Առաջիկայում Հայաստանում անձրևները կշարունակվեն, ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ Հանրապետության տարածքում՝

մայիսի  25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում `

Մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Տիգրան Հարությունյանը` «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

տհTigran_Harutyunian-117-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) առաջին մրցանակը նվաճեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացված «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում:

Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), բայց իր հայրենակցին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:

Հայաստանը ներկյացնող 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը:

Կաննի 67-րդ կինոփառատոնում հաղթեց «Ձմեռային քուն» թուրքական ֆիլմը (տեսանյութ)

«Ձմեռային քուն» («Kış Uykusu») ֆիլմ    Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում Լավագույն ֆիլմ անվանակարգում Ոսկե արմավենուն արժանացավ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» («Kış Uykusu») ֆիլմը: Թուրք ռեժիսորին մրցանակը շնորհեցին հանրահայտ Ումա Թուրմանն ու Քվենտին Տարանտինոն: Նուրի Բիլգե Ջեյլանի իր շնորհակալական խոսքում նշել է, որ այս մրցանակը նվիրում է վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին: «Այս տարի թուրքական կինոյի 100-րդ տարեդարձն է: Սա աներևակայելի գեղեցիկ մի պատահականություն է: Այս մրցանակը նվիրում եմ վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին»,-նշել է Ջեյլանը:

«Ձմեռային քուն» դրաման պատմում է նախկին երաժիշտ Այդինի մասին, որը փոքրիկ հյուրանոց ունի Կապադովկիայում: Երբ գալիս է ձմեռը, տղամարդը մնում է հյուրանոցի պատերի ներսում իր կնոջ և քրոջ հետ: Ֆիլմում ներկայացվում են ամուսնական զույգի բարդ փոխհարաբերությունները, ընտանեկան խնդիրներ և մարդկային խորը ապրումներ:

Նշենք, որ սա թուրք ռեժիսորի արդեն երկրորդ Ոսկե արմավենին է: Առաջին անգամ նա այդ մրցանակին արժանացել է 1982 թվականին «Ճանապարհ» («Yol») ֆիլմի համար:

Անկախ

 

 

Հին Թուրքիան այլևս չկա. Թայիփ Էրդողանի ելույթը Քյոլնում

էրդողան,քյոլն  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Գերմանիա կատարած այցի շրջանակներում Քյոլնում հանդիպում է ունեցել եվրոպաբնակ թուրքերի հետ: Մոտ 20 հազար թուրք Եվրոպայի տարբեր քաղաքներից թուրքական դրոշները ձեռքներին եկել էին աջակցելու Էրդողանին: Վերջինիս անվտանգության ապահովումը մոտ 300 գերմանացի հատուկ աշխատակիցներ են ստանձնել, իսկ Քյոլնի փողոցները վերահսկել է մոտ 6 հազար հոգանոց անձնակազմ:

Էրդողանը, ելույթ ունենալով հայրենակիցների առաջ, խոսել է նոր Թուրքիայի ուժի և կարողության մասին: «Թուրքիան արդեն հին Թուրքիան չէ: Թուրքիան արդեն ձեր իմացած Թուրքիան չէ: Կամրջի տակով շատ ջրեր են հոսել: Բոլորը ստիպված են ընդունել նոր Թուրքիան: Բոլորը հարկադրված են տեսնել և հանդուրժել Թուրքիան: Ոչ մի երկիր չի կարող մեծամտորեն մեզ ուղղություն ցույց տալ: Ոչ ոք չի կարող նախատել Թուրքիային: Մենք մի երկիր ենք, որը իր առջև նպատակ դնելով անդամակցել ԵՄ-ին, դրա համար անկեղծորեն աշխատում է: Մենք մի երկիր ենք, որը չնայած բոլոր խոչընդոտների, անարդարությունների, վճռականորեն բարեփոխումներ է իրականացնում: Խաղաղությունից, ժողովրդավարությունից, իրավունքից, մարդկային կենսապայմաններից բացի մենք այլ նպատակ չունենք»,-հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը Քյոլնում իր ելույթից հետո վերադարձել է Թուրքիա՝ չհանդիպելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Անկախ

 

Հայաստանի նազելիները Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրական հնարավորություններ ունեն

1-ին նյութIMG_4831 Գայանե Ներսիսյան2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում հնարավոր է` Հայաստանը մասնակից ունենա: Նման նախադեպ չի եղել: Թերևս այդ է պատճառը, որ այդ նպատակին հասնելու համար լուրջ քայլեր են կատարվում:

Օրերս Լիլիթ Հարությունյանը Փարիզից ոչ հեռու գտնվող Կորբելեսոն քաղաքում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում հանդես գալով` նա պետք է փորձի միավորներ վաստակել, բարձրացնել վարկանիշը: Մեկ ամիս առաջ էլ Լիլիթը Իտալիայի Պոզարո քաղաքում է մրցելույթ ունեցել:

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը դժգոհ չէ իր սանի մրցելույթներից, առավել ևս, որ նա միջազգային մրցումներում տարբեր առարկաներով վարժությունները կատարելիս բարձր` 16-ական միավորներ է կարողանում վաստակել: Հարությունյանն աշխարհի 25 լավագույնների ցուցակում ընդգրկվելու դեպքում ձեռք կբերի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքը: Ի դեպ, բազմամարտի մի շարք մրցաձևերում նա աշխարհում 19-20-րդ տեղերում է և մոտ է հաջողությանը: Հայ նազելին վարպետության դասեր է ստացել Նիժնի Նովգորոդում: Նա Նատալյա Տիշինայի սանն է: Այդ մասնագետի ղեկավարությամբ է պարապել և ակնառու հաջողությունների հասել ռուսաստանցի հանրածանոթ մարզուհի Ալինա Կոբաևան:
Նպատակային քայլեր են կատարվել նաև Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերում մասնակից ունենալու համար:

Եթե Հայաստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետրոսյանը փետրվարին Մոսկվայում անցկացված վարկանիշային մրցումներում 7-րդը ճանաչվեր բազմամարտում, ապա կարող էր այդ պատվին արժանանալ: Մրցումների առաջին օրը նա 9-րդն էր, սակայն չկարողացավ բարելավել ցուցանիշը և դուրս մնաց: Բանն այն է, որ մարզուհին երկար ժամանակ նախապատրաստվել էր Մոսկվայում, վարպետությունը կատարելագործել ռուսաստանցի ճանաչված մասնագետների ղեկավարությամբ:

«Մեր այս երկու առաջատարների հետ միասին Հայաստանի պատիվն է պաշտպանում նաև Հայաստանի քաղաքացիություն ունեցող Աննա Սվիրինան: Նա Հայաստանի հավաքականի թիմակիցների հետ ուղևորվել է Յարոսավլ: Մերոնք երկու` ավագ և կրտսեր տարիքի մարզուհիների միջազգային մրցաշարի են մասնակցելու: Նրանք նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունն այս տարի` մայիսի վերջին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում է անցկացվելու, և մերոնք բաց կթողնեն այն: Իսկ աշխարհի թիմային առաջնությունը սեպտեմբերի 21- 28-ը կայանալու է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Հայաստանից կմասակցեն Լիլիթ Հարությունյանը, Աննա Սվիրինան, Լուիզա Սադյանը, Կլարա Սիմոնյանը: Մայիսի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը հյուրընկալելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մասնակիցներին: Նախատեսվում է, որ հանդես կգա Հարությունյանը: Մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում է կայանալու աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը, որին կմասնակցի Սվիրինան: Օգոստոսի 9-11-ը Լիլիթը կարողությունները կփորձի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, սեպտեմբերի 5-7-ին էլ` Ռուսաստանի Կազան քաղաքում կազմակերպվելիք ստուգատեսներում: Մրցաշրջանը մեր մարզուհիների համար հագեցած է, մնում է, որ ցանկալի արդյունք ստացվի»,- ասաց Ներսիսյանը:

Ի դեպ, երկար ժամանակ Հայաստանից մրցավար ներկա չէր լինում միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում: Պատճառն այն էր, որ մեր մասնագետները չունեին համապատասխան որակավորում: Եվ ահա, այդ բացը լրացվել է: Վերջերս Գայանե Ներսիսյանը Կիևում մասնակցել է սեմինարի, հաջողությամբ քննություններ հանձնել, 2-րդ կարգի միջազգային մրցավարի կոչման արժանացել և միջազգային, այդ թվում նաև` օլիմպիական խաղերի մրցաշարեր սպասարկելու իրավունք ստացել:

Քանի որ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի մասնագետների տարաձայնությունները քիչ չեն, հետաքրքրվեցինք, թե ներկայումս այդ առումով ինչ վիճակ է, կրքերը հանդարտվե՞լ են, թե՞ ոչ:

IMG_4895Ներսիսյանը պարզաբանեց, որ առայժմ խաղաղ է, սակայն աշխատանքը խոչընդոտելու փորձեր, այնուամենայնիվ, արվում են: Վերջերս փոխվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Գաբրիել Ղազարյանը նախկինում զբաղվել է գեղարվեստական մարմնամարզության մասնագետների տարաձայնությունները վերացնելու խնդիրներով, քաջատեղյակ է իրավիճակին և հայտնել է, որ հնարավորինս աջակցություն ցույց կտրվի, որպեսզի այս գրավիչ մարզաձևը մեր երկրում զարգանա և հնարավորություններն օգտագործվեն 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Տարիներ շարունակ խոստումներ են տրվել, որ նազելիների հոգսերը փոքր-ինչ կթեթևանան, նրանք բարվոք պայմաններում` հարմարավետ մարզասրահներում պարապելու հնարավորություն կունենան, մարզումների համար ժամանակակից գորգեր կստանան, դրսում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն և այլն: Մարզչի վկայությամբ` արդեն աստիճանաբար երևում է, որ խնդիրները կարող են լուծվել:
«Աշխարհի առջնությունից առաջ մեր ընտրանին նախատեսում է ուսումնամարզական հավաք անցկացնել Նիժնի Նովգորոդում: Արդեն պայմանավորվել ենք, որ օգնելու են ռուսաստանցի մեր գործընկերները: Ֆինանսները քիչ են: Աջակցության կարգով պետությունից տարեկան 7 մլն դրամ ենք ստանում: Սակայն հնարավորությունների սահմաններում փորձում են օգնել բոլորը, ովքեր սրտացավ են այս մարզաձևի համար: Մարզվողների ծնողները, հարազատները ևս հնարավորն անում են: Նպատակը մեկն է, որ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզուհիները բարձրացնեն իրենց պատրաստվածության մակարդակը, առաջ գնան և աշխարհում ճանաչում ձեռք բերեն: Հունիսի 25-28-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի բաց առաջնությունը: Լիլիթ Հարությունյանն այն բաց կթողնի: Նա անհատական ծրագրով է նախապատրաստվում և միջազգային մրցումների կմասնակցի Իսրայելում: Աննա Սվիրինան և ռուսաստանցի մի քանի մարզուհիներ կմասնակցեն այդ տուգատեսին»,- ասաց Ներսիսյանը:

Լարս ավտոճանապարհը փակ է

լարսՄայիսի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են:

Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 20-ին, ժամը 11.14-ին ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ առատ տեղումների պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

***

Մայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարս ավտոճանապարհը փակ է:

***

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան                 (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան         (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան         (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան     (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան               (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան                    (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան               (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան      (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան                        (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան  (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան           (ծնվ. 30.12.2004 թ.)

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:

Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Սևանա լճում մնացած նավակները դուրս են բերվել ափ

սևանա լիճՄայիսի 24-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ քամի) երկու նավակներ չեն կարողանում մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ նավակները տեղի ուժերով դուրս են բերվել ափ:

Նորից հայ է վիրավորվել Հալեպում

հալեպԱյսօր,շաբաթ,մայիսի 24-ին Նոր Գյուղի վրա ընկած հրթիռների հետևանքով, որոնք պետևատրաստված են գազի տակառներից,մեկ հայ է վիրավորվել և բազմաթիվ նյութական վնասներ են պատճառվել:

Անկախ

Ահաբեկչություն Իրաքում, 7 հոգի զոհվել է

Ահաբեկչություն Իրաքում  Իրաքի հյուսիսում գտնվող Սամարա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, որոնցից 4-ը ոստիկանության աշխատակիներ են եղել, իսկ 3-ը՝ ահաբեկիչներ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ահաբեկիչ մահապարտը ինքն իրեն պայթեցրել է ոստիկանական պահակակետի մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը, առայժմ, ոչ ոք չի ստանձնել:

 

Անկախ

Թուրք-սիրիական սահմանին անտառային հրդեհներ են բռնկվել

հրդեհներ   Թուրք-սիրիական սահմանին գտնվող Լաթաքիա քաղաքում կառավարական ուժերի՝ ընդդիմության վրա բացած կրակի հետևանքով հարակից անտառային գոտիներում հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ այրվել են նաև Քեսաբի մոտակա անտառները: Քամու հետևանքով հրդեհը տարածվել է դեպի թուրքական սահման՝ սպառնալով Յայլադաղի շրջանի ծառերին: Անտառային տնտեսության աշխատակիցները այս վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելով հրդեհի տարածումը թուրքական տարածք:

Անկախ

Թուրքիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 266 մարդ է տուժել

մարմարա  Այսօր Մարմարա ծովում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է Ստամբուլը, Իզմիրը, Էդիրնեն, Չանաքալեն և Էսքիշեհիրը: Ցնցումները զգացվել են նաև Միջերկրական և Էգեյան ծովերում: Տագնապած քաղաքացիները դուրս են եկել իրենց տներից: Ոմանք տուժել են, քանի որ սարսափած նետվել են շենքերի պատուհաններից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհեր չեն գրանցվել, սակայն 266 հոգի տուժել է: Ցնցումների հետևանքով որոշ շենքերի վրա ճաքեր են առաջացել: ԱՄՆ Երկրագիտական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժի ուժգնությունը 7,2 մագնիտուդ է եղել:

 

 Անկախ

Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում.Սեռական կարողության խանգարման պատճառները

problemՍեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում: Ուրոլոգ Դավիթ Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, թե ինչ է իմպոտենցիան և ինչպես բուժել այն:

Ոչ այնքան հիվանդություն, որքան սինդրոմ

– Իմ պատկերացմամբ, իմպոտենցիան ավելի շատ ոչ թե հիվանդություն է, այլ սինդրոմ, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Պատճառները շատ են՝ հոգեբանականից մինչև օրգանական: Ապացուցված է, որ օրգանական գործոնը գերակայում է հոգեբանականին: Եթե հոգեբանական գործոնը կախված է որոշ հոգեբանական խնդիրներից, օրինակ՝ կնոջ և տղամարդու սեռական անհամատեղելիությունից, սթրեսային վիճակից, ապա օրգանական գործոնն ավելի լուրջ է, անոթների ախտահարման հետևանք է,- ասում է Դավիթ Ներսիսյանը:- Տղամարդու առնանդամի գրգռումը սեքսուալության առավել բնորոշ դրսևորումն է՝ որպես սեռական մերձեցման պայման: Սերմնաժայթքումն ապահովում է սեռական ակտիվության կենսաբանական նպատակը՝ սերմնահեղուկի արտազատումը: Սեռական կյանքի բնականոնությունը մեծապես կախված է հոգեկան աշխարհից, որով պայմանավորված է զուգընկերոջ ընտրությունը և սեռական ակտիվության աստիճանը:

Մեր այն հարցին, թե ում կարող է սպառնալ իմպոտենցիան, բժիշկը նշում է.
– Իմպոտենցիան կարող է սպառնալ ցանկացած տարիքի տղամարդու՝ 20-ից մինչև 70 տարեկան: Բայց առավել թիրախային խումբը 35-50 տարեկաններն են:

Անշուշտ, մեզ հետաքրքրում էին նաև իմպոտենցիայի առաջացման հիմնական պատճառները:
– Ասեմ, որ հիմնական պատճառներն են շաքարախտը, հիպերտոնիկ, սրտային հիվանդությունները, այսինքն՝ այն հիվանդությունները, որոնք ախտահարում են անոթները: Ախտահարված անոթները նվազեցնում են նաև փոքր կոնքի օրգանների սնուցումը՝ հետզհետե հանգեցնելով իմպոտենցիայի: Էրեկտիլ դիսֆունկցիայով մարդկանց սեռական կյանքը թերի է, քանի որ առնանդամը բավարար չի պնդանում, որպեսզի տեղի ունենա սեռական ակտ: Կարելի է սրանից խուսափել: Օրվա ընթացքում պետք է ավելի շատ ոտքի վրա լինել: Սպորտով զբաղվելն ուղղակի պարտադիր պայման է: Որքան մարդը շարժման մեջ է, այնքան արյունն ակտիվ է շրջանառվում, ու խնդիրներ չեն առաջանում: Իսկ ճարպային կուտակումները, օրինակ, հանգեցնում են հորմոնային հարաբերակցության խախտման. տղամարդու արյան մեջ սկսում են նվազել արական հորմոնները, և հակառակը՝ ավելանում են իգական հորմոնները:

Ուրոլոգն ասում է, որ տղամարդը պետք է հրաժարվի ծխախոտից, բայց չի բացառում խմիչքը, խրախուսում է միայն չափի մեջ խմիչքի օգտագործումը: Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, որ օրական մեկ-երկու բաժակ չոր գինին կամ կոնյակն օգտակար են:

Պարոն Ներսիսյանին խնդրեցինք նաև մի քանի խորհուրդ տալ, որոնք կօգնեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:
– Գիտեք, սեռական հարաբերությունները պետք է բնականոն լինեն: Գերադասելի է շաբաթական ունենալ երկու-երեք հարաբերություն: Իսկ եթե ամեն օր է լինում, ապա ավելի լավ: Պետք է անկեղծ ասեմ՝ շատ բան որոշում է նաև զուգընկերուհին, քանի որ կինը կարող է առողջ տղամարդուն իմպոտենտ դարձնել և հակառակը՝ հանել այդ դրությունից: Պարզապես կինը պետք է շատ մտերիմ լինի տղամարդուն: Վստահեցնում եմ՝ նա կարող է բուժել ամուսնուն նույնիսկ առանց բժշկի միջամտության: Նման դեպքեր պատահել են:

Մեր այն հարցին էլ, թե արդյոք այս հիվանդությունն ազգային պատկանելություն ունի, պարոն Ներսիսյանը պատասխանեց.
– Այս հիվանդությունը ազգային հատուկ հակվածություն չունի. չկա վիճակագրություն, որ հստակեցներ՝ հայ տղամարդկանց էրեկցիայի խանգարման դեպքե՞րն են ավելի շատ, թե՞, ասենք, ռուսներինը: Սա զուտ կենսաբանական խնդիր է: Ազգային խառնվածքն աննշան ազդեցություն ունի. հայ տղամարդիկ տաքարյուն են, ինչը հիվանդության հակվածությունը կարող է փոքր-ինչ թուլացնել:

Բուժել եմ ինքնուրույն

Մեր զրուցակիցը` 29-ամյա Կարինե Դ.-ն (անունը փոխել ենք հերոսուհու խնդրանքով,- հեղ.), ասում է, որ համատեղ ամուսնական կյանքում դժվարություններ շատ է կրել: Ըստ Կարինե Դ.-ի՝ ամուսնության առաջին տարին դեռ չէր բոլորել, որ կանգնեց ֆիզիոլոգիական մի բարդ խնդրի առաջ: Հասկացավ, որ ամուսինը խուսափում է իրենից:
– Մենք շատ օրինակելի զույգ ենք: Մեր բոլոր ընկերները հենց մեզնից են օրինակ վերցրել, ավանդական, իսկական հայկական ընտանիք ենք,- ասում է Կարինեն:- Ես, ճիշտն ասած, չէի կարողանում հղիանալ, ու ինքս ինձ անընդհատ հարց էի տալիս՝ միգուցե Աստված ինձ այսպես է ստեղծել, իսկապես տառապանքի մեջ էի: Ընկերուհուս խորհրդով դիմեցի գինեկոլոգին: Նա ինձ ստուգեց ու ասաց՝ ամուսնուցդ է: Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ ուժ հավաքեմ ու ամուսնուս ասեմ այդ մասին:
Կարինեի հարցերն ամուսնուն ամենևին էլ անակնկալի չեն բերում, նա ասում է, որ ինքը պրոբլեմ ունի ու չի ցանկանում դրանով ծանրաբեռնել նաև կնոջը:
– Մենք շատ համերաշխ էինք ապրում, բայց ես մի բան հստակ հասկացա, եթե ամուսիններն անհամատեղելի են անկողնում, ամենաերջանիկ թվացող զույգն էլ վտանգի տակ է: Դիմեցի ամենամտերիմ ընկերուհուս: Եթե նա չլիներ, վստահ եմ՝ հիմա մեր ընտանիքը չէր լինի: Նա ինձ մի քանի խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է գերգրգռել տղամարդուն,- ասում է Կարինեն:

Եվ երբ ամուսինը գնացել է ուրոլոգի մոտ, բժիշկը զարմացել է: Նա լրիվ բուժվել է:
– Անցավ մի քանի ամիս, և ես հղիացա: Որ հիմա հիշում եմ, ուղղակի աներևակայելի հեքիաթ է թվում,- ասում է Կարինեն,- ես հիմա գիտեմ, թե որն է իսկական երջանկությունը: Մենք ճիշտ է՝ լավ ենք ապրել, բայց շատ ու շատ դժվարություններ էլ ենք ունեցել, անհաջող իրավիճակներ, որոնց կենտրոնում ամուսինս էր: Պատկերացրեք` իր այդ վիճակն իրեն այնքան էր անհանգստացնում, որ մի պահ զգացի՝ կամ նարկոման է դառնալու, կամ էլ՝ հարբեցող: Ամուսինս այն ժամանակ շատ նյարդային էր, պահի տակ կորցնում էր իրեն, բայց մենք միասին հաղթահարեցինք դա: Ընկերուհիներ ունեմ, որոնց արդեն ես եմ խորհուրդ տալիս, որովհետև լավ գիտեմ, թե ինչ է դա, երբ տղամարդը ցանկանում է քեզ, բայց ոչինչ չի ստացվում:

Կարինեն հիմա երկու երեխա ունի:

Հոգեբանի միջամտությունը կարևոր է
Հոգեբանական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Արամ Մկրտչյանը տարիների ընթացքում ուսումնասիրել է այն հիվանդությունները, որոնք բժիշկների համար անհաղթահարելի են: Եվ այդ շարքի առաջին հորիզոնականներում է նաև էրեկտիլ դիսֆունկցիան:
– 2010 թ. Ֆրանսիայում մի հետաքրքիր գիտաժողովի էի մասնակցում, հոգեբաններն ասում էին, որ էրեկտիլ դիսֆունկցիան միմիայն բժշկությանն է վերաբերում, հոգեբաններն այստեղ տեղ չունեն: Բայց ես շատ պրոֆեսիոնալ բժիշկ-ուրոլոգների, սեքսապաթոլոգների հետ զրույցների ժամանակ հասկացա, որ այս թեման իսկապես գիտական որակավորման խնդիր ունի,- ասում է հոգեբանը:- Սկսեցի բավական լուրջ հետազոտություններ իրականացնել ու շատ կարճ ժամանակում հասկացա, որ շատերն են տառապում այս հիվանդությամբ: Այս հիվանդությունը չի կարող բուժել անգամ ամենապրոֆեսիոնալ բժիշկը, այն կարող է բուժել միմիայն լավ հոգեբանը կամ տղամարդու զուգընկերուհին:

Արամ Մկրտչյանը փորձով գիտի, որ խնդիրը զուտ հոգեբանական է, և զույգերը անգամ, առանց մասնագետների դիմելու, կարող են ինքնուրույն հաղթահարել:
– Դեպքեր են եղել, երբ տղամարդիկ եկել են, դժգոհել են, բայց վախեցել են իրենց կանանց ասել այդ մասին՝ մտածելով, որ նրանք գուցե չկարողանան ընկալել,- նշում է հոգեբանը,- բայց դեպքեր էլ են եղել, երբ զույգերը բաժանվել են, և այդպես էլ կինը չի իմացել բաժանման իրական պատճառը: Եթե ամուսինները ցանկանում են համերաշխ ու ներդաշնակ ապրել, պետք է շատ մտերիմ լինեն իրենց կանանց հետ: Շատ դեպքերում կողակից կինը կարող է հրաշքներ գործել, բայց կարող է անել նաև հակառակը:

Հոգեբան Արամ Մկրտչյանի դիտարկմամբ՝ ամուսնությունների երկարակեցության գաղտնիքը միմիայն ներդաշնակ կյանքն է:

 

 Անկախ

 

Մեծ Բրիտանիայի թուրք թեկնածուն պատրաստվում է Եվրախորհրդարանում ներկայացնել Թուրքիայի շահերը

Ադրբեջան,Եվրախորհրդարան,ընտրությունների առաջիկա ընտրություններում Մեծ Բրիտանիայի թեկնածուների թվում առաջադրվել է նաև ազգությամբ թուրք Թուրհան Օզենը, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Օզենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նա աշխատելու է թուրքական շահերի համար: «Ես շատ լավ հնարավորություն կունենամ ԵԽ-ում Թուրքիան ներկայացնելու համար: Հանդիպումներ ունենալով մի շարք մարդկանց հետ՝ ես նպաստելու եմ Թուրքիայի նկատմամբ հետաքրքրության աճին՝ տրամադրելով մեծ տեղեկություն երկրի մասին»,-նշել է Օզենը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի զարգացումը բարելավում է Մեծ Բրիտանիայում թուրքական սփյուռքի վիճակը:

 

Ալյասկայում շարունակվող անտառային հրդեհները տարածվել են 780 քառ. կմ տարածքում

ալյասկաՇաբաթ օրը առավոտյան մի քանի օր տևող անտառային հրդեհները Քենայի կենդանի բնության ազգային արգելավայրում տարածվել են ավելի քան 780 քառակուսի կմ տարածքում:

Անտառային հրդեհը բռնկվել էր երկուշաբթի օրը, և շաբաթ օրվա դրությամբ հանգցվել է 20%-ով:

Տարհանումների և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Հրդեհի դեմ պայքարում են շուրջ 409 հրշեջներ:

Հետազոտողները ենթադրում են, որ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է եղել:

Արգելավայրը գտնվում է Սոլդոտնայում:

Արգելավայրում մոտավոր հաշվարկներով 5,000 կենդանի է բնակվում:

 Անկախ

Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ ընտրվելուց հետո շնորհակալություն է հայտնել կուսակցական ընկերներին

հհկ համագումարԱյսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀԿ Նախագահ ընտրվելուց հետո, ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագումարի պատվիրակներին՝ վստահության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար չափազանց մեծ պատիվ է Հանրապետական կուսակցությունն առաջնորդել դեպի նոր հաջողություններ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ համոզված լինեք, որ ես դա անելու եմ մեծ պատասխանատվությամբ»,-կուսակցական ընկերներին վստահեցրել է ՀՀԿ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի հանրապետական կուսակցության 15–րդ համագումարում

հհկ համագումարՀայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 15-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:

***

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15–րդ համագումարում
Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ:

Նախ կուսակցության մասին: Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի: Այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել. Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը: Կուսակցությունը զարգանում է անընդհատ: Կառույցները, նրանց միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, և դա իսկապես տեսանելի է:

Փոխվում է նաև Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: Կուսակցությունը դառնում է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: Հենց դա է պատճառը, որ մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն: Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով:

Այո՛, Հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով դրանց հանդեպ առաջ եկող այսպահային դժգոհությունները: Բայց, միևնույն ժամանակ, Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը: Ասվածի վառ վկայությունը մեր վերջին հերթական համագումարից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներն են և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են տարբեր համայնքներում, որոնցում Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ՝ շարունակելով ամուր հիմքեր դնել ապագա աշխատանքի ու հաղթանակների համար:

Մեր կուսակցությունը հետևողականորեն զարգացնում է նաև իր միջազգային կապերը: Հանդիսանալով ԵԺԿ անդամ՝ ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է ԵԺԿ միջոցառումներին` համագումարներին, գագաթնաժողովներին, քաղաքական վեհաժողովներին և այլն: Խորացրել ենք հարաբերությունները ԵԺԿ անդամ մի շարք եվրոպական կուսակցությունների հետ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հունաստանից, Կիպրոսից:

Նոր որակ են ստացել հարաբերությունները «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ` փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումներ, քաղաքական շփումներ: «Միասնական Ռուսաստանի» հետ միասին նախաձեռնել ենք Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները, որոնց մի փուլը տեղի է ունեցել Երևանում:

Ակտիվացել են շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ:

Այս բոլոր միջազգային շփումները Հայաստանի հանրապետական կուսակցությունը ծառայեցնում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական ու ազգային շահերի հետապնդմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, կուսակցական շինարարության արդիականացմանը:

Սա է այսօրվա իրականությունը: Բայց ասել, որ մենք բավարարված ենք կուսակցության զարգացման տեմպով, սխալ է: Եթե կազմակերպչական և կառուցվածքային ամրապնդման աշխատանքները բավականին լավ են ընթանում, ապա նույնը դժվարանում եմ պնդել բովանդակային քննարկումների ծավալման և գաղափարների ուղղահայաց հոսքի ապահովման առումով: Այստեղ ես չիրացված լուրջ ներուժ եմ տեսնում:

Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, որը ներկայացված է բոլոր բնակավայրերում և ներկա է բնակչության բոլոր` նույնիսկ ամենափոքր խմբերում: Սա հզոր բնական հնարավորություն է Երևանում հնչեցված գաղափարներն ու ծրագրերն ամենուր հասցնելու, մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ դրանք ստուգելու, քննելու և հարստացված հետ բերելու համար: Սա լավագույն մեխանիզմն է նաև մեր հասարակության բոլոր շերտերին հուզող հարցերը կուսակցական խողովակով բյուրեղացնելու, մշակելու և իրականացվող քաղաքականության հարթություն հասցնելու համար: Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ:

Ունենալով այսօրվա կուսակցական հզոր մեխանիզմը՝ մենք շատ արագ նոր թափ պետք է հաղորդենք ասածս գործելաոճին: Դա հետևողական աշխատանք է ենթադրում, և այն մինչև վերջ հասցնելու համար, կարծում եմ, մեկ տարի ժամանակը լիովին բավարար է:

Այսքանը ներկուսակցական աշխատանքների մասով: Հիմա քաղաքական դաշտի և Հանրապետականի ներկա ու ապագա դերակատարության մասին:

Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ:

Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ և, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին:

Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:

Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է և՛ աջը, և՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ:

Հանրապետականը նման հեռանկար մեր պետության համար թույլ չի տա: Հանրապետականը շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին, Հանրապետականը խրախուսելու է նաև այլ քաղաքական դերակատարների համախմբումը՝ քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են:

Եվ որպեսզի քաղաքական դաշտն անընդհատ ամրապնդվի ու կայուն զարգանա, մենք շարունակելու ենք այն առողջացնել՝ ձերբազատվելով մաղձից, ատելությունից և կասկածամտությունից: Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության և հարգանքի հիմքի վրա՝ ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը:

Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօրվա իշխող քաղաքական ուժը, ինչպես նաև մյուս քաղաքական կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները: Ես շատ լավ հասկանում եմ, որ (միայն մեր մասով ասեմ, որ ուրիշները չնեղանան) մենք հաճախ չենք կարողացել արդարացնել պարզ մարդկանց սպասելիքները, հաճախ ուղղակի հոգնեցրել ենք մեր բարձրացրած աղմուկով, քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ լեզվակռիվ, իսկ կուսակցական մրցակցությունը՝ մարդկանց ակնկալիքների հետ կապ չունեցող ինչ-որ ինքնանպատակ մրցույթ: Ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ: Բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրում կայացած քաղաքական համակարգ արմատավորելը նույնքան աշխատատար և ժամանակատար գործընթաց է, որքան ասենք պետական կառավարման համակարգը կայացնելը:

Անշուշտ, որպես պետություն մենք այս ճանապարհին արդեն իսկ հսկայական առաջընթաց ունենք. անհնար է համեմատել այսօրվա քաղաքական համակարգը 10 կամ 20 տարվա վաղեմության իրողությունների հետ: Հիմա բացարձակապես այլ իրավիճակ է: Սակայն պարզ է նաև, որ դեռ անցնելու մեծ ճանապարհ ունենք թե՛ կուսակցությունների զարգացման, նրանց կայունության ու գործունեության թափանցիկության, թե՛ դասական երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման հարցերում: Խոսքս ոչ միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծումների, այլև համապատասխան ավանդույթների ձևավորման մասին է:

Հարգելի՛ գործընկերներ,

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները: Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում:

Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու և երկիրն առաջ մղելու համար: Մենք հենց դա՛ ենք անելու: Մինչև հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել: Դեռ պետք է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, դեռ պետք է ապահովել տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացումը: Այս ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել արդյունավետ:

Ասեմ ավելին: Եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ ոչ էական փաստացի արդյունքներով և միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Առաջիկա տարիները լինելու են խիստ կարևոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի և կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք և դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում:

Աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան մեզնից է կախված: Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք՝ հանրապետականներս (առնվազն այսօր այդպես է): Ուրեմն, չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է՝ քիչ պայքար, շատ գործ:

Ասվածը չի նշանակում, թե Հանրապետականը չպետք է պարզաբանումներ ու մեկնաբանություններ տա իր քայլերի վերաբերյալ: Ընդհակառակը, մեր պարտքն է զեկուցել և մանրամասնել, թե ինչ ենք անում և ինչու: Բայց դա չպետք է կրի քարոզարշավի բնույթ: Չի՛ կարելի թույլ տալ, որ ողջ հասարակությունը ժամանակից շուտ ներքաշվի նախընտրական թոհուբոհի մեջ: Երբ մի ամբողջ երկիր, իր բան ու գործը թողած, զբաղվում է քաղաքական պայքարով, ընդ որում՝ անպատեհ ժամի, դժվար է բարի պտուղներ ակնկալել:

Մենք այլ ճանապարհով ենք գնալու: Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է: Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն:

Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա միտումներն ու մեզ համար կարևոր շուկաներից եկող բացասական ազդակները՝ կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Դա ճիշտ մոտեցում է, որը նվազեցնում է իրականացվող քաղաքականության ռիսկերը: Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել:

Գալիք տարիների բոլոր քայլերը լրջորեն են քննության առնվել: Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձևավորել կառավարության գործունեության հանդեպ: Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը:

Կառավարության անդամների վրա նույնպես հսկայական պատասխանատվություն է դրված: Բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, գործի հանդեպ նվիրվածության և ջանասիրության մակարդակով: Անփոխարինելի մարդիկ չկան: Թերացողները շատ արագ կփոխարինվեն: Մեր կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ:

Պատասխանատվության նոր մակարդակ ենք ամրագրել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված մեր կուսակիցների աշխատանքի համար: Ընդհանրապես շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին. դրանք կառավարման առաջնային օղակներն են և «պետական աջակցություն» ասածը մարդիկ առաջին հերթին հենց տեղական իշխանություններից են ակնկալում: Այս ոլորտում հանրապետականների մասնակցությունը հսկայական է և անընդհատ աճում է: Սա նշանակում է, որ կուսակցական խողովակները շատ ավելի արդյունավետ պետք է գործեն նախաձեռնությունների ու գաղափարների շրջանառության և դեպի տեղական ինքնակառավարման օղակներ դրանց մատակարարման հարցերում:

Սիրելի՛ հանրապետականներ,

Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման և մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված: Սա միանշանակ է: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք գնալ հստակ քայլերով ու առավելագույն ջանքերով: Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում:

Մաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաև հասցեական աշխատանք մեր գործարարների և արտերկրյա ներդրողների հետ:

Մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաև համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում: Մենք պետք է հստակ, նաև ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ կայուն ժողովրդավարությունը և իրավական պետությունը մեր ազգային անվտանգության հենասյուներն են: Այլընտրանք մենք չունենք: Ուստի սահմանադրական բարեփոխումները պետք է ծառայեն հենց այս գերխնդրի իրագործմանը:

Մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: Այն գերանձնավորված է և գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի և նրանց քաղաքական պատասխանատվության միջև: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը:

Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն և անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»:

Քաղաքական համակարգի արմատական բարեփոխումները սերտորեն կապված են նաև դատական իշխանության հիմնախնդիրների հետ: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանց անկախ ու անաչառ դատարանի մենք չենք ունենալու ո՛չ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանություն, ո՛չ հուսալի ներդրումային միջավայր: Ուստի սահմանադրական բարեփոխումների կարևորագույն խնդիրներից մեկը դատական իշխանության առկա հիմնախնդիրներին արդիական և մնայուն լուծումներ տալն է:

Սրանք առաջնային հարցեր են, որոնք նաև քննության առարկա պետք է դառնան մեր կուսակցության բոլոր օղակներում, բոլոր մակարդակներում: Մենք երկար ժամանակ չունենք, և ակնկալում եմ, որ ՀՀԿ գործադիր մարմինը հնարավորություն կունենա արդեն ամռանը դիտարկելու տեղերում նման ակտիվ քննարկումների արդյունքների մասին ամփոփումները:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ամեն ինչից զատ, գալիք տարիներին մենք հիմնական խնդիր ունենք, և այդ խնդիրը եղել է, կա և լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը: Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում: Հաղթողը լավ գիտի պարտադրված պատերազմում հաղթանակի գինը, որ վճարել է արյամբ և կորուստներով: Պարտվողին կուրացնում է հաղթանակը վերանվաճելու կործանարար մոլուցքը. մոլուցք, որը նրան զրկում է բանականությունից, կառուցողական բանակցելու ցանկությունից:

Իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարևանն այսօր, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է կացնով խմբագրել պատմությունը` պատերազմ մղելով տեղեկատվական հարթությունում: Բովանդակային հարթությունում լինելով սնանկ՝ տուրք է տալիս ձևին, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսելով սպառազինության վրա: Այս դահլիճում շատերն անձամբ են զգացել հաղթանակի բերկրանքն ու կհամաձայնվեն, որ պատերազմում հաղթում է ոչ թե փամփուշտը, այլ մարդը: Մարդու տեսակը, մարդու կամքը, մարդու համոզմունքները, հավատը և որ ամենակարևորն է՝ ազատատենչությունը: Հաղթում են քաղաքացիները, հայրենիքի, երկրի պատասխանատու և հպարտ քաղաքացիները, որոնց միավորում են ոչ թե կուսակցական պատկանելությունը, ճաշակը, նախասիրությունները, գրպանի պարունակությունը, այլ այն համոզմունքը, որ մեր գործն արդար է:

Մեր հարևանը, բազմաթիվ միջազգային գնահատականների համաձայն, կառուցում է բռնապետական, ռազմականացված հասարակություն, ամեն օր և ամեն ժամ իր հասարակությանը ներարկելով հակահայ քարոզչություն՝ սերմանում է ատելություն և թշնամանք:

Մենք գիտենք, որ հասարակության ռազմականացումը փակուղի է տանում: Կենսունակ և ուժեղ է այն հասարակությունը, որում գերակայում է բազմակարծությունը, որտեղ մարդիկ անկաշկանդ արտահայտում են իրենց գաղափարները, որտեղ գերիշխում է խոսքի ազատությունը, որտեղ կարևորի և գլխավորի մասին մտահոգ բանավեճում է ծնվում բոլորի համար ընդունելի տարբերակը: Մենք այդպիսի հասարակություն ենք կառուցում: Բոլոր թերություններով հանդերձ՝ արդեն երկար ճանապարհ ենք անցել այս ուղղությամբ: Ու վաղն էլ նույնն ենք անելու՝ շարունակելու ենք ամրացնել սահմանը, հզորացնել մեր պետությունը և ուժեղացնել մեր հասարակությունը:

Հասարակական-քաղաքական հարաբերությունների զարգացումը մեր երկրում մտել է որակապես նոր փուլ: Տեղի են ունենում գործընթացներ, որոնք միգուցե առաջին հայացքից դեռ լիովին ընկալելի չեն, բայց հիմնովին փոխում են այդ հարաբերությունների բովանդակությունն ու կանոնները: Հանրային նշանակության գրեթե բոլոր գործընթացներն այսօր նախաձեռնվում, իրականանում և արդյունք են տալիս միայն, երբ իրագործողները ինստիտուցիոնալ կայուն միավորներ են: Հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը:

Այս միտումը գնալով միայն խորանալու է: Այլընտրանք չկա: Այն ժամանակի և մեր հասարակության հասունության թելադրանքն է, որը նվազեցնում է անհատի, նույնիսկ ամենավառ անհատի դերը և մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը:

Խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողները և գրեթե զրոյի են հավասարեցնում «Բարև ձեզ, ես այսինչն եմ և ես եկել եմ ձեզ կառավարեմ» տրամաբանությամբ երևույթները: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, երբ հիմնական դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները:

Չտեսնել այս միտումները, նշանակում է հետ մնալ ժամանակից: Ավելին ասեմ, մենք շարունակելու ենք խրախուսել հասարակական-քաղաքական դաշտի այսօրինակ զարգացումը: Սա է գործուն ժողովրդավարության հասնելու և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինքնադրսևորման աստիճանը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհը:

Երբեմն երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հնչում է մի հրաշալի վանկարկում. «Մենք ենք տերը մեր երկրի»: Համաձայնեք՝ շատ ոգևորիչ փաստ է: Մենք յուրաքանչյուր քաղաքացու համար իրեն երկրի տերը զգալու և այդ զգացումն իրականացնելու հնարավորությունները պետք է արդյունավետ դարձնենք: Քաղաքացու համոզմունքը կամ բողոքը կարող են իրացվել հասարակական շարժումների միջոցով՝ հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցելու բաց հնարավորություններ ունենալով: Քաղաքացու պատկերացումներն ու պետության ընթացքի վերաբերյալ գաղափարները կարող են իրացվել նաև քաղաքական դաշտում՝ ընդգրկուն ու գործուն կուսակցական խողովակների հասանելիությունն ունենալով: Ամենագետ ու փրկիչ առաջնորդի գաղափարը սին է, դա ամբողջովին այլ տեղ է տանում, և մարդիկ դրա մասին լավ գիտեն: Առաջընթացի ճանապարհը նստել սպասելը չէ, թե նախագահը կամ վարչապետը որտեղից կհայտնվեն և ինչ կասեն, որ անենք: Չկա՛ նման ճշմարտություն:

Առաջընթացի ճանապարհը միավորումն է, մտքերի, գաղափարների ու դժգոհությունների համատեղումն է, գործուն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս դրանք առանձնացնել, մշակել և իրագործել: Եվ Հայաստանը հաստատապես այդ ճանապարհով է շարժվում: Առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտի առաջատարն է և ամենամեծ քաղաքական կառույցը: Հետևաբար մեր կուսակցությունը կրկնակի խնդիր ունի լուծելու: Մենք ենք, որ առաջին հերթին պետք է շարունակենք խթանել քաղաքական դաշտի զարգացումը, բյուրեղացումն ու հավասար հնարավորությունների ապահովումը կուսակցությունների և դասական երկբևեռ քաղաքական դաշտի կայացման համար:

Եվ երկրորդ, Հանրապետականի զարգացումն ինքնին չպետք է հետ մնա ժամանակի թելադրանքից: Մեր կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ, ամրանալու է նաև կուսակցություն-հասարակություն կապը: Ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը պետք է նոր թափ հաղորդենք, խթանենք կանանց և երիտասարդական կառույցների բովանդակային ներգրավման մեծացումը: Ներքևից վերև տեղեկատվական հոսքերի անընդհատ ավելացման պայմաններում Մելիք-Ադամյան 2-ում պետք է հզորանա վերլուծական բաղադրիչը: Այս և բազմաթիվ այլ նպատակներ լինելու են մեր առաջիկա աշխատանքի առաջնահերթությունները:

Գալիք տարիների ընթացքում պետական ողջ համակարգն աշխատելու է ուժերի գերլարումով: Իշխող կուսակցության խնդիրն է օժանդակել այս գործընթացին զտված ու մշակված գաղափարների անընդհատ հոսքով և տեղերում՝ իրականացվող քաղաքականության արդյունքների ստուգման ու հետադարձ կապի ապահովման ճանապարհներով:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ամփոփելով խոսքս՝ կոչ եմ անում բոլորիդ տրամադրվել լուրջ և տևական աշխատանքի: Այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք մենք պատրաստվում ենք կյանքի կոչել և այն քայլերը, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել, կենսական նշանակություն ունեն մեր երկրի և մեր ժողովրդի համար: Դրանից կախված է ոչ միայն մեր կուսակցության, այլև մեր ողջ երկրի վարկը: Եթե մենք այսօր ամենամեծ կուսակցությունն ենք Հայաստանում, ապա դա հիմք չէ թուլանալու կամ ավելորդ ինքնավստահության: Ճիշտ հակառակը, մենք ամեն օր պարտավոր ենք վերահաստատել առաջատարի մեր դիրքերը՝ վերահաստատել գործով, կեցվածքով ու նպատակամղվածությամբ:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ գործունեություն՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 

 

 

Միրչա Լուչեսկուն բանակցում է, որ գլխավորի Մոսկվայի «Սպարտակը»

մլուչ965063Հայաստանի ազգային հավաքականի ֆուբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», հնարավոր է գլխավորի Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Ռումինացի մասնագետը բանակցում է ռուսական ակումբի ներկայացուցիչների հետ: Լուչեսկուն կմեկնի Վիեննա, որպեսզի հստակեցնի, թե ինչ պայմաններով կարող է տեղափոխվել:

Մնացել է մեկ տուր

դպ16388Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում վերջին տուրից առաջ աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և ռուսաստանցի Դավիթ Պառավյանը (նկարում), որոնք 10 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր:

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը` առանց մրցանակի

ափ46814242_PashikianԳրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 94 մասնակիցների պայքարում բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Փաշիկյանը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի արդյունքն է` 6,5 միավոր:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան (Հնդկաստան):

Աշոտ Վարդապետյանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի տեխնիկական վարչական հանձնաժողովի նախագահ

ավ2222222Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է օգոստոսին Նոևվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնատարների և մրցավարների ցուցակը, որի մեջ են նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչներ:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանն ընդգրկված է օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովում:

Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը հաստատվել է օլիմպիադայի տեխնիկական վարչական հանձնաժողովի նախագահ:

ՖԻԴԵ-ի մրցավար Նորիկ Քալանթարյանը օլիմպիադայի մրցավարական հանձնաժողովում է: