Ապրիլի 14-ին 1968 թ. ծնված Սվետլաննա Ե.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում դիմում էր ստացվել, որ կորցրել է բանկային քարտը, որի մեջ եղել է 145.000 դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քարտը ոչ թե կորել, այլ գողացվել է:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Մհեր Զ.-ն:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սվետլաննա Ե.-ի տանը` հյուրասենյակի պահարանում դրված դրամապանակից գողացել է նրա բանկային քարտը` ծածկագրով, և գումարը բանկոմատից մաս-մաս հանելով` տիրացել է 145.000 դրամին:
Կատարվում է հետաքննություն:
Daily Archives: April 18, 2014
Արտակարգ պատահար ԱՄՆ-ում.վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ
ԱՄՆ, Հարավային Կարոլինայի Իզլի քաղաքում վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ: Ողբերգությունը տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենայում:
Տեղի իշխանությունների տվյալների համաձայն, զենքը թաքցված է եղել նստարանների արանքում: Ավտոմեքենայի սրահում գտնվող երեխան գտել է ատրճանակը և պատահաբար կրակել այդ մեքենայում նստած կնոջը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Կնոջը հոսպիտալացրել են, սակայն հրազենային վնասվածքը մահացու է եղել:
Հաղորդում են նաև, որ 2014թ ապրիլի սկզբին, Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան ծնողների ննջասենյակում գտած ատրճանակից պատահաբար կրակել է իր 11-ամյա քրոջը:
Հերթական ինքնասպանությունը՝ ադրբեջանական բանակում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինծառայողը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, շարքային զինծառայող Ֆիրդովսի Նասիբովի կողմից իրականացված ինքնասպանության պատճառները հայտնի չեն։
Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: Հարուցվել է քրեական գործ։ Նասիբովը զորակոչվել էր Բաքվից։
5-րդ անգամ ապաարգելափակվում են Իրանի սառեցված հաշիվները
Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Աբբաս Արազչին հայտնել է, որ արևմտյան երկրներն արդեն 5-րդ անգամ ապաարգելափակել են Իրանի սառեցված ակտիվները՝ կապված Թեհրանի կողմից «վեցնյակի» հետ ձեռքբերված համաձայնագրի հերթական պայմանի կատարման հետ:
Ինչպես նա հստակեցրել է, ապաարգելափակվել են 450 միլիոն դոլարի չափով ակտիվներ:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, իր հերթին անդրադառնալով այս իրողությանը, ասել է, որ իրենք ծանոթացել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հաշվետվությանը`ներկայացված կազմակերպության կառավարիչների խորհրդին, որում հաստատվել է, որ Իրանը լիովին վերջացրել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի նվազեցման աշխատանքները:
Ուշագրավ է՝ հունվարին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ համատեղ ծրագրի իրականացումը թույլ կտա Իրանին հասանելիություն ստանալ 4,2 միլիարդ դոլարին: Այս գումարը նախկինում սառեցվել էր արտասահմանյան հաշիվներում: Ս/թ. փետրվարի 1-ին Իրանը հասանելիություն էր ստացել այդ միջոցներից 550 միլիոն դոլարին:
Միջազգային սկանդալ Լոնդոնում
Լոնդոնում միջազգային աղմկալի սկանդալ բորբոքվեց երբ տեղացի վարսավիրը որոշեց ԿԺԴՀ տղամարդկանց Կիմ Չեն Ընի սանրվածքը պարտադրելու մասին լուրն օգտագործել ու իր վարսավիրանոցի ցուցափեղկին փակցրեց հյուսիսկորեացի առաջնորդի ծաղրապատճենը: Տղամարդը հաշվի չէր առել, որ հարևանությամբ էր գտնվում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը:
«Դուք դժգոհ եք ձեր սանրվածքի՞ց: Ապրիլից մենք 15-տոկոսանոց զեղչ ենք խոստանում տղամարդկանց բոլոր տեսակի սանրվածքների համար» գրությամբ պաստառը Մո Նեբեչը փակցրել էր ցուցափեղկին, իսկ գովազդային խոսքի տակ Կիմ Չեն Ընի պատկերն էր: Բրիտանացու խոսքով, ինքը պատկերացում անգամ չուներ, որ հարևանությամբ է գտնվում ԿԺԴՀ դեսպանատունը: Իսկ զայրացած հյուսիսկորեացիների այցելությունը չուշացավ:
Բորբոքված աշխատակիցները պահանջեցին, որ վարսավիրը հանի պաստառը, որը վիրավորանք էր իրենց առաջնորդին: Իսկ երբ բրիտանացին ասաց, թե նրանց երկրում դեմոկրատիա չկա, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները խոստացան ոստիկանություն դիմել: Ու իրենց խոսքը կատարեցին: Ասիացի դիվանագետները վարսավիրի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարություն բողոք ներկայացրին:
Արդյունքում, զգուշանալով հյուսիսկորեացիների կողմից սադրանքից, Նեբեչն, այնուամենայնիվ, հեռացրեց սկանդալային պաստառը, սակայն իր նպատակին հասավ: Նրա սրահը հռչակվեց ողջ քաղաքով մեկ ու հիմա նա այցելուների պակաս չունի:
«Մտածում էի չտրորված ճանապարհով գնալ»
Բանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հրատարակությունների հեղինակ է, այդ թվում` 25 գրքերի: Նա ծնվել է 1934 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Պողոսյան ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիական թեքումով դպրոցում: 1947 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան:
Վ. Սվազլյանի ծննդյան հոբելյանի և գիտական գործունեության 60-ամյակի առիթով «Անկախը» զրուցել է վաստակաշատ գիտնականի հետ:
– Տիկին Սվազլյան, ինչպե՞ս ընտրեցիք գիտնականի այս ուղին, ինչի՞ց սկսեցիք:
– 1955 թվականն էր, երբ գերազանց դիպլոմով ավարտել էի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Թեպետ միայն ես էի գերազանց ավարտել,դժգոհ էի ինձնից. մտածում էի` սովորեցի, գիտելիքներ ստացա, բայց դրանք պետք է նաև ծառայեցնեմ իմ հայրենիքին ու իմ ժողովրդին: Հայրս` եգիպտահայ հայտնի գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանը, ինձ պատգամել էր.
«Վերժինե՛, աղջի՜կս,
Կուզեմ ըլլաս դուն խելացի,
Աշխատանքով, վարքով բարի,
Պատիվ բերես քո ծնողքին
Եվ քո ազգին, հայրենիքին»:
Ահա այս պատգամն ինձ հանգիստ չէր տալիս. ուզում էի մի բան անել, բայց` ի՞նչ… Մտածում էի, եթե կարողանամ մեր զավթված երկրի բանավոր մշակույթը հավաքել, գրի առնել և ամփոփել գրքերի մեջ, ա՛յ դա կլիներ գործ:
Մտածում էի չտրորված արահետով գնալ, որով դեռ ոչ ոք չի անցել: Ես անքուն մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է իրականացնել այդ նպատակը: Հաջորդ օրն իսկ Նոր Մալաթիա թաղամասում էի, որը հայրենադարձներով էր բնակեցված: Դիմացի դեղատունը մտա և հարցրի, թե այդտեղ ամենադժվար բարբառով ովքեր են խոսում: Ասացին` մուսալեռցիները:
Դժվար ժամանակներ էին: Ստալինը նոր էր մահացել: Հայրենադարձները վախենում էին զրպարտվելուց և աքսորվելուց: Ես բացատրեցի իմ նպատակը, որ պիտի գիրք գրեմ իրենց մասին, իրենց բարբառով, բանահյուսական նյութեր պիտի գրանցեմ: Ինձ ներս ընդունեցին: Բայց տեսա, որ արագ-արագ էին խոսում իրենց խրթին բարբառով: Սկզբում հուզվեցի, վհատվեցի, բայց հիշեցի հորս խոսքերը. «Կամք, աշխատանք և կորով, երեք ձիրքեր են, որոնք մարդ հողի վրա թե ջրի, անպայման կհաջողի»: Եվ սկսեցի ձեռքով, բառ առ բառ գրի առնել (հեքիաթներ, զրույցներ, երգեր, առած-ասացվածքներ, օրհնանք, անեծքներ, հանելուկներ, աղոթքներ), քանի որ այդ ժամանակ դեռ տեխնիկա չկար:
Այսպես սկսվեց իմ ժողովրդագիտական բանահավաքչական գործունեությունը: Սկզբում այն եղել է անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով, իսկ 1960-ից ՀՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հովանու ներքո` կազմելով և հրատարակելով «Արցախ-Ուտիք», «Տարոն-Տուրուբերան», «Վան-Վասպուրական» հայ ժողովրդական հեքիաթների հատորները, որոնք ընդգրկվել են գիտական բազմահատորյակի մեջ: Զուգահեռաբար լույս է տեսել նաև «Մուսա լեռան բանահյուսությունը» (1984) գիրքս:
– Խորհրդային տարիներին ցեղասպանության թեման արգելված էր: Չէի՞ք վախենում այդ թեմայով նյութեր հավաքելուց:
– Ճիշտ է, այն ժամանակ չէր խրախուսվում Հայոց ցեղասպանության մասին խոսելը: Բայց ես գիտակցել եմ ժողովրդական այդ կարգի նյութերի պատմագիտական արժեքը և լավ է, որ այդ ժամանակ գրի եմ առել, քանի որ հիմա այլևս ականատես, վերապրողներ չեն մնացել:
Հետագայում շարունակեցի նյութեր գրի առնել նաև Կիլիկիայի (Զեյթուն, Հաճըն, Քեսապ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս) հայության բանահյուսության վերաբերյալ: Այդ ամենն ամփոփվել է «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994) հատորում: Բացի բանահյուսական նյութերից, այստեղ ընդգրկել եմ նաև կիլիկիահայ ականատեսների հաղորդած հուշ-վկայությունները Ադանայի կոտորածի, Հայոց ցեղասպանության, 1920 թ. Մարաշի, Այնթապի, Հաճընի ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին: Իսկ 1995 թ. լույս է տեսել «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» գիրքս:
– 1994-95 թթ. երկու գիրք եք հրատարակել, ի՞նչ միջոցներով:
– Այդ երկու գրքերս լույս տեսան այն տարիներին, երբ ընդհանրապես գիրք հրատարակելը շատ դժվար էր, տպարանները չէին աշխատում: Արցախյան ազատամարտի տարիներն էին: Այդ պայմաններում այս երկու գրքերի հովանավորությունը ստանձնեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա գումար էր տրամադրել միայն մեկ գրքի համար, բայց խնայողաբար օգտագործելով այդ միջոցները` տպագրվեց երկու գիրք:
1995 թ. աշխատանքի անցա Ծիծեռնակաբերդում նոր հիմնադրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նաև վերապրողներին տեսագրելու տեխնիկական հնարավորություններ կային: Այնտեղ 100-ից ավելի վերապրողի եմ տեսագրել և նրանց պատմածները վերծանել:
– Միայն Հայաստանում բնակվող վերապրողների հուշե՞րն եք գրի առել:
– Նաև արտերկրից: Մանավանդ երբ հրավիրվել եմ միջազգային գիտաժողովների Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ: Լոս Անջելեսի «Արարատ» տարեցների տուն-ծերանոց մուտք գործելու և նյութեր գրառելու համար կամավորագրվել եմ որպես նրանց օգնող և խնամող, որպեսզի նրանց հետ շփվելու հնարավորություն ունենամ:
Իսկ Թուրքիայում գիտաժողովից հետո մտածում էի մուտք գործել Ստամբուլի «Սուրբ փրկիչ» ազգային հիվանդանոցի ծերանոցը, որտեղ դեռ Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսներ էին ապրում: Բայց դռան առաջ կանգնած թուրք ոստիկանն ինձ թույլ չէր տալու ամեն օր գնալ-գալ, ուստի վիրահատման պատրվակով մուտք գործեցի հիվանդանոց, երկուսուկես ժամ իզուր տեղը նարկոզ ընդունեցի, իսկ երբ մեկ շաբաթից ոտքի կանգնեցի, կարողացա հետին դռնով մուտք գործել նաև կից ծերանոցը, որտեղ գաղտնի կերպով գրի առա շուրջ 40 հուշ-վկայություն:
Այնպես որ, Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրի տարբեր համայնքներից գրառված նյութերի թիվը հասել է 700-ի, որոնք ընդգրկում են Արևմտյան Հայաստանի 150 տեղավայրեր: Փաստագրական այդ նյութերը ներկայացնում են արևմտահայության ոչ միայն 1915 թ. և հետագա գաղթը դեպի Արևելյան Հայաստան, այլև Կիլիկիայի և Անատոլիայի հայության տեղահանություններն ու աքսորը դեպի սիրիական անապատներ, նրանց ջարդն ու կոտորածը Դեր Զորում, Սուրուճում, Մեսքենեում և այլ վայրերում:
– Հայոց ցեղասպանության մասին Ձեր գրքերը նաև Թուրքիայում են հրատարակվում: Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ արձագանքներ կան:
– 2005 թ. լույս տեսավ «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» ուսումնասիրությունս, որը ես իմ միջոցներով, նույնիսկ հարսանեկան զարդերս, հորիցս մնացած գորգերը և արվեստի գրքերս վաճառելով կարողացել էի թարգմանել տալ վեց լեզուներով: 2006 թ. այն արժանացավ ՀՀ նախագահի «Հայոց ցեղասպանության» գծով
առաջին մրցանակի, որը ես ամբողջությամբ տրամադրեցի հետագա գրքերս օտար լեզուներով թարգմանելուն: 2011 թ. Երևանում լույս տեսավ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի հայերեն և անգլերեն տարբերակները, իսկ թուրքերենը` Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան, առաջավոր մտավորական Ռագըփ Զարաքօլուի «Բելգե» («Փաստարկ») հրատարակչության կողմից: Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց հայերեն, անգլերեն և թուրքերեն գրքերի շնորհանդեսը, որի ազդօրինակը Երևան էր բերել անձամբ Ռ. Զարաքօլուն: Թուրքիայում իր հրատարակած գրքի մասին նա ասաց. «Վերժինե Սվազլյանի սույն աշխատությունը մեծ արձագանք կունենա Թուրքիայում: Դա ես կանխազգում եմ, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ Անկարային ստիպելու է ճանաչել ցեղասպանությունը: Սույն աշխատությունն իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ է 1976 թ. հիմնադրված «Բելգե» հրատարակչության գործունեության մեջ: Գիրքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մեր՝ թուրք ժողովրդի պատմությունն է: Ամենաշատ ասելիքն այս գրքի մեջ է: Սրանք պարզ ժողովրդական վկայություններ են, որոնք բացելու են թուրք հասարակության աչքերը: 700 վկայություններն այն մարդկանց, որոնք վերապրել են այդ բոլորը, և որոնք կարդալով` ընթերցողը կտեսնի իր գյուղը, իր ծնողներին և այլն, որպես փաստարկ կառերեսվի իր անցյալի հետ: Վ. Սվազլյանի նախորդ աշխատությունները մեծ ճանաչում ունեն և արդեն պատվանդան են, իսկ օրերս հրատարակվածը յուրահատուկ հուշարձան կդառնա, որը տեսանելի կլինի նաև աշխարհին»:
– Հետագայում ի՞նչ աշխատանքներ եք ծրագրել հրապարակել:
– Հաջորդ աշխատանքը լինելու է «ԱՄՆ-ի հայ համայնքի բանավոր ավանդությունը»: Քանի որ գիտաժողովի հանգամանքով չորս անգամ եղել եմ այդ երկրի տարբեր քաղաքներում և ժողովրդական բանահյուսության ու ազգագրության վերաբերյալ տարաբնույթ նյութեր եմ գրի առել: Աշխատությունը բաղկացած կլինի երկու մասից` գիտական ուսումնասիրությունից և սկզբնաղբյուրային նյութերից, որոնք կներկայացնեն հայ համայնքի տարբեր սերունդների լեզվամտածողության և ազգային ինքնության ընկալումների տարբեր մակարդակները:
Բողոքի տրամադրություն` Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից հետո
Պատմություն է դարձել Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 1-ական ոսկե, արծաթե, ազատ ոճի ըմբիշները` 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Եղածը թեև քիչ չէ, մերոնք դժգոհ են կողմնակալ մրցավարությունից: Այնպես որ հնավոր է` ավարն ավելի մեծ լիներ:
