Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղեր` ժամկետից շուտ

ֆուտբոլԱյսօր կկայանան Հայաստանի ֆուտբոլի  բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները:

Նախավերջին տուրն ավելի շուտ է անցկացվում, քանի որ Հայաստանի ազգային ընտրանիի համար, ընկերական հանդիպումներից առաջ, նախատեսվել է կազմակերպել ուսումնամարզական հավաք:

Տուրի երեք խաղ կանցկացվի Երևանում: Ժամը 16-ին «Միկան» սեփական մարզադաշտում կհյուրընկալի «Ուլիսին», ժամը 18 -ին «Հրազդան մարզադաշտում պայքարը կսկսեն  «Ալաշկերտը» և առաջատարը` «Արարատը», համաժամանակ «Փյունիկը» Ավանում ուժերը կչափի «Շիրակի» հետ:

Իսկ Կապանում «Գանձասարը» հարաբերությունները կորոշի վերելքով հանդես եկող «Բանանցի» հետ: Խաղը կսկսվի ժամը 16-ին:

Կահիրեում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից ոստիկանության գեներալ է սպանվել

bombing-egyptԿահիրեի արվարձաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մահացել է իր մեքենայի տակ ամրացված ռումբի պայթյունի հետևանքով:

Բարձրաստիճան պաշտոնյաների տեղեկություններով՝ ռումբը պայթել էր չորեքշաբթի առավոտյան, երբ գեներալ Ահմեդ Զակին մեկնելիս է եղել աշխատանքի:

Զակին ծանր վիրավորվել է և ավելի ուշ մահացել հիվանդանոցում:

Եգիպտոսի ոստիկանության և զինված ուժերի նկատմամբ ռազմական խմբավորումների հարձակումները աճել են իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:

Անցած տարվա հուլիսին Մուրսիի պաշտոնանկությունից մինչ այժմ 1,300 ցուցարար և ավելի քան 450 զինվորներ են սպանվել:

Անկախ

Եղեռն տեսած տատիկիս պատմությունը

Մեր իրավունքի և արդարության հաղթանակը ես տեսնում ու ապրում եմ էությանս բոլոր թելերով, անգամ մեր դժխեմ օրերի այս թանձր ու ցուրտ մթնոլորտի սարսուռների մեջ: Ես հավատում եմ, հա՚յ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայում է ճամփաներին: Եվ հեռու չէ այն օրը, երբ իր բազուկները տարածած` նա կընդունի հեռավոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զավակների կարոտակեզ բազմությունները: Եվ բյուրավոր ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին:
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԿԱՐՍԱվետյաց երկրի կորստյան ցավն ու կսկիծը սերնդեսերունդ փոխանցվում է, այն ներծծված է արյան մեջ ու արթուն է պահում կարոտը` մորմոքող, ծովածավալ, ափեափ զարնվող, ստեպ-ստեպ ահագնացող կարոտը, որով բռունցքվում է մեր կամքը և կապ չունի, թե որտեղ է վիճակված ապրելու և գոյատևելու: Երկիրն այդ դարերով եղել է բնօրրանը մեր նախահայրերի, մեր պապերի և կարող էր լինել նաև մերը: Այնտեղ հողը տառապում է ազգիս կարոտով: Այնտեղ ականջներումդ կարծես տուն, կահկարասի կորցրած որդեկորույս մայրերի ճիչն է և անվերջանալի գաղթի ճանապարհները, որոնք ուղեկցվում էին մարդկային և հայրենյաց կորուստներով:
Իմ տատիկի ու պապիկի մեջ էլ միշտ վառ էր պատմական հիշողությունը, ես միշտ զարմանում էի, թե ինչ զորեղ է հայրենիքի սերը, որ ողջ կյանքի ընթացքում տակնուվրա էր անում այս մարդկանց հոգիները:
Տարիներ են անցել, նրանք վաղուց չկան, զգացմունքներն այդ, մի ահռելի ուժ դարձած, արդեն մեր` նրանց թոռների մեջ են: Այդ սիրով էլ լցված, ուխտագնացների խմբի հետ, որոնց թվում եղեռնից հրաշքով փրկված աշխարհասփյուռ հայերի զավակներ, ճանապարհ ընկանք դեպի մեր կորուսյալ հայրենիքը:
Ճանապարհը Երևանից Արդահանով մեզ տարավ Հայոց հնագույն մայրաքաղաք Կարս: Շրջեցինք Կարսի նեղլիկ փողոցներով, տեսանք հայկական տներ: Կարծես տանն էինք, բոլորիս զգացողությունն այդպիսին էր:
Բարձրացանք Կարսի անառիկ բերդը, մեր առջև քաղաքն էր իր ողջ շուքով: Բերդապարիսպների ներքևում հպարտ կանգնած էր Առաքելոց եկեղեցին` վերափոխված մզկիթի: Եկեղեցուն կից տեսա Խորեն քահանա Ստամբոլցյանի (1858-1928) տունը: Նա 1897 թ. Կարսի սբ. Աստվածածին եկեղեցում կնքել է Եղիշե Չարենցին, իսկ 1919-1921 թթ. եղել է Առաքելոց եկեղեցու վերջին քահանան: Իր «Հիշատակարանում» նա գրել է. «1920 թ. հոկտեմբերի 30-ին թուրքը նորից գրավեց Կարսը և սրի ու ավերի մատնեց: Ութ ամսից ավելի մնացի գերության մեջ: 1921 թ. մայիսի 18(31)-ին մի կերպ հեռացա Կարսից: Արևը կարծես մթնել էր, այդպես երևաց աչքերիս: Վագոնի դռանը կանգնած` վերջին անգամ նայում էի սիրածս Կարսին, որ գուցե այլևս չպիտի տեսնեի: Սիրտս կծկված, նստած մի արկղի վրա` ձեռներով երեսս ծածկեցի ու լացի: Երբ նորից բաց արի աչքերս, արդեն Կարսից հեռացած էինք»:
Տատիկս` Սիմոնյան Սաթիկը, որ անցել էր գաղթի ճանապարհներով, ապաստանել էր Կարսի որբանոցում, պատմում էր.
– Մեծահարուստ ընտանիք էինք, բազմանդամ, 40 անձից բաղկացած: Ապրում էինք մեկտեղ պապիս` Մկրտիչի և նրա 6 եղբայրների ընտանիքների, երեխաների, թոռների հետ համատեղ: Երբ սկսվեց եղեռնը, զորավար Անդրանիկը, մեզ շրջապատած իր զորքով, բերեց Սարիղամիշ: Մեկ տարի անց լուր եկավ, որ ճանապարհները բաց են, կարող ենք վերադառնալ երկիր: Վերադարձանք: Մեկ տարի ապրեցինք, թուրքը դարձյալ գրավեց տարածքները, ու մենք դարձյալ գաղթեցինք, 1917 թ. հասանք Երևան, հետո Իգդիր: Այստեղ ապրեցինք դարձյալ մեկ տարի մեր հարսների ունեցած ոսկով, նրանք ոսկեղեն շատ էին կրում: Հայրս` Ստեփանը, վերցնելով մորս` Գայանեի ունեցած վերջին ոսկե զարդը` բիլազուկը, որը բավականին ծանր էր, տարավ վաճառելու և այլևս չվերադարձավ: Մեր ժողովուրդը չափազանց ազնիվ էր և միամիտ: Հավանաբար թուրքերը ներս էին տարել և սպանել էին հորս: Հայրս շատ գեղեցիկ, բարձրահասակ և հաղթանդամ մարդ էր: Մայրս էլ ճանապարհներին ծանր հիվանդացավ և մահացավ:
1917 թ. դարձյալ հայտարարեցին, որ երկրի ճանապարհները բաց են: Գնացինք Սարիղամիշ: Պապս, մերոնց կեսին վերցնելով, 5 տարեկան եղբորս` Կորյունին էլ, գնացին գյուղ` Սըթան:
Բոլոր հարազատներին կորցնելուց հետո, երեխաներով մնացինք հորեղբորս մոտ: Սով էր, նա չէր կարողանում մեզ խնամել, այդ իսկ պատճառով մեզ հանձնեց Ընկերական որբանոց: Դա 1918 թ. էր, փոքր եղբայրս` Սեպուհը, 3 տարեկան էր, քույրս` Փառանձեմը` 5, ես 9: Որբանոցում Սեպուհը հիվանդացավ և մահացավ: Հորեղբայրս եկավ, և եղբորս թաղեցին որբանոցի բակում: Մի քանի ամսից մեզ տարան Կարսի ամերիկյան որբանոց, որը գտնվում էր Կարսի ձորում, այնտեղ մեզ լավ մաքրեցին, լողացրին, բուժեցին քոսից, լավ տաք ծածկոցներ տվեցին, քնում էինք գեղեցիկ ֆրանսիական մահճակալների վրա: Շատ լավ կերակրում էին, ուրախությունից գիշերները չէինք կարողանում քնել: Մրսել էինք, և ես ու քույրս հիվանդացանք: Մեզ տարան հիվանդանոց, ես երկրորդ հարկում էի, քույրս` առաջին: Շապիկով դուրս էի գալիս, պատուհանների տակից կանչում էի քրոջս: Սենյակը գտա, երբ խոսում էինք, այնտեղ շատ խիստ էր, մայրապետն ինձ բռնեց, բերեց սենյակ: Այնքան լաց եղա, որ բաց-բաց քնեցի, մրսեցի և ծանր հիվանդացա: Երբ ապաքինվեցի, Փառանձեմին այլևս չտեսա:
Գարունը բացվեց, բակում որբերով արևի տակ էինք նստած, երբ նկատեցի, որ մեկը մոտենում է խումբ-խումբ նստած որբերին: Ինձ կանչեցին, հորեղբայրս էր` Աբրահամը: Հիվանդանալուց հետո շատ էի հյուծվել, հազիվ ճանաչեց ինձ: Ասաց, որ ներքևում գտնվող զինվորական մասում որպես կապիտան ծառայում է իր տղան` Ռուբենը, եթե կարող եմ ընկնել մոտը` լավ կլինի: Առավոտյան հաջողվեց, վերևից գլորվեցի ուղիղ զինվորական մաս, զինվորները վերցրին, ուզում էին նորից տանել որբանոց: Լաց եղա և ասացի, որ հորեղբորս տղան այստեղ է` Ռուբենը, ուզում եմ իրեն տեսնել: Նրան գտան և ինձ հանձնեցին իրեն: Ռուբենն ինձ ֆուրգոնով տարավ կայարան, հետո էլ գնացքով Սարիղամիշ և հանձնեց պապիս: Ինձ կերակրեցին, պահեցին: Երեխաներով գնում էինք Օլթի, արտերի մեջ ցորենի մնացորդներն էինք հավաքում: Շուտով թուրքերը հասան Սարիղամիշ, փախանք Կարս: Թուրք Փաշայի հրամանով որբերիս լցրեցին բաղնիքները, որ վառեն: Ամերիկացիները եկան, սկսեցին բանակցել, նրանք հայտնեցին, որ թուրք ու քուրդ որբեր էլ կան: Մեզ շարք կանգնեցրին: Փաշան ինքը մոտենում էր, մեկ-մեկ հարցնում և համոզվելով, որ այդպես է, հրամայեց թողնել: Ամերիկացիները մեզ հավաքեցին և նորից տարան որբանոց: Իսկ Կարսը հանձնելուց հետո, մեզ` որբերիս, լցրին բեռնատար վագոնները և բերեցին Ալեքսանդրապոլ: Եղբորս` Կորյունին, ուղարկեցին զինվորական մաս, ինձ էլ Կազաչի պոստ: Երբեմն մեզ տանում էին, ով եղբայր ուներ, տեսնվելու: Հետո եղբորս էլ կորցրեցի: Իրար գտանք 1936 թ.: Նա սովորում էր Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում: Ցավոք, սկսվեց Հայրենական պատերազմը, և իմ 31-ամյա նկարիչ եղբայրը` Կորյուն Սիմոնյանը, զոհվեց Մոզդոկի մոտ:

Կարսի բերդից նայում էի քաղաքին և կարծես տեսնում էի ողջ արհավիրքը:
Միակ մխիթարությունը եղավ այն, որ եղեռնից 90 տարի անց իրար գտան Աբրահամ, Ստեփան և Աղասի եղբայրների թոռները` Հենրի Սիմոնյանը, հայրս` Վոլոդյա Աղաբաբյանը և Մելանյա Սիմոնյանը: Մենք, որ տատիկիս կողմից ոչ մի բարեկամ չունեինք, հիմա ունենք հիասքանչ բարեկամներ: Սրանից առավել մեծ երջանկություն անհնար է պատկերացնել:

Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Կարսը
Կարսի բաղնիքները
Հենրի Սիմոնյանը, Անգին Առաքելյանը (Ազգային պատկերասրահի հուշա-ձեռագրային բաժնի վարիչ) և Վոլոդյա Աղաբաբյանը Ազգային պատկերասրահում, Կորյուն Սիմոնյանի «Ինքնանկարի» մոտ

Թուրքական հասարակության կողմից ցեղասպանությունը ընդունելու մասին խոսելը վաղ է. Անդրանիկ Իսպիրյան

 Անդրանիկ Իսպիրյան

«Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր 2005 թվականից հետո միայն թույլ տրվեց սրահներում, կոնֆերանսներում խոսել Հայոց ցեղասպանության մասին ցանկացած տեսանկյունից: Հրանտ Դինքի սպանությունը ունեցավ բեկումնային նշանակություն: Նրա սպանությունը ոտքի կանգնեցրեց Թուրքիայի ծպտյալ և ոչ ծպտյալ հայերին, քրդերին և շատ քիչ թուրքերի. Ստամբուլի Թաքսիմ հրապարակում առաջին անգամ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

 

Ըստ թուրքագետի` քրդերը միջազգային հանրության առջև փորձելով տարանջատել իրենց այդ գազանության հեղինակներից,  ներողություն խնդրեցին հայերից իրենց պապերի կատարած ոճրագործության համար, անվանելով այն ցեղասպանություն:  Դիարբերքիրի նախկին քաղաքապետն անգամ հայտարարում էր, որ քրդերը պատրաստակամ են հանձնելու  տները այն հայերի ժառանգներին, ովքեր այդ իրադարձությունների պատճառով լքեցին իրենց բնակավայրերը: Հայ-քրդական հարաբերությունները հիմնականում հիմնվում են «ընդհանուր թշնամի» սկզբունքի վրա: Դեռ պարզ չէ, թե ինչ կկատարվի, եթե հայերի պահանջատիրության հարցը դրվի այն հողերի նկատմամբ, որտեղ այժմ ապրում են քրդերը:

Չնայած վերջին շրջանում առանձին այլախոհների կատարած հայտարարություններին, թուրքական հասարակությունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանություն նկատմամբ, որը նրանց կողմից շարունակում է կոչվել  «1915 թվականի իրադարձություններ»: «Թուրքական հասարակության կողմից ցեղասպանությունը ընդունելու մասին խոսելը դեռ վաղ է: Քուրդ առաջնորդները փոխել են իրենց դիրքորոշումը, այդ պատճառով էլ փոխվել է նաև քրդերի դիրքորոշումը, սակայն թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը և քարոզում են իրենց գաղափարները հեռուստատեսությամբ, որի նկատմամբ մեծ հավատ ունի թուրք ժողովուրդը», – նշեց Անդրանիկ Իսպիրյանը

Թուրքագետը հավելեց նաև, որ խիստ անհավանական է համարում  ապրիլքսանչորսյան ավանդական ճառի ժամանակ   ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն բառի գործածումը:

Անկախ

Բոլիվիայի նախագահը թույլատրել է ռազմական ուժերին կործանել թմրանյութ տեղափոխող ինքնաթիռները

Էվո Մորալես   Բանն այն է, որ Բոլիվիայի որոշ հատվածներում անպատիժ օգտագործում են ոչ մեծ ինքնաթիռներ` թմրանյութերի սեփական բեռները տեղափոխելու նպատակով:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ռազմական ուժերին  երկրի տարածքում թմրանյութ տեղափոխելու նպատակով օգտագործվող ինքնաթիռները կործանելու թույլտվության մասին օրենք է ստորագրել:

Մինչ այս Բոլիվիան տարածաշրջանի միակ երկիրն էր, որը չուներ օդային տարածքների անվտանգության երաշխավորման օրենք: Պետության ղեկավարը նշել է, որ երկրի որոշ տարածքներում թմրաբիզնեսով զբաղվողները ինքնաթիռներ են օգտագործում իրենց բեռները տեղափոխելու նպատակով:

« Իսկ այժմ, շնորհիվ այդ օրենքի`մենք կտիրապետենք գործիքի, որը թույլ կտա թմրանյութերի անօրինական առևտրի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել»,- նշել է նախագահ Մորալեսը:

Բոլիվիայի նախագահը նաև նշել է, որ Բոլիվիայի օդային տարածության անվտանգության ապահովման նպատակով Բոլիվիան ռադարների կարիք ունի: «Մենք բանակցում ենք այժմ երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ տրամադրել անհրաժեշտ տեխնոլոգիաները. սա կարևոր է ոչ միայն թմրաբիզնեսի կանխարգելման, այլև ազգային տարածքների ինքնիշխանության պահպանման համար»,- ավելացրել է նախագահ Մորալեսը:

Անկախ 

Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը տուգանվել է.Panorama.am

արթուր բաղդասարյան«Հայասի գրուպ» սեփական պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին, մաքսային կանոնների խախտում կատարելու համար տուգանվել է: Այդ մասին Panorama.am-ը տեղեկացել է  ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Թամրազյանը իր որոշման մեջ նշել է, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել է գարու ածիկ, որի վերաբերյալ ընկերության գլխավոր տնօրեն Պողոս Շահինյանը սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողություն իրականացնելու համար:

Ըստ Թամրազյանի որոշման, ընկերությունը խախտել է մաքսային օրենսդրությամբ նախատեսված կանոնները, ինչի համար ենթարկվել վարչական պատասխանատվության` 50 հազար դրամ տուգանքի:

Անկախ

Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը խորհրդարանում է

կառավարոության նիստ Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: «Այս հարցը մենք քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ներառյալ նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, նաև բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները – այս առնչությամբ ասել է Հովիկ Աբրահամյանը: – Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները: Այսօր ես իմ դիրքորոշումը, մտահոգությունները, պատկերացումները տեղադրել եմ կառավարության կայքում, հանդես եմ եկել ուղերձով, որտեղ շատ հստակ ներկայացված են կառավարության դիրքորոշումները: Խնդրում եմ ծանոթանալ» (տե՛ս այստեղ):
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես գործարար աշխարհի ներկայացուցիչներին, այնպես էլ հանրությանը: Նա հիշեցրել է, որ բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է:
Կառավարության նիստում քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը, ինչի շնորհիվ զգալիորեն կավելանա ներկրման ծավալը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
ՀՀ կառավարությունն իր նիստում քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի գործողությունը դադարեցնելու օրինագծերը քննարկել երկու ընթերցմամբ, քանի որ դրանց երրորդ ընթերցմամբ քննարկելու անհրաժեշտություն որպես կանոն չի լինում: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Քննարկված հաջորդ օրինագիծը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծն է, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արտակ Սարգսյանը և Արթուր Ստեփանյանը: Նրանք առաջարկում են ճշգրտել և առավել հստակեցնել վարձակալության պայմանագրի՝ վարձատուի պահանջով վաղաժամկետ լուծման հասկացությունը: Կառավարության եզրակացության համաձայն նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ընդունել ևս մեկ առաջարկություն. միայն այդ դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը միտված է տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում: Առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցի տեխզննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարում հին տրանսպորտային միջոցի տեխզննման ժամկետը հավասարեցնել նորի ժամկետին, ուստի նախաձեռնության հեղինակներին առաջարկում է համագործակցել կառավարության հետ և Ազգային Ժողով ներկայացնել մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ:
Նիստում քննարկվել է «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Օրինագծի նպատակը հեղինակները համարում են այդպիսի անձանց բացահայտումը, նույնացումը, ինչպես նաև օժանդակության ցուցաբերումը, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման արդյունավետ և լիարժեք ապահովումը: ՀՀ կառավարությունը համակարծիքի է, որ նշված հարաբերությունները պետք է կարգավորվեն առանձին օրենքով: Այդ նպատակով դեռ 2007 թվականին ստեղծվել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի խորհուրդ: ՀՀ ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման մասին» օրինագծի և ևս երկու օրենքների փոփոխության նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է հանրային քննարկման, իսկ բոլորովին վերջերս՝ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի նիստում հավանության է արժանացել և ներկայացվել ՀՀ Ազգային Ժողով: Ելնելով այս իրողությունից, նախագծի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ և խորհրդարան ներկայացնել նախագծերի մեկ միասնական փաթեթ:
Գործադիրը քննության է առել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նրա առաջարկած փոփոխությունն ուղղված է բացառելու հատուկ ձևով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել և հիմնավորել այն: Մասնավորապես, նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափ ծալված կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց:
Նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2013թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առավել հրապարակային կդառնա Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Ընդունվել են մի շարք հրատապ որոշումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու օրենքի նախագծին:
Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: ՀՀ ֆինանսների նախարարը պետք է դրանց հիման վրա լրամշակի հաշվետվությունը և մինչև ս.թ. ապրիլի 29-ը ներկայացնի կառավարություն:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մինչև ս.թ. ապրիլի 26-ը կառավարություն ներկայացնել նշված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ պաշտոնական եզրակացությունը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013թ. այդ ծրագրերի կատարման ընթացքի հաղորդումը, որի համաձայն բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Արմենիա Լայթհաուս», «Տաշիր» բարեգործական հիմնադրամները, «Սիմոնյան» և «Այբ» կրթական հիմնադրամները և այլ կազմակերպություններ: 2013թ. ընթացքում հանձնաժողովի կողմից «բարեգործական» որակված ծրագրերով 48 երկրից Հայաստան է ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ: Կառավարությունը բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարել և Երևանի քաղաքապետին առաջարկել է վերահսկողություն սահմանել մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերով ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
Հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2014թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խոր. մետր:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստի վճարման ծառայություն մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը, սահմանել, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ծառայություն մատուցելու պայմանագիր է կնքվում հիմք ընդունելով այդ օրինակելի ձևը: Նիստում հաստատվել են նաև վերը նշված դրամական ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը, հաշվառման դիմումի ձևը, դրա լրացման կարգը: Պատկան մարմինները մեկամսյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին պետք է տրամադրեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը՝ նշելով ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման 2011-2013թթ. ծրագրի կատարման 2013թ. հաշվետվությունը»:
2014թ. մայիսի 13-ին «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագրով անվանի դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ Բեռլինի պետական նվագախմբի համերգի կազմակերպման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 120 մլն դրամ:
Հաշվի են առնվում Մաքսային միության օրենսդրության առանձնահատկությունները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացման ժամանակացույցի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգման համակարգ, որը կհամապատասխանի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008թ. հունվարի 25-ի Համաձայնագրի պահանջներին: Առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման օրվանից:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Օրինագծի առարկան մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառության, նախնական և պարտադիր տեղեկության տնօրինման, տրամադրման, պարզեցված ընթացակարգերի կիրառման միջոցով արդյունավետ մաքսային հսկողության ստեղծումն է: Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային ծրագրին: Որոշումն արտացոլում է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակում տեղեկատվական համակարգերի զարգացմանը կամ ներդրմանն ուղղված աշխատանքի ապահովման միջոցառումները և դրանց իրականացման համար պահանջվող ծախսի մեծությունը:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտի ընդունման միջոցով սահմանել լիազոր մարմինների գործառույթները: Հաշվի առնելով այն, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին ՀՀ մաքսային օրենսգրքով արդեն իսկ վերապահված է արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը վարելու գործառույթ, կառավարությունն իր հաջորդ որոշմամբ ՀՀ և Մաքսային միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին է ճանաչել պետեկամուտների կոմիտեն և հաստատել փոխադարձ առևտրի վարման կանոնները:
ԱՊՀ երկրները համագործակցում են հումանիտար ականազերծման բնագավառում
Գործադիրը համաձայնություն է տվել հումանիտար ականազերծման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ձևավորել հումանիտար ականազերծման իրականացման բազմակողմ համագործակցության նորմատիվ իրավական բազա, մշակել կազմակերպական և տեխնիկական հարցերի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի կողմից ականազերծման համաձայնեցված համատեղ գործողությունների համադրման ընդհանուր մոտեցումներ:
ՀՀ կառավարությունը հաստատել է հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների կիրառման ուղեցույցը և մի շարք հարակից փաստաթղթեր: Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ տարածքում իրականացվող մարտական գործողությունների ժամանակ կիրառվող մարտավարություններից մեկը ականների տեղադրման միջոցով հակառակորդին հեռու պահելն էր: Ական էին տեղադրում ինչպես մեր ազատամարտիկները, այնպես էլ հակառակորդի զինվորները: Դրա հետևանքով այսօր Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը ենթակա են ականների ռիսկի: Կարելի է առանձնացնել մարդկանց կյանքի և առողջության սպառնալիքը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրները: Սույն որոշման ընդունումը միտված է հակաականային գործողություններում ընդգրկված անձանց անվտանգությանն ու աշխատանքի արդյունավետությանը:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքների պահանջներին համապատասխան կառավարությունը ստեղծել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը: Նշված օրենքներով մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:
Այլ որոշումներ
Ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ:
Կառավարությունն իր որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել արտահերթ ընտրություն, հոգացել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

ԱՄՆ-ն հուսով է՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները մոտ ապագայում կհանդիպեն. դեսպան

2 ԱՄՆ-ը լիահույս է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

“Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևաչափով: Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք գործուն ենք շարունակվող բանակցային գործընթացի մեջ: Ըստ իս՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված պարբերական հանդիպումները շատ կարևոր են”,- ասել է Մորնինգսթարը:

 

Անկախ

Նախկին նախագահը պաշտպանում է ՌԴ քաղաքացիներին

ol3001398241342

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերը հայտարարել է, որ ՌԴ հասարակ քաղաքացիները ոչ մի դեպքում չպետք է տուժեն իրենց քաղաքական առաջնորդների գործողություններից:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը «AFP»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս քաղաքական գործիչների նկատմամբ պաժամիջոցների կիրառումը միակ ճիշտ տարբերակն է : Բացի այդ, Քարտերը խոստովանել է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրոպան   չկարողացան ոչինչ անել Ղրիմն Ուկրաինայի կազմում պահելու համար, քանի որ Ռուսաստանն այն միշտ էլ իր տարածքն է համարել: Քարտերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը զորք չի մտցնի Արևելյան Ուկրաինա:

Իսկ Ուկրաինա այցելած փոխնախագահ Բայդենը հերթական անգամ Ռուսաստանին սպառնացել է միջազգային մեկուսացման մեծացմամբ ու տնտեսական մեծ կորուստներով:

Պատանի հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում գերմանական «Հոֆենհայմ» թիմի կազմում

հգալստյան1368049245HaykGalstyan-307Երևանի «Միկայի» կիսապաշտպան Հայկ Գալստյանը  հնարավոր է տեղափոխվի գերմանական «Հոֆենհայմ»: 16-ամյա հայ ֆուտբոլիստը ներկայումս փորձաշրջան է անցնում այդ թիմի կազմում:

Հավելենք, որ 2013-ին նա փորձաշրջան էր անցել Մադրիդի «Աթլետիկոյի» երիտասարդական թիմում և իր պատրաստականությամբ լավ տպավորոթյուն էր թողել` խաղերի ընթացքում 10 գնդակ խփելով մրցակիցներ դարպասները:

 

Իրանավրացական երկաթուղի՝ ելք դեպի Սև ծով

Iran Georgia railwayԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդիպել է երկրում Վրաստանի նորանշանակ դեսպան Իոսիֆ Չակաշվիլի հետ: Նախագահը ասել է, որ  Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերի զարգացումն ու իրանական երկաթուղին Ադրբեջանի միջոցով վրացականին միացնելը բխում են ողջ տարածաշրջանի շահերից:
Ռոուհանին նշել է, որ Իրանը վճռականորեն  է տրամադրված, որպեսզի իր երկաթուղային ցանցը, Ադրբեջանի միջոցով, վրացականին միացվի: Նա ասել է, որ Իրանի համար հատկապես կարևոր է ելքը դեպի Սև ծով` վրացական Բաթում նավահանգստի միջոցով:
«Իրանը շահագրգռված է հարևանների, հատկապես Վրաստանի հետ կապերը սերտացնելու հարցում»,- ընդգծել է Ռոուհանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մասնավոր ոլորտում համագործակցության ընդլայնման համար արտոնությունների կիրառման անհրաժեշտության հարցը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Հանդիպում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի եւ «SPFA» կազմակերպության մի խումբ անդամների հետ

Ժակ Մարտեն, Բակո Սահակյան Ժակ ՄարտենՆախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր Ժակ Մարտենի գլխավորությամբ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում «SPFA» ծրագրի պատասխանատուներին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
230414JanMarten-InfoԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Նախագահ Սահակյանը Ժակ Մարտենին պարգեւատրել է “Երախտագիտություն” մեդալով։
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը պատրաստ է շարունակել համագործակցությունն արտասահմանյան առաջատար կազմակերպությունների հետ` այն համարելով օգտակար մեր երկրի համար:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Անկախ

Մերձկասպյան պետությունների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայնա Թեհրանում

 Iran + Caspian 5Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ավարտեց Ռուսաստան կատարած երկօրյա պաշտոնական  այցը և վերադարձավ իր երկիր: Ինչպես տեղեկացրել էինք, Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել էր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որպեսզի մասնակցի մերձկասպյան պետությունների ներկայացուցիչների 3-րդ կոնֆերանսին:

Այսօր նա, հանդիպելով լրագրողների հետ, նշել է, որ այցի ընթացքում երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Մուհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է, որ «Կասպիական հնգյակի» երկրների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կանցկացվի հունիսին՝ Թեհրանում:
«Կարևոր է մեծացնել գործադրվող համատեղ ջանքերը: Կոնֆերանսը ավարտվեց սպասվածից ավելի լավ, մի շարք հակասական հարցերի կարգավորման շուրջը համաձայնություն է ձեռք  բերվել: Երեկվա հանդիպումն Աստրախանի գագաթնաժողովի նախապատրաստման առանցքային փուլն էր»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Կասպից ծովի կարգավիճակի մասին բանակցությունները սկսվել էին 1992-ից հետո: Մինչ օրս սահմանների կարգավորման մասին առանձին համաձայնագրեր են ստորագրվել Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, սակայն «Կասպիական հնգյակի» երկրների միջև տարաձայնությունները չեն վերացել:
Բանակցությունները բարդացնում են կենսառեսուրսների հասանելիության  ու ընդերքով խողովակաշարերի անցկացման խնդիրները:

 Անկախ

Պոռնո դիտելուց կանանց ինքնազգացողությունը վատանում է. ուսումնասիրություն

 

o_935726

Կանանց օրգանիզմը բացասաբար է արձագանքում պոռնոգրաֆիայի դիտմանը: Նման եզրակացություն են արել Հոլանդիայի Գրոնինգենի համալսարանի գիտնականները: Նրանք  եկել են այն եզրահանգման, որ պոռնոգրաֆիական տեսարաններին կանանց օրգանիզմն արձագանքում է այնպես, ինչպես սրտխառնուք առաջացնող պատկերներին:

Դոկտոր Շարմեն Բորգն ու  նրա գործընկերները հետազոտել են 20 առողջ կանանց` ՄՌՏ- սկաներով: Մասնակիցներին ցուցադրել են մի շարք պատկերներ. չեզոք, սրտխառնուք առաջացնող և պոռնոգրաֆիական բնույթի: Նկարներում մարդկանց դեմքերը չեն երևացել:

Մասնագետները նկատել են, որ պոռնոգրաֆիական պատկերների ժամանակ կանանց ուղեղի այն հատվածներն են գրգռվել, ինչ և սրտխառնուք առաջացնող պատկերների ցուցադրության դեպքում: «Իրենք, մասնակից կանայք այդ պահին սրտխառնուք ու զզվանք են զգացել: Մոտավորապես նույն բանն է կատարվում, ինչ այն ժամանակ, երբ զզվելի ուտելիք են տեսնում: Սակայն, վերջինի դեպքում այդ   ռեակցիան զզվելի հոտով է պայմանավորված»,-նշում է  Բորգը:

Այդ կերպ օրգանիզմը պաշտպանվում է նրանից, ինչը կարող է  վնաս հասցնել: Կանանց օրգանիզմը նույնկերպ սկսում է պաշտպանվել, երբ հանկարծ  պոռնո պատկեր է տեսնում: Ֆիզիոլոգիական նման ռեակցիան կարելի է բացատրել սեռական ուղիներով փոխանցվող վարակների  նկատմամբ կանանց անպաշտպանությամբ:

Հետաքրքրական է, որ տղամարդկանց մասնակցությամբ փորձի ժամանակ բոլորովին այլ արդյունք է ստացվել: Հիմնականում, նրանց մոտ սեքսուալ գրգռվածություն է առաջացել, իսկ կանանց նման միայն այդ պատկերներին արձագանքել են այն տղամարդիկ , որոնց մոտ սերմնաժայթման ֆունկցիայի խանգարում է եղել:

Այդ փորձերն ապացուցեցին, որ ուղեղի արձագանքը պոռնոգրաֆիական պատկերներին միշտ չէ, որ հաճույքի հետ է կապվում: Սեքսուալ վարքագիծը  շատ բարդ կառույց ունի ու բազում գործոններ են ազդում դրա վրա.հոգեբանական, սոցիալական (ասենք` բացասական փորձ):

Անկախ

Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանին զրկված է անգամ անձնագիր ստանալու հնարավորությունից

New Picture«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկը հերթական այցելության ժամանակ հանդիպեցին ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված Ղազարյանների ընտանիքին:

Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք անդամներն էլ հաշմանդամություն ունեն:

Ընտանիքի անդամ, մանկուց հաշմանդամություն ունեցող և ընդամենը 6-ամյա կրթություն ստացած 17-ամյա պատանին էլ չի կարողանում անձնագիր ստանալ՝ գրանցման հասցե չունենալու պատճառով: Նույն պատճառով նրանք զրկված են անգամ սոցիալական նպաստ ստանալու հնարավորությունից: Ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը հաշմանդմության թոշակներն են և մոտակա աղբանոցներից պատանու հավաքած ապակյա տարաների վաճառքից ստացվող գումարը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Անկախ

ՌԴ արտգործնախարար. “Մոսկվան համարում է, որ ԱՄՆ-ն է Ուկրաինայում ողջ շոուի հեղինակը”

lavrovՄոսկվան համարում է, որ ԱՄՆ-ն “Ուկրաինական շոուի” ղեկավարն է,- այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված իր հարցազրույցում:

«Այցի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Կիևում հայտարարեց հակաահաբեկչական գործողությունների վերսկսման մասին,- նշել է Լավրովը: Սա վկայում է, որ Կիևի իշխանությունները սրա մասին հայտարարել են Բայդենի այցի ժամանակ: Իսկ օպերացիա սկսելու մասին որոշումը ընդունել են հետախուզական վարչության ղեկավար Ջո Բրենանի այցից հետո»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:

«Ուստի, բոլոր հիմքերն ունեմ հավատալու, որ ԱՄՆ-ն է ղեկավարում այս ողջ շոուն»,-ավելացրել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է նաև, որ Կիևի իշանությունները Ժնևում ձեռքբերված համաձայնություններից ոչինչ դեռ չեն արել: «Այո՛, նրանք համաներման մասին օրենքի նախագիծ են մշակել, բայց այդ փաստաթուղթը չի վերաբերում քաղբանտարկյալներին».- նշել է Լավրովը:

Անկախ

ԱՄՆ.Կիմ Չեն Ընը նոր միջուկային փորձարկում է պատրաստում

15

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ին կասկածում է  ուրանի ատոմային ռումբի փորձարկման պատրաստության մեջ:

ԱՄՆ-ի հետազոտական ինստիտուտներից մեկն արբանյակների միջոցով ԿԺԴՀ-ի կասկածելի լուսանկարներ է ստացել: Գիտնականները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը միջուկային փորձարկում է պատրաստում:

Մասնավորապես, Փհենյանի միջուկային պոլիգոններից մեկում վերջին շրջանում ակտիվացում է նկատվում. Պունգերի պոլիգոնին են մոտենում բեռնարկղեր: Այդուհանդերձ, միջուկային պայթյունի մասին առայժմ վաղաժամ է խոսել, կարծում են փորձագետները: ԱՄՆ-ում ենթադրում են, որ ԿԺԴՀ-ի` չորրորդ միջուկային փորձարկում անցկացնելու սպառնալիքը կարող է իրականացվել  Բարաք Օբամայի` Սեուլ կատարելիք  այցի ժամանակ:

Մեկ օր առաջ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է այդ պոլիգոնում ակտիվության աճի մասին: Միջուկայի փորձարկման հետ կապված մտավախությունն առաջացել է   այն ժամանակ, երբ Փհենյանը հայտարարեց «նոր մակարդակի» փորձարկում անցկացնելու մտադրության  մասին:

Անկախ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ծիծեռնակաբերդՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:
Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն` Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:

Անկախ

Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են էներգիա կուտակել զուգարանակոնքի տակառիկից

53572ed0-efe5-de9a-efe5-de95800eba0a.photo.0

Ընդունված է ամենապրակտիկ ազգ համարել գերմանացիներին: Սակայն, այդ «տիտղոսին» արժանանալու իրական հիմքեր ունեն Հարավային Կորեայի քաղաքացիները: Բանն այն է, որ գիտնականները գտել են տնային տնտեսության մեջ էներգիա ստանալու նոր միջոց: Նրանք առաջարկում են էներգիա կուտակել զուգարանակոնքի տակառիկից:

Գաղափարը նոր չէ, քանի որ էներգիա ստանում են գետերի  հոսքերից ու օվկիանոսների ալիքներից: Հարավկորեացիները որոշեցին այդ գաղափարը հասանելի դարձնել յուրաքանչյուրին: Նրանց հաշվարկով, տակառիկից  հոսող ջուրը  կարող է բավարար քանակությամբ էներգիա մշակել կենցաղային որոշ իրերի սնուցման ու լուսատու սարքերի համար: Էներգիա կարելի է ստանալ անգամ անձրևի կաթիլից:

Սեուլի ազգային համալսարանի ու Կորեայի էլեկտրոնային տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները ջրից հոսանք ստանալու համար առաջարկում են կիրառել երկէլեկտրիկներ` նյութեր, որոնք գրեթե էլեկտրական հոսանք չեն հաղորդում, սակայն կարող են էլեկտրական դաշտը պահպանել: Եթե այն տեղադրվի ջրի մեջ, ապա դրա շուրջ կստեղծվի էլեկտրական կրկնակի շերտ: Շարժվող ալիքի ու պոլիդիէլեկտրիկ շերտի փոխազդեցությունը կարող է էլեկտրական լիցք ստեղծել:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց նորույթը շատ շուտով  կկիրառվի ողջ աշխարհում, քանի որ դրանց մասսայական օգտագործումը թույլ կտա հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա խնայել:

Անկախ

 

Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան մեկնարկում է հոբելյանական տարվա համերգները

001Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի՝ հոբելյանական տարվան նվիրված առաջին համերգին, որին ներկա են եղել նաև Յուրի Բախշյանի այրին՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և դիրիժոր Երվանդ Երզնկյանը, Մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբերի տարբեր տարիների անդամներ, կոմպոզիտորներ։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ակունքում Դպրոցականի ֆիլհարմոնիան է, որը դեռևս 1956թ. էր բացվել՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ջանքերով և կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի գեղարվեստական խորհրդի նախագահությամբ։ Մանկական ֆիլհարմոնիկը վերաբացվել է 1994 թվականին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ։ Մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Ստեփան Գևորգյանն է։

Մանկական ֆիլհարմոնիայի վերաբացման 20-ամյակը լրանալու է 2014թ. աշնանը, սակայն հոբելյանական համերգները մեկնարկել են ապրիլից։ Երգացանկում ներառվել են Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Կոնստանդին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի և հայազգի ու արտասահմանյան այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