Էլմար Մամեդյարովը մեկնել է ԱՄՆ

մամեդյարովԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր`հունիսի 1-ին, մեկնել է ԱՄՆ, որտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու և մասնակցելու է ԱՄՆ հրեական կոմիտեի համաշխարհային ֆորումին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մամեդյարովի այցը կշարունակվի մինչև հունիսի 8-ը։

Կայքը հատկանշական է համարում, որ Ադրբեջանի իշխանությունները այցի նախօրեին համաձայնություն են տվել Ամերիկայի ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեության շարունակության համար, որին ավելի վաղ երկրի օրենքները խախտելու մեջ էին մեղադրում։

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

5ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը հունիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են պաշտպանական ոլորտի աշխատանքներին առնչվող թեմայով խորհրդակցությանը:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

Զեկույց-հաշվետվությունների ընթացքում բարձրաստիճան զինվորականները ներկայացրել են ՀՀ զինված ուժերի զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, գնումների գործընթացի բարելավման, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների կանխարգելման, տեղակատվության և հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Լեդի Գագայի ակրիլե եղունգը աճուրդում վաճառվել է 12,000 դոլարով

g1Լեդի Գագայի ակրիլե եղունգներից մեկը համերգի ժամանակ աշխատախմբի անդամներից մեկը վերցրել էր և հետագայում աճուրդային կայքում վաճառել ավելի քան 12,000 դոլարով:

Ոսկե փոքրիկ գնդիկներով զարդարված սև գույնի եղունգը երգչուհին կրել էր Իռլանդիայի Դուբլին քաղաքում 2012թ-ին իր համերգի ժամանակ:

Փոքրիկ «հուշանվերի» կողքին ցուցադրված էր նաև բեմի վրա ելույթ ունեցող Լեդի Գագայի նկարը, որտեղ երևում է, որ նրա եղունգներից մեկը իրոք բացակայում է:

Որպես այլ ապացույցներ աշխատախմբի անդամը կցել էր նաև ստադիոնի աշխատակազմի տեղեկագիրքը, միջոցառման ժամանակ օգտագործված թևնոցը և Լեդի Գագայի տուրի ընթացքում նրա աշխատախմբի անդամների կրած սպորտային մոխրագույն շապիկը:

g3Եղունգի հետ կար նաև մեկ այլ նկար, որտեղ Լեդի Գագան նույն եղունգներով պատկերված է Իռլանդիայում հանդես գալուց առաջ Նյու Յորքի համերգի ժամանակ, այդտեղ ոչ մի բացակա եղունգ չկար:

Աշխատախմբի անդամը տեղեկացրել է, որ ինքը եղունգը պատահաբար նկատել էր բեմի վրա և սկզբից կարծել էր, թե կիթառի մեդիատոր է, սակայն այն բարձրացնելուց հետո հասկացել էր, որ դա ակրիլե եղունգ է:

Եղունգը ուրբաթ օրը տեղի ունեցած աճուրդում ձեռք է բերել Լեդի Գագայի բրիտանացի երկրպագուներից մեկը, որի անունը չի նշվում:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

10438_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաև երկկողմ հուշագրի ստորագրման հարցը:
Դմիտրի Մեդվեդևը ևս կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և նշել, որ անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձևաչափ:
Անդրադառնալով էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում առկա է լիակատար փոխըմբռնում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին փուլում նախ աշխատել գործող ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման, այնուհետև՝ նոր բլոկի կառուցման շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն:
Խոսելով Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպման մասին՝ Դմիտրի Մեդվեդևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է մասնակցել կոնֆերանսին և նպաստել դրա հաջող անցկացմանը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Արտգործնախարարը հանդիպեց ԵԽԽՎ նախագահին

380. Minister Nalbandian met with the president of the PACE 01.06.2013Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։

Հանդիպմանը  հանգամանալից քննարկվեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ համագործակցությունը:

Անդրադառնալով նախորդ օրերին Երևանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերին՝ Ժան-Կլոդ Մինյոնը նշեց, որ դրանք կազմակերպված էին բարձր մակարդակով և առաձնանում էին բովանդակային քննարկումներով և արդյունավետությամբ:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը պաշտպանության նախարարությունում

12Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Պաշտպանության նախարարության հրավերով տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ավելի քան 50 սիրիահայ երեխաներ իրենց ծնողների հետ:

Հունիսի 3-ից նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հունիսի 3-ից  գործարկվելու են Երևան-Գյումրի-Վրաստանի սահման Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի տարածքում (երկու ուղղություններով) և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Քոչինյան փողոցում տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ ճանապարհահատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ ամուսինը խեղդամահ է արել կնոջը

խմորեղենՀունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել  տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված  Ցողիկ  Այվազյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ  Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն:
Արտյոմ Ղ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

ԵՄ-ն ակնկալում է, որ Ադրբեջանում արդար և թափանցիկ ընտրություններ են տեղի ունենալու

1Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կլինեն արդար, թափանցիկ և ազատ, հայտարարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ արդար ընտրություններ անցկացնելն առաջին հերթին Ադրբեջանի շահերից է բխում: “Կարծում եմ, որ երկրի շահերից է բխում, որ ողջ աշխարհը, ինչպես նաև Ադրբեջանի բնակչությունը տեսնեն, որ նախագահական ընտրություններն արդար են: Եվրամիությունը պատրաստ է այդ հարցում հնարավորինս աջակցել Ադրբեջանին”,-նշել է նա:

Կոբիան նաև ընդգծել է, որ ընտրությունների ընթացքը գնահատելու համար Եվրամիությունը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Ադրբեջան: “Կենտրոնական ընտրական հաձնաժողովը մեզ վստահեցրել է, որ եվրոպացի դիտորդներ հրավիրվելու են”,-հայտարարել է  նա:

Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:

Եղանակն առաջիկա 5 օրերին. սպասվում են տեղումներ

bigՀՀ տարածքում հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

01_06Երևանում հունիսի 2-ին, 4-ին, 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է 01.06.2013_2առանց տեղումների եղանակ:

 

Ամփոփվել են ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական հետզորտության արդյունքները

4ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 1-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների և համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր – 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի` 7 ամիս տևած հետազոտությունն իր մեջ ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների բացահայտումը և քարտեզագրումը: «Ուսումասիրվել են Հայաստանի 5 մարզերի` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները, անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր առմամբ` 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34 723 մարդ»,- իր խոսքում նշեց Ռուբեն Առաքելյանը:

Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, շարունակելով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված և 17 կասկածելի վտանգավոր տարածք: «Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաև ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն, որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե` աշխատանքների հետագա համակարգման և տուժածներին աջակցելու համար»,- տեղեկացրեց Յոհաննես Օդենդալը:

Ասուլիսի մասնակիցները նշեցին նաև, որ առավել մանրամասն և ամփոփ հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչև հուլիսի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Քաղաքապետի անունից՝ նվերներ նորածիններին

001Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։

Քաղաքապետի անունից շնորհավորելով մայրիկներին և նրանց ընտանիքներին՝  Երևանի քաղաքապետարանի առողջապության վարչության պետի տեղակալ Օլգա Վարդանյանը նշել է, որ տոնական օրերը լրացուցիչ ևս մեկ առիթ են փաստելու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հոգածությունը հայ մայրերի ու երեխաների նկատմամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այսօր հանրությանը կներկայացվի «Փոքրիկ զորավարը» ֆիլմը

zoravarՀունիսի 1-ից «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում տեղի կունենա «Փոքրիկ զորավարը» կինոկատակերգության պրեմիերան, որը նկարահանվել է Օ′ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդը» պատմվածքի մոտիվներով: Ֆիլմի ռեժիսոր Հենրի Քոչարյանն է, ով նշեց, որ ֆիլմը նախատեսված է լայն լսարանի` թե′ մեծերի, և թե′ փոքրերի համար:

Նրա խոսքով` սցենարի գաղափարն առաջացել  դեռևս նախորդ տարվա օգոստոսին:

«Այն նկարահանվել է հայտնի պատմվածքի մոտիվներով, սակայն ժամանակակակից մոտեցում է ցուցաբերվել և պատմում է մեր օրերի մասին,- ասաց ռեժիսորը:- Փորձել ենք ֆիլմն ավելի գունեղ ներկայացնել: Սյուժետային հիմքը պատմվածքն է, բայց ավելացել են նոր կերպարներ, նոր դեմքեր»:
Անդրադառնալով դերասանական կազմին Քոչարյանն ասաց, որ չի ընտրել այնպիսի դերասաններ, ում միջոցով հետագայում կարողանա տոմսեր վաճառել:  « Ընտրվել են պրոֆեսիոնալ,  երիտասարդ դեմքեր: Փորձել եմ ընտրել նրանց, ովքեր կկարողանային բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորել»,- հավելեց ռեժիսորը նշելով, որ հատուկ ֆիլմում նկարահանվելու համար Մոսկվայից Երևան է հրավիրվել 7-ամյա  Արամ Այվազյանը:

Քոչարյանն խոսքով` սկզբում 7-ամյա Արամի հետ աշխատելը բարդ էր, բայց  հետո  կարողացել են  խոստումներով համոզել նրան նկարահանվել:

«Սկզբում մտավախություն ունեի, որ չեմ կարող հաղթահարել դժվարությունները, բայց հետո ինձ զգացի ինչպես ձուկը ջրում, չնայած նրան, որ նկարահնումների ընթացքում առաջացան որոշ դժվարություններ»- ասաց դերասան Կարապետ Հովհաննիսյանը:

Ֆիլմը նկարահանվել է Գառնիում: Այն պատմում է երկու ավազակների մասին, ովքեր որոշում են փախցնել հայ օլիգարխի որդուն և փրկագին պահանջել: Բայց դեպքերն այլ ընթացք են ստանում, երբ փոքրիկը նրանց գլխին իսկական պատուհաս է դառնում:
Ի դեպ` օլիգարխ հորը ֆիլմում մարմնավորում է նույն ինքը` Հ. Քոչարյանը:
Մարիամ հովհաննիսյան

Վարչապետը Մինսկում մասնակցել է Հայաստանի դեսպանատան բացմանը

10436_am_4Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը: Արարողությանը մասնակցում էին նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա մի շարք պետությունների դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի և Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ շրջել է դեսպանատան շենքով, ծանոթացել պայմաններին:
Այնուհետև Բելառուսի վարչապետի ուղեկցությամբ Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել Մինսկում:
Երեկոյան վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Բնօրրանային խնդիրներն իբրեւ հակաքայլ հատուցման պահանջներին

Շահան1Թուրքական www.kultur.gov.tr  կայքը «Հայկական պնդումներ եւ իրողություններ. Արեւելյան Անատոլիան հայերի հայրենի՞քն է» խորագրով հոդված է հրապարակել, որը դիտարժան մի քանի կարեւոր կետ է հաւաքել.

Նախ կայքը պաշտոնական-պետական բնույթ ունի, հետեւաբար պետական քաղաքականության համահունչ հրապարակում է։ Հոդվածի հրապարակման շարժառիթը, այնտեղ հայտնված մտքերը, շեշտադրումներն ու եզրակացությունը ըստ այնմ պետք է դիտարկել, փորձել հասկանալու համար, թե Անկարան հայկական հարցի այս թղթածրարի ուղղությամբ ի՞նչ նախապատրաստության մեջ է։

Հայ ժողովրդի բնօրրանի հետ կապված տեսությունները նոր չէ, որ արծարծվում են թուրքական պաշտոնական շրջանակների կողմից։ Այստեղ հստակ է տրամաբանությունը. պարզեցված ձեւով շեշտել, որ Արեւմտահայաստանը հայ ժողովրդի պատմական հայրենիքը չի եղել։ Մնացյալը վարկածային ոլորապտույտների մեջ առաջնորդելն է ընթերցողին։

Ժխտողականության յուրահատուկ մարտավարական քայլ են առնում Անկարայի համապատասխան բաժանմունքի վարիչները ապակողմնորոշելու համար հանրային կարծիքը։

Սա իհարկե նման չէ ցեղասպանությունը ժխտելու դասական մոտեցմանը։ Նման վարկածների առաջ քաշումը միտում ունի ձեւաւորել այն համոզումը, որ ի սկզբանե Արեւմտահայաստանը հայերի հայրենիքը չի եղել։

Թե ինչո՜ւ հիմա նման ծագումնաբանական խնդիր պետական մակարդակով է արծարծվում, արժի մտածել։ Առաջին մտածումը գնում է հակաքայլ առնելու մարտավարական դիրքորոշման ուղղությամբ։ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, երբ հետզհետե զարգանում են ճանաչումից հատուցում կամ պատմական իրաւունքների վերականգնման հրամայականները, Անկարայի մղձաւանջը ինքն իրեն վերադարձնում է բարձրաձայնելու համար, որ ի սկզբանե հայկական հողամասերը չի կարելի համարել այն տարածքները, որոնց հատուցման պատրաստության համար իրաւական թղթածրարի առաջադրանք է հայտարարում հայ ժողովուրդը՝ միաժամանակ թե՜ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՜ Սփյուռքում։

Այս մեկը ուրեմն թուրքական անհանգստության տեղի տվող լուրջ ահազանգ է, որի համար պետք է պատրաստվել եւ պատրաստել հանրային կարծիքը։ Անկարան, թվում է, որ իր գիտահետազոտական բաժանմունքներին ազդանշան է տվել այս հարցով զբաղվելու եւ ողողելու լրատվադաշտն ու գիտական աշխարհը։

Փորձենք շարունակել Անկարայի պետական քաղաքականության տրամաբանությունը։ Նման վարկածների ընդունմամբ ցեղասպանության թղթածրարը սահմանափակել սոսկ ճանաչումով։ Ահա այստեղ ընդունում-ճանաչում-ներողությունը կարող է աշխատել, եթե միջազգային ընտանիքը համոզվի տարածքների ոչ հայապատկանելիությանը։ Գործադրված ցեղասպանության համար ներողությունից անդին նույնիսկ նյութական հատուցում եւ….վերջ։

Մղձաւանջը բնօրրանային խնդրի վրա է եւ այդ իսկ պատճառով ծագումնաբանական, բնիկ թե եկվոր լինելու վրա է կենտրոնացնելու ամբողջ քարոզչաքաղաքական տեսաբանությունը։ Ճիշտ այստեղ է ուրեմն, որ հայկական կողմը պատմահետազոտական իր որոնումներում զգույշ պիտի լինի բնիկ-եկվորի ներհայկական բանավեճեր չսարքելու առումով։ Որովհետեւ, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքի այս հոդվածը իր ներածականում խոսում է հայերի պատմական հայրենիքի վերաբերյալ հայ պատմաբանների իրար հակասող տեսակետների մասին։

Հետաքրքիր է, որ  բնօրրանային այս խնդիրը չի վերաբերում միայն Արեւմտահայաստանին, ինչպես հոդվածի խորագիրը հուշում էր։ Աւարտին, խոսւում է հայ ժողովրդի հարաւային կոկվասյան ցեղ լինելու հաւանականության մասին, եզրակացնելու համար, որ հայերը կովկասյան ցեղերի հետ որեւէ աղերս չունեն։

Այս վերջին տեսակետը ծառայել է Բաքվի հաշիւներին։ «Հաքին ազ» կայքն արքայազն Չարլզի Հայաստան այցելությունը մեկնաբանելով գրել է.  “… Միևնույն ժամանակ հուսանք, որ, որ արքայազն Չարլզը ուշադրություն կդարձնի Հայաստանի միատարր բնակչային վիճակի վրա, որ բնականաբար հարցեր կառաջացնի բնիկ ժողովրդի մասին, որին բռնի ուժով քշել են այդտեղից…”

«Բնիկը» այստեղ ադրբեջանցիների  նախնիններն են։ Հարցը պատմական անհեթեթության մասին չէ, որքան թուրք-ադրբեջանական քարոզչաքաղաքական միացյալ մեքենայի նոր արտադրության շուկայացման։

Հայկական կողմը զգոնությամբ պիտի չներքաշվի թելադրված խաղի այս նոր կանոնների մեջ։ Հայկական գիտահետազոտությունը պահանջատիրության եւ հատուցման իրաւականացման վրա պիտի կենտրոնացնի իր ներուժը։ Ճանաչմանը հաջորդող հանգրվանը հատուցումն է եւ ոչ թէ բնօրրանային խնդիրները, ինչպես որ ուզում են օրակարգի վերածել Անկարան եւ Բաքուն։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի խմբագիր

 

Իտալիայում գտնվող հրաբուխը վիագրայի հատկություններ ունեցող գազեր է արձակում

v2Նեապոլի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերից մեկի այցելուների թիվը կտրուկ աճել է, սակայն դրա պատճառը գեղեցիկ տեսարանը չէ:

Սա եզակի սեքսուալ գոտի է, որի այցելուները կարող են առանձին կայանատեղի վարձակալել և մերձենալ հենց դրսում:

Տարածքի այցելուները հնարավորություն են ունենում իրենց վրա զգալ «բնական վիագրայի» ազդեցությունը:

Տարածքը գտնվում է Նեապոլի մոտակայքում գտնվող Սոլֆատարա հրաբխի մոտ:

Ջրածնի սուլֆիդը՝ հայտնի որպես սատանայի գարշահոտություն, նեխած ձվի հոտ ունի: Գազը մեծ քանակություններով կարող է նաև թունավոր լինել:

Ինչևէ՝ գիտնականները պնդում են, որ այն փոքր քանակությամբ կարևոր դեր է խաղում տղամարդկանց սեքսուալ ակտիվության մեջ:

Գազը, ուժեղացնելով արյան շրջանառությունը, հանգստացնում է սեքսուալ ակտիվության համար պատասխանատու մկանների նյարդերը:

Փորձագետների տեղեկություններով հիդրոգենի սուլֆիդը պատշաճ մշակման դեպքում վիագրայի հատկություններ է ստանում:

Ամեն դեպքում քիմիական միացության օգտագործման ճիշտ չափաբաժինը հայտնի չէ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

3160Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու բարեկամ Քուվեյթից ժամանող պատվիրակություններին: Նախագահը նշել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջև խորհրդարանական կապերը և համագործակցությունը սկիզբ են առնում երկու բարեկամ երկրների հարաբերությունների ակունքից: Հանրապետության Նախագահի խոսքով, արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Զրուցակիցները ուրախությամբ են արձանագրել տարբեր մակարդակի փոխայցելությունները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Անդրադառնալով դեռևս 2009թ. Քուվեյթ կատարած իր այցին և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դրանք կյանքի են կոչվում, երկու երկրներում արդեն իսկ գործում են դեսպանություններ, իսկ ընթացիկ տարում Քուվեյթում գումարվելու է միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ժամանակ կքննարկվեն ընթացիկ ծրագրերը և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Քուվեյթի ԱԺ նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը

աբրահամյանԼատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-6-ը  եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը :

Այցի ընթացքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա  Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի, Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի,  վարչապետ  Վալդիս Դոմբրովսկիսի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Սաեյմայի  Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության  խմբի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

էդվարդ նալբանդյանՀունիսի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ:

Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, և ելույթը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Արտակարգ հիշողությամբ օժտված փոքրիկը հյուրընկալվել է քաղաքապետին

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում, հյուրընկալել է ֆենոմենալ հիշողությամբ օժտված ութամյա Սիմոն Հարությունյանին: Փոքրիկն անաձամբ էր դիմել քաղաքապետին ընդունելության խնդրանքով:

Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաև պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցերի: Ի դեպ, փոքրիկ Սիմոնը իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար, Սիմոն Հարությունյանի հայրը` Լևոն Հարությունյանը, խոստացել է, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Սիմոնը միշտ բարձր պահի Երևանի պատիվը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով փոքրիկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ: Քաղաքապետը նաև նվերներ է հանձնել փոքրիկին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն