Փետրվարի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.15 դրամ:
NASDAQ OMX Armenia
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նրան մասնավորապես հետաքրքրում էր Տնտեսագիտական և Ագրարային համալսարանների ուսանողների գռեհիկ վարքը, որ այդպես էլ մնացել է անպատիժ: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտեց. «Փոխանակ ԿԳՆ-ն պատժի այդ երիտասարդներին, ՀՀ երիտասարդական հիմնադրամը տնտեսագիտականի Ուսանողական խորհրդին պարգևատրում է մրցանակով, ինչից հետո` փետրվարի 13-ին, ոգևորված, Ագրարային համալսարանաի ՈՒԽ-ն է փողոցային «ռազբոռկա» սարքում իրենց իրավուքն իրացնող քաղաքացիների հետ: Պարոն Աշոտյան, ի՞նչ է կատարվում կրթության համակարգում: Քրեական հիմնարկների օրինակով հսկողության տա՞կ եք պահում բուհերը: Եթե չեք պատժում ուսանողներին ռեկտորների գլխավորությամբ, ուղերձ եք հղում հասարակությանը, որ ինքը լուծի այդ հարցը: Թե՞ կարծում եք ՀՀԿ-ի պինդ տղերքի նման պինդ մարդիկ չկան: Կան և ուրիշ անգամ բոլորովին ուրիշ արդյունք կլինի»:
Արմեն Աշոտյանն իր պատասխանում նկատեց, որ Փաշինյանի հարցի սրությունը կապ չուներ հարցադրման էության հետ: Նա կոչ արեց կրթության մասին խոսելիս խորհրդարանում ուրիշ տոն օգտագործել. «Չեմ կարծում, որ ձեզ հետևողների թիմը մարտի մեկից առաջ կավելանա, եթե նման կերպ խոսեք, – ասաց Արմեն Աշոտյանը, ապա շարունակեց,-ասեմ, որ կրթության ոլորտը ապաքաղաքականցված է ավելի, քան երբևէ: Հիշեցնեմ, որ այդ համալսարանի ուսանողական խորհուրդը ներողություն է խնդրել վիրավորանքների համար: Եվ հետո` չե՞ք կարծում, որ շատ լավ է, որ չենք հեռացրել ոչ մի ուսանողի: Դուք, որ քաղաքական պատճառներով հեռացվել եք համալսարանից, պետք է ուրախ լինեք, որ այսօր քաղաքական պատճառներով ոչ ոք չի զրկվում կրթության իրավունքից»:
Նիկոլ Փաշինյանին պատախանն էլ ավելի վրդովվեցրեց. «Կարո՞ղ ա Մարտի մեկի հանցագործներն էլ են ներողություն խնդրել, որ չեք պատժում: Քրեական հանցագործությունը ենթադրում է քրեական պատիժ: Ինչ վերաբերում է իմ տոնին, ավելի լավ է ձեր կառավորության անդամներին սովորեցնեք` ինչ տոնով խոսել խորհրդարանում: Խոսելու ենք այնպես, ինչպես դուք եք խոսում»:
Սրանից հետո Արմեն Աշոտյանը, չգիտես ինչու, հայտարարեց, որ, այնուամենայնիվ, նկատեց Փաշինյանի տոնի մեղմացում:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները գործնականում զանգվածային ձևով արձանագրում են, թե ՀՀ ավտոճանապարհներին նախկինում երբեք իրենց այսպիսի թալանի չեն ենթարկել. «Խոսքը տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների մասին է»,-պարզաբանեց նա` ներկայացնելով կառավարությանն արված իր հարցման նույնքան տխրահռչակ արդյունքները:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն` քաղաքացիները տեսախցիկների տեղադրումից հետո ութ ու կես միլիարդ դրամ ավելի գումար են վճարել: «Սա ռեկետ է, հատկապես որ կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գազի գինն եք թանկացնում: Քիչ է մնում մեր «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեք տեսնելու համար, թե մենք պատճաշ արագությամբ ենք մեր տներից դուրս գալիս, թե ոչ: Սա արվում է մարդկանց գրպանից փող գռփելու համար, իսկ գումարը չի մտնում պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ եթե Փաշինյանը դա որպես ռեկետ է դիտարկում, ապա նույն տրամաբանությամբ ռեկետ են բոլոր հարկերը, վճարներն ու տուրքերը: Նախարարն էլ իր հերթին հարցրեց, թե կարող է՞ արդյոք պատգամավորն արձանագրել մի դեպք, որ խախտում չի եղել, սակայն արձանագրվել է: «Հակառակ դեպքում կարող ենք նստել և պայմանավորվել, որ մեզ ոստիկաններ էլ պետք չեն, ընդհանրապես հանենք ոստիկանությունը»:
Ինչ վերաբերում է գումարները պետական բյուջե չմտնելուն, ապա նախարարը որոշակի թվերով փաստարկներ բերեց, որ այդ գումարներից ծախսեր են արվել նաև պետական կարիքների համար, իսկ մի մասն էլ օգտագործվել է որպես պարգևատրային գումար:
Սակայն Փաշինյանին նախարարի պատասխանը չբավարարեց. «Դուք չպատասխանեցիք ամենակարևոր հարցին` Սերժ Սարգսյանի եղբա՞յրը որքան շահույթ է ստացել այս գործարքից»:
Հրայր Թովմասյանն էլ իր հերթին հարցրեց, թե Փաշինյա՞նը որքան եկամուտ ունի այդ գործարքից:
Ինչ վերաբերում է անհիմն խախտումներին, ապա Փաշինյանը հիշեցրեց Դավթաշենի կամրջի օրինակը` նշելով, որ դրա մասին ամբողջ Երևանը գիտի: «Մարդկանց սովորական ճանապարհին ամիսը մեկ փոփոխություններ են արվում»,-նկատեց նա:
Նա խոստացավ իր պատգամավորական լիազորություններն օգտագործելով` սեփական հետաքննությունն իրականացնել, որովհետև կարծում է, որ այդտեղ կա հսկայական կոռուպցիա: «Միանշանակ այս տեսախցիկները պետք է հանվեն և պետք է սկսվի հետաքննություն խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար»,-ասաց նա:
Հրայր Թովմասյանն էլ հորդորեց ազնիվ լինել և ընդունել ոստիկանության կողմից հրապարակված թվերը, թե այդ տեսախցիկների տեղադրումից հետո մահվան ելքով վթարները որքան են նվազել: «Իմ համար մեկ մարդու կյանքը շատ ու շատ ավելի կարևոր է, քան այդ գումարները,-ասաց Հրայր Թովմասյանը,-իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհն է գնացել այս ճանապարհով, և սա նորություն չէ»:
«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը վերլուծելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, ինչպես նաև Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությունը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն ուկրաինական դեպքերից` հասկանալով, թե որքա՞ն վտանգավոր է անտեսել հասարակության պահանջները: Հայաստանյան օլիգարխիան և ընդդիմությունը ևս պետք է դասեր քաղեն Ուկրաինայի դեպքերից: Ըստ բանախոսի` օլիգարխիան պետք է աչքի առաջ ունենա հատկապես Յանուկովիչի փախուստը, իսկ ընդդիմության քաղած դասը նախևառաջ պետք է վերաբերի շարժիչ ուժին:
Խոսելով Հայաստան-Ուկրաինա նմանություններից` Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ կան և’ նմանություններ, և’ տարբերություններ:
«Հատկապես տնտեսական անհամատեղելիության և հասարակական անվստահության հարցում Ուկրինայի և Հայաստանի մեջ շատ նմանություններ կան, թեև Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շատ ավելի քիչ է կազմակերպված, քան Ուկրաինայինը»,- ասաց Ռիչարդ Կիրոկասյանը:
Ըստ բանախոսի` այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կոչվում է կարմիր նարնջի արյունալի հեղափոխություն: Ես դժվարանում եմ ասել, թե ի՞նչ կլինի այնտեղ, բայց համոզված եմ, որ Ուկրաինան տարածքային փլուզում չի ունենա: Բացի այդ, Ռուսաստանի համար կարևոր է նաև, որ Ղրիմը մնա Ուկրաինայի կազմում:
Վերադառնալով հայաստանյան դեպքերին` Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ Հայաստանի հին ընդդիմությունը ձախողվել է երեք կատեգորիաներում` առաջնորդություն, կազմակերպվածություն, ռազմավարական տեսլական: Իհարկե, նորամուծությունները ևս կարևոր են, բայց Հայաստանի ընդդիմության համար պետք է դաս լինի նաև այն, որ աշխարհագրական ակտիվությունը ևս շատ կարևոր է, պետք է շրջաններում էլ ակտիվ քայլերի դիմել:
Հարցին` արդյո՞ք մարտի 1-ի դեպքերից տարիներ անց հայաստանյան ընդդիմությունը դասեր է քաղել, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Ցավոք, և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ ընդդիմությունը պատմությունից դասեր չեն քաղել: Չեմ կարծում, որ առաջիկայում նրանք իրենց սխալները կշտկեն»:
Սիմֆերոպոլում` Ղրիմի խորհրդարանի պատուհանների մոտ, զանգվածային ընդհարում է տեղի ունեցել Ուկրաինայի նոր իշխանության կողմնակիցների և նրանց դեմ դուրս եկողների միջև: Եվրամայդանի կողմնակիցների օգտին ելույթ են ունեցել Ղրիմի թաթարները, որոնք “Ալահ Ակբար” կոչերով ճեղքել են ռուսամետ տրամադրված խմբերից բաժանող պատնեշը: Մասնակիցներից մեկի գլուխը ջարդել են , հաղորդում է “Аргументы Недели. Крым”:
Մոսկվայի ժամանակով 17:00 նշանակված է Ղրիմի Վերին Ռադայի արտահերթ նիստ, որի ընթացքում թերակղզու իշխանությունը պետք է որոշի Ուկրաինայի ներկա իրավիճակում իր անելիքը:
Սկզբում “Ռուսկոե եդինստվո” կուսակցության կողմից ցանկություն կար միտինգ անցկացնել` պահանջելով Ղրիմի անկախության հանրաքվե: Տեղեկանալով այդ մասին Ղրիմական-թաթարական միջլիսի և Եվրամայդանի ներկայացուցիչները սոցիալական ցանցերով հորդորեցին իրենց կողմնակիցներին հավաքվել խորհրդարանի պատերի մոտ, որպեսզի խոչընդոտեն ռուսամետ ակցիային: Արդյունքում Ղրիմի Ռադայի մոտ հավաքվեց մոտ 5000 մարդ`մեծամասամբ Ղրիմի թաթարներ: Նրանք գոռում էին “Ալլահ ակբար” և “Ղրիմը թաթարներինն է” :
“Ղրիմի թաթարները չեն թույլ տա այս հողի ճակատագիրը որոշել առանց իրենց”-հայտարարել է Ղրիմի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմ-թաթարական միջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը:
Հայտնի է, որ հանրաքվեի կողմնակից են նաև շատ կազակներ: Ղրիմի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով սլանում են ռուսական դրոշներով ավտոշարասյուններ: Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Անատոլի Մագիլովը կոչ է արել Ղրիմի հոգևոր առաջնորդներին թույլ չտալ ազգամիջյան հակամարտություն, հաղորդում է “Новости Крыма за 15 минут”կայքը:
Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 26 մարդկանց՝ ահաբեկչական խմբավորում կազմելու և Սուեզի ջրանցքը թիրախ դարձնելու մեղադրանքով:
Կահիրեյի քրեական դատարանը վճիռը կայացրել է չորեքշաբթի օրը: Դատավարությանը ներկա էր մեղադրյալներից միայն մեկը:
Դատարանը մեղադրել էր խմբին անցած տարի ջրանցքով անցնող նավերի, անվտանգության կառույցների, օտարերկրյա զբոսաշրջիկների, քրիստոնյաների և ոստիկանության նկատմամբ հարձակումներ ծրագրելու մեջ:
Ալ Քաիդայի հետ կապ ունեցող խումբն ստանձնել էր ջրանցքի ուղղությամբ անցած տարի ռեակտիվ նռնակով հարձակման պատասխանատվությունը:
ՌԴ միգրացիոն քաղաքականության ոլորտում 2014թ. հունվարից գործող փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի քննարկման նպատակով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, պետքարտուղար Եկատիրինա Եգորովայի հետ:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել Մաքսային Միությանը և ընդհանուր տնտեսական տարածքին Հայաստանի միանալու, ինչպես նաև ապագայում Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համատեքստում միգրացիոն ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Հայաստանում ամենից շատ թմրանյութ օգտագործում են Երևանում, մարզերից՝ Արմավիրում: Ի դեպ, ոչ միայն Արմավիրում, այլև ողջ Հայաստանում բնակլիմայական պայմաններով պայմանավորված` հեշտությամբ կանեփ է աճում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
Ըստ Արթուր Մինասյանի` ինչպես ողջ աշխարհում է նկատվում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճ՝ մոտ 7%–ով, այնպես էլ Հայաստանում:
«2012-ին գրանցվել է և բացահայտվել է 1139 հանցագործություն, 2013-ին՝ 1222 դեպք: Եթե 2012-ին առգրավվել է 23կգ 440 գ թմրանյութ, ապա 2013-ին՝ 95 կգ-ից ավելի։ Հայաստանում գլխավորապես օգտագործվում է կանեփ տեսակի բույսից պատրաստված և մարիխուանա տեսակի թմրանյութ: Եղել են դեպքեր, երբ փորձ է արվել թմրանյութ ներկրել հարևան Իրանից: Փորձել են ներկրել մոտ 14 կգ թմրամիջոց: Գրանցվել է նաև հաշիշ-ափիոն տեսակի նյութերի առևանգում մոտ 1 կգ-ի չափով»,- ասաց Արթուր Մինասյանը:
Բանախոսի փոխանցմամբ` թմրամիջոցների ապօրինի օգտագործողերի թիվն ավելացել է: Եթե 2012-ին հայտնաբերվել է թմրամիջոցներ ապօրինի օգտագործող 1009 ՀՀ քաղաքացի, 2013-ին այս թիվն աճել է՝ դառնալով 1523:
ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանի խոսքով՝ թմրամոլների տարիքը հիմնականում տատանվում է 25-40-ի միջակայքում: Թմրամոլների 20%-ը բուժվում է, 80%-ը ինչ-որ շրջանում դարձյալ վերադառնում է թմրանյութերին: Տարեկան 9-10 անչափահաս է դառնում թմրամոլ:
«Հայաստանում նաև, այսպես կոչված, սինթետիկ թմրամիջոցների օգտագործման մի քանի դեպք է գրանցվել: Այս թմրամիջոցներն արտադրվում է Չինաստանում: Թմրամիջոցին խառնվում է շատ քիչ քանակությամբ սինթետիկ նյութ, որի շնորհիվ թմրամիջոցի ներգործությունը հինգ անգամ ավելի շատ է լինում և շատ ավելի մատչելի է ափիոն-հերոինից։ Ներերակային թմրամիջոց օգտագործողների թիվը նվազել է ի հաշիվ այլ տեսակի թմրանյութերի: Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, սակայն հաշվառվածները 4332 են, որոնցից 85-ը թունամոլ է, այսինքն` չարաշահում է հոգեմետ դեղամիջոցները: Հաշվառված թմրամոլների թվում կանայք 55-ն են: 30 000-ից 12 700-ը ներերակային թմրամիջոց օգտագործող թմրամոլներ են»,- ասաց Պետրոս Սեմիրջյանը:
2014-ի հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են գտնվել ոչ ավել, քան 90 օր։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։
Հարցին` արդյո՞ք ստացել է ռուս գործընկերոջն ուղղված իր նամակի պատասխանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ քննարկումներ են ունեցել ռուսական կողմի հետ:
«Խնդիրը չի վերաբերում միայն պաշտոնապես հայտարարված 170 հազար հայերի դեպորտի վտանգին, խոսքը վերաբերում է այնպիսի դեպքերին, որոնք այսօր կան մեր իրականության մեջ: Օրինակ, ամուսնուն արդեն իսկ արտաքսել են, իսկ ընտանիքը մնացել է Ռուսաստանում, ինչն իսկապես լրջագույն խնդիր է: Ռուսական կողմի հետ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, վաղը տեղի կունենան առաջին քննարկումները: Ռուսաստանի մեր գործընկերները հասկացել են, որ խնդիրը կարևոր է մեզ համար: Այս խնդիրը լուրջ տնտեսական, քաղաքական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Արձագանքը կա, սխեմաները կան, ես հուսով եմ, որ դրական լուծումներ կգտնենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Խնդրագիր գրելու փոխարեն ճիշտ չէր լինի՞, որ իշխանությունները մտածեին աշխատատեղեր ստեղծելու մասին հարցին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ոչ մի խնդրագիր չեմ գրել, և հետո խոսքն այսօր այստեղից գնացողներին չի վերաբերում, այլ այնտեղ ապրողներին»:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստվում է ամռանը տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Չի բացառվում, որ նրան փոխարինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը:
Բրազիլիայի հավաքականի խաղացողն անթաքույց հայտնել է, որ մտադիր է հանդես գալ Դորտմունդի «Բորուսիայում»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում տանն անցկացրած խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պարտվել էր «Բորուսիային» 2:4 հաշվով, իսկ 27-ամյա Հալկը հաջող էր իրացրել 11 մ-ոց տուգանային հարվածը` երկրորդ գնդակն ուղարկելով գերմանական թիմի դարպասը։
Խաղից հետո Հալկը դորտմունդցիների ավագ Սեբաստիան Կելին հարցրել է, թե կկարողանա ամռանից խաղալ «Բորուսիայում»։
Սակայն դեռ ոչ մի բան հաստակ չէ, քանի այդ ֆուտբոլիստին գնելու համար մեծ փողեր են անհրաժեշտ: Հալկը հեղինակություն է, անվանի խաղացող և փոխահատուցման գումարը մեծ կլինի:
Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը միարժեքորեն կողմ է: Նա գտնում է, որ կան հարցեր, որոնք իրենց պատասխանները մինչ օրս չեն ստացել: Եվ որպես նույն հարցով ԱԺ նախորդ ժամանակավոր հանձնաժողովի արտախորհրդարանական ներկայացուցիչ, նա խոստովանում է, որ ճիշտ է` այդ հանձնաժողովն աշխատել է ջանասիրաբար, սակայն արդյունքն այն է, ինչ կա, այսինքն` հանրությանը հուզող հիմնական հարցերի պատասխաններն այդպես էլ չկան:
Մեկ նախադասությամբ ձևակերպելով այդ հանձնաժողովի առաջին նիստին իր հնչեցրած հետևյալ միտքը, որ որպես կանոն` պատմությունը գրում են հաղթողները, նա ասաց, որ այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ հանձնաժողովը ձևավորված է այն անդամներով, որոնք ներկայացնուևմ էին այդ քաղաքական հակամարտության մի կողմը` իշխանությունը:
Միաժամանակ նա հիշեցրեց, որ այդ հանձնաժողովի աշխատանքների հակամարտության մյուս կողմը հրաժարվեց մասնակցել` ստեղծելով փաստահավաք խումբ և ծավալելով փաստահավաք գործունեություն:
Այնուամենայնիվ, Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ գոնե մի հարց անձամբ իրեն հաջողվել է այդ հանձնաժողովում աշխատելիս պարզել: Խոսքը վերաբերում է այն կասկածին, թե արդյոք այդ օրը բանակը մասնակցել է այդ ողբերգական իրադարձություններին: Կիրառելով իր նեղ մասնագիտական գիտելիքները` Արսենյանն անձամբ ստուգումներ է իրականացրել, նույնիսկ համեմատական ձեռագրաբանական փորձաքննություն է անցկացրել և կարողացել է իր վրա պատասխանատվություն վերցնել հայտարարելու, որ ՊՆ թիկունքի ծառայությունը որևէ կապ չունի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
«Մնացած հարցերի դեպքում, համաձայն եմ, պատասխաններ դեռ չունենք: Բայց գոնե այդ մի հարցում կասկածները փարատված են, և մենք պետք է բանակի վրայից հանենք այդ հնարավոր կասկածը»,-հայտարարեց պատգամավորը:
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսուն Պակ Այինը փետրվարի 25-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը հայտնել են Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայությունից, դեսպանն Իլհամ Ալիևին փոխանցել է Հասան Ռոհանիի՝ Իրան այցելելու հրավերը:
Իր հերթին, Իլհամ Ալիևը դրական է ընդունել Հասան Ռոհանիի հրավերը և հավելել է, որ շվեյցարական Դավոս քաղաքում Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո երկու երկրների միջև հարաբերություններում նոր փուլ է սկսվել։
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է Իրանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով Հայաստանում ուկրաինական դեպքերի հնարավոր կրկնությանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը կողմ է երկրի զարգացման էվոլյուցիոն սակայն ոչ հեղափոխական մեթոդին:
«Հայաստանում երևի կլինեն ուժեր, որոնք կփորձեն համեմատել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը Հայաստանում տեղի ունեցող դեպքերի հետ: Կլինեն ուժեր, որոնք անգամ նման ցանկություն կունենան: Պետք է նման նկրտումներին ավելի հանգիստ վերաբերել: Մեր երկրի համար էվոլյուցիան գերադասելի է հեղափոխությունից` առավել ևս հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմական սպառնալիքները»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` ուկրաինական գործընթացները դեռ կշարունակվեն, այդ «խմորը դեռ շատ ջուր կվերցնի»: Իսկ Հայաստանին օդի նման անհրաժեշտ է ինչպես իր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կայունության ապահովումը:
«Հարկ է հիշել, որ հակառակորդը չի ննջում ու հարմար առիթի է սպասում, որ ժամանակ առ ժամանակ սահմանին կատարվող դիվերսիոն հարձակումները վերածի լայնամասշտաբ պատերազմի: Ահա թե ինչու, մեր երկրին անհրաժեշտ է կայունություն, բարեփոխումների շարունակականություն, հասարակության սոցիալական խնդիրերի լուծում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Պաշտոնաթող Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը ժխտել է այն կասկածները, որ իրեն ստիպել են հեռանալ պաշտոնից՝ հավելելով, որ ինքն որոշումը կայացրել է ազատ և մենակ:
Բենեդիկտոսն իր պաշտոնաթողության պատճառների վերաբերյալ նոր կասկածանքներ շրջանառվելու կապակցությամբ գրել է La Stampa թերթի Վատիկանի թղթակցին:
86-ամյա Բենեդիկտոսն այժմ ևս շարունակում է պապական սպիտակ փարաջա կրել և այդ որոշումը բացատրում է նրանով, որ իր ձեռքի տակ այլ հագուստներ չկան:
Լրատվամիջոցները կրկին սկսել էին կասկածանքով վերաբերվել Բենեդիկտոսի՝ օֆիսից հեռանալուն: Իտալացի լրագրողներից մեկն անցած շաբաթ հոդված էր հրապարակել այն մասին, որ Բենեդիկտոսի պաշտոնից հեռանալը հնարավոր է անօրինական է՝ պնդելով, որ նրան ընդդիմացող մի խումբ կարդինալներ ստիպել են պապին այդ քայլին դիմել:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց երեկ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման հիմնական հարցերը: Նրա խոսքով` քննարկման արդյունքում հավանության է արժանացել երեք կարևորագույն հարց:
Առաջինը վերաբերում է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, համաձայն որի` Հայաստանում ներդրվելու է այլընտրանքային պատիժների նոր համակարգ, որը նվազ հանցանք գործածներին հնարավորություն կտա այլ պատժամիջոցներով պատիժ կրել:
«Այսօր Հայաստանում իրենց պատիժն են կրում մոտ 3900 մարդ: Այս բարեփոխման արդյունքում շուրջ 1300 պատիժ կրողներ հնարավորություն կունենա այդ ծառայության պատժատեսակներից օգտվել, որոնցից է, օրինակ, տնային կալանք: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունը բազմաթիվ եվրոպական երկրներում: Այն հնարավորություն կտա նաև ապահովել սոցիալական արդարություն, միևնույն ժամանակ պատժի կիրառման անխուսափելիություն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Երկրորդ կարևորագույն հարցը, որը հավանության է արժանացել, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ծրագիրն է: Արթուր Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդ համագործակցության ոլորտում լավ արդյունքներ է գրանցել:
«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարևորումը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Մենք ՀԱՊԿ-ի հետ նախաձեռնել ենք միացյալ ավիացիայի ստեղծումը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ: Միացյալ ավիացիայի ստեղծումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկվում է նաև ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը:
Եվ վերջապես, երրորդ կարևորագույն հարցը, որը հավանության է արժանացել, վերաբում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը:
«Մենք այսօր Մաքսային Միությանն անդամակցության հայտ ենք ներկայացրել, բայց, միևնույն ժամանակ, շարունակելու ենք Եվրամիության հետ մեր սերտ համագործակցությունը: Երեկ Եվրամիության հետ տեղի ունեցած մեր հերթական նիստին հայտարարվեց, որ Եվրամիությունը շարունակելու է ձևավորել Հայաստանի հետ միասնական օրակարգի ստեղծումը: Եվրամիության կողմից արդեն 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացվել Հայաստանին` կոռուպցիայի ոլորտում բարեփոխումների իրականացման համար: Բացի այդ, Եվրամիությունը 2014-2020 թվականներին ֆինանսական աջակցություն կհատկացնի 16 երկրի, որոնց թվում է նաև Հայաստանը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 26-ից 27-ը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:
«Հասարակություն առանց բռնության» հիմնադրամը հայ և թուրք կանանց մասնակցությամբ «Կանայք խաղաղության և հաշտության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է լուսանկարների մրցույթ «Կինը խաղաղության համար» խորագրով: Մրցույթի արդյունքում ժյուրիի կողմից ընտրված լուսանկարները կցուցադրվեն Ստամբուլում և Երևանում: Ցուցահանդեսից հետո մասնակից կանայք կհանդիպեն Վրաստանում և կքննարկեն խաղաղության մասին իրենց պատկերացումները: Նրանք կփորձեն երկու երկրների միջև առկա խնդիրները դիտարկել կանանց տեսանկյունից և հանդես կգան «խաղաղության կոչով»:
«Ակօս»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր կանայք Հայաստանից և Թուրքիայից: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հուլիս ամսին Վրաստանում կանցկացվի մրցանակաբաշխություն:
Ուկրաինայում քաղաքական իրավիճակը լարված է: Դա անդրադարձել է նաև ֆուտբոլին: Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: Հավանական է, որ դրանք կկայանան մարտի 26-ին: Իսկ տուրը պետք է մեկնարկեր փետրվարի 28-ին` Զապորոժիեի «Մետալուրգ»-«Գովերլա» հանդիպումով: Բացի այդ, այս տուրում պետք է կայանա Կիևի «Դինամո» – Դոնեցկի «Շախտյոր» կենտրոնական հանդիպումը:
Իսկ Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, մարտի 2-ին պետք է մրցեր Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ:
Քեթի Փերիի «Dark Horse» երգի տեսահոլովակը զայրացրել է մահմեդական համայնքին: Անգլիայի Բրեդֆորդ քաղաքի բնակիչ Շազադ Իքբալը առցանց բողոք է հրապարակել՝ խնդրելով YouTube-ին կայքից հանել անցած շաբաթ հրապարակված տեսահոլովակը:
Տեսահոլովակն ամենևին վիրավորական բնույթ չունի: Այնտեղ հիմնականում ցուցադրվում է Փերին, որը, հանդես գալով թագուհու կերպարում, փոշի է դարձնում իրենց նվերներով իրեն չգոհացրած երկրպագուներին: Ինչևէ, Իքբալը նկատել է, որ Փերիի երկրպագուներից մեկի վզնոցի վրա գրված է «Ալլահ» բառը, և այդ տղամարդը նույնպես մահանում է:
Իքբալը հայտնում է, որ տեսահոլովակը միանգամայն վիճահարույց է այն դիտողների համար, քանի որ այնտեղ աստվածանարգություն է ներկայացվում:
Բողոքն արդեն 40,000 ստորագրություն է հավաքել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայում առավել վտանգավորներից մեկն է, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկխալտերը՝ հանդես գալով Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի առջև, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Բուրկխալտերը ընդգծել է հակամարտության կարգավորման գործում միջազգային հանրության դերը. “Ես ցանկանում եմ ընդգծել, որ և՛ Ղարաբաղում, և՛ Վրաստանում ամենաբարձր քաղաքական մակարդակով ԱՄՆ-ի մասնակցությունը օգտակար կլինի: Ղարաբաղյան հակամարտության փակուղում ելքը կարելի է գտնել միայն առանցքային խաղացողների, ինչպես նաև ԱՄՆ-ի ակտիվ ներգրավածության դեպքում”,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աշխատանքը: