Daily Archives: September 14, 2013
Լևոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակմուրային
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրայն: Մեր շախմատիստը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Մրցակիցները կատարեցին 61 քայլ:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին կեսում Արոնյանը սևերով պարտվել էր Նակամուրային:
Արոնյանն ունի 2 միավոր, իսկ միանձնյա առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է, որը չորրորդ տուրում սևերով առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ: Նա ունի 3 միավոր: Նակամուրան վաստակել է 2,5, Կամսկին՝ 0,5 միավոր:
5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կամսկին է, իսկ Նակամուրան կխաղի Կառլսենի հետ:
Կոլորադոյում ջրհեղեղի պատճառով 4 մարդ է զոհվել
Ամերիկայի Կոլորադո նահանգում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել, շուրջ 4 հազարն էլ աղետի գոտուց տարհանվել է:
30 տարվա մեջ ամենամասշտաբային ջրհեղեղի պատճառով ջրի մեջ են հայտնվել նահանգի խոշորագույն քաղաքները: Ամենից շատ տուժել են Բոուլդեր և Լիոն քաղաքները:
ԱԻ վարչության ներկայացուցիչն ասել է, որ ջրհեղեղը լվացել է դաշնային մայրուղին, տեղաբնակները 48 ժամով զրկվել են խմելու ջերից ու հոսանքից:
Սա 1976-ի ջրհեղեղից հետո ամենախոշորն է: Այն ժամանակ զոհվեց գրեթե 150 մարդ:
Բարաք Օբամայի` բանանով կոլաժի համար Իրինա Ռոդնինան մեղադրվում է ռասիզմի մեջ
Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է Բարաք ու Միշել Օբամաների ֆոտոշոփային լուսանկարը, որն իր թվիթերում է տեղադրել օլիմպիական չեմպիոն “Միացյալ Ռուսաստան” կուսակցությունից պատգամավոր Իրինա Ռոդնինան:
Ռոդնինան կոլաժի տակ գրել է “Խոսքի ազատությունը ազատություն է: Ձեր բարդույթների համար ինքներդ էլ պատասխան տվեք”:
Արժե՞ զսպել զայրույթը
Թվում է, թե պետք է անմիջապես այս հարցին բացասական պատասխան տալ: Այլապես ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ, որ մենք դժգոհ ենք ինչ-որ բանից: Ինչպե՞ս կհասկանան, որ պետք է դադարեցնեն մեզ համար անընդունելի վարքագիծը: Շատ մասնագետներ, լուրջ հոգեբաններ խորհուրդ են տալիս կամքին ազատություն տալ անմիջապես: Արտահայտվել, չզսպել զայրույթը: Դուրս թողնել ներսում կուտակվածը:
Սակայն այլ բան են մարդկային հարաբերությունները: Երբեմն մենք սխալմամբ ուրիշի ցավն ու լուռ վիրավորանքն արհամարհանքի, անշնորհակալության հետ ենք շփոթում: Ճանապարհին ուրիշի շտապողականությունը կամ դանդաղկոտությունն ընկալում հատուկ մեր նկատմամբ արված ոտնձգություն: Բայց մի՞թե բոլորը ցանկանում են իրար վիրավորել, նվաստացնել:
Ահա մի այսպիսի պատմություն: Մի անգամ մի գործարար գնացքով մեկնում է ուրիշ երկիր: Գնացք է բարձրանում մի տղամարդ երեխաների հետ ու նստում իրեն հատկացված տեղում, իսկ երեխաները սկսում են վազվզել, խառնաշփոթ ստեղծել: Հայրը դիտողություն չի անում նրանց ու ասես չի էլ նկատում, թե ինչ է շուրջը կատարվում: Երբ երեխաներից մեկը նստած կանանցից մեկի մազերն է քաշում, գործարարը մոտենում է հայրիկին ու զայրացած նախատում. «Ինչո՞ւ չեք սաստում ձեր երեխաներին, մի՞թե չեք տեսնում, թե նրանք ինչ են անում»:
Տղամարդը նրան պատասխանում է. «Դուք իրավացի եք: Ես ցավում եմ, որ նրանք իրենց այդպես են պահում: Բանն այն է, որ կինս` այդ երեխաների մայրը, մի քանի ժամ առաջ է մահացել, ու ես չգիտեմ, թե ինչպես եմ այսուհետ ապրելու: Երեխաները դեռևս չեն գիտակցում այդ, գուցե նրանք այդ կերպ են արձագանքում: Խնդրում եմ, ներող եղեք»:
Գաղտնիք չէ, որ տարբեր մարդիկ նույն իրավիճակը տարբեր կերպ են տեսնում ու գնահատում, դա հավասարապես վերաբերում է թե՛ հարազատներին, թե՛ օտարներին: Չիմանալով մարդկային արժեհամակարգի մասին` դժվար է որոշակի մարդու վարքագծի մասին սեփական անձի դիրքերից գնահատել ու դատել: Ուստի ավելի դյուրին է ներելն ու հասկանալը, քան թե անմեղին մեղադրելը: Ընդ որում, հիմնականում բոլոր «զանցանքները» չեն արվում միտումնավոր, այլ սոսկ ենթագիտակցորեն ազդանշելու, որ ուշադրության արժանանանք կամ էլ մեզ նկատեն: Ուստի գուցե ներենք այդ փոքրիկ թուլությունները:
Անձնական տարածք
Անձնական տարածքը մարդու շուրջ այն գոտին է, որտեղ մուտք ունեն միայն մտերիմները: Դա պարզապես մեկնված թևի հեռավորությամբ տարածություն չէ: Անձնական տարածք հասկացության մեջ բնակարանն է, բանկային հաշիվը, ավտոմեքենան, պայուսակի պարունակությունը, գրագրությունը: Յուրաքանչյուր մարդ ունի սեփական նախապատվություններն անձնական տարածքի հարցերում. ինչ-որ մեկը տանել չի կարողանում ուրիշ մարդու հպումը, մեկի համար շատ է կարևորվում անձնական բաժակը, իսկ ոմանք էլ իրենց իրերի հսկողությունը հեշտությամբ վստահում են անծանոթ մարդկանց: Ձեռքսեղմումը, ուսին կամ թիկունքին թեթևակի թփթփացնելը համարվում են սոցիալապես թույլատրելի հպումներ, իսկ «գործերդ ոնց են» հարցը հարգանքի հասարակ դրսևորում է: Սակայն, հոգեբանների հավաստմամբ, նման անմեղ թվացող «ներխուժումներն» անգամ կարող են զայրացնել: Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ուսումնասիրում կամ նայում են ձեր համակարգչի էկրանին, առանց հարցնելու վերցնում իրերը ձեր դարակից կամ հյուր գնում առանց նախապես զգուշացնելու:
Անձնական տարածքի սահմանները յուրաքանչյուրի մոտ տարբեր են ու հաճախ կախված են նաև բնակության վայրից: Օրինակ` մեծ քաղաքներում այդ տարածքները բնակչության խտության պատճառով ավելի փոքր են: Անձնական տարածքի գլխավոր գործոններից են այն պայմանները, որոնցում մեծանում է մարդը: Մեծ ընտանիքում անձնական տարածքի շրջանակներն ավելի լղոզված են, ոչ հստակ, քանի որ մեծ ընտանիքներում հիմնականում իրերի մեծ մասն ընդհանուր է ու առանձնանալու հանարավորություններն էլ` ոչ շատ: Սակայն, հարկ է նշել, որ անձնական տարածքի պաշտպանությունը ոչ մի կապ չունի եսասիրության կամ ժլատության հետ: Բացարձակապես նորմալ է անձնական հարմարավետությանը վերաբերող կանոններ հաստատելն ու պահանջելը, որ շրջապատողները նույնպես հետևեն այդ կանոններին: Իհարկե հետևելով, որ ինքներդ էլ չխախտեք մեկ ուրիշի կանոնները: Անհրաժեշտ է շրջապատի մարդկանց հստակ բացատրել, թե որն է ձեր անձնական տարածքը, ու խնդրել չներխուժել այնտեղ առանց ձեր թույլտվության: Գուցե դրա մասին անընդհատ հիշեցնելու կամ անգամ դռների վրա փականներ շարելու հարկ լինի:
Երբեմն մարդը չի կռահում անգամ, որ իր տեսանկյունից անմեղ գործողությունները կարող են մեկ ուրիշին տհաճություն պատճառել: Կարևոր է նաև «ոչ» ասել սովորել: Դա այն կարևոր խոսքն է, որը սահմաններ է գծում: «Ոչ»-ը պետք է արտաբերել հանգիստ ու վստահ: Ու չպետք է մերժումը դիտարկել որպես բացասական երևույթ: Դա սոսկ տեղեկությունը հասցնելու, շրջապատին հասկացնելու միջոց է, երբ ցանկանում ես բացատրել, որ սեփական հարմարավետությունը որոշակի սահմաններ ունի, և ձեր ժամանակի չարաշահումը, խաղը ձեր զգացմունքների հետ, առանց հարցնելու ձեր իրերն օգտագործելն ազդում է ձեր տրամադրության ու նույնիսկ առողջության վրա: Իսկական ընկերներն ու բարեկամները պետք է դա հասկանան ու երբեք չվիրավորվեն: Չէ՞ որ նրանք էլ են ուզում, որ մենք մեզ հարմարավետ զգանք: Միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքն անձնական տարածքի հարցում վճռորոշ դեր է խաղում ու հնարավորություն տալիս խուսափելու կոնֆլիկտներից:
Ուրախանալ ամեն աստծո օրով
Յուրաքանչյուրն էլ գեթ մեկ անգամ բողոքել է կյանքից. ինչքան ամեն ինչ դժվար է ու անարդարացի, ինչքան չարություն ու դժբախտություն կա: Ցավոք, հաճախ նկատում ենք ու նշում միայն բացասական երևույթները` համառորեն հրաժարվելով նկատել դրականները: Մինչդեռ դրանք քիչ չեն, հարկավոր է միայն նկատել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է երբեմն սև-սպիտակ կյանքին գույներ ավելացնել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կյանքի որակը միայն փողով, հաջողություններով, հասարակության մեջ գրաված դիրքով ու «բարեկեցության այլ մանրուքներով» չի որոշվում ու չափվում: Չէ՞ որ նույնիսկ ամեն ինչ ունենալով էլ կարելի է դժբախտ զգալ: Ինչո՞ւ: Որովհետև ոչինչ չի երջանկացնում: Բերկրանքը երջանկության զգացումն է տվյալ պահին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ողջ կյանքը բաղկացած է կարճ պահերից ու ակնթարթներից, ապա ինչքան շատ ենք բերկրանքի պահեր ունենում, այնքան երջանիկ ենք:
Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ այդ զգացումն ապրելուն: Հաճախ ուրիշի հաջողություններից շատերն ասես «պայթում» են նախանձից: Մտածում են` լինեի նրա փոխարեն: Կամ` ինձ մոտ պետք է պարտադիր ամեն ինչ ավելի լավ լինի: Հաճախ չենք էլ խորանում, թե հարկավո՞ր է արդյոք մեզ այն, ինչն ուրիշին է պետք: Ցավոք, ամեն լավ բան ասես ակնթարթորեն ջնջվում է հիշողությունից: Երբ նախանձը սկսում է խեղդել, փորձեք հիշել, թե վերջերս ինչ հաճելի բան է եղել ձեր կյանքում: Անպայման կգտնեք, միայն մի մոռացեք մանրուքների մասին: Համեղ թխվածքը, ընկերների հետ սուրճի սեղանի շուրջ զրույցը: Իսկ եթե դժգոհության ու դատարկության զգացումը չի նահանջում, ապա մտածեք, թե ինքներդ ինչ կցանկանայիք հենց այդ պահին, և ինչպես կարելի է այդ ցանկությունն իրականացնել: Ամեն ինչ փորձեք, սակայն ձեռքերը մի ծալեք ու նստեք: Գործի անցեք երազանքն իրականություն դարձնելու համար, և երջանկությունը կայցելի ձեզ:
Երբեմն մեզ ներսից կրծում է վիրավորանքի զգացումն անարդարացիությունից. թվում է, թե մեզ թերագնահատում են, օգտագործում, չեն սիրում: Ու սկսվում է` ինչու է իմ ճակատագիրն այսպիսին: Մինչդեռ իրական պատճառը գտնելն ու վերացնելը շատ բարդ է: Սակայն ոնց էլ պտտվես, ամեն ինչ փոխելու համար պետք է սկսես ինքդ քեզնից:
Փորձեք չաղտոտել , եթե ձեզ նյարդայնացնում են կեղտոտ փողոցները: Ժպտացեք ու հաճոյախոսեք ձեր մռայլ հարևանին, որը ձեզ անգամ չի բարևում: Թուփ կամ էլ ծառ տնկեք ձեր լերկ բակում: Մի խոսքով, ավելի շատ անշահախնդիր բարություն արեք: Այն կվերադառնա եռապատիկ, բայց ոչ անմիջապես: Սակայն բերկրանքի ու հպարտության զգացումը կլցնի ձեր սիրտը շատ շուտով: Մի մասնակցեք բամբասանքին ու այն ամենին, ինչը կգցի ձեր տրամադրությունը: Հավատացեք, այդ խոսակցություններն ամենևին չեն թեթևացնում հոգին, այլ միայն բացասականով են աղտոտում: Պարզապես ձեզ պատնեշեք այն անպետք տեղեկությունից, թե ինչքան վատ է ամենուր: Ավելի լավ է կատակերգություն դիտեք կամ էլ հետաքրքիր գիրք կարդացեք: Ուշադրություն մի դարձրեք չար, կոպիտ ու անտաշ մարդկանց վրա: Ի՞նչ կարելի է նրանցից սովորել: Կարելի է ու պետք է միմիայն ծիծաղել ամեն վատի վրա. օրվա մռայլության, չարի ու նախանձի, կոպտության, սեփական անհաջողությունների: Ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում տրամադրությունը, դուք ուրախ եք դառնում, ու հոգին էլ թեթևանում է:
Փորձեք ծիծաղել. ինքներս մեզ վրա ծիծաղելը դժվարին խնդիր է, սակայն երբ սովորեք, կզգաք, թե որքան է դա թեթևացնում: Հումորի զգացումը հոյակապ բալասան է ունայնության ու անհուսության պարագայում: Ու մի բան էլ. ոչինչ այնպես չի շեղում տխուր մտքերից, որքան սիրած գործը: Եթե ունեք հոբբի, ապա օգտվեք դրա պատճառած բերկրանքից ու բավականությունից:
Կարելի է, ասենք, մաքրություն ձեռնարկել հաճելի ուրախ երաժշտության ներքո:
Նույնիսկ ամենադրական ու պայծառ մարդիկ ժամանակ առ ժամանակ զայրանում են, վշտանում և անգամ արտասվում: Սակայն դժվար թե նրանք իրենց կյանքը վերածեն փնթփնթոցի: Մի ծուլացեք երջանկացնելու ձեր իսկ սիրտը, դա այնքան էլ դժվար բան չէ:
Փորձեք նախանձը վանել. իրական նպատակներ դրեք ձեր առջև ու մշակեք դրանց հասնելու պլաններ: Փորձեք ապրված յուրաքանչյուր օրից, մի հաճելի մանրուքից բավականություն ստանալ: Փորձեք ինքներդ լցնել կյանքը, մի սպասեք երկնային մանանայի: Դատարկ խոսակցությունների, բամբասանքի ու բացասական տեղեկությունների վրա ժամանակ մի վատնեք: Ավելի լավ է ուրիշ գործ գտնել: Ագրեսիային ագրեսիվությամբ մի պատասխանեք: Փորձեք մի լավ ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Բարի գործ կատարեք առանց պատասխան ակնկալելու: Դա ձեր կյանքն ավելի կհետաքրքրացնի: Արժե միայն ցանկանալ, և անպայման կգտնեք երջանկանալու առիթ:
ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ա. Թամազյանի վրա
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:
Թուրքիայի ամենաբարձր շենքում հրդեհ է բռնկվել
Թուրքիայի ամենաբարձր շենքում, որը տեղակայված է Ստամբուլի Լևենթ թաղամասում, այսօր հրդեհ է բռնկվել: «Sapphire Residence»-ում տեղակայված ռեստորաններից մեկի խոհանոցում դեռևս անհայտ պատճառներով կրակ է բռնկվել, ինչի հետևանքով միացել է հակահրդեհային ահազանգը: Հրդեհի առաջացման հարկից դուրս են բերվել բոլոր աշխատողներն ու այցելուները: Դեպքի վայր են եկել հրշեջ և շտապ օգնության ծառայության մեքենաները:
Թուրքական «Հյուրիյեթը» հաղորդում է, որ «Sapphire Residence»-ի հսկայական շենքը, որտեղ տեղակայված են բնակարաններ, խանութներ, գրասենյակներ և ռեստորաններ, ամբողջովին ծխով է պատվել և որոշակի խուճապ առաջացրել: Սակայն հրշեջները, գործի անցնելով, տեսել են, որ հրդեհը փոքր է և մեծ վնասի պատճառ չի դարձել: Այնուհանդերձ շենքում գտնվող մարդկանց որոշ ժամանակով տարհանել են:
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին
Սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղակայված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ նորանշանակ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր նշանակման հայտագիրը հանձնեց կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
Պարոն Դիուֆը, բարձր գնահատելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, շնորհավորեց դեսպան Ստեփանյանին նշանակման կապակցությամբ եւ հույս հատնեց, որ նրա նշանակումը կնպաստի կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:
Զրույցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ ՖՄԿ հետագա ծրագրերի վերաբերյալ` գոհունակությամբ արձանագրելով Ֆրանկոֆոն երկրների ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն հաջորդած ՀՀ-ՖՄԿ հարաբերությունների զարգացումը: Կողմերը հատուկ ընդգծեցին Հայաստանի եւ ՖՄԿ միջեւ ստորագրված լեզվական ծրագրի իրականացման ապահովման, ինչպես նաեւ Հայաստանյան բուհերի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջեւ հաստատված հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերի հաջողությունը եւ դրանք շարունակաբար ամրապնդելու կարեւորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ֆրանսիայի Նիս քաղաքում այս պահին ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն ու արդեն արձանագրած հաջողություններին:
Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Հրանտ Դինքի անվան միջազգային հինգերորդ մրցանակաբաշխությունը
Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը, նրա ծննդյան օրը`սեպտեմբերի 15-ին կազմակերպվելիք հանդիսության ժամանակ այս տարի արդեն հինգերորդ անգամ կգտնի իր տերերին: Երկու մրցանակը կտրվի այն մարդկանց, խմբերին կամ կառույցներին (մեկը՝ Թուրքիայից, մյուսը՝ արտասահմանից), որոնք զերծ են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից, աշխատում են ավելի ազատ և արդար աշխարհի համար, հանուն այդ գաղափարների իրենց ռիսկի են ենթարկում, խոսում են խաղաղության լեզվով՝ այդպիսով մարդկանց հույս և ներշնչանք հաղորդելով պայքարը շարունակելու ճանապարհին:
Մրցանակաբաշխության ժյուրիի հանձնաժողում այս տարի ընդգրկված են մի շարք հայտնի անձինք`Իսմայիլ Բեշիքչին, Թիմ Գարտոն Էշը, Լիդիա Կաչոն, Ռաքել Դինքը, Կոստա Գավռասը, Նիլյուֆեր Գյոլեն, Հայաստանից Ալեքսանդր Իսկանդարյանը, Էթյեն Մահչուպյանը և միջազգային «Memorial» միությունը:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Ստամբուլում: Երեկոյի ժամանակ հանդես կգան Հայկո Ջեփքինը և Բողազիջի ջազ խորը: Մրցանակաբաշխության ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել կիրակի՝ սեպտեմբերի 15-ին ժամը 20:00-ին www.hrantdink.org, www.hrantdinkodulu.org կայքերում`անգլերեն և թուրքերեն:
«Ձեզ կզրկեն Ձեր իսկ սեփական կյանքը տնօրինելու իրավունքից: Առնվազն». Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի գլխավոր մասնագետ, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ինչ-ոչ լավ բան կա, որ մենք մեր կյանքում օգտագործում ենք արևմտյան է՝ սկսած ինտերնետից մինչև ֆեյսբուք, չհաշված դեղերն ու բժշկական սարքավորումները, որոնք օրական հազարավոր մարդկանց կյանք են փրկում: Արևմուտքը կարողացել է նման տեխնիկական առաջընթաց արձանագրել միմիայն այն բանի շնորհիվ, որ մարդուն տվել է լիակատար ազատության և ընտրության իրավունք: Դա ի դեպ նաև աստծո պատվիրանն է: Մենք հայերս դարեր շարունակ եղել ենք արևմտամետներ: Պատահական չէ, որ դեռևս հինգերորդ դարում Եզնիկ Կողբացին որպես բարձրագույն արժեք առանձնանշում է ազատակամությունը: Կոնստանտին պետք չէ այդքան ուրախանալ նամշահոտ սովետի գիրկը վերադառնալու համար: Շուտով Ձեր իսկ անձնական կյանքում կհամոզվեք սովետի «առավելությունների» մասով, երբ Ջեզ կպարտադրեն ապրել այնպես ինչպես իրենք են ուզում, այլ ոչ թե Դուք եք ուզում: Ձեզ կզրկեն Ձեր իսկ սեփական կյանքը տնօրինելու իրավունքից: Առնվազն»:
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Ադրբեջանի կողմից միավորներ գնելու վերաբերյալ հետաքննություն է սկսվել
Հետաքննություն է սկսվել այն լուրերից հետո, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում մի քանի երկրներ վճարել են քվեներ ստանալու համար:
Չբացահայտված երկրի ներկայացուցչության անդամներից մեկը այս շաբաթ Շվեդական թերթերից մեկին հայտնել է, որ մի քանի մրցակից երկրների ներկայացուցիչներ քվեներ ստանալու հարցով իր հետ կապ են հաստատել:
Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած այս տարվա մրցույթում աշխատած ներկայացուցիչը մեղադրել է Ադրբեջանի 2011թ-ի հաղթողներին իրեն «մեկ տարի ապրելու համար բավականաչափ» գումար առաջարկելու համար, եթե ինքը բարձր միավորներ ապահովի տվյալ երկրի համար:
Ադրբեջանի ներկայացուցիչները լիտվացի ուսանողներին նաև անվճար հեռախոսի քարտեր և գումար են տվել իրենց օգտին քվեարկելու համար:
Աղբյուրը շվեդական Skanska Dagbladet թերթին տեղեկացրել է, որ իր հետ կապվել է նաև Մակեդոնիայի թիմը՝ հուսալով բարձր միավորներ հավաքել կիսաեզրափակիչ փուլում:
Daily Mirror-ը հայտնում է, որ ներկայացուցչի տեղեկություններով՝ կուլիսներում նման գործարքներ իրականացնելու փորձ կատարել են ևս երեք այլ երկրներ:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի միջոցառման վերահսկիչ Սիետսե Բակերը Mirror-ին հայտնել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն այս կապակցությամբ հետաքննություն է սկսել:
Նա նաև նշել է, որ եթե վերոնշյալ կասկածները հաստատվեն, ապա իրենք շատ խիստ պատժամիջոցներ կկիրառեն և կանեն ամեն ինչ ապագայում նման դեպքերից խուսափելու համար:
Թերթն ավելացնում է, որ «Եվրատեսիլ»-ի մասնագետները մտավախություն ունեն, որ չնայած խոստացել են հետաքննություն անցկացնել, այնուամենայնիվ, իրական քայլել չեն ձեռնարկվի այս ուղղությամբ:
Երիտասարդը այծ է բռնաբարել՝ դատապարտվելով ազատազրկման
«Դողան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով BBC–ի փոխանցած լուրը, հաղորդում է, որ Անգլիայի Ուիլթշիր դքսությունում 23-ամյա Ռոբերտ Նյումենը այծ է բռնաբարել՝ վնասվածք հասցնելով կենդանուն: Այծի տերը այս դեպքից հետո ստիպված է եղել շատացնել իր հողատարածքի անվտանգության տեսախցիկների թիվը, հոգալ կենդանու բուծման ծախսերը: Այդ պատճառով էլ նա պահանջել է, որպեսզի մեղավորին ոչ միայն պատժեն, այլև դրամական տույժի ենթարկեն:
Սակայն տեղական դատարանը սահմանափակվել է միայն պատժի սահմանմամբ: Այծի բռնաբարության մեջ մեղադրվող երիտասարդը նախկինում էլ ձերբակալվել էր գողության համար, բայց նրա ութ շաբաթյա ազատազրկումը հետաձգվել էր: Վերջին հանցագործությունից հետո Ռոբերտը ստիպված է բանտում 14 շաբաթ անցկացնել:
«Աղվան Հովսեփյանին մենք կտեսնենք շատ շուտով` կարևոր դերակատարումով. Աստղիկ Ավետիսյան
PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղվան Հովսեփյանի հրաժեշտը հետաքրքիր մշակված տեխնոլոգիա էր. հավասարակշռված, դրական ժպիտով մարդը հենց այդպես էլ պետք է հրաժեշտ տար իր աշխատակազմին: Հանրային կապերի մասնագետի համար շատ կարևոր է, որ բարձրատիճան պաշտոնյան ազատվում կամ հրաժարվում է պաշտոնից, այնպես հեռանա, որ դրական էմոցիաներ առաջանան: Սա, մեծ հաշվով, նշանակում է, որ Աղվան Հովսեփյանին մենք կտեսնենք շատ շուտով` կարևոր դերակատարումով»:
