Բաղրամյան 26-ում ցույց է ընդդեմ Մաքսային միությանը միանալու որոշման (ուղիղ միացում)

3670Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ում` Նախագահի նստավայրի դիմաց: Նրանք բողոքում են Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի որոշումից:

Իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ, որն ապահովում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ասոցացման և Մաքսային միության համաձայնագրերն իրար հակասում են, մենք չենք կարող միանալ երկուսին էլ. Ալեքսանդր Մարգարով

մարկարովԱսոցացման համաձայնագրի անբաժանելի մասերից մեկն է ԵՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու պայմանագրի կնքումը: Հայտնի է, որ պայմանագրի մեջ ներառված դրույթները հակասում են այն քաղաքական դրույթներին, որոնք կան Մաքսային միության պայմանագրի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ալեքսանդր Մարգարովը` շեշտելով, որ  երեկ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման մասին  հայտարարությունից հետո մնում է միայն փորձել քայլեր ձեռնարկել կայացված քաղաքական որոշման իրականացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ սահմանափակումները, որոնց մասին բազմիցս խոսվել է:

«Քանի որ Ասոցացման և Մաքսային միության  համաձայնագրերն իրար հակասում են, մենք չենք կարող միանալ երկուսին էլ կամ չենք կարող ասել, որ Ասոցացման համաձայնագրի կետերի մի մասի հետ համաձայն ենք, մյուս մասի՝ ոչ: Որոշումն արդեն կայացված է, անհրաժեշտ է ուսումնասիրել համագործակցության առաջարկները մաքսային միության հետ, դա է այսօր գլխավոր խնդիրը: Պետք է մշակել համագործակցության համար անհրաժեշտ խողովակներն ու ուղիները»,- հայտնեց Ալեքսանդր Մարգարովը:

«Օպել-Վեկտրա»-ն բախվել է բեռնատարի

ավտովթարՍեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կ/մ-ին` Մարմարաշեն գյուղի տարածքում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա  է բախվել  ճամփեզրին կայանված, վթարի ենթարկված  «ԳԱԶ-2705-222»  մակնիշի  բեռնատար   ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դադարեցվել է «Էն-Աուդիտ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը

ֆիննախՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «Էն-Աուդիտ»  ՍՊԸ  աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:
Դադարեցվել է նաեւ ընկերության  չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Եթե Թուրքիան մեր դեմ դուրս գա, մենք պատասխան կտանք. սիրիացի դիվանագետ

siria Սիրիայի առաջատար դիվանագետներից փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը սիրիական խնդրի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին խոսել է «Wall Street» ամսագրի Դամասկոսում գտնվող թղթակցի հետ: «Մենք հույս ունենք, որ ամերիկացի պաշտոնյաները խելամիտ կգտնվեն և լսելով արդարության ձայնը՝ հրահրիչ գործողությունների չեն դիմի»,-ասել է Միքդադը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը», Միքդադը հետաքրքիր հայտարարություն է արել, որը միևնույն ժամանակ կարելի է որպես զգուշացում որակել: Դիվանագետը նշել է, որ Սիրիան հարձակում կգործի իր հարևաններ Թուրքիայի և Հորդանանի վրա, եթե վերջիններս ներգրավվեն ԱՄՆ-ի ձեռնարկած ռազմական ներխուժմանը: Միքդադը նշել է, որ նման պարագայում Սիրիան զերծ կմնա միայն Իսրայելի նկատմամաբ որևէ գործողություն ձեռնարկելուց: «Եթե պատերազմ սկսվի, ոչ ոք չի կարողանա վերահսկել դրա ընթացքը: Սիրիայի դեմ ուղղված որևէ հարձակում քաոսի կվերածի Սիրիան և նրա շրջակայքը»,-նշել է Միքդադը:

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԱԻՆ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը

10659_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, և այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Դրա հիմնական ազդակը մեր քաղաքացիները ստանում են ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Տասնյակ հազարավոր զանգերը, դիմումները՝ օգնություն ստանալու համար, չեն մնում անպատասխան: Եվ տարեցտարի բարելավելով ծառայությունների որակն ու մակարդակը՝ դուք կարողանում եք բարձրացնել ՀՀ քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ: Սա ամենակարևոր արդյունքն է, որը մենք ունենք»:
Վարչապետի խոսքով՝ էապես ավելացել են նաև այն ոլորտները, որտեղ ԱԻՆ-ն աշխատում է: Նախարարության գործունեությունը դարձել է բազմաբովանդակ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները հետզհետե ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, մատուցում նոր ծառայություններ:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև ժամանակակից մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ինչին էլ ուղղված է ԱԻՆ-ի միջազգային համագործակցությունը: «Տեսնում ենք, որ շնորհիվ ձեր աշխատանքի՝ բարձրանում է նաև Հայաստանի միջազգային հեղինակությունը, որովհետև դուք ցույց եք տալիս ողջ աշխարհին, որ ՀՀ-ն ևս կարող է մասնակցել տարբեր կետերում տեղի ունեցող աղետների հետևանքների վերացմանը: Այդ առումով, մենք դարձել ենք միջազգային հանրության անբաժանելի մասը»,– ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը որպես առաջնահերթություն կարևորել է հատկապես կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որպեսզի արտակարգ իրավիճակների պարագայում վնասները հասցվեն նվազագույնի: Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, նախարարության ծրագրերն ուղղված են առաջին հերթին ինտելեկտուալ, գիտական կարողությունների բարձրացմանը. ավելացվում են նաև գիտահետազոտական աշխատանքների ծավալները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախարարությունը կարողացել է համախմբել մեր երկրի գիտնականներին՝ իր առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով: Վարչապետի խոսքով՝ այդ ամենը հույս է ներշնչում, որ ապագայում էլ ԱԻՆ-ը կգտնվի բարձր մակարդակի վրա:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Կոչման վկայականը Ն. Գրիգորյանին հանձնել է վարչապետ Սարգսյանը:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ մի քանի աշխատակիցների վարչապետը պարգևատրել է Անանիա Շիրակացու մեդալով:
Գերատեսչության մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով, խրախուսվել շնորհակալագրերով և հուշանվերներով:
Այնուհետև ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվել է Արտակարգ իրավիճակների աշխատողի հուշարձանը:

Հայ թենիսիստուհին պարտվեց

անիAni-AmiraghyanԱնի Ամիրաղյանին հաջողությունն ուղեկից չէր  թուրքական Տրապիզոնում մեկնակած թենիսի միջազգային մրցաշարում: 50 հազար պարգևատրման հիմնադրամ ունեցող ստուգատեսի առաջին իսկ խաղում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց աշխարհի թիվ 113 ռակետ, ուկրաինուհի Մարինա Զանևսկային` 4:6, 4:6:

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին

հրամանագիրԵլնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝

1) մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին:

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Սևանի հիմնախնդիրներին առնչվող հարցերի շուրջ

 

3683Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

Քննարկվել են Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման և լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սևանի ցանցավանդակային տնտեսությունում Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման փորձնական ծրագրի նախնական արդյունքներին: Քննարկվել են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագրի հիմնական դրույթներն ու ուղղությունները, ինչպես նաև իրականացման մեխանիզմները, որոնք զգալիորեն կնպաստեն լճի պաշարների համալրմանն ու բնական վերարտադրության պայմանների բարելավմանը:

Նախագահը Սևանա լճի համար կարևորագույն վերոնշյալ խնդիրների լուծման հետ միաժամանակ, ծրագրի իրագործման դեպքում կարևորել է նաև տարածքային համաչափ զարգացման համատեքստում Գեղարքունիքի մարզում բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսության զարգացմանը խթանելը:

 

Գեղասահքի Ճապոնիայի հավաքականը Երևանում է մարզվում

422621_188104891293273_1135168772_nԴեռևս տարեսկզբին  Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի  ղեկավարներն այցելել էին Երևան:  Այդ երկրի գեղասահքի հավաքականի  մենեջեր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, գեղասահքի երևանյան դպրոցի շրջանավարտ Արարատ Զաքարյանն  ասել էր , որ Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են  Սոչիի ձմեռային  օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն, որ ընդամենը 1 – 1, 5  ժամում  Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք: Եվ ահա,  Երևանի  մարզահամերգային համալիրի սահադաշտում  սեպտեմբերի մեկից  մեկշաբաթյա  ուսումնամարզական հավաք սկսեց  Ճապոնիայի գեղասահքի  հավաքականը: Նրանք  բոլորը  հեղինակավոր մարզիկներ են.  աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեֆան  Լամբիել ,  Նոբունարի Օդա, Տատսուկե Մաչիդա, Ակիկո Սուզուկի  և Սատոկո Միհարա:

Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի  ներկայացուցիչներ Հիդեիտո Իտոն,  Տացուրո  Մացումորոն և մարզիկներն  արդեն հասցրել են մանրամասն ուսումնասիրել սահադաշտը և  մեծ տպավորություն  ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը և հատկապես   «արագ» սառույցը: Ա. Զաքարյանն ասաց, որ   թիմը  Երևանից կմեկնի սեպտեմբերի 6-ին: Բայց  Սոչիի օլիմպիական խաղերից առաջ Ծագող արևի երկրի ընտրանին կրկին կժամանի Երևան, կպարապի մարզահամերգայինում, կհաղթահարի կլիմայավարժեցման փուլը, որից հետո  կմեկնի Սոչի :

Ճապոնացի  մարզիկ – մարզուհիների  պարապմունքներին կհետևեն  նաև Հայաստանի առաջատար և հեռանկարային գեղասահորդները:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Կողոպտիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել

ոստիկանություն3Սեպտեմբերի 3-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի մոտի խանութի ապակին կոտրել և գողություն են կատարել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի և Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 06.40-ին Իսահակյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Պ.-ին, որը նույն օրը, ժամը 06.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող  կրպակի ապակին կոտրելով՝ փորձել է գողություն  կատարել, սակայն հարակից  ռեստորանի պահակը նկատել և բռնել է նրան:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նոր նշանակումներ զինված ուժերում

ստորագրելՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ռազմական ոլորտում երկու նշանակում է կատարել:

Առաջին հրամանագրում ասված է. « Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.

Գեներալ-մայոր Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»։

Երկրորդ հրամանագրով ՀՀ ԶՈՒ  մարտական պատրաստության վարչության պետ  է նշանակվել գնդապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.

Գնդապետ Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում։

6 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների թվում

Levon-Aronyan054Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել  է դասակարգման նոր աղյուսակները:

Լևոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2813) և 2-րդ հորիզոնականում է: Առաջատարի դիրքը պահպանել է նորվեգացի Մագնուս Կառլսենը`  2862: 3-րդ տեղում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է  (2794):

Եվս 5 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների թվում: Անփոփոխ են մնացել Սերգեյ Մովսիսյանի (2699, 51-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանի (2691, 59-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանի (2671, 72-րդ տեղ), Տիգրան Պետրոսյանի (2660, 91-րդ տեղ) վարկանիշները: Իսկ ահա, ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2653) և 98-րդից նահանջել է 100-րդ հորիզոնական:

Կանանց  առաջատարը  հունգարուհի Հուդիթ Պոլգարն է (2696): Նրան հաջորդում են` Հոու Յիֆանը (2609), Համպի Կոներուն (2607):

Հայաստանից 100 ուժեղագույն շախմատիստուհիների թվում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան պահպանել է իր 2470 վարկանիշը` մեկ հորիզոնականով նահանջելով` 29-րդ տեղ: Իսկ ահա, Լիլիթ Մկրտչյանը, որ վերջերս Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել, զգալիորեն բարելավել է ցուցանիշը: Նա 15 կետով բարձրացրել է վարկանիշը (2469) և 36-րդ տեղից տեղափոխվել է 30-րդ հորիզոնական:

Հայաստանն իր միջին վարկանիշով (2661) 4-րդ տեղում է: Առջևում են` Ռուսաստանը (2742), Ուկրաինան (2703), Չինաստանը (2669): Լավագույն տասնյակում են նաև Ֆրանսիան (2659), Հունգարիան (2655), ԱՄՆ-ը (2651), Հնդկաստանը (2642), Հոլանդիան (2639), Իսրայելը (2630):

Ադրբեջանը 2623 վարկանիշով 13-րդ տեղում է, Վրաստանը (2593) 17-րդն է:

Վեճ և դանակահարություն Ջրվեժում

դանակահարելՍեպտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա հանրակացարանում դանակահարություն է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Հրաչ Ա.-ն դանակով հարվածել է Արմեն Ղ.-ին` պատճառելով  վնասվածք:
Ոստիկանության Մաշտոցի և Նոր Նորքի բաժնի  ծառայողները  նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի մոտից բերման են ենթարկել Հրաչ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Շախմատիստուհիները կխաղան Տաշքենդում

25441 chessՇախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 3-րդ փուլը կանցկացվի Տաշքենդում սեպտեմբերի 18-30-ը:

Էլինա Դանիելյանի մրցակցուհիները կլինեն Կոներուն, Չժաո Սյուեն, Ցզյույ Վենցզյունը, Լահնոն, Խոթենաշվիլին, Չմիլիտեն, Ստեֆանովան, Կոստենյուկը, Դրոնավալին, Գիրյան և Մումինովան:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  19  դեպքից բացահայտվել է 16-ը,  գողության 6 դեպքից` 3-ը, իսկ  խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  և գողության 2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մոսկվան կհամաձայնի Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն, եթե…

պուտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառվում, որ Մոսկվան իր համաձայնությունը կտա Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար, այն պարագայում, եթե ապացուցվի, որ Դամասկոսը քիմիական զենք է կիրառել: Այնուհանդերձ Պուտինը նշել է, որ անհրաժեշտ պայման է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը:

«Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը կտա իր համաձայնությունը: Բայց ուզում է ձեր ուշադրությունը հրավիրել միանգամայն սկզբունքային մի հանգամանքի վրա: Գործող միջազգային իրավունքի համաձայն՝ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդը կարող է թույլտվություն տալ սուվերեն երկրի նկատմամաբ զենք կիրառելու համար: Ցանկացած այլ առիթներ, միջոցներ, որոնք կարդարացնեն զենքի կիրառումը անկախ պետության նկատմամբ, անթույլատրել են և դա հնարավոր չէ այլ կերպ որակել, քան ուղղակի ագրեսիա»,-հայտարարել է Պուտինը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler», ՌԴ նախագահը ընդգծել է, որ առայժմ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հստակ ապացույցներ չկան և հայտնի չէ, թե իրականում ինչ է կատարվել Սիրիայում, այդ պատճառով էլ պետք է ամեն ինչ մանրամասնորեն ուսումնասիրել:

Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնության երեք ուղեգրերը գտան տերերին

կգgrigoryan_chessԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը  նվաճեց շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողի տիտղոսը:  Կարենը 12 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Ապա հաջորդեցին  Լևոն Բաբուջյանը (8,5) և Տիգրան Քոթանջյանը (7,5): Բոլորն էլ իրավունք ստացան մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը:

Թուրքիայի դեսպանը վերադառնում է Եգիպտոս

2 (1)Կահիրեում Թուրքիայի դեսպանը վերադառնում է Եգիպտոս, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:

Դեռևս օգոստոսի 16-ին դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալը հետ էր կանչվել Թուրքիա`խորհրդատվություն անցկացնելու նպատակով: Իր հերթին Եգիպտոսը հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին:

Թուրք-եգիպտական հարաբերությունների լարվածության պատճառ էր դարձել  այն, որ պաշտոնական Անկարան Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը “ռազմական հեղաշրջում” էր որակել:

Վեդիում մեքենաներ են բախվել

ապակիՍեպտեմբերի 3-ին, ժամը  18.30-ի սահմաններում,  Վեդի քաղաքի Արարատյան և Ն. Մկրտչյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21011»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ՎԱԶ-21015»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: