«Հ.Պողոսյանը խորը թաղեց իր իսկ հոր ստեղծած «Ակունքը» և ազգային մշակույթը…»

1184870_618748261498820_685661602_n

«Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի խորոց սրտի՝ խոսք ընդ հին ու նոր ՀՀ Մշակույթի նախարարին,

Պատճենը՝ ՀՀ Նախագահին.

Մշակույթը հայ փոքրաթիվ ժողովրդի ինքնահաստատման զորավոր զենքերից մեկն է և այն ոչ միայն պետք է գտնվի պետական հոգածության, այլև՝ պետական հսկողության տակ, ինչպես օդի ու ջրի մաքրության պահպանման խնդիրները:

Այսօր ՖԲ-ի իմ ընկեր Լևոն Դռնոյանի պատին կարդացի-<Հայ երգի համար արգելք չկա> գրառումը:
Իմ ընկերը լավատես է, անուղղելի լավատես: Կուզենայի այդպես լիներ, բայց բերեմ չոր փաստեր՝ հայ երգի կրողներից մեկի՝ «Ակունք» ազգագրական համույթի անտերության մասին:

«Ակունք» ազգագրական համույթը հիմնել է բանասիրական գիտությունների թեկնածու, երաժշտագետ Մարո Մուրադյանը՝ հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի դուստրը,1975-1976 թ-ին:

1981թ-ին ազգային ոգու զարթոնքի հարցում անուրանալի դերակատարում ունեցած Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյանը <Ակունքը> դարձնում է պետական խումբ, նշանակում պլանավորված ձայնագրություններ ու հեռուստաելույթներ, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում համույթը դառնում է բազմաթիվ խմբերի ստեղծման խթանն ու դրոշակակիրը: Այն ժամանակների համար նրա համարձակ և ազգային մշակութային քաղաքականության շնորհիվ, մոռացության ու կորստի վտանգից փրկվում են ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր:
Սակայն 2001թ-ին, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության վերակազմավորման ժամանակ, վերագրանցելու պայմանով լուծարվում են ռադիոյի բոլոր երաժշտական կոլեկտիվները, այդ թվում նաև «Ակունքը»,  սակայն ի տարբերություն մյուսների՝ «Ակունքն» այլևս չի վերականգնվում: Առ այսօր:

Պետական կարգավիճակի վերականգնման վերաբերյալ ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, Հանրային ռոդիոյի տնօրենին գրված խնդրագրերը, անգամ ՀՀ նախագահի առաջին տիկին Ռ.Սարգսյանին գրված միջնորդագրերը արդյունք չեն տվել: Կարգավիճակի վերականգնումը խմբի համար ինքնանպատակ չէ. ազգագրական բազմաթիվ նմուշներ չեն գրառվում, ֆոնդավորվում՝ այդ նպատակի համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով /մշտական փորձասրահ, համույթի անդամների գոնե նվազագույն վարձատրություն, ձայնագրման ու տեսագրման ծախսեր/:

Մոռացության և կորստի վտանգի տակ են համույթի կողմից ամբարած ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր, իսկ գրառված եզակի ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի նախագահ Ա.Ամիրյանի բարեսրտության և աջակցության շնորհիվ, այնինչ զավեշտական է ու անտրամաբանական, որ ազգային մշակույթի նվաճումներով հպարտացող երկիրը չունենա պետական գոնե մեկ ժողովրդական-ազգագրական անսամբլ։

Բարեբախտություն է, որ մշակութային արժեքների այս ոլորտի պահպանման առաքելությունն ուսերին վերցրած հայ երգի նվիրյալները չեն կոտրվում դժվարություններից և գոյատևում են ամբարածն ամեն գնով պահպանելու, սերունդներին փոխանցելու մեծ նվիրվածության շնորհիվ: Բայց մինչև երբ:

Շատ նախագահներ, կառավարություններ ու մշակույթի նախարարներ են եկել-գնացել:
Արդյունքում՝ մշտական փորձատեղ ունենալն անգամ այսօր համույթի համար դարձել է գերխնդիր:

Վերջաբան.
Մի մեջբերում արևմտաեվրոպական ականավոր վիպասան, Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլի <Բիլյարդ ինն անց կեսին> գրքից.
Հայնրիխ Ֆեմելը փառաբանված ճարտարապետ է, նա շատ շինություններ ու կամուջներ է կառուցել: 30 տարի անց այն օրից, որ նա կառուցել է Սուրբ Անտոնիոսի աբբայությունը, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեք օր առաջ, նրա որդի Ռոբերտ Ֆեմելին, որ սակրավորական զորքերի սպա էր, պայթեցնում է հոր կառուցած կամուրջներն ու աբբայությունը:
Ծննդյան ութսունամյակի օրը, ի մի բերելով իր կյանքի հանրագումարը, նա իրեն սնանկացած է զգում և երիտասարդ սերնդին կոչ է անում թքել իր շիրմաքարի վրա:
Վերջերգ.
2011թ-ին <Մեցցո> համերգասրահում կայացավ Ստեփան Պողոսյանի մեծարման երեկո, որում, հոբելյարի ցանկությամբ հրավիրվել էր նաև Ակունք համույթը: Ամենայն հավանականությամբ՝ նա ցանկացել էր համոզվել. ապրում է արդյոք այն մշակույթը, որի համար, ինչպես Կոմիտասն է ասել՝ ինքը մեռավ: Համույթն, այդ օրն, անշուշտ, իր երախտիքի խոսքն ասաց, և, ցավոք, իր ելույթն այդ մեծ մարդու համար դարձավ վերջերգ:
Ահա այդ օրը, ինչպես Հայնրիխ Ֆեմելը և նրա որդի Ռոբերտ Ֆեմելը, կողք-կողքի նստած էին հայրը և նրա աղջիկը՝ հայ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, որ խորը թաղեց իր իսկ հոր ստեղծած «Ակունքը»  և ազգային մշակույթը՝ 2006թ-ից առ այսօր»:

 

Անկախ

Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն

11271_am_8Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց կողմից բացահայտված փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ:
Ներկայացվածի հետ կապված տնօրենը նշել է, որ նկատողություն են ստացել պահեստապետը և դաստիարակը:
Դիմելով տնօրենին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Եթե մի բան կապված է երեխաների հետ, ի՞նչպես կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ի՞նչպես կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ և շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հաստատություն այցելելու համար և նշել, որ դրա շնորհիվ գիշերօթիկի երեխաների ճակատագիրը կարող է փոխվել:
Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ համակարգում վերահսկողության և մոնիթորինգի հետ կապված ներդրվում է ամբողջական համակարգ, ձևավորվում է տեղեկատվական միասնական շտեմարան, որտեղ բոլոր նման հաստատությունների համար հաստատվելու է նաև միասնական սննդակարգ:
Ամփոփելով՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքը երեխաների նկատմամբ պետք է բացառել, իսկ խնդիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացված խնդրին տալ համարժեք լուծում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կրթական հաստատություններում նման երևույթները բացառելու համար:
Վարչապետը շրջել է նաև հաստատությունով, եղել ճաշարանում, զրուցել աշակերտների հետ:
Անկախ

Վարչապետի որոշմամբ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն

Ֆիլարետ ԲերիկյանՎարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։

Անկախ

Պատվաստումները վտա՞նգ են, թե՞ անհրաժեշտություն

պատվաստումԱվելի հեշտ է հիվանդությունները կանխարգելելը, քան բուժելը: Կան վտանգավոր վարակներ, որոնք կարող են երեխայի մահվան կամ հաշմանդամության պատճառ դառնալ: Հիվանդությունների և հակամարմինների ներթափանցումն օրգանիզմ սովորաբար սպառնում է հատկապես թիրախային խմբերին` նորածիններին: Այդ հիվանդություններից են տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմիելիտը:

Աշխարհում նշված հիվանդություններից երեխաներին պաշտպանելու թերևս միակ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կանխարգելել դրանք և ինֆեկցիաները դարձնել կառավարելի:
Նախ փորձենք պարզաբանել, թե որքանով է պատվաստումների անհրաժեշտությունը մեծ և ինչ կարող է սպառնալ դրանցից հրաժարվելու դեպքում:
Սովորաբար պատվաստումների անհրաժեշտությունը երեխաների շրջանում առաջանում է բավական վաղ տարիքում: Մասնագետների դիտարկմամբ, ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ (6 ամսականից սկսած) երեխայի մոտ նվազում է մորից ստացած իմունիտետը, և կարիք է առաջանում հիվանդությունների հարուցիչների նկատմամբ անընկալություն առաջացնելու նպատակով կատարել պատվաստումներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ ամեն տարի հաջողվում է փրկել ավելի քան 3 մլն կյանք: Տեսնենք, թե այս ուղղությամբ ինչպիսին է պատկերը Հայաստանում: Մեր երկրում վերջին տարիներին բավականաչափ նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն` մանկական մահացության ցուցանիշը վերջին երեք տարվա ընթացքում նվազել է մոտ 16 տոկոսով: Այս նվազումը, ի դեպ, ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վստահեցնում է, որ 1994-1995 թթ. դիֆթերիայի բռնկման դեպքերի և մահացության ցուցանիշների համեմատ` պատվաստումների շնորհիվ իրավիճակը հանրապետությունում կայունացել է, և վերջին տասնամյակում դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել: Եվ եթե նախկինում ամեն տարի արձանագրվում էր պոլիոմիելիտով հիվանդացության 5-10 դեպք, ապա 1995-ից առ այսօր անբուժելի համարվող այս հիվանդության տարածման դեպքեր ևս չեն գրանցվել: Հայաստանը, ի տարբերություն հարևան բոլոր երկրների, համարվում է պոլիոմիելիտի տարածման ամենացածր ռիսկային երկիրը: Իսկ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստումների արդյունավետ իրականացման շնորհիվ ցածր է նաև դրանց վարակման հավանականությունը:
Վերջին 1-2 տարում արձանագրվել են կարմրուկի ընդամենը 11 և կարմրախտի 4 դեպք:, «Այժմ մեզ մոտ համաճարակային իրավիճակը բավական կայուն է, թեպետ ՌԴ-ի հայաշատ վայրերում կարմրուկի բռնկումներ կան, դա մեզ չի սպառնում ամենևին»,- հուսադրում է Գայանե Սահակյանը:
Հայաստանում տարիներ առաջ ներդրվել է նաև հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալետ պատվաստանյութը: Հանրապետությունում, 7 տարվա կտրվածքով, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2,4 անգամ նվազել է մենինգիտով հիվանդացությունը: Հաշվի առնելով նաև աշխարհում տարածված ռոտովիրուսային վարակի ծանր ընթացքը` 2012-ից մեր երկրի առողջապահական ոլորտում ևս ներդրվել է վերոնշյալ վարակների դեմ պատվաստումը: Այդ վարակը սովորաբար ուղեկցվում է ջրազրկումով և համարվում է դիարեաների հիմնական պատճառ: Ինչպես նշում է իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մինչ պատվաստանյութի ներդրումը, ամեն տարի գրանցվում էր վարակների սեզոնային ավելացում և նույնիսկ, մինչև 5 տարեկան երեխաների 50-60 տոկոսի հոսպիտալացում: Իսկ, աշխարհում ամեն տարի ռոտավիրուսային վարակի (ՌՎ) պատճառով մահանում է 527,000 հազար մարդ, և ավելի քան 2 մլն նորածին ու երեխա հոսպիտալացվում են: Զարգացող երկրներում առաջին ՌՎ վարակը, որպես կանոն, ի հայտ է գալիս մինչև 6-9 տարեկան հասակում: Դեպքերի շուրջ 80 տոկոսը արձանագրվում է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում: Պարզվել է նաև, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանը առնվազն մեկ անգամ վարակվում է ռոտավիրուսով: Հայաստանում պատվաստանյութի ներդրման արդյունքում արդեն դիտվում է հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում:
Նախկինում մանկական ազգաբնակչության շրջանում հաճախակի էին նաև սուր հեպատիտ Բ-ով հիվանդացության դեպքերը, որոնք այսօր ևս կառավարելի են համապատասխան պատվաստանյութի ներդրման շնորհիվ: 1999-ից հեպատիտ Բ-ի հիվանդացության դեպքերը նվազել են, իսկ վերջին 5-6 տարիների ընթացքում դրանցով հիվանդացության դեպքեր առհասարակ չեն գրանցվել
Սակայն խնդիրն այն է, որ որոշ ընտանիքներ հրաժարվում են նորածիններին պատվաստման ենթարկել` փաստարկելով, որ դրանք կարող են առողջության վատթարացման պատճառ դառնալ: ԱՆ-ի աշխատակիցները հստակ վիճակագրություն չունեն, թե նորածինների կամ ավելի ուշ տարիքի երեխաների քանի տոկոսն է պարտադիր պատվաստման ենթարկվում: Ծնողների` պատվաստումներից հրաժարվելու ամենատարածված պատճառը հետպատվաստման բարդություններն են, որոնք կարող են ուղեկցվել տարբեր երևույթներով: Պատահում են դեպքեր, երբ երեխաները դժվար են հաղթահարում օրգանիզմում առաջացած սթրեսը: Որոշ ծնողների շրջանում կարծիք կա, որ պատվաստումները կարող են առաջացնել աուտիզմ կամ նպաստել իմունային համակարգի անկմանը: Բացի այդ, հաճախակի են շրջանառվում նաև լուրեր պատվաստանյութերի անհայտ ծագման կամ դրանց ժամկետանց լինելու վերաբերյալ: Ուստի, հաշվի առնելով պատվաստումների խնդրահարույց կողմերը` փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ հենց ոլորտի պատասխանատուներից:

Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը վստահ հերքում է և ապատեղեկատվություն համարում պատվաստանյութերի անորակ լինելու հանգամանքը: Նա հավաստիացնում է, որ երկիր ներկրվող բոլոր պատվաստանյութերը գնվում են Բելգիայից, Ֆրանսիայից և Կանադայից: Ինչ վերաբերում է ժամկետայնությանը, ապա ներկրված խմբաքանակը նախատեսված է լինում միայն ընթացիկ տարում օգտագործելու համար ու չնայած 2-3 տարվա պիտանիությանը` մինչև տարեվերջ ամբողջությամբ սպառվում է: Տիկին Սարիբեկյանը վստահեցնում է, որ մարդկանց անհանգստությունն այս կապակցությամբ անհարկի է, միաժամանակ հավելում, որ Հայաստան ներմուծվող պավաստանյութերն ունեն ԱՀԿ-ի կողմից պարտադիր որակավորված սերթիֆիկատ:

Նշենք, որ հետպատվաստման շրջանում օրինաչափ են այն երևույթները, որոնք ուղեկցվում են ներարկման հատվածում այտուցով, բարձր ջերմությամբ ու ցանով և տևում են 2-3 օր, այն էլ` ոչ միշտ: Իսկ շեղումներն անհատական բնույթ ունեն և կախված են տվյալ օրգանիզմի իմունային համակարգից: Հետպատվաստման շրջանում աուտիզմի առաջացման և երեխաների իմունային համակարգի անկման հավանականությունը մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ևս բացառում է` փաստելով, որ այդ ուղղությամբ անցկացված հետազոտությունները հերքել են հետպատվաստման շրջանում դեպքերի նման զարգացումը:

Հետպատվաստման շրջանում ամենածայրահեղ ելքը մահն է: Դժբախտաբար, բայց նման երկու միջադեպ մեզանում արձանագրվել է: Մասնագետները փաստում են, որ երեխաների մահացության պատճառները հետպատվաստման շրջանում ծագած բարդությունների հետ որևէ կապ չունեն և հրապարակված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Երեխաների մոտ այդ շրջանում կայծակնային արագությամբ զարգացած թոքաբորբ է եղել` առանց որևէ դրսևորման: Առաջին երեխայի դեպքում այն վրա է հասել հետպատվաստման շրջանի 7-8 րդ օրը, իսկ մյուսի մոտ` 3 օրվա ընթացքում: «Ապացուցողական բժշկության մեջ նկարագրված չէ, որ պատվաստման շրջանում կարող է թոքաբորբ զարգանալ»,- վստահեցնում է մասնագետը:

Այսօր իսկապես հստակ վիճակագրություն չկա, թե պոտենցիալ պատվաստման ենթակա երեխաներից քանի տոկոսն է պատվաստման ենթարկվում: Կան պարզապես պաշտոնական թվեր, որոնց հավաստիությունը ապացուցված չէ: Գերատեսչության աշխատակիցները վստահեցնում են, որ պատվաստումներից հրաժարվողները հիմնականում աղանդավորական ընտանիքներն են և կազմում են պատվաստման ենթակաների ընդամենը 1-2 տոկոսը: Նրանց մեկնաբանմամբ, լինում են նաև թերի պատվաստման դեպքեր, որոնք ընթացքում փոխլրացվում են: Ոլորտի ներկայացուցիչները հարկ են համարում նշել, որ թերի պատվաստման կամ դրանց միջև երկարատև ընդմիջումների պարագայում երեխաների մոտ կարող են իմունիտետի ձևավորման խնդիրներ ծագել: Նրանք հորդորում են ժամանակին դիմել համաբուժարանների (պոլիկլինիկաներ) տարածքային տեղամասեր և հերթագրվել անհրաժեշտ պատվաստումներ ստանալու համար: Դրանք, անշուշտ, անհրաժեշտ են բոլոր նորածիններին, քանի որ վարակներից ապահովագրվելու պարագայում է միայն հնարավոր ապահովել առողջ սերնդի հետագա զարգացումն ու բազմացումը:
Լ.Ն

Անկախ

 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

unnamedԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայան:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում ապրիլի 27-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում կայացավ հայ համայնքի կողմից կազմակերպվող ամենամյա հիշատակ-բողոքի ակցիան, որի այս տարվա խորագիրն էր «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար. Հերքելը անհերքելի հանցագործություն է»:

Բազմամարդ միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ կոնգրեսականներ, Նյու Յորքի նահանգային օրենսդիր մարմնի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ:

Անկախ

Դոլչե և Գաբբանային մեղավոր են ճանաչել հարկերից խուսափելու համար

Դոլչե և ԳաբբանաԴիզայներներ Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան չեն շահել հարկերից խուսափելու համար դատը: Նրանց մեղադրել են իշխանություններից միլիոնավոր եվրոների եկամուտ թաքցնելու համար, ինչի հատուցման նպատակով նրանց առավելագույնը 18 ամսվա ազատազրկման են դատապարտել:

Այս անգամ ևս հաստատվել է հուլիսին սահմանված մեղադրանքը: Դոլչեն և Գաբբանան ժխտել են, որ իշխանություններից միլիոնավոր եվրոների եկամուտ են թաքցրել:

Վերջերս Դոլչեն Քայլի Մինոուգի հետ Մելբուրնում մասնակցել է մի միջոցառման: Մինոուգը միջոցառմանը ներկայացել էր ապրանքանիշի հագուստով:

 Անկախ

Բնական մարգարիտը աճուրդում վաճառվել է ռեկորդային 811,000 ֆունտով

մարգարիտՏարիներով որպես սովորական զարդ կրված ականջօղի մարգարիտը աճուրդում վաճառվել է ռեկորդային 811,000 ֆունտով:

Այն կրող կինը գաղափար չուներ, թե որքան թանկ արժե այն: Ականջօղերը նրան նվիրել էր ամուսինը, որը դրանք ավելի ուշ տարել էր փորձագետի մոտ: Վերջինս հայտնել էր, որ ականջօղերից մեկի վրա բնական մարգարիտ է տեղադրված:

Բնական մարգարիտը 17,4 մմ տրամագիծ ունի և հանդիսանում է աճուրդում  երբևէ վաճառված ամենամեծ մարգարիտը:

Սոլսբերի քաղաքի Woolley and Wallis աճուրդի տան փորձագետների՝ դրա համար նախնական սահմանված գինը եղել է 120,000 ֆունտ:

 Անկախ

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում

Գրքի միջազգային ցուցահանդես, Բուենոս ԱյրեսԱպրիլի 24-ից մայիսի 12-ը Բուենոս Այրեսում ընթանում է գրքի 40-րդ Միջազգային ցուցահանդեսը: 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, և մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի»  օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին ավելի քան 1600 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը: Ելույթներ ունեցան Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի՝ Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը և թուրք մտավորական և ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագիփ Զարաքոլուն:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. «Արդեն 40 տարի շարունակ Բուենոս Այրեսում անցկացվող Գրքի միջազգային ցուցահանդեսը վերածվում է յուրօրինակ ու գեղեցիկ մի տոնի, որը ոչ միայն հնարավորություն է տալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներին ծանոթանալու համաշխարհային գրականությանը, այլ նաև իր մեջ կրում է մարդկանց գրքին մոտեցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, միջմշակութային երկխոսություն ծավալելու, փոխըմբռնում և հանդուրժողականություն խրախուսելու խորհուրդը»։

Փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխն իր ելույթում անդրադարձավ հայ – արգենտինյան քաղաքական և մշակութային հարաբերություններին, Արգենտինայում հայ համայնքի դերին ու նշանակությանը՝ կարևորելով համայնքի արժեքավոր ներդրումը երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդրին, ինչպես նաև այդ ուղղությամբ Արգենտինայի իշխանությունների հետևողական քայլերին` Կլաուդիա Ավրուխը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների որոշմամբ մայրաքաղաքի «Պալերմո» թաղամասում անվճար տարածք կհատկացվի Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար:

Թուրք լրագրող, մտավորական Ռագիփ Զարաքոլուն, իր ելույթում դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից վարվող ժխտողական քաղաքականությունը, անդրադարձավ Ցեղասպանության նահատակ հայ մտավորականների՝ Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի և այլոց դաժան սպանություններին: Ներկաներին նա տեղեկացրեց նաև, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի թուրքերեն թարգմանությունն ու հրատարակությունը կատարվել է իր կողմից, որի համար նա թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման:

 Անկախ

Օրացույցի այս օրը

4014– Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է: 1993-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այն ամենամյա հիշեցում է միջազգային հսարակայնությանը, որ մամուլի ու կարծիքի ազատությունը հիմնական իրավունքներն են` ամրագրվաշ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով:

-Այսօր Արեգակի համաշխարհային օրն է:Արեգակնային էներգիայի միջազգային ընկերակցության Եվրոպական բաժանմունքը 1994-ից կամավոր հիմունքներով նշում է Արեգակի օրը` աշխարհի ուշադրությունը  էներգիայի վերականգնվող աղբյուրներին  հավիրելու համար:

Անկախ

Աֆղանստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը կարող է գերազանցել 2000-ը

5363a58b-ffb2-e6da-ffb2-e6d55cc65d66.photo.0

Աֆղանական Բադախշան գավառում տեղատարափ անձրևներով պայմանավորված սողանքը մի քանի հարյուր տներ է ծածկել ցեխով: Արդեն տեղեկություն կա, որ զոհերի թիվը հասել է 350-ի, սակայն այդ թիվը կարող է աճել, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սողանքը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին, երբ ընտանիքները տանն աղոթում են: «Ոստիկանության հրամանատար Այյազը հայտնել է, որ Հարգու գյուղը, որտեղ 215 ընտանիք էր բնակվում, թաղված է ցեխի ու քարերի տակ»:

Իսկ Associated Press-ը հղում անելով Աֆղանստանի իշխանություններին, հաղորդում է, որ ավելի քան 2000մարդ անհետ կորած է համարվում: Հիմա այդ տեղանքում գտնվող մյուս գյուղերի բնակիչները տարհանվում են` սողանքից խուսափելու նպատակով: Տեղի պաշտոնյաներն էլ դժգոհում են, որ փրկարարական աշխատանքները բարդանում են համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով.ստիպված են բահերով փորել:

Անկախ

Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել

536420aa-f56d-f586-f56d-f589b7d39da2.photo.0

 

Օդեսայում մայիսի 3,4,5-ը սգո օրեր են հայտարարված Ուկրաինայի միասնականության կողմնակիցների ու ռուսամետ ակտիվիստների բախումների հետևանքով զոհերի կապակցությամբ:

 

«Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 40 մարդ: Ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, մայիսի 3,4,5-ն Օդեսայում սգո օրեր են հայտարարվել»,ասվում է քաղաքի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

 

Իշխանությունների տվյալներով, բախումների հետևանքով տուժել է 170 մարդ:BBCRussian.com

Անկախ