Այդուհանդերձ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը ոգևորված մեր պատվիրակների վերադարձից անմիջապես հետո նրանց հրավիրեց իր գլխավորած գերատեսչություն: Թե ինչու այդ հանդիպումը չի կայացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նա պարզաբանեց, որ այդպես կդիմավորի միայն այն դեպքում, երբ աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենանք: Եթե հաշվի առնենաք, որ մեր ըմբիշներն առայժմ մեկ-մեկուկես տասնամյակը մեկ են աշխարհի չեմպիոն հռչակվում, իսկ օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր ենք ունեցել հեռավոր 1996-ին, ապա դժվար է ասել` Վարդանյանը նման առիթ մոտ ապագայում կունենա, թե ոչ: Ի դեպ, մարզիչներին, աչքի ընկած մարզիկների մի մասին նախարարությունում տարբեր մեդալներ հանձնվեցին, կոչումներ շնորհվեցին: Մինչդեռ Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը մի տեսակ ստվերում, անտեսված մնաց, նրան խոսելու առիթ չտրվեց, ոչ էլ որևէ պարգև հանձնվեց: Գուցե պատճառն այն է, որ Ալեքսանյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ունի, բայց դա կատարվածը չի արդարացնում:
Ինչևէ: Ստուգատեսում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են 6-րդ և 7-րդ տեղերը: Եվ ահա թե ինչ պարզբանումներ տվեցին կատարվածի մասին մեր երկրի պատվիրակները:
Լևոն Ջուլֆալակյան (Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ)
– Հավաքականը կազմուպատրաստ է ներկայացել մրցավայր, և թիմի անդամներից Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արժանացան ոսկե և արծաթե մեդալների: Մյուս քաշային կարգերում հանդես եկած մեր բոլոր ըմբիշների մասնակցությունից գոհ եմ: Այդուհանդերձ, երկու մեդալ կորցրեցինք: Մասնավորապես, բուլղարացի և ֆինն ըմբիշների հետ 59 կգ քաշային Կարեն Ասլանյանի անցկացրած գոտեմարտերի ժամանակ կողմնակալ էին թուրք և ֆինն մրցավարները: Հետևողական ենք լինելու, այս անգամ բողոքելու ենք, որպեսզի այդպիսի մրցավարները հետագայում իրենց կամայականությունները դրսևորելու հնարավորություն չունենան: Տեղյակ չեմ` դրա համար պե՞տք է ֆինանսներ մուծել, թե ոչ: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի:
Օրինակը կա: 2008-ին Շվեդիայի ներկայացուցիչ Արա Աբրահամյանը, ի նշան մրցավարների դեմ բողոքի, հրաժարվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, սակայն դատը շահել է միջազգային արբիտրաժ դատարանում, ապացուցել, որ իր նկատմամբ անարդարություն է դրսևորվել: Այժմ Շվեդիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ, երբ մրցագորգ է դուրս գալիս, մրցավարները փորձում են հնարավորինս անաչառ լինել, զգուշանում են:
Վերջին մեկուկես տասնամյակում մրցավարները Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներից գողացել են առնվազն 10 մեդալ: Ասլանյանը երիտասարդ է, սակայն մեծահասակների առաջնությունում մրցանակակիր դառնալու հնարավորություն ուներ: Այսպիսի խոշորամասշտաբ ստուգատեսներում մրցավարները հաճախակի են սխալներ թույլ տալիս: Ցավոք, քիչ չեն այն մրցավարները, որոնք ըմբշամարտի կանոնները գրքով են սովորում, և նրանց հնարավորություն է տրվում սպասարկելու ներկայացուցչական մրցաշարեր: Հետևանքն աղետալի է:
Խանգարում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին շրջանի ստուգատեսներում մրցավար չունի: Գևորգ Ալեքսանյանը պետք է Եվրոպայի առաջնությունը սպասարկողների թվում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաև Մակեդոնիայի ներկայացուցիչը:
Տաշքենդում սեպտեմբերի սկզբին կայանալու է աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսի նախապատրաստության ծրագրով մարզիկները մի քանի փուլ պետք է անցնեն, և հավաքականի կազմի նոր ընտրություն պետք է կատարվի: Առայժմ հնարավոր չէ ասել, թե այդ ստուգատեսում ովքեր կներկայացնեն Հայաստանը: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսված, մերոնք կարողություններն են փորձելու Իտալիայում, Ուկրաինայում, Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարերում: Անորոշ է Ուկրաինայում նախատեսված ստուգատեսի ճակատագիրը: Վստահ չի կարելի ասել, որ անգամ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգան աշխարհի առաջնությունում: Ինչ վերաբերում է գերծանրքաշային Յուրի Պատրիկեևին, ապա նա նախապատրաստվում էր: Պատրիկեևն առայժմ ոչ մի բան չի ասել: Նա պետք է մրցափուլերի մասնակցի, որպեսզի համոզվենք, որ իրոք պատրաստ է: Ըմբշամարտում քաշային կարգերը փոխվել են, և Ռոման Ամոյանն էլ պետք է նոր իրավիճակում հաստատի, որ կարող է լավ հանդես գալ 59 կգ քաշային կարգում: Մի շարք քաշային կարգերում մրցակցություն է հավաքականում ընդգրկվելու համար, իսկ ծանրքաշային կարգում ոչ մի պայքար չկա: 98 կգ և 75 կգ քաշային կարգերում, որոնցում հանդես են գալիս Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը, կան լավ ըմբիշներ, սակայն դեռևս մեր առաջատարներին զիջում են: Ինչ վերաբերում է կանոնների փոփոխությանը, ապա լավ ըմբիշի համար այն միայն դրական ազդեցություն կարող ունենալ:
Հրանտ Ենոքյան (Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ)
– Ուրախալի է, որ մեր ազատ ոճի ըմբիշները երեք մեդալի տիրացան: Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձել է արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մուրթազալիևը ( 86 կգ)` բրոնզե մեդալակիր: Ցանկալի է, որ աշխարհի առաջնությունում էլ նույնպիսի արդյունք ունենանք: Միայն այդ դեպքում վստահ կարելի է ասել, որ մրցաշրջանը հաջող է: 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը կարող էր մեդալակիր դառնալ: Նա առավելության հասավ առաջին գոտեմարտում, 0:0 հաշվով ավարտեց երկրորդ մրցամարտը Եվրոպայի նախորդ առջնության չեմպիոնի հետ: Նա նկատողությունների պատճառով զիջեց մրցակցին, իսկ դրանք կարող էին նաև չլինել: Ինչ վերաբերում է Գրիգորյանին, ապա նա չեմպիոն դառնալու հնարավորություն չուներ, քանի որ երտասարդ է: Մինչդեռ, եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը` Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրգաջիևը, շատ փորձառու է: Գրիգորը պետք շատ աշխատի, որ հետագայում ավելի բարձր արդյունքի հասնի: Եթե այս մրցաձևում ոսկե մեդալ չկորցրինք, ապա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այն ձեռքից բաց թողեց: Ինչ վերաբերում է բողոքարկելուն, այն օգուտ չի տա: Պարզապես նամակով դիմելու ենք, որ այսինչ քաշային կարգում հայ մարզիկի մասնակցությամբ գոտեմարտում այսպիսի բան է կատարվել, և խնդրելու ենք, որ մյուս անգամ ավելի ուշադիր գտնվեն, որպեսզի նույնը չկրկնվի: Ֆինանսական որևէ հարց չկա: Մենք օլիմպիական կարգի մրցավարներ չունենք: Դիմելու ենք, որ այդ բացը լրացվի: Նաև շատ բան կախված է մեր մրցավարներից: Նրանք պետք է սեմինարի մասնակցեն, քննություններ հանձնեն:
Արթուր Ալեքսանյան (Եվրոպայի եռակի չեմպիոն)
– Հինգ գոտեմարտ եմ անցկացրել, ոչ մի միավոր չեմ տվել մրցակիցներին, սակայն դրանք բոլորն էլ դժվարին են եղել: Կարող է թվալ, թե հեշտ է ստացվել, բայց Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չկան, ամեն մեկն առնվազն իր երկրի չեմպիոն է: Լարվածությունը շատ էր եզրափակչում, քանի որ այն ամենից կարևորն է: Ուսի վնասվածքով էի մասնակցում, արդեն 6-7 ամիս է` այն խանգարում է: Վճռական գոտեմարտում մի քանի հնարք կատարեցի, սակայն մրցավարները ցածր գնահատեցին: Բայց դա չընկճեց: Ինձ վստահ էի զգում, և ի վերջո, թուրք Չենկ Իլդեմին հաղթեցի 5:0 հաշվով: Հինգերորդ անգամ էինք միմյանց հետ ուժերը չափում: 4:1 հաշիվն իմ օգտին է: Պարտվել եմ մեր առաջին հանդիպումում` Թուրքիայում 2011-ին անցկացված աշխարհի առաջնությունում: Մրցավարները կոպիտ սխալներ էին թույլ տվել: Դրանից հետո թուրք ըմբիշին 4 անգամ հաղթել եմ: Նպատակ ունեմ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ, իսկ 2016-ին` օլիմպիական խաղերում:
Արսեն Ջուլֆալակյան (2014-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)
– Ռուսաստանի ներկայացուցիչներն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, և այդ երկրի ըմբիշների հետ պայքարելը միայն այդ առումով է անցանկալի: Եզրափակչում զիջեցի ռուսաստանցի Ալեքսանդր Չիխիրկինին, սակայն ավելի բարդ մրցամարտ անցկացրի 1/16 եզրափակչում խորվաթ Նևեն Ջուգաջի հետ: Նա ավելի ծանր է կշռում, ֆիզիկապես ուժեղ է, բացի այդ, առաջին գոտեմարտը միշտ էլ լարված բնույթ է ունենում, քանի որ հունի մեջ չես մտել, մրցման շունչը դեռ այնքան էլ լավ չես զգում: Խորվաթ ըմբիշը փորձում է մրցակիցներին հոգնեցնել, և հնարավոր է` նրա հետ անցկացրած գոտեմարտից հետո այլևս չհասցնես ուժերը վերականգնել մինչև եզրափակիչ հասնելու համար: Ես կարողացա նրան հաղթել 6:0 հաշվով:
Ի դեպ, վերջին 4 տարվա ընթացքում ամենաբարդ խմբում էի հայտնվել: Կիսաեզրափակչի դանիացի մրցակիցս` Մարկ Մադսենը, աշխարհի քառակի փոխչեմպիոն է: Մինչդեռ Չիխիրկինն առաջին փուլում ազատ էր և ինձնից մեկ գոտեմարտ պակաս էր անցկացրել` ընդամենը երեքը: Կիսաեզրափակչում նա մրցել էր հունգարացի երիտասարդ ըմբիշի հետ, որը գրեթե դիմադրություն ցույց չէր տվել:
Ցավոք, եզրափակչում զգոն չեղա, չպետք է սպասեի, և դա էր իմ մեծ սխալը: Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, երկրորդում պարտվեց 0:3 հաշվով: Նախկինում մենք չէինք հանդիպել: Չիխիրկինը վերջին երկու տարին մի քանի անգամ հաղթել է աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին, սակայն հաշվի առնելով վերջինիս տիտղոսները` նրան էին գործուղում միջազգային ստուգատեսների: Այս անգամ այդպիսի բացառություն չէր արվել: Այդուհանդերձ, եթե վրիպումը չլիներ, ես նրան պետք է հաղթեի:
Կրկնահանցագործի համար բանտը հարազատ տուն է դարձել
Կյանքի մեծ մասը ճաղերի ետևում անցկացրած ամերիկացին ստացել է բանտային հերթական ժամկետը` ինչին և ձգտում էր: Ազատ արձակվելուց հետո, 74-ամյա Ուոլթեր Ունբենհաուն տանջվում էր ձանձրույթից ու միայնությունից և դրա համար որոշեց բանտ վերադառնալ, որն իր իսկ խոսքով` հարազատ տուն է դարձել:
Դրա համար նա մտել է բանկ, դրամարկղի մոտ է անցել ու ատրճանակի սպառնալիքով փող վերցրել, ապա մոտակա մոթել է մտել ու սպասել ոստիկանությանը: Դատարանում նա հաստատեց, որ կարոտել է բանտը ու ցանկանում է հետ վերադառնալ և, դատավորը բավարարեց նրա ցանկությունը` դատապարտելով 3,5 տարվա կալանքի:
Դատախազի խոսքով, դատավորը կանգնել է ընտրության առջև. Մի կողմից` մեղադրյալը ստացել է այն, ինչին ձգտում էր, սակայն բանտային կալանքը նրա համար ոչ թե պատիժ է, այլ պարգևատրություն: Մյուս կողմից` դատավորը չէր կարող այլ կեպ վարել, քանի որ Ունբենհաուն կարող էր, այլ ճանապարհով գնալ` ավելի ծանր հանցագործություն կատարեր:
Արդյունքներ եւ պատասխանի հստակեցումներ
Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:
Այս վերջին կետն է, որը դրսեւորման նորագույն օրինակներով դիտարժան հանգամանք է ստանում եւ առնվազն նախապատրաստվելու առումով հիշելի նախադրյալներ է փոխանցում:
Նախ հիշենք Դավութօղլուի տեսությունը: Հայկական սփյուռքը «մե՛ր Սփյուռք»-ն է: Բոլորը հրավիրվում են վերադառնալու իրենց պապերի երկիրը, վերատիրանալու օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդ քեմալական հանրապետության քաղաքացիությանը եւ համապատասխան դիմումներ լրացնելով վերստին ձեռք բերելու անհատական ունեցվածքները` իբրեւ ժառանգորդները նախ ցավալի պատահարների պատճառով հեռացածների, հետո Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահով վայրեր փոխադրվողների եւ վերջապես անմարդկային տեղահանության ենթարկվածների: Այստեղ անշուշտ ավարտվում է թուրքական «հյուրընկալության» եւ «բարյացակամության» սահմանափակ գործողությունը:
Մինչ, թուրքական սպառնալիքները ամեն անգամ, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մեկ հասատատության հանձնախումբն ու ենթահանձնախումբը ցեղասպանության ճանաչման բանաձեւ են որդեգրում` հղելու համար իրենց գերադաս ժողովին, թվում է, որ զուտ հայտարարողական մակարդակի վրա են. խորքում ցեղասպանության ճանաչման ուղիների մեջ մնալու այս ընթացքը քաղաքականապես առնվազն չի անհանգստացնում Անկարային, որը բողոքի այսպիսի բեմադրություններ է ցուցադրում նման առիթներով:
Միջանկյալ այս կարծրացումը սակայն չի խանգարում, որ սփյուռքահայության նկատմամբ պաշտոնական Անկարան շարունակի ցուցադրել խաղաղասիրական իր դեմքը: Դավութօղլուի տեսաբանության մանրանկարը կրկնվեց Քեսաբի դեպքում, երբ տասնյակ տարեցներ Քեսաբի դատարկվելու ընթացքում ապաստան գտան Կիլիկիայի Վաքըֆ գյուղում: Թուրքական խոշորացույցների եւ լուսարձակների առատությունը ակներեւ էր` անօթեւան մնացած տարեց քեսաբցիների երեւույթը քարոզչական պետական շահարկումների ենթարկելու իմաստով: «Հրամմեցեք»-ի այս գործողությունը միայն քեսաբահայությանը չէր վերաբերվում անշուշտ: Սիրիայի տագնապի ընթացքում թուրքական լրատվամիջոցներն անպաշտոն ձեւով տարածեցին պաշտոնական լրահոս այն մասին, որ Անկարան քննարկում է Հայաստանի Հանրապետության հետ իր փակած սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը Սիրիայից խույս տված հայերին Թուրքիայի վրայով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ համապատասխան դյուրություններ ընծայելու համար: Մարդասիրական նպատակների համար այս չկայացած զիջումները դարձյալ ընդհանուր մեծ ծրագրի մաս են կազմում:
Բայց տեսնենք, թե միաժամանակ գետնի վրա ի՞նչ է տեղի ունենում իբրեւ թե սփյուռքահայության կարեւոր կառույցների պատասխանատուների հետ երկխոսության մտած Անկարայի կողմից:
Բոլոր նախադրյալները հուշում էին, որ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները կարեւոր տեղ էին վերապահել Դեր Զորին միջազգային հնչեղություն ապահովելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Դեր Զորում հայտարարելուց հետո, որ հայությունը դեռեվս սպասում է իր Նյուրենբերգին, Օսվենցիմը համեմատեց Դեր Զորի հետ` Օսվենցիմի նման Դեր Զորին միջազգային ընկալում ապահովելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության որոշ կետեր փոխանցելով հանրությանը: Այս բոլորը, երբ դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման աննախադեպ հանգրվաններ էին արձանագրվում: Դեր Զորը կարեւոր կետ էր Թուրքիայից օժանդակություն ստացած զինյալների համար: Դեր Զորի հայկական կառույցների քանդումը այս պահի առաջնահերթ խնդիրը չէր խաղաղասիրական դիմակ հագած Թուրքիայի համար. բավական էր դրա քաղաքական գործոն դառնալու ընթացքի կասեցումը:
Հայկական Սփյուռքի ժամանակակից պատմության կարեւոր միջավայրեր են նաեւ Քեսաբն ու Հալեպը: Անկարան, ֆինասավորելով զինյալ ծայրահեղականներին եւ տարանցիկ ճամփա տրամադրելով դրանց, մի կողմից պատճառ կդառնա հազարավոր հայերի իրենց բնօրրանից հեռացման, մյուս կողմից` թուրքական իշխանություններին հանձնված տասնյակ տարեցների հոգատարության արարներ է բեմադրում միջազգային հանրային կարծիքին: Մինչ կառավարական ուժերի հակադարձ գործողությունների բացակայությունը հուշում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա տարածաշրջանային նոր սահմանագծումների փուլ առ փուլ իրականացման գործընթացի մասին:
Այդ օրակարգը կարող է վերաբերվել նաեւ Հալեպին: Դեպքերի թեժացման կշռույթը մտածել է տալիս, որ Անկարայից ներշնչում ստացող զինյալները նմանատիպ պատկերացումներ ունեին նաեւ հայաշատ Հալեպի մասին` վերասահմանագծումներ իրականացնելու նպատակով:
Փաստը այն է, որ Դեր Զորից Հալեպ, անցնելով Քեսաբից ստացված արդյունքները կարող են տեղավորվել Անկարայի ծրագրած 100-ամյակի նախապատրաստության պարունակում: Թեկուզ որ դեպքերի բուն շարժառիթները աշխարհաքաղաքական տարողություն ունեն եւ ուղղակի հայկական գործոնի նկատմամբ ծրագրեր չեն ընդգծում: Արդյունքն է, որ շատ հանգիստ տեղավորվում է հյուրընկալ հռետորաբանությամբ Դեր Զոր, Քեսաբ եւ Հալեպ ստացող Անկարայի ծրագրերի շրջանակներում:
100-ամյակի շեմին սփյուռքյան հայաթափվող շրջանների ազդեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետության հզորացումը կարող է լինել միայն։ 100-ամյակի, եւ դրանից այն կողմ, բովանդակային եւ գաղափարական օրակարգ է սա հայկական կողմի համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Լույսի, ձայնի ազդեցությունը կերակրի համի վրա
Մինչ այժմ համարվում էր, որ մարդիկ կարողանում են տարբերել ուտելիքի համը` շնորհիվ լեզվի վրա գտնվող համային ընկալիչների: Մինչդեռ, վերջին հետազոտությունները վկայում են, որ մեր կողմից համի ընկալման համար պատասխանատու են ոչ միայն այդ ընկալիչները, այս մասին է վկայում BBC-ն:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Սպենսի կարծիքով ուտելու գործընթացում ներգրավված են մարդկային բոլոր զգացումները` տեսողություն, համ, հոտ, լսողություն. սրանք բոլորը ազդեցություն են ունենում կերակրի համի ընկալման վրա: Հետազոտությունն անցկացվել է Diageo ընկերության կողմից սենյակում, որտեղ գորգը բնական խոտից է եղել, կանաչ լուսավորմամբ, լսվել է թռչունների դայլայլ. այս պայմանների ազդեցության տակ վիսկին ավելի բուսական է թվացել, իսկ կարմիր լուսավորմամբ, կլոր անկյուններով սենյակը, ուր լսվում էր զանգերի ղողանջյուն, վիսկին թվացել է ավելի քաղցր: Ըստ մասնագետների` վիսկին գերազանց համ կունենա այն սենյակում, որն ունենա ճռճռացող հատակ, որտեղ կլսվի կրակի ճարճատյուն և կոնտրաբասի հնչյուններ:
Իսկ իսպանական ռեստորանի գլխավոր խոհարար Ֆերրանը փորձ է կատարել, որը վկայում է այն մասին, որ համի վրա ազդում է նաև սպասքի գույնը. նա ելակի դեսերտը մատուցել է մեծ սեղանի մի հատվածում սպիտակ ափսեներով, մյուսում` սև: Նրանց համար, ովքեր կերել են այն սպիտակ ափսեից, 10% -ով այն ավելի քաղցր է թվացել, քան նրանց, ովքեր օգտվել են սև ափսեից: Նաև պետք է փաստել, որ սպասքի ձևը ևս ազդում է համի ընկալման վրա. քառակուսի կամ սուր անկյուններով ափսեները ուժեղացնում են համերի հակադրությունը, իսկ կլոր ափսեները ընդգծում են համի քաղցրությունը, հաճելի լինելը: Այս ամենը վերաբերում է նաև երաժշտությանը. դաշնամուրի կամ սրինգի բարձր նոտաները ասոցացվում են քաղցրության հետ, իսկ ավելի ցածր հնչյունները` դառը համի:
Nestle ընկերությունն ուսումնասիրած գիտնականները հայտնաբերել են, որ եթե մինչև ուտելը մարդկանց ցույց տանք կալորիաներով հարուստ սնունդ, օրինակ պիցցա կամ թխվածքներ, ապա ուտելուց հետո կերակուրը նրանց ավելի դուր կգա, քան նրանց ցուցադրվի, օրինակ` ձմերուկի կամ կանաչ լոբու լուսանկար:
Անկախ
Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ռուսաստան
Ապրիլի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադան Զարիֆը կայցելի Ռուսաստան: Իսլամական “ԻՌՆԱ” լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախարարի այցի նպատակն է մասնակցել մերձկասպյան երկրների գագաթնաժողովին:
Այցի ընթացքում Զարիֆը հանդիպելու է մերձկասպյան երկրների ներկայացուցիչների հետ: Նրանք քննարկելու են տարածաշրջանային և միջազգային կարևոր նշանակության մի շարք հարցեր:
Սպասվում է, որ այդ ընթացքում Մոսկվայում կլինեն ներկայացուցիչներ Ղազախստանից, Ադրբեջանից և Թուքմենստանից:
Մերձկասպյան 5 պետությունները ծրագրավորում են բարձր մակարդակով անցկացնել գագաթնաժողովը: Ներկայումս, նրանց միջև առկա են մի շարք պայմանավորվածություններ: Նույնիսկ երկկողմանի և եռակողմանի ձևաչափերով մի քանի պայմանագրեր կան կնքված:
Պերուում հայտարարվել է զանգվածային տարհանում
Պերուի հարավում Ուբինաս հրաբխի ահագնացող ակտիվացման պատճառով վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 4 հազար բնակիչ:
Պերուի գյուղնախարար Խուան Բենիթսի խոսքով, հրաբխի շրջանում գտնվող շրջաններից դուրս են բերվելու նաև ընտանի կենդանիները, ընդհանուր հաշվով` 30 գլուխ անասուն:
Տվյալ պահին Ուբինասի խառնարանից ծուխ ու մոխիր է ժայթքում: Մարտի սկզբին մասնագետները 5 ուժեղ պայթյուն են գրանցել ու 3,5 կմ բարձրությամբ գազի և մոխրի շուրջ 350 արտանետում:
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանում՝ Գերանբոյում, երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին,երկրաշարժը գրանցվել է ապրիլի 17-ին՝ տեղի ժամանակով 19:24-ին, Գորանբոյի շրջանի տարածքում:
3.4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 12 կմ խորության վրա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը
ՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:
Այնթափում առուն վարարել ու լցվել էր բնակչի տուն
Ապրիլի 18-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում առուն վարարել է, և ջուրը լցվում է 5-րդ շարքի տներից մեկը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արտաշատի ջրանցքի համայնքային ոռոգման համակարգի 10-րդ փողոցով անցնող առուն խցանվել է. ինչից տեղի է ունեցել ջրի հոսք դեպի Ռ. Ս.-ի թիվ 10 տուն:
Հրշեջ-փրկարարները վերացրել են խցանումը:
Ժամը 05.00-ի դրությամբ Արտաշատի ջրանցքից դեպի Մասիսի տարածաշրջան (շուրջ 20 համայնք) հոսող ոռոգման ջրի հոսքը բերվել է զրոյական մակարդակի:
Առաջիկայում անձրևի հավանականությունը փոքր է
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա:

• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.90C (1972թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 2.50C (1999թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.30C
Վախճանվեց Գաբրիել Գարսիա Մարկեսը
Մեքսիկայում վախճանվեց արդի հանճարեղ գրողներից մեկը` Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:
Ապրիլի 16-ին Կոլումբիայի նախագահն ու գրականագետ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել էր, որ շշուկներ կան, իբր Մարկեսը քաղցկեղով է տառապում: Ու այդ խոսակցություններն անհիմն անվանեց: Մարկեսը վախճանվեց Մեխիկոյի իր առանձնատանը: Վերջին օրերին նա տանն էր բուժում ստանում: Բժիշկներն ու նրա շրջապատից մտերիմ մարդիկ հավատացնում էին, որ գրողի վիճակը կայուն է, չնայած շատ թույլ է զգում:
Երեքշաբթի, ապրիլի 15-ին Մարկեսի ընտանիքը կոլումբիական ԶԼՄ-ներում մի հայտարարություն հրապարակեց, որում ասվում էր, որ նրա վիճակը կայուն է, սակայն տարիքի բերումով, բարդությունների վտանգը չի բացառվում: Միևնույն ժամանակ, մեքսիկական հրատարակություննեից մեկը հայտնեց, որ Մարկեսը հիվանդ է քաղցկեղով:
Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող է, լրագրող, հրատարակիչ ու քաղաքական գործիչ, 1982-ին արժանացել է Նոբելյան մրցանակի, “մոգական ռեալիզմ” գրական ուղղության ներկայացուցիչ է: Նրա առավել հայտնի ստեղծագործություններն են` “Հարյուր տարվա մենությունը”, Նահապետի աշունը”,”Գնդապետին ոչ ոք չի գրում” վեպերը:


