Դրո. այսօր Դրաստամատ Կանայանի ծննդյան օրն է

դրոԴրաստամատ Կանայանը ծնվել է Իգդիրում 1884 թ. մայիսի 31-ին:

Տակավին պատանի` Դրոն տարվում է զինվորական կյանքի ռոմանտիզմով: Երկար ժամանակ թափառում է զորամասերի, զինվորների մոտ, երազում զինվորական ապագայի մասին: Նրա սիրելի կենդանին ձին էր, սիրելի գործիքը` հրացանը: Վաղ տարիքից նա  տարվեց ազգային-հեղափոխական գաղափարներով, անդամակցեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Կռիվը, պատերազմը Դրոյի տարերքն էր, և ժամանակը ցույց տվեց, որ պատանին ճիշտ ընտրություն է կատարել: Դրոյի հայրը ստիպված էր հաշվի նստել տղայի ընտրության հետ ու նրան զինվորական վարժարան ուղարկել:

1903 թ., երբ ցարական հրամանով փակվեցին Կովկասի հայկական դպրոցները, Դրոն պայքարի մեջ մտավ: Անդամակցումը ՀՅԴ-ին նոր խթան եղավ նրա գործունեության մեջ: Դրոն տեսաբան չէր, գործի մարդ էր, և նա դա ապացուցեց նույն 1903 թ., երբ կատարեց իր կյանքի առաջին ահաբեկումը` սպանելով Սուրմալույի Թեջարապատ գյուղի գյուղապետ, մատնիչ Մարտիրոսին: Երբ մահացու վիրավորված Մարտիրոսը ցուցմունք տվեց, որ իրեն սպանողը Դրոն է, իշխանությունները կալանեցին նրան, սակայն ռուս սպաների ցուցմունքով ու միջամտությամբ Դրոն ազատ արձակվեց:

Հայ-թաթարական ընդհարումներն իսկական դպրոց եղան Դրոյի համար: 21 տարեկան Դրոն, Նիկոլ Դումանի հրամանատարությամբ, նախ Բաքվում, ապա Երևանում և Նախիջևանում պատասխանատու հանձնարարություններ էր կատարում` ընդհուպ ղեկավարելով ամբողջ շրջանի հայության ինքնապաշտպանությունը:

Բաքվում ամենածանր իրավիճակն էր հայկական ճակատի համար: Իշխանությունների թելադրանքով ու անթաքույց աջակցությամբ թաթար ամբոխը կոտորում էր հայ ազգաբնակչությանը, ոչնչացնում նրա գույքը: Անգամ այրվեցին հայերին պատկանող նավթահորերը:

Դրոն համընդանուր ճանաչում ստացավ 1905 թ. մայիսի 11-ին, երբ Նիկոլ Դումանի հրահանգով ահաբեկեց Բաքվի հայատյաց նահանգապետ Նակաշիձեին: Դաշնակցության Բաքվի կոմիտեն քննարկում էր, թե ում պիտի հանձնարարի Նակաշիձեի սպանությունը, երբ սենյակ է մտնում քսանամյա պատանին ու թախանձագին խնդրում, որ այդ պատասխանատու գործը հանձնարարեն իրեն: Ի վերջո, պատանու թախանձանքները հասնում են նպատակին, և Դրոն պատվով է կատարում հայ ժողովրդի դահճի սպանությունը, որից հետո կուսակցական ընկերների և ողջ հայության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերում:

Հայ-թաթարական ընդհարումներից հետո Դրաստամատ Կանայանը ՀՅԴ հանձնարարությամբ զբաղվում է Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելու գործով: Նա հաստատվում է Բայազետում և զենքի տեղափոխման հետ մեկտեղ զբաղվում Թուրքիայի քուրդ ցեղապետների հետ աշխատանքով` քրդերի մեջ հեղափոխական գաղափարներ  տարածելով:

Դրոն իր ողջ ռազմական տաղանդով փայլեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նշանակվեց Երկրորդ կամավորական գնդի հրամանատար և գործում էր Վանի ուղղությամբ: Նրա հրամանատարությամբ կամավորների երկրորդ ջոկատը ռազմաճակատ մեկնեց 1914 թ. հոկտեմբերի 24-ին: Նրա ջոկատում հաշվառված էր 380 մարտիկ, որոնցից 50-ը` հեծյալներ:

Հետաքրքիր դիպված կա Դրոյի` այդ շրջանի կյանքի մասին: Երբ նա վիրավոր պառկած էր Թիֆլիսի զինվորական հոսպիտալում, նրան է այցելում անձամբ Նիկոլայ Երկրորդ կայսրը` պետական պարգև հանձնելու: Հիվանդասենյակում ցարը հարցնում է Դրոյին, թե որտեղ է սովորել այդպես քաջաբար կռվել: «Հեղափոխության մեջ»,-պատասխանում է Դրոն: Թուլասիրտ կայսրը շտապում է դուրս գալ Դրոյի հիվանդասենյակից:

1918 թ. մայիսի 23-27-ը նա ստանձնեց Ապարանի ճակատի հրամանատարությունը: Ապարանի ճակատամարտը հիրավի Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր: Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն փոքրաթիվ ուժերով (6000 կռվող) կասեցնել թուրքական 13000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից: Առհասարակ, 1918 թ. մայիսին հարձակվող 35000-ոց թուրքական կանոնավոր բանակին դիմագրավում էր 12000-ոց Հայկական կորպուսը:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Դրոն ձեռնամուխ եղավ հայկական բանակի կազմավորմանը: Սակայն նրա վաստակը անուրանալի է հատկապես երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում: Դրոն ստեղծեց հատուկ հարվածային խումբ, որի նպատակը մաուզերիզմի դեմ պայքարն էր: Դրոն կարճ ժամանակամիջոցում կարողացավ խիստ միջոցներով արմատախիլ անել մաուզերիզմը Հայաստանում և երկրում կարգ ու կանոն հաստատել:

1918 թ. դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի ժամանակ ՀՀ կառավարությունը հենց Դրոյին վստահեց հայկական բանակի հրամանատարությունն ու հանձնարարեց Լոռին մաքրել վրացիներից: Շուրջ մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում Դրոն ջախջախեց վրացի գեներալ Ծուլուկիձեի ուժերը, մաքրեց Լոռին վրացիներից և պատրաստվեց շարժվել Թիֆլիսի վրա: Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ:

1919 թ. ՀՀ կառավարությունը Դրոյին շնորհեց գեներալի զինվորական կոչում:

1920 թ. աշնանը` Սիմոն Վրացյանի վարչապետության օրոք, Դրաստամատ Կանայանը ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը:

1920 թ. դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, համաձայն ՀՀ կառավարության և Հայհեղկոմի միջև կնքված պայմանագրի, ՀՀ կառավարությունից Դրոն և Տերտերյանը մինչև Հայհեղկոմի Երևան ժամանելը մնացին անցումային կառավարության մեջ: Այդ ժամանակամիջոցում Դրոն և Կարմիր բանակի զորահրամանատար Սիլինն էին երկրի փաստացի ղեկավարները: Երբ Երևան ժամանեց Հայհեղկոմը, սկսվեցին բռնությունները բնակչության դեմ: Դրոն միակն էր, որ ըմբոստացավ և ընդդիմացավ հայ բոլշևիկների գործելակերպին: Ի վերջո, նրան գործուղեցին Մոսկվա, ուր 5 տարի բանտարկված պահելուց հետո արտաքսեցին Ռումինիա:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծ էր Դրոյի դերը հայ ռազմագերիների փրկության աշխատանքներում: Առհասարակ նա էապես նպաստեց, որ ֆաշիստական Գերմանիան փոխեր իր վերաբերմունքը հայերի հանդեպ, և հայերը Եվրոպայում չունենային հրեաների ճակատագիրը:

Դրոն հարաբերություններ ուներ գերմանական բարձրաստիճան զինվորականության, հատկապես` Ռոզենբերգի հետ և նրա միջոցով ցանկանում էր իրականացնել իր ծրագրերը, այն է` հայ ռազմագերիներից կազմել Հայկական լեգեոն, ինչն էլ կյանքի կոչվեց: Հայկական լեգեոնի վրա դրված էր Հայաստանը փրկելու առաքելությունը: Եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան պատրաստ էր պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանն ու ներխուժել Հայաստան: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար այդ ժամանակ Հայաստանից և հայությունից: Եվ Հայկական լեգեոնի առաքելությունը պետք է լիներ այն, որ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի հաղթանակից անմիջապես հետո, երբ այլևս բաց կլինեին Կովկասի դարպասները, այս հայկական զորքը պետք է արագ երթով հյուսիսից մտներ Հայաստան:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Սպասելիքներ ԱՊՀ երկրների ձյուդոյիստների երևանյան առաջնությունից

2-րդ նյութ51983Հայաստանում ձյուդոն հենակետային մարզաձև է, սակայն վերջին անգամ մեր երկրում` Երևանում, ձյուդոյի միջազգային ներկայացուցչական ստուգատես` Եվրոպայի երիտասարդական առաջնություն անցկացվել է 2009-ին: Դրանից հետո հայտ է ներկայացվել, որ 2011-ին Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցներին, սակայն հետագայում ստիպված էինք հետ կանգնել այդ մտադրությունից:

Հրաժարվեցինք, քանի որ Հայաստանի կառավարությունը ֆինանսներ չտրամադրեց այդ ծրագիրն իրականացնելու համար:

Մինչդեռ 2009-ին մարզահամերգային համալիրում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո ոգևորությունը մեծ էր, քանի որ այն Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր բարձր մակարդակով: Ընդ որում, պատվիրակներ էր ուղարկել նաև Ադրբեջանը:

Գոհ էին մնացել ոչ միայն բոլոր երկրների մասնակիցները, այլև Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիան, որն այս ստուգատեսը ճանաչել էր տարվա լավագույն մարզական միջոցառում:

Եվ ահա, հուլիսի 18-20-ը Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելու է ԱՊՀ երկրների բանակային մարզիկների ձյուդոյի առաջնություն:
Հայաստանը նախապատրաստվում է մարզիկներ տատամի դուրս բերել այդ ստուգատեսի 7 քաշային կարգերի մրցումներում: Անցկացվելու է նաև թիմային հաշվարկ:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ անգամ են կարողությունները փորձելու այս ստուգատեսում: Մերոնք 2012-ին 3-րդ տեղ են գրավել, 2013-ին` 2-րդ:
Սպասելիքներ կան բոլոր մարզիկներից, իսկ չեմպիոն կարող են դառնալ մեր 60 կգ, 66 կգ, 73 կգ քաշային ձյուդոյիստները:

60 կգ քաշային կարգում նախապատրաստվում են Հովհաննես Ալեքսանյանը, Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշային կարգում` Դավիթ Ղազարյանը, Արսեն Ղազարյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Մհեր Կարապետյանը, 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը: 100 կգ քաշային կարգում առայժմ հստակեցված չէ, թե ով է հանդես գալու: Իսկ գերծանր քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Ազատ Աբրահամյանը:

Թիմը համալրելու հնարավորություն կա, քանի որ թույլատրվում է, որ մասնակցեն նաև պայմանագրային ծառայողներ:

Մայիսի 28-ին` Հայաստանի անկախության վերականգնման օրը, աշխարհի հազվագյուտ գրադարաններից մեկը վանատրում է հայկական եռագույնին

Արմինե Ղուլոյանի հինգերրորդ գիրքըԻ թիվս Եվրոպայի տարբեր հայկական համայնքների, Հայաստանի անկախության վերականգնման օրը` մայիսի 28-ը, առանձնահատուկ ծրագրով նշվեց նաև Գերմանիայի Ուննա քաղաքում: Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը (Internationale Komponistinnen-Bibliothek) համագործակցելով Ուննայի քաղաքապետարանի հետ, կազմակերպել էր Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) փոխնախագահուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանի հեղինակային երեկոն, որն այս անգամ նվիրված էր արվեստագետի հայրենիքի անկախության վերականգնման կարևոր իրադարձությանը: Ղուլոյանի հեղինակային առաջին երեկոն քաղաքի մշակութային բաժինն ու վերոհիշյալ գրադարանը կազմակերպեցին 2013-ին, որտեղ տարբեր ազգերի երգիչ-երաժիշտները ներկայացրեցին հայուհու ամենատարբեր ժանրերի ստեղծագործությունները: Օրվան համահունչ, արվեստագետն այս անգամ իր երեկոն կոչել էր ՙՙՀայաստան ասելիս…՚՚, որի ժամանակ հայ և գերմանացի ունկնդիրներից բազմիցս բարձր գնահատականներ կորզած նրա երաժշտական գոհարների կողքին հնչեցին վեց նոր ստեղծագործություններ. Գելզենկիրխեն քաղաքի օպերային երգիչ, տենոռ Արտավազդ Զաքարյանը կատարեց նկարիչ Սամվել Սևադայի ՙՙՏխրություն՚՚ և Համո Սահյանիՙՙ Հայաստան ասելիս…՚՚ ու ՙՙՔարը՚՚ բանաստեղծությունների ղուլոյանական մեկնաբանությունները, երգչուհի Աննա Մարտիկյանը (մեցցո) ներկաներին հիացրեց Լևոն Բլբուլյանի <<Քեզ>> բանաստեղծության ու Համո Սահյանի <<Հայոց լեզուն>> հայտնի ստեղծագործության երաժշտական կատարումներով, որոնք իրենց այս նոր  դրսևորումներով հուզառատ էին հատկապես տարբեր քաղաքներից ժամանած հայ հանդիսատեսի համար: Արմինե Ղուլոյանի` հայրենի քաղաքի համար դեռևս տարիներ առաջ արարված և 2008թ. Մոսկվայում հրատարակված <<Աբովյան>>, ապա <<Երբևէ>> գործերը հնչեցին շրջանում մեծ համբավ վայելող, շեփորահար Դիմիտրի Թելմանովի կողմից: Ապա ելույթներ ունեցան հեղինակի գործընկեր, դաշնակահար Սերգեյ Կլիմենկովը և աշակերտուհին` Գիլլիան Շոյերը: Մայիսի 28-ին ներկայացրած վեց նոր ստեղծագործություններն Արմինեն նոտայագրել էր 2013 թ. ապրիլին-մայիսին, Հայաստանի Հանրապետությունում, ուր 15 տարվա բացակայությունից հետո մեկնել էր իր հեղինակային երեկոյի առիթով: Տոնական երեկոն վարում էր դերասանուհի և երգչուհի Թիրցա Հասսեն, ով վարելուն զուգահեռ կատարեց Հասսե-Ղուլոյան դուոյի շրջանակներում բազում անգամներ մատուցած իրենց սիրված գործերից երկուսը` <<Եղբայրս>> և <<Ես դա քո աչքերում եմ տեսնում>> շանսո երգերը: Երեկոն պահանջում էր նաև պատմական ակնարկ Հայաստանի մասին, քանզի ներկաների մեծ մասը գերմանացիներ էին: Հասսեն նախ ներկայացրեց Հայաստանի վերջին պետականության անկումը 1375թ., ապա անդրադարձավ 1918 թ. անկախության վերականգնմանն Արևելյան Հայաստանում և Արևմտյան Հայաստանի ողբերգական ճակատագրին, դատապարտող խոսքեր հնչեցրեց օսմանցի թուրքերի հասցեին և հիշեց Հայոց մեծ եղեռնի զոհերին: ՀԱՄ-ի քարտուղարուհին` Մարիետա Չարվադարյանը և հեղինակի ամուսինը` գնդապետ Վոլֆգանգ Զայդլը երգերի վերածված բոլոր բանաստեղծությունները թարգմանել էին գերմաներեն, որոնք փորձառու հաղորդավարուհին առանձնակի հմտությամբ ներկայացնում էր հանդիսատեսին:

Բեմից բացակա չէր նաև օրվա խորհրդանիշը`  հայկական եռագույնը:

Ավելացնենք նաև, որ հյուրընկալող կողմը` Ուննա քաղաքում գործող Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը, որը տեղավորված է քաղաքի պատմական Նիկոլայհաուսում (Nicolaihaus, Nicolaistrasse 3, 59423 Unna, Deutschland), ամբարում է կին կոմպոզիտորների 3000-ից ավելի ստեղծագործություններ և նրանց մասին պատմող հարուստ նյութեր, որոնք վերաբերվում են վերջին 800 տարում ստեղծագործած կանանց: Աշխարհի բոլոր ծայրերից գրադարանից լայնորեն օգտվում են երաժշտագետներ, երգիչ-երաժիշտներ և ամենատարբեր ոճի համույթներ: Գրադարանին սերտորեն աջակցում է Սիբիլ-Վեստենդորփ հիմնադրամը (Sybil-Westendorp-Stiftung), որն էլ այս անգամ հոգացել էր մայիսի 28-ի հայկական երեկոյի ծախսերը:

Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանում հայ կին կոմպոզիտորներից առայժմ գտնվում են միայն Հայ Ակադեմիականների Միության մատենաշարով 2002-2009թթ. հրատարակված Արմինե Ղուլոյանի վեց գրքերը (Ասբարեզ օրաթերթ, 31 Յունուար 2008թ.) և նրա մասին պատմող մամուլի և Եվրոպայի զանազան քաղաքներում հանդես եկած ծրագրերի հայտագրերի ու պաստառների հարուստ հավաքածուն:

Առիթից օգտվելով, կոչ ենք ուղղում հայ կին կոմպոզիտորներին, որպեսզի նրանք իրենց տպագիր ստեղծագործությունները պահ տան նաև աշխարհի հազվագյուտ այս գրադարանին, ուր ամբարված են ութը երկար դարերի ընթացքում ստեղծագործած

կանանց մտքերի ու զգացմունքերի արգասիքները:

 

Ազատ Օրդուխանյան

Հայ Ակադեմիականների Միության նախագահ

30 մայիսի 2014թ., Բոխում, Գերմանիա