«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների ավարտական փուլին սահմանվել է մարզական ռեկորդ

3Հունիսի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների փակման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Մեկ ամսվա ընթացքում երիտասարդական ճամբարներին մասնակցել են 16-ից 22 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից:

Երիտասարդական ճամբարների վերջին օրը ճամբարի մասնակից ջավախահայ Սիս Միքայելյանը սահմանել է մարզական ռեկորդ՝ 3333 անգամ կատարելով ձեռքերը ցած իջեցրած դրությունից 5,5 կգ կցագնդիկները դեպի վերև բարձրացում: Մարզիկը իր նոր ռեկորդը նվիրել է Հայոց բանակին:

«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական պաշտոնյաներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով` ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը և հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները:

Ճամբարների ընթացքում Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի մարզիչները կազմակերպել են հրաձգության դասընթացներ՝ երիտասարդներին տալով հրաձգության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ:

Չինաստանում նոր ընդունված օրենքը պարտավորեցնում է մարդկանց այցելել իրենց ծնողներին

china. elderly man exercising at a parkԾերացող հասարակությանը խնամելու հետ կապված խնդիրներով պայամանավորված` Չինաստանում երկուշաբթի օրը ընդունվել է նոր օրենք, որով մարդիկ պարտավորվում են այցելել իրենց ծնողներին, եթե ոչ, ապա նրանց նկատմամբ կարող է դատական գործ հարուցվել:

Ամեն դեպքում նոր օրենքը շատ քիչ բան է փոխում, քանի որ Չինաստանում ծնողները նախկինում ևս կարող էին իրենց երեխաներին դատի տալ հոգեկան աջակցություն չստանալու համար, ավելին` այս օրենքը չի մասնավորեցնում, թե որքան հաճախ պետք է մարդիկ այցելեն իրենց ծնողներին կամ որքան տուգանք պետք է վճարեն չայցելելու դեպքում:

Շանդունի համալսարանի իրավունքի դասախոսներից մեկը նշում է, որ այդ օրենքը առավելապես նպատակ ունի բարձրացնել խնդրի վերաբերյալ մարդկանց տեղեկացվածությունը:

Չինաստանի օրենսդրական մարմինը օրենքում փոփոխություններ մտցնելու որոշում կայացրել էր դեկտեմբերին, երբ կառավարությունը մեծահասակ ծնողներից բազմաթիվ բողոքներ էր ստացել իրենց երեխաներից անտեսված լինելու վերաբերյալ: Օրենքում նշված է, որ 60 և ավելի տարեկան մարդկանց առօրյա, ֆինանսական և հոգեկան կարիքները պետք է բավարարվեն:

Չինաստանի տարիքային ազգային կոմիտեի տվյալներով` ներկայումս երկրի ծեր համարվող 185 միլիոն բնակչությունը 2053թ-ին կհասնի 487 միլիոնի, ինչը կազմում է բնակչության 35 տոկոսը:

Ծերացման մեծ տեմպը պայամանավորված է կյանքի միջին տևողության մեծացմամբ, ինչպես նաև ընտանիքի պլանավորման հարցում երկրի վարած քաղաքականությամբ:

 

Լևոն Արոնյանը երկրորդն է

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է խաղացողների դասակարգման աղյուսակը: Այն գլխավորում է  նորվեգացի Մագնուս Կարլսենը: Լևոն Արոնյանը երկրորդն է:

100 լավագույնների ցուցակում են  Հայաստանի հավաքականի ևս  խաղացողներ:

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2862 միավոր

2. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2813

3. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2796

4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2784

5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2780

6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2776

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2775

8. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 2775

9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 2773

10. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2767

—————————————————

49. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` 2699

56. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2691

72. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2671

85. Տիգրան Պետրոսյան (Հայաստան)` 2660

 

Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը

10506_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան մասնակցել է Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:
Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:
Ծրագրի շրջանակներում կացկացվի 45 միջոցառում: Ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոկտասսին Բուզոբաևը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, օտարերկրյա պատվիրակություններ, տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ գյումրեցիներ:
Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել 2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010-ին ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) նախաձեռնությամբ:
«Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով:

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ. «Կյանքն անարդար է, բայց, ամեն դեպքում, խաղ է»

նարեկ դուրյան«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Դոն Ժուան ավիա», «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումներով Նարեկ Դուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:

Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:

 –Պրն Դուրյան, այսօր մարդիկ թատրոն հաճախում են, չէ՞: Օրինակ՝ Ձեր ներկայացումները լեփ–լեցուն դահլիճներում են անցնում:

– Գիտեք, պետք է հասկանալ, թե հատկապես ինչ սկզբունքներով է առաջնորդվում կամ պետք է առաջնորդվի ժամանակակից թատրոնը: Մեր օրերում ոչ միայն ֆինանսական ճգնաժամ է, այլև ավելի վտանգավոր ու գուցե անբուժելի ճգնաժամ` ուղեղի ճգնաժամը: Մարդիկ հոգնել են, վազվզում են, ամեն ինչ փոխվել է: Օրինակ՝ անգամ հեռախոսով խոսելու, հեռուստացույց դիտելու ձևն է փոխվել. ժամանակին հինգ ալիք էինք դիտում, հիմա՝ 135, որոնք մորթում են թատրոնն ու կինոն: Դարը փոխվել է: Ասենք, նույն Շիրվանզադեի ստեղծագործությունները հիմա ուրիշ կերպ պետք է մատուցել: Ներկայացում բեմադրելիս միշտ մտածում եմ, որ մատչելի լինի, մարդիկ շատ չմտածեն: Ինչպե՞ս է գովազդն արվում. ես թատրոնը միշտ մարքետինգի հետ եմ համեմատում: Աֆիշի մասին ենք, չէ՞, մտածում, բա եթե այդքան կարևոր չէ, ինչո՞ւ ենք երկար մտածում. գրիր, կպցրու մի անկյունում: Մոտեցումը, ձևը պետք է փոխել: Ասեմ, որ չեմ գտնում այն դրամատուրգիան, որը ես եմ ուզում. իրավիճակ, ծիծաղ, խաղ, շարժում, դինամիկա, այդպիսի դրամատուրգիայի չեմ հանդիպում: Տվել են, կարդացել եմ մի քանի կոմեդիաներ, լավ է, ծիծաղելի է, միտք կա, պարապ կոմեդիա չէ, բայց դինամիզմ չկա:

– Գիտեմ, որ Ձեր ներկայացումների սցենարն ինքնուրույն եք գրում, ինքնուրույն էլ բեմադրում ու խաղում եք…

– Այո՛, դա այդպես է: Պարզապես պետք է հետևողական լինել կյանքում, ես երբ ինչ-որ բան եմ նկատում, որն ինձ հետաքրքրում է, բեմ եմ բարձրացնում: Պետք է ժամանակի հետ շարժվել: «Կոկա-կոլայի» նման գովազդի կարիք չունեցող հսկա ընկերությունը երկու տարին մեկ փոխում է շշի տեսքը, ինչո՞ւ, որովհետև ժամանակի հետ է քայլում, գիտի՝ մեր միտքը փոխվել է, ուրեմն նոր բան է պետք անել: Եթե այսպես ես մտածում, ներկայացումը երկար է ապրում: Իհարկե, ես միշտ որոշ շտկումներ, այսպես ասած իմպրովիզներ անում եմ, դա հնարավորություն է տալիս պահպանելու կենդանի վիճակը:

– Զարմանալի մի բան եմ նկատել: Դուք հաճախ ավելի շատ նախընտրում եք համագործակցել նոր, սկսնակ դերասանների հետ, քան, ասենք, փորձառուների: Պատճառը ֆինանսնե՞րն են, թե՞ ժամանակը: Չէ՞ որ հայտնիները գերադասում են հեռուստատեսային սերիալները:

– Գիտե՞ք` որն է իմ երազանքը:

– Չգիտեմ:

– Իմ երազանքն է միայն բեմադրել ներկայացում, հանդես չգալ այնտեղ որպես դերասան: Օրինակ՝ հրավիրել 20-21 տարեկան երիտասարդների ու կարողանալ բեմադրությունն այնպես անել, ինչպես ես եմ ցանկանում, և առաջ տանել նրանց:

Չնայած այս պահին հարմար նյութ չեմ գտնում: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի առաջ կարելի է խոնարհվել: Մի կողմ եմ ուզում դնել բոլոր կարծիքները: Ինչքա՜ն ջահելներ մեջտեղ եկան: Իհարկե, մեր ասպարեզները նույնը չեն. շոու-բիզնեսում ավելի հեշտ է արտադրանքը «ծախվում», սպառվում, քան թատրոնում: Մտածում եմ, որ դա լավ գործ է:

– Կատակերգության միջոցով ժամանակակից հիմնախնդիրները բարձրացնելը որքանո՞վ է շահավետ, ի՞նչ է դա տալիս հանդիսատեսին:

– Գիտեք, միշտ այն համոզմանն եմ եղել, որ թատրոնը տրիբունա չպետք է լինի, քաղաքականությունը մեր գործը չէ, պետք է պարզապես քո ասածը ասես, ստեղծես իրավիճակ, իսկ որոշումը թողնես հանդիսատեսին, մարդկանց: Պրոպագանդայից պետք է հեռու լինել, չպետք է երազել, այդ պատճառով «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ վերջում ասում եմ՝ գնա՞լ, թե՞ մնալ։ Ես չեմ ասում, չէ, պետք է գնալ կամ չպետք է գնալ: Ամեն բան թողնում եմ հանդիսատեսին:

– Գիտե՞ք այն դեղատոմսը, թե ինչու են Ձեր ներկայացումներն այսքան պահանջված:

– Կարծում եմ՝ մատչելիության ու պարզության համար, իմ ներկայացումները պարզունակ չեն: Բայց բարդ բաներ էլ չպետք է ներկայացնել, խճճել հանդիսատեսին: Պետք է մարդ նստի ու բավականություն ստանա, մտածի ու գնա: Եվ անպայման դերասանական խաղը: Հիմա նկատվում է, որ դերասանական խաղը կրկին կարևորվում է, ինչն ուղղակի հրաշալի է:

– Հետաքրքիր էր «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը, որը կարծես տարբերվում էր բոլորից, բայց նաև ինչ–որ չափով նման էր…

– «Նեմեսիսն» այն օպերացիան էր, որով հայ երիտասարդները սպանեցին 1915-ին Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին: Կարծում եմ՝ նմանատիպ ներկայացումներ հաճախ պետք է լինեն` ամիսը չորս-հինգ անգամ, սակայն, ցավոք, այդքան հանդիսատես չունենք: Ես որոշեցի հենց սա բեմադրել, քանի որ այն մեր հերոսական էջերից է: Գտնում եմ, որ դա ուղղակիորեն կապվում է այսօրվա ղարաբաղյան պայքարի հետ: Ցավոք,մեր իրականությունում Սողոմոն Թեհլերյանի նմանները քիչ են: «Նեմեսիսի» մեջ Սողոմոն Թեհլերյանը երգիչ, դերասան Ավո Խալաթյանն է, իսկ Թալեաթ փաշայի դերակատարը՝ դերասան Սարգիս Գրիգորյանը:

– Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում եք: Հետաքրքիր է՝ այս տարիների ընթացքում հայ հանդիսատեսը փոխվե՞լ է:

– Իմ հանդիսատեսի մասով կարող եմ ասել: Իմ հանդիսատեսը խայտառակ պահանջկոտ է: Ցավոք, պետք է ասեմ, որ մեր օրերում հումորը շատ էժանացավ, այդ պատճառով այն գնողները շատացան, ինչը հանդիսատեսի խնդիրը չէ: Այս դեպքում սկսում է հնչել գռեհիկ, կոպիտ հումորը՝ նպատակ ունենալով զուտ ծիծաղեցնել մարդուն, իսկ պարզունակից մինչև ցածր որակ մեկ քայլ է: Հավատում եմ, որ վերելք է լինելու, մարդիկ կարծես հոգնել են վուլգար խոսքից, սերիալներից…

– Դուք երկար տարիներ ապրել ու ստեղծագործել եք Ֆրանսիայում: Ի՞նչ Ձեզ տվեց 20-ամյա անկախ Հայաստանը:

– Առաջինը՝ իմ վերադարձը հայ բեմ, ինչը երևի քիչ բան չէ: Ես չէի մեկնել Հայաստանից, հեռացել էի Խորհրդային Հայաստանից՝ Սովետից: Գիտեք, անկախությունը, իրոք, մեծ ձեռքբերում է: Բայց անկախությունը միմիայն բառով չէ, մարդիկ պետք է անկախ լինեն: Չձգտեն գնալ դուրս ու գտնել աշխատանք, հաստատվել: Օտար երկրներին չնախանձելու երաշխիքներից մեկն էլ անկախ ապրելն է ու գոհացնող աշխատանք ունենալը:

– Ձեր ներկայացումների մեջ հիմնականում արծարծում եք հասարակության մեջ ստի տարածվածության գաղափարը…

– Այո՛, իմ բոլոր ներկայացումներում էլ դա կա: Ես գրոտեսկ, չափազանցություն շատ եմ սիրում: Եվ երբ թատրոնը պայմանականություն եմ անվանում, հենց այդ էլ երևի ինձ ստիպում է գրոտեսկի դիմել, այդ կերպ հաղորդակցվել հանդիսատեսի հետ: Իրականում ամենամեծ սուտը կենցաղում է ծնվում, և մենք՝ դերասաններս, ամենամեծ «խաբեբաներն» ենք, դա կարծես մեր մասնագիտությունն է: Հաճախ մարդիկ քաղաքականացված են ընկալում ամեն ինչ, բայց իրականում իմ ներկայացումները քաղաքական բովանդակության հետ կապ չունեն, դրանք ավելի շատ հասարակական են:

– Ո՞րն է Ձեր ներկայացումներում հավատամքը, ի՞նչն եք թիրախավորում:

– Պատմել հանդիսատեսին այն ամենի մասին, ինչ նրան հետաքրքրում է. ես ուրիշ կրեդո չունեմ: Եթե դահլիճում ներկա է, ասենք, 200 մարդ, ապա յուրաքանչյուրին պետք է հետաքրքրի այն, ինչը ներկայացնում եմ բեմից: Նորից եմ ասում՝ հանդիսատեսին հետաքրքրելու համար պետք է կարողանաս քայլել ժամանակին զուգահեռ, համընթաց և վստահ եմ, որ դա է այսօր թատրոնի գլխավոր երաշխիքը: Չպետք է թատրոնը շփոթել սրբավայրի կամ դաստիարակչական-կրթական հաստատության հետ: Թատրոնը, չեմ վախենում ասել ու ամեն անգամ կրկնել, շոու է` նախատեսված դիտման համար: Հարցի այլ կողմն էլ կա. այն, ամեն դեպքում, զարգացած, գրագետ ու դաստիարակված մարդկանց տեղ է:

– «Սե լա վի»-ն յուրօրինակ ընկալվող բառակապակցություն է: Դա նաև Ձեր այցեքարտերից մեկի անվանումն է: Ինչպիսի՞ն է կյանքը Նարեկ Դուրյանի համար, նրա աչքերով:

– Խաղ է, երբեմն շատ անարդար, բայց, ամեն դեպքում, խաղ է, որտեղ մեկ շահում ես, մեկ էլ պարտվում: Բայց փաստ է, որ այնուամենայնիվ խաղում ես: Ես ճակատագրին չեմ հավատում. ով ինչ անում է, իրեն է անում:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը

Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքըՍևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Գնացքի չվացուցակին կարելի է ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.ukzhd.am՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում:

 

 

Անհետացած զինվորն ինքնակամ ներկայացել է զորամաս

taron_hajruni_1372494333Լուսակերտի զորամասից հունիսի 26-ի գիշերը դուրս եկած և անհետացած զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին այսօր հայտնաբերվել է:

ՀՀ ռազմական ոստիկանությունից Անկախ-ին հայտնեցին, որ առավոտյան 10:50-ին Տարոն Հայրունին ինքնակամ ներկայացել է զորամաս:

Հիշեցնենք, որ նրան վերջին անգամ տեսել էին հունիսի 27-ին՝ առավոտյան 8.30-ի   ահմաններում, Երևանի Մարաշ թաղամասում, այնուհետև նրա հետքը կորել էր: Չորս օր շարունակ ռազմական ոստիկանությունն ու հարազատները որոնում էին նրան, սակայն ապարդյուն:

ՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել:

Թե ինչն է եղել զինվորի կողմից զորամասը լքելու և անհետանալու պատճառը, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ Տարոն Հայրունին մեկ տարվա զինծառայող է և որևէ խնդիր չի ունեցել ծառայակից ընկերների կամ զորամասի հրամանատարության հետ:

Նշենք նաև, որ օրենքով զինվորի կողմից զորամասն ինքնակամ լքելուց երեք օր անց քրեական հետախուզում է հայտարարվում և գործ հարուցվում:

 

Հայ-հունական գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը

Sharmazanov-MitarachiՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին:

Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ` ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում:

Այս առումով երկուստեք կարեւորվել է 2013-ի սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ-հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ` կարող է խթանել նոր կապերի հաստատումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ

10505_am_1Մեծարգո պարոն Նախագահ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ` արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ, որ վերջին տարիներին Ձեր նախագահությամբ մեր երկրում տարվող բարեփոխումների քաղաքականությունն անշրջելի է:
Մեծարգո Սերժ Ազատի.
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, որոնք, ի սպաս են դրվելու Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը:

Լաս Վեգասում շոուի ժամանակ զոհվել է Cirque du Soleil-ի ակրոբատը

i (2)Հայտնի կանադական Cirque du Soleil-ի ակրոբատը զոհվել է Լաս Վեգասում, ներկայացման ժամանակ:

Ողբերգությունը կատարվել է հունիսի 29-ին: Ներկայացման ժամանակ, ակրոբատ Սառա Գիյյա-Գիյոն 15 մ բարձրությունից ընկել է նվագախմբի փոսը: Հանդիսատեսը որոշել է, որ դա նրա համարի մի մասն է: Սակայն, որոշ ժամանակ անց, կրկեսի կազմակերպիչները  հայտնել են, որ ներկայացումը չի շարունակվի ու  խոստացել են վերադարձնել տոմսերի արժեքը: Նույն երեկոյան 20-ամյա փորձով արտիստը հիվանդանոցում մահացել է:

Իրավապահ մարմինները հետաքննում են գործի մանրամասները:

 

 

Խորվաթիան ԵՄ-ի 28-րդ անդամն է դարձել

i (1)Խորվաթիան հուլիսի 1-ից պաշտոնապես ԵՄ անդամ է դարձել:

Խորվաթիայի ներկայացուցիչներն արդեն անցել են ԵՄ տարբեր մարմիններում իրենց պարտականությունների կատարմանը: Վերջինը 2007-ին ԵՄ անդամագրվել էին Բուլղարիան ու Ռումինիան:

ԵՄ անդամակցելու դիմում Խորվաթիան ներկայացրել էր 2003-ին, 2004-ի կեսին երկիրը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ: Երկրի օրենսդրությունը ԵՄ-ին համապատասխան նորմերի բերվեց 2006-ին, սակայն Սլովենիայի հետ հակասությունների պատճառով ԵՄ  կազմում ընդգրկվելը հետաձգվեց: Երկրի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը  Զագրեբն ու Բրյուսելը ստորագրել են  դեռևս 2011-ի դեկտեմբերի 9-ին:

Եգիպտոսում ընդդիմադիրները Մուրսիին ուլտիմատում են ներկայացրել

iԵրիտասարդական “Ա-Փամարուդ”(Բողոք) շարժումը նախագահ Մուրսիին 2 օր է տվել, որ նա հեռանա պաշտոնից:

Զանգվածային ակցիան կազմակերպողների հայտարարության մեջ ասվում է.”Նախագահը մինչև երեքշաբթի 17:00-ն ժամանակ ունի, որ վայր դնի իրավասություններն ու պետկառույցներին հնարավորություն տա պատրաստվելու նախագահի վաղաժամկետ ընտրություններին: Հակառակ դեպքում  մենք Եգիպտոսի ժողովրդին բոլոր հրապարակներում զանգվածային բողոքի ցույցի կհանենք, այդ թվում` նախագահական նստավայրի մոտ…”:

Ընդ որում, շարժումը խոստանում է պահպանել ելույթների խաղաղ բնույթը.”թույլ չտալ արյունահեղություն ու երկիրը քաղաքացիական պատերազմի կաթսայի մեջ չգցել”: Եգիպտոսի նախագահի պաշտոնական գրասենյակից հայտնել են, որ “նախագահը գիտակցում է իր կառավարման մեկ տարում թույլ տված սխալները և պատրաստ է աշխատել դրանց շտկման վրա”:

“Մուրսին պատրաստ է բանակցության ու կլսի յուրաքանչյուրին, ու հիմա մենք սպասում ենք մեր կոչի արձագանքին”:

ԶԼՄ-ների տվյալներով, իսլամիստների կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների հետևանքով Եգիպտոսի տարբեր քաղաքներում զոհվել է 11 մարդ, մեկն անհետ կորել է:Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, 600 մարդ վնասվածք է ստացել:

Ջրվեժում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

«Գյուրզա» տեսակի օձՀուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) և տեղափոխել անվտանգ տարածք:

Հրդեհներ

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՀրդեհ Օղակաձև այգում

Հուլիսի 1-ին, ժամը 05:52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Վ. Գրիգորյանին պատկանող առևտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան և անձրևանոց:

***

Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը

Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 18 տան մոտակայքում այրվում է կայանված ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել` 04.22-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Էվոյանին պատկանող չշահագործվող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:

***

Հրդեհ «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ում

Հուլիսի 1-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնիխճուղու թիվ 4 հասցեում` «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ի վառարանում, այրվում է յուղի շերտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.46-ին, մարվել` 05.02-ին: Վառարանի մեջ այրվել է յուղի շերտ (3×3 մ):

***

Հրդեհ Արգավանդ գյուղի փայտի արտադրամասում

Հունիսի 30-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է փայտի արտադրամաս:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգավանդ գյուղի Երկաթգծի 3-րդ փողոցի թիվ 6 տանը կից փայտի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 21.55-ին: Ա. Ասատրյանին պատկանող փայտի արտադրամասում այրվել է 10 խմ փայտ և թեփ:

Մեծ Բրիտանիան պատրաստ է բարելավել իր հարաբերությունները Իրանի հետ

William HagueՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հեյգը հայտնել է, որ Բրիտանիան պատրաստ է քայլ առ քայլ բարելավել իր հարաբերությունները Իրանի հետ, և ինքը կցանկանար հանդիպել Թեհրանի արտաքին գործերի նախարարի հետ:

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Հեյգը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհի հետ հեռախոսազրույցում շեշտել է հարաբերությունների հրատապ բարելավման փաստը՝ Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ արևմուտքի մտավախությունները փարատելու համար է:

Չորեքշաբթի արված հայատարարության մեջ ասվում է, որ Հագը նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է երկկողմանի հարաբերությունների քայլ առ քայլ բարելավմանը, և կցանկանար սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարարին:

Այս կոչը հնչել է հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանի հաղթանակից հետո:

Ռոուհանին խոստացել է գնալ մոդեռնիզացման ճանապարհով, ինչը արևմուտքի հետ լարված հարաբերությունների բարելավման հույս է տալիս:

 

Վիտամիններ

VՎիտամիններ ( լատիներեն  vita  բառից, որ նշանակում է «կյանք»): Վիտամիններն օրգանական միացություններ են, որոնք մասնակցում են կենսաքիմիական բազում պրոցեսների` կատարելով   խթանող գործառույթ: Վիտամիններն օրգանիզմում մասնակցում են նյութափոխանակությանը: Վիտամինների օրական պահանջմունքը մեծ չէ, սակայն դրանց անբավարար քանակից օրգանիզմում  ախտածին փոփոխություններ են կատարվում: Վիտամիների մեծ մասն օրգանիզմում չի սինթեզվում: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք այդ պակասը սննդի, հանքանյութերի տեսքով ընդունել:

Օրգանիզմում, վիտամինների մուտքի խանգարումներով պայմանավորված, 3 հիվանդագին վիճակներ են առաձնացնում. հիպովիտամինոզ` վիտամինի  անբավարարություն, վիտամինի բացակայություն` ավիտամինոզ և վիտամինի ավելցուկ` հիպերվիտամինոզ:

Հիպովիտամինոզի դեպքում հիվանդագին վիճակ է առաջանում ծախսված ու օրգանիզմ մուտք գործած վիտամինների հարաբերակցության խախտման հետևանքով.առաջանում է վիտամինային անբավարարություն: Հիպովիտամինոզը զարգանում է աննկատ, գերգրգռվածություն, գերհոգնածություն, ուշադրության կենտրոնացման թուլացում, ախորժակի վատացում, քնի խանգարում,ահա այս նախանշանները կարող են հուշել հիպովիտամինոզի մասին: Վիտամինային սիստեմատիկ անբավարարությունը նվազեցնում է աշխատունակությունը ու որոշ օրգանների և հյուսվածքների  (մաշկ, լորձաթաղանթ, ոսկրահյուսվածք), օրգանիզմի համար  կարևորագույն գործառույթների վրա է ազդում(աճ, ինտելեկտուալ ու ֆիզիկական հնարավորություններ, սերնդատվություն, օրգանիզմի պաշտպանական ուժեր):

Ավիտամինոզը հիվանդություն է, որը զարգանում է ոչ լիարժեք, վիտամիններից զուրկ  սննդի օգտագործման հետևանքով: Մաշկը սկսում է քոր գալ, եղունգները դառնում են շերտատվող ու փխրուն,մազաթափություն է առաջանում, թուլանում է իմունիտետը: Ավիտամինոզը կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ու տեսողության վատացման:

Հիպերվիտամինոզը սուր խանգարում է, որն առաջանում է  մեկ կամ մի քանի վիտամինների գերչափաբաժնի  կամ չարաշահման հետևանքով (սննդում կամ էլ վիտամին պարունակող դեղամիջոցներում): Հաճախ հիպերվիտամինոզ է առաջանում А և D վիտամինների չափաբաժիների կտրուկ ավելացման հետևանքով: Բուժման նպատակով առաջարկվում է մեծ քանակությամբ հեղուկ ընդունել կամ էլ, բժշկի ցուցմամբ`  թույնը չեզոքացնող, օրինակ`ակտիվացված ածուխ ընդունել:

Պատմություն

Սննդի որոշ տեսակների կարևորությունը որոշակի հիվանդությունների կանխարգելման դեպքում հայտնի է վաղուց: Հին եգիպտացիները գիտեին, որ լյարդն օգնում է հավկուրության դեպքում: Այժմ հայտնի է, որ հավկուրություն կարող է առաջանալ A վիտամինի անբավարարության դեպքում: 1330-ին Պեկինում Հու Սիհուեյը հրատարակեց եռահատոր «Սննդի ու ըմպելիքների կարևորագույն սկզբունքները» գիրքը, որում համակարգել է սննդի թերապևտիկ նշանակությունը և համոզում է, որ առողջության համար պետք է համադրել տարատեսակ սնունդ:

1747-ին շոտլանդացի Ջեյմս Լինդը երկարատև նավարկության ժամանակ յուրօրինակ փորձ կատարեց հիվանդ նավաստիների վրա: Նրանց սննդաբաժնում  տարբեր թթու մթերք ներմուծելով` նա բացահայտեց ցիտրուսների` ցինգան կանխարգելելու հատկությունը: Սակայն բոլոր այդ բացահայտումներն անմիջապես չընդունվեցին: Այնուամենայնիվ, Ջեյմս Կուկը պրակտիկայում ապացուցեց ցինգան կանխարգելելու գործում բուսական սննդի դերը: Արդյունքում ցինգայի հետևանքով նա ոչ մի նավաստի չկորցրեց. չլսված արդյունք այդ ժամանակների համար: 1795-ից կիտրոնը և մյուս ցիտրուսազգիները նավաստիների սննդաբաժնի պարտադիր մաս էին կազմում: Դա իհարկե հանգեցրեց նավաստիների ծայրահեղ վիրավորական մականվան` լիմոնակեր: Հայտնի են անգամ նավաստիների շրջանում կիտրոնային բունտերի մասին, երբ նրանք նավից դուրս էին նետում կիտրոնահյութով տակառները:

1889-ին հոլանդացի գիտնական Էյքմանը հայտնաբերեց, որ  խաշած սպիտակ բրնձով կերակրվելու դեպքում հավերը  հիվանդանում են բերի-բերիով, մինչդեռ, եթե նրանց կերի մեջ ավելացվում է բրնձաթեփը, նրանք լավանում են: Չմաքրված  բրձնի դերը բերի-բերի հիվադության դեպքում բացահատվել է 1905-ին, Ուիլյամ Ֆլետչերի կողմից, իսկ 1906-ին Ֆրեդերիկ Հոփկինսը բացահայտեց, որ սպիտակուցներից, ճարպերից ու ածխաջրերից բացի, գոյություն ունեն ինչ-որ նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդկային օրգանիզմին: 1911-ին լեհ գիտնական Կազիմիր Ֆունկը, որն աշխատում էր Լոնդոնում, կարողացավ ստանալ մի բյուրեղանյութ, որը բուժում էր բերի-բերի հիվանդությունը: Դեղամիջոցը կոչվեց «Վիտամայն»` vita կյանք և անգլերեն amine` ազոտ պարունակող միացություն բառերի համադրությունից: Նա ենթադրեց, որ մյուս հիվանդությունները` ռախիտը, պելագրան, նույնպես կարող են որոշակի նյութի անբավարարությունից առաջանալ:

1920-ին Ջոն Սեսիլ Դրամոնդն առաջարկեց «vitamine»-ից հեռացնել  «e»-ն, քանի որ դրանից առաջ հայտնաբերված C  վիտամինը չէր պարունակում ամինային բաղադրիչ: Այդպես «վիտամայնները» դարձան «վիտամիններ»:

1923-ին Գլեն Քինգը պարզեց C վիտամինի կառուցվածքը, իսկ 1928-ին կենսաքիմիկոս Ալբերտ Սենթ-Դյորդին առանձնացրեց C  վիտամինը` այն անվանելով հեքսուրոնաթթու, իսկ 1933-ին շվեյցարացի գիտնականները C  վիտամինին նույնական վիտամին սինթեզեցին, որն այսօր հայտնի է  որպես ասկորբինաթթու:

1929-ին Հոփկինսն ու Էյքմանը վիտամինների բացահայտման համար ստացան Նոբելյան մրցանակ, իսկ  այդ դժվարին ճանապարհի նախակարապետները չստացան: Այդ հայտնագործության մեջ նրանց ներդրումը  երկար ժամանակ մոռացվեց:

Դրանից հետո, 1910- , 1920- և 1930-ականներին, հայտնագործվեցին մյուս վիտամինները: 1970-ին Լայնուս Պոլինգը ցնցեց աշխարհն իր առաջին «C   վիտամինը, սովորական մրսածություն ու գրիպ» վերնագրված աշխատությունով, որում փաստաթղթերով ապացուցում էր C   վիտամինի արդյունավետությունը: Մասնագետները նկարագրել են այդ վիտամինի ավելի քան 300 կենսաբանական գործառույթ: Կարևորն այն է, որ մարդը, ի տարբերություն կենդանիների, չի  կարող  սինթեզել այդ վիտամինը, ուստի անհրաժեշտ  պաշարը հարկավոր է լրացնել ամեն օր: