Նախագահը ներկա է գտնվել մայրաքաղաքի 2795-ամյակին նվիրված գալա համերգին

 

 4237Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձի առթիվ կազմակերպված «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության եզրափակիչ գալա համերգին:

 

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 50 մարդ է զոհվել՝ ներառյալ 13 երեխա

Rescue workers inspect the scene after a bus accident in the Yura district of ArequipaՊերուի մայրաքաղաք Լիմայի հարավարևելյան հատվածում ավտոբուս է ընկել գետը, որի հետևանքով մահացել է 50 մարդ՝ ներառյալ 13 երեխա:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը: Ավտոբուսը ճանապարհից գլորվել էր 200մ խորությամբ ձորը: Իշխանությունների տեղեկություններով՝ զոհվածների մարմինները հայտնաբերել են ընկնելու վայրից 100 մ հեռավորության վրա:

Փրկարար ծառայության աշխատակցի խոսքով՝ ոչ ոք չի փրկվել: Նա նաև նշել է, որ վթարի պատճառը հայտնի չէ:

Պերուական Անդերի մեծ բարձրության վրա գտնվող ճանապարհները վատ հռչակ են ձեռք բերել ավտոբուսների նմանատիպ վթարների պատճառով:

 

Ադրբեջանում հազարավոր մարդիկ ցույց են դուրս եկել՝ բողոքելով ընտրությունների արդյունքները

Camil HasaliՇաբաթ օրը հազարավոր մարդիկ են հավաքվել Ադրբեջանի մայրաքաղաքում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելու դեմ, այդ ընտրությունները լայնորեն քննադատվել էին նաև միջազգային դիտորդական առաքելությունները:

Բաքվում հավաքված ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունները և պաշտոնազրկել Ալիևին: Ալիևը իր հորը հաջորդել էր 2003 թ-ից՝ շարունակելով տասնամյակներ ձգվող դինաստիական իշխանությունը:

Բողոքի ցույցը գլխավորող պատմաբան Ջամիլ Հասանլին, որը ընդդիմության հիմնական թեկնածուն էր, ընտրություններում ստացել էր քվեների 6 տոկոսը, իսկ Ալիևը՝ 85:

Ոստիկանության հաշվարկներով՝ ցույցին մասնակցում էին 1500 մարդ, սակայն ընդդիմությունը հայտնում է, որ 8,000-10,000 մարդ էր հավաքվել: Այս ցույցին երեքից չորս անգամ քիչ թվով մարդ էր հավաքվել, քան 2003թ և 2008թ ընտրություններից հետո:

Հասանլին հայտնել է, որ այս կառավարությունը պետք է հեռանա և, քննադատելով Ադրբեջանի ընտրական կոմիտեի պաշտոնյաներին, հայտնել, որ նրանք ստանալու են իրենց պատիժը:

Հասանլին վերջին րոպեին է առաջադրվել որպես ընդդիմության թեկնածու, երբ ընդդիմության առաջին թեկնածուին Ռուսաստանի քաղաքացի լինելու պատճառով հրաժարվել էին գրանցել: Բազմաթիվ դիտորդներ պնդում են, որ նրա ընտրարշավը վատ է ծրագրված եղել:

 

Մեծ ռինգում նոր սպասելիքներ հայուհիներից

Ռաֆիկ Մեհրաբյան և հավաքականP8211217Ռաֆայել Մեհրաբյանը ժամանակին մարզել է ԽՍՀՄ, Հունաստանի, Հայաստանի բռնցքամարտի հավաքականները, և նրա սաներն ակնառու հաջողությունների են հասել: Մասնավորապես, 2008-ին  Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչը դարձել էր բրոնզե մեդալակիր: Այժմ փորձառու մասնագետը գլխավորում է Հայաստանի մարզուհիների հավաքականը: Եվ ահա, գեղեցիկ սեռի մեր երկրի ներկայացուցիչները փայլուն արդյունքներ են ցույց տալիս և հուսադրում, որ Ռիո դե ժանեյրոյում 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի ռինգում կարող են պարգևների հավակնել:

Բուլղարիայի Ալբենա քաղաքում օրերս կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը  երեք ներկայացուցիչ ուներ: Եվ մեր մարզուհիները տիրացան երկու մեդալի` արծաթե և բրոնզե: Վերադարձից հետո ահա թե ինչ ասաց  Մեհրաբյանը:

– Կատարվածը նոր լիցք կտա և ավելի կոգևորի: Հույս ունեմ, որ մեր մարզուհիներն ավելի ծանրակշիռ հաջողություններ կունենան: Իսկ այս ստուգատեսն անցկացվեց ծովափնյա Ալբենա քաղաքում: Բարձր մակարդակով էր կազմակերպվել: Ի դեպ, ֆրանսիացիները պետք է առաջնությունն ամռանն իրենց երկրում կազմակերպեին, բայց  ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվեցին այդ անել: Եվ ստուգատեսն անորոշ ժամկետով հետաձգվեց: Այդուհանդերձ,  լրջորեն նախապատրաստվում էինք և ցանկանում էինք անպայման մասնակցել: Ինքս որոշել էի, որ եթե հաջողություն չլինի, այլևս չեմ շարունակելու թիմի հետ պարապել:  Իսկ ռինգ էին դուրս եկել 35 երկրների ներկայացուցիչներ: Ուժերն էին չափում մինչև 16 և 18 տարեկան մարզուհիները: Մերոնք հանդես էին գալիս մինչև 16 տարեկանների մրցաշարում: Արծաթե մեդալակիր դարձած 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 16 տարեկան է, իսկ Ֆրիդա Սարգսյանը (44 կգ) և բրոնզե պարգևի արժանացած Անի Հովսեփյանը (54 կգ) 15 տարեկան են և մրցում էին իրենցից ավելի տարիքովների հետ:

 – Կանանց բռնցքամարտը տարածվո՞ւմ է աշխարհում:

– Դժվարանում եմ ասել, թե ինչքանով է հավաստի, բայց խոսակցություններ կան, որ ինչպես ըմբշամարտի դեպքում, հարց կարող է դառնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագրում մնալ կամ չմնալը: Եվ պայման է դրվել, որ այդ քայլին չի դիմվի միայն այն դեպքում, եթե կանանց բռնցքամարտը զարգացվի: Ի դեպ, մի շարք երկրներ, այդ թվում  Չինաստանը, Ռուսաստանը,  Բուլղարիան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, մարզուհիներ էին ռինգ դուրս բերել բոլոր` կրտսեր տարիքի 13 և ավագ տարիքի 10 քաշային կարգերում: Ամենաքիչ մասնակից ուներ Հայաստանը: Ադրբեջանից 4 մարզուհի կար:  Ի դեպ, սահմանակից երկրի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաք էին անցկացրել Բուլղարիայում այդ երկրի հավաքականի հետ միասին, բայց առաջին հանդիպումներում պարտվեցին և դուրս մնացին պայքարից: Մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականն եմ գլխավորում, և այդ ընթացքում շարունակ նախապատրաստվել ենք: Պարապել ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող բռնցքամարտի մարզասրահում: Գերատեսչության բռցքամարտի պատասխանատու Թաթուլ Հովհաննիսյանը շարունակ մեր թիմի կողքին է եղել, աջակցել է որպեզի խնդիրներ չունենանք: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի միջոցներով էլ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում: Հայաստանում բռնցքամատով կանոնավոր պարապում է երեք տասնյակ մարզուհի: Հավաքականում է ընդգրկվել նրանցից 18-ը: Թեկնածուներ կային, բայց  դեռևս նրանք պատրաստ չեն խոշորամասշտաբ ստուգատեսների: Փաստորեն, մեր երեք մարզուհիներն էլ նորամուտ էին նշում միջազգային ռինգում, նրանք նախկինում ներկայացուցչական ստուգատեսների մասնակցելու հնարավորություն չէին ունեցել:

Ինչևէ, նպատակային աշխատանք է կատարվում, որ մեր լավագույնները 2016-ի խաղերից առաջ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցեն: Հավաքականի թեկնածուների թվում են ոչ միայն Երևանի, այլև Դիլիջանի ու Լոռու, Արմավիրի մարզերի ներկայացուցիչները: Հավաքականի կորիզն են կազմում արմավիրցիները: Այս երեք մարզուհիներն էլ այդ մարզից են: Եվ շաբաթը 4 օր նրանք եկել են Երևան և մասնակցել հավաքականի մարզումներին: Ի դեպ, հասարակական կարգով մեծ աշխատանք է կատարում նրանց մարզիչը` Համլետ Սարգսյանը, որը Աղավնատուն գյուղում պարապում է համեստ պայմաններում` տեղի դպրոցի դահլիճում: Հավաքականի անդամներից  5-ն այդ գյուղից են: Ընդ որում, երեքը քույրեր են` Ֆրիդա, Քրիստինե, Հասմիկ Սարգսյանները: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: 2012-ին նա պետք է Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցեր, սակայն, ֆինանսների պակասի պատճառով այդ հնարավորությունը չեղավ:

 – Անցումը տղամարդկանց բռնքամարտից կանանց բռնցքամարտին Ձեզ համար դժվա՞ր էր:

– Չէի ասի, թե կանանց բռնցքամարտը շատ բանով է տարբերվում: Գրեթե նույնն են կանոնները, մրցավարությունը, մոտեցումը: Կարելի է ասել, որ կանանց բռնցքամարտն ավելի էլեգանտ է, մարտավարությունը գրագետ է: Բայց հարմարվելու առումով ինձ համար դժվար էր: Իսկ այժմ շատ հետաքրքիր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բռնցքամարտում հմտացնելը: Ի դեպ, մարզուհիներն ավելի պարտաճանաչ են, հրահանգները հստակ կատարում են, կարգապահությունը բարձր է, իսկ դա չի կարող արդյունք չտալ: Ասեմ, որ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանն էլ նախկինում դարձել է Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն: Օլիմպիական խաղերում կանայք մրցելու են 51 կգ, 60 կգ և 75 կգ քաշային կարգերում: Ունենք լավ մարզուհիներ առաջին երկու քաշային կարգերում, սակայն 75 կգ քաշային կարգում արժանի թեկնածու առայժմ չկա: Այդուհանդերձ, երեք քաշային կարգերում էլ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում մասնակիցներ ռինգ դուրս կբերենք:

 – Ի՞նչն էր ուսանելի Ալբենայում:

– Սարգսյանն առաջին հանդիպումում մեկ միավորի տարբերությամբ զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Նրա մրցակցուհին միջազգային ռինգում շուրջ հինգ տասնյակ հանդիպում էր անցկացրել, նաև մեր մարզուհուց մեկ տարով մեծ էր: Ֆրիդան հնարավորություն ուներ հաղթելու, բայց առաջին անգամ մեծ ռինգ դուրս գալով` չէր կարող անկաշկանդ լինել: Ընդ որում, ոչ ոք չէր հավատում, որ մեր բոլոր մարզուհիները նախկինում  միջազգային մրցումների չեն  մասնակցել: Իսկ Հովսեփյանը երեք հանդիպում անցկացրեց` հաղթելով ուժեղ մրցակիցների` Իռլանդիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին և պարտվեց միայն ուկրաինացի մարզուհուն: Մասնագետների մեծ մասը, նաև ինքս այն կարծիքին եմ, որ Անին հաղթեց, բայց մրցավարները 2:1 հաշվով հաղթանակը նվիրեցին նրա հակառակորդին: Արգենտինացի մրցավարը մեծ առավելությամբ էր հաղթանակը շնորհել Անիին, իսկ մյուս երկուսը` մեկ միավորի տարբերությամբ` 29:28 հաշվով ուժեղագույն էին ճանաչել ուկրաինուհուն:  Մինչև կիսաեզրափակիչ մրցավարությունն արդար էր, բայց հետո անդրկուլիսյան խաղեր սկսվեցին:  Չեմպիոնին որոշելիս կարծես ամեն ինչ պատվերով էր կատարվում: Այնպես որ Հովսեփյանը կարող էր նաև չեմպիոն դառնալ:

Իսկ Գրիգորյանն առաջին իսկ հանդիպումում մրցեց բուլղարացի մարզուհու հետ: Անուշը բացահայտ առավելություն ուներ, և երբ 2-րդ ռաունդում նրա մրցակցուհին երկրորդ անգամ հայտնվեց ռինգի հատակին, մրցավարը դադարեցրեց հանդիպումը: Հետո Անուշը հաղթեց Տայ Պեյի, Անգլիայի ներկայացուցիչներին, բայց պարտվեց չինացի մարզուհուն: Ընդ որում, երեք ռաունդներում էլ անզիջում պայքար էր: Չինացին ավելի փորձառու էր, և դա էլ օգնեց նրան, որ տիրանա ոսկե պարգևի: Ի դեպ, հադիպումից հետո Անուշն ասաց, որ եթե մեկ անգամ ևս մրցեր չինացու հետ, ապա անպայման կհաղթեր:

 – Հնարավոր չէ՞ր մինչև աշխարհի առաջնություն մեր մարզուհիներին որևէ միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն տալ:

– Ինչու չէ, բայց ֆինանսներ չկային: Հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն հավաքականը ֆինանսական աջակցություն կստանա: 2014-ին Անուշը կփորձի մասնակցել օլիմպիական պատանեկան խաղերին: Ապրիլին նախատեսվում են վարկանիշային մրցումներ Բուլղարիայում: Մինչև այդ նա ուսումնամարզական հավաքի կմասնակցի, նաև կարողությունները կփորձի միջազգային որևէ մրցաշարում: Անուշը մարզվում է Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:

 – Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները վարձատրվո՞ւմ են:

– Ոչ, բայց այս հաջողությունից հետո անպայման նրանց թոշակ կնշանակվի: Ի դեպ, մարզուհիները ոչ միայն պարապում են, այլև աշխատում են, ընտանեկան տնտեսություններում տարբեր գործերում են ներգրավված:

 – Բռնցքամարտը չի՞ խանգարում կանացիությանը, կարճ ասած`մարզուհիները տղամարդկային հատկանիշներ չե՞ն ձեռք բերում:

– Եթե իմ սաներից որևէ մեկը դառնա օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն, ապա ինքս կառաջարկեմ, որ նա հեռանա մեծ սպորտից և իր անձնականին ավելի շատ ուշադրություն դարձնի: Իսկ բռնցքամարտով զբաղվողները սովորական աղջիկներ են, շատ խելացի, նաև սրամիտ: Ի դեպ, մենք բավականին ուշացել ենք: Նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած, այժմ անկախացած երկրների ներկայացուցիչները վաղուց են սկսել այդ աշխատանքը: Օրինակ` Ղազախստանի կանանց առաջնությանը շուրջ 200 մարզուհի է մասնակցում: Ռուսաստանում, Ուկրաինայում կանանց բռնցքամարտն ավելի մեծ  տարածում ունի, և դժվար է այդ երկրների ներկայացուցիչների հետ պայքարել:

 – Իսկ փորձնական մրցամարտերը մեր մարզուհիներն ո՞ւմ հետ են անցկացնում:

– Ուսումնամարզական հավաքներին մասնակցել են նաև մեր մեծահասակ մարզուհիները, և նրանք օգնել են երիտասարդներին նախապատրաստվելու: Իսկ Աբովյանում անցկացված ուսումնամարզական հավաքի ժամանակ որպես մրցընկեր ռինգ էին դուրս գալիս ուժեղ սեռի Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները և պատրաստակամորեն օգնում:

 – Մարզագույքի կամ որևէ այլ չլուծված հարց կա՞:

– Ձեռնոցների պակաս է զգացվում: Այժմ նոր տիպի ձեռնոցներ են արտադրում, բայց մենք չունենք: Ցանկալի է նաև, որ թիմի հետ աշխատի կին սպորտային բժիշկ: Մարզուհիները տարբեր խնդիրներ են ունենում, և կին մասնագետը միայն կարող է օգնել: Ի դեպ, բոլոր հավաքականները Ալբենա էին եկել իրենց բժիշների հետ:

 – Հնարավո՞ր է, որ մեր մարզուհիներն օլիմպիական խաղերում մեդալների հավակնեն:

– Նախ պետք է ուղեգրերի տիրանալ: Եթե այդ նպատակը չիներ, աշխատանքս անիմաստ կհամարեի:

Վարչապետը մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

10763_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» կրթական ավանում մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Եկեղեցին կառուցվում է բարեգործական միջոցներով: Նախատեսվում է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարի անց:

Եկեղեցին, որի ճարտարապետն է Էրիկ Օհանյանը, կազմված է «մարդ-գրքերից»: Դրանք անձնավորված կենդանի գրքեր են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է սբ Թարգմանիչներից մեկին: 10763_am_5Եկեղեցու կառույցը խորհրդանշելու է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա խարսխված է հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը: Եկեղեցու հիմնահարկում գործելու է աստվածաբանական գրադարան:

Լևոն Արոնյանը՝ շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի հաղթող

Լևոն ԱրոնյանԻսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացքող շախմատի  «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Մրցակիցները կատարեցին 38-րդ քայլ: Արոնյանը հավաքեց 10 միավոր: Նա 4 միավորով առաջ է մերձակա հետապնդողից`անգլիացի Մայքլ Ադամսից:

«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր:

Այսպիսով, մեր երկրի ներկայացուցիչն անհասանելի է և մրցաշարի հաղթող է դարձել:

Նախագահն ընդունել է ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին

4236

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին:

Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին Հայաստանում, նշելով, որ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում Վլադիսլավ Տրետյակին և խորհրդային տարիների լեգենդար մյուս մարզիկներին, որոնց փառահեղ հաղթանակներով հպարտանալու բազմաթիվ հրաշալի առիթներ են ունեցել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում հոկեյի և ձմեռային այլ սպորտաձևերի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ ՌԴ հոկեյի ֆեդերացիայի համագործակցության ցանկությունն ու պատրաստակամությունը:

Վլադիսլավ Տրետյակը, ով առաջին անգամ է Հայաստանում, և այդ այցը համընկել է մայրաքաղաք Երևանի 2795-ամյակի տոնակատարության օրերին, նշել է, որ հաճելիորեն զարմացած է երևանցիների ջերմ հյուրընկալությունից ու իրեն ուղղված գնահատանքի և մեծարանքի խոսքերից: Ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ոլորտներում տարեցտարի զարգանում և ավելի է ամրապնդվում, Վլադիսլավ Տրետյակը նշել է, որ ուրախ կլինի նպաստելու սպորտի բնագավառում և հատկապես ձմեռային սպորտաձևերի զարգացման գործում ՌԴ-ի հետ փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

Բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը

P1050359Այսօր Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հուշատախտակի բացման արարողությունը Հայաստանի ազգային պատկերասրահի ճակատային հատվածում:

Հուշաքարի բացմանը ներկա էին ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ռուբեն Դրամբյանի դուստրը` արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանը, թոռնուհին` Շուշանիկը, արվեստագետներ և հյուրեր:

P1050332Հուշաքարի բացումից հետո սպասվում էր անակնկալ. Իրինա Դրամբյանը պատկերասրահին նվիրեց Մարկ Շագալի  «Ամառանոց Զաոլշյեում, Ինտերիեր 1915» ստեղծագործությունը, որն իր հայրը գնել էր անմիջականորեն Մ.Շագալից: Ազգային պատկերասրահում Մ.Շագալից կար ընդամենը մեկ գործ: Մի հետաքրքիր փաստ ևս. նկարների դասավորման ժամանակ մեկ այլ ռուս նկարչի նատյուրմորտի ետևում հայտնաբերել էր լավ պահպանված Մ.Շագալի 1920թ.-ի «Հորինվածք» նկարից մի հատված: Եվ էլի մի հետաքրքիր զուգադիպություն. «Ինտերիեր» նկարի պատուհանից դուրս երևացող բնապատկերը նույնն է, ինչ պատկերասրահում գտնվող 1918 թվականին նկարված «Ամառանոց» կտավում է պատկերված:

Սա չափազանց արժեքավոր նվիրատվություն էր, քանզի Ռուբեն Դրամբյանն էլ առաջին հերթին միշտ մտածել և հարստացրել է մեր ազգային պատկերասրահը:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Իրինա Դրամբյանին մշակույթային ժառանգության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց ոսկե մեդալով:

Պատկերասրահը հիմնադրվել է 1921թ.` որպես Հայաստանի պետական թանգարանի արվեստի բաժին, որի համար հիմք են հանդիսացել հայ նկարիչների նույն թվականին կազմակերպած ցուցահանդեսի աշխատանքները, այնուհետև համալրվել է Մոսկվայի` Սովետական Հայաստանի կուտուրայի տան և նախկին Լազարյան ճեմարանի հավաքածուներով, նվիրատվություններով, Մոսկվայի և Լենինգրադի թանգարանային ֆոնդերից ձեռք բերված գործերով, թանգարանային գնումներով ու փոխանակումներով: Պատկերասրահի ֆոնդերի ձեռք բերման գործում նշանակալի է 1925-51 թթ. պատկերասրահի տնօրեն արվեստաբան Ռուբեն Դրամբյանի (1891-1991)  ներդրումը:

                                                                                 Կարինե Աղաբաբյան

Նախագահը դիտել է մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները

4221_bՆախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այսօր շրջել է 2795-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակներում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ:

Հանրապետության Նախագահը երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի նաև տոնի առթիվ նախատեսված եզրափակիչ գալա համերգին:

Պոլիտեխնիկում աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով է ստեղծվել

hayastani-petakan-tc-3948327-1Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ–ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ:

Նման հանձնաժողով ձևավորելու որոշումը կապված է ՀՊՃՀ-ում նոր ուսումնական տարվանից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմի ներդրման շուրջ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների անհամաձայնության հետ:

Հանձնաժողովում ընդգրկված են Արհեստակցական կազմակերպության նախագահը, բուհի երկու պրոռեկտորները, Ծրագրա-մեթոդական վարչության և Ֆինանսատնտեսագիտական վարչության պետերը, Ուսանողական խորհրդի նախագահը, աշխատավարձերի նվազման դեմ ստորագրահավաքի նախաձեռնողները և ՀՊՃՀ այլ աշխատակիցներ:

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

489F748A-07A8-4CC6-9F9B-E637B005E83F_mw1024_n_sՀոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի  Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին  ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: 

Բրյուսելում նախատեսված է նաեւ  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հանդիպումը  Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի հետ:

 

 

Նախագահն ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

4210_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Հանրապետության Նախագահին Արա Աբրահամյանը ներկայացրել է ս.թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում և Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական այդ կառույցի կողմից ամեն տարի իրականացվող բարեգործական ծրագրերն ու մրցանակաբաշխությունները, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանն աջակցության աշխատանքները: Արա Աբրահամյանը նշել է, որ իր գլխավորած կառույցի ուշադրության կենտրոնում են նաև երիտասարդության հիմնախնդիրները, որոնք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն:

Այդ համատեքստում Արա Աբրահամյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ խոսել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի այսօրվա համագումարում, ինչպես նաև երիտասարդական պառլամենտի անդամների հետ այս օրերին ունեցած հանդիպման ժամանակ քննարկված հարցերի և նախանշված գործողությունների ծրագրի մասին, որը, ըստ նրա, միտված է համազգային նպատակների ու շահերի շուրջ հայ երիտասարդության համախմբմանը, երիտասարդների միջև համագործակցության խթանմանը, երիտասարդության դերի բարձրացմանն ու համահայկական նախաձեռնություններում ներգրավվածության մեծացմանը:

Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, ընդգծելով, որ համահայկական այդ կառույցի կողմից իրականացվող աշխատանքները կարևոր են Հայրենիքի հզորացման, աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ երիտասարդության համախմբման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս սատարել կառույցին՝ համազգային նախաձեռնությունների իրականացման գործում:

Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ միության և կոնգրեսի ծրագրերին մշտապես աջակցելու համար, կարևորել նաև պետական մարմինների և համահայկական այլ կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը:

Թուրքերը ուրախ են Հայաստանի հավաքականի հաղթանակի համար

Armenia-teamԵրեկ Աշխարհի 2014 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հարկի տակ կարողացավ առավելության հասնել Բուլղարիայի հավաքականի նկատմամբ՝ հակառակորդի դարպասն ուղարկելով երկու գնդակ:

Թուրքական մարզական լրատվական կայքերը ևս անդրադարձել են Հայաստանի հավաքականի տարած տպավորիչ հաղթանակին: Մանրամասնորեն նկարագրելով խաղի ընթացքը, գրանցված երկու կարմիր քարտը, թիմերի խփած գնդակները՝ թուրքական կայքերը կարծես թե ուրախ են Բուլղարիայի պարտության համար: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականը, հաղթելով Բուլղարիային, Աշխարհի առաջնությանը մասնակցելու հույս է առաջացրել թուրքերի համար: Բուլղարիայի պարտության շնորհիվ Թուրքիայի ազգային հավաքականի իր խմբում լավագույն երկրորդը լինելու շանսերը բավական մեծացել են, որի շնորհիվ թուրքերը հնարավորություն կունենան մասնակցելու փլեյ-օֆ փուլին:

Իտալիան վաճառքի կհանի 50 պատմական վայրեր կառավարության պարտքը կրճատելու համար

italy-Orsini Odescalchi castleԻտալիայի կառավարությունը վաճառքի կհանի որոշ պատմական վայրեր՝ բյուջեի հսկայական դեֆիցիտը կրճատելու համար:

Վաճառքի հանված 50 պատմական վայրերի շարքում են տեսիլքներով ամրոցը, կարդինալի պալատը և Վենետիկի ծովացոցում գտնվող կղզի:

Նմանատիպ քայլ 2012թ-ին կատարել է Հունաստանը, որը ստիպված էր մի քանի գեղեցիկ կղզիներ վաճառել օտարերկրյա գնորդներին իր հսկայական պարտքերը կրճատելու համար:

Իտալիայի կառավարությունը հույս ունի, որ ազգի հարստությունները կգնեն մասնավոր բիզնեսմեններ և դրանք հյուրանոցների, ռեստորանների ու թանգարանների վերածելով՝ երկրում անհրաժեշտ աշխատատեղեր կստեղծեն, ինչպես նաև ներդրում կկատարեն տնտեսության մեջ:

Էկոնոմիկայի նախարար Ֆաբրիցիո Սակկոմաննին նպատակ ունի տեսարժան վայրերի վաճառքից 425 միլիոն ֆունտ ստանալ:

Այս որոշումը հաստատվել է արտակարգ հրամանագրով, որը նպատակ ունի բյուջեի 2013թ-ի դեֆիցիտը պահել 3 տոկոսի սահմաններում, որպեսզի խուսափեն Բրյուսելի ուղղիչ գործողություններից:

Իրականում հանրային պարտքը մարելու նախագիծը իր մեջ ներառում էր 350 պատմական վայրեր, սակայն պաշտոնատար անձիք մտավախություն են հայտնել, որ որոշ սեփականություններ, ինչպիսիք են ռազմաօդային բազաները, հարմար չեն կոմերցիոն շուկայի համար:

Անշարժ գույքի ցանկում ընդգրկված է նաև Հռոմից 93 կմ հեռավորության վրա գտնվող Օրսինի միջնադարյան ամրոցը, որը 1270-ականներին կառուցվել էր Նիկոլաս III պապի համար և վաճառքի է հանվել 15 միլիոն եվրոյով: Ենթադրաբար այնտեղ բնակվող տեսիլքների պատճառով ամրոցը 19-րդ դարից մինչև 1989թ-ը ծառայել է որպես բանտ, իսկ դրանից հետո՝ որպես պատկերասրահ:

«Արարատը» զարմանալի դիրքում

armenia-soccer-league-Pyunik-vs-AraratՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում  ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:

Թիմը բոլորից քիչ` 4 գնդակ է բաց թողել և վաստակել է բոլորից շատ` 14 միավոր:

Ուշագրավ է, որ 2008-ից հետո առաջին անգամ է  «Արարատը» վերին հորիզոնականում դիրք գրավել: Իսկ  տարիներ առաջ թիմը չեմպիոն չդարձավ, թեև արժանի էր: Պատճատն այն էր, որ «Փյունիկը» հաղթեց «Ոսկե խաղում»: Դրանից հետո տարաձայնություններն ավելի խորացան վերջինիս փաստացի տեր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Արարատ» ակումբի ներկայացուցիչների միջև: «Արարատի» արտասահմանցի ղեկավարները` Վարդան Սրմաքեշը և Հրաչ Կապրելյանը, արդարություն պահանջելով, հեռանկար չտեսնելով, այլևս չցանկացան, որ մեծ ներդրումներ արվեն: Թիմը քանդվեց: Հեռացողները քիչ չէին: Իսկ «Արարատի» լավագույն խաղացողը` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն այժմ կրում է ռուսական «Կրասնոդարի» մարզազգեստը,  տեղափոխվեց «Փյունիկ»:

Ինչևէ, «Արարատն» այս մրցաշրջանում, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ, զգալիորեն առաջադիմել է, և արդյունքն ակնառու է:

Ի դեպ, թերևս զուգադիպություն է, բայց այս օրերին նշվում է լեգենդար «Արարատի» ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյակը, և «Արարատի» ներկայիս զբաղեցրած դիրքը լավ նվեր է Հայաստանում հավաքված փառաբանված թիմի խաղացողների համար:

«Արարատից» 2 միավորով հետ է մնում «Փյունիկը»: Ապա հաջորդում են Կապանի «Գանձասարը» և «Միկան»` 11-ական միավոր: Վերջինս առաջնության մասնակիցներից միակն է, որ դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: 9 միավորով 5-րդ հորիզոնականում  է հաստատվել նախորդ առաջնության չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Թե ինչն է խանգարում, դժվար է գուշակել: Նույնը կարելի է ասել նաև 8 միավորով հաջորդող «Բանանցի» մասին, որը միայն մեկ հաղթանակ է տարել: Իսկ ահա աղյուսակը 3-ական միավորով եզրափակող «Ալաշկերտը» և «Ուլիսը» հիասթափեցնում են: Այս թիմերը դեռևս հաղթանակ չունեն:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի հոկտեմբերի 19-ին:

 

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ՝ մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և բազմամյա վաստակի համար

001 (1)Երևանի 2795-ամյակի կապակցությամբ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք ոլորտներում բազմամյա և ակտիվ գործունեություն ծավալած անձանց պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով:

Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և երևանցու բարօրությանն ուղղված ներդրման համար:

«Սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երևանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ամենակարևորն է, բոլոր այդ մարդիկ,  յուրաքանչյուրն իր տեղում, իր աշխատանքն արել ու անում է ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ սիրելի քաղաքի բարօրության: Տոնական այս օրը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այդ մարդկանց՝ իրենց նվիրումի ու անշահախնդիր աշխատանքի համար: Վստահ եղեք, որ նման նվիրումը և աշխատանքը երբեք չի վրիպում մեր ուշադրությունից»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը՝ երաժշտության բնագավառում բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար:

Քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ բազմամյա վաստակի և արգասաբեր գործունեության համար:

Տարոն Մարգարյանը քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին՝ Երևան քաղաքում առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և անմնացորդ աշխատանքի համար:

Լրատվության բնագավառում նշանակալի անվանդի և անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակից Տիգրան Լիլոյանը:

Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, մշակույթի բնագավառում բազմամյա վաստակի և արգասաբեր գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Երևան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալի է արժանացել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանը:

Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի պարուսույց Հովհաննես Խաչիկյանը ևս պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով՝ պարարվեստի բնագավառում մատուցած ծառայությունների և երկարամյա վաստակի համար:

Հանրային ռադիոյի հաղորդավար,  ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում երկարամյա վաստակի համար:

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով հրապարակախոսական, հասարակական, գրական լայն գործունեություն ծավալելու և ստեղծագործական մեծ վաստակի համար պարգևատրվել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Գեղագիտական դաստիարակության բնագավառում բազմամյա վաստակի և  արգասաբեր գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեղագետ Յակով Խաչիկյանը:

Պարգևատրվածներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին գնահատանքի և ուշադրության համար՝ հատկանշելով, որ պարգևը պարտավորեցնում է ավելին անելու սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Միակողմանի երթևեկությունը կդառնա երկկողմանի

ոստիկան1Հոկտեմբերի 16-ից փոփոխություն է տեղի ունենալու մայրաքաղաքի փողոցներում:

Խորենացի փողոցը՝ Խորենացի-Բեյրութի փողոցների խաչմերուկից (Շահումյանի անվան հրապարակից) մինչև Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկն ընկած հատվածը դառնում է երկկողմանի՝ նախկին միակողմանի երթևեկության փոխարեն: Նշված փողոցում ավտոմեքենաների կայանումն օրենքով սահմանված կարգով կազմակերպվելու է մայթեզրին` զուգահեռ վիճակում:

Ճանապարհային ոստիկանություն

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները

3“Մենք կիսում ենք հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ) դիտորդների նախնական զեկույցում արտացոլված անհանգստությունը”,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Դևիդ Լիդինգտոնը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համատեղ զեկույցում, բացի տեխնիկական պատրաստվածության մասին դրական արձագանքներից և ընտրություններին հետևելուն քաղաքացիների ներգրավումից, լուրջ անհանգստություն է հայտնվում։

Նա նշել է, որ քվեարկության օրը եղել են բազմաթիվ խախտումներ։ “Դրական պահերից զատ, ես կիսում եմ նաև ԺՄԻԳ-ի անհանգստությունն առ այն, որ ընտրությունների անցկացման մակարդակը չի համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին”,-ասել է Լիդինգտոնը ։

 

Թուրքիայում գնալով սրվում են կուսակցական հակասությունները

chp-akpԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը՝ նշելով, որ վերջինս երկիրը մասնատման է տանում: Նման հակասության պատճառ է դարձել այն, որ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցությունը օրերս դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել հասարակական վայրերում հիջաբի կրումը: Բոզդաղը նշել է, որ նման վերաբերմունքը հակասում է մարդու իրավունքներին:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին վարչապետ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթի» համաձայն՝ նախատեսվում է վերացնել պետական կառույցներում (բացի զինված ուժերից) հիջաբ կրելու վերաբերյալ արգելքը: Հրապարակված բարեփոխումների նախագիծը միանշանակ չէր ընդունվել նաև Ազգայնական շարժում կուսակցության կողմից: Մասնավորապես ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ փաթեթում հաշվի չեն առնվել թուրք ժողովրդի իրավունքները, այն վնաս է հասցնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հակասում է պետության շահերին:

Ինչպես երևում է 2014 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում սրվում են հակասությունները քաղաքական կուսակցությունների միջև: Մասնավորապես կրկին օրակարգ են գալիս գաղափարախոսական անհամաձայնությունները իշխող Արդարություն և զարգացում կուսակցության, որը առաջ է տանում քաղաքական իսլամի հայեցակարգը և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության միջև, որը ավանդաբար հանդիսանում է Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության՝ քեմալիզմի պահապանը:

Նախագահը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ

58441Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին.

«Սիրելի՛ Ջիվան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայ երաժշտական արվեստը Դուք հասցրիք նոր բարձունքների: Հատկապես Ձեր շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ:

Սիրելի՛ Վարպետ,

Ուրախ եմ և հպարտ, որ բախտ եմ ունեցել վայելելու Ձեր բարձրարվեստ կատարումները: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»: