Daily Archives: May 3, 2014
Չինացի կինը ողջ է մնացել` 30 րոպե թաղված մնալով 24 մ խորությամբ ավազահանքի մեջ
Չինաստանի շինհրապարակներից մեկում կինը թաղվել է տոնաներով ավազի տակ և փրկվել միայն իր շինարարական գլխարկի շնորհիվ, որը օդով լցված տարածություն է ստեղծել՝ թույլ տալով նրան շնչել:
34-ամյա կինը Չինաստանի Ֆուցզյան նահանգում ընկել էր 24 մ խորություն ունեցող ավազահանքի մեջ, որից հետո նրա վրա ավազ է թափվել:
Ամեն դեպքում կինը կարողացել էր ողջ մնալ՝ 30 րոպե շնչելով իր շինարարական գլխարկի միջոցով ստեղծված օդով լի տարածությունում:
Կինը 30 րոպե թաղված է մնացել ավազահանքում, մինչ փրկարարները դուրս են բերել նրան: Փրկարարներից մեկը ավազը արագ հեռացրել է կնոջ գլխի հատվածից, մինչ մյուսները թունել են փորել նրան դուրս բերելու համար:
Սպերմատոզոիդներ են ստեղծել տղամարդու մաշկի բջիջներից
Սթենֆորդի համալսարանի գիտական խմբին հաջողվել է արհեստական եղանակով սպերմատոզոիդներ ստեղծել տղամարդու մաշկի բջիջներից: Այսօր այդ նախագիծը ուսումնասիրության ու թեսթավորման փուլում է գտնվում: Ապագայում հնարավորություն կլինի տղամարդկանց արհեստականորեն ստեղծված սպերմատոզոիդ պատվաստել:
Վիճակագրության համաձայն, զույգերի 10-15%-ին չի հաջողվում երեխա ունենալ: Ամենահաճախ հանդիպող պատճառը տղամարդկանց գեների շեղումն է նորմայից: Մասնավորապես, դրա համար պատասխանատու են տղամարդկանց Y-քրոմոսոմները: Տվյալ գենետիկ շեղումը սովորաբար կապված է լինում սպերմատոզոիդների ուշ հասունացման հետ:
Բանդայի նոր գործը՝ դատարանում
«Տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով» ստեղծված բանդայի գործով ավարտվել է նախաքննությունը և ուղարկվել դատարան:
Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը` «Սպարտակի» մեկնարկային կազմում
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը`Մոսկվայի «Սպարտակը», արտագնա հանդիպումում փորձություն է սպասում «Տոմի» հետ մրցամարտում։
Հարձակվող Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսն իրենց թիմի մեկնարկային կազմում են։
«Սպարտակ». Դիկան, Բոկետի, Մակեեւ, Կ. Կոմբարով, Դ. Կոմբարով, Ռոմուլո, Կոստա, Խուրադո, Յակովլև, Օզբիլիս, Մովսիսյան։
Ռուսաստանի առաջնությունում կայացած 27-րդ տուրից հետո, «Սպարտակը» 44 միավորով 6-րդ, «Տոմը» 25 միավորով 14-րդ տեղերում են:
Արթուր Աբրահամի հերթական փորձությունը Բեռլինում
Մայիսի 3-ին Բեռլինում կկայանա գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռցքամարտիկների WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և այդ կոչման հավակնորդ Նիկոլա Սյեկլոցայի (Չեռնոգորիա, 26-1, 8 նոկաուտ) մրցամարտը:
Նախօրյակին կայացած կշռման արարողության ժամանակ բռնցքամարտիկներն ունեցել են գրեթե նույն քաշը: Աբրահամը կշռել է 76,1 կգ, Սյեկլոցան՝ 76,2 կգ:
Բուքմեյքերները հաղթանակի հասնելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս հայ բռնցքամարտիկին:
Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1,07 գործակցով, մինչդեռ նրա մրցակցին ունի 7 գործակից: Ոչ- ոքիի համար սահմանված է շատ բարձր գործակից`35:
Հայաստանում մամուլի ազատությունը չափից ավելի շատ է. Աստղիկ Ավետիսյան
Այսօր Մամուլի ազատության օրն է: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին ոլորտում երկար տարիների փորձ ունեցող կինովավերագրող, լրագրող Վարդուհի Սիմոնյանը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը: ՙՙՍա միակ օրն է, երբ համերաշխության կոչ ենք անում և խոսում այն խնդիրներից, որոնք առկա են ոլորտում: Հայաստանում մամուլի ազատությունը չափից ավելի շատ է, այն առումով, որ լրագրողների մեծամասնությունը չճշտված փաստարկների հիման վրա հանդես են գալիս որակումներով և հոդվածաշարերով: Ուրեմն խնդիր կա նաև այդ ազատությանը սահմաններ դնելու՚՚,-ասաց Աստղիկ Ավետիսյանը:
Ըստ նրա` հեռուստատեսությունը խնդիրների առումով տարբերվում է, քան որ այն պատկերային լրատվության միջոց է և կադրը, որ եթեր է դուրս գալիս կարող է հետաքրքիր զարգացում տալ` առանց խոսքի մեկ ամբողջ պատմություն դառնալ: ՙՙԴա նշանակում է , որ հեռուստատեսությունում աշխատող լրագրողները փաստարկված լրագրության կողմնակից են, այլ բան է իրադարձությունը միակողմանի ներկայցնելու հարցը՚՚,-նշեց Աստղիկ Ավետիսյանը:
Ի նշան գործընկերների հետ համերաշխության` Վարդուհի Սիմոնյանը հրաժարվեց նստել բանախոսի համար հատկացված տեղում և խորքային մեկնաբանություններ տվեց ոլորտում առկա խնդիրներին: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում զանգվածային լրատվական միջոցները կատարում են կառավարությունը վերահսկողի դեր, սակայն Հայաստանում այդ սկզբունքը համարյա թե չի գործում, ինչը ապացուցում է այն փաստը, որ բոլոր լրատավամիջոցներում խոսվում է վարկաբեկված այս կամ այն քաղաքական գործչի մասին, սակայն նրանք, այնուամենայնիվ, շարունակում են իրենց գործունեությունը: ՙՙՄենք սոցիոլոգիական գործիքներ ենք կիրառում և Հայաստանում առաջին անգամ հատ-հատ ուսումնասիրելու ենք ծրագրերը: Մենք կատարում ենք պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումներ, տալու ենք դրանց մեդիա անալիզները, որ, ի վերջո, այնպիսի ծրագրեր իրականացվեն, որ հանրությանը օգուտ լինի: Եթե հանրությունը օգուտ չի ստանում ծրագրերից, մենք կպահանջենք կառավարությունից պատասխանել, թե ինչու են բյուջեի ֆինանսներով սնուցում տվյալ ծրագիրը՚՚:
Վարդուհի Սիմոնյանը ընդգծեց, որ ԶԼՄ-ի դաշտում որակյալ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ են լավ մասնագետներ, սակայն այդ մասնագետներին ձևավորելու առաքելությունը հայաստանյան բուհերը շատ դժվարությամբ և թերի են կատարում:
Հնդկաստանում միջէթնիկ բռնության զոհ է դարձել 32 բնակիչ
Հնդկաստանում ոստիկանությունը 9 մարդու ` այդ թվում նաև կանանց ու երեխաների մարմիններ է հայտնաբերել Ասսամ նահանգում, որտեղ 2 օր էթնիկ պատկանելության հողի վրա բախումներ են ընթանում:
Զոհերի թիվն ընդհանուր հասել է 32 –ի:
Ենթադրվում է, որ անկարգությունները հրահրել են բոդո ազգության անջատողականները, որոնք մահմեդական գյուղակի վրա են հարձակվել:
Բոդոյի ներկայացուցիչները պայքարում են սեփական ազգային պետություն ստեղծելու համար: Նրանք հաճախ են հակասություններ ունենում մահմեդականների հետ, որոնք, բոդոյի համոզմամբ, անօրինական են Բանգլադեշից եկել ու հաստատվել հաստատվել Ասսամ նահանգում ու հասել իրենց հողերին:
Իրան է ժամանել Իտալիայի սենատի պատգամավորների պատվիրակությունը
Մեկ ժամ առաջ Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Թեհրան: Այցը կատարվում է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հրավերով:
Իտալիայի պատվիրակությունը գլխավորում է Իտալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդ Կազինին: Պատվիրակների կմնան Թեհրանում մինչև մայիսի 6-ը: Այցի հիմնական նպատակն է` բարելավել հարաբերություններն Իրանի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, եռօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն Իրանի բարձրագույն ղեկավարության հետ:
Իտալիայի պաշտոնյաները վերջին անգամ Թեհրան էին այցելել այս տարվա հունվարին: Պատվիրակության ղեկավարը կրկին Կազինին էր:
Հայ դիրքապահների ուղղությամբ` ավելի քան 2000 կրակոց մեկ շաբաթում
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Իրանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել հայ ներդրողների համար
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն ասել է, որ առաջիկայում կընդլայնվեն հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
«Իրանի կառավարության վարած նոր քաղաքականությունընպաստավոր պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների,հատկապես հայերի համար»,-ասել է Առաքելյանը օտարերկրյադեսպանների մասնակցությամբ Ղոմ նահանգում տեղի ունեցածհավաքի ժամանակ:
Դեսպանը հավելել է, որ վերջին տարիներին Իրանը և իր հյուսիսայինհարևան Հայաստանն ակտիվացրել են հարաբերությունները,ստորագրել էներգետիկ համագործակցության համաձայնագրեր, ամրապնդել տնտեսական կապերը: «2013-ի օգոստոսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցից հետո, էլ ավելի են ամրանդվել հարաբերությունները Թեհրանի և Երևանի միջև: Միջազգային կառույցներում Հայաստանն Իրանի դիրքորոշմանն աջակցում է: Մենք շատ հարցերում ունենք միատեսակ դիրքորոշում և միմյանց հետարդյունավետ համագործակցում ենք միջազգային կառույցներում:
Հայ-իրանական կապերը հարևանների լավագույն հարաբերությունների օրինակներից մեկն է»,- ասել է Առաքելյանը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ուկրաինայում ազատ են արձակել ԵԱՀԿ-ի գերեվարված դիտորդներին
Շաբաթ օրը արևելյան Ուկրաինայի ռուսամետ ապստամբներն զատ են արձակել մեկ շաբաթ շարունակ գերության մեջ պահվող ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներին և հինգ ուկրաինացի օգնականներին:
ԵԱՀԿ դիտորդական խմբի հետ ճամփորդող դիտորդներին ձերբակալել էին ապրիլի 25-ին Սլովյանսկ քաղաքի մոտակայքում: Ապստամբների խոսքով՝ նրանց մոտ կասկածելի նյութ է հայտնաբերվել, և ենթադրել են, որ նրանք ՆԱՏՕ-ի լրտեսներ են:
Ձերբակալվածների մեջ երկու շվեդացիներ կային, որոնց ավելի վաղ ազատ էին արձակել:
Գերմանացի դիտորդներից մեկը Associated Press-ին հայտնել է, որ բոլոր 12 ձերբակալվածները լավ են:
Ձերբակալվածների շարքում կային երեք այլ գերմանացիներ և մեկական զինվորներ Լեհաստանից, Դանիայից և Չեխիայի հանրապետությունից:
Իրանը հերքում է Սպիտակ տան մեղադրանքները
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտնել է, որ Իրանն ահաբեկչություններին աջակցող պետություն չէ:
Մինչ այդ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցում հերթական անգամ Իրանը հիշատակվել է որպես ահաբեկչությունների աջակցող պետություն: Ի դեպ, Իրանը ՄիացյալՆահանգների կողմից այդպիսին է ճանաչվել դեռևս 1984-ին:
Իրանն ամերիկյան իշխանությունների նման գործելոճը սպառնալիք է համարում`միջազգային անվտանգությունը խաթարելու համար:
Ի դեպ, ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում որպես թիվ առաջին ահաբեկչական խմբավորում նշվում է «Ալ-Քաիդան», այդուհանդերձ, համաժամանակ, որպես ահաբեկչությանն աջակցող գլխավոր պետություն,հերթական անգամ հիշատակվում է Իրանը։
Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ Թեհրանը շարունակում է Գազայում աջակցել պաղեստինյան ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը և զենք է մատակարարում Եմենի շիա«Ալ-Խութի» խմբավորմանն ու Բահրեյնի շիա ընդդիմությանը։
Աֆհամը, հերքելով վերոնշյալ մեղադրանքները, իր հերթին, փաստեր է ներկայացրել, որ ԱՄՆ-ն ինքն է համագործակցում ահաբեկիչների և ահաբեկչական խմբավորումների հետ: Մասնավորապես նա ասել է, որ ԱՄՆ-ի հովանավորության ներքո գտնվող «Մոջահեդինե Հալք» ահաբեկչական խմբավորումը 2013-ին սպանել էին Իրանի 15 հազար քաղաքացու:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
«Բետոնափոշիախառն, անկարգ, աններդաշնակ ու անկենսագրություն քաղաք ենք մոգոնում…»
«Համազգային» հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ամեն հայ մեկ հոդված Wikipedia-յի համար». քարոզում են հեռուստաընկերություննները, հատկապես նրանք, ովքեր հայտնի տերեր ունեն։ Գաղափարը քարոզում են նաև նախարարները, ինչն իսկապես լավ է…
Մտքիս մեջ նույնիսկ գրել եմ ապագա հոդվածիս կեսը։ Բա ո՞նց, աշխարհին ցույց չտանք, թե ինչ քաղաքակիրթ ենք, հնամյա, բազմատաղանդ ու փյունիկվող….
Բայց հենց էս պահին անզորությունից, թևաթափությունից, անիմաստության ու անտերության զգացողությունից սիրտս պայթում է։ Ինչի՞ մասին գրել, գրել մեր հազարամյա մշակույթի մասին, ժառանգության պաշտպանության ու պահպանության, մեր ոգեղենության մասին…. թե այն մասին, ինչպես քաղաքի երեսից ջնջեցինք մի հսկայական մշակութային շերտ ու հիմա բետոնափոշիախառն, անկարգ, աններդաշնակ ու անկենսագրություն քաղաք ենք մոգոնում՝ ամեն կտորին նայելով ոչ թե որպես հայրենիք ու հայրենի եզերք, այլ բանկային հաշիվ ու անկշտումության տաշտ…
Ու ամեն անգամ թվում է, թե վերջ, էլ բան չմնաց, կարթնանա ներքին զսպանակը, հայը, տերը… Բայց՝ ոչ… Աճառյանի դպրոցի խոշտանգում-ոչնչացումը բոլորիս աչքիս առաջ, ինչպես և բոլոր նախորդ ոչնչացումները։ Ինչպե՛ս չանզորանալ….
Դե արի ու հոդված գրի մեր ժառանգության մասին, մեր ճարտարապետական դպրոցի ու ավանդույթների մասին, Մատենադարանի ու Աճառյան դպրոցի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մասին։
Էս ԵՐԿԻՐ-Ը, ՔԱՂԱՔ-ը ի վերջո տեր ունե՞ն։
Ինչո՞ւ եք մեր կյանքը ծանրաբեռնում չապրող Սահմանադրությամբ ու օրենքներով։
Հայրենիքը սոսկ վարչական տարածք չէ, հայրենիքը հողի ու էդ հողի հետ կապված միասնական հիշողությունն է, հողն ապրեցնելն է, ժառանգությանը ՏԵՐ լինելն է։ Մի կտրեք մեզ մեր արմատից …
Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, և նախարարությունում ձևավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խնդիրները:
Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: «Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որևէ օրենքի խախտում չլինի և կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», – նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել:
Ոստիկանները հայտնաբերել են
Մայիսի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը խմած է` իր տաբատի գրպանից գողացել է 139.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1979 թ. ծնված Կարեն Ա.-ն է, որը ժամը 17.15-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանել կատարածը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Մայիսի 1-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սարգիս Ի.-ին և 1993 թ. ծնված Զալիբեկ Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Ապրիլի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Ավան-Առինջի թիվ 5 հասցեում գործող խանութի դրամարկղից 200.000 դրամ հափշտակելու մասին:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մայիսի 2-ին, ժամը 09.30-ին, նշված ավազակային հարձակումը կատարելու համար, իր բնակության վայրից բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ստեփան Ռ.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ստեփան Ռ.-ն ձերբակալված է:
Ապրիլի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Կարեն Շ.-ի կողմից Հ. Բ.-ի դրամապանակից 150 ԱՄՆ դոլար և 1.000 դրամ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Կարեն Շ.-ի բնակության վայրը: Նա մայիսի 2-ի առավոտյան բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:
Կատարվում է նախաքննություն:
«Զորական» համույթը բանակային երգի միջազգային մրցույթ-փառատոնում գրավել է առաջին տեղը
ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» երաժշտական համույթը մասնակցել է Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում անցկացված «Վիվատ, Պոբեդա» բանակային երգի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին և զբաղեցրել է մրցույթային առաջին տեղը:
16 տարի անընդմեջ անցկացվող բանակային երգի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի երաժշտական խմբերը:
Փառատոնային մի քանի օրերի ընթացքում «Զորական» համույթը ներկայացել է տարբեր կատարումներով, իսկ Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երևան» ջազային ստեղծագործության կատարումն օգնել է հայ երգիչներին ստանալ փառատոնի առաջին մրցանակը: Երաժշտական ոլորտի անվանի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսինալ ժյուրին բարձր գնահատել է «Զորական» համույթի կատարողական վարպետությունն ու բեմական կեցվածքը:
Փառատոնն անցկացվել է ՌԴ պաշտպանության նախարարության, Դաշնային սահմանային ծառայության, ներքին գործերի, ինչպես և արտակարգ իրավիճակների նախարարությունների բարձր հովանու ներքո:
Մեր երկրում մամուլի ազատության ձեռքբերումներն ակնառու են
Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազատության մեջ ծնվածների համար մամուլի ազատությունը բնական և օրինաչափ երևույթ է: Այն ժողովրդավարության առաջին ձեռքբերումներից է, նրա ուղին հարթողն ու յուրօրինակ ցուցիչը:
Մամուլի ազատությունը շատ կարևոր է, որովհետև ազատ խոսքի, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը ապահովվում է մամուլի ազատությամբ: Եվ ինչպես իշխանության 3 թևերը, նույնպես և մամուլը, որպես 4-րդ իշխանություն, ոչինչ է առանց վստահության և ժողովրդականության: Եթե քաղաքացին չի վստահում թերթին, հեռուստատեսությանը, ռադիոյին, չի կարդում, չի դիտում, չի լսում, ապա մամուլը պարզապես չի կարող ծառայել քաղաքացուն: Այլ կերպ ասած, երբ քաղաքացին մամուլին չի վերաբերում որպես իշխանության, ապա վերջինը չի կարող ծառայել քաղաքացուն որպես ազատ մամուլ: Եվ հակառակը, երբ մամուլը չորրորդ իշխանության պատասխանատվության գիտակցում չունի, երբ չի ծառայում հասարակությանը, չի բավարարում նրա տեղեկացված, իրազեկված լինելու ծարավը, ապա հասարակությունը չի վստահում մամուլին և նրա գոյությունը դառնում է անիմաստ ու ավելորդ:
Մեր երկրում մամուլի ազատության ձեռքբերումներն ակնառու են և բարձր են գնահատվում ակտիվ քաղաքացու կողմից, քանի որ մամուլի միջոցով են բարձրացվում դժվար լուծելի, նույնիսկ՝ համակարգային հարցեր և կանխվում բազմաթիվ արատավոր երևույթներ: Իսկ մամուլի ազատության իրավունքն իրացնելն ամբողջապես լրագրողի խնդիրն է: Հավատարիմ մնանք մեր բարձր կոչմանը, պատվով կատարենք մեր գործը, ընթերցողին ու հեռուստադիտողին հաղորդենք լիարժեք, առարկայական տեղեկություն, գտնենք քաղաքացուն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաններն ու պայքարենք մեր խոսքը տեղ հասցնելու անկապտելի, Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված իրավունքի համար:
Շնորհավոր մամուլի ազատության օրը»:
8 տարի առաջ այս օրը կործանվեց «Արմավիա» ընկերության Ա-320 օդանավը
8 տարի առաջ այս օրը` 2006 թվականի մայիսի 3-ին, «Արմավիա» ընկերության Ա-320 օդանավը կործանվեց Սև ծովում` Սոչիի օդակայանում վայրէջքի գնալիս: Զոհվեցին ինքնաթիռի 105 ուղեւորները, որոնցից 6-ը` երեխաներ և անձնակազմի 8 անդամները:
Չնայած պաշտոնապես վթարի մեղավորներ համարվեցին օդաչուներն ու եղանակային վատ պայմանները, սակայն շրջանառվում են վթարի այլ վարկածներ:
«Թող ձեր վերլուծական միտքը, սուր ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեն ամենակարևոր նպատակին». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մամուլի ազատության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին.
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, առավել կարևոր ու պատասխանատու է դառնում զանգվածային լրատվամիջոցների դերը թե որպես տեղեկատվության աղբյուրի, և թե որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ազդեցիկ միջոցի:
Որպես հասարակական կարծիքի ձևավորման հզոր գործիք՝ անչափ կարևոր է լրատվամիջոցների դերը նաև հանրային կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու և կյանքի կոչելու հարցում:
Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներն այսօր պատվով են կրում իրենց պատասխանատու կոչումը և մասնագիտական բարձր որակներով, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ իրենց գործուն մասնակցությունն են բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ: Թող ձեր վերլուծական միտքը, սուր ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեն ամենակարևոր նպատակին՝ մեր երկրի ու ժողովրդի բարօրության և բարեկեցության ապահովման առաջնահերթությանը»:


