Ստամբուլում ցույցի նոր ձև են գտել՝ կանգնել

mardԱյն բանից հետո, ինչ թուրքական ոստիկանությունը ցրեց  «Գեզի» այգու ցուցարարներին, երեկ 18:00-ից սկսած Ստամբուլը բողոքելու մեկ այլ ձև է գտել: Կանգնե՛լ: Մի շարք երիտասարդներ իրենց բողոքը արտահայտելու համար որևէ տեղ են ընտրում Ստամբուլի կենտրոնական մասերում և անշարժ կանգնում այդտեղ: Այս տարբերակով երեկ Թաքսիմում կանգնեց Էրդեմ Գյունդուզը՝ իր այս շարժումը տարածելով ողջ երկրում:

«Կանգնած մարդ» անվանումը ստացած ցուցարարներից մեկն էլ 20-ամյա Ալիջան Բիրթեքսյոզն է, որին անցնող քաղաքացիները ողջունել են ծափահարություններով: Ալիջանը մամուլի ներկայացուցիչներին այսպիսի պարզաբանում է արել. «Ես աշխատում եմ ցույց տալ, որ ժողովուրդը ուժեղ է: Թաքսիմում մեր մեծ եղբայրը նման ցույց է սկսել, ես էլ նրան աջակցում եմ: Արդեն 4 ժամ է այստեղ եմ, մտածում եմ այստեղ կանգնել այնքան, ինչքան կկարողանամ դիմանալ: Դիմադրելու ենք: Ուզում եմ պաշտպանել Գեզի այգու կանաչը, բարձրացնել այն, չեմ ուզում, որ քանդեն, այդ պատճառով էլ դիմադրում եմ»:

«Կանգնած մարդ» դարձած Ալիջանին ողջունում են շրջակայքի բնակիչները, ոմանք աջակցում են նրան ջուր և թխվածք բերելով: Ցուցարարին աջակցում է նաև նրա մայրը: «Ես կանգնած մարդու մայր եմ, ցույցը շատ խելամիտ եմ համարում: Աստված տա, որ հրաշալի կերպով շարունակվող ցույցերը համապատասխան արդյունք ունենան»,-նշել է տղայի մայրը:

Նշենք, որ այս պահին, «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում արդեն բազմաթիվ «կանգնած մարդիկ» կան:

Կատվին անվնաս դուրս են բերել վերելակի հորանից

Կատվին անվնաս դուրս են բերել վերելակի հորանիցՀունիսի 19-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մուտքում կատուն ընկել է վերելակի հորանը. անհրաժշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:

Ժամը 15.10-ին փրկարարները կատվին դուրս են բերել վերելակի հորանից:

Փլուզվել է տան պատը

big_1371632811_gՀունիսի 19-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. հունիսի 18-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 16 տան ետնամասի պատը փլուզվել է. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզպետարանի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել է Լոռու ՄՓՎ ՃԿԿ ավ. հրահանգիչը:

Պարզվել է, որ փլուզվել է Լ.Պապյանին պատկանող 1950-ականներին կառուցված 5-րդ աստիճանի վթարայնության աստիճան ունեցող տան ետնամասի պատը` 17 քմ մակերեսով:

Շտեմարանային քննություններ. «20»-ների թիվն ավելացել է մինչև 182 անգամ

դիմորդներ2Ավարտին է մոտենում միասնական քննությունների առաջին փուլը. հունիսի 21-ին դիմորդները  քննաշրջանի վերջին երկու առարկաներից` «քիմիայից» և «հայոց պատմությունից»  քննություն կհանձնեն:

Այս տարվա քննաշրջանը նախորդներից տարբերվեց դժգոհությունների բացակայություններով, համեմատաբար բարձր գնահատականներով (չհաշված մի քանի բացառությունները) և կանխատեսելիությամբ. այս տարի բոլոր քննական առարկաների (բացի Ընդհանուր պատմություւնից ) թեստերը կազմվել են նախապես հրապարակված շտեմարանի հիման վրա: Նախորդ տարի փորձնական «հայոց լեզու և գրականություն»  և «մաթեմատիկա» առարկաներն էին շտեմարանային: Նորարարությունն իրեն արդարացրեց և այս տարի  գրեթե բոլոր  քննական առարկաներից շտեմարաններ հրապարակվեցին:

Այս տարի աննախադեպ պատկեր է «կենսաբանության» դեպքում: Այս առարկայի միջին  գնահատականը 14,5 է նախորդ տարվա 11,4-ի փոխարեն: Այս տարի անբավարար է ստացել դիմորդների 12 տոկոսը, մինչդեռ 2012-ին անբարար աստացողների թիվը 7,9 տոկոսով ավել էր` 19,9 տոկոս: Իսկ «քսան» ստացողների թիվն այս տարի 182 անգամ ավելացել է. 2012-ին միայն մեկ դիմորդ էր առավելագույն միավոր հավաքել:

«Հայոց լեզվի և գրականության» միջինը 2012-ի համեմատ նվազել է 0,65 նիշով` 13,9-ից դառնալով 13,25: Նվազել է  նաև 20 բալ ստացողների թիվը` 80 դիմորդ նախորդ տարվա 200-ի փոխարեն, իսկ կտրվողների թիվն ավելացել է 3,5 տոկոսով` 5,5-ից հասնելով 9 տոկոսի: Չնայած դրան, դիմորդները և կրկնուսույցները թեստերից չեն դժգոհում` ասելով, որ ավելի բարդ առաջադրանքներ էին սպասում. շտեմարաններում առկա շատ բարդ առաջադրանքները թեստերում չեն ներառվել:

«Մաթեմատիկայից», որն ամենամասսայական քննություններից է ,  ևս դժգոհություններ չկան:  «Մաթեմատիկայի» միջին գնահատականը նախորդ տարվա համեմատ բարձրացել է` 11,97 է նախորդ տարվա 11,6-ի փոխարեն: 24-ով ավելացել է նաև 20 ստացող դիմորդների թիվը` 101 «քսան» նախորդ տարվա 77-ի փոխարեն: Միևնույն ժամանակ, 2012-ի համեմատությամբ ավելացել է նաև անբավարար ստացած դիմորդների թիվը` 15,5 տոկոսից հասնելով 17 տոկոսի:

Մաթեմատիկայի մասնագետ, կրկնուսույց Սուսաննա Մանուկյանը գնահատականների ծայրահեղության իր բացատրությունն ունի: Նրա խոսքով` կտրվողները պարզապես լավ պարապած չեն եղել. «Եթե նորմալ պարապած լինեին, գոնե միջին միավորներ կստանային: Իսկ բարձր գնահատականներ այս տարի շատ են ստացել, քանի որ շտեմարանում առկա շատ բարդ խնդիրները թեստերում չեն ներառվել»:

Մանուկյանի կարծիքով` շտեմարանի երեք հատորներն անգիր անել հնարավոր չէ, դիմորդը պետք է գիտելիք ունենա, որ կարողանա առաջադրանքները լուծել: «Իհարկե, թեստային համակարգը դուրս չի գալիս, զգալով են գրում: Ավելի օբյեկտիվ է, երբ երեխան լուծում  է առաջադրանքը, ապացուցում»,- ասում է Մանուկյանը:

Մաթեմատիկայի ուսուցչուհի, կրկնուսույց Սիրվարդ Ավետիսյանը ևս կարծում է, որ մաթեմատիկայի գիտելիքը թեստի միջոցով ստուգելը սխալ է. սովորելու փոխարեն աշակերտը ձգտում է առաջադրանքի պատասխանն անգիր անել:

Իսկ այս տարվա թեստերի մասին Ավետիսյանը դրական կարծիք ունի. միջին գիտելիք  ունեցողը կարողացել է դրական գնահատական ստանալ, իսկ բարձր գնահատականի համար էլ ավելի խորքային գիտելիքներ են պահանջվել:

Հիմքային գիտելիքը կարևորում է նաև կրկնուսույց Էմմա Խանաղյանը. «Շտեմարանով վարժեցնելը բանի նման չէ: Եթե դպրոցական գիտելիքների պաշարը չունենա դիմորդը, բուհում հաստատ խնդիրներ կունենա»:

«Ռուսերենի» միջին  գնահատականը  11,08  է` 1,5 նիշով բարձր նախորդ տարվա ցուցանիշից (10,3): Այս առարկայից անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ նվազել է 7 տոկոսով` 22 տոկոսից հասնելով 15-ի: Նախորդ տարի «ռուսերենից» 20 միավոր ստացողներ չէին եղել, այս տարի 2 դիմորդ առավելագույն միավորներ է հավաքել:

«Աշխարհագրության» միջին գնահատականը 14,5 է: Նախորդ տարի միջինը 12,3 էր` 2,2 նիշով ցածր: Անբավարարների քանակը կրճատվել է 3,7 տոկոսով` 9,7-ից հասնելով 6-ի: Իսկ 20 միավոր ստացած դիմորդներն այս տարի չորսն են:

«Ընդհանուր պատմության»  դեպքում իրավիճակը հակառակն է` միջին գնահատականը նվազել է 0,7 նիշով` 12,2-ից դառնալով  11,5, անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ ավելացել է 5,2 տոկոսով. դիմորդների 20 տոկոսն այս տարի կտրվել է: Իսկ 20 ստացողները նախորդ տարի երկուսն էին, այս տարի միայն մեկը:

Պատմության մասնագետ, կրկնուսույց Նաիրի Մուրադյանի կարծիքով ցածր գնահատականների  պատճառները մի քանիսն են. «ընդհանուր պատմությունից» շտեմարան չի եղել, այսինքն ցանկացած թեստային առաջադրանք նորություն է եղել դիմորդի համար: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ քննական բովանդակությունն է ավելացել, իսկ պատասխանների  տարբերակներն էլ միմյանց  նման են եղել` դիմորդից ավելի մանրամասն գիտելիքներ պահանջելով:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  վստահեցրեց, որ հաջորդ տարի ԳԹԿ-ն հեղինակային խումբ կձևավորի և «ընդհանուր պատմությունից» ևս շտեմարան կհրապարակվի: Իսկ այս տարի պարզապես շահագրգիռ խումբ չի հավաքվել, որ շտեմարան ստեղծի:

«Օտար լեզվի» միջին գնահատականը 15,47 է, 6 առարկաներից` «անգլերեն», «գերմաներեն», «ֆրանսերեն», «իսպաներեն», «իտալերեն», «պարսկերեն»,  կտրվել է դիմորդների ընդամենը 6 տոկոսը, իսկ 20 է ստացել 5,4 տոկոսը` 372 դիմորդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ էլի բարելավվել է:

«Ֆիզիկայի» միասնական քննության գնահատականները կհրապարակվեն հունիսի 23-ին, իսկ «քիմիայի» և «հայոց պատմության» գնահատականները` հունիսի 26-ին:

Հունիսի 24-ից ԳԹԿ-ում կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի մեկը: Այս փուլին կարող են մասնակցել արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

 

Ամերիկացիներն ամեն տարի 165 մլրդ-ի մթերք են դուրս նետում

AMNԱՄՆ-ում դուրս է  նետվում սննդամթերքի ավելի քան 40%-ը: Նման տվյալներ է ներկայացրել Գյուղատնտեսության նախարարությունն ու Շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը:

Փորձագետները հաշվել են, որ միջինը ամերիկացիները դուրս են նետում տարեկան 165 մլրդ-ի սնունդ: Դրա հետ կապված, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը օրգանական թափոնների օպտիմալ օգտագործման պլան է առաջարկել: Ըստ այդ պլանի`  2016-ից  Նյու Յորքի բնակիչներն օրգանական թափոնները պետք է առանձնացնեն մյուս տեսակի աղբից:

Ներկայում Նյու Յորքում օրգանական թափոններն ընդհանուրի 35%-ն են կազմում (1,2 մլրդ): Թափոնների տվյալ տեսակը կվերամշակվի ու կօգտագործվի որպես պարարտանյութ կամ էլ` բնական գազ:

Փորձագետները կարծում են, որ տվյալ միջոցը դրական ազդեցություն կունենա քաղաքի էկոլոգիայի ու քաղաքացիների դրամապանակների վրա: Բացի այդ, առանձին աղբաման նետված սննդամթերքի մնացորդը սպառողին ցույց կտա, թե որքան է  նա անիմաստ շռայլում դրա վրա:

Հայաստանում ջրծաղիկի և կարմրուկի համաճարակ չկա. Գայանե Սահակյան

Gayane-SahakyanԼուրերը, թե  Հայաստանում կա ջրծաղիկի և կարմրուկի համաճարակ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Կարմրուկի համաճարակի դեպքեր չեն գրանցվել, եղել է ընդհամենը 4 դեպք, որոնց վարակի աղբյուրը եղել են Վրաստանի քաղաքացիներ, այսինքն եղել են մարդիկ ովքեր գնացել են Վրաստան և եկել են արդեն կարմրուկով վարակված: Եթե մենք համեմատենք նախորդ տարիների՝ 2011-2012 թվականների հետ, ապա նույնիսկ հիվանդացման նվազեցում է նկատվել», – ասաց Գայանե Սահակյանը և չցանկացավ  ահաբեկել մարդկանց` ասելով, որ հանգիստը Վրաստանում անցկացնելը վտանգավոր է . «Վրաստանում նույնպես համաճարակային իրավիճակը կայունանում է, եթե մարդը պլանավորել է հանգիստն անցկացնել Վրաստանում և  ունի կարմրուկի պատվաստում կամ նախկինում հիվանդացել է, ուրեմն կարող է հանգիստ գնալ, քանի որ արդեն իսկ նրան վտանգ չի սպառնում»:

 

 

Դոլարը արագությամբ էժանանում է

դոլարՀունիսի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.95 դրամ:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն”ծրագրում

Արամ Խաչատրյան      Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն” ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:

Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչև ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են  Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:

Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով Կապիտալ աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության և Օսմանյան Կայսրության միջև կնքված խաղաղության պայմանագրերը,  Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of León of 1188 » վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է  ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010թ. և մինչև 2012թ. համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով:

Այսպիսով, “Աշխարհի հիշողություն” ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` “Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ”:

Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն”ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ–ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա–հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

Հրապարակվել են Օտար լեզվի գնահատականները

ֆիզիկա (1)Հրապարակվել են օտար լեզվի միասնական քննության գնահատականները: Այս տարի օտար լեզուներից քննություն է հանձնել 6900 դիմորդ: Նախապես  դիմորդներ էին հայտագրվել 6 օտար լեզուներից. «անգլերենից»  6475 դիմորդ, «գերմաներենից»  361 դիմորդ, «ֆրանսերենից»  295 դիմորդ, «իսպաներենից»  20 դիմորդ, «իտալեներից»  4 դիմորդ և «պարսկերենից» 1 դիմորդ:

ԳԹԿ-ն գնահատականների վերաբերյալ տվյալները հրապարակել է ընդհանրացված` առանց առարկաները տարանջատելու:

Ըստ այդմ` «օտար լեզվի»  քննության միջին գնահատականը 15,47 է: Անբավարար է ստացել դիմորդների 6 տոկոսը: 7,5-13 է հավաքել դիմորդների 25 տոկոսը, 13-18 միավոր է ստացել 37 տոկոսը և 18-20 է ստացել դիմորդների 30 տոկոսը:

Բոլոր վեց առարկաներից միասին  20 միավոր է ստացել 372 դիմորդ` ընդհանուրի 5,4 տոկոսը:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը վստահեցնում է, որ վերոնշյալ տվյալները կարելի է դիտարկել որպես «անգլերենի»  թվային տվյալներ, քանի որ մյուս առարկաներից դիմորդները քիչ են ու դրանց տվյալներն ընդհանուր ցուցանիշի վրա էապես չեն ազդում:

Նշենք, որ նախորդ տարի «անգլերենի» միջին գնահատականը 13,2 էր:

 

ԱԳ նախարարը կայցելի Ուկրաինա

Էդվարդ ՆալբանդյանԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, որի ընթացքում  Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի  կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին:

Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։

«Քաղաքապետարանը պատրաստ է մշտապես աջակցելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն հայ մշակույթի զարգացման, ինչպես նաև մշակութային կյանքի աշխուժացման գործում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

Իրինա Զաքյանն ու Տիգրան Գևորգյանը շնորհակալություն են հայտնել իրենց վաստակը գնահատելու համար։

Նշենք, որ Երևանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում միաձայն որոշում էր կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները ստեղծագործելու համար պայմաններ ստեղծելու նպատակով տրամադրել  Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Խարդախությունների շղթայի միակ լուծումն այն է, որ նախագահը վերջապես որոշումներ կայացնի

Արամ  ՍարգսյանըՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը և Դեմկուսից Արամ  Սարգսյանը այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսեցին «վարչապետի օֆշորային սկանդալի» մասին:

«Վարչապետը պետական այն անձն է, ում անվան ցանկացած շրջանառության պետք է հետևի առնվազն մեկ պատասխանատու: Այս կոնտեքստում ծիծաղելի է, որ նման սկանդալը պայթել է առանց վարչապետի իմացության: Ինչ վերաբերում է Կճոյանին, ես հրաժարվում եմ խոսել հոգևորականի մասին, որ հարցին, թե որտեղից է իրեն “Բենթլին”, պատասխանել է, թե իրեն նվիրել են: Վազգեն Առաջինի օրոք  չեմ պատկերացնում, թե  նման բան կարող էր լինել, որ հոգևոր սպասավորը իրեն թույլ տար  “Բենթլի” նվեր ստանալ: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մենք հնարավորություն ունենայինք չլսել նման խարդախությունների մասին, բայց, քանի որ դեպքերը արդեն փաստ են, միակ լուծումն այն է, որ նախագահը վերջապես որոշումներ կայացնի, ոչ թե Սուրիկ Խաչատրյանի դեպքի նման ամեն ինչ  հասնի այն աստիճանի, որ մարդը ինքը հրաժարական տա», – ասաց Արամ  Սարգսյանը:

ՀՀԿ-ի ներկայացուցիչը, բնականաբար, չհամաձայնեց սկանդալի նման քննարկման հետ.  «Նախ պետք է սպասենք պատկան մարմինների որոշումներին և միայն իրավական գնահատականից հետո քննարկենք հարցը», – կարծիք հայտնեց Սուքիաս Ավետիսյանը:

Անգամ եթե լրագրողը միջամտեց, պատգամավորին վայել չէ յուղ լցնել կրակի վրա

Արամ  ՍարգսյանըԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեմկուսից Արամ  Սարգսյանը, անդրադառնալով Ազգային ժողովում լրագրող Գոհար Վեզիրյանի և պատգամավոր Վարդան Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Նախ, կարծում եմ, որ եթե պատգամավորները քննարկելու բան ունեին, պետք է առանձնանային և զրուցեին: Մյուս կողմից, իհարկե, լրագրողը պետք է չմիջամտեր: Սակայն անգամ եթե լրագրողը միջամտեց, պատգամավորին վայել չէ յուղ լցնել կրակի վրա: Գոնե այդ ժամանակ Մհեր Սեդրակյանը պետք է իր խոսակցությունը ընդհատեր և չխախտեր էթիկայի կանոնները»:

Հավասարում` երեք անհայտով

index Հենրիխ ՄխիթարյանԱյսօրերին շատ է խոսվում Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի  անգլիական «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին:

Հետաքրքրում է, թե անգլիացիներն ինչպիսի գումար են վճարելու որպես փոխհատուցում: Պարզվում է, որ Դոնեցկի «Շախտյորին»  պատկանում է ֆուտբոլիստի վաճառքի իրավունքի միայն կեսը: Մյուս կեսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին  և գործարար Օլեգ Մկրտչյանին, որը նաև Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր բաժնետերն է:

Թե ինչպես պետք է բաժանվի հասույթը, որ բոլոր կողմերը գոհ մնան, բարդ խնդիր է: Փաստորեն, հավասարում է երեք անհայտով:

Խոստովանություն 6 տարի անց

կալանք2007 թ. հունիսի 13-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել ապօրինի կերպով թմրամիջոցներ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով 1949 թ. ծնված Յուրիկ Բ.-ին և նրա ուղևորներ Վանիկ Մ.-ին ու Վարդան Գ.-ին բերման ենթարկելու մասին: Անձնական զննությամբ Վանիկ Մ.-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել Էր 5 գրամ, Յուրիկ Բ.-ի մոտ` 2,2 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից` 9,9 գրամ ափիոն թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգվածներ և 7,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ ու Էլեկտրոնային ճշգրիտ ոսկերչական կշեռք:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2007 թ. հունիս ամսին Յուրիկ Բ.-ն 4,75 գ կշռով ափիոն թմրամիջոցը ձեռք է բերել 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ից, որը մահացել է 2008 թ.-ին:
Յուրիկ Բ.-ն հրավիրվել է ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունք և տվել խոստովանական ցուցմունքներ:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, խուլիգանության՝ 1 և խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է դրամանենգության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս տարի ծիրանի արտահանման ցուցանիշը կգերզանցի նախորդ տարվանը

սպայկաԱյսօր «Սպայկա»  բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել է ավելի քան 3000 տոննա ծիրան, մթերումն ինտենսիվ շարունակվում է և այս տարի թերևս կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը` 13 հազար տոննան:

Կարեն Բաղդասարյանն ասաց, որ «Սպայկա» ընկերությունը ծիրան մթերում է 400-500 դրամով, վճարումը կատարվում է կանխիկ: «Մենք կանգնած ենք ֆերմերների կողքին: Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերում ինչ-որ գնի շրջանակներում, մենք չենք խախտում այն: Աշխատում ենք նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչև վերջ մթերելու ենք արդեն հայտարարված գնով, ի տարբերություն շատ այլ մթերողների, ովքեր նախապես այլ գին են ասում, մթերման ժամանակ` այլ գին` գյուղացիներին կագնեցնելով խնդրի առաջ», – ասաց Կարեն Բաղդասարյանը և նշեց, որ հայկական ծիրանը դրսում վաճառվում է 750-800 դրամի սահմաններում:

Այն հարցին, թե ինչպես անդրադարձավ «Սպայկայի» հրդեհն իրենց գործունեության վրա, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ  մեծ վթարը կարող էր ազդել մթերումների վրա, բայց ընդամենը մեկ ամսվա ընթացքում, շնորհիվ մեր ղեկավարի կամքի,  կոլեկտիվը վերակազմավորեց իր ուժերը: Մայիսի տասնհինգի գիշերը տեղի ունցավ այդ դեպքը, մենք արդեն երկու օր առաջ գործարկել ենք սառնարանային համալիրը, այսինքն, թույլ չտվեցինք, որ հրդեհը ազդի մեր աշխատանքի վրա»։

Ուսումնամարզական հավաք հանքավանում

ffa5Հունիսի 21-27-ը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում: Հավաքի ընթացքում ամենօրյա մարզումներից բացի նախատսեված է նաև անցկացնել ստոգողական երկու հանդիպում:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Պողոս Այվազյան, «Միկա»
Սամվել Հունանյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Համլետ Ասոյան, «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան, «Բանանց»
Արման Բարսեղյան, «Բանանց»
Էդգար Բաղումյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Անդրեյ Շախգելդյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան, Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան

Կիսապաշտպաններ

Վլադիմիր Ուլուխանյան, «Միկա»
Ալիկ Առաքելյան, «Միկա»
Էդուարդ Ավագյան, «Բանանց»
Արամ Սարգսյան, «Բանանց»
Մհեր Սահակյան, «Իմպուլս»
Սարգիս Շահինյան, «Միկա»
Նաիրի Մինասյան, «Բանանց»
Արամ Քոչարյան, «Բանանց»
Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ» Ռուսաստան
Դավիթ Գիզգիզյան, «Ատրոմիտոս»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»
Արամ Մուրադյան, «Շիրակ»
Վարդան Բակալյան, «Փյունիկ»
Կառլեն Դարչինյան, «Տրեվիս և ՎՎԿ» Ռուսաստան

Share on vk Share on facebook Share on google_plusone_share Share on twitter

Երգչուհի Ռիհանան խոսափողով հարվածել է երկրպագուին, տեսանյութ

raninaԱմերիկյան երգչուհի Ռիհանայի համերգային շրջագայությունը, որի անունը Diamonds էր, հագեցված էր զանազան դեպքերով: Մասնավորապես,  երգչուհուն մեղադրեցին երկրպագուի վրա հարձակման մեջ: Փոփ կատարողը ֆանատին հարվածել է խոսափողով, երբ վերջինը փորձել է դիպչել նրան:

YouTube -ում հայտնվել է համերգից մի տեսագրություն, որտեղ նկարահանված է դեպքը: Կատարելով  We Found Love երգը` Ռիհանան անցել է առաջին շարքի ֆանատների առջևով, հնարավոր է, որ երկրպագուներից մեկը պարզապես ցանկացել է բռնել նրա ձեռքը, ինչին ի պատասխան ստացել է գլխին հարված խոսափողով: Այդ պահը ֆանատներից մեկին հաջողվել է ֆիքսել բջջային հեռախոսի տեսախցիկով:

Առաջատարների շարքերում նեղվածք է

chess-5Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրից հետո միանգամից 9 շախմատիստներ` Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Արման Միքայելյանը վաստակած 2 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: