Աշակերտները հաճախ են սոցցանցում տեղադրում ուսուցիչների զավեշտալի մեկնաբանությունները: Առաջին ուսումնական օրվա կապակցությամբ էլ պորտալներից մեկը ներկայացրել է մի քանի նման գրառում:
Հնդկաստանում օժիտի շուրջ ծագած կռիվների պատճառով, միջին հաշվով, ժամում մեկ կին է զոհվում:
Տեղի ոստիկանության տվյալներով, անցած տարի օժիտի չափի շուրջ վեճերի պատճառով երկրում 8 հազար կին է զոհվել: Իրավապահները նշում են, որ վերջին 5 տարում այդ թիվն աճում է:
Ավանդության համաձայն, հարսնացուն պետք է նոր ընտանիք մտնի օժիտով, որի համար վճարում են իր հարազատները: Եթե փեսացուի ընտանիքը հարսնացուից չափազանց մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, կնոջը սպանում են կամ էլ ինքնասպանության դրդում:
Հնդկաստանի իշխանությունները դեռևս 1961-ին են օժիտի արգելք մտցրել, սակայն այդ ժամանակից մինչ օրս երկրում ոչինչ չի փոխվել:
Սլովակյան Կոշիցե քաղաքում որոշել են հարևանությամբ բնակվող գնչուներից սահմանազատվել 2 մետրանոց պատով, սակայն հաշվի չեն առել Եվրահանձնաժողովի կարծիքը, որը հիմա պահանջում է քանդել “հակագնչուական բետոնե վարագույրը”: 2 մ բարձրությամբ ու 30 մ երկարությամբ պատը Կոշիցեում կառուցել են քաղաքային իշխանությունները: Հակասանիտարիայից ու գողությունից պաշտպանվելու այլ կերպ չեն գտել: Տեղաբնակներից մեկն ասում է.”Չեմ կասկածում, որ այդ պատը մեր շրջանն ավելի անվտանգ կդարձնի: Մենք հոգնել ենք գողությունից”:
Կոշիցեի “Լունիկ-9” շրջանը ամենամեծ գնչուական բնակավայրն է Սլովակիայում: Այս տարածքում 1 քկմ-ի վրա բնակվում է 6 հազար ռոմալ, 15 մարդ` մեկ սենյականոց բնակարանում: Նրանց 90%-ը չի աշխատում, աճում է հանցավորությունը: Բազմամիլիոնոնոց պարտքերի պատճառով բնակարաններում ջուր ու լույս չկա, տարիներով աղբահանություն չի կատարվել:
Ընդհանուր առմամբ, Սլովակիայում ապրում է 5 ու կես մլն մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով, գնչուների թիվը հասել է 500 հազարի: Երկրում ռոմալական բնակչության աճի պատճառներից մեկն էլ համարում են արտաքսման զանգվածային քաղաքականությունը, որ վարում են եվրոպական շատ պետություններ: Օրինակ, Ֆրանսիան միայն անցած տարի արտաքսել է 12 հազար գնչուի, սակայն, փոխանակ նրանք վերադառնան իրենց հայրենիք` Ռումինիա կամ Բուլղարիա, նրանցից շատերը հիմնվում են բարեկեցիկ Սլովակիայում:
Այստեղ նրանք նպաստ են ստանում, շատերը նույիսկ չեն էլ փորձում աշխատել, իսկ իշխանությունների` սոցիալիզացման գործողությունները, որպես օրենք, բանի տեղ չեն դնում: Կոշիցեում բարձրացված պատը միակը չէ երկրում:
Սլովակյան լրագրողները նմանատիպ, հակագնչուական 13 պատ են հաշվել երկրի արևելքում: Միջազգային կազմակերպությունները վրդովված բողոք են անում, իսկ քաղաքի բնակիչներն ասում են, որ ուրիշ ճար չունեն “բետոն խառնելուց” բացի:
Ամուրի Կոմսոմոլսկում գետի մակարդակը երկուշաբթի հասել է 803 սմ` մեկ օրում բարձրանալով 19 սմ: Ջրհեղեղի պիկը կանխատեսվում է սեպտեմբերի 6-10-ին` մինչև 8,9 մետր: Քաղաքի համար վտանգավոր նիշ է համարվում 650 սմ-ն:
Քաղաքի ադմինիստրացիայից հայտնել են, որ հիմա արգելապատնեշներ են սարքավորում, որոնց երկարությունը շուրջ 13,5 կմ է, իսկ բարձրությունը` 9,2 մ:”Մենք 120 խմ հզորությամբ 4 պոմպ ենք ստացել, ևս 5-ն ենք խնդրել, ավելի հզոր: Հիմա կարող ենք գործի անցնել: Այսօր լրացուցիչ 22 միավոր տեխնիկա ենք ստացել: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 700 մարդ”,- ասել է ադմինիստրացիայի ներկայացուցիչը:
Այսօր սկսել է հեռարձակումը LIFENEWS լրատվական ալիքը`”Առաջինը շտապ լուրերով”: Այն հավակնում է կարճ ժամանակում վերածվել լրատվական անփոխարինելի աղբյուրի “երիտասարդ և քաղաքականապես ակտիվ լսարանի համար” և դառնալ մյուս լրատվական ալիքներին լուրջ մրցակիցը:
“LIFENEWS” հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Աշոտ Գաբրիելյանովը` նույնանուն կայքի խմբագիրը:
Պերուում ու Բոլիվիայում ուժեղ ցրտերի պատճառով 6 մարդ է մահացել: Շաբաթ օրը ցուրտ եղանակի պատճառով Պերուի 10 շրջաններում արտակարգ իրադրություն է հայտարարվել: Տեղի իշխանությունները հայտնում են, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում երկրում ցրտերից 2 մարդ է մահացել: Նախնական տվյալներով, ավելի քան 25 հազար ոչխար ու այլ կենդանիներ են սատկել: Հեռավոր շրջաններում, որտեղ ջերմաստիճանն ավելի ցածր է,զինված ուժերի ստորաբաժանումները դեղորայք, տաք ծածկոցներ ու փրկարարական համալիրներ են բաժանել: Տասնյակ գավառներում ուսումնական հաստատություններում հետաձգվել են պարապմունքները:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Օբամային Սիրիայում ռազմական միջամտությունից զերծ մնալու խնդրանքով նամակ է ուղարկել:
“Ես հենց նոր խաղաղության նամակ եմ ուղարկել Օբամային մեր հայրենիքի ու անկախ ներկայացուցիչների կողմից: Դրանում նշում եմ, որ մենք սիրում ենք մարդկությանը: Խաղաղություն, խաղաղություն”,- գրել է Մադուրոն իր թվիթերյան միկրոբլոգում:
Նրա կարծիքով, Սիրիայի խնդիրները պետք է լուծեն իրենք` սիրիացիները, իսկ Սիրիայի վրա հարձակումը կարող է աղետ դառնալ ողջ Մերձավոր Արևելքի համար: Ընդ որում, Մադուրոն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների օպերացիան ոչ պիտանի, անարդար ու հանցագործ է համարում:
Բրիտանական թագավորական ընտանիքում նոր սկանդալ է հասունանում: Կոռնուոլյան դքսուհի Կամիլա Ռոզմարին` արքայազն Ուիլյամի խորթ մայրը, կասկածում է, որ Քեյթը որդի է ծնել իր խորթ որդուց ու պահանջում է ԴՆԹ թեստի միջոցով իրեն հակառակն ապացուցել: Նման կասկածների պատճառն այն է, որ երեխան նման չէ հորը: Նրա կարծիքով, թագավորական ընտանիքը պետք է համոզվի, որ դքսուհին չի դավաճանել իր ամուսնուն: Եղիսաբեթ թագուհին ցնցված է իր հարսի նման հայտարարության կապակցությամբ:
“Կամիլան այդքան վրդովեցուցիչ պահանջ է առաջ քաշել, որ սևացնի Միդլթոնին ու դրանով նսեմացնի նրա ժողովրդականությունը”,- մեջբերում է թագուհու խոսքերը Focus-ը: Նրա խոսքով, խորթ մայրը չէր կամենա, որ իր պահանջը հանրայնացվեր, սակայն, միևնույն ժամանակ, նա իրեն թույլ է տալիս քննարկել Քեյթի անհավատարմությունն այլոց ներկայությամբ:
Սեպտեմբերի 2-ին անկախ Արցախը կդառնա 22 տարեկան. բավական քիչ ժամանակ՝ լուրջ ու շոշափելի արդյունքներ ունենալու և բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները լուծելու համար, սակայն բավական երկար` թշնամու մշտական սպառնալիքի ներքո ժողովրդավարություն և պետականություն կերտելու համար:
1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին: Մի քանի օր անց` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, և մասնակցածներից շուրջ 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության:
1991 թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին: Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը: Իսկ 1992 թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը: Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը: ԼՂՀ դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով:
Իհարկե, ոչ ոքի համար նորություն չէ, թե ինչպիսի ծանր ժամանակներում ու պայմաններում է իր առաջին քայլեր սկսել հայկական երկրորդ հանրապետությունը. պատերազմ, տնտեսական շրջափակում, զրկանք և այլն: Բայց նորանկախ ու փոքրիկ պետությունն իր մեջ ուժ գտավ մեկ անգամ միջազգային հանրությանն ու պատմությանն ասելու, որ ինքն այլևս ինքնուրույն է ցանկանում շարունակել իր ուղին: Եվ անկախությունը կերտվեց արյունով, ամրագրվեց պատերազմում տարած հաղթանակով:
Այսօր արդեն Արցախը աշխարհին է ներկայանում որպես կայացած պետականությամբ, ինքնիշխան ու ժողովրդավարական արժեքների հետևող երկիր` անկախ ճանաչումից:
22 տարիների հեռվից արդեն մի հարց է առաջանում` ի՞նչ ձեռքբերումներ ու ի՞նչ ձախողումներ ունեցավ ազատ Արցախն իր անկախության 22 տարիներին:
Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տարանք, գրեթե առաջին անգամ երկարատև պատերազմում լուրջ հաջողության հասանք` ունենալով ավելի քիչ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ, քան հակառակորդը: Եվ այդ իմաստով՝ մենք մեր գլխավոր խնդիրը լուծել ենք: Մնում է` դիվանագիտական ասպարեզում ԼՂՀ դե ֆակտո անկախությունը հասցնենք դե յուրեի:
Այս հարցում, ներկա դրությամբ, բավականին հակասական կարծիքներ կան: Մի կողմից, ըստ էության, համաձայն Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրությունն ընդունում է, որ ղարաբաղցիներն ունեն ինքնորոշման իրավունք: Մյուս կողմից` այդ ինքնորոշման իրավունքի հստակ տեխնոլոգիան դեռ ոչ ոք չի պատկերացնում, այդ թվում նաև` միջազգային հանրությունը: Հենց այստեղ է, որ մենք հայտնվում ենք վտանգավոր ու հակասական վիճակում, որովհետև այդ նույն մադրիդյան սկզբունքները բավականին հեղհեղուկ են, և դրանց համաձայն` մենք կարող ենք հաջողության հասնել և դե յուրե իրականություն դարձնել ԼՂՀ անկախությունը: Եվ ճիշտ հակառակը. եթե չկարողանանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սառը պատերազմում հասնել հաջողության, ապա կարող ենք նաև տանուլ տալ Ղարաբաղյան խնդրում:
Աշխարհի դիվանագիտական պատմության մեջ, համաձայնվենք թե ոչ, ամրագրվել է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Այդպես է նաև այսօր. Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Ասիայում և բոլոր այն տեղերում, որտեղ դեռ տաք հակամարտություններ կան: Վերջիվերջո, դիվանագիտությունն ամրագրում է այն սահմանները, որոնք զենքով ու արյունով են գծվել: Սա արդեն դարձել է անհերքելի ճշմարտություն:
Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման ճանապարհին
Բայց Արցախյան ճակատում հաղթանակ տանելու դերն ու նշանակությունը կարևոր է ոչ միայն դիվանագիտական ասպարեզում ու ԼՂՀ-ի` միջազգային ճանաչման գործընթացում: Տևական անհաջողություններից ու պարտություններից հետո առաջին անգամ հայ ազգը, զենքով ու իր սեփական կյանքը զոհաբերելով, ապացուցեց, որ ինքն այս աշխարհում ապրելու իրավունք ունի: Հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն, որպես անկախ պետություն ու պետականություն, կայացած է միջազգային նորմերի տեսանկյունից: Այն վերջնականապես կայացած պետություն է թե՛ բանակի իմաստով, թե՛ պետական ինստիտուտների ու կառույցների իմաստով և, առավել ևս, ժողովրդավարության չափանիշների հաստատման իմաստով: Այս տեսանկյունից Արցախը չի զիջում ժամանակակից եվրոպական երկրներին, և նույնիսկ, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների որակով գերազանցում է եվրոպական մի շարք երկրների:
Ճիշտ է` ԼՂՀ ցանկացած ընտրություններից երկու-երեք օր հետո սկսվում են ինչ-որ արձագանքներ, գնահատականներ: Իսկ եթե ԼՂՀ նախագահական հերթական ընտրություններն անխափան իրականացվում են, նշանակում է` մեր երկրորդ պետականությունն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, այդ թվում նաև միջազգային ասպարեզում: Ու մինչև այժմ դեռ որևէ մեկը ԵԱՀԿ-ի կողմից երբեք դեմ չի արտահայտվել ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունների որևէ տարբերակին, և որևէ երկիր կամ պաշտոնյա երբեք չի ասել, թե ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին:
Եվ որքան բարձր լինի Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների որակն ու աստիճանը, այնքան ավելի հեշտ կլինի անցնել այդ ճանապարհը, և օրերից մի օր ԼՂՀ-ն ՄԱԿ-ում կունենա իր ներկայացուցիչը, ինչպես Հարավային Սուդանը, Կոսովոն և այլն: Համենայն դեպս, միջազգային փորձն էլ է այդպես վկայում:
Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա մենք խնդիրներ ունենք քարոզչության բնագավառում, որ դեռ չենք լուծել, որովհետև այսօր էլ մեզ չի հաջողվել հակամարտության կերպարին համարժեք կերպար արմատավորել միջազգային շրջանակներում:
Օրինակ` պատմական ցայտուն նախադեպեր էլ կան, որ ազգերի ինքնորոշման իրավունքի նորմերից ելնելով` անկախ պետություններ են ստեղծվում: Ազգերի ինքնորոշման իրավունքն առաջին անգամ ամրագրվեց հենց ԱՄՆ պետության սահմանադրության մեջ: ԱՄՆ պետությունը 200 տարի առաջ անգլիական գաղութարարների դեմ սեպարատիստական շարժման արդյունքում, բայց հիմք ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը, պետություն ստեղծեց: Ու ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, թեկուզ ցածրաձայն նշել, թե ԱՄՆ-ն օկուպացրել է Անգլիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները: ԱՄՆ-ն 200 տարի է` ինքնուրույն պետություն է կառուցում, ԼՂՀ-ն` 20, տարբերությունը տարիների քանակն է, բայց հիմքը ժողովրդական շարժումներն են` ազգերի ինքնորոշման իրավունքը:
Ամեն դեպքում Արցախը շարունակում է կերտել իր պետականությունն ու ամրապնդել անկախությունը` զարգացնելով ժողովրդավարություն: Ու այդ ժողովրդավարությունը նախանձելի է անգամ Հայաստանի համար: