Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը: Խոսելով ադրբեջանահայ փախստականների խնդիրների մասին` բանախոսը նշեց, որ նրանք Հայաստանի բնակչության մոտ տասը տոկոսն են կազմում: Ադրբեջանահայերի մեծ մասը բնակվում է Երևանում, Արարատի մարզի Մասիսի շրջանում, Գեղարքունիքում և նախկին ադրբեջանաբնակ շրջաններում: Ըստ Գրիգորի Այվազյանի` նրանց խնդիրների լուծումը պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության լուծմամբ: Իսկ այդ խնդիրները շատ են. ադրբեջանահայերն ինտեգրված չեն մեր հասարակությանը, քանի որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացիություն չունի, դա չի բխում նրանց սոցիալ-տնտեսական ու ՀՀ քաղաքական շահերից: Սակայն, բանախոսը նաև շեշտեց, որ իրենց ասամբլեան փոխհատուցում պահանջում է Ադրբեջանից, ոչ թե ՀՀ-ից կամ Արցախից, քանի որ Ադրբեջանն է պատասխանատու ադրբեջանահայ փախստականների բոլոր տառապանքների համար:
Daily Archives: June 20, 2013
Չեմպիոն դառնալու հնարավորություն
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը մրցամարտ կանցկացնի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Դեմիտրիուս Անդրադեն:
Բանն այն է, որ Զաուր Բայսանգուրովի և Անդրադեի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որը պետք է կայանար հուլիսի 6-ին, չեղյալ է համարվել։ Բայսանգուրովը վնասվածքի պատճառով հրաժարվել է ռինգ դուրս գալ և զրկվել է աշխարհի չեմպիոնի տիտղոսից:
«Կիլիկյան վարժարանի» առաջին շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում
Սիրիահայ երեխաների համար կազմավորված «Կիլիկյան վարժարանում», ինչպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում, 2012-13 ուստարվա ավարտական քննությունները, սահմանված կարգով, անցկացվում են հունիսի 5-ից 22-ը։
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում գործող, սիրիական ծրագրով առաջնորդվող «Կիլիկյան վարժարանի» առաջին շրջանավարտները 38–ն են։
Քննաշրջանի ընթացքում ուսման որակի ու առաջադիմության դեռևս ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է միայն «Անգլերեն» առարկայից՝ 100 տոկոս, քիչ զիջում են «Հայերեն» առարկայի քննական արդյունքները՝ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ 93 տոկոս, «Արաբերեն» լեզվի ուսման որակը զգալիորեն զիջում է՝ 70 տոկոս։ Բնագիտական ու ճշգրիտ գիտությունների առարկաներից սիրիահայ երեխաները ցուցաբերել են միջինից բարձր առաջադիմություն։
Ամփոփելով ավարտական դասարանի ուսումնական տարին՝ վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյանը նշել է, որ ուսման առաջադիմությունը 100 տոկոս է, ուսման որակը՝ դեռևս 86,2 տոկոս. «Քրիստոնեական կրոնի պատմություն» և «Ֆրանսերեն» առարկաների քննություններն անցկացվելու են քննաշրջանի վերջին օրերին։ Տնօրենը նաև ընդգծել է, որ բոլոր շրջանավարտները պատրաստվում են ուսումը շարունակել Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
PKK-ի զիննյալների երկու երրորդը լքել է Թուրքիան
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են լքել Թուրքիան: Զինյալների երկու երրորդը հատել է Թուրքիայի տարածքն ու անցել Հյուսիսային Իրաք, տեղեկացնում է թուրքական “Սաբահ”-ը։
2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել զինադադար հաստատելու հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:
Խորհրդարանն ամփոփեց արտահերթ նստաշրջանը
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտվեց: Վերջին աշխատանքային նիստին մասնակցում էր 91 պատգամավոր: Քննարկման դրվեց, ապա վավերացվեց նստաշրջանի տասը հարց` այդ թվում ութ միջազգային համաձայնագիր:
Օրակարգի հինգերորդ հարցի քվեարկության ժամանակ (կառավարության ներկայացրած Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին) վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդիրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` բարձրացնելով Հայռուսգազարդ ընկերության հայկական 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին տալու հարցը: Նա ասաց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանը, թե դա արվում է ապահովության համար, իրենց չի բավարարում և նրանք ցանկանում են հասկանալ ապահովություն ասվածի ողջ իմաստը: Պատգամավորն առաջարկեց խորհրդարանին մինչև այդ հարցի վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի բանակցությունների ավարտը կազմակերպել քննարկում և հասկանալ խբնրի էությունը, որպեսզի հետո չկանգնենք փաստի առաջ:
Քեարկությամբ հաստատվեց նաև օրակարգի վերջին հարցը, այնուհետև խորհրդարանի ղեկավարը հայտարարեց նստաշրջանի ավարտի մասին` շնորհակալությւն հայտնելով պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար:
Իրանը նոր նախագահ ունի, միջազգային հարաբերությունները` նոր հույսեր
Շաբաթ օրը Իրանում կայացած նախագահական 11-րդ ընտրությունների արդյունքում ընտրողների 50.7 տոկոսի վստահության քվեով ընտրվեց բարեփոխական ուժերի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի նախկին բանագնաց Հասան Ռոհանին:
Իրանի նորընտիր նախագահին արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ: Գերտերություններից Իրանի նախագահին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԱՄՆ-ն շնորհավորել է Իրանում անցած ընտրությունները: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, իհարկե ոչ նախագահի, ոչ էլ պետքարտուղարի, այլ Սպիտակ տան ներկայացուցչի մակարդակով հույս է հայտնել, որ բարեփոխական թեկնածուի հետ հետագա երկխոսությունը կստացվի և առաջարկել Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մեջ ընդունված կանոնների համաձայն` սա նոր փուլ կարող է նախանշել մերձավորարևելյան, մասնավորապես` Իրանի շուրջ ձևավորված խնդրի կարգավորման հարցում:
Երկրորդ կարևոր հանգամանքը, որ գրանցվեց այս ընտրությունների արդյունքում, այն է, որ հետընտրական զարգացումներ չկան, իսկ երկրի բնակչությունը, հատկապես` ընդդիմադիր հատվածը, ցնծության մեջ է, քանի որ Ռոհանիին վստահության քվե տվել են նաև Իրանի այն քաղաքացիները, որոնք համարվում են ընդդիմադիր: Ինչպես հեռուստատեսությամբ նշեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը, չի կարելի ասել, թե բարեփոխական նախագահն ընդդիմադիր է, նա ավելի շատ չափավոր պահպանողական է: Իսկ փորձագետն աննախադեպ է համարում այն, որ բոլորը սպասում էին, թե հիմնական պայքարը կընթանա պահպանողականների ու նախագահի աջակցած թեկնածուների միջև, իսկ Ռոհանին երրորդն էր, բայց հաղթեց հենց նա, այն էլ բավական մեծ տարբերությամբ:
Այն, որ հաղթանակ տարավ բարեփոխական ուժի ներկայացուցիչը, նշանակում է, որ հետընտրական ցույցեր ու զարգացումներ չեն լինի, սա էլ իր հերթին նշանակում է, որ Իրանի դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջուկային խնդրով տարվող բանակցություններում կամրապնդվեն, քանի որ նորընտիր նախագահը վայելում է հասարակության աջակցությունը:
«Դրական փոփոխությունների ակնկալիքը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե նախագահն ինչ քաղաքականություն կորդեգրի այն հիմնական խնդիրների ու հիմնախնդիրների առնչությամբ, որոնք համաշխարհային հանրության մտահոգությունների առարկան են: Դրանք են` իրանա-սիրիական հարաբերությունները, լիբանանյան «Ֆաթխ» կազմակերպության հետ հարաբերությունները և միջուկային հիմնախնդրի առնչությամբ Իրանի դիրքորոշումը: Ահա եթե այս երեք կետերի շուրջ Իրանի նորընտիր նախագահը կտրուկ կամ էական փոփոխություններ իրականացնի, հնարավոր կլինի Իրան-Արևմուտք հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրել, ինչն էլ մեծ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա: Քանի որ, իմ խորին համոզմամբ, Իրանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրը երկրի ներքին տնտեսական իրավիճակն է, ոչ թե արտաքին սպառնալիքները»,- այս առումով նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Սակայն տարբեր փորձագետների համոզմամբ` նորընտիր նախագահը վերոհիշյալ հարցերի առնչությամբ նույն քաղաքական կուրսը կտանի, ինչ նախորդ ղեկավարությունը, ուղղակի շեշտադրումները փոքր-ինչ կմեղմանան: Հազիվ թե իրանցիները լիովին հրաժարվեն իրենց դիրքրոշումից, քանի որ, ինչպես տեսնում ենք, պահպանողական ուժերի կողմից արդեն շնորհավորանք կա նորընտիր նախագահին, հետևաբար այնպես չէ, որ Իրանում լիովին ընդդիմադիր ուժ է գալիս իշխանության: Ուղղակի` ավելի մեղմ քաղաքականություն վարող քաղաքկան ուժ, որն ավելի նուրբ, ոչ այնքան կտրուկ հայտարարություններով կմոտենա խնդիրներին: Հնարավոր է նաև, որ միջուկային խնդրում որոշ առաջընթաց նկատվի, քանի որ Հասան Ռոհանին նախկինում ազգային անվտագության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր, և նա այդ պաշտոնում մեծ հաջողությամբ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Այսինքն` ակնկալվում է, որ միջուկային ծրագրի շուրջ լուրջ առաջընթաց կլինի: Բայց դժվար է ենթադրել, թե Ռոհանին կհրաժարվի նախկին իշխանությունների որդեգրած հիմնական քաղաքականությունից: Որովհետև նախընտրական շրջանում բոլոր 8 թեկնածուներն էլ հայտարարել են, որ իրենք շարունակելու են Իրանի` միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքի իրականացումը:
«Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն տարածաշրջանում` Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում: Այսինքն` Թեհրանը այնտեղ ծավավող իրադարձություններից բխող որոշումներ կկայացնի: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողություններ կլինեն այդ երկրներում և ինչ զարգացումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ Իրանը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ Իրաքում, թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում, ամեն դեպքում մինչ այժմ նրա ազդեցությունը կա, և դա էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը:
Իհարկե` այն, որ բարեփոխիչների թեկնածուն դարձավ Իրանի նախագահ, մի քիչ, շատ քիչ Իրանի շուրջ լարվածությունը կարող է թեթևացնել: Բայց սա ավելի շատ ուղղված է ներքին լսարանը հանգստացնելուն: Քանի որ տնտեսական պատժամիջոցներից որոշակի անհանգստություններ, դժգոհություններ կային, ժողովուրդն էլ այդ հաղթանակը ընդունեց, շատ կարևոր փաստ է, որ նախկին նախագահներ Ռաֆսանջանին ու Խաթամին նույնպես աջակցեցին Ռոհանիին: Եվ այստեղ ոչ թե Ռոհանիի անձն է կարևոր, այլ բարեփոխական ուղղվածությունը»,-ասաց Արմեն Իսրայելյանը:
Մի՞թե Ռոհանին խաղաղության հրեշտակն է լինելու
Փաստորեն, Ռոհանին խորհրդանշում է նաև Իրանի հասարակական միասնականությունը, որը վերջին 4-5 տարիներին բացակայում էր Իրանում, և եթե այդպես շարունակվեր, արդեն լուրջ մարտահրավերներ կնետեր արդեն բուն իսլամական համակարգին: Ռոհանիի ընտրությունն Իրանի ներքին կայունության ամրապնդմանը միտված քայլ էր, և որքան երկրի ներքին կայունությունը կուռ լինի, այնքան մեր հարևաններն արտաքին հարաբերությունները կարող են հօգուտ իրենց ծառայեցնել:
«Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում. Իրանին բոլորը մեղադրում էին հակաժողովրդավարության մեջ, սակայն այսօր նկատում ենք, որ Թեհրանի փողոցներում ցնծում են նախագահական ընտրությունների արդյունքներից, իսկ Ստամբուլի փողոցներում իշխանությունները ցուցարարներին` ընդդիմադիրներին ճնշում են, բռնություններ կիրառում: Սա քարոզչական առումով էլ Իրանի համար շատ լավ հարթակ էր իր դերը բարձրացնելու համար, և արդեն իրանական մամուլից երևում է, որ նրանք անպայման կօգտագործեն այս հանգամանքները: Բնականաբար, դա հանգեցնելու է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման, սակայն էական փոփոխություններ չեն լինելու», -պարզաբանեց իրանագետը` հավելելով, սակայն, որ նախկին փորձը փաստում է, որ բարեփոխական նախագահները կարողանում են ընդհանուր լեզու գտնել Արևմուտքի հետ: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ որոշ վերաձևակերպումներ կարող են ի հայտ գալ` նախկինում կարևորվում էր Իրանի կողմից իսլամական երկրների, Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների խորացումը, սակայն ներկայումս հնարավորություն կա շեշտադրումների փոքրիկ փոփոխություններով փորձել հարաբերությունները լավացնել նաև Եվրոպայի հետ, ու Թուրքիայի ուսերից պոկել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում միակ ու անփոխարինելի առաջատարը լինելու ձգտումն ու շապիկը:
«Շատ հետաքրքրական են Իրանում համեմատաբար բարեփոխիչ նախագահի ընտրությունները, ինչը նշանակում է, որ Իրանն ավելի հստակ երկխոսության կգնա, բանակցությունների կգնա արտաքին աշխարհի հետ, իսկ դա` իր հերթին, նշանակում է, որ Թուրքիայի դերը հակաիրանական ճամբարի առումով, ավելի կիջնի»,- այս հարցի կապակցությամբ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Իրանում բարեփոխիչ ուժի ներկայացուցչի հաղթանակը նոր սպասումներ է բերում մեր տարածաշրջանային զարգացումներում: Մասնավորապես` ամբողջ աշխարհը տեսավ, որ Թուրքիան, որպես Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության մոդել, արդեն կաղում է, և շատերն են խոսում Թուրքիայի «տհաս» ժողովրդավարության մասին: Ու ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ներքին գզվռտոցով, այնքան ավելի քիչ ժամանակ ու էներգիա կունենա արտաքին աշխարհի, միջազգային քաղաքական հարաբերություններում:
Օբաման Բեռլինում Ռուսաստանին և ԱՄՆ-ին առաջարկել է կրճատել միջուկային զենքի քանակը
Ջոն Քենեդիի` Բեռլինում Սառը պատերազմյան պատմական ելույթից գրեթե 50 տարի անց նույն քաղաքում Բարաք Օբաման կոչ արեց ԱՄՆ-ին և Ռուսաստանին կրճատել միջուկային զենքի քանակները:
Օբաման, ելույթ ունենալով Բրանդենբերգյան դարպասի մոտ տեղակայված փամփշտակայուն ապակու հետևից, առիթը օգտագործել է Ամերիկային և Ռուսաստանին միջուկային մարտագլխիկները մեկ երրորդով պակասեցնելու առաջարկ անելու համար:
Նա նաև կոչ է արել Եվրոպային տնտեսական կոշտ քաղաքականության մեջ առավել խելացի լինել` նշելով, որ բյուջեի հավասարակշռումը չպետք է կառավարությանը շեղի իր հիմնական նպատակից` մարդկանց ապրելակերպը բարելավելու ուղուց: Նրա մեկնաբանությունները հիմնականում ուղղված են եղել Գերմանիային և կառավարության ծախսերը կրճատելու նպատակով Հունաստանի և Իսպանիայի վրա երկրի գործադրած ճնշմանը:
Օբաման վստահություն հայտնեց, որ Եվրոպան դուրս կգա տնտեսական ծանր վիճակից, եթե երիտասարդների գործազրկության մակարդակի առավել բարձրացման դեպքում երկրների ղեկավարները չափավորեն իրենց ծախսերը:
Ո՞ւմ ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը
Ռուսաստանը վերսկսել է Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը` ներառյալ տանկեր, մարտական մեքենաներ, ծանր հրետանի, հրթիռահրետանային նորագույն զինատեսակներ և այլն: Այս մասին տեղեկատվությունը հայտնվեց հենց ռուսական լրատվամիջոցում` «Վեդոմոստի»-ում` ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին հղում անելով: Ընդ որում, մատակարարման գործը, ինչպես նշում է պարբերականը, սկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն–ից մինչև 1 մլրդ դոլար:
Ադրբեջանը Ռուսաստանից գնել է հարձակողական պայքարի միջոցներ
Ճիշտ է` պաշտոնապես ո՛չ «Рособоронэкспорт»-ը և ո՛չ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա մասին մեկնաբանություններ չեն արել, բայց հանդես չեն եկել նաև հերքմամբ:
Նշվում է, որ պայմանագրով նախատեսվում է Ռուսաստանից գնել 94 հատ Տ- 90-Ս տանկ, մոտ 100 ՀՄՄ-3 հետևակի մարտական մեքենաներ, 18 «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, նույնքան «Վենա» տիպի հրետանային համակարգեր և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետների վեց համակարգեր : Ընդ որում, այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները, իսկ Տ-90Ս տանկերը` լրիվ կոմպլեկտավորմամբ:
Այս ամբողջը համարվում է հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում Ադրբեջանն անընդհատ որ երկրին է սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այս ամբողջ զենքն ու զինամթերքը:
Ճիշտ է` խոսակցություն արդեն կար, որ ռուսական կողմն Ադրբեջանին զինամթերք է վաճառել, մասնավորապես` T90 տանկեր, բայց որ այդ քանակությամբ նման տեխնիկա են վաճառել, անսպասելի էր:
Ուշագրավ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ու մեր հակառակորդ Ադրբեջանը վաղուց են պայմանավորվածություն ունեցել և արդեն վաճառել են, ոչ թե նոր պիտի վաճառեն և գնեն նշված սպառազինությունը: Ու բացի տանկերից, նաև` մյուս բոլոր զինատեսակները:
«Սմերչ» համակարգերի մասով կարող եմ ասել, որ ադրբեջանցիները վաղուց էին առնում, մենք գիտեինք, որ նրանք նման համակարգեր ունեն: «Սմերչ»-ները գաղտնի չեն պահվել: Այստեղ խնդիրն այն է, որ «ՄՍՏԱ-Ս» համակարգերը խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային համակարգեր են, որոնք բավականին արդիական են, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն «Ուրագան»-ների, որոնցից նույնպես գնել են, «ՄՍՏԱ»-ները սպառազինության մեջ են մտել 1989 թ. վերջերին, այսինքն` խորհրդային զինտեխնիկայի վերջին նմուշներից են և բավական արդյունավետ են, մանավանդ լեռնային պայմաններում»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` նշելով, որ այդ կարգի ու քանակի սպառազինություն Ադրբեջանի կողմից գնվելն ուղղակի սպառնում է մեր անվտանգությանը:
Ամբողջ խնդիրն այն է, որ ռուսական կողմն Ադրբեջանին վաճառելով նման սպառազինություն, կարծես ուժերի հարաբերակցությունը թեքում է հօգուտ Ադրբեջանի: Նման սպառազինության վաճառքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին անհասկանալի է. ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հանդեպ նման կերպ վարվել:
«Այն հանգամանքը, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, դրանով ադեն մոտենում է այն պահը, որ սպառազինություններն օգտագործելով` Ադրբեջանն ինչ-որ պահի արդեն կդիմի լայնածավալ մարտական գործողությունների, եթե մենք շատ ակտիվ հակամիջոցներ ու քայլեր չձեռնարկենք: Եթե համեմատվենք Ադրբեջանի հետ, մեր հնարավորությունները շատ ավելի սուղ են, ու մենք պետք է փորձենք դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ քայլեր անել: Բայց Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում անընդմեջ բարձրացնում է հարցը, որ Ադրբեջանն ակտիվ զինվում է, և սպառազինությունների մրցավազքի սահմանափակման հռչակագրի դրույթներն անընդհատ խախտում է, բայց միջազգային հանրությունը ոչ մի քայլ, առավել ևս` կոշտ քայլեր, չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ: Այսինքն` հույսը դնել միջազգային հանրության վրա սխալ է: Մնում է երկրորդ տարբերակը. մենք պետք է մեր բանակը զինենք տեխնիկայով ու միջոցներով, որոնք Ադրբեջանին ուղղակի կստիպեն ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից»,- ասաց Հրաչ յա Պետրոսյանցը:
Ռուս-ադրբեջանական սպառազինությունների հարցի առնչությամբ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կոնցեպտուալ առումով որևէ փոփոխություն Ռուսաստանի ռազմատեխնիկական քաղաքականության մեջ, որը նա վարում է վերջին մոտ 2 տասնամյակներում, չի տեսնում:
«Ռուսաստանը, ինչպես մինչ այժմ, շարունակում է զենք և զինամթերք վաճառել Ադրբեջանին շուկայական գներով և Հայաստանին գրեթե ձրի կամ շատ մատչելի գներով տրամադրել համապատասխան զենք-զինամթերքը, որը հնարավորություն է տալիս բալանսավորել ղարաբաղյան կոնֆլիկտի գոտին և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Խնդիրն այն է, որ նույն զենքն ու զինամթերքն Ադրբեջանը նույն հաջողությամբ կարող է գնել նաև այլ երկրներից: Եվ երբ Ադրբեջանը զենք գնեց Իսրայելից անցյալ տարվա մեծ կոնտրակտի ժամանակ, Ռուսաստանը պարտավորված չէր զգում համապատասխան քանակի զենք ու զինամթերք տրամադրել Հայաստանին` կոմպենսացնելու այդ փոփոխությունը: Այս պահին, երբ Ռուսաստանն ինքն է վաճառում այդ զենք-զինամթերքը Ադրբեջանին, ռազմավարական դաշնակցի պարտավորություններից ելնելով, ստիպված է և պարտավորված Հայաստանին մատակարարել այդ զենքն ու զինամթերքը: Վերջիվերջո, եթե Ադրբեջանը չգնի այդ զենքը Ռուսաստանից, ապա կարող է դա անել յուրաքանչյուր այլ երկրից: Եվ գուցե զարմանալի թվա, բայց Հայաստանին ավելի է ձեռնտու, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական առումով համագործակցում է Ռուսաստանի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Այս տեսակետը, այն էլ ոչ մեկ անգամ, հնչել է նաև ռուս վերլուծաբանների շրջանակներում: Մասնավորապես Կովկասյան գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը հենց այս գործարքի կապակցությամբ նշել էր, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում. «Ադրբեջանին Ռուսական զենքի յուրաքանչյուր մատակարարում, նույնսիկ կոմերցիոն հիմքերով, Հայաստանում նյարդային ու հիվանդագին է ընդունվում ոչ միայն հասարակության կողմից, այլև էլիտայի: Բայց հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում ռուսական ներքին գներով, և դեպի Հայաստան զենքի մատակարարումները բալանսավորում են դեպի Ադրբեջան ռուսական զենքի վաճառքը»,- ասել է նա Vedomosdti.ru-ին:
Իսկ ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն էլ նշել է, թե այս իրավիճակի առումով կարելի է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Այս երկրների կախվածությունը մեկ մատակարարից հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ու Արևմուտքին զսպելու երկու հաճախորդների միջև առաջացած կոնֆլիկտը:
Ճիշտ է` Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, ու հավանաբար սա էլ են հաշվի առնում վերլուծաբանները: Բայց եթե ռազմական գործողություննե՞ր սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները, Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն. այս հարցը շատ լուրջ հարց է, որը պայմանագրով չի երևում:
Բացի այդ, ենթադրենք, թե Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով նույն Ռուսաստանից: Սակայն հնարավոր է, չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու անհրաժեշտության դեպքում. չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք…
Բացի այդ, ռուս վերլուծաբանների նշած պատճառաբանությունը չի կարող հիմնավոր համարվել. Ադրբեջանը չի հայտնվի ռուսական մատակարարումներից կախվածության վիճակում, քանի որ մեր թշնամիները հանգիստ կարող են սպառազինություն ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից ու Իսրայելից, ինչի օրինակն արդեն կա: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության էությունը հուշում է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքը հաստատ սպառնում է:
Հ.Գ.
Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:
Ատրճանակ պահունակով` լիցքավորված 2 փամփուշտով
Հունիսի 19-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողնում Հաղթանակ թաղամաս տանող կամրջի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՊՍՄ» տիպի ատրճանակ պահունակով` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
«Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1, խուլիգանության 2, խարդախության 1, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, յուրացում կամ վատնում կատարելու 3 դեպքերն էլ բացահայտվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 10 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ԱԺ նիստն ուղիղ հեռարձակմամբ
Վրաերթ Պարոնյան փողոցում. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դատարանի որոշմամբ, եթե չամուսնացած կնոջ և տղամարդու միջև սեռական հարաբերություններ են տեղի ունենում, նրանք համարվում են օրինական ամուսիններ
Հնդկաստանի դատարանի կայացրած որոշման համաձայն, եթե չամուսնացած կինն ու տղամարդը սեռական հարաբերություններ են ունենում, նրանք համարվում են ամուսիններ, իսկ դրանից հետո միասին չապրելու դեպքում նրանք պետք է օրենքով բաժանվեն:
Ըստ դատավորի հայտարարության՝ եթե չափահաս կինը՝ 18 տարեկան և տղամարդը՝ 21 տարեկան, սեռական հարաբերություններ են ունենում, դա օրինական ամուսնություն է համարվում, և մեկ այլ մարդու հետ սեռական հարաբերություն ունենալու թույլտվության համար նրանք պետք է բաժանվեն:
Հայատարարության մեջ նաև ասվում էր, որ ամուսնության գրանցումը և հարսանեկան արարողությունները միայն ձևականություններ են հասարակության համաձայնությունը ստանալու համար:
«Նիսան-Մուրանո»-ն Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
12-րդ դասարանի աշակերտը «Մերսեդես Բենց»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ
Հունիսի 19-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ վարելով «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան՝ Չարենցավան քաղաքի Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ոստիկանները Գորիսի և Քարահունիջի բնակիչների տներից զենք-զինամթերք են առգրավել
Հունիսի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանությունում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն է կատարվել Գորիսի բնակիչ, 1968 թ. ծնված Կամո Ղ.-ի տանը, կից շինություններում և «Լաստի սար» կոչվող տարածքի հետնամասում գտնվող, նրան պատկանող անասնագոմում:
Անասնագոմին կից կայանած, Կամո Ղ.-ին պատկանող չշահագործվող «ԵրԱԶ» ավտոմեքենայի թափքում գտնվող անկողնու տակդիրի տակից հայտնաբերվել և առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 56 փամփուշտ:
Նույն օրը, նույն դատարանի որոշմամբ և նույն քրեական գործի շրջանակներում՝ խուզարկություն է կատարվել նաև Քարահունջ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Ռադիկ Մ.-ի տանը կից շինություններում և Գորիս-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող, Քարահունջ համայնքին պատկանող, վերջինիս կողմից օգտագործվող անասնագոմում:
Խուզարկությամբ տան ննջասենյակի մահճակալից հայտնաբերել և առգրավվել է «Իժ 18 ԵՄ», «ԻԺ 18 Մ» և «ՏՕԶ 8Մ» որսորդական ակոսափող 3 հրացան, իսկ տան ձեղնահարկի փայտե հենասյան մոտից՝ «Ամոնալ» պայթուցիկին նմանվող նյութ և 5,5 մ երկարությամբ բիկֆուրդյան քուղ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Կամո Ղ.-ն և Ռադիկ Մ.-ն հրավիրվել են ոստիկանության Գորիսի բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Կաթնաշոռով ջեռեփուկ
Բաղադրությունը
3 ձու
750 գ կաթնաշոռ (ոչ թանձր)
11 ճ/գդալ սպիտակաձավար
շաքարավազ 3/4 բաժակ
50 գ չամիչ (ըստ ցանկության)
փխրեցուցիչ 1թ/գդալ
դարչին 1/2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթնաշոռը, վարսակաձավարը և փխրեցուցիչը: Յուրաքանչյուր բաղադրիչն ավելացնելիս հարել խառնիչով:
Խմորը թողնել 15 րոպե, որ հանգստանա, ավելացնել չամիչն ու դարչինը (չամիչը կարելի է փոխարինել մանրացրած խնձորով):
Կաղապարը ձեթոտել, ջեռոցը տաքացնել մինչև 2000, թխել 45-50 րոպե:
Կորած աղջիկը գտնվել է տնից դուրս գալուց 10 օր անց
Հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս էր եկել և անհայտ կորել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, Ա. Բունիաթյանը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի բակում և ներկայացվել բաժին, որտեղ հայտարարել է, որ շրջել է Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել տարբեր շենքերի բակերում տեղակայված զրուցարաններում և իր հետ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել:
ՀԵՀ-«Լույս» համագործակցությունը շարունակվում է
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորվել են սերտ համագործակցային հարաբերություններ։ Այդ համագործակցության շրջանակներում իրականացվում են մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, հունիսի 19-ին ՀԵՀ-ում մեկնարկեց «Լույս+ ստուդիա» նախագիծը։ Այն իր մեջ ներառում է ելույթներ, բանավեճեր, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, քննարկումներ։
Հունիսի 19-ին ծրագրի 11 մասնակիցներ տարբեր թեմաներով ելույթներ ունեցան, ներկայացրին իրենց օրինակելի փորձը, գիտական նյութը, և այդ ամենն արվեց այնպես, որ հասանելի լինի հանրության լայն շրջանակների։
Բանախոսները «Լույս» հիմնադրամի կամավորներն էին, որոնք մենթորության և պրակտիկայի ծրագրի մասնակիցներն են։ Կամավորներից Արմինեն ներկայացրեց հաշմանդամության խնդիրը և շեշտադրեց հասարակության մեջ նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցը։
«Լույս» հիմնադրամի մենթորության համայնքի համակարգող Աննա Սրապիոնյանը նշեց, որ «Լույս+ ստուդիա» նախագծի նպատակը երիտասարդներին ինքնաարտահայտվելու, սեփական գաղափարներով համայնքի մյուս անդամներին հետ կիսվելու հնարավորություն տալն է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




