Առանց Արցախի` բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը. Էդուարդ Շարմազանով

Sharmazanov-TragakisՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Իոաննիս Տրագակիսը նշել է, որ 2014-ի հունվարի 1-ից Հունաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նա վերահաստատել է, որ Հունաստանը պատրաստակամ է սատարել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:

Հույն գործընկերոջ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը կողմ է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցությանը:

ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս փուլը: Նա ընդգծել է, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը:

Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմնակից են խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտեցումներին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում սաստկացող ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ` նշելով, որ այն լուրջ վնաս է հասցնում ԼՂ բանակցային գործընթացին:

Իր հերթին, Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրաարդյունաբերական երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցերի: ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին տեղեկացրել է, որ 2013-ի սեպտեմբերին Երեւանում կկայանա հայ-հունական գործարար համաժողով:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրաքի նորանշանակ դեսպանը

3376

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը և դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձևավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:

Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրաքի միջև, Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ ևս:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ղազի Տահեր Խալեդը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

Անվճար սենյակի փոխարեն` մերկ լուսանկար

o_792729Ֆլորիդա նահանգում 37-ամյա Սամուել Օթերոն իր հարևանին էրոտիկ ֆոտոսեսիայով շանտաժի է ենթարկել: Հարևանը համաձայնել է մերկ լուսանկարվել հանուն  անվճար սենյակի: Սակայն, հանցագործի արած լուսանկարները հայտնվել են  անցանկալի տեղում:

Զոհը Օթերոյի մոտ է տեղափոխվել անցած օգոստոսին: Օթերոն էլ նրան անսովոր առաջարկ է արել.եթե կենվորը համաձայնի մերկ լուսանկարվել, ապա արդյունքում կարող է ապրել նրա տանն անվճար: Ամերիկացին առաջարկը ձեռնտու է համարել ու համաձայնել:

Պարզվեց, որ Օթերոն հեռուն գնացող նպատակներ ուներ.սկզբում նա  խանդոտ հաղորդագրություններ էր ուղարկում, իսկ հետո  բոլոր լուսանկարներն ուղարկում է  տուժածի ընկերուհուն, գործընկերներին ու նույնիսկ հարազատ տատիկին:

Ավելի շուտ, Օթերոն հույս ուներ, որ տղամարդը կդառնա իր սիրեկանը: Իհարկե, դա տուժածի ցանկությունը չէր: Այն ժամանակ շանտաժիստը հայտարարեց, որ սկզբում կսպանի տուժածին, ապա իրեն, եթե նա փոխադարձությամբ չպատասխանի:

Տուժածը ստիպված էր դիմել ոստիկանություն: Օրենքի պահապանները Օթերոյին ձերբակալեցին: Շուտով նրան 5,5 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակեցին: Նրա նկատմամբ հետապնդման մեղադրանք  ներկայացվեց:

Վարչապետը ՀՀ գործատուների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ

10501_am_1 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:
Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով կսահմանվի կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի հետվերադարձման կարգը: Տեղեկացվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել և ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նախագիծը բերել վերջնական տեսքի և ներկայացնել գործադիրի հաստատմանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի բարձրացրած խնդրին: Վերջիններս խնդրանքով դիմել են կառավարությանը, որպեսզի ոլորտում պատրաստի արտադրանքի հարկման բազան որոշելու ընթացքում այսուհետ հաշվի չառնվի հումքի (ոսկի, արծաթ, ադամանդ) գինը: Զեկուցվել է, որ հարցը քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում և դեռևս գտնվում է շրջանառության մեջ:
Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ վարչապետը և հանդիպմանը ներկա կառավարության անդամները հավանություն են տվել տեղական արտադրողների և մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների առաքող ավտոմեքենաներում քանակա-գումարային ինֆորմացիայով ՀԴՄ-ների տեղադրման առաջարկին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում: Ակնկալվում է, որ նշված ՀԴՄ-ների տեղադրումը հնարավորություն կտա ընկերություններին հիմնավորել իրացման ծավալները, ներկայացնել իրացվող ապրանքների գներն ու քանակը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամները հանդես են եկել «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու առաջարկություններով: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ ուսումնասիրել առաջարկներն ու ներկայացնել համապատասխան եզրակացություն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թեթև արդյունաբերությանը և տեղական արտադրության ոլորտում էներգախնայող համակարգերի ներդրման հնարավորությանն առնչվող հարցերի:

Ադրբեջանում բանակը շոգի պատճառով անցել է հատուկ ռեժիմի

2 (6)Եղանակային պայմանների պատճառով անձնակազմում դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով զորամասերի ամենօրյա ռեժիմում փոփոխություններ են կատարվել, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

Փոխվել են ամառվա շրջանում բացօթյա զորավարժությունների ժամերը. զինվորները և սպաները ամեն օր` ժամը 11:00-ից մինչև 17:00-ը, կմնան զորանոցում:

Անձնակազմի հետ անցկացվել են նաև արևահարություն դեպքում առաջին անհրաժեշտ օգնություն ցույց տալու վերաբերյալ լրացուցիչ դասընթացներ: Նշվում է,որ հուլիս ամսին Ադրբեջանի որոշ շրջաններում կլինի  +40 աստիճան:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ գազը Եվրոպա կմատակարարի TAP-ի միջոցով

1 (6) Այսօր՝ հունիսի 28-ին, Ադրբեջանը Անդրադրիատիկ գազամուղը (TAP) ադրբեջանական “Շահ Դենիզ” հանքավայրի գազը Եվրոպա տարանցման պաշտոնական երթուղի է հայտարարել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Բրիտանական “British Petrolium” ընկերության Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի  ստորաբաժանման ղեկավար Գորդոն Բիրելը հայտարարել է, որ “կոնսորցիումը երկու տարի շարունակ դիտարկել է տարանցման տարբեր երթուղիիներ և ճիշտ ընտրություն է կատարել”:  Նրա խոսքով՝ սկզբնապես գազամուղով Եվրոպա կարտահանվի 10 մլրդ խմ/տարի, այնուհետ մատակարարումները կավելացվեն մինչև 20 մլրդ խմ/տարի: Բիրելը նշել է, որ “Շահ Դենիզ”  նախագիծը կյանքի կոչելու համար ներդրվել է 40 մլրդ դոլար:

Nabucco-ի ղեկավարությունն իր հերթին հայտարություն է տարծել, որում իր անհամաձայանությունն է հայտնել  կոնսորցիումի որոշմանը՝ ընդգծելով, որ այն կայացվել է տնտեսական նպատակահարմարության, այլ ոչ երկու շուկաների և սպառողների համեմատության հիման վրա:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, որը ներկա է եղել միջոցառմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է  TAP նախագծին:

Եվրոպան 2 տեսարժան վայր փակել է զբոսաշրջիկների առջև

ol3001372402891Օտարեկրյա զբոսաշրջիկները, որոնք երկար են պատրաստվել Եվրոպայով շրջագայության` երազելով վերջապես տեսնել Հռոմի ու Փարիզի ճարտարապետական, մշակութային ու պատմական տեսարժան վայրերը, դժգոհ կմնան ու ծայրահեղ կհիասթափվեն, քանի որ Կոլիզեյն ու Էյֆելյան աշտարակը լրիվ փակ են արտադրական հակասությունների ու գործադուլի պատճառով:

Այդ օբյեկտները սպասարկող անձնակազմը հրաժարվում է աշխատել, մինչև գործատուները չբարելավեն աշխատանքային պայմանները և չբարձրացնեն աշխատավարձերը:

Ակցիայի մասնակիցներն օտարերկրացիներին խնդրում են  ներել իրենց պատճառված անհարմարության համար, սակայն կարծում են, որ այդ օբյեկտների փակումը  իրենց պահանջների մասին հայտարարելու  ու լսելի դառնալու միակ միջոցն է: Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները դեռևս չեն կարողանում ասել, թե երբ կհարթվի այդ կոնֆլիկտը, որպեսզի  զբոսաշրջիկները  կարողանան այցելել Էյֆելյան աշտարակ ու Կոլիզեյ:

Սկսվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը

դատարանԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը շուրջ 3 տարի իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, նա, ծառայողական պարտականությունները չկատարելով, դրական եզրակացություններ է տվել 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:

Դրա հետևանքով, ըստ մեղադրական եզրակացության, «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանին առաջադրված մեղադրանքի, նա հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզում ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների, շինարարական աշխատանքների իրականացման, շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ վերահսկման լիազորություններով օժտված պատասխանատու պաշտոնատար անձ, ավելի քան մեկ տարի իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի շուրջ 11.010.020 դրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն, ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Իսկ «Ճաննախազիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է այն բանում, որ տեխնիկական հսկողության իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ի օգուտ «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանի օգտին օգտագործելով, առանց կատարողական ակտերի ծավալները կատարված լինելը ստուգելու, 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։

Գոռ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգ Սոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Աշոտ Մամիկոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Բոլոր երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, այսօր սկսվեց գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Դրանց հետազոտումից հետո կհարցաքննվեն վկաները, վերջում՝ ամբաստանյալները:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Վատիկանը ներքաշվել է հերթական սկանդալի մեջ

ol3001372404812Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կարգադրել է Վատիկանի բանկի ֆինանսական գործունեության նկատմամբ հատուկ հետաքննություն անցկացնել, որը հայտնվել է  փողերի լվացման ու կաշառակերության սկանդալի հետ:

Հայտնի է, որ  Հռոմի  նոր պապը հանձնաժողովի անդամներ  է նշանակել, որոնք պետք է  ուսումնասիրեն ու վերլուծեն բանկային  իրավաբանական կառուցվածքն ու գործունեությունը` Պապական աթոռի առաքելությանը ներդաշնակեցնելու նպատակով:

Պապի գործունեությունը պատասխանն է մոնսինյոր Նունցիո Սկարանոյի նկատմամբ Սալերնոյի դատախազության հարուցած գործի առնչությամբ, որը կասկածվում է  հանցագործ գործունեությամբ ստացված եկամուտներիի լվացման մեջ: Վերջերս «La Citta di Salerno» հարցազրույցում նա հայտարարել է, որ ընդամենը հետևել է իր հաշվապահի խորհուրդներին:

Առաջին անգամը չէ, որ Վատիկանը մեղադրվում է անօրինական գործարքներում:

Աղվան և Վոլոդյա Պապիկյանները վարձավճարով կխաղան «Փյունիկում»

51cd5b10ad767_largeՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացող Աղվան Պապիկյանը, նրա եղբայրը Վոլոդյա Պապիկյանը,  վարձավճարով հանդես կգան Երևանի «Փյունիկ» թիմում:

Աղվանը վարձավճարով հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակի»  երիտասարդական թիմում: Իսկ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները պատկանում են Լեհաստանի «Լոձ» թիմին:

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել իմիգրացիոն բարեփոխումը

pic_0199eb62ba9aafde16a8cc15a7556950ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հավանության է  արժանացրել իմիգրացիոն բարեփոխման մասին օրինագիծը, որը թույլատրում է ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող օտարերկրացիներին օրինականացնել իրենց կարգավիճակը: Այդ օրինագծին կողմ է քվեարկել սենատորներից 68-ը, դեմ` 32-ը:

Բարեփոխման նախագիծը 2013-ի հունվարին ներկայացվել էր Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից սենատորների կողմից ու ստացել էր Օբամայի հավանությունը: Մայիսի վերջին փաստաթուղթը հավանության արժանացավ նաև Սենատի իրավաբանական կոմիտեի կողմից:

Օրենքի նախագիծը թույլ կտա ԱՄՆ-ի տարածքում անօրինական բնակվող 11 մլն  ներգաղթյալներին մի  շարք պայմանների կատարման դեպքում օրինականացնել  երկրում նրանց գտնվելը և  հետագայում էլ ամերիկյան քաղաքացիություն ստանալ: Անօրինական  ներգաղթյալները պետք է տուգանք վճարեն ու հարկային պարտքը մարեն: Միաժամանակ, օրինագիծը նախատեսում է 46 մլրդ դոլար հատկացնել պետական սահմաններում հսկողությունն ուժեղացնելու  և ամերիկյան վիզա հատկացնելու համակարգը կատարելագործելու նպատակով:

ԱՄն նախագահ Օբաման սենատորներին շնորհակալություն է հայտնել օրինագիծն ընդունելու համար ու հավելել, որ հիմա փաստաթղթի ճակատագիրը կախված է կոնգրեսականներից:

Ավարտվել է Երևանի կամարանցումների նկարազարդման 2013թ. ծրագիրը

002 (1)Երևանի զարգացման 2013թ. ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու ինքնատիպ լուծումներով հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ծրագրի իրականացման արդյունքում այս տարի վերանորոգվել ու նկարազարդվել է շուրջ 35 կամարանցում: Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ.-ից մեկնարկած ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կամարանցումները: Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր բարեկարգվել է մայրաքաղաքի 179 կամարանցում, որոնք նաև նկարազարդվել են տարբեր բնապատկերներով ու Հայաստանի տարբեր տեսարժան վայրերն ու պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները ներկայացնող պատկերներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայ գրատպությունը վերե՞լք է ապրում.Լավագույն մրցանակներ հայ հեղինակներին

գիրքՀայ գրողների աշխատանքները վերջերս  միջազգային մրցույթում ցուցադրված այլ օտարալեզու գրքերի կողքին փայլում են ինքնատիպությամբ, տպագրական որակով ու ձևավորման արվեստով: Այս տարի էլ մայիսի 23-25-ը Մինսկում կայացավ ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցանակաբաշխությունը, որին Հայաստանը մասնակցում է  շուրջ տասը տարի: ԱՊՀ երկրներից մրցույթին մասնակցում էր 9 պետություն, և ներկայացված էր 108 գիրք:

Նման մրցույթների անցկացումը, հայ գրահրատարակիչների խոստովանությամբ, լավագույն առիթ է իրենց աշխատանքները գնահատելու և նորանոր գործերի մղելու տեսանկյունից: Հայաստանում արդեն վեցերորդ անգամ իրականացվում  է գրքարվեստի հանրապետական մրցույթ, և լավագույնը ճանաչված հրատարակությունները ցուցադրվում են նաև  օտար ընթերցողներին:

Հանրապետական մրցույթին ներկայացված էր ավելի քան 70 գիրք, որոնցից միջազգային  հարթակում ցուցադրվելու հնարավորություն են ստացել 14-ը:

Մրցույթին մեր երկրի կողմից ներկայացված աշխատանքները, բացառությամբ մեկի, տարբեր անվանակարգերում գլխավոր և հատուկ մրցանակների են արժանացել: Մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ արդեն մի քանի տարի է, ինչ գեղանկարչական պատկերագրքերը, բացի հայերենից, տպագրվում են նաև այլ լեզուներով: Օրինակ` մրցույթին ներկայացված Մարտիրոս Սարյանի գրքարվեստի ալբոմը թարգմանված է ռուսերեն: Օտարալեզու հրատարակությունները մեծացնում են միջազգային հանրությանը լավագույնս  ներկայանալու հնարավորությունները, քանի որ դրանք բավական պահանջված են:

Մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն,  բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ուրախալի համարեց այն փաստը, որ մեր մշակույթը, պատմությունը և գեղարվեստական գրականությունն արդեն կարողանում է ներկայացնել նաև օտար ընթերցողներին: «Նման ցուցահանդեսներն ու մրցույթները մշակույթի և արվեստի բնագավառում մեզ հուշում են նոր ուղղություններ և նոր պահանջներ են ի հայտ բերում, որոնք վերաբերում են այլալեզու հրատարակություններին», – ասում է նա և ընդգծում, որ

գրահրատարակչության ոլորտում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նա տեղեկացրեց, որ մրցույթի գրեթե բոլոր անվանակարգերում հայկական գրքերն արժանացել են առաջին և հատուկ մրցանակների: Այս դրական արդյունքները նա վերագրում է տպագրական բարձր որակին,  տպաքանակի ավելացմանը և օտար լեզուներով հրատարման հանգամանքին:

Նշենք, որ մրցանակների արժանացած գրքերը հրատարակվել են վերջին մեկ տարում: Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է Մարտիրոս Սարյանի պատկերագիրքը, որն ընդգրկում է մեծ վարպետի նկարազարդած գրքերի շապիկները: Ի դեպ, առաջին անգամ է, որ հայ ընթերցողներին Սարյանը  ներկայանում է որպես գրքարվեստի վարպետ: Այս գիրքը հիացրեց օտարերկրացիներին: Օտարազգի ընթերցողները  ծանոթացան նրա արվեստի ևս մեկ ուղղությանը: «Մենք պարտավոր էինք մեր մեծ հանճարին ներկայացնելու միջազգային հանրությանը նրա արվեստի բոլոր կողմերով»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Տարբեր անվանակարգերում առաջին և հատուկ մրցանակների են արժանացել հետևյալ գրքերը: Առաջին մրցանակ՝ Սամվել Դիլանյանի «Հայոց սրբազան լեռները» գիրքը, երկրորդ մրցանակ՝ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը օսմանյան կայսրության մեջ» գիրքը: Նույն անվանակարգում երրորդ մրցանակին է արժանացել Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր արքաներ» գիրքը: «Ժամանակակիցներ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել աստղաֆիզիկոս Գրիգոր Գյուրզադյանի էսսեների ժողովածուն իր ուրույն ոճի և բովանդակության շնորհիվ: Սամվել Մկրտչյանի «Հայ պոետների ընտրանի» անգլալեզու գիրքը նույն անվանակարգում ևս լավագույններից է ճանաչվել, իսկ երրորդ կարգի մրցանակ ստացել է  Դերենիկ Դեմիրճյանի ընտրանին:

«Գիրք գրքի մասին անվանակարգում»  առաջին մրցանակ է  ստացել Ռաֆայել Իշխանյանի «Հայ գրքի պատմություն» գրքի վերահրատարակությունը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակներին են արժանացել Վարդգես Ուրումյանցի գրքերի նկարազարդումներն ու Հովհաննես Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» պատմավեպի վերահրատարակությունը: Գիրք երեխաների համար անվանակարգում  առաջին մրցանակ  է ստացել դասական մատենաշարը, որը բաղկացած է  4 առանձին գրքերից և բավական նկարազարդ է: Երկրորդ մրցանակը ստացել է Թումանյանի հեքիաթների անգլերեն հրատարակությունը: Եվ մեկ մրցանակի արժանացել է «Հայոց բանակը մանուկների աչքերով» նկարազարդ գիրքը:

Արվեստի գիրք անվանակարգում առաջին մրցանակ է ստացել Կարեն Սմբատյանի  պատկերագիրքը, իսկ հանրապետական մրցույթում գրքի լավագույն ձևավորման համար մրցանակի է արժանացել  Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը, որն առաջին անգամ է հրատարակվել հայերեն:

Այդ գրքերին հայ ընթերցողը նույնպես կարող է ծանոթանալ: Դրանք կվաճառվեն գրախանութներում բավական մատչելի` ինքնարժեքից ցածր գնով:

 Լ.Ն

 

 

Էլինա Դանիելյանն արթնացավ նիրհից

էimagesԴիլիջանում շարունակվող շախմատի  կանանց «Գրան պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ: 10-րդ տուրում, Էլինան հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 43-րդ քայլում առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլու նկատմամբ: Դանիելյանը վաստակած 4 միավորով նախավերջին տեղում է:
Վերջին տուրում Դանիելյանը սևերով մրցելու է սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

big_1372411276_gՀՀ տարածքում`

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հունիսի 29-30-ին  և հուլիսի 1-ին  կբարձրանա 3-40, հուլիսի 2-3-ին` նույքանով կնվազի:

 

Երևանում`

Հունիսի  29-30-ին և  հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:

 

Երևանի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1975թ)

· Օդի նվազագույն ջերմաստիճան 7.90C (1924թ)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 23.80C

 

 

Հրդեհ Ջավարյան փողոցում

հրդեհ ջավարյան փողոցումՀուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցում` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

հրդեհՊարզվել է, որ այրվում է Երևանի Տոլստոյ փողոցի թիվ 40 տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել 07.03-ին:

Այրվել է Գ.Փափազյանին պատկանող տան տանիքը (150 քմ), երկրորդ հարկը` գույքով (100 քմ), ջերմահարվել են առաջին հարկի պատերը:

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կիսաեզրափակչում է

անի2239_anim7Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կազմակեորպված թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 10 հազար դոլար է, շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը:

Նա  երրորդ շրջանում 2:1 (6:7, 6:0, 6:2) հաշվով առավելության հասավ իտալուհի Կարոլինա Պիլոտիի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Անիի հաջորդ մրցակցուհին Իտալիան ներկայացնող Մարտինա Կարեգարոն է:

Կարծում եմ` Հայրիկյանի խոսքերը զուտ հուզական են. Հայկ Բաբուխանյան

DSCN4248ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով  արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին, անդրադարձավ Պարույր Հայրիկյանի առավոտյան արած այն հայտարարությանը, թե ռուսական ԱԱԾ-ն ֆինանսավորում է յուրաքանչյուր նոր ծնված հայի սպանությունը:

«Մարդը ռուսական բանտերում է եղել, կարծում եմ` նրա խոսքերը զուտ հուզական են: Չեմ կարծում, թե Պարույր Հայրիկյանի այդ ասածը կարող է ինչ-որ քաղաքական քայլեր խառնել», – ասաց Հայկ Բաբուխանյանը:

Քաղաքացին ընկել է Ողջի գետը

Քաղաքացին ընկել էգետըՀունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանին, ով տեղափոխվել է Կապանի ԲԿ:

Երկրաշարժ Իրանում

երկրաշարժՀունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության 45.400:

Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ: