Ինքնասպանության փորձ Վանաձոր քաղաքում

imagesՄայիսի 15-ին, ժամը 07.07-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բրազիլիայում թույլատրել են գրանցել նույնասեռ ամուսնությունները

o_466475Բրազիլիայի իշխանությունները որոշել են, որ պետմարմինները չպետք է մերժեն նույնասեռ զույգերին գրանցել իրենց միությունը:

Բրազիլիայի արդարադատության ազգային խորհուրդը, որը երկրի դատական համակարգի վերահսկողությունն է իրականացնում, ենթադրում է, որ սխալ է նման մարդկանց միայն քաղաքացիական միությունը հաստատող  փաստաթուղթ տրամադրելը, եթե նրանք կամենում են լիարժեք ամուսնության վկայական ստանալ:

2011-ին երկրի Գերագույն դատարանը,  չնայած եկեղեցու ընդդիմությանը, նույն սեռի ներկայացուցիչներին թույլատրեց քաղաքացիական միություն ու ամուսնություն կնքել: Ներկայում միասեռ ամուսնություններն օրինական են երկրի ընդամենը մի քանի նահանգում:

Արոնյանն առաջատարից ետ է մնում մեկ միավորով

լևոնimagesՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը կչափի  չինացի Վան Հաոյի հետ:

Կկայանան նաև Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) – Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) մրցամարտերը:

Մրցաշարային աղյուսակը վաստակած 4,5 միավորով գլխավորում է Կարյակինը: Կես միավոր պակաս ունի Կառլսենը:  Արոնյանը, Նակամուրան հավաքել են 3,5-ական, Անանդը, Սվիդլերը՝ 3-ական, Ռաջաբովը, Տոպալովը՝ 2.5-ական միավոր: Վան Հաոն ունի 2, Համերը՝ 1,5 միավոր:

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը…

Arshavir_ShirakyanՀայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:

Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ հեղափոխական դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր: Այնտեղ հաճախ էին հավաքվում հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ` քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը: Այս քննարկումներին մասնակցում էր նաև պատանի Արշավիրը: Առաջին աշխարհամարտի սկզբից ևեթ Պոլսում ծանր ու լարված իրավիճակ էր: Չնայած երիտթուրքերի հավաստիացումներին` հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում: Վիճակն ավելի ծանրացավ, երբ սկսված պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն հրաժարվեց ընդդեմ Ռուսաստանի համագործակցել թուրքական իշխանությունների հետ:

Այս պարագայում պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին:

Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի. նա զենք-զինամթերք է հայթայթում և տեղավորում պահեստներում:

Սակայն, ցավոք, ՀՅԴ նախապատրաստական միջոցառումներն այլևս ժամանակավրեպ էին, և երիտթուրքերը կարողացան ի կատար ածել մեծ ոճիրը:

Փրկվելով թուրքական յաթաղանից` Արշավիր Շիրակյանը գործի անցավ: Նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակը հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումն էր:

Եվ ահա Արշավիրը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը` շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ` հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին: Մինչ այդ նա Պոլսում արդեն իսկ ահաբեկել էր մի քանի թուրք ոստիկանների և ձեռք բերել մարտական մկրտություն: Եվ ահա «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին:

Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան` Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում:

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թ. ամռանը հայտնվում Երևանում: Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում: Հենց Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու արժանավոր հայորդիների` Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում:

Նրանց հանդիպումը պատահական չէր: Ռուբեն Տեր-Մինասյանն իր բնակարան էր հրավիրել վրիժառու երիտասարդներին` կարևոր առաջադրանքով: Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ ի կատար ածեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը: Սակայն նրանց վիճակված չէր ի կատար ածել Ռուբենի հրահանգները: Վրիժառուները, բնականաբար, Բաքու կարող էին հասնել միայն Վրաստանով: Այդպես էլ անում են, սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում: Բարեբախտաբար` կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի:

Պոլսում Շիրակյանը երկար չմնաց: Նա շուտով ուղևորվեց Հռոմ` ի կատար ածելու հայոց «Նեմեսիսի» մյուս առաջադրանքը` գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում:

Երկար ժամանակ չպահանջվեց Շիրակյանից Հռոմում հայտնաբերելու երիտթուրք պարագլուխներին: Նա այնտեղ հանդիպեց անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չէին` ի կատար ածելու ոսոխի մահապատիժը:

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ին պատուհասեց նրան: Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում: Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել հերոսին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:

Շահան Նաթալու կողմից նոր կարգադրությունը չի ուշանում. 1922 թ. փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին` պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան` թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին:

Շատ չանցած` խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան: Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին` Հրաչ Փափազյանը: Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է: Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին շանսատակ անել այնտեղ: Սակայն այս պլանը ձախողվում է: Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ պլանը: Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը` նշելու նրա սպանության տարելիցը: Պլանի համաձայն` այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար: Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է:

Սա հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում: Այնուամենայնիվ, վճռականությունը հաղթեց: 1922 թ. ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը: Կեսգիշերից առաջ ավարտվեց խնջույքը, և թուրքերը խմբերով հեռացան հյուրընկալի տնից:  Նրանց մեջ էին Թալեաթի կինը` Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին` իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ:

Հետևի կողմից մոտենալով խմբին` Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվեցին նրանց վրա: Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին, մի կրակոցով գետին տապալեց նրան: Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպեց: Գնդակը մտավ այտի մեջ, դուրս եկավ մյուս այտից: Այդ պահին չուշացավ Արամ Երկանյանի կրակոցը, որը գլխի թափանցիկ կրակոցով վերջ տվեց ճիվաղի կյանքին:

Երբ իրենց առաքելությունը ավարտած հայորդիները սկսեցին նահանջել, Թալեաթի այրին փորձեց խանգարել Արշավիրին: Վերջինս ատրճանակը պահեց նրա կրծքին, սակայն վեհանձնաբար չկրակեց: Վախեցած այրին հետ քաշվեց, և Արշավիրը հեռացավ դեպքի վայրից: Սակայն չդիմանալով գայթակղությանը` նա քիչ անց հետ վերադարձավ` հիանալու իր և Արամի աշխատանքի արդյունքով. երկու հայասպանները և մեկ թիկնապահ թավալգլոր սատակած էին Ուհլանդ փողոցի մեջտեղում, իսկ նրանց ուղեկցող կանայք և տղամարդիկ խելակորույս վայնասուն էին բարձրացրել:

Իմանալով, որ թուրք պարագլուխներին հանդիսավոր ու պատվավոր թաղում են նախապատրաստում, Շահան Նաթալին միտք հղացավ հենց թաղման օրը սպանդ սարքել և միանգամից լուծել հայության վրեժը երիտթուրքերից: Սակայն հետախուզությունը հաղորդեց, որ Գերմանիայի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել և տասնյակ հայեր են արդեն ձերբակալվել: Իրենց գործը փառահեղ ավարտած` հայ վրիժառուները հեռացան Բեռլինից:

Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Բուլղարիայում նրան փորձություն էր սպասում: Վառնայի «Բալկան» հյուրանոցի սրճարանում թուրքերը ծուղակ են պատրաստում Արշավիրի համար և մի քանի հոգով շրջապատում են նրան առևանգելու և հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ: Այս ծանր պահին քաջ հայորդին չի կորցնում իրեն: Ուղղակի գրպանից հանում է ատրճանակը, պահում թուրքերի վրա և սպառնում գնդակահարել ավելորդ շարժում անողին: Ապահովելով իր կյանքը` նա սրճարանի աշխատակիցներից պահանջում է ոստիկանություն կանչել:

Մոտեցած ոստիկանը պարզաբանում է, որ Արշավիրի պատանդները թուրք գաղտնի ոստիկաններ են, որոնք ուզում են վրիժառուին ձերբակալել և Պոլիս տանել հաշեհարդարի: Արշավիր Շիրակյանը ստիպված խոստովանում է բուլղարացի ոստիկանին իր ով լինելը. նա ասում է, որ ինքն է Հռոմի և Բեռլինի սպանությունների հեղինակը, ՀՅԴ անդամ է և բուլղարների պես պայքարում է թուրքական բռնապետության դեմ: Ոստիկանը Արշավիրին ոչ միայն չի հանձնում թուրքերին, այլև իր պաշտպանության տակ է առնում:

Նույն 1922 թ. Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում` ամուսնանալով  վաղուց սիրած աղջկա` Գայանեի հետ: Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է: Այլևս անելիք չունենալով Եվրոպայում` Արշավիր Շիրակյանը 1923 թ. ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը: Նա հաստատվեց Նյու-Յորքում, որտեղ զբաղվեց արևելյան գորգերի առևտրով:

Մեծ հայորդին ու վրիժառուն վախճանվեց 1973 թ. ապրիլի 12-ին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Ջասթին Բիբերի և Բոն Ջովիի համերգներից հետո ստադիոնը գողերի թիրախ է դարձել

Անցած հանգստյան օրերին Ջասթին Բիբերի և Բոն Ջովիի համերգներից հետո գողերը իրենց թիրախ են դարձրել հարավային Աֆրիկայի հայտնի FNB ստադիոնը: Նրանք անվտանգության սենյակ մուտք են գործել՝ պատի մեջ անցք բացելով և պարաններով սենյակ իջնելով, այնուհետև պարանների և աստիճանների միջոցով դուրս էին եկել այդտեղից:

Իշխանությունները չեն մանրամասնում, թե որքան գումար են նրանք գողացել, սակայն կարծում են, որ գումարի մեծ մասը գողերը վերցրել են բազմաթիվ բարերից, սննդի և առևտրի կետերից:

Մինչև երկուշաբթի առավոտյան ոչ ոք չէր նկատել, որ անվտանգության սենյակի գումարը տեղում չէ:

Ստադիոնի մենեջերների թիմի անդամներից մեկը Eyewitness News South Africa-ին հայտնել է, որ դա պատահական գողություն չի եղել, այլ նախապես մի քանի օր առաջ ծրագրված գործողություն է եղել:

130514102344-bieber-johannesburg-0512-story-topՈստիկանությանը օգնելու համար մասնավոր խուզարկուներ են հրավիրվել, նույնիսկ մի քանի աշխատակիցներ ճշմարտության դետեկտորի թեսթ են հանձնել: Իշխանությունների կարծիքով՝ այս մասշտաբների գողություն կարող էին իրականացնել միայն ստադիոնի անվտանգության համակարգին և գծագրին ծանոթ մարդիկ: Պատկան մարմինները ուսումնասիրում են շրջակայքում տեղադրված 10 տեսախցիկների ձայնագրությունները, որի մանրամսաները գաղտնի են պահվում:

Գողությունը իրականացվել է կիրակի օրը 60,000 հանդիսատեսի համար Բիբերի համերգից ժամեր անց: Գողության մասին իմանալուց հետո Բիբերը հերքել է իր կապը դրա հետ՝ TMZ-ին հայտնելով, որ ինքը նման բան չի արել:

 

Էրդողանը ԱՄՆ է մեկնել

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ-ը՝ նախագահ Բարաք Օբամայի հրավերով: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այցի շրջանակներում մայիսի 16-ին Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահի հետ: Ստացված տեղեկության համաձայն՝ Էրդողանն ու Օբաման քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային ու միջազգային օրակարգին առնչվող հարցեր: Այնուհետև բանակցություններ կընթանան արդեն ընդլայնված՝ պատվիրակությունների մակարդակով: Երկու երկրների ներկայացուցիչները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:
Թուրքիայի վարչապետին ամերիկյան այցի ժամանակ ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայան, Եվրոմիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը և մի շարք թուրք գործարարներ:

Սպիտակ տունը, քաղաքական միտումներով, հակահայ միջնորդագիր է ներկայացնում ԱՄՆ Գերագույն դատարան

harut-sasunyan6001327137345Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հարցրել էր Օբամայի վարչակազմին, թե արդյոք պետք է վերանայի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ էր համարել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքը (Բաժին 354.4):

 

Միացյալ Նահանգների կառավարության շահերը Գերագույն դատարանում ներկայացնող Գլխավոր փաստաբանն անցյալ շաբաթ պատասխան էր ներկայացրել դատարան: Նա կոչ էր արել Գերագույն դատարանին չքննել հայցը, և ուժի մեջ թողնել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի, Կալիֆորնիայի օրենքը «անթույլատրելիորեն» ներխուժել է դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս:

 

Հաշվի առնելով նախագահ Օբամայի՝ Թուրքիայի առաջ խոնարհվելու տխրահռչակ համբավը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցերով, զարմանալի չէ, որ վարչակազմի միջնորդագիրը շատ ավելի զիջողական էր, քան այն հարցը, թե արդյոք Գերագույն դատարանը պետք է քննի սույն հայցը:

 

Միացյալ Նահանգների փաստաբանը հետևյալ անհիմն պնդումները կատարեց.

 

– Հակառակ հայ հայցվորների պնդումների՝ «Կալիֆորնիայի նահանգը չի գործել իր ավանդական իրավասության շրջանակներում», այսինքն՝ ապահովագրության կարգավորման.

 

– Կալիֆորնիայի օրենքը «ներխուժում է դաշնային կառավարության արտաքին գործերի հիմնական լիազորությունների սահմաններից ներս» և վճիռներ կայացնում՝ «հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե մեկ դար առաջ».

 

–  Այս օրենքը, բացի պարզապես ներխուժումից, «կխանգարի Թուրքիայի հետ արտաքին հարաբերություններին»: Նախագահ Բիլ Քլինտոնը և Ջորջ Բուշ կրտսերը դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին, պնդելով որ նման միջոցառումները «կվնասեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին».

 

– Բաժին 354.4-ը «անթույլատրելիորեն կներխուժի դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների» այն ասպարեզը, որտեղ Միացյալ Նահանգները «գործել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում ամերիկացի քաղաքացիների որոշ հայցեր լուծելու համար՝ Անկարայի համաձայնագրի (25 հոկտեմբերի 1934 թ.), Ամերիկյան Լոզանի դաշնագրի (6 օգոստոսի 1923 թ.) և Բեռլինի դաշնագրի ու պահանջների համաձայնագրի (10 օգոստոսի 1922 թ.) միջոցով:

 

Պարտավոր ենք մի քանի հերքումներ ներկայացնել Միացյալ Նահանգների փաստաբանի սխալ և քաղաքական միտումներով պայմանավորված պնդումների առնչությամբ.

 

– Կալիֆորնիայի օրենքը չի ներխուժում դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս, քանի որ այն պարզապես փորձում է կարգավորել ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք Կալիֆորնիայի նահանգի իրավասության շրջանակներում են: Սույն օրենքը հնարավորություն է տալիս ուղղելու պատմական մի բացթողում՝ ստիպելով ապահովագրական ընկերություններին իրենց մահացած հաճախորդների ժառանգներին վճարել ժամկետանց  գումարները:

 

– Սույն գործով ամբաստանյալները գերմանական ապահովագրական ընկերություններն են, այլ ոչ թե Թուրքիան, չնայած վերջինս հակընդդեմ միջնորդագիր էր ներկայացրել դատավարությանը: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրն արտացոլում է Թուրքիայի առաջ քաշած որոշ փաստարկները:

 

– Միացյալ Նահանգների փաստաբանն ընտրողաբար հիշատակում է Քլինտոնի և Բուշի վարչակազմերի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին դեմ արտահայտվելը, անտեսելով Միացյալ Նահանգների ավելի վաղ տեսակետները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ 1975 և 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու  բանաձևերը, 1981թ. նախագահ Ռեյգանի ընդունած նախագահական Հռչակագիրը և 1951 թ. Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը:

 

– Միացյալ Նահանգների փաստաբանի հիշատակած բոլոր երեք պայմանագրերը (համաձայնագրերը) առնչություն չունեն սույն հայցի հետ: Անկարայի համաձայնագիրը և Ամերիկյան Լոզանի դաշնագիրը առնչվում են Թուրքիայի Հանրապետությանը և ոչ թե գերմանական ապահովագրական ընկերություններին: Բացի այդ, Ամերիկյան Լոզանի դաշնագիրը, որպես չվավերացված պայմանագիր, իրավական ուժ չունի: Միացյալ Նահանգների փաստաբանը հակասում է ինքն իրեն՝ ընդունելով, որ Կալիֆորնիայի օրենքը «հստակորեն չի հակասում Անկարայի համաձայնագրին, Ամերիկյան Լոզանի դաշնագրին կամ Բեռլինի դաշնագրին ու պահանջների համաձայնագրին», որոնք «քննարկում են միայն այն հայցերը, որոնք ներկայացվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ քաղաքացիներ համարվող անձանց կողմից, այլ ոչ թե նրանց, որոնք ԱՄՆ քաղաքացի են դարձել պատերազմի ավարտից հետո»:

 

Միացյալ Նահանգների փաստաբանի «իրավական կարծիքը» իր բոլոր առումներով թերի լինելուց բացի, ավելի շուտ քաղաքական հայտարարություն է, որն ամերիկյան քաղաքացիներին զրկում է ապահովագրական հայցերով հանդես գալու իրավունքից:

 

Մնում է միայն հուսալ, որ Գերագույն դատարանը կանտեսի Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրը և կհամաձայնի քննել գործը, սակայն այդ հավանականությունը քիչ է, քանի որ Դատարանը ընդունում է իրեն դիմած գործերի չնչին տոկոսը:

 

Եթե չվիճարկվեն Միացյալ Նահանգների փաստաբանի չհիմնավորված փաստարկները, ապա դրանք կարող են խիստ ժխտական ազդեցություն ունենալ ցեղասպանության հետ կապված փոխհատուցումների հետագա բոլոր ջանքերի վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին:

 

Ամերիկահայ համայնքի ղեկավարները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Միացյալ Նահանգների փաստաբանի քաղաքական միտումներով պայմանավորված փաստարկներին հակազդելու համար՝ կասեցնելով բոլոր կապերը Օբամայի վարչակազմի հետ, բողոքի ցույցեր կազմակերպելով նախագահական ելույթների ժամանակ, ձգտելով Կոնգրեսի միջամտությամբ ստեղծել դաշնային հանձնաժողով ցեղասպանության վնասների փոխհատուցման համար՝ Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովի նմանությամբ, և փոփոխություն մտցնելով Կալիֆորնիայի օրենքի 354.4-րդ բաժնում՝ շրջանցելու համար ներկայացված առարկությունները, անկախ նրանից, թե դրանք որքան անհիմն են: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից, որոնք որպես պատրվակ բազմիցս հիշատակվում են Սպիտակ տան և ԱՄՆ դատարանների կողմից՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող ջանքերին ընդդիմանալու համար, իբր թե չխոչընդոտելու համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք գոյություն չունեն:

 

Այժմ  ակնհայտ է, որ նախագահ Օբամայի կողմից ոգեկոչման ամենամյա ուղերձներում «Մեծ եղեռն» եզրույթի խաբուսիկ օգտագործումն ամենևին էլ հավասարազոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ի հեճուկս որոշ միամիտ անձանց  ուրախ-զվարթ հայտարարությունների:

 

Վերջապես, ամերիկահայ համայնքը պետք է վերանայի Կոնգրեսի բանաձևերի միջոցով Ցեղասպանության ճանաչման իր ռազմավարությունը, որոնք ոչ միայն ավելորդ են, այլև բացասական ազդեցությունն են ունենում, քանի որ այս անհաջող փորձերը ոտնահարում են նախկինում ընդունված բանաձևերը և կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Միացյալ Նահանգների վաղուց ընդունած դիրքորոշումը:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

ԲԱՔՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ եւ ՄԱԿ-ի ԲԱԶՄԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

Շահան ԳանտահարյանՔաղաքական բանականության ճշտած օրինաչափութիւններին հաղորդակից մարդկանց համար տարօրինակ չի հնչում իհարկե ՄԱԿ-ի դատապարտումն ու արծարծած պահանջները Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությունների առումով։ ՄԱԿ ԱԽ-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին ու կատարողներին: ՄԱԿ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք նախապատրաստել, կազմակերպել, ֆինանսավորել և հովանավորել են ամեն տեսակի դատապարտման արժանի ահաբեկչական այդ գործողությունները: Դրանում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն ամենալուրջ ձևով դատապարտում է այդ սարսափելի գործողությունները: Փաստաթուղթը բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում:

Բաքուն այստեղ ցուցադրել է փութկոտություն՝ հրապարակում կատարելով այն մասին, որ հենց ինքն է նախաձեռնել նման փաստաթղթի ձեւակերպումն ու որդեգրումը, հենվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի իր ժամանակաւոր անդամի հանգամանքի վրա։

Բաքվի նախաձեռնությունը կարող էր օդում նմալ եւ փոշիանալ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի մնացյալ անդամները չհամաձայնեին նման դատապարտագրի վաւերացմանը։ Կամ էլ դրանցից որեւէ մնայուն անդամ օտագործեր իր վետոյի իրաւունքը եւ տապալեր այս փաստաթղթի որդեգրումը։ Սա պարզապես այն բանի համար, որ Բաքվի ծառայությունը զուտ ինքնագնահատանքի սահմաններից դուրս գալու որեւէ հիմնաւորում չունի։

Թե բոլոր ուժերը պիտի որ դատապարտեին մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական արարքը, սա եւս նույնքան ակնկալելի էր։ Գուցե օգտակար կլինի այստեղ երկու դիտարկում նշել։ Առաջինը այն, որ Սիրիայում եւ Իրաքում նման ահաբեկչական գործողությունները չեն արժանանում նման արագ եւ խիստ դատապարտումների, այն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ի մակարդակով։ Դրա համար էլ քաղաքական բանականության հետեւողի ըմբռնողության սահմաններում հեշտ կտեղաւորվի ՄԱԿ-ի ԱԽ-ի առած այս քայլը։

Երկրորդ կետը գուցե աւելի դիտարժան է։ Փաստաղթում ասվում է, որ բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում:

Պետությունների հակաահաբեկչական բաժանմունքների միջեւ համագործակցության մեքենականությունը նոր չէ որ ճշտվել է։ ՆԱՏՕ-ն ունի համանուն բաժանմունք, իր ստորաբաժանումներով։ Այս բաժանմունքը ահաբեկչական կազմակերպությունների նորացված ցուցակ էր հրապարակել, որտեղ ջնջել էր քրդական կազմակերպությունը։

Ե՛ւ նորացված ցուցակը ե՛ւ ահաբեկչական գործողությունների վայրը խոսում են քրդական ուղղվածության առումով վտանգազերծվածության մասին։

Հստակ է ամբաստանության ուղղությունը Անկարայի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարը պահանջում է միջազգային ընտանիքի միջամտությունը Սիրայում։ Միջամտության ակնկալված բնույթը պարզ է այս դեպքում։ Աւելին, Դաւութողլուն ակնկալում է, որ միջազգային ընտանիքն անհապաղ միացյալ կեցվածք որդեգրի Սիրիայի վարչակարգի դեմ։

Ի դեպ, Անկարան խնամքով անուշադրության է մատնում իր ռազմական օդանաւի ջախջախումը Սիրիայի սահմանի մոտակայքում։

Այս բոլորը տեղի են ունենում այն պահին, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են համադրել ժամացույցի սլաքները Սիրիայի հարցի լուծման համար միջազգային ժողովի թվականի ճշտման համար։

Երեվի կանխահաս է նկատել, որ Սիրիայի հարցի ուղղությամբ համաձայնության միտող ժողովների կազմակերպման գործընթացին զուգահեռ ահաբեկչական գործողություններ են ծաւալում Թուրքիայում։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր