Հուլիսի 1-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 14-րդ փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել՝ 17.55-ին: Այրվել է 1 հա բուսածածկ տարածք:
Daily Archives: July 2, 2013
Երևան-Սևան ճանապարհին բախվել են կոմբայնը և “ՎԱԶ-2121”-ը
Հուլիսի 1-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում բախվել են “ՅԱ-303” մակնիշի առանց պետհամարանիշի կոմբայնը և “ՎԱԶ-2121” մակնիշի 45 AN 555 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Ավետիսյան), ինչից “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1957 թ. ծնված Ա. Ավետիսյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրդեհ Պտղնի գյուղում
Հուլիսի 1-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի գազի հորերում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գազի հորերից մոտ 30 մ հեռավորության վրա՝ մոտակա աղբանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.48-ին, մարվել՝ 03.14-ին:
Աղբանոցում այրվել է աղբ (մոտ 1500 քմ):
Յակուտիայում վթարվել է Մի-8 ուղղաթիռը. զոհվել է 15 մարդ
Շրիլանկացին համարյա 5 տարի ոչինչ չի ուտում
Շրիլանկացի Կիրբի դե Լանորեոլը արդեն 5 տարի գոյատևում է գործնականում առանց սննդի: Նա կալորիաներ է ստանում լույսից, տատանումներից, քամուց ու ֆոտոններից:
Նա վստահ է, որ մարդն արևային մարտկոցների նման է: Վերջին 10 ամիսներին նրա ընդունած կալորիաները չեն գերազանցում 500-ը:
Բժիշկները նախազգուշացնում են` նման կենսակերպը կարող է ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ առողջականի վրա: Դա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր կտրուկ կարող է հրաժարվեն սննդից` դիմելով տարատեսակ հնարքների:
Եգիպտոսի բանակ. ուլտիմատումը հեղաշրջում չէ
Եգիպտոսի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ քաղաքական հակամարտության վերաբերյալ ուլտիմատումը ռազմական հեղաշրջում չէ:
Ավելի վաղ զինվորականները երկրի քաղաքական ուժերին 48 ժամ էին տվել քաղաքական տարաձայնությունները հարթելու համար: Սակայն նախագահ Մուրսին մերժեց ուլտիմատումը,հայտարարելով, որ ազգային հաշտեցման սեփական պլանն ունի:
Նախագահի ադմինիստրացիան տեղեկացրել է, որ Մուրսին հեռախոսով բանակցել է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ,քննարկել Եգիպտոսում տիրող դրությունը: Մուրսին նշել է, որ Եգիպտոսը խաղաղ ժողովրդական վերափոխումների ճանապարհով է գնում, ասվում է նրա Facebook-յան էջում:
Մինչդեռ, Եգիպտոսի պետական ՄԵՆԱ լրատվական գործակալությունը գրում է, որ ևս մեկ նախարար է դիմել պաշտոնաթողության խնդրանքով` ԱԳ նախարար Մուհամեդ Քամել Ամրը: Սա արդեն 5-րդ նախարարն է, որ բողոքի ցույցերի սկզբից ի վեր հեռանում է զբաղեցրած պաշտոնից:
Զինվորականները հայտարարել են, որ եթե նախագահ Մուրսին ու նրա քաղաքական հակառակորդները չկարողանան համաձայնության գալ, ապա բանակը կառաջարկի իր սեփական “ուղեցույցը” խաղաղություն ձեռք բերելու համար: Պետական հեռուստաընկերությանը փոխանցված հայտարարության մեջ, երկրի զինված ուժերի ղեկավար Աբդել Ֆաթահ Սիսին բողոքներն անվանել է ժողովրդի կամքի “աննախադեպ” դրսևորում: Նա հավելել է, որ բանակը չի խառնվի քաղաքականության մեջ:
Նախագահական նստավայրի առջև հավաքավածները Սիսիի հայտարարությունը ջերմորեն են ընդունել, միացրել են ավտոմեքենաների ազդանշանները` ենթադրելով, որ նրա հեռուստաելույթը նշանակում է Մուրսիի կառավարման վերջը,ասել է ԲիԲիՍիի մեկնաբան Եզելարաբը:
Ջրամբարներ կառուցելու ծրագրերը մնացել են թղթի վրա
Նախորդ համարում «Անկախն» անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների խնդիրներին` հանգելով ջրամբարների կառուցման հույժ կարևոր խնդրին: Բացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբարներ, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր: Այսուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու:
Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները ջրամբարներով պետք է լուծել
Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդ-ը կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32%-ը: Մնացած ջրերը Հայաստանից հոսում են դուրս: Այսօրվա դրությամբ ունենք 79 արհեստական ջրամբարներ, որոնցում պահեստավորվում է ընդամենը 1 մլրդ խմ ջուր, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Եվ, փաստորեն, ջրամբարներում ընդամենը 750-760 մլն խմ ջուր ունենք: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշար և ուզում ենք այն հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում ունենալու ենք երկու լուրջ խնդիր:
Առաջինը գլոբալ տաքացման հետևանքով ջերմաստիճանի բարձրացման և այդ դեպքում տեղումների որոշակի նվազման ու գոլորշիացման ավելացման խնդիրն է, որի դեպքում մեր ունեցած 7.3 մլրդ խմ մակերեսային հոսքի պաշարները, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, կդառնա 5.4 մլրդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները երկուստեք համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որը կհանգեցնի Արաքսի պաշարների կրճատման:
Այս կապակցությամբ Հայաստանում շրջանառության մեջ դրված «Ջրի ազգային ծրագիր» փաստաթղթի շրջանակներում նախատեսվում էր կառուցել ջրամբարներ: Հունվարի 31-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ, այն ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2013-14 թթ. Հայաստանում երեք խոշոր ջրամբարներ կկառուցվեն: Սարգսյանի խոսքով` ոռոգման ջուրը հողագործության համար կարևորագույն նշանակություն ունի, և պետությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը` ֆերմերական տնտեսություններին ոռոգման ջուրը հասանելի դարձնելու համար:
«Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի և Վեդիի ջրամբարները: 2013-14 թթ. կսկսվեն դրանց կառուցման աշխատանքները: Եվս մեկ ջրամբար` ավելի փոքր չափի, կկառուցվի Արմավիրի մարզում: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով և պահպանել ապագա սերունդների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ջրամբարները պետք է թղթի՞ վրա ունենանք
2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ նիշին և այլևս Սևանի մակարդակը չի բարձրացվելու, մուտքն ու ելքը կարգավորվելու է` եկածը բաց թողնելու սխեմայով: Այդ դեպքում երկու խնդիր է լուծվելու. ամեն տարի 300 մլն խմ-ով Սևանի ջրերը թարմացվելու են, երկրորդ` 300 մլն խմ-ով ջուրը բաց է թողնվելու: Ու այդ դեպքում առաջանում է կարևորագույն հարց. եթե Սևանից բաց թողնված ջուրը «չբռնվի», գումարվելու է Արաքս լցվող ջրերին: Այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացվելուց հետո, կմնա 1.1 մլրդ խմ: Մի քանի տարի առաջ մեկնարկեց դեռևս խորհրդային տարիներին սկսված, բայց կիսատ մնացած Եղվարդի ջրամբարի շինարարությունն ավարտին հասցնելու ծրագիրը: Այն ժամանակ, երբ քննարկվում էր այդ ծրագիրը, կարծես միակ հարցը ջրամբարի ծավալն էր. մասնագետները որոշում էին` 90՞, թե՞ 228 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցելու նպատակահարմարության հարցը:
«90՞ մլն խմ, թե՞ 228. գումարների մեջ քիչ տարբերություն կա: Ինչո՞ւ է շահեկան կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար. այստեղ երկու հիմնական դիտարկում կա, որոնք մեզ շահագրգռում են 90-ի փոխարեն կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Գումարների տարբերությունը 30-40 մլն դոլար է: Սակայն ջրի հայելին 200 հեկտարով ավելանում է, 800-ից դառնում է 1000 հեկտար: Սա շատ կարևոր խնդիր է: Ու քանի որ ջրամբարի շինանյութը գտնվում է հենց իր տակ` ջրամբարի կառուցման տեղում, մենք դրա շինանյութը` 1 մլն խմ, պետք է հանենք, տանենք մեկ այլ տեղում պահենք, որ հետո օգտագործենք 90 մլն խմ-ը 228 մլն դարձնելու ժամանակ: Մինչդեռ իզուր փող չենք ծախսի, եթե միանգամից կառուցենք 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Երկրորդ` երբ Սևանի ջրերը կարգավորելու համար 300 մլն խմ ջուր սկսենք բաց թողնել, այդ ջուրը չենք լցնի Արաքս և ուղարկենք թուրքերին: Էներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ չէ՞ էներգիա արտադրելուց հետո բերել կուտակել այդտեղ, միշտ կուտակած ունենալ, և հետո օգտագործել մեր 40 հազար հեկտար ոռոգելի տարածքների ջրապահովման համար»,- ասում է Հանրային խորհրդի բնապահպանության ու գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:
Թե՛ Հանրային խորհուրդը, թե՛ էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ մնացած բոլոր շահագրգիռ կողմերը դրական եզրակացություն են տվել այս ջրամբարի կառուցմանը:
Ուշագրավ է, որ միայն ջրի ամբարման, ոռոգման և այլ տնտեսական հարցերը լուծելու նպատակով այդ ջրամբարը կառուցելը տնտեսապես ձեռնտու չի դիտվել. թանկ էր: Ուստի որոշվել էր այնտեղ բիզնես նախագիծ իրականացնել: Այսինքն` մասնավոր ու պետական հատվածների համագործակցության արդյունքում ներդնել մոտ 300-400 մլն դոլար ու ջրամբարի հետ միասին կառուցել նաև հանգստի և զվարճանքի, սպորտային համալիրներ, հյուրանոցներ: Մի խոսքով, ծրագիրը հետաքրքիր էր: Այդ ծրագիրը հիմա կանգ է առել. ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի ծավալվում:
Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրում, որ կոչվում է «Կառավարության ծրագիր 2013», մեկ կետ կա, որում նշվում է. «…Նոր ջրամբարների (Կապսի, Եղվարդի, Վեդու և Մաստարայի) շինարարության միջոցով ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման հնարավորության ստեղծում…»:
Բայց այդ ծրագրում չի նշվում, թե ինչ միջոցներով, ինչ ժամկետներում և ինչպես պետք է իրագործվի այս կետը, չի նշվում նաև, որ Հայաստանում որևէ մեկը կարող է ցույց տալ ծրագրային այս կետի իրականացման ուղղությամբ կատարվող որևէ քայլ, օրինակ` ջրամբարատեղի պատրաստում կամ սևահողի դուրսբերում և կամ արգելապատնեշի կառուցում: Իսկ եթե ամռան բարենպաստ եղանակային պայմաններում նման աշխատանքներ չեն կատարվում, դժվար է հավատալ, թե աշնանը, առավել ևս ձմռանն այդ ջրամբարների շինարարական աշխատանքները կսկսվեն: Մանավանդ որ նշված ջրամբարների շինարարության կապակցությամբ միայն Եղվարդի ջրամբարի շինարարության մասով հստակ ծրագիր կա, այն էլ ուղղակի կանգ է առել:
Սնոուդենը շնորհակալություն է հայտնել Էկվադորին` Ռուսաստան տեղափոխվելուն օգնելու համար
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը խախտել է լռությունը, որ պահպանում էր Ռուսաստանում գտնվելու 8 օրերին: Reuters-ը հրապարակել է Սնոուդենի` Էկվադորի իշխանություններին ուղղված նամակի մի հատվածը, որում նա այդ երկրի իշխանություններին շնորհակալություն է հայտնում Էկվադորում քաղաքական ապաստարան ստանալու իր խնդրանքը դիտարկելու և Ռուսաստան հասնելուն օգնելու համար:
Բացի այդ, Սնոուդենն իր նամակում հայտարարում է, որ ԱՄՆ իշխանություններն իրեն անօրինական են հետևում ու, որ նա պատրաստ է հետագայում էլ բացահայտել ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքի տակ գտնվող այլ գաղտնի տեղեկություններ ևս:
Աղախինը երեք տարի կանցկացնի բանտում իր գործատուի թեյի հետ մեզ և լվացքաջուր խառնելու համար
Աղախինը տան տիրոջ թեյի մեջ մեզ և լվացքաջուր խառնելու համար երեք տարի կանցկացնի բանտում:
Չինաստանի Հոնգ Կոնգ քաղաքում աշխատող 22-ամյա աղախինը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա գործատուն թեյից տարօրինակ հոտ է զգացել:
Նա այդ կապակցությամբ վեճի է բռնվել աղախնի հետ, որը ընդունել է, որ թեյի հետ գաղտնի կերպով ինչ-որ բան է խառնել, սակայն նրա այդ քայլի պատճառները հայտնի չեն:
Shanghaiist-ի տեղեկություններով՝ աղախինը ձերբակալվել է առողջության համար վտանգավոր նյութեր օգտագործելու համար, քանի որ մեզը և լվացքաջուրը կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար:
Գործատուի և աղախնի ինքնությունը չի հրապարակվել:
Անցած տարի Միացյալ արաբական էմիրություններում աղախինը գործատուի թեյի մեջ մեզ խառնելու համար երկու ամսով բանտարկվել էր:
Դուբայի դատարանը 26-ամյա ինդոնեզացուն մեղավոր էր ճանաչել ընտանիքի առողջությունը վտանգելու համար: Այս դեպքում աղախինը հայտնել էր, որ իր աղախին ընկերուհին է իրեն խորհուրդ տվել նման բան անել, որպեսզի ընտանիքի անդամները իրեն շատ սիրեն:
