Իտալիայում միանգամից ձերբակալվել են ավելի քան 100 մաֆիոզներ

o_574725Իտալիայի ոստիկանությունը միանգամից երկու հատուկ գործողություններ է կատարել  մաֆիայի հետ կապված կասկածյալներ ձերբակալելու համար:  Արդյունքում  Հռոմում ձերբակալվել է 51 մարդ: Ընդ որում,  հանցագործներին գտնելու գործին մասնակցել են մոտ 500 ոստիկաններ և ուղղաթիռներ: Միաժամանակ երկրի հարավում` Կալաբրիայի շրջակայքում, ոստիկանները բռնել են 65 մարդու, որոնք մեղադրվում են մաֆիայի հետ կապ ունենալու մեջ և 2005-2011թթ. Լամեցիա Թերմ քաղաքում կլանների  մեջ պատերազմի ընթացքում սպաննություններ կատարելու համար: Ձերբակալվածների մեջ կան քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, փաստաբաններ, բժիշկներ և նույնիսկ բանտային ոստիկանության աշխատակիցներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Մտորումներ ստեղծվելիք կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի շուրջ

sarhat_4Մինչ մեր քաղաքացիներն արդարացի կերպով ընդվզում են Երևան քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ ճարտարապետական հանրույթի շրջանակում սկսել են ընթանալ քննարկումներ առհասարակ գլխավոր ճարտարապետի պաշտոնի նպատակահարմարության ու դրան վերագրվող լիազորությունների շուրջ, հանրապետության նախագահի հուլիսի 22-ի հրամանագրով ստեղծվեց Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե: Մեկամսյա ժամկետում ընդունվելու են դրանից բխող համապատասխան որոշումներ: Սա մտորելու տեղիք է տալիս, մանավանդ որ այդ կոմիտեն գործելու է քաղաքաշինության նախարարությանը զուգահեռ, նույն կառավարության կազմում:

Դեռ մի տարի առաջ` 2012 թ. մայիսի 14-ին, «Անկախ» շաբաթաթերթում «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում մի շարք առաջարկություններ էի արել նոր ստեղծվող կառավարությանը, ի թիվս որոնց առաջարկում էի ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր կայուն զարգացման (կամ քաղաքաշինական գործունեության) պետական կոմիտե` նպատակ ունենալով համակարգել մեր երկրի տարածքում մարդածին միջավայրում տեղի ունեցող գործընթացների կառավարումը։ Ենթադրաբար նախագահի հրամանագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում այս առաջարկության վերաբերյալ տեղի է ունեցել տարընթերցում, կամ էլ հոդվածը չի ընթերցվել ամբողջությամբ, որի հատկապես վերջին պարբերությունում խոսք  կա այս գործընթացում բացառապես նոր կադրերի ներգրավման անհրաժեշտության  մասին (տե՛ս https://archive2.ankakh.com/wp-content/uploads/2012/05/206745)։

Չնայած այն հանգամանքին, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ, հաշվի առնելով մեր օրերում քաղաքաշինական քաղաքականության իրացման առկա ավանդույթները, այն է` հիմնականում փակ ու նեղ թիմային շրջանակների շահերի վերադասում հասարակականից, ստորև ներկայացնում եմ մի շարք նկատառումներ, որոնք ակնառու են դեռևս այս փուլում։

Նախևառաջ անվանման վերաբերյալ, որը չի կարելի է համարել երկրորդական։ «Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե» հասկացությունը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև չի տեղավորվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության տրամաբանության շրջանակներում։ Անկախությանը հաջորդած տարիներին մշակված օրենսդրությունը ճարտարապետությունը չի դիտում որպես առարկա, այն հիմնականում միտված է քաղաքաշինական գործունեությունը կարգավորելուն։ Ի  պատիվ մի շարք ներկա և նախկին պետական ծառայողների (որոնք ներկայացնում են քաղաքաշինության ոլորտը) նշենք, որ քաղաքաշինությանը վերաբերող օրենսդրական դաշտը համեմատաբար բարձր որակով ու արհեստավարժությամբ է մշակված, չնայած կան բազմաթիվ վերապահումներ։ Քաղաքաշինական գործունեությունը ներառում է մարդածին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին առնչվող բոլոր ոլորտները, որոնք միգուցե իրականացվում են ճարտարապետների կողմից, սակայն այն շատ ավելի լայն հասկացություն է։ Քաղաքաշինությունն այդ բոլոր խնդիրների համալիր մոտեցման գիտություն է, իսկ ճարտարապետությունը դրա բաղկացուցիչներից մեկն է միայն։ Սա դասագրքային ճշմարտություն է։

Ճարտարապետության կոմիտեի գաղափարը լավագույնս ներգծվում է վերջին տարիներին տարվող հատվածային, ասել է թե` կետային, նեղ, քաղաքաշինական քաղաքականության ենթատեքստում, որը հատկապես ցայտուն է դառնում քաղաքաշինական զարգացում արձանագրող տարածքներում (Երևանի կենտրոնում, միջպետական ճանապարհների երկայնքով և այլն)։ Այս մոտեցման շրջանակում գրեթե բոլոր նախաձեռնությունները չեն դիմանում որևէ մասնագիտական քննադատության ու որակազրկում են Հայաստանի բնական ու մարդածին լանդշաֆտն ու մշակութային նյութական ու ոչ նյութական դարավոր ժառանգությունը։

Վստահաբար ինչ-որ մեկը, ի պատասխան այս նկատառման, նորից կմեջբերի Ալեքսանդր Թամանյանին, որը 1920-ականներին զբաղեցրել է նման պաշտոններ, սակայն, մեղմ ասած, անընդունելի ու ծիծաղելի են նման համեմատությունները, քանի որ խոսքը մոտ մեկդարյա վաղեմության կառավարման մոտեցման մասին է։ Նման փորձ արվեց, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց Հայաստանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որը սպառվեց շատ կարճ ժամանակահատվածում ու ոչ միայն չնպաստեց ոլորտում առկա խնդիրների լուծմանը, այլև խորացրեց դրանք։

Մեկ այլ խումբ էլ վկայակոչելու է խորհրդային տարիներին նման կառույցի առկայության փաստը, ինչը կարող է ոմանց համար համոզիչ թվալ։ Այդ կառույցի վերջին անվանումը եղել է «Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն», իսկ նախկինում՝ Պետշին։ Եթե հաշվի առնենք առկա քաղաքաշինական համակարգում հնացած՝ խորհրդային կառավարման ոգին ու ճարտապետական հանրույթի մեծամասնության շրջանակում տիրող ոչ բավարար գիտելիքներն արդի քաղաքաշինական գործընթացների վերաբերյալ, ապա հասկանալի կդառնան նման մոտեցման խորքային պատճառները։

Աներկբա է, որ խնդիրը միայն անվանումը չէ, այլ այդ նորաստեղծ կառույցին վերապահվող դերը։ Մեր օրերում քաղաքաշինական գործունեության ոլորտում հատկապես կարևոր է տարբերակել մի շատ կարևոր դրույթ, որը շուկայական տնտեսության պայմաններում էական փոփոխություն է կրել։ Եթե խորհրդային տարիներին պետությունը նման կառույցների միջոցով էր իրականացնում ամբողջ շինարարական գործունեությունը, ապա մեր օրերում դա արդեն պետք է վերապահված լինի մասնավոր սեկտորին, իսկ պետությունը պետք է հանդես գա որպես խոշոր, բայց մասնավորին հավասար կառուցապատողի դերում։ Վերջին տարիներին շինարարության նախարարության վերածված քաղաքաշինության նախարարությունն ինքնին իրականացնում էր այդ գործունեությունը, որն իր մասով կատարում է շինարարական ոլորտում պետական գնումների իրականացման գործառույթը։ Եթե նման մարմնի ստեղծմամբ ոլորտին վերաբերող ավելի լայն լիազորություններ են նախատեսվում, ապա պետք է լինել շատ զգուշավոր, քանի որ վերջին տարիներին բազմաթիվ մասնագետներ, այդ թվում և տողերիս հեղինակը, բարձրաձայնել են ոլորտում ընթացող մենաշնորհայնացման ու պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի մասին։

Հաշվի առնելով նաև արդեն կուլիսներում ընթացող խոսակցություններն այդ կոմիտեի նախագահի հավանական թեկնածուի վերաբերյալ, դժվար չէ ենթադրել, որ ոլորտում առկա մեծագույն մարտահրավերներ համարվող կոռուպցիան ու կլանային համակարգն արդեն տարածվում են ողջ հանրապետության տարածքում։ Ավելին, սրանով իմաստազուրկ է դառնում առհասարակ քաղաքաշինության նախարարության առկայությունը։

Հատկապես հաշվի առնելով վերջին նկատառումը, ինչպես նաև նախորդ «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում բարձրացված հարցերը` պետք է կարևորել ոլորտում նոր, երիտասարդ և ունակ կադրերի մուտքը։ Այս օրերին ոլորտի կառավարման աշխատանքներում ներգրավված հիմնական անձինք, որոնք մասնակից են եղել վերջին երկու տասնամյակներում տարվող քաղաքաշինական վիճահարույց գործընթացներին, կարող են վարկաբեկել և արժեզրկել ոլորտում իրականացվող գոնե արտաքուստ բարեփոխման տպավորություն թողնող գործընթացները, ինչպես եղավ Երևանի փոքր կենտրոնում առկա ծանր իրավիճակի փրկությանը միտված սառեցման գործընթացի պարագայում, որն առաջարկվեց քաղաքացիական հանրության կողմից: Այն ձևախեղվեց և որևէ լուրջ ազդեցություն չունեցավ` վերածվելով նախընտրական սին խոստման։

Չնայած վերոնշյալ մարտահրավերներին` նման քայլը վկայում է, որ պետական կառավարման համակարգի բարձրագույն մակարդակում քաղաքաշինական ծանր իրադրության փաստի ըմբռնում գոյություն ունի։ Մնում է սպասել, որ կլինի նաև իրավիճակի շտկման քաղաքական կամք: Այդ դեպքում միայն կարելի է քաղաքաշինական անարխիայի մոտալուտ վերացման հույսեր փայփայել։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ճարտարպետ, քաղաքաշինարար

«Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ի հիմնադիր

Արազ Օզբիլիսը դադարեցրել է մարզումները «Կուբանի» կազմում

աօjpeg2Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արազ Օզբիլիսը դադարել է մարզվել «Կուբան» ֆուտբոլային ակումբի կազմում: Հավանական է, որ նա  չի մասնակցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Ռուսաստանի առաջնության հերթական խաղին: Օզբիլիսը «Կուբանի» հետ չի մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 26-ին կկայանա «Զենիթ» – «Կուբան» խաղը:

Այդ մասին  հաղորդել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը: «Կարող եմ ասել, որ նա առաջարկներ ունի մի քանի ակումբներից, ավելին՝ այժմ չի մարզվում Կրասնոդարի թիմի կազմում: Արազը ակումբի հետ պայմանավորվածություն ունի, համաձայն որի, ավելի բարձր վարկանիշով ակումբից առաջարկ ստանալու դեպքում, «Կուբանի» ղեկավարությունը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը: Բայց ամենակարևորը, որի մասին կուզենայի զգուշացնել հավանական գնորդներին, գործարքը պետք է մաքուր լինի»,- ասել է նա:
Ըստ լուրերի, Օզբիլիսին լրջորեն հավակնում է գնել Մոսկվայի «Սպարտակը»:Չի բացառվում, որ  23-ամյա հայ ֆուտբոլիստը տեղափոխվի Մոսկվայի «Դինամո» կամ «Լոկոմոտիվ»:

Հավելենք, որ Ֆրանսիական «Մոնակոյի» ղեկավարությունը ևս ցանկանում է իր թիմում տեսնել Արազին:

Նստացույց քաղաքապետարանի շենքի մոտ (լուսանկարներ)

Activists rally in front of the Municipality of Yerevan demanding resignations«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներն անժամկետ նստացույց են հայտարարել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանք պահանջում են   Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը:

 

Գողացել է 2 տոննա ծիրան

ծիրանՀուլիսի 16-ին, ժամը 17.30-ին, Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից  ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել  է   Թորգոմ Ս.-ի`  ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումը, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող  իր ծիրանի այգիներից առանց իրեն տեղյակ պահելու  իր ծանոթ Արթուրը   ս/թ հունիսին գողացել է շուրջ 2 տոննա ծիրան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 1972 թ. ծնված Արթուր Բ.-ն է:
Արթուր Բ.-ից  վերցվել է բացատրություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են 5 ավտոմեքենաներ

ավտովթարՀուլիսի 25-ին, ժամը 19.30-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում իրար  են բախվել  «ՎԱԶ-21121»,   «Ֆոլկսվագեն»,    «Մերսեդես Բենց»,   «Հունդաի»  և   «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում  են, որ կատարվում է քննություն:

Բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից

ձերբակալությունՈստիկանության Մեծամորի  բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 08.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Ուկրաինայից ՀՀ ժամանած, 1962 թ. ծնված  Արամայիս Ա.-ն, որը 2003 թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:

Ինչից են դժգոհ ադրբեջանցիները

27119Ադրբեջանցիները դժգոհում են և ցանկանում են բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ի հասցեով:

Բանն այն է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Պիաստա» – «Ղարաբաղ» պատասխան խաղում լեհ երկրպագուները խաղադաշտում ցուցադրել են Լեռնային Ղարաբաղի դրոշը:

Հավելենք, որ «Ղարաբաղը» երկու խաղի արդյունքով հաղթել է լեհական «Պիաստային» (2:1, 2:2) և  երրորդ փուլում  կմրցի շվեդական «Գելֆեի» հետ:

Հետախուզվողը հայտնաբերվեց Գայի արձանի մոտից

կալանքՀուլիսի 25-ին, ժամը 17.50-ին, Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Գայի արձանի մոտից  բերման են ենթարկել 1979 թ. ծնված  Մարատ Գ.-ին, որը հուլիսի 25-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից  26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ   խարդախության   5   դեպքերն էլ բացահայտվել են:  Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  և գողության 2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6  պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նախագահին գեյ են անվանել

ol3001374825713Հեղինակավոր «Forbes» հրատարակչության խմբագրակազմը խայտառակվել է` “Ճանաչված համասեռական” անվանելով եվրոպական պետության նախագահին: Նման սխալ թույլ տված լրագրողները օրինակելի  ընտանիքի հորից ու ամուսնուց ներողություն են խնդրել:

Հասցեատերը Իռլանդիայի նախագահ Մայքլ Դ. Հինգինսն է, որի 4 զավակներն ու կինը պարզապես ցնցված էին` կարդալով, որ իրենց ջերմագին սիրող հայրն ու ամուսինը սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչ է:

Դևիդ Մոնագենի գրած այդ սկանդալային սխալը հայտնաբերելուց հետո նյութն  իսկույն հեռացվել է «Forbes»-ի ինտերակտիվ տարբերակից: Հոդվածի հեղինակը խոստովանել է, որ իր  մասնագիտական  կյանքում սա  թույլ տված ամենամեծ սխալն  է ու դրա համար ներողություն է խնդրել:

Վիրավորված նախագահի  երկայացուցիչը մեկնաբանություններ չի արել:

Հայաստանի արտգործնախարարը Չինաստանում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Dipschools signing ceremonyՀուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին:

Նույն օրը կայացավ Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վան Յիի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարևոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ Նա նշեց, որ Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել քայլերը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով իր չինացի գործընկերոջը հրավերի  և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս  տարեցտարի առավել ընդգրկուն դարձող Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ 2010 թ. ՀՀ Նախագահի Չինաստան կատարած այցելությունից հետո երկկողմ փոխգործակցությունը որակական նոր փուլ է թևակոխել և երկու երկրների ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և արձանագրեցին, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Յին անդրադարձան քաղաքական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցությանը և նշեցին, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ:

Երկուստեք ընդգծվեց, որ խորհրդարանական սերտ կապերը երկու երկրների միջև փոխգործակցության կարևոր օղակ են հանդիսանում։ Այս համատեքստում Չինաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԱԳ նախկին փոխնախարար Ֆու Ինը նշանակվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի չինական կողմի նախագահ։ Նախարարները կարևորեցին խորհրդարանական բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպումը։

Ապակենտրոնացված համագործակցության խրախուսման առումով ընդգծվեց Երևանի և Պեկինի, Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև կապերի հաստատումն ու զարգացումը։

Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Առանձնացվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։

Նախարարներ Նալբանդյանն ու Յին քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ակտիվացմանը վերաբերող հարցեր։ Այդ համատեքստում կարևորվեց ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրումը։

Անդրադառնալով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ նախարարները պայմանավորվեցին ինվենտարիզացիայի ենթարկել անցյալ երկու տասնամյակների ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը և մշակել նոր համաձայնագրեր։  Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ներկայումս նախապատրաստական փուլում են գտնվում 12 նոր փաստաթղթեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով նախարար Յին ներկայացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինտեգրացիոն գործընթացները և դրանց վերաբերյալ Չինաստանի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ  Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարեցին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։

Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի և հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Հանդիպումից հետո Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին արձանագրությունը։

Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջև կապեր հաստատելու և երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրեցին երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ  Չինաստանի Պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Յան Ձիեչին ասաց, որ ջերմությամբ է հիշում 2011 թ. Երևան կատարած այցելությունը, Հայաստանում տեղի ունեցած հանդիպումները և ուրախ է, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Յան Ձիեչին և Էդվարդ Նալբանդյանը մանրամասն քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ձևավորված բարեկամական համագործակցության առնչությամբ։

Չինաստանի պետխորհրդի անդամն ու Հայաստանի արտգործնախարարը ընդգծեցին երկուստեք ցանկությունը նոր խթան հաղորդել միջգերատեսչական և ապակենտրոնացված համագործակցությանը։

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում չինական ներդրումների խրախուսման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ։

Հուլիսի 25-ին երեկոյան Չինաստանի ԱԳ Նախարարը պաշտոնական ընթրիք տվեց իր հայաստանյան գործընկերոջ պատվին։

Հուլիսի 26-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով է ետ մնում առաջատրներից

chess3Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա) և Լարս Օսկար Հոգեից (Նորվեգիա):

Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաև Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր:

Քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի մոտ

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները և պարզապես ակտիվ քաղաքացիներն այժմ հավաքված են քաղաքապետարանի շենքի մոտ` իրենց հայտարարությունը հրապարակելու:MHM80228 copy

«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ միացմամբ հետևեք իրադարձություններին.

Զինված հակամարտությունը Սիրիայում 100 հազար մարդու կյանք է խլել

i (3)Սիրիայում զինված հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Գլխավոր քարտուղարը նշել է, որ մի քանի մլն մարդ փախստական է դարձել ու ստիպված լքել է երկրի տարածքը:

Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան  կազմակերպությունը դեռևս 2013-ի հունիսին է հայտնել այն մասին, որ 2011-ի մարտից սկիզբ առած հակամարտության հետևանքով  100 հազարից ավելի մարդ է զոհվել:

Խոակին Բոգոսյանը` արգենտինական թիմում

խպmagesԱվստրիական «Զալցբուրգի» հարձակվող Խոակին Բոգոսյանն այսուհետ կկրի Արգենտինայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող  «Կիլմես Աթլետիկի» մարզազգեստը:

Ուրուգվայահայ հարձակվողը երկկողմանի համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագիրը «Զալցբուրգի» ղեկավարության հետ և համաձայնության է եկել իր նոր ակումբի ներկայացուցիչների հետ:

Բոգոսյանը 2010-ին անգենտինական «Նյուելս Օլդ Բոյզից» էր տեղափոխվել «Զալցբուրգ»: 2011-12-ի մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Մոնտևիդեոյի «Նասիոնալում», իսկ նախորդ մրցաշրջանում վարձավճարով պաշտպանում էր բելգիական «Սերկլ» ակումբի պատիվը:

Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը

10579_am_2Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստան ներմուծվող «Բելառուս» մակնիշի տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է տրակտորների պահեստով: Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է նոր ձեռք բերված տրակտորների տեխնիկական հնարավորություններով և անձամբ փորձարկել դրանցից մեկը: Այնուհետև վարչապետի ներկայությամբ ստորագրվել է տրակտորի ձեռքբերման առաջին պայմանագիրը` ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանի և Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Խոսրով Բաղդասարյանի միջև: Առաջին գնորդը նախապատվությունը տվել է վարչապետի վարած տրակտորին և շնորհակալություն հայտնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար:
2013 թ. արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում շուկայականից մոտ 30 տոկոսից ցածր գնով` կանխիկ (6.700.000 դրամ) և լիզինգային տարբերակով: Լիզինգն իրականացնում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հետևյալ պայմաններով` 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս տոկոսադրույք, ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի տրակտորների համար և 3 տարի` հարակից սարքավորումների համար:

Կուբան տոնում է հեղափոխության 60-ամյակը

o_803655Կուբայում այսօր նշվում է ազգային ապստամբության 60-ամյակը ( որը համարվում է երկրում հեղափոխության սկիզբը): Հիմնական հանդիսություններն  անց են կացվելու Սանտյագո-դե-Կուբայում: Այս քաղաքում  1953-ին հայրենասերների բանակը Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մարտահրավեր նետեց բռնատիրությանն ու գրավեց Մոնկադայի զորանոցները:

Տոնի առթիվ երկրում հոբելյանական դրոշմանիշներ են թողարկվել: Իսկ Սանտյագոյում կրկին բացվել է “Ռեքս” հյուրանոցը, որտեղ 60 տարի առաջ   հեղափոխականներն էին հանգրվանել: Հանդիսություններին մասնակցելու են Վենեսուելայի, Ուրուգվայի ու Բոլիվիայի նախագահները:

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները

003Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով  արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում:

2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին և շինությունների պատերին  հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ:

Արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակները կահավորվել են փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Տեղանքի կողմնորոշման հարցում ցուցանակը Երևան այցելողներին հայերենից զատ  հուշում է  նաև անգլերենով:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաև ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրիր, այլև կարևոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Ի դեպ, վերը նշված բոլոր կահավորանքները մշակվել են ընդհանուր՝ քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ ոճով:

Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձևավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվեց շախմատային տախտակ:

Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում ևս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150՝ փայտե, պոլիմերային և երկաթե նստարան: Տեղադրվել է նաև 200 աղբաման:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն