Գյուղնախարարության հաղորդագրությունը ուշացած էլ չլիներ` անտեղի էր

ցրտահարությունԱյս տարի էլ բնությունը հաշտ չեղավ հայ գյուղացիների հետ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում են Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերի բնակիչներին, որոնք բողոքում են, որ  ապրիլի 23-ի ցրտահարությունը փչացրեց իրենց այգիները, ցանքատարածությունները և այլն:

Գյուղացիների դժգոհության հիմնական պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշացած հաղորդագրություններն են, որոնք երկրի բնակիչները ստացան ապրիլի 24-ի երեկոյան. «Այսօր սպասվում է ցրտահարություն, խորհուրդ է տրվում այգիները ծխահարել կամ առատ ոռոգել»…

 Ծղոտ լիներ` անասուններին կկերակրեին

Բայց խնդիրն այն է, որ այդ հաղորդագրություններից մեկ օր առաջ` ապրիլի 23-ի երեկոյան, արդեն ցուրտը հասցրել էր իր «սև գործն» անել: Այսինքն` գյուղնախարարությունը «շատ չէր ուշացել»` ընդամենը մեկ օր…

Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մի այսպիսի միջադեպ է լինում,  գյուղնախարարությունը հաղորդագրությունն է ուշացնում, կամ նախարարը մի ինչ-որ բան է ասում, որոնք ընդհանուր աղերս անգամ չեն ունենում գյուղատնտեսության հետ, դեռ չի եղել մի դեպք, որ դրանից հետո կառավարության նիստում այդ հարցի առնչությամբ գոնե մեկ ակնարկ արվեր ՀՀ գյուղնախարարին ու հիշատակվեր, որ ինքը կամ իր ղեկավարած ոլորտը թերացել են: Ու ճիշտ է գյուղացիների այն դիտարկումը, թե ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, իսկ Հայաստանում` կրկնակի, քանի որ ունենք այսպիսի գյուղնախարարություն:

Իսկ ունենք այնպիսի գյուղնախարարություն, որը կարող է «ընդամենը» 24 ժամ ուշացնել ցրտահարության մասին զգուշացումը իր քաղաքացիներին, իսկ հետո` տարին ամփոփելիս, բոլոր մեղքերը բարդել «աննախադեպ» ցրտահարությունների վրա…

Բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Լավ, ենթադրենք, որ օդերևութաբանները ճիշտ կանխատեսում չեն կարողացել անել ու մեկ օրով հաղորդագրություն-զգուշացումն ուշացրել են, մի պահ մոռանանք, որ նույնիսկ հաղորդագրությունն են ուշացրել. ընդունենք, թե ճիշտ ժամանակին էլ ուղարկել են: Զավեշտը հաղորդագրության բովանդակությունն է` «ծխահարել կամ առատ ոռոգել»: Ահա հիշեցինք մի հին ու բարի անեկդոտ. գայլերն անխնա ոչնչացնում են նապաստակներին: Նապաստակների ցեղի մեծերը հավաքվում են երեցների ժողովի, որպեսզի որոշեն, թե ինչպես կարելի է փրկվել վերահաս աղետից: Մի ծեր նապաստակ առաջարկում է, որ բուն իմաստուն թռչուն է` մտավորական, փիլիսոփա, ու կարելի է բվից խորհուրդ հարցնել: Գնում են բվի դուռը, խնդրում են, որ մի խորհուրդ տա, թե իրենք ինչպես փրկեն իրենց ազնիվ ցեղը գայլերից: Բուն խորասուզվում է մտքերի մեջ, բվվում, ու մեկ էլ, թե որոշեցի` որպեսզի փրկվեք, պետք է գնաք ու բոլորդ ոզնիներ դառնաք, երբ գայլերը գան ձեզ ուտելու, կկծկվեք, կծակեք նրանց երախները, ու հա՛մ դուք կփրկվեք, հա՛մ էլ անպատկառ գայլերի հախից կգաք: Նապաստակները, ուրախացած, երգու պարով, ոգևորված, շտապում են իրենց գյուղը, մեկ էլ ճանապարհից մեկ այլ ծեր նապաստակ հարցնում է` բա լավ, ինչպե՞ս ենք ոզնի դառնալու: Նորից վերադառնում են բվի մոտ, ու թե, ա՛յ բու, բա մենք ինչպե՞ս պետք է ոզնի դառնանք: Բուն էլ  պատասխանում է. «Ես ստրատեգ եմ, ռազմավարություն եմ մշակում, իսկ մանր-մունր տակտիկական հարցերն ինքներդ լուծեք»:

Վերադառնանք մեր գյուղնախարարության հաղորդագրությանը` ծխահարելուն ու ոռոգելուն: Իհարկե, ցրտահարության դեմ պայքարի լավագույն միջոցները համարվում են այգիների ու ցանքատարածությունների ծխահարումն ու առատ ոռոգումը: Բայց դա դասագրքային միջոց է, և հայկական իրականության մեջ նման «ստրատեգիական» խորհուրդ տալը նման է զառանցանքի:

«Դա ցնդաբանություն է, ինչպե՞ս կարելի է գյուղացուն գարնանը ասել` գնա՛ ու այգիդ ծխահարի՛ր. իսկ ինչո՞վ այդ գյուղացին պետք է ծխահարի, աթարո՞վ, թե՞ ծղոտով: Աթարը գարնանն արդեն վերջացած է լինում: Ծղոտը` նույնպես»,- նշեց գյուղատնտես Էդուարդ Հակոբյանը:

Ենթադրենք, թե աթարն ու ծղոտը չեն էլ վերջացել: Այդ «միջոցները» կարող են ունենալ նրանք, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, քանի որ աթարը, ի գիտություն գյուղնախարարության, անասունի թրիքից են ստանում, իսկ Արարատյան դաշտավայրում անասնապահությունն այնքան էլ զարգացած ու տարածված չէ, այստեղ գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Ինչ վերաբերում է ծղոտին, ապա սովորաբար ծղոտ ունենում են նրանք, ովքեր կա՛մ էլի անասնապահությամբ են զբաղվում ու այդ ծղոտը ամբարում են ձմռանն իրենց անասուններին կերակրելու համար, կա՛մ հացահատիկների մշակությամբ են զբաղվում: Բայց սրանք էլ աշնանն իրենց ունեցած ծղոտը վաճառում են անասնապահներին: Իսկ ծղոտը, որպես կեր, ամբարվում է այնքան ժամանակի համար, որքան անասունը պետք է արոտ չհանվի և պահվի գոմերում:

Արարատյան դաշտավայրում էլ անասուններին արոտի հանելու սեզոնը, էլի ի գիտություն գյուղնախարարությանը, վաղ է սկսվում, ոչ հիմա: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ, երբ շուկայում հայկական արտադրության պանրի բացակայության աղմուկը բարձրացավ, ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը, բացատրելով պանրի քիչ լինելու հանգամանքը, ասել էր, որ դրա պատճառը եղել է այն, որ «անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»: Այսինքն` գյուղացիները որ ծղոտ ունենային` իրենց անասուններին կկերակրեին:

Իհարկե, այգիներն ու ցանքատարածությունները ծխահարելու մեկ այլ տարբերակ էլ կա` անվադողեր վառելը: Բայց դա իրատեսական չէ. նախ` անվադողերի այնպիսի քանակ է անհրաժեշտ, որ ամբողջ Արարատյան դաշտին բավականացնի,  բացի այդ, գյուղացիները  դրանք ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենան: Մի խոսքով, գյուղնախարարության «ստրատեգները» ծխահարելու մասով մի քիչ չափն անցել են:

Ինչ վերաբերում է «առատ ոռոգելուն», ապա գյուղատնտես Էդուարդ Հակոբյանն այս առումով էլ մի հետաքրքիր դիտարկում է անում` իսկ ինչո՞վ ոռոգեն…

Իրոք, Հայաստանում գյուղատնտեսական ամենահրատապ խնդիրներից մեկը եղել ու մնում է ոռոգման խնդիրը: Գյուղացին, չնայած այն հանգամանքին, որ ջուրը համարվում է հանրային սեփականություն, ջրի տերը չէ: Ու ամեն տարի, երբ սկսվում է ոռոգմոն սեզոնը, ամենաբարձրաձայնվող հարցերը գյուղատնտեսության համար լինում են ջրի առկայության, այն ժամանակին և անհրաժեշտ ծավալներով դաշտ հասցնելու հարցերը: Ուրեմն ամենահարուստ երևակայություն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ գյուղացիները ցրտահարությունից փրկվելու համար պետք է միասին միաժամանակ առատ ոռոգեին իրենց հողամասերը:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են գյուղնախարարության տղերքը խորհուրդ տալիս իրականացնել «առատ ոռոգումը»: «Մարտավարական հարցերն ինքներդ լուծեք»,- կասեր մեր անեկդոտի բուն, իսկ գյուղնախարարությունն ու կառավարությունը դա էլ չեն ասում…

 

Սերգեյ Կասպարովը` հետապնդողի դերում է

սերգեյ կասպարով 4545Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և առաջատարներից ետ է մնում կես քայլով:
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) ունի 2 միավոր:

Ադրբեջանի նախագահի թեկնածուն կարող է դատապարտվել 4-12 տարվա ազատազրկման

թեկնածուԱդրբեջանում նոր մեղադրանք է  ներկայացվել հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ, ներկայում անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը,  ընդդիմադիր գործչի վրայից հանվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունների կազմակերպում) մեղադրանքը և ներկայացվել է ՔՕ  220-րդ հոդվածով նոր մեղադրանք (անկարգությունների կազմակերպում), որը նախատեսում է 4-12 տարվա ազատազրկում:

“Նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները նման քայլերով ցույց են տալիս, որ կարող են շինծու մեղադրանքներով տարիներով դատապարտել ցանկացած ընդդիմադիր գործչի”,-“Թուրան” գործակալության հետ զրույցում հայտարարել է Մամեդովի փաստաբան Ֆուադ Ագաևը:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը մեղադրվում էր հունվարի 23-24-ին Իսմայիլլիում անկարգություններ կազմակերպելու մեջ: Փետրվարի 4-ին Նասիմի շրջանի դատարանը 2 ամսով ձերբակալել է նրան, այնուհետև ձերբակալության ժամկետը երկարաձգվել է, իսկ Մամեդովը միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է “խղճի բանտարկյալ”: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 9-ին սկսել է նրա գործի ուսումնասիրությունը և մինչև հունիսի 18-ը սպասելու է Ադրբեջանի կառավարությանը ուղղված հարցերի պատասխանին:

Հավելենք, որ ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը:
 

Մահվան ելքով ավտոպատահարներ Գյումրի քաղաքում և Ճամբարակ գյուղում

big_1367484923_4Մայիսի 2-ին, ժամը 12.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ “ԳԱԶել” մակնիշի 35 OD 880 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարգսյանը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հենվել ճամփեզրին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

 

***

Մայիսի 2-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ գյուղի Վերին Ճամբարակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում “Օպել Վեկտրա” մակնիշի 34 UP 937 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել, ինչի արդյունքում վարորդ Ս. Ղավալյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1997 թ. ծնված Ն. Ղավալյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել Ճամբարակի բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս

10371_am_7Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ հինգ տարում պլանային ստուգումների քանակն ութ անգամ կրճատվել է։ «Սա կարևորագույն ցուցանիշ է տեսչական բարեփոխման տեսակետից, նշել է վարչապետը։ – Չնայած ստուգումների քանակը կտրուկ նվազել է՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետև ցույց է տալիս, որ բարձրացել է նաև արդյունավետությունը։ Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում և ոլորտներում, և տեսնում ենք, որ ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է։ Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են և որտեղ մենք կարող ենք ակնկալել մեծածավալ վերականգնումներ»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։ Վերջինիս գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ։ Հարցի քննարկման ժամանակ արծարծվել է նաև այլընտրանքային զինծառայության խնդիրը։ Ի պատասխան վարչապետի այն հարցի, թե երբ են այլընտրանքային ծառայողների համար հնարավորություններ ստեղծվելու, ՀՀ արդարադատության նախարարն իբրև վերջնական ժամկետ նշել է ս.թ. աշնանային զորակոչը։

Բացառվելու են հարկումից խուսափելու դեպքերը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության շեշտակի կրճատմանը։ Կառավարությունը, նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է և դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձևով կառավարել վերոնշյալ ռիսկը։ Գործադիրն իր հերթին ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության։ Այս պատճառաբանությամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել Հ. Բագրատյանի առաջարկած օրինագծի ընդունումը։ Քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից։ Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք։ Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»։
Մեկ այլ որոշմամբ ի գիտություն են ընդունվել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թ. ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը և տեղեկանքները։ Նշված ժամանակամիջոցում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 125 կազմակերպություն։ Կազմակերպություններից 52-ն իրականացրել է երկարաժամկետ` ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր, իսկ 73-ը` կարճաժամկետ` միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր։ Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 2.67 մլրդ դրամ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 1.38 մլրդ դրամ և մի շարք այլ կազմակերպություններ։

 

Կարգավորվում և հստակեցվում է Խաղային գործի բնագավառը

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ։ Դրանց համաձայն 2013 թ. հունվարի 1-ից նախատեսված է խաղատան կամ շահումով խաղի գործունեության իրականացում կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության սահմանած որոշակի հեռավորությամբ գտնվող տարածքներում։ Նոր որոշմամբ կարգավորվում է Խաղային գործը, ներդրվում են արտոնագրման պայմանների հստակեցման մեխանիզմներ։ Հաջորդ որոշումը նույնպես թելադրված է վերը նշված օրենքով` Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում գտնվող խաղատան կամ շահումով խաղի գործունեության վերաբերմամբ։
Կառավարությունն ընդունել է «Գույք հանձնելու մասին» որոշումը, որի համաձայն ՀՀ-ում հատուկ վտանգավոր ախտածիններին առնչվող գործունեության անվտանգության ապահովման նպատակով հիմնվելիք կենտրոնական լաբորատոր հաստատությունը տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Պ. Սևակի 5/2 հասցեում գտնվող մասնաշենքերում։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի հանձնարարականով կառավարությունը բարելավել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի վթարային բնակարաններում ապրող հինգ ընտանիքի բնակարանային պայմանները` նրանց անհատույց պետական աջակցություն տրամադրելու միջոցով։


Կբարելավվի շինարարության ոլորտի բիզնես կարգավորման համակարգը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը նպատակ ունի բացառել եղած էլեկտրոնային հաղորդակցության կապուղիների վնասումը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, չսահմանափակել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների մրցակցային հնարավորությունները, ապահովել գործարար միջավայրի բարելավումը հարցի կարգավորման մեխանիզմները մշակելիս և այլն։
Կառավարության մեկ այլ որոշում ուղղված է հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը. խոսքը վերաբերում է Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքին, որն այս որոշմամբ հնարավորություն կունենա առաջնային խնդիր հանդիսացող մանկապարտեզի շենքը կառուցել նպատակահարմար հողամասում։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպելով և ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն, իսկ որակի ենթակառուցվածքների վարչությունը վերանվանել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության։
Մեկ այլ որոշման փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ՀՀ նախարարությունների կազմում գործող` ծրագրերի իրականացման գրասենյակներում թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների փաստաթղթային փուլում գնահատման ընդհանուր միավորների հանրագումարի հաշվարկը, պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատման անցկացումը, մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով ստացման վերջնաժամկետները։
Խնդիրը տնտեսության բեկումնային առաջընթացի ապահովումն է

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացմամբ ակնկալվում է խթանել երկրի տնտեսության զարգացումը, թափ հաղորդել ընտրված թիրախային ոլորտներին և այլն,
– պետբյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները,
– «2013-2015 թթ. գյուղատնտեսական կենդանիների հիվանդության լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննության իրականացում» ծրագիրը,
– նախկին որոշումներից մեկի փոփոխությունները և լրացումը, որոնք կօգնեն ավելի ամբողջական բավարարելու միջազգային կազմակերպություններին կենդանիների հիվանդության վերաբերյալ ներկայացվող պահանջները,
– Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքի մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմաները,
– նախկին որոշումներից մեկի փոփոխությունները, որոնց համաձայն Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին թույլատրվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության մի շարք տեսակներ,
– ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությունը, որով արդյունավետ կդառնան Լոռու և Տավուշի մարզերի բնության հուշարձանների կառավարման գործընթացները։
Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանում «Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կրթօջախը կստեղծի Հայաստանում ռուսաց լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու և որակյալ կրթություն կազմակերպելու բարենպաստ պայմաններ։
Իր նիստում կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացրել է 10 մլն դրամ։ Վերակառուցումը, որն իրականացվում է «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով, մոտենում է ավարտին։ Ս.թ. սեպտեմբերին տեղի կունենա դպրոցի բացումը, որին կմասնակցի նաև Deep Purple-ի մենակատար Իեն Գիլանը։ 2009-2012 թթ. դպրոցի վերակառուցման նպատակով հավաքվել է 110 հազար ԱՄՆ դոլար։ 2012 թ. Մարդիքյան ընտանիքի հիմնադրամը եռապատկել է հավաքված գումարը, 21 հազար 200 ԱՄՆ դոլարի գործիքներ է տրամադրելու Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը։
Կառավարության որոշմամբ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ։ Դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Պրոպարկո մասնաճյուղի հաստատման և գործունեության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը սահմանում է ԶՖԳ խմբի, որի մեջ մտնում է նաև դրա մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ մասնագիտացած Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության մասնաճյուղը (Պրոպարկո), Հայաստանում հաստատվելու, կարգավիճակի և գործունեության իրավաբանական, հարկային, ֆինանսական և այլ պայմանները։
ՀՀ կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում։

Գործադիրը որոշել է ս.թ. մայիսի 10-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել ս.թ. մայիսի 18` շաբաթ օր։

 

Վթարի հետևանքով զոհված երիտասարդը Սերժ Սարգսյանի օդաչուի որդին է

V8nia2hdGkFLOnpjtASA_tn
Մայիսի 1-ին՝ կեսգիշերին մոտ, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Գարեգին Նժդեի անվան հրապարակի մոտ: Երևանի 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը BMW մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս էր եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել մեքենայով, բախվել հրապարակի քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:

Վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և րոպեներ անց մահացել:

«Անկախ»-ի տեղեկություններով, մահացածը  Հայաստանում հարգված օդաչու, «Պատվավոր ավիատոր» մեդալակիր Գրիգոր Հայրապետյանի որդին է: Գրիգոր Հայրապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի օդաչուն է:

«Երևան. բիզնես վազք» մրցույթը միջազգային դառնալու լուրջ հայտ է ներկայացնում

001 (2)Մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք» մրցույթի կազմակերպչական խնդիրներն ու անցկացման կարգն ու պայմաններն են լրագրողներին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանն ու մրցույթի կազմակերպման աջակից ու հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քաղաքապետարանը «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթն այս տարի կազմակերպում է Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության և AIMS–ի (Միջազգային մարաթոնների և հեռավար վազքի միություն) հետ համատեղ: Ընդգծելով, որ մայրաքաղաքում իրականացվող տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակը ոչ միայն հասարակության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն է, այլև վերջիններիս այդ խնդիրների լուծմանը անմիջական մասնակից դարձնելը. «Համոզված եմ, որ նախորդ տարվա փորձը վարակիչ օրինակ կհանդիսանա, և այս տարի ավելի մեծ թվով ընկերություններ ու անհատներ կմասնակցեն մրցույթին՝ դրանով իրենց նպաստը բերելով մայրաքաղքում ևս մի կանաչ գոտու վերականգնմանը»,- նշել է աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալը՝ ավելացնելով, որ  այս տարի մոտ 400 վազորդի մասնակցություն է ակնկալվում:

Միջազգային մարաթոնների և հեռավոր վազքի միության (AIMS–ի) ներկայացուցիչ Ջոն Կունկելերը, նշել է, որ ոչ բոլոր քաղաքներում է հնարավոր լինում նման մրցույթ կազմակերպելը. «Երևանն այս առումով շահեկանորեն տարբերվում է: Այստեղ լիովին ապահովված են պահանջվող չափորոշիչները ինչպես վազքատարածության երկարության, այնպես էլ մյուս պայմանների առումով»,- նշել է վերջինս և հույս հայտնել, որ Երևանում արդեն հաջորդ նման մրցույթը միջազգային կլինի:

Golden Tulip Yerevan հյուրանոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոց – Golden Tulip Yerevan հյուրանոց վազքուղով ընթացող մրցույթին կարող են մասնակցել գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններ ու անհատներ: Գրանցումը կատարվում է բացառապես առցանց՝ www.businessrun.am կայքի միջոցով: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 5-ը: Երեխաների մասնակցությունը անվճար է, իսկ մեծահասակները 10կմ վազքի մրցմանը մասնակցելու  համար պետք է վճարեն 10.000, իսկ 10կմ հերթափոխով (թիմային) վազքի համար՝ 30.000 դրամ: Մրցույթին երեխաների մասնակցությունը հովանավորում է «Ամերիա» բանկը, իսկ հաղթող թիմը Ավստրիական ավիաուղիների կողմից  կհրավիրվի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 5-ին կայանալիք «Վիեննա. Բիզնես-վազք 2013» մրցույթին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայտնաբերվել է Եղվարդի ոստիկանապետի դին

big_1367481328_zFEz3UZ5YJkPXK7p2gBm_tnՄայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում “Նիսսան” մակնիշի 050ՈU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանած իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ .Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

 

168 մլն դրամ` Շվեդիայում ՀՀ դեսպանատուն բացելու համար

կառավարությունԿառավարության որոշմամբ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ։ Դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։

Մինչև տարեվերջ Հայաստան կներմուծվեն արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ

պայթուցիկԱյսօր տեղի ունեցած նիստում Կառավարության որոշմամբ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում։

Հաջորդ շաբաթվա 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

ոչ աշխատանքային օրԱյսօր կայացած նիստում գործադիրը որոշել է ս.թ. մայիսի 10-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել ս.թ. մայիսի 18` շաբաթ օր։ Այսպիսով, ոչ աշխատանքային կլինեն մայիսի  9, 10, 11 և 12-ը:

6 ավտոպատարահար` Երևանում

ապակիԱպրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ապրիլի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՅԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին և «ԲՅԴ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 1-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 1-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախ-Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ և դիմել փախուստի:
Տուժողը բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Մայիսի 1-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35 և 34-ամյա կանանց, 13 և 8-ամյա աղջիկների, որից հետո բախվել է նշված շենքի բակում տեղակայված ավտոտնակի պատին:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ է կատարել, որի ընթացքում կոտրվել են բեռնախցիկում գտնվող ապակիները:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

ՃՏՊ Աշտարակում, 2 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՄայիսի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աշտարակի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց-230» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶել»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«ՀԱԿ» կուսակցության հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

dataxazutjunՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։

Վրաստանը Ադրբեջանին առաջարկել է ռազմական ինքնաթիռներ արտադրել

օդանավՎրաստանը հրավիրել է Ադրբեջանին մասնակցելու ռազմական օդանավերի արտադրության համատեղ ծրագրին:

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանն են հաղորդել ռազմական աղբյուրները, Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company) արդիականացված Su-25 օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման և արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում:

Պաշտոնական տվյալների համաձայն` 2002-2003թթ. Ադրբեջանը Վրաստանից գնել է Su-25 տեսակի 13 օդանավ: Այդ օդանավերն արտադրվել են ТАМ գործարանում` իսրայելական “Elbit Systems” ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Արդիականացումից հետո Su-25 օդանավերը ստացել են “Սքորփիոն” անվանումը:

Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն Ադրբեջանին, Կոնգոյին վաճառել է Su-25 օդանավեր, վերանորոգել է Թուրքմենստանի ռազմաօդային ուժերի Su-25 տեսակի օդանավեր: ТАМ գործարանը մինչ օրս թողարկել է Su-25 տեսակի մինչև 900 օդանավ:

Քրդական շարժման առաջնորդները մեկական նամակ են ուղարկել Իրաքի նախագահին

ocalanՔրդստանի տարագիր խորհրդարանի Եվրապայում գործող ղեկավարներից Միհեմիդ Էմին Պենջիվինին հայտարարել է, որ քրդական շարժման առաջնորդներ Աբդուլլահ Օջալանն ու Մուրադ Քարայըլանը Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիին մեկական նամակ են գրել և նախագահի կնոջ՝ Հերո Թալաբանիի միջոցով ուղարկել են նրան: «Radikal»-ը, վկայակոչելով «ANF» փոխանցած լուրը, հայտնում է, որ երեկ Սուլեյմանիեում Քրդստանի հայրենասերների միության շենք մտնելիս, Պենջիվինին  դիմավորել է Հերո Թալաբանին: Հայտնի է դարձել, որ Օջալանը այս նամակը վաղուց էր գրել, քանի որ Իմրալը կղզի մեկնած Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատվիրակությանը նա ևս խնդրել էր փոխանցել այս նամակը Թալաբանիին: Սակայն Իրաքի նախագահը և նրա կինը այդ ժամանակ արտասահմանում էին գտնվում, այդ պատճառով էլ նամակի փոխանցումը հետաձգվեց:

Պենջիվինին հայտնել է, որ Օջալանը իր գրած   նամակում Թալաբանիին մաղթում է շուտափույթ առողջանալով ջանքերի գործադրում Իրաքի և տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում: Օջալանը իր նամակում Թալաբանիին պատմում է այն հիշողությունների մասին, երբ նրանք միասին բնակվում էին Լիբանանում և այլ վայրերում: Քրդական շարժման առաջնորդը նշում է նաև, որ Քրդական հարցում իրենք Իրաքի նախագահի հետ միևնույն հայացքներն ունեն: Պենջիվինին հայտնել է, որ PKK–ի Քանդիլի առաջնորդ Մուրադ Քարայըլանը ևս Թալաբանիին հղած իր նամակում նախագահին շուտափույթ առողջացում է մաղթում:

Բաքվում մեկնարկել է Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված «Tour d’Azerbaidjan-2013» հեծանվավազքը

azer Մայիսի 1-ին Բաքվում մեկնարկել է «Tour d’Azerbaidjan-2013» կոչվող առաջին միջազգային հեծանվավազքը՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին: Մրցաշարի առաջին փուլը սկսվեց երեկ առավոտյան Հեյդար Ալիևի անվան կենտրոնի շենքի մոտից: 157 կիլոմետրանոց տարածությունը առաջինը հաղթահարեց ադրբեջանական թիմի գերմանացի հեծանվորդ Քրիստոֆեր Շվայցերը, երկրորդը՝ ուկրաինացի Մաքսիմ Ավերինն էր, իսկ երրորդ տեղին արժանացավ հոլանդացի Մարտին վան Տրեյպը:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ միցաշարին մասնակցում են թիմեր աշխարհի 25 երկրներից: Հեծանվավազքի երկրորդ փուլը, որը ենթադրում է 183 կմ տարածության հաղթահարում, կսկսվի Գոբուստանի շրջանում՝ Կասպից ծովի ափից և կավարտվի Իսմալիլի շրջանում: Մրցաշարի եզրափակիչ 5-րդ փուլը կմեկնարկի մայիսի 5-ին, Բաքվում:

Նոր Հաճնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ԲՀԿ-ականն ու անկուսակցականը

Ընտրություններ (1)Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներում մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված թեկնածուներից ոմանք ինքնաբացարկ են հայտնել:

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից, Նոր Հաճնի քաղաքապետի ընտրություններին առաջադրված երեք թեկնածուներից հետագա ընտրապայքարից հրաժարվել է ինքնաառաջադրված անկուսակցական, Նոր Հաճնի քաղաքապետարանի աշխատակից Հովհաննես Ադամյանը: Այսպիսով՝ քաղաքապետի պաշտոնին հավակնում են գրանցված երկու թեկնածուներ՝ 2009թ.-ից գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Շուշանիկ Նազարյանը:

Արմավիրի Վարդանաշեն գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններին ինքնաառաջադրված 5 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Կարեն Հովհաննիսյանը: Գյուղապետի թեկնածուներ են գրանցվել մնացած 4 թեկնածուները՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մանուկյանը, նրա կուսակից Հայկ Սահակյանը և անկուսակցականներ Աշոտ Հայրապետյանը, Գրիգոր Սահակյանը:

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գյուղապետի ընտրություններին առաջադրված 3 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Հայկ Մովսիսյանը: Գյուղապետի թեկնածուներ են գրացվաել ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Վարդիթեր Գասպարյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Սարգիս Սարգսյանը:

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում գյուղապետի ընտրություններին գրանցվել են ինքնաառաջադրված 2 թեկնածուները՝ գործող գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մնացական Գևորգյանը և անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը:

Լոռու մարզի Լեջան գյուղական համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին գրանցվել են առաջադրված ավագանու 6 թեկնածուները՝ 5 ՀՀԿ-ականներ և մեկ ՕԵԿ-ական:

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ավագանու ընտրություններին գրանցվել են ինքնաառաջադրված 10 թեկնածուներ, որոնցից 5-ը՝ ՀՀԿ անդամներ, 5-ը՝ անկուսակցականներ:

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ավագանու ընտրություններին նախապես առաջադրված 7 թեկնածուներից գրանցվել են 6-ը՝ 5 անկուսակցականներ և մեկ ԲՀԿ-ական: Նախապես առաջադրված ՀՀԿ-ական մեկ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել մինչև գրանցումը:

Մայիսի 26-ին այս համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին գրանցված թեկնածուներն ինքնաբացարկի իրավունքից կարող են օգտվել մինչև մայիսի 16-ի ժամը 18-ը:

Հեղինակ:

Freedom House. Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցած երկրներից է

freedomFreedom House իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի1-ին Վաշինգտոնում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որը գնահատում է մամուլի ազատության վիճակը 2012 թվականին աշխարհի 197 երկրներում: Զեկույցի համաձայն 63 երկրում մամուլի վիճակը գնահատվել է որպես ազատ, 70 երկիր նշվել են մասամբ ազատների շարքում եւ 64 երկրում մամուլը ազատ չէ:

Հայաստանի կարգավիճակը այս զեկույցում չի փոխվել, մեր երկիրը, ինչպես վերջին տասնամյակում, այս զեկույցում էլ դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում, թեեւ ընդհուպ մոտեցել է կարգավիճակի փոփոխման սահմանագծին եւ զեկույցի հեղինակների կարծիքով ամենանշանակալի առաջընթաց գրանցած երկրներից է:

Այս տարի Հայաստանը բարելավել է իր դիրքերը 4 միավորով, եւ նախորդ զեկույցում գրանցած 65 միավորի փոխարեն 61 միավոր է ստացել: Այժմ Հայաստանին միայն մեկ միավոր է պակասում Freedom House-ի ներկայացրած զեկույցում մասամբ ազատ մամուլով երկրների շարքում ընդգրկվելու համար:

Զեկույցի տնօրեն Քարին Քարլիքարի խոսքով, Հայաստանի գնահատականն այս զեկույցում բարձրացել է, քանի որ իրենք նկատել են ԶԼՄ-ների կողմից ավելի հավասարակշռված լուսաբանում խորհրդարանական ընտրությունների շրջանում, ընդդիմադիր կուսակցությունները էլ ավելի լայնորեն են կիրառել օնլայն մեդիան, բռնությունն ու ոտնձգությունները լրագրողների նկատմամբ նվազել են նախընտրական եւ ընտրությունների շրջանում: Հայաստանում նաեւ բավական կտրուկ նվազել են զրպարտության վերաբերյալ բողոքները լրագրողների դեմ: Այդ պատճառով Հայաստանը ամենամեծ առաջընացը գրանցած երկրներից է այս զեկույցում:

Մամուլի ազատության առումով նշանակալի են եղել նաեւ Վրաստանի ձեռքբերումները, առաջընթաց է գրանցվել 3 կետով` Վրաստանում մամուլի ազատությունը բնութագրող ցուցանիշը 52-ից դարձել է 49: Առաջընթացը մասնավորապես կապված է հեռուստատեսային շուկայում քաղաքական բազմազանությամբ, ընտրությունների լավ լուսաբանմամբ:

Վրաստանը պահպանել է իր տեղը մասամբ ազատ երկրների շարքում:

Ադրբեջանը 82 միավոր է ստացել Freedom House-ի սանդղակում, այն դեպքում, երբ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան եւ Թուրքմենստանը 96 միավոր ունեն:

Ադրբեջանի գնահատականը երկու կետով անկում է ապրել, ինչը կապված է լրագրողների նկատմամբ բռնության, տեղեկատվության հասանելությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների հետ:

Վատթարագույնը համարված Թուրքմենստանի եւ Հյուսիսային Կորեայի կողքին մամուլի ազատության առումով շատ վատ դիրքերում են նաեւ Բելառուսը, Կուբան եւ Ուզբեկստանը, նշված է զեկույցում:

Ներկայացնելով 2012-ի իրենց ընդհանուր գնահատականը՝ Քարին Քարլիքարը նշել է, որ միտումները հիմնականում բացասական են եղել, կարգավիճակի փոփոխություն ունեցել է 8 երկիր եւ բոլոր այդ երկրներում էլ փոփոխությունները բացասական են եղել, իսկ մամուլի ազատության ընդհանուր միջին ցուցանիշը ողջ աշխարհում անկում է ապրել` հասնելով վերջին տասնամյակի ամենացածր կետին:

Աղբյուրը` www.azatutyun.am

«Առաջնորդության դպրոց»-ի ուսանողները ծանոթացան ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքներին

դպրոցԱպրիլի 30-ին «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ուսանողներն այցելել էին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:

Գործակալության պետ Արմեն Գևորգյանը երիտասարդներին մանրամասն ծանոթացրեց կառույցի աշխատանքներին, իրականացված բարեփոխումների արդյունքներին:
Գևորգյանի խոսքով՝ նախկինում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ինչպես նաև այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելու համար պահանջվում էր երեք օրից մինչև մեկ շաբաթ: «Անհրաժեշտ էր ներկայացնել կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները»,- ասաց գործակալության պետը հավելելով, որ հարկային կոդ ստանալու համար էլ անհրաժեշտ էր դիմել հարկային մարմիններին: Մինչդեռ բարեփոխումների արդյունքում համակարգն անհամեմատ ավելի պարզ գործարկում ունի: «Աշխատում ենք մեկ պատուհանի սկզբունքով, որի արդյունքում կազմակերպության գրանցումը տևում է 15 -20 րոպե, ՍՊԸ-ի գրանցման պետական տուրքը 0 դրամ է, ԱՁ-ինը՝ 3 հազար դրամ»,- նշեց Արմեն Գևորգյանը՝ ընդգծելով, որ ստանդարտ կանոնադրության պարագայում ամբողջ փաստաթղթերի փաթեթը տրամադրվում է անմիջապես, հարկային կոդը ևս տրամադրվում է տեղում:

«Էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում հնարավոր է նաև կազմակերպությունը գրանցել on-line, e-register.am կայքի միջոցով»,- ասաց գործակալության պետը:
Համոզվելու համար Գևորգյանն առաջարկեց հենց տեղում ուսանողներից մեկի անունով որևէ կազմակերպություն գրանցելու փորձ կատարել. գրանցումն, իրոք, հաշվված րոպեների ընթացքում կատարվեց:
«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը բարձր գնահատեց ՀՀ արդարադատության նախարարության՝ ուսանողների հետ համագործակցելու պատրաստակամությունը