Բաղադրությունը
3 հատ դդմիկ
200 գ գազար` կորեական տարբերակով մշակված կամ քացախով ու ձեթով համեմված
1 ճաշի գդալ սոյայի թանձրահյութ
1,5 ճ.գդալ շաքարավազ
աղ` ըստ ճաշակի
քացախ 1 ճ. գդալ
1 ճ. գդալ ձեթ (ցանկալի է` զեյթունի)
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Դդմիկը հարկավոր է լվանալ ու շերտատել հնարավորինս բարակ, աղ ու պղպեղ անել, ապա 2 ժամ դնել թեթևակի ծանրության տակ, որ հյութաքամվի:
Իսկ մինչ այդ սոխը մաքրել ու կիսաշրջանաձև օղակներով կտրտել, ապա տապակել մինչև ոսկեգույն դառնալը:
2 ժամից դդմիկից անջատված հեղուկը թափել ու վրան ավելացնել կորեական գազարը: Վրան սոյայի թանձրահյութ լցնել, ապա` տապակած սոխը: Սխտորը մաքրել ու ճզմել, ավելացնել շաքարավազը, ձեթը, քացախը. լավ խառնել ու կրկին թեթևակի ծանրության տակ դնել 1 ժամ, որից հետո արդեն կարելի է վայելել: Բաղադրատոմսը շատ պարզ է ու շատ համեղ: Կարելի է մատուցել խաշած մատղաշ կարտոֆիլի հետ:
Daily Archives: May 8, 2014
Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Մայիսի 8-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 380 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 10 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 370 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 824 397 837 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0532 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4334 տոկոս:
Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Հարավային Կորեայում ձերբակալել են խորտակված «Սևոլ» նավի օպերատոր ընկերության ղեկավարին
Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են «Չոնհեչժին» ընկերության տնօրեն Կիմ Հան Սիկին` կատարվածի համար հարցաքննության նպատակով:
Տղամարդը ձերբակալվել է իր տանը, Սեուլից հարավ գտնվող Պունդան քաղաքում: Դատախազ Յան Չոնջինի տվյալներով այդ ընկերությունը մեղադրվում է անզգուշության հետևանքով մահ պատճառելու, ինչպես նաև իր գործողությունների համար, ինչը հանգեցրել է նավի խորտակման:
Վերջին տվյալների համաձայն, Դեղին ծովում նավի զոհերի թիվը 269 է, 33 մարդու ճակատագիր մնում է անհայտ: Գործով ձերբակալվել է անձնակազմից 20 մարդ` անփութության մեղադրանքով ու կորեական նավագնացության ասոցիացիայից ու «Չոնհեչժին» ընկերությունից մի քանիսը` անվտանգության կանոնների խախտման ու կոռուպցիայի մեղադրանքով:
Սարավան-Վայք ճանապարհին ԻԻՀ քաղաքացու մեքենան գլորվել է ձորակը
Մայիսի 8-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆրայդ» մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 25-րդ կմ-ում «Ֆրայդ» մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` Աբդուլ Հուսեյնի Սաիդ, ծնվ.1983թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և սահել ձորակը՝ մոտ 3 մ:
Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենայի ուղևոր ԻԻՀ քաղաքացի Աբդուլ Հուսեյնի Վահիդին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Մտրակի 1000 հարված` «իսլամը վիրավորելու» համար
Սաուդյան Արաբիայում բլոգեր Ռաիֆ Բադավիին դատապարտել են ազատազրկման 10 տարվա ու մտրակի 1000 հարվածի` համացանցում լիբերալ ֆորում ստեղծելու ու «իսլամը վիրավորելու» համար, հաղորդում է Газета.Ru-ն:
Բադավին դատապարտվել է , որ ֆորումում քննադատել է Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությանն ու երկրի հոգևորականության որոշ ներկայացուցիչների: Բացի բանտից ու մտրակահարվածներից, տղամարդը պետք է 1 մլն ռեալ տուգանք վճարի, ինչը կազմում է 266 հազար դոլար:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դատավճիռը վրդովվեցուցիչ է համարել ու պահանջել այն փոխել:
Գազազած շանը հանգստացնելու համար փրկարարներին են դիմել
Մայիսի 8-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հայանիստ գյուղի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի բակում գազազած հովվաշանը հանգստացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը:
Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք:
Կորեական գազարը
Բաղադրատոմսերը բազմաթիվ են, ահա դրանցից մեկը:
Հարկավոր է գազարը երկար ձողիկներով կտրատել կամ էլ քերել հատուկ քերիչով, որը վաճառքում հենց այդպես էլ անվանում են` կորեական գազարի քերիչ: Պետք է վերցնել հյութալի գազար, քացախ, ձեթ
շաքարավազ
աղ
սև կամ կարմիր պղպեղ (ցանկալի է` խոշոր աղացած):
Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև սխտոր, համեմ, քնջութ, գլուխ սոխ:
Պատրաստման եղանակը
Գազարը քերել, վրան շաքարավազ ու աղ լցնել, քացախ ցողել, խառնել (գերադասելի է` ձեռքով), թողնել այդ մարինադում 10-15 րոպե: Ապա ավելացնել պղպեղը ու կրկին խառնել: Տապակի մեջ ձեթ լցնել ու լավ տաքացնել, սակայն չդաղել ու այդ ձեթը լցնել գազարի խառնուրդի վրա: Ցանկալի է, որ այս աղցանը մեկ գիշեր մնա սենյակային պայմաններում, ապա նոր դրվի սառնարանը:
Ի դեպ, այս կերպ պատրաստված գազարը կարելի է սառնարանում, բերանը պինդ փակած ամանով պահել անգամ 2 շաբաթ:
Նոր Արեշում 5 քաղաքացիներ մնացել էին վերելակի մեջ
Օրացույցի այս օրը
– Մայիսի 8 և 9-ը Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին ու հաշտեցմանը նվիրված օրեր են: 2004-ի նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մայիսի 8 և 9 հռչակեց հիշատակի ու հաշտեցման օրեր, սակայն, ընդունելով, որ անդամ պետությունները կարող են Հաղթանակի, ազատագրման ու տոնի իրենց օրերն ունենալ, ուստի բոլոր անդամ-պետություններին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին ու մասնավոր անձանց ամեն տարի ըստ արժանվույն նշել այդ օրերից մեկն ու մեկը` որպես Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հարգանքի տուրք:
-Այսօր Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի համաշխարհային օրն է, նշվում է մայիսի 8-ին` ի պատիվ շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ ու հումանիստ Ժան Անրի Դյունանի: 19-րդ դարի վերջին նրա առաջարկով առաջին անգամ ստեղծվեցին կամավորականների խմբեր, որոնք օգնություն էին ցուցաբերում մարտի դաշտերում վիրավորներին: 1863-ին նրա իսկ առաջարկով կոնֆերանս է հրավիրվել, որն էլ սկիզբ է դրել Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին:
Փրկարարները բացել են փակ դուռը
Գյումրիի 4 բնակիչներ Վրաստանում ավտովթարի են ենթարկվել
Մայիսի 8-ին, ժամը 09.15-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.23-ի սահմաններում Ասպինձա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VT 295 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ Մ. Ա.-ը, Է. Հ.-ը, Ս. Շ.-ը և Ա. Ռ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ասպինձա քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին
Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ վարչության անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԿՄ վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է դրել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: Այնուհետ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կառուցվածքային փոփոխությունների հետքերով
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին որոշեց վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` միացնելով ֆինանսների նախարարությանը և սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
Այսպիսով ստեղծվեց սուպերնախարարություն, ունեցանք սուպերնախարար, քանի որ ստացվում է` այս նոր պետական մարմինը և՛ հարկերն է գանձելու, և՛ որոշելու է, թե ինչպես բաշխել դրանք: Կառուցվածքային այս փոփոխությունը իշխանությունները հիմնավորում են որպես արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման հերթական քայլ:
ՊԵԿ-ի միավորումը ֆինանսների նախարարության հետ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նորմալ կառուցվածքային փոփոխություն է համարում և նշում, որ բյուջեի ապահովումն ու տնտեսական աճի պատասխանատուները չպետք է առանձին մարմիններ լինեն, այլ երկուսն էլ պատասխան տան տնտեսական աճի և բյուջեի կատարողականի համար: «Այսինքն` բյուջեի կատարողականն ու տնտեսական աճը պետք է միավորված լինեն մեկ ընդհանուր գաղափարախոսության մեջ»,- ասաց Վ. Այվազյանը:
Պատգամավորը նշեց, որ աշխարհում պետբյուջեի եկամուտներն ապահովողները մեծ մասամբ եղել են ֆինանսների նախարարության կազմում, իսկ մեր իրականության մեջ ՊԵԿ-ը, մինչ ֆիննախի հետ միավորումը, մեկ խնդիր ուներ` կատարել պետական բյուջեն, թե ինչ միջոցով, ինչպես կկատարվեր, տնտեսական աճի՞ հաշվին, թե՞ տնտեսական աճ ապահովող սուբյեկտների ջանքերի, տարբերակում չկար: «Տնտեսական աճի համար պետք է տնտեսական նախադրյալներ ապահովել, եթե մեկի գործարանը փակվելու է, ապա պետք է մտածել, թե դրա ազդեցությունն ինչ կլինի»,- պարզաբանեց պատգամավորը:
Գրեթե նույն տեսակետն ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որ ողջունում է հարկային ու մաքսային մարմինների միավորումը ֆինանսների նախարարության հետ` նշելով, որ ինքը միշտ էլ տրամաբանական ու արդյունավետ է համարել հարկային և մաքսային մարմինների ֆինանսների նախարարության տիրույթում գտնվելը: Ըստ տնտեսագետի` քանի որ կառավարության կողմից պետական բյուջեի նախագծի կազմման լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, ապա նա պետք է բյուջեի մուտքերի ու ելքերի վերաբերյալ մշտապես օպերատիվ տեղեկատվություն ունենա: Իսկ դա կարող էր ապահովվել միայն այս երկու կառույցների միացումով: Ցանկացած բյուջե կազմելիս իրատեսականորեն պետք է ելնել հնարավոր եկամուտներից, որոնք պետք է լինեն հաջորդ ֆինանսական տարում: Այդ առումով, ըստ տնտեսագետի, ֆինանսների նախարարությունը, ըստ էության, մինչ օրս չի ունեցել հանրապետությունում սպասվող և հնարավոր բյուջետային մուտքերի վերաբերյալ ճիշտ և օպերատիվ իրազեկվելու հնարավորություն: Սա հանգեցրել է բյուջեի կազմման պրոցեսի արդյունավետության որոշակի անկման:
Բայց հակառակ կարծիքը, թե այս միացման արդյունքում Հայաստանում տնտեսության և ֆինանսների կառավարման խիստ աղճատված համակարգ է ստեղծվելու, առավել գերիշխող է հայկական վերլուծական ու լրատվական շրջանակներում:
Հարցն այն է, որ տնտեսության կառավարման ժամանակակից սկզբունքների համաձայն` ֆինանսների նախարարության հիմնական գործառույթը պետական բյուջե մշակելն է, որի եկամտային մասը պետք է ապահովի պետեկամուտների կոմիտեն: Ֆինանսների նախարարությունը նաև բյուջեի ծախսերի պատասխանատուն է: Եվ այս երկու կառույցների ներքին հակամարտությունն ու բանավեճը ստեղծում է հակակշիռների մեխանիզմ, որի շնորհիվ կառավարումը դառնում է արդյունավետ: Նախկինում Հայաստանում ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունն առանձնացվեցին` ելնելով հենց այս նկատառումներից: Իսկ այժմ, երբ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ն անցնում են միևնույն մարմնի` միևնույն անձի լիակատար վերահսկողության տակ, այդ հակակշիռների մեխանիզմը հիմնովին ջախջախվում է:
Հակակշիռների մեխանիզմ պետք չէ՞
Այս երկու մոտեցումներն էլ խիստ պայմանական են: Եթե նշվում է արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ապա պետք է հստակ նշվի, թե որքանով է անարդյունավետ եղել նախկին համակարգը կամ կառուցվածքը: Շատ կարճ ժամանակահատվածի համար սա կարող է նույնիսկ դրական արդյունքներ տալ: Կարելի է սպասել նույնիսկ, որ հարկային եկամուտները կավելանան: Բայց դա շատ կարճ կտևի, իսկ ավելի երկարատև հեռանկարում վատ, շատ վատ հետևանքներ է ունենալու` թեկուզ նույն արդյունավետության առումով, եթե մնացած բազմաթիվ հարցերը նշելու չլինենք:
Ավելին` մամուլում արդեն իսկ սկսել են լուրեր շրջանառվել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը:
Նշված կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքման և ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է տվյալ ոլորտներում պետական կառավարման արդյունավետությունը: Նշենք, որ այդ միավորման շուրջ մտահոգություններ ունեն նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանները, հիմնականում` արևմտյան երկրների:
Հակակշիռների մասին դիտարկումները, ի դեպ, անուղղակի ձևով հաստատում են հենց այս կառուցվածքային փոփոխության պաշտպանները: Նույն Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Այս կառուցվածքային փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, կտա իր դրական արդյունքը: Որովհետև երբ ֆինանսների նախարարությունն ազատականացման էր գնում, ՊԵԿ-ը հակառակ կարծիքն ուներ: ՊԵԿ-ն էր գնում ուրիշ բանի, ֆինանսների նախարարությունն էր հակառակն ասում: Հիմա այս երկուսը միավորված են նույն խնդրի շուրջ: Այս երկուսի խնդիրը տնտեսական աճի ապահովումն ու դրա շնորհիվ պետական բյուջեի կատարումն է: Այսինքն` այդ երկուսը պետք է դառնան ոչ թե նպատակ, այլ պարզապես պետք է դառնան գործիք: Իսկ նպատակը մեկն է` քաղաքացու բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը: Սա պետք է լինի առաջնահերթ խնդիր, ոչ թե տնտեսական աճի ապահովումը կամ պետբյուջեի կատարման խնդիրը»:
Ինչ վերաբերում է քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովելու «բուռն ցանկությանը», ապա հարկ է նշել, որ այս կարգի փոփոխությունները տեղի են ունենում` ելնելով զուտ քաղաքական կոնյունկտուրայից:
Հիմա ուշադրություն դարձնենք մի քանի հետաքրքիր «զուգադիպությունների»: Դեռ ֆինանսների նախարար չդարձած` ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը նորանշանակ վարչապետի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստում կառավարության հաստատմանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» օրենքի նախագիծը և հավանություն «կորզեց», որը համարվում է հարկային վարչարարության ֆեոդալական ձև. քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգին, երբ ստուգումներ իրականացվում են միայն այն դեպքում, երբ ինչ-որ հարկատուի առնչությամբ հարկային մարմիններում, դինամիկ վերահսկողության ու վերլուծության արդյունքում, կասկածներ են ի հայտ գալիս:
Հաջորդիվ կառավարությունը մտմտում է փոփոխել շրջանառության հարկին վերաբերող օրենսդրական բազան` շրջանառության հարկի դրույքաչափն իջեցնել մինչև 1 տոկոս, սակայն շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների համար շրջանառության նախատեսված շեմը նույնպես սեղմել ու իջեցնել մինչև 30 մլն դրամ, այսինքն` մնացածն արդեն կանցնեն ավելի բարձր դրույքներով` այլ հարկատեսակով հարկման տիրույթ:
Մյուս ուշագրավ նախաձեռնությունն այս ոլորտում վերաբերում է փոստային կամ էլեկտրոնային գնման եղանակով ներմուծված ապրանքների մաքսազերծման դրույքաչափերին, ըստ որի` եթե նախկինում յուրաքանչյուր ոք իրավունք ուներ առանց մաքսազերծման տարեկան մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքներ ձեռք բերել միջազգային էլեկտրոնային գնումների համակարգերով, ապա այժմ այդ շեմը փորձում են իջեցնել մինչև 50 հազար դրամ: Այս ամենով հանդերձ, եթե իշխանություններն ասում են, թե ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության միավորումը բարենորոգիչ առաքելություն ունի, ապա մյուս կողմից քայլեր են անում, որոնք, համենայն դեպս, հակասում են այդ մոտեցմանը:
2030թ.-ին Ռուսաստանը կգաղութացնի Լուսինը
2030թ.-ին Ռուսաստանը կսկսի Լուսնի գաղութացումը: Այս մասին գրում է “Известия” թերթը, որի տրամադրության տակ է հայտվել Ռուսական լուսնային հայեցակարգի ծրագիրը, որը մշակվել է “Ռոսկոսմոսի”, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Ըստ հոդվածի հեղինակների` այս նախագիծը նախատեսում է, մասնավորապես, լուսնային հիմքի ստեղծում օգտակար հանքանյութերի ձեռքբերման համար:
Ըստ Տիեզերական քաղաքականության ինստիտուտի գիտական ղեկավար Իվան Մոիսեևի` “Լուսինը հեռավոր տիեզերքի ճանապարհին առաջին քայլն է, ուստի, անհրաժեշտ է օգտագործել Լուսինը որպես հեռանկարային տիեզերակայան: Ինչ վերաբերում է Երկիր մոլորակ Լուսնի վրա առկա ռեսուրսների տեղափոխմանը, ապա դրա անհրաժեշտությունը չկա. անգամ եթե այնտեղ ադամանդ գտնեն, ապա դրա տեղափոխումը շահավետ չի լինի: Ամեն դեպքում կարելի է սկսել թթվածնի տեղաբաշխումից. այն առկա է Լուսնի վրա տարբեր միացություններում”:
Ծրագրի հեղինակները չեն բացառում նաև լուսնային ծրագրերում մասնավոր ներդրողների ներգրավվածության հնարավորությունը, իսկ լուսնային մշտական բազայի ստեղծման համար առաջին տիեզերագնացների խումբը նախատեսվում է, որ Լուսին կթռչի 2030թ.-ին:
Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հերթական փուլը` Վիեննայում
Իրանի միջուկային ծրագրի հարցով մայիսի 13-ին Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» երկրների միջև հերթական բանակցությունները կանցկացվեն:
Իրանի ԱԳ նախարարության իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին, անդրադառնալով կայանալիք բանակցություններին, ասել է, որ, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա փոխդարձ անվստահությանը, Իրանը հույս ունի մինչև հուլիսի 20-ը վերջնական համաձայնագիր կնքել:
Ավելի վաղ, ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել էր, որ բանակցությունների նախորդ երեք փուլում կողմերն արդյունավետ խորհրդակցություններ են անցկացրել, միջուկային ծրագրերի իրականացման հարցում վերացրել են մի շարք հակասություններ և հիմք է նախապատրաստվել վերջնական համաձայնագրի համար:
Բանակցությունների արդյունավետության վկայությունն է 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում կնքած լրացուցիչ համաձայնության պայմանագիրը, որի կատարումը սկսվել է հունվարի 20-ից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ:
Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է: Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն: Մեր ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք նաև նրանցից շատերի կյանքերի գնով, ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ:
Իմ խորին համոզմամբ՝ երկրապահը ոչ միայն կոչում է, այլ նաև հոգեվիճակ, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, ում համար Հայրենիքը ամենաթանկ գաղափարն է: Եվ այսօր, նշելով Երկրապահի օրը, մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված ազատամարտիկների հիշատակին, այլև հերթական անգամ պարտավորություն ստանձնում պահպանելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել նաև նրանց կյանքերի գնով: Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ,
այսօր նաև ձե՛ր տոնն է, ձեր անհատնում համբերության և անկոտրում կամքի գնահատման օրը: Եվ շնորհավորելով ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ՝ երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք արժանի՛ եք ամենաբարձր գնահատանքի ու մեծարումի: Վստա՛հ եղեք, որ իմ ուժերի և հնարավորությունների սահմանում միշտ լինելու եմ ձեր կողքին:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
Իրանը կարտադրի 51 մլն տոննա նավթաքիմիական արտադրանք
Իրանի նավթաքիմիական ազգային գործակալության զարգացման բաժնի ղեկավար Հոսեին Շահրիարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընթացիկ տարում Իրանը կարտադրի 51 մլն տոննա նավթաքիմիական արտադրանք` ընդհանուրը` 35 մլրդ դոլարի:
«Իրանական նավթաքիմիական արդյունաբերությունից ստացվող եկամուտների ավելացմանը նպաստելու է ԵՄ երկրների հետ համագործակցության վերսկսումը: Այդ երկրները, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով, ներկայումս չեն կարողանում իրենց տեխնոլոգիաները վաճառել Իրանին:
Նավթաքիմիական արտադրանքը Իրանի եկամուտների հիմանական աղբյուրներից է:
Ժնևյան համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն պատժամիջոցներից ազատել է Իրանի 14 նավթաքիմիական ընկերություների, ինչը թույլ է տվել ասիական սպառողներին առանց դժվարության և արագ իրանական նավթաքիմիական արտադրանք գնել` զերծ մնալով իրավաբանական և քաղաքական ավելորդ արգելքներից:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի նախագահն այցելել է Իլամ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մայիսի 7-ին այցելել է երկրի արևմուտքում գտնվող Իլամ քաղաք: Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է, որ Իրանը բարեկամության ձեռք է մեկնում այն բոլոր երկրներին, որոնք հարգում են Իրանի բնակչության իրավունքները:
«Իրանի հաղթանակների և հաջողությունների «միավորները» Իրանի քաղաքացիներն են, ովքեր աշխատանքում վճռական են և տոկուն: Իրանը փորձում է հարևան երկրների հետ բարեկամական կապեր հաստատել»,- ասել է Ռոհանին:
Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռոհանին այցելել է Իրանի Խուզիստան, Հորմուզգան, Սիստան-Բելուջիստան նահանգ: Երեքն էլ գտնվում են երկրի հարավում:
Որո՞նք են ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները
Ծխախոտագործությունը կամ ծխախոտն այն հակասական երևույթներից է, որը մի կողմից իրենից նեկայացնում է որպես գործարարության ճյուղ` ապահովելով աշխատատեղերով, իսկ մյուս կողմից դրա օգտագործումն անկանխատեսելի բացասական հետևանքներ է առաջացնում քաղաքացիների մոտ: Այս առումով հատկապես խոցելի են անչափահասները, որոնց կողմից ծխախոտ իրացնելու արգելքը սահմանված է օրենքով:
Այսպես, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքով ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց,
2) 18 տարին չլրացած անձանց կողմից,
3) բաց տուփերով կամ հատով,
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է,
5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում,
6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի,
7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով),
8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը,
9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը,
10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետևյալ նախազգուշացումները`
1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում,
2) լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածրի արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ



