​մարմինների միջամտության կարծիքներ, մտքեր և այլ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունք` ես խորին մտահոգված եմ հարևան Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով` այս ամենի ապահովման հարցում:

Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում ինտերնետ ազատության և խոսքի ազատության նկատմամբ: Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է Թուրքիայում կարևոր տեղական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ինչպես գիտեք, հենց Թվիթերի միջոցով են տարածվել մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնցում պարզ արտահայտվում էր ոչ միայն Թուրքիայի կառավարության կոռուպցիոն պատկերը, այլ և ճնշումները բիզնեսի և լրատվամիջոցների վրա:

 

Թվիթերի արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակել է նաև YouTube-ի և Գուգլ որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը իր երկրի քաղաքացիների համար:

Այս վճռական քայլերը, որոնցով խախտվում է ինտերնետի հասանելիության օրենքը, ցուցանիշն են այն իրողության, թե որքան հեռու է պատրաստ գնալ Թուրքիայի կառավարությունը` հակակառավարական քննադատությունը կանխելու համար: Այս ամենի հետևանքով ամենևին էլ զարմանալի չեն այդ երկրի վերջին ընտրությունների արդյունքները: Ներկայիս իշխող կուսակցությունը, չնայած Թուրքիայում ընթացող երկարատև բողոքների, ցույցերի և դատական ու իրավապահ մարմինների վրա ճնշումների` այնուամենայնիվ հաղթել է ընտրություններում:

Ըստ էության, որոշ ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաններ դատապարտել են սոցիալական ցանցերի արգելափակումը Թուրքիայում, բայց վստահ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և մեր Խորհրդարանական վեհաժողովը և անդամ պետությունները, պետք է խստորեն դատապարտեն այս անընդունելի իրողությունը` բանաձևերով կամ հատուկ հայտարարություններով` հետագայում այլ երկրներում նման իրավիճակները բացառելու համար:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ խիստ կարևորել քննարկվող բանաձևի հոդված 2-ը. “Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը: Այդ իսկ պատճառով Վեհաժողովը ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և խիստ կարևորում ինտերնետի հասանելիության կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում:

 

 

ՌԴ Պետական Դումայի պատգամավորները դատապարտում են Միխայիլ Գորբաչովին Խորհրդային Միության փլուզման մեջ

գորբաչովԽՍՀՄ ղեկավար Միխաիլ Գորբաչովին դատապարտելու պահանջով ՌԴ գլավոր դատախազ Յուրի Չայկային են դիմել պատգամավորների մի խումբ, ովքեր մեղադրում են Գորբաչովին ԽՍՀՄ փլուզման մեջ:

“Այս հանցանքը վաղեմության ժամկետ չունի, իսկ ինքը Գորբաչովը այլևս օժտված չէ դատական  անձեռնամխելիությամբ”,- նշում են պատգամավորները: Այդ դիմումի մեջ ընդգծվում է հանրաքվեի արդյունքները, որով Խորհրդային Միության քաղաքացիները կողմ են արտահայտվել միասնական պետության պահպանմանը, իսկ Գորբաչովի ղեկավարությամբ իշխանությունները անօրինական գործողությունների են դիմել, որոնք էլ հանգեցրել են երկրի փլուզմանը:

Գորբաչովին մեղադրում են նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ստեղծման և ղեկավարման մեջ, որը նախատեսված չէր ԽՍՀՄ Սահմանադրությամբ որպես պետական իշխանության մարմին: Հենց այս կառույցն էլ բանաձև է ընդունել Մերձբալթյան սովետական երկրների անկախության ճանաչման վերաբերյալ, մինչդեռ նման որոշումներ չէին կարող ընդունել անգամ իշխանության լեգիտիմ մարմինները:

Նախաձեռնության հեղինակները հիշեցրել են, որ ԽՍՀՄ նախագահի վրա դատական գործ էր հարուցվել դեռ 1991թ.-ի նոյեմբերին,սակայն հենց  հաջորդ օրը  ֆունկցիոների ճնշման տակ այն չեղարկվել է:

Անկախ

Բեռնար Շալանդ. «Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող»

բշc2lQ97zSWr2oybuvsjjX1DWZ3jՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետեւելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր  մարզիչը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Այն ներկայացնումենք ընթերցողների ուշադրությանը:

– Պարոն Շալանդ, Երեւանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք եւ գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երեւանում եք: Կպատմե՞ք  այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:  

– Այդ ընթացքում ես առաջին հերթին փորձում էի ձևավորել իմ մարզչական շտաբը: Ես փորձեցի գտնել ֆիզիկական պատրաստության  պրոֆեսիոնալ մարզչի, ով կկարողանար գալ Հայաստան եւ աշխատել բոլոր տարիքային հավաքականներում: Դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց գտնել բավականին լավ մարզչի: Շատ կարևոր է, որ նա ոչ միայն ֆիզիկական գծով մասնագետ է եւ համալսարանի պրոֆեսոր, այլև շատ լավ է հասկանում ֆուտբոլից: Երկրորդը, ինձ պետք էր մարդ, ով մոտիկից կիմանար հայկական ֆուտբոլը եւ Հայաստանը: Եվ ես, իհարկե, միանգամից մտածեցի Արթուր Պետրոսյանի մասին: Նա աշխատել է ինձ հետ, երբ ես գլխավորում էի «Ցյուրիխը»: Նա աշխատում էր հիմնականում հարձակվողների հետ կամ գալիս էր Ռուսաստան եւ Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որտեղ կար ռուսերենի իմացության կարիք: Արթուրը գոհունակությամբ ընդունեց իմ հրավերը, բայց նա ունի լավ աշխատանք եւ պայմանագիր «Ցյուրիխում»: Ես խոսեցի «Ցյուրիխի»  նախագահի հետ: Սկզբից նա ասաց, որ Արթուրին բաց չեն թողնի, որովհետև նա շատ կարևոր գործ է անում եւ գլխավորում է մինչև 21 տարեկանների թիմը: Ես չդադարեցրի փորձերս եւ գտա լուծումը: Արթուրը կգա միայն հավաքականի պաշտոնական խաղերի օրերին: «Ցյուրիխում» հանդես են գալիս տարբեր հավաքականների շատ խաղացողներ, ուստի այդ օրերին Արթուրը կարող է բացակայել ակումբից մի քանի օրով: Ես կարծում եմ, որ Արթուրի ներկայությունը հավաքականում շատ կարևոր կլինի:

Այդ ընթացքում մեկնեցի նաեւ Դորտմունդ եւ դիտեցի «Բորուսիա»-«Զենիթ» հանդիպումը: Խաղից հետո ես հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին և մենք քննարկեցինք որոշ հարցեր: Իմ օգնականը դիտել է նաև Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ «Ալկմար»-«Անժի» հանդիպումը: Մենք կատարել ենք նաև տեսավերլուծություններ: Վաղը  ես կրկին մեկնելու եմ: Այս անգամ կմեկնեմ Ռուսաստան եւ տեղում կհետևեմ Հայաստանի ազգային հավաքականի այնտեղ հանդես եկող թեկնածուների խաղը: Երբ ժամանեցի Երեւան, հասցրեցի դիտել նաև Հայաստանի առաջնության հանդիպումները եւ հանդիպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի հետ: Ես կարծում եմ, որ նա բավականին գրագետ մարզիչ է, եւ մենք կկարողանանք լավ համագործակցել: Մի խոսքով, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

– Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից եւ կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել մեր ազգային հավաքականը:

– Կան 3-4 խաղացողներ, որոնց խաղը ես հավանել եմ, բայց դեռ վաղ է նրանց մասին վերջնական կարծիք կազմելու համար, քանի որ բացի «Բանանցից» մնացած թիմերի խաղերը ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ: Մենք պետք է հասկանանք, որ չունենք բավականաչափ թվով խաղացողներ եւ պետք է փնտրենք ֆուտբոլիստների պրոբլեմատիկ դիրքերի համար: Նրանց մեծ մասը լավ են վարվում գնդակի հետ, բայց տակտիկապես այդքան էլ գրագետ չեն գործում: Օրինակ, թիմերի մեծ մասը խաղում է ցածր տեմպով, անընդհատ փորձում է գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ, մինչդեռ ես հիմնականում իմ թիմերից պահանջում եմ խաղալ «խելացի» ֆուտբոլ, վերահսկել գնդակը, գրոհը սկսել պաշտպանությունից:

– Դուք ունեք նախընտրելի սխեմա՞, որի մեջ տեղավորում եք խաղացողներին, թե՞  ընտրում եք սխեման՝ ելնելով ձեր խաղացողների հնարավորություններից:

– Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ես դիտել եմ հավաքականի խաղերի մեծ մասը նախորդ 2 շրջափուլերում եւ համոզվել, որ այն ավելի լավ արդյունքի է հասել, երբ խաղացել է երկու հենակետայինով, բայց կլինեն խաղեր, երբ մենք կխաղանք մեկ մաքուր հենակետայինով, քանի որ Հենրիխը շատ հաճախ կարողանում է նահանջել, ինքը սկսել գրոհը:  Դա կախված կլինի նաև նրանից, թե ում դեմ ենք խաղում:  Երբ մենք խաղում ենք զանգվածային պաշտպանություն ունեցող թիմերի դեմ, մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել, քանի որ դժվար է ստիպել այդպիսի մրցակցին մեծ ուժերով նետվել առաջ: Մենք պետք է լինենք համբերատար եւ օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել եւ հավաքականին հասցրել է այս մակարդակին: Մենք պետք է եւս մի փոքր ավելացնենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մենք դեռ չենք մասնակցել խոշոր մրցաշարերի, բայց վերջին երկու շրջափուլերը ցույց տվեցին, որ այնքան էլ հեռու չենք այդ նպատակից: Հենց դա է իմ այստեղ գալու գլխավոր դրդապատճառը:

–  Իսկ Ձեր կարծիքով, մինչ օրս ի՞նչն է խանգարել մեր հավաքականին կատարել այդ վերջին քայլը: 

– Դժվար է նշել մեկ կոնկրետ պատճառ, բայց հավանաբար գլխավորներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է: Մենք ունենք շատ որակյալ խաղացողներ, բայց երբ նրանցից մեկը կամ մի քանիսը ինչ-որ պատճառով չի կարողանում խաղալ, մենք կանգնում ենք խնդիրների առջեւ: Մենք Հայաստանն ենք, ոչ թե Բրազիլիան, եւ չունենք այդքան մեծ թվով խաղացողներ, բայց մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր դիրքում ունենանք մրցակցություն: Դա իմ աշխատանքն է, եւ ես գիտեմ, թե ինչպես հասնել դրան:

– Ի՞նչ կասեք ազգային հավաքականի դարպասապահի դիրքի մասին:

– Մենք ունենք Ռոման Բերեզովսկի, եւ դիտարկում ենք նրան որպես հիմնական դարպասապահ նաեւ հաջորդ շրջափուլի համար: Կա Գևորգ Կասպարովը, որին միշտ կարող ենք վստահել: Եվս 2 դարպասապահ խաղում են մինչև 21 տարեկանների հավաքականում: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող:

– Դուք բավարարված ե՞ք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներով, մարզադաշտերով եւ մարզումային պայմաններով:

– Այո, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ամեն ինչ իդեալական է: Իհարկե որոշ ակումբներ չունեն իրենց սեփական մարզադաշտերը, բայց դա շտկելի հարց է, եւ ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը նույնպես կլուծվի:

– Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու մոտակա հավաքի ժամանակ:

– Գլխավորը իրար հետ շատ խաղալն է, շատ շփվելը: Ինձ պետք են խաղացողներ 3 խաղի համար: Սա ինձ համար լավ հնարավորություն է՝ տեսնել հնարավորինս շատ խաղացողների, բայց ես չեմ կարող վերցնել խաղացողի միայն քանակ լրացնելու համար: Նա կմիանա մեզ, եթե ունի լավ որակներ եւ կարող է օգտակար լինել մեզ հետագայում: Բացի այդ, արդեն այս հավաքի ընթացքում մենք պետք է փորձենք որոշակիորեն աշխատել տակտիկական խնդիրների վրա: Օրինակ, խաղալ ավելի կոմպակտ, կամ ագրեսիվ պրեսինգով, կամ բարձր պաշտպանական գծով:Հնարավոր է, որ մեզ միանան նաև խաղացողներ մինչև 21 տարեկանների հավաքականից: Մենք պետք է աշխատենք, որ այդ գործընթացը լինի շարունակական: Մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստները համալրեն մինչև 19 տարեկանների կազմը եւ այդպես շարունակ:

– Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

– Տպավորությունս շատ լավ է, մարդիկ բարեհամբույր են, Երևանը՝ բավականին գեղեցիկ: Այստեղ կգա նաև կինս, եւ կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ծանոթանալու Հայաստանին եւ հայկական մշակույթին: Համենայնդեպս այս կարճ ժամանակահատվածում եւս մեկ անգամ համոզվել եմ, որ այստեղ կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար: