Մայիսի 15-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի մոտ «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Daily Archives: May 16, 2014
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը` կամավոր
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը կմրցի մյուս առաջատարի հետ
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) շարունակում է իր հաղթարշավը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում: Հինգերորդ տուրում Կարանը սևերով պարտության մատնեց նորվեգացի ճանաչված գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնին: Սա Մովսիսյանի հինգերորդ անընդմեջ հաղթանակն էր, և նա վաստակած 5 միավորով Սերգեյ Ֆեդորչուկի (Ուկրաինա) հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:
Վեցերորդ տուրում Մովսիսյանը սպիտակներով կհանդիպի Ֆեդորչուկի հետ:
Թուրքիայում հանքափորի աշխատանքին հազարավոր մարդիկ են սպասում, այդ թվում երեխաներ
Մինչ ողջ Թուրքիան ողբում է զոհված հանքափորների մահը, Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները: 2014 թվականի փետրվար ամսվա դրությամբ՝ գործազրկությունն երկրում կազմել է 10,2 տոկոս՝ այն է 2 մլն 825 մարդ: Փետրվար ամսին գործի է անցել 126 հազար հանքափոր: Թուրքիայի «Işkur» Զբաղվածության կենտրոնի տվյալների համաձայն՝ այս պահին 6 հազար 888 հանքափոր աշխատանքի է սպասում: Ընդ որում, ուշագրավ է, որ դրանց թվում 247 հոգի 15-19 տարեկան է: Իսկ 2013 թվականին 245 երեխա դիմել է կազմակերպությանը հանքափորի աշխատանք գտնելու հույսով:
«Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
«ՎԱԶ-2106»-ը ինքնաբերաբար շարժվել և վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա
Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի ուղևորներից մեկի դիակը հայտնաբերվել է
Մայիսի 15-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Վարորդին հաջողվել է փրկվել, իսկ ուղևորներ` 1989 թ. ծնված Արայիկ Թորոսյանին և 1983 թ. ծնված Արարատ Բաղդասարյանին, գետի հոսանքը քշել-տարել է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի և ՀՀ ԱԻՆ ծառայողների ձեռնարկած համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.30-ին, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի «Կամչատկա» կոչվող տարածքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել և գետից դուրս է հանվել Ա. Բաղդասարյանի դիակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները
Գյումրիի մարզադպրոցի դահլիճում պայքարը շարունակեցին մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:
Մրցակիցների ուժերն անհավասար էին: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Գյումրի-Վանաձոր`17:30 (6:17), Արցախ-Ալավերդի` 15:27 (7:17):
4-ական հաղթանակ են տարել և աղյուսակը գլխավորում են Վանաձորի և Ալավերդիի հավաքականները: Միայն պարտություններ են կրել Արցախի և Գյումրիի թիմերը:
Վերջին տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները, նաև երկու անհաջողակները: Վերջիններիս մրցամարտը սկզբունքային կլինի, քանի որ կորոշվի Հայաստանի առաջնությունում պայքարի շարունակելու իրավունք տվող 3-րդ ուղեգրի հարցը:
Այդ իրավունքն արդեն իրենց համար ապահովել են Վանաձորի և Ալավերդիի հանդբոլիստները:
Միայնակ տարեց կինը, հոգնելով փաստաթղթային քաշքշուկից, ստիպված ինքնուրույն է բուժում կոտրված ձեռքը
Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի: Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:
Ցավոք, նա 2008 թվականին չի դիմել ու չի վերահաշվառվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, ինչի պատճառով կորցրել է բնակարան ստանալու իր իրավունքը: Այսօր մենք կրկին այցելեցինք անպաշտպան ու անօգնական վիճակում հայտնված տարեց կնոջը: Նա մի քանի ամիս առաջ՝ ձմռանը սայթաքել-ընկել ու ջարդել է ձեռքը: Դեպքից օրեր անց, երբ ցավերը չեն մեղմացել, թակել է մի շարք բուժհիմնարկների դռները: Բուժհիմնարկներում մշտապես մերժել են օգնություն ցուցաբերել՝ իրենց մոտ նրա գրանցված չլինելու պատճառով, բացառությամբ մի դեպքի, երբ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը դեղորայք է նշանակել ու խորհուրդներ տվել, թե ինչպես ինքնուրույն խնամել կոտրվածքը: Ի վերջո՝ միայնակ տատիկը փաստաթղթային քաշքշուկներից հոգնած՝ ստիպված համակերպվել է կոտրված ձեռքը ինքնուրույն բուժելու մտքին: Այսօր Մարի տատիկը մեզ հայտնեց, որ թեև ցավերը մի փոքր մեղմացել են, սակայն կոտրված ձեռքը չի բուժվում:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Այսօր Երևանում կբացվի «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով հայ և թուրք կանանց նկարների, լուսանկարների ցուցահանդեսը
«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ–ի նախաձեռնությամբ այսօր «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում տեղի կունենա «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է լուսաբանել հայ և թուրք կանանց դերը որպես խաղաղություն կառուցողներ, ինչպես նաև արվեստի ու երկխոսության միջոցով ամրապնդել երկու հասարակությունների միջև վստահությունն ու համագործակցությունը:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու հայ և թուրք կանանց լուսանկարներ և նկարներ, որոնք արտահայտում են հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ մասնակիցների մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:
Տասնօրյա ցուցահանդեսի ընթացքում այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսիչ մրցանակներ:
Ցուցահանդեսից հետո մասնակից կանայք կհանդիպեն Վրաստանում և կքննարկեն խաղաղության մասին իրենց պատկերացումները: Նրանք կփորձեն երկու երկրների միջև առկա խնդիրները դիտարկել կանանց տեսանկյունից և հանդես կգան «խաղաղության կոչով»:
Հայ գրոստմայստերը` ԱՄՆ-ի շախմատի առաջնության միանձնյա առաջատար
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը շարունակում է իր գերազանց ելույթը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում: Յոթերորդ տուրում նա տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը:
Վարուժանը սևերով պարտության մատնեց գրոսմայստեր Ռեյ Ռոբսոնին 7 վաստակած 5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ընգծենք, որ ԱՄՆ-ի առաջնությունում Հակոբյանի մարտավկան է նրա ընկերը` Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:
ԱՄՆ-ի կանանց առաջնության հերթական տուրում հաղթանակ տարավ նաև գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը: Նա պարտության մատնեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին: Այժմ Աբրահամյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և ընթանում է երրորդ տեղում:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:
Ուկրաինայում նախագահ ընտրելու են 5 տարով
Ուկրաինայում մայիսի 25-ին նախագահի արտահերթ ընտրություններ են լինելու: Նախագահ է ընտրվելու 5 տարի ժամկետով: Համապատասխան որոշում է կայացրել Ուկրաինայի Սահմանադրական դատարանը:
«Նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով, անկախ նրանից, թե ընտրություններն արտահերթ են թե` հերթական»,-ասվում է Սամանադրական դատարանի որոշման մեջ:
Երևանի բակերի նկարազարդման ծրագիրն արդեն մեկնարկել է
Հաշվի առնելով մայրաքաղաքի բակերի նկարազարդման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բակային տարածքներում յուրօրինակ լուծումներով նկարազարդումների ծրագիրն ընդգրկվեց նաև 2014 թվականի աշխատանքներում: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, նկարազարդման աշխատանքները մեկնարկել են բոլոր վարչական շրջաններում: Թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում առկա բոլոր անշուք պատերը, այլև ավտոտնակները: Գորշ ու խամրած գույներին փոխարինում են երևանյան ջերմ, վառ, գունեղ երանգները: 2012թ-ին նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում, 2013-ին՝ 240: Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա աշխատանքների ծավալը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 15-ից 16-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 7, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 10, գողության` 6, խարդախության` 8, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ԵԽ հանձնակատարը դատապարտել է Բաքվում ֆրանսիացի լրագրողների ձերբակալությունը
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը քննադատել է Բաքվում ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիշարին և Էմանուել Բախին ձերբակալելու և սարքավորումները նրանցից խլելու փաստը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
“Մտահոգված եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների ձերբակալությամբ և նրանց նկարահանած նյութերի առգրավմամբ: Սա այս երկրում մամուլի ազատության և մարդու իրավունքների խախտմանն ուղղված հերթական հարվածն է”, – գրել է Մուժնիեքսը “Twitter”-ի իր էջում:
Հիշեցնենք, որ լրագրողները ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում: Վերջիններս Բաքու էին եկել՝ լուսաբանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը: Հատուկ ծառայության աշխատակիցները նրանցից խլել են նկարահանող սարքերը և նկարահանված նյութերը, այնուհետև հարկադիր նստեցրել են Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ
Թուրքական կառավարությունը թաքցնում է Սոմայի զոհերի իրական թիվը. ԺՀԿ
Թուրքիայի կառավարությունը թաքցնում է Սոմայի ածխահանքում տեղի ունեցած խոշոր աղետի հետևանքով զոհվածների իրական թիվը: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մանիսայից պատգամավոր ընտրված Հասան Օրենը: Վերջինս նշել է, որ զոհերի ստույգ թիվը հայտնի է միայն կառավարությանը: Նա նաև հայտարարել է, որ ԺՀԿ-ն զերծ է մնալու այս ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 284-ի: Փլատակներում շարունակում է մնալ 18 մարդ, իսկ որոշ տվյալներով՝ դեռ 90 հանքափոր: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ:
Նշենք, որ Թուրքիայի ողջ տարածքում գործում է 740 ածխահանք, որտեղ աշխատում է 48 հազար 706 հանքափոր:
Ստամբուլի հայկական եկեղեցիներում կիրակնօրյա պատարագ կմատուցվի զոհված հանքափորների հիշատակին
Ստամբուլի Հայոց պատրիարքությունը մայիսի 18-ին՝ կիրակի օրը, Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցի օրերս Թուրքիայի Սոմայի շրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերի հոգու հանգստության համար: Պատրիարքության հղած ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատում ենք, որ վիշտը կիսելիս այն թեթևանում է, մենք մեր սրտերում զգում ենք մեր հանքափոր եղբայրների և նրանց ընտանիքիների ապրած ցավը: Մեր զոհված հանքափոր եղբայրների համար Աստծուց հոգու հանգստություն ենք խնդրում, վշտով ընտանիքներին և մտերիմներին Պատրիարքական աթոռի, Հոգևոր խորհրդի և մեր ողջ համայնքի անունից ցավակցություն ենք հայտնում, մաղթում շուտափույթ մխիթարություն: Մենք ամբողջ սրտով աղոթում ենք, որպեսզի գետնի տակ մնացած մեր եղբայրները րոպե առաջ միավորվեն իրենց ընտանիքներին՝ ողջ և առողջ»:
Ավստրալիայի բնակիչները երկնքում այրվող ՉԹՕ են տեսել
Ավստրալիայի հյուսիս-արևելքում, Քվինսլենդ նահանգի բնակիչները նախօրեին երեկոյան անծանոթ ծագման իրի անկման ականատես են դարձել:
«Ինքնաթիռի չափեր ունեցող օբյեկտը, մեծ արագությամբ արագ է տեղաշարժվել, իսկ ետին մասից նարնջա-կանաչ բոց է անջատվել»,-պատմել են լրագրողներին տեղի ոստիկանությունում:
Անհասկանալի երևույթը նկատել են Թաունսվիլ քաղաքում: Ականատեսներից մեկն այն համեմատել են «միջուկային ռումբի էֆեկտի» հետ: «Ես չգիտեմ, թե ինչքան մեծ էր այն, սակայն երկնքում այն ինքնաթիռի էր նման, որը թափվում էր երկնքից»:
Սակայն, ինչ որ բեկորներ գտնել այդպես էլ չի հաջողվել: Ավստրալական ABC հեռուստաընկերության կարծիքով, ավելի շուտ մարդիկ տիեզերական աղբի անկում են տեսել, ասենք` ինչ որ արբանյակի բեկորներ:
Ջոն Հեֆերնը կմեկնի ԱՄՆ
Մայիսի 17-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կմեկնի Միացյալ Նահանգներ մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ: Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:
Կոտայքի երիտասարդները քարոզում են հետևել օրենքին ու չծխել
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում ապրիլ-հունիս ամիսներին անցկացվում է «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» խորագրով ծրագիրը:
Այն իրականացնում է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում» անվանակարգում:
Կոտայքի մարզի քաղաքներում արդեն իրականացվել են սեմինարներ, որոնց մասնակից 30-40 երիտասարդները ծանոթացել են պասիվ ծխելու վնասներին:
Ծրագրի հաջորդ փուլում ծրագրի մասնակիցները կշրջեն երթուղայիններով, կարձանագրեն երթուղայիններում ծխելու դեպքեր ու այդ մասին կտեղեկացնեն համապատասխան քաղաքապետարաններին: Երիտասարդները մարզի 5 քաղաքների երթուղային տրանսպորտային միջոցների վարորդներին կտեղեկացնեն գործող օրենսդրությանը` բաժանելով բուկլետներ, տրանսպորտային միջոցներում փակցնելով կպչող թերթիկներ՝ ՉԾԽԵԼ պիտակով և թեժ գծի հեռախոսահամարով: Կպատրաստվի նաև գովազդային ռադիոհոլովակ, որը մեկ ամիս շարունակ եթեր կհեռարձակվի չորս ռադիոկայանների եթերում:
Ծրագրի համակարգող Անահիտ Թովմասյանը կարևորեց և բարձր գնահատեց նման ծրագրերի իրականացումն ու արդյունավետությունը՝ նշելով. «Քաղաքապետարանների և երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կար ոչ միայն ծխելուն առնչվող խնդիրներում, այլև տրանսպորտային միջոցների և վարորդների հիգիենայի հետ կապված հարցերում: Այդ է պատճառը, որ մենք համագործակցում ենք նաև լիազոր մարմինների` տրանսպորտի վարչությունների, ճանապարհային ոստիկանության հետ»:
Անահիտ Թովմասյանը շեշտեց նաև ծրագրի իրականացման անհրաժեշտության մեկ այլ կարևոր հանգամանք. «Ծրագրի նպատակն է հասարակական դիտորդական խմբերի և համապատասխան լիազոր մարմինների համագործակցության շնորհիվ բարձրացնել հակածխախոտային օրենսդրության կիրարկման արդյունավետությունը հանրային տրանսպորտի ոլորտում: Այդ պատճառով քաղաքներում ստեղծվելու են հասարակական դիտորդական խմբեր, որոնք հնարավորություն կտան համապատասխան լիազոր խմբից ստանալ տեղեկատվություն կոնկրետ իրավախախման մասին»:
Ծրագրի շրջանականերում նախատեսվում է անցկացնել նաև «Հինգ օր՝ ճանապարհային ոստիկանության հետ ակցիա» պարետային վերահսկողություն, որի ընթացքում վարորդները և ուղևորները հասարակական դիտորդների կողմից կզգուշացվեն համապատասխան օրենսդրության մասին, նաև կիրականացվեն տեսանկարահանում-հարցազրույցներ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն


